ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 2020 թվականի N 758-Ն
ԱՌԳՐԱՎՎԱԾ (ՎԵՐՑՎԱԾ), ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՎԱԾ ԵՎ ԳՏՆՎԱԾ ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զենքի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 18 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի N 758-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՌԳՐԱՎՎԱԾ (ՎԵՐՑՎԱԾ), ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՎԱԾ ԵՎ ԳՏՆՎԱԾ ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) կենտրոնական ապարատի ստորաբաժանումների, ոստիկանության` Երևան քաղաքի և մարզային վարչությունների և դրանց ենթակա ստորաբաժանումների կողմից հանրային իշխանության մարմիններից, հասարակական կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից առգրավված (վերցված), կամավոր հանձնված, գտնված զենքը և ռազմամթերքը (այսուհետ՝ զենք) ոստիկանության տնտեսական վարչության զինապահեստ (այսուհետ՝ զինապահեստ) ընդունելու գործընթացը:
2. Ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանումները, ոստիկանության` Երևան քաղաքի և մարզային վարչությունները և դրանց ենթակա ստորաբաժանումները պարտավոր են զենքը տասնօրյա ժամկետում ուղարկել ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ հետազոտության կամ փորձաքննության, ինչպես նաև համապատասխան հաշվառումներով ստուգելու համար:
3. Ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում հետազոտված կամ փորձաքննության ենթարկված զենքը խմբավորվում և պահեստավորվում է:
4. Վարույթն իրականացնող մարմնի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին կամ քրեական գործը կարճելու մասին որոշումների, դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումների կամ դատավճիռների առկայության դեպքում, զենքը (այդ թվում՝ իրեղեն ապացույց ճանաչված և դրա պահելու անհրաժեշտությունը վերացած) հանձնվում է զինապահեստ:
5. Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի եզրակացության հիման վրա ոստիկանության տնտեսական վարչությունը կազմակերպում է զենքի ընդունումը զինապահեստ: Զինապահեստ ընդունելիս զենքը հաշվառվում է ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգով:
6. Զինապահեստ ընդունված օգտագործման համար պիտանի զենքը ոչնչացման ենթակա չէ:
7. Սպառազինության բաժնի աշխատակցի եզրակացության հիման վրա օգտագործման համար պիտանի զենքը հաշվառվում է ոստիկանության սպառազինության մեջ` հետագայում ոստիկանության ստորաբաժանումների կողմից ծառայողական նպատակներով օգտագործելու համար:
8. Զինապահեստ ընդունված քաղաքացիական և ծառայողական զենքը, բացառությամբ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքի, հանձնվում է կոմիսիոն վաճառքի (մատակարար իրավաբանական անձի համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում), որից ստացված գումարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
9. Զինապահեստ ընդունված օգտագործման համար ոչ պիտանի զենքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է ոչնչացման:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |