ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2330/02/14 Դատավորներ՝ Ա. Մկրտչյան Ա. Սմբատյան
Քաղաքացիական գործ
2020 թ.
Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. հակոբյան | |
|
զեկուցող |
Մ. Դրմեյան |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Ե. Խունդկարյան | ||
|
|
Գ. հակոբյան |
|
|
Տ. Պետրոսյան |
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի ապրիլի 09-ին
գրավոր ընթացակարգով քննելով Սմովիկ Ասլիկյանի ներկայացուցիչ Լուսինե Վիրաբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սմովիկ Ասլիկյանի ընդդեմ Սուսաննա Մուրադյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Սուսաննա Մուրադյանի ընդդեմ Սմովիկ Ասլիկյանի` վտարելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Սմովիկ Ասլիկյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Չայկինայի թիվ 74 հասցեում գտնվող անշարժ գույքի (տան և հողատարածքի) նկատմամբ։
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Սուսաննա Մուրադյանը պահանջել է Սմովիկ Ասլիկյանին վտարել Երևանի Չայկինայի փողոցի թիվ 74 բնակելի տանից:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Սուքոյան) (այսուհետ՝ Դատարան) 06.07.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.07.2018 թվականի որոշմամբ Սուսաննա Մուրադյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 06.07.2017 թվականի վճիռը բեկանվել է և այն մասնակի՝ հայցի մասով, փոփոխվել է՝ հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցի մասով գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սմովիկ Ասլիկյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սուսաննա Մուրադյանի ներկայացուցիչը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 59-րդ, 62-րդ, 66-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները, ինչն էլ ազդել է սույն գործի ելքի վրա:
Գործում բացակայում է որևէ ապացույց առ այն, որ 1998-2008 թվականների ընթացքում Երևանի Չայկինայի փողոցի թիվ 74 հասցեի գրանցված սեփականատիրոջ կամ վերջինիս ժառանգներից որևէ մեկի կողմից կատարվել են գործողություններ, որոնք կարող էին դիտարկվել որպես սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացում: Թե´ պատասխանողը, և թե´ վերջինիս իրավանախորդը, երբևէ չհետաքրքրվելով իրենց գույքի ճակատագրով, չիրականացնելով գույքի սեփականատիրոջ պարտականությունները, իրենց անգործությամբ մեկուսացել են իրենց գույքի տիրապետումից՝ առանց դրա նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության, հետևաբար իրենց վարքագծով հրաժարվել են վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքից:
Ինչպես Սմովիկ Ասլիկյանի գործողությունները, այնպես էլ գույքի նախկին սեփականատերերի հետագա վարքագիծը, տվյալ դեպքում անգործությունը և անտարբեր վերաբերմունքը գույքի նկատմամբ օրենքով սահմանված տասնամյա ժամկետում, հայցվորի մոտ ձևավորել են այն համոզմունքը, որ գույքն իրեն է պատկանում սեփականության իրավունքով, ինչն էլ իր հերթին վկայում է հայցվորի մոտ վիճելի հասցեի անշարժ գույքի տիրապետման բարեխղճության նախապայմանի առկայության փաստի մասին:
Միաժամանակ, հատկանշական է այն, որ թիվ ԵԿԴ/0274/02/10 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.03.2010 թվականի վճռի առկայությունը չի ընդհատում հայցվորի տիրապետման բարեխղճությունը, քանի որ օրենքով սահմանված 10-ամյա ժամկետն այդ պահին արդեն լրացած է եղել։ Բացի այդ, գործով ապացույց համարվող պարտավորագիրը տրվել է մինչև 2000 թվականը (երբ Չայկինայի փողոցի թիվ 74 տունը պատկանում էր Վաչագան Մուրադյանին): Վաչագան Մուրադյանն էլ ստորագրելով պարտավորագիրը՝ ևս մեկ անգամ փաստել է, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը գումարի դիմաց հանձնում է Սմովիկ Ասլիկյանին:
Ներկայացված ապացույցներով հաստատվում են նաև հայցվորի կողմից ապացուցման ենթակա մնացած փաստերը` գույքը որպես սեփական, 10 տարի, անընդմեջ և բացահայտ տիրապետելը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.07.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 06.07.2017 թվականի վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ ձեռքբերման վաղեմության ուժով հայցվորի սեփականության իրավունքի ճանաչման համար հիմնավոր ապացույցներ Սմովիկ Ասլիկյանի կողմից չեն ներկայացվել։ Վկաների ցուցմունքները բավարար չեն հայցվորի կողմից վիճելի գույքի տիրապետման բարեխղճությունը հիմնավորելու համար:
Հայցվորի մոտ չէր կարող ձևավորվել այն համոզմունքը, որ գույքն իրեն է պատկանում սեփականության իրավունքով, որովհետև սկսած 2005 թվականից մինչև օրս կողմերի մասնակցությամբ քննվել և քննվում են բազմաթիվ քաղաքացիական գործեր, որոնք վկայում են, որ պատասխանողը և վերջինիս իրավանախորդը, միշտ հետաքրքրված լինելով իրենց գույքի ճակատագրով, իրականացնելով գույքի սեփականատիրոջ պարտականությունները, իրենց գործողություններով չեն մեկուսացել իրենց գույքի տիրապետումից և երբևիցե չեն հրաժարվել վիճելի գույքի նկատմամբ իրենց ունեցած սեփականության իրավունքից:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևանի «Կենտրոն» վարչական շրջանի թիվ 1 տեղամասի լիազոր ներկայացուցչի 03.06.2014 թվականի տեղեկանքի համաձայն՝ այն տրվել է Սմովիկ Ասլիկյանին առ այն, որ նա բնակվում է Չայկինայի փողոցի թիվ 74 տանը, կինը՝ Դոնարա Մակարյանը, դուստրը՝ Գայանե Ասլիկյանը, 25.12.1998 թվականից փաստացի բնակվում են նշված հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 15):
2) Չայկինայի փողոցի թիվ 74 տան հարևան տների բնակիչներ՝ Չայկինայի փողոցի թիվ 47 տան բնակիչ Գաբրիել Գաբրիելյանի և Սիսվանի (Չայկինայի) փողոցի թիվ 55 տան բնակիչ Արմենուհի Հարությունյանի գրավոր հայտարարությունների համաձայն՝ վերջիններս հավաստել են, որ Սմովիկ Ասլիկյանն ընտանիքով 1998 թվականից բնակվում է Սիսվանի թիվ 74 հասցեում, տիրապետում և օգտագործում է տունը որպես իր սեփական գույք և կատարում է ծախսերը (հատոր 1-ին, գ.թ. 28, 32):
3) «ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի թիվ 737106 աբոնենտային համարի շրջանառու ամփոփագրի համաձայն՝ նշված համարով Չայկինայի փողոցի թիվ 74 հասցեի բաժանորդը Սմովիկ Ասլիկյանն է: Նույն ամփոփագրով ներկայացվել է ծախսված գազի քանակը և կատարված վճարումն ըստ ամիսների՝ սկսած 2008 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2014 թվականի հունիս ամիսը (հատոր 1-ին, գ.թ. 12-14):
4) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 11.12.2014 թվականի թիվ ԱՏ-09/12/2014-1-0272 տեղեկանքի համաձայն՝ Երևանի Կիլիկիա 6-րդ փողոցի (Չայկինայի փողոց) թիվ 74 հասցեի անշարժ գույքը 21.04.1970 թվականին գույքագրվել է Վաչագան Մուրադյանի անվամբ, կադաստրային գործում առկա են նոտարի 14.12.2005 թվականի թիվ 32839, 28.06.2010 թվականի թիվ 3621 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը (հատոր 1-ին, գ.թ. 107):
5) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը, քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի Սմովիկ Ասլիկյանի ընդդեմ Նաթելլա և Վաչագան Մուրադյանների՝ գումարի և տոկոսների պահանջի մասին, 11.07.2006 թվականին վճռել է հայցը բավարարել մասնակիորեն՝ պատասխանող Նաթելլա Մուրադյանից հօգուտ հայցվոր Սմովիկ Ասլիկյանի բռնագանձել 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումարները (հատոր 1-ին, գ.թ.105-106):
6) Կենտրոն վարչական շրջանի 05.11.2015 թվականի տեղեկանքի համաձայն՝ Վաչագան Մուրադյանը Երևանի Չայկինայի փողոցի թիվ 74 հասցեի համար հողի հարկի գծով 2012 թվականից մինչև 05.11.2015 թվականի դրությամբ հարկային պարտավորություններ չունի (հատոր 1-ին, գ.թ. 110):
7) Սուսաննա Մուրադյանը 15.02.2010 թվականին դիմել է դատարան երրորդ անձանց Նաթելլա Մուրադյանի, «Կենտրոն» նոտարիատի տարածքային բաժնի նոտար Ալվարդ Մելքոնյանի` տիրապետման փաստով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջով, և թիվ ԵԿԴ/0274/02/10 քաղաքացիական գործի քննությամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.03.2010 թվականի վճռով դիմումը բավարարվել է՝ Վաչագան Մուրադյանի գույքի նկատմամբ Սուսաննա և Նաթելլա Մուրադյաններին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ Նաթելլա Մուրադյանի մասով, ճանաչվել է անվավեր և Երևանի Չայկինայի փողոցի թիվ 74 տան նկատմամբ դիմումատու Սուսաննա Մուրադյանը փաստացի տիրապետման եղանակով ճանաչվել է ժառանգությունն ընդունած ժառանգ: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 112-113)։
8) Վկա Սասուն Սարգսյանը, ներկայանալով հրավիրված դատական նիստին, ցուցմունք է տվել այն մասին, որ հայցվոր Սմովիկ Ասլիկյանի հետ ծանոթացել է 2009-2010 թվականներին: Նշել է, որ այդ ժամանակահատվածում ինքը վարձով տուն է փնտրել և Սմովիկ Ասլիկյանն առաջարկել է զբաղեցնել Չայկինայի փողոցի թիվ 74 տուն հասցեում գտնվող (մուտքից դեպի ձախ) շինություններից մեկը: Վկան հայտնել է, որ հետագայում հայցվորն իրենից վարձավճար չի վերցրել, քանի որ ինքը սկզբում հայցվորի որդուն, հետագայում նաև հայցվորին տեղավորել է աշխատանքի: Սասուն Սարգսյանը նշել է նաև, որ իրենք վերոնշյալ շինությունը վարձակալել են մոտ 4 տարի և այդ ընթացքում ինքը որպես տան սեփականատեր ճանաչել է միայն Սմովիկ Ասլիկյանին (դատական նիստի արձանագրություն և դատական նիստերի արձանագրության կրիչ, հատոր 2-րդ, գ.թ. 102-107):
9) Վկա Սրբուհի Կարայանը ցուցմունք է տվել այն մասին, որ բնակվում է Սիսվանի (Չայկինայի փողոցի) թիվ 64 հասցեում, որտեղ տեղափոխվել է 1997 թվականին՝ ամուսնությունից հետո: Նշել է, որ Սմովիկ Ասլիկյանն ընտանիքի հետ Սիսվանի փողոցի թիվ 74 տուն է տեղափոխվել 1998 թվականից: Վկան նշել է, որ ինքը հայցվորի ընտանիքի հետ ավելի մոտ ծանոթացել է 2006 թվականից սկսած, երբ իրենց երեխաները միասին դպրոց են հաճախել։ Ավելացրել է, որ սկզբում հայցվորը և նրա ընտանիքի անդամները բնակվել են նույն հասցեում կառուցված մեկ այլ շինությունում և միայն վերջին տարիներին են փոխել բնակության վայրը՝ տեղափոխվելով նույն հասցեում գտնվող մեկ այլ շինություն (դատական նիստի արձանագրություն և դատական նիստերի արձանագրության կրիչ, հատոր 2-րդ, գ.թ. 66-78, 107):
10) Նաթելլա Մուրադյանի կողմից տրված պարտավորագրի համաձայն (որը ստորագրել է նաև Վաչագան Մուրադյանը)՝ վերջինս Սմովիկ Ասլիկյանից վերցրել է 5.000 ԱՄՆ դոլար, որը պարտավորվել է վերադարձնել մինչև 30.12.2000 թվականը: Չվերադարձնելու դեպքում պարտավորվել է իր երեք սենյականոց բնակարանն ընդմիշտ հատկացնել Սմովիկ Ասլիկյանին (հատոր 1-ին, գ.թ.116):
11) 29.11.2016 թվականին Դատարանը Երևանի Չայկինայի փողոցի թիվ 74 հասցեում կատարել է տեղատեսություն, որով պարզվել է, որ տեղատեսության ենթակա վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքն իրենից ներկայացնում է մեկ հողամասում գտնվող մի քանի շինություններ: Հայցվոր Սմովիկ Ասլիկյանի ընտանիքը բնակվում է վերը նշված հասցեի շինություններից մեկում, որը պատասխանող կողմի պնդմամբ իրենից ներկայացնում է ինքնակամ կառույց (հատոր 2-րդ, գ.թ. 30-31):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման առանձնահատկությունների վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի սխալ մեկնաբանման և իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մաuին գրավոր հայտարարելով կամ այնպիuի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից նրա մեկուuացման մաuին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)։
Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:
2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:
3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե´ս Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պայմանների վերաբերյալ իր նախկին դիրքորոշումը, անդրադարձել է այդ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին և արձանագրել է, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:
Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:
Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը` որպես սեփականությունից հրաժարվելու հիմք, կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև` սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):
Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը:
Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին (տե´ս Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը, հայցը բավարարելով, իսկ հակընդդեմ հայցը մերժելով, հաստատված է համարել հայցվորի կողմից վիճելի գույքը որպես սեփական, 10 տարի անընդմեջ և բացահայտ տիրապետելը:
Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարել է Սուսաննա Մուրադյանի վերաքննիչ բողոքը՝ բեկանել է Դատարանի վճիռը՝ հայցի մասով փոփոխելով այն և հայցը մերժելով, իսկ հակընդդեմ հայցի մասով գործն ուղարկելով նոր քննության: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ գույքի սեփականատերը հրաժարվել է իր սեփականության իրավունքից: Բացի այդ, հայցվորի կողմից օգտագործված կոմունալ ծախսերի դիմաց կատարված վճարումները չեն կարող հողի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հիմք հանդիսանալ: Ինչ վերաբերում է վկաների ցուցմունքներին, ապա Վերաքննիչ դատարանը գտել է, որ դրանք բավարար չեն Սմովիկ Ասլիկյանի կողմից վիճելի անշարժ գույքը տիրապետելու բարեխղճությունը հաստատված համարելու համար։
Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը չի պարզել, թե արդյոք Երևան քաղաքի Չայկինայի փողոցի թիվ 74 հասցեի անշարժ գույքի տիրապետումը սկզբնական հայցվորի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի իմաստով եղել է օրինական, թե ապօրինի, որպիսի հանգամանքը պարզելուց հետո էր միայն Դատարանն իրավասու հակընդդեմ հայցը մերժել կամ բավարարել:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում բազմիցս անդրադարձել է նաև դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին, ուստի սույն որոշմամբ այդ հարցին կրկին չի անդրադառնում (տե՛ս Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը)։
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքի նախկին սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելը, ինչպես նաև այդ գույքի նկատմամբ այն ձեռքբերողի տիրապետման բարեխղճությունը կարող է որոշվել ոչ միայն գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս գույքի դիմաց կատարված վճարումը հավաստող կոնկրետ ապացույցի առկայությամբ: Բարեխղճության հավաստիք կարող են հանդիսանալ նաև տիրապետողի և գույքի նախկին սեփականատիրոջ հետագա գործողությունները (անգործությունը):
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ հայցվորի կողմից, ըստ էության, չի հիմնավորվել վիճելի անշարժ գույքի տիրապետման բարեխղճությունը, որպիսի վավերապայմանի բացակայությունն ինքնին բավարար է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու մասին պահանջը մերժելու համար, անտեսել է, որ սույն գործում առկա ապացույցներով, մասնավորապես՝ «Կենտրոն» վարչական շրջանի թիվ 1 տեղամասի լիազոր ներկայացուցչի 03.06.2014 թվականի տեղեկանքով, հարևանների հայտարարություններով և վկաների ցուցմունքներով հիմնավորվում է, որ հայցվորն իր ընտանիքի անդամներով 1998 թվականից բնակվել է Երևանի Չայկինայի փողոցի թիվ 74 հասցեում։
Բացի այդ, ինչպես Սմովիկ Ասլիկյանի գործողությունները, այնպես էլ գույքի սեփականատերերի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու համար օրենքով սահմանված տասնամյա ժամկետում դրսևորած հետագա վարքագիծը, տվյալ դեպքում անգործությունը և անտարբեր վերաբերմունքը, հայցվորի մոտ ձևավորել են այն համոզմունքը, որ գույքն իրեն է պատկանում սեփականության իրավունքով, ինչն էլ իր հերթին վկայում է հայցվորի մոտ վիճելի հասցեի անշարժ գույքի տիրապետման բարեխղճության նախապայմանի առկայության փաստի մասին:
Ինչ վերաբերում է թիվ ԵԿԴ/0274/02/10 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.03.2010 թվականի վճռի առկայությանը, ապա նշվածի պարագայում հայցվորի տիրապետման բարեխղճությունը ևս չի ընդհատվել, քանի որ օրենքով սահմանված 10-ամյա ժամկետը դիմումի ներկայացման պահին՝ 15.02.2010 թվականին արդեն իսկ լրացած է եղել։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Նաթելլա Մուրադյանի կողմից տրված պարտավորագրին, համաձայն որի՝ վերջինս Սմովիկ Ասլիկյանից վերցրել է 5.000 ԱՄՆ դոլար, որը և պարտավորվել է վերադարձնել մինչև 30.12.2000 թվականը, իսկ չվերադարձնելու դեպքում պարտավորվել է իր երեք սենյականոց բնակարանն ընդմիշտ հատկացնել Սմովիկ Ասլիկյանին: Նշված պարտավորագիրը, փաստորեն, ստորագրել է նաև Վաչագան Մուրադյանը, որպիսի հանգամանքը հաստատվում է թիվ 06-2022 գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 11.07.2006 թվականի վճռով: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում Սմովիկ Ասլիկյանի ու Նաթելլա և Վաչագան Մուրադյանների ստորագրությամբ պարտավորագիրը, որն ուներ վերը շարադրված բովանդակությունը, կարող էր հիմք հանդիսանալ Սմովիկ Ասլիկյանի համար՝ ձևավորելու ներքին վերաբերմունք, որ իր տիրապետումը բարեխիղճ է:
Փաստորեն, Վերաքննիչ դատարանն անտեսել է վերը նշված հանգամանքները, ինչպես նաև այն, որ պատասխանողը և վերջինիս իրավանախորդը, 1998 թվականից մինչև 2010 թվականը երբևէ չհետաքրքրվելով իրենց գույքի ճակատագրով, չիրականացնելով գույքի սեփականատիրոջ պարտականությունները, իրենց անգործությամբ մեկուսացել են իրենց գույքի տիրապետումից՝ առանց դրա նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության, հետևաբար իրենց վարքագծով հրաժարվել են վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքից:
Ինչ վերաբերում է ստորադաս դատարանի այն հետևությանը, որ գործով ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ այն մասին, որ վիճելի հասցեի սեփականատերերը հրաժարվել են իրենց պատկանող գույքի սեփականության իրավունքից, ապա Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերը շարադրված իրավական դիրքորոշումները, ևս մեկ անգամ ընդգծում է, որ նշված փաստը հավասարապես կարող է հիմնավորվել ինչպես գործում առկա համապատասխան ապացույցներով, այնպես էլ նախկին սեփականատիրոջ վարքագծի գնահատմամբ: Տվյալ պարագայում հայցվորի, նաև վերջիններիս իրավանախորդների վարքագիծը, մասնավորապես՝ նրանց կողմից 10 տարուց ավելի Սմովիկ Ասլիկյանի տիրապետմանը որևէ կերպ չխոչընդոտելը ևս կարող էր ակնհայտ վկայել գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից սեփականատիրոջ մեկուuացման մաuին, ինչը, սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Անդրադառնալով հակընդդեմ հայցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սկզբնական հայցը բավարարելու պայմաններում ներկայացված հակընդդեմ հայցը ենթակա է մերժման, քանի որ ամբողջությամբ բացառում է վերջինիս բավարարումը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոգրյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոնների համաձայն:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և օրինական ուժ է տրվում Դատարանի վճռին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Սուսաննա Մուրադյանից հօգուտ Սմովիկ Ասլիկյանի պետք է բռնագանձել 40.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.07.2017 թվականի վճռին:
2. Սուսաննա Մուրադյանից հօգուտ Սմովիկ Ասլիկյանի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Մ. Դրմեյան Ե. Խունդկարյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ն. Տավարացյան