ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2019 թվականի N 851-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 817-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ ու 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի «Գույք ամրացնելու և գույքի օգտագործման թույլտվություն տալու մասին» N 817-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը, 3-րդ կետը, 5-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը.
2) որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետից հանել «իսկ 5-րդ կետում նշված տարածքը` մինչև սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված շենքի շահագործման հանձնելը» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին ամրացված և պետական սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքի Աղայան 12 հասցեում գտնվող՝ 36,352,720 դրամ 36 լումա հաշվեկշռային արժեքով, 445,5 քառ. մետր մակերեսով վարչական շենքը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման հետ միասին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն է փոխանցվում 2014 թվականի օգոստոսի 4-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ առկա 33,352,720 դրամ 36 լումա պարտավորությունը, որը ենթակա է վճարման՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել՝
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջև 2015 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված «Պարտավորության փոխանցման մասին» եռակողմ պայմանագրի լուծումը՝ հետագա լրացուցիչ համաձայնագրերով հանդերձ.
2) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ 2014 թվականի օգոստոսի 4-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրում փոփոխությունների կատարումը՝ անշարժ գույքի ձեռքբերման դիմաց վճարման 33,352,720 դրամ 36 լումա պարտավորության մարման ժամկետը սահմանելով մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը.
3) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հետ համատեղ Իջևան քաղաքի Աղայան 12 հասցեում գտնվող անշարժ գույքի հանձնման-ընդունման գործընթացը՝ գույքի պետական հաշվառման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հուլիսի 11 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|