Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի, 2020 N 7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐՎՈՂ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով՝
1. Սահմանել, որ առանձնահատուկ դեպքերում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն կարող է արվել առողջապահական, տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքների առկայության դեպքում՝ համապատասխան հիմնավորումներ ներկայացվելու պարագայում․
2. Սույն որոշման 1-ին կետի պայմաններին բավարարող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի որոշմամբ՝ Պարետի հետ համաձայնեցնելու և Պարետի 2020 թ. մարտի 18-ի N 5 որոշման 1-ին կետում նշված զննություն անցնելու ու վարակի ախտանիշներ չհայտնաբերվելու դեպքում․
3. Սույն որոշմամբ սահմանված հիմքերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործած անձը (անձինք) ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրազեկվում են Հայաստանում գործող արտակարգ դրության և համապատասխան սահմանափակումների վերաբերյալ, իսկ տվյալ անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում բնակության, հրավիրող կողմի և այլ կոնտակտային տվյալները փոխանցվում են համապատասխան առողջապահական մարմիններ՝ բժշկական դիտարկում իրականացնելու նպատակով․
4. ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանին՝ վերոնշյալ որոշմամբ սահմանված հիմքերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործած անձանց տվյալները և մուտքի նպատակի մասին տեղեկատվությունը ներկայացնել Պարետի գրասենյակ․
5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման հրապարակման պահից:
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 20-ին: