ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2019 թվականի N 1796-Լ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-358-13.11.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 13 Երևան |
«ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-358-13.11.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում է հետևյալ դիտարկումները:
«Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝
«4. Հանրային խորհրդի անդամն իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում պարտավոր է պահպանել չեզոքություն»:
Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝
«1. Հանրային խորհրդի անդամի գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, եթե`
1) նշանակումից հետո ի հայտ են եկել փաստեր, որոնք հավաստում են նրա` սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջներին անհամապատասխանությունը.
2) նշանակվել կամ ընտրվել է սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված որևէ պաշտոնում.
3) վերջին մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով չի մասնակցել Հանրային խորհրդի երկու անընդմեջ կամ ընդհանուր առմամբ երեք նիստերին:
2. Հանրային խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են նաև սույն օրենքի 5-րդ հոդվածի 12-րդ և 14-րդ մասերով նախատեսված դեպքերում:»:
Վերոգրյալ կարգավորումների բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ օրենքում նախատեսված՝ հանրային խորհրդի անդամի կողմից իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում չեզոքություն պահպանելու պարտականությունը կրում է հռչակագրային բնույթ, քանզի դրանց չկատարման համար իրավական հետևանքներ նախատեսված չեն: Արդյունքում ստացվում է, որ օրենքում հանրային խորհրդի անդամի՝ քաղաքական հարցերում չեզոքություն պահպանելու պարտականության կապակցությամբ առկա է ոչ լիարժեք իրավակարգավորում, որը կասկածի է ենթարկում տվյալ պարտականության իրավաչափությունը` հիմքեր ստեղծելով օրենքով նախատեսված պարտականությունը չկատարելու համար:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՍԴՈ-1289, ՍԴՈ-1270 որոշումներում իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(…) օրենքները պետք է լինեն այնպիսին, որ համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսելու իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության համար, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում:»:
Օրենքի և իրավական որոշակիության սկզբունքի հարաբերակցության վերաբերյալ իր մի շարք որոշումներում, հղում կատարելով նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ–630 որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(…) օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res jսdicata) սկզբունքին, այսինքն, ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղել իր վարքագիծը:»։
Այս առումով հարկ է նշել, որ իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլնի, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի, այսինքն, իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու, թե որոշակի պարտականություն չկատարելու դեպքում ինչ իրավական հետևանքներ են վրա հասնելու և ինչ իրավական նորմեր են կիրառվելու: Օրենքի կանխատեսելիությունը գնահատելու համար կարևոր գործոն է, որ այն ձևակերպված լինի բավարար հստակությամբ, այսինքն, նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավունքի սուբյեկտներին դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը, նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսելու այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը:
Վերոգրյալի համատեքստում գտնում ենք, որ նախագծով նախատեսված կարգավորման և դրանով հետապնդվող նպատակի միջև առկա է ողջամիտ հարաբերակցություն՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նախագծով նախատեսված կարգավորումը կանխատեսելի է դարձնում քաղաքական հարցերում չեզոքություն պահպանելու նպատակը, իրավական մեխանիզմները, տվյալ պարտականության իրավաչափությունը և այն չկատարելու համար վրա հասնող իրավական հետևանքները:
Այդուհանդերձ, նախագծով նախատեսված կարգավորումը նախատեսելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հանրային խորհրդի անդամի կողմից իր գործունեության ընթացքում քաղաքական չեզոքություն պահպանելու պահանջը հանրային խորհրդի անդամի գործունեության դադարեցման մնացած հիմքերի համատեքստում ձևակերպված չէ բավարար հստակությամբ, որոշակի չէ և կարող է հանգեցնել տարաբնույթ և կամայական մեկնաբանությունների:
Նման դիրքորոշումը պայմանավորված է հետևյալ հանգամանքով.
«Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն հանրային խորհրդի խնդիրներն են`
1) քաղաքականության մշակման և իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելը. (…)
4) հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելը. (…):
«Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հանրային խորհուրդն իր առջև դրված խնդիրների կենսագործման նպատակով սույն օրենքով և Հանրային խորհրդի կանոնադրությամբ սահմանված կարգով`
1) Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ`
ա. կազմակերպում է հանրային լսումներ կամ քննարկումներ` հասարակական հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև հասարակական կյանքի կարևորագույն ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ, (…)
2) սեփական նախաձեռնությամբ`
ա. իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված միջոցառումները, (…)
գ. իրականացնում է հանրային հնչեղության այլ հարցերի, ինչպես նաև հանրության բարձրացրած հիմնահարցերի վերլուծություններ և տալիս եզրակացություն, (…):
Սույն հոդվածների վերլուծությունից բխում է, որ հանրային խորհդրի անդամի գործառույթներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են նաև քաղաքական հարցերի, հետևաբար վերջինս չի կարող բացարձակ զերծ մնալ քաղաքական հարցերի վերաբերյալ իր գործառույթներից բխող դիրքորոշում հայտնելուց:
Վերոգրյալը հաշվի առնելով՝ նախագծով առաջարկվող կարգավորումը հանրային խորհրդի խնդիրների և գործառույթների հետ համադրված վերլուծության արդյունքում անհրաժեշտ է ձևակերպել այն աստիճանի հստակությամբ, որը թույլ տա հանրային խորհրդի յուրաքանչյուր անդամի իր վարքագիծը համատեղել տվյալ կարգավորման հետ, այսինքն, հստակ կանխատեսելու, թե որ հայտարարությունը կարող է համարվել քաղաքական զսպվածության խախտում, որը՝ ոչ: Ընդ որում, առաջարկվող սահմանափակումներն էլ չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն հանրային խորհրդի բնականոն գործունեությունը՝ կաշկանդելով հանրային խորհրդի անդամին՝ իրապես իրականացնելու իր առջև դրված խնդիրները:
Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագիծն անհրաժեշտ է լրամշակել՝ առաջարկությամբ ներկայացված խնդիրների համատեքստում: