«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2005 թվականի N 2085-Ն
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 30.11.17 N 1588-Ն)
Համաձայն «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 21-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) բնապահպանության և ընդերքի պետական տեսուչի համազգեստի նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.
բ) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանի նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի.
գ) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կին և տղամարդ տեսուչների համազգեստների ձևերը` համաձայն N 3 հավելվածի.
դ) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանի ձևը` համաձայն N 4 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն)
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` եռամսյա ժամկետում սահմանել բնապահպանության և ընդերքի պետական տեսուչին համազգեստ տրամադրելու և կրելու կարգն ու պայմանները:
(2-րդ կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
2005 թ. դեկտեմբերի 5 |
|
Հավելված N 1 |
բնապահպանության եվ ընդերքի ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
(վերնագիրը փոփ. 30.11.17 N 1588-Ն)
Սույն իրավական ակտով սահմանվում են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տղամարդ և կին պետական տեսուչների ամառային և ձմեռային համազգեստների նկարագրերը:
(նախաբանը փոփ. 30.11.17 N 1588-Ն)
1. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տղամարդ տեսուչի ձմեռային համազգեստը`
ա) գլխարկ` ականջակալներով` մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են արհեստական մորթուց: Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է 40 x 29 մմ չափսի Հայաստանի Հանրապետության զինանշան (N 3 հավելված, նկար N 1),
բ) կիսավերարկու` կանաչավուն գույնի բրդյա կտորից, տաք ներդիրով, կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Լանջափեշերի ներքևի մասում` մեծ վրադիր կափույրներով գրպաններ, իսկ վերևի մասում` թեք ներկարված փոքր գրպաններ: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Կիսավերարկուի ձախ թևքի վերևի մասում կտորի վրա կարված է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանը (N 3 հավելված, նկար N 1),
գ) տաբատ` կանաչավուն գույնի բրդյա կտորից, տաք ներդիրով, ուղիղ ուրվագծով, գոտին` գոտեմակօղերով, մետաքսե աստառով, կոճկվում է կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները` ուղիղ: Հետևամասի աջ կողմում կոճակով կոճկվող կափույրով գրպան (N 3 հավելված, նկար N 1),
դ) վերնաշապիկ` երկարաթև` բաց կանաչավուն գույնի բրդյա կտորից, ծալովի օձիքով, ձախ կրծքամասում` կոճակով կոճկվող արտաքին գրպան, կոճկվում է 8 կոճակով: Թևքերը երկար, ուղիղ թևքածալերով (N 3 հավելված, նկար N 1),
ե) բաճկոն` կանաչավուն գույնի բրդյա կտորից, միափեշ, միակողմ 4 կոճակով, հետծալված օձիքով: Կրծքամասի 2 կողմում տեղադրված են ներկարված շերտակարերով, իսկ փեշերի ներքևի մասում` վրադիր գրպաններ՝ կափույրներով: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ձախ թևքի վերևի մասում` կտորի վրա կարված է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանը (N 3 հավելված, նկար N 1),
զ) ձմեռային կիսաճտքավոր կոշիկ` սև գույնի կաշվից, տաք, բնական մորթուց (ոչխարի) ներդիրով: Ներբանները ռելիեֆային, կոճկվում է շղթայով (N 3 հավելված, նկար N 1)։
(1-ին կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն, փոփ., լրաց. 25.06.20 N 1091-Ն)
2. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տղամարդ տեսուչի ամառային համազգեստը`
ա) գլխարկ` բրդյա, ամենօրյա` մուգ կանաչավուն կտորից, դարչնագույն երիզով և գլխարկաբոլորքով: Կազմված է սև, լաքապատ գլխարկահովհարից և գլխարկաբոլորքից: Գլխարկաբոլորքը դարչնագույն է` 2 մմ լայնքով կարմիր մահուդից կարված երիզով: Գլխարկի կենտրոնում ամրացվում է 40 x 29 մմ չափսի Հայաստանի Հանրապետության զինանշան: Գլխարկահովհարը սև է, լաքապատ (N 3 հավելված, նկար N 2),
բ) տաբատ` գարնանային` կանաչ բամբակյա կտորից` ուղիղ ուրվագծով: Գոտին գոտեմակօղերով, կոճկվում է 2 կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները` ուղիղ: Հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով գրպան (N 3 հավելված, նկար N 2),
գ) վերնաշապիկ` կարճաթև` կանաչ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում՝ կոճակով կոճկվող կափույրով գրպան, կոճկվում է 8 կոճակով, թևքերը կարճ, ուղիղ թևքածալով (N 3 հավելված, նկար N 2),
դ) բաճկոն` գարնանային-աշնանային` կանաչ գույնի բամբակյա կտորից, ուղիղ ուրվագծով, կոճկվում է 4 կոճակով: Օձիքը՝ ծալովի, լանջափեշերի ներքևի մասերում՝ վրադիր կափույրներով գրպաններ, իսկ վերևի մասում` թեք ներկարված փոքր գրպաններով: Աստառը մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ձախ թևքի վերևի մասում` կտորի վրա կարված է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանը (N 3 հավելված, նկար N 2),
ե) ամառային կոշիկ` սև կամ մուգ դարչնագույն կաշվից, երեսամասը` ամբողջական առաջամասով (N 3 հավելված, նկար N 2)։
(2-րդ կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն, փոփ., լրաց. 25.06.20 N 1091-Ն)
3. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կին տեսուչի ձմեռային համազգեստը`
ա) գլխարկ` ականջակալներով, ձմեռային` մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են արհեստական մորթուց: Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է 40 x 29 մմ չափսի Հայաստանի Հանրապետության զինանշան (N 3 հավելված, նկար N 3),
բ) կիսավերարկու` ձմեռային` մուգ կանաչավուն կտորից, հանովի մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Լանջափեշերի ներքևի մասերում` մեծ, վրադիր գրպաններ, վերևի մասում` թեք ներկարված փոքր գրպաններ: Աստառը` մետաքսից, ձախ կողմում ունի ծոցագրպան: Կիսավերարկուի ձախ թևքի վերևի մասում կտորի վրա կարված է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանը (N 3 հավելված, նկար N 3),
գ) կիսաշրջազգեստ` բրդյա, ամենօրյա` կանաչավուն գույնի, ուղիղ կտրվածքով, երկկողմանի սեղմոններով, հետևամասում՝ կափույրով ճեղքվածքով: Աստառը` մետաքսից: Ձախ կողմից կոճկվում է շղթայով (N 3 հավելված, նկար N 3),
դ) բաճկոն` բրդյա, ամենօրյա` մուգ կանաչավուն բրդյա կտորից: Միափեշ, միակողմ 3 ոսկեգույն կոճակով, վրադիր օձիքով: Կրծքամասը` սեղմոններով, փեշերի ներքևի մասերում` ներկարվող, կափույրով թեք գրպաններ: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ձախ թևքի վերևի մասում` կտորի վրա կարված է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանը (N 3 հավելված, նկար N 3),
ե) վերնաշապիկ` երկարաթև` սպիտակ մետաքսից, օձիքը` հետ ծալված, կրծքամասերում` սեղմոններով, կոճկվում է կափույրով ծածկված 8 կոճակով (N 3 հավելված, նկար N 3),
զ) կիսաճտքավոր կոշիկ` սև գույնի բնական կաշվից: Երեսամասը` ամբողջական կամ կտրված քթամասով, երկարացված ձևավոր հետևամասերով, կրունկը` մինչև 5,5 սմ բարձրության: Լեզվակը միացված է առաջամասին (N 3 հավելված, նկար N 3)։
(3-րդ կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն, փոփ., լրաց. 25.06.20 N 1091-Ն)
4. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կին տեսուչի ամառային համազգեստը`
ա) բաճկոն` սինթետիկ` կառուցվածքով և ձևով նման է սույն իրավական ակտի 3-րդ կետի «դ» ենթակետում նկարագրված բրդյա բաճկոնին (N 3 հավելված, նկար N 4),
բ) կիսաշրջազգեստ` բամբակյա, ամենօրյա` մուգ կանաչավուն գույնի, ուղիղ կարվածքով, երկկողմանի սեղմոններով, աստառով: Գոտին` գոտեմակօղերով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով և շղթայով (N 3 հավելված, նկար N 4),
գ) վերնաշապիկ` կարճաթև` սպիտակ մետաքսից, օձիքը` հետ ծալված, կրծքամասերում՝ սեղմոններով, կոճկվում է կափույրով ծածկված 8 կոճակով (N 3 հավելված, նկար N 4),
դ) կոշիկ` սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական, հետևամասի և առաջամասի հետ ծալված եզրերով: Ներբանը ձևավորված է պոլիուրէթանից` սոսնձով միացման մեթոդով: Կրունկը` մինչև 5 սմ բարձրության, փաթաթված երեսամասի նյութով (N 3 հավելված, նկար N 4)։
(4-րդ կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն)
5. Բնապահպանական պետական տեսուչի դաշտային ամառային համազգեստը`
դաշտային կոստյում` բամբակյա մուգ կանաչ գույնի գործվածքից, տրիկոտաժե կիսաթև շապիկով, կեպիով (N 3 հավելված, նկարներ NN 6 և 8),
ա) բաճկոն` բամբակյա մուգ կանաչ գույնի կտորից, միափեշ, հետծալված օձիքով, բաճկոնի առջևի մասում տեղադրված է շղթա` 2 կոճգամով և կպչուն կոճկվածքով, կրծքավանդակին՝ 2 վրադիր գրպան` կափույրներով և կոճգամներով, 2 ներկարված կողային գրպանով: Ձախ թևքի վերևի մասում` կտորի վրա կարված է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանը (N 3 հավելված, նկարներ NN 6 և 8),
բ) տաբատ` ուղիղ կարվածքով` 2 կողային գրպանով և հետևի մասում` մեկ գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա (N 3 հավելված, նկարներ NN 6 և 8),
գ) կաշվե գոտի` բնական կաշվից` 50 մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով և զենքի համար նախատեսված պատյանով (N 3 հավելված, նկարներ NN 6 և 8),
դ) կեպի` բամբակյա գործվածքից, ճակատային մասի կենտրոնում ամրացված է 40 x 29 մմ չափսի Հայաստանի Հանրապետության զինանշանը (N 3 հավելված, նկարներ NN 6 և 8),
ե) կիսաճտքավոր կոշիկ` կարված է սև բնական կաշվից, միջադիրը` բյազ կամ համանման կտոր, երեսամասից կապվում է քուղերով կամ կոճկվում է շղթայով, ներբանները` ռելիեֆային:
(5-րդ կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն, 25.06.20 N 1091-Ն)
6. Բնապահպանական պետական տեսուչի դաշտային ձմեռային համազգեստը`
դաշտային կոստյում` բրդյա մուգ կանաչ գույնի գործվածքից, գլխարկով (ականջակալներով) (N 3 հավելված, նկարներ NN 5 և 7),
ա) բաճկոն` մուգ կանաչ գույնի բրդյա կտորից, միափեշ, տաք ներդիրով, աստառը` մետաքսյա, հետծալված օձիք, հանովի` ոչխարի մորթուց վրադիրով: Բաճկոնն ունի 2 կողային ներկարված գրպան, մեկ ծոցագրպան: Ձախ թևքի վերևի մասում` կտորի վրա կարված է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանը: Բաճկոնի առջևի մասում տեղադրված է շղթա` 2 կոճգամով և կպչուն կոճկվածքով (N 3 հավելված, նկարներ NN 5 և 7),
բ) տաբատ` ուղիղ կարվածքով` տաք միջադիրով, 2 կողային գրպանով, իսկ առջևի մասում տեղադրված է շղթա (N 3 հավելված, նկարներ NN 5 և 7),
գ) կաշվե գոտի` բնական կաշվից` 50 մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով և զենքի համար նախատեսված պատյանով (N 3 հավելված, նկարներ NN 5 և 7),
դ) գլխարկ` ականջակալներով, ձմեռային, մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են արհեստական մորթուց: Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացված է 40 x 29 մմ չափսի Հայաստանի Հանրապետության զինանշանը (N 3 հավելված, նկարներ NN 5 և 7),
ե) կիսաճտքավոր կոշիկ` երեսացուն կարված է սև գույնի բնական կաշվից, միջադիրը` բնական մորթուց, երեսամասից կապվում է քուղերով կամ կոճկվում է շղթայով, ներբանները` ռելիեֆային (N 3 հավելված, նկարներ NN 5 և 7)։
(6-րդ կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն, 25.06.20 N 1091-Ն)
7. Բնապահպանության և ընդերքի պետական տեսուչի 40 x 29 մմ չափսի Հայաստանի Հանրապետության զինանշանը սույն որոշման N 2 հավելվածում նկարագրված խորհրդանիշն է` 2,25 անգամ փոքրացված չափսերով:
(7-րդ կետը խմբ. 30.11.17 N 1588-Ն, փոփ. 25.06.20 N 1091-Ն)
8. Բնապահպանության և ընդերքի պետական տեսուչները համազգեստը կրում են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանով: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանը բնապահպանության և ընդերքի պետական տեսուչի համազգեստի պարտադիր բաղկացուցիչ մասն է:
(8-րդ կետը խմբ. 30.11.17 N 1588-Ն)
(հավելվածը փոփ., խմբ. 30.11.17 N 1588-Ն, փոփ., լրաց. 25.06.20 N 1091-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
Հավելված N 2 | |
բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմնի ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ | |
1. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանն ունի 90 մմ բարձրությամբ և 65 մմ լայնությամբ վահանի տեսք, կարվում է վերնաշապիկի, բաճկոնի, ինչպես նաև կիսավերարկուի ձախ թևքին (N 4 հավելված, N 3 հավելված, նկարներ NN 5 և 6): (1-ին կետը խմբ. 25.06.20 N 1091-Ն) 2. Տարբերանշանը բաղկացած է երկու՝ մեծ և փոքր վահաններից: Մեծ՝ հոծ կանաչ վահանը շրջագծում է ամբողջ պատկերը, փոքր՝ հոծ սպիտակ վահանը գտնվում է կանաչ վահանի կենտրոնում: Կանաչ վահանի վերին կենտրոնական հատվածում Հայաստանի Հանրապետության զինանշանն է, վերին աջ կենտրոնական հատվածում արտացոլված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ» գրառումը, իսկ վերին ձախ կենտրոնական հատվածում՝ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» գրառումը: Կանաչ վահանի ներքևի հատվածը ընդհանուր պատկերից առանձնացված է սպիտակ վահանի ստորին հատվածից խաչաձև ծագող, երկու սպիտակ պարաբոլաձև կորություններով: Առանձնացված հատվածում պատկերված է լեռը: Սպիտակ վահանի ստորին հատվածում՝ լեռան կատարին ամրացված դրոշակաձողի երկու կողմից պատկերված է ծածանվող Հայաստանի Հանրապետության դրոշը: Դրոշի վերին եզրագծում արտացոլված է «ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ» գրառումը: Տարբերանշանի կենտրոնական հատվածում՝ սպիտակ և կանաչ վահանների համադրության ֆոնին պատկերված է մարդու աչքը՝ սև եզրագծով: Աչքի վերին եզրագծին՝ սպիտակ վահանի տիրույթում, արտացոլված է «ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ» գրառումը: Աչքի կենտրոնական մասում գտնվում է հոծ կանաչ, շրջանաձև բիբը: Բիբը հորիզոնական (անտեսանելի) առանցքով բաժանված է երկու կեսի: Բիբի վերին կեսում պատկերված է երկնագույն ջրի կաթիլը, իսկ ստորին կեսում՝ հոծ երկնագույն Սևանա լիճն է: Կաթիլի կենտրոնական հատվածում հոծ սպիտակ ջրի կաթիլ է, որի կենտրոնում պատկերված է ծառ: Սպիտակ կաթիլի երկու կողմում հոծ կանաչով պատկերված է երկու թռչուն: Երկնագույն կաթիլի աջ կենտրոնական մասում՝ գոգավոր հատվածի եզրագծի վրա, հոծ կանաչով պատկերված է բեզոարյան այծը, իսկ երկնագույն կաթիլի ձախ գոգավոր հատվածի եզրագծի վրա հոծ կանաչով պատկերված են մեծահասակ մարդու և նրա ձեռքը բռնած երեխայի պատկերները: Աչքի եզրագծի վերին աջ հատվածում՝ կանաչ վահանի տիրույթում հոծ սևով պատկերված է կովկասյան ընձառյուծը, դրան սիմետրիկ ձախ հատվածում՝ գորշ արջն է՝ սև եզրագծով: Աչքի եզրագծի ներսի աջ և ձախ հատվածներում մոխրագույն գործարանի և հողի շերտի լայնակի կտրվածքի պատկերներն են: (2-րդ կետը խմբ. 25.06.20 N 1091-Ն) 3. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում առկա շրջակա միջավայրի պահպանության` մթնոլորտի, ջրային ռեսուրսների, մասնավորապես, Սևանա լճի, կենսաբազմազանության, կլիմայի փոփոխությունների, օզոնային շերտի պահպանության խնդիրները` որպես պետական հոգածության ամբողջականություն: Աչքի պատկերը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետության բնապահպանական ոլորտի նկատմամբ պետական վերահսկողական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից բնապահպանության հարցերի հանդեպ ցուցաբերվող բարձր հետաքրքրվածությունը և զգոնությունը: Վահանները խորհրդանշում են շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության համար սահմանված նորմերի և չափաքանակների նկատմամբ վերահսկողության կատարումը` որպես օրենքի պահանջ: (3-րդ կետը խմբ. 25.06.20 N 1091-Ն) (հավելվածը փոփ. 30.11.17 N 1588-Ն, խմբ. 25.06.20 N 1091-Ն)
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի N 2085-Ն որոշման |
Ձև
1-4 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կին և տղամարդ տեսուչների համազգեստները
Նկար N 1 | Նկար N 2 | Նկար N 3 | Նկար N 4 |
Նկար N 5 |
Նկար N 6 |
Նկար N 7 |
Նկար N 8 |
(հավելվածը խմբ. 30.11.17 N 1588-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի N 2085-Ն որոշման |
Նկար N 9
(հավելվածը խմբ. 30.11.17 N 1588-Ն, 25.06.20 N 1091-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |