ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵԿԴ/0164/01/12 ՇԴ/0100/01/11 ԵԱՔԴ/0069/01/09 |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նաև Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Լ. Թադևոսյանի մասնակցությամբ' դատավորներ Հ. Ասատրյանի Ս. Ավետիսյանի Ե. Դանիելյանի ա. պողոսՅԱՆԻ
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ`
Մ. Ավագյանի
2019 թվականի հունիսի 12-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Ահարոն Անուշավանի Հակոբյանի վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի օգոստոսի 28-ի դատավճռով (քրեական գործ թիվ ԵԱՔԴ/0069/01/09) Ահարոն Անուշավանի Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի ժամկետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկման՝ 1 տարի ժամկետով, 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, 355-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկման՝ 2 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-67-րդ հոդվածների կիրառմամբ Ա.Հակոբյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 13 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կարգով՝ Ա.Հակոբյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 12 տարի 7 ամիս 4 օր ժամկետով:
2. Ա.Հակոբյանի և մեղադրողի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 9-ին որոշում է կայացրել Ա.Հակոբյանի բողոքը մերժելու, մեղադրողի բողոքը բավարարելու, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի օգոստոսի 28-ի դատավճիռը՝ բեկանելու և պատժի մասով փոփոխելու մասին: Ա.Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի ժամկետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկման՝ 1 տարի ժամկետով, 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, 355-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման՝ 2 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ Ա.Հակոբյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով՝ նշանակված պատժին գումարվել է նախորդ` Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2007 թվականի հունիսի 19-ի դատավճռով նշանակված պատիժը` 10 տարի ժամկետով ազատազրկումը, և Ա.Հակոբյանը դատապարտվել է ազատազրկման՝ 14 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ՝ Ա.Հակոբյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 13 տարի 7 ամիս 2 օր ժամկետով:
3. Նշված որոշման դեմ Ա.Հակոբյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ վերադարձվել է:
4. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 15-ի դատավճռով (քրեական գործ թիվ ՇԴ/0100/01/11) Ա.Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով՝ նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ նշանակված պատժի չկրած մասից 11 տարի ժամկետով ազատազրկումը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 11 տարի 6 ամիս ժամկետով։
5. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի փետրվարի 14-ի դատավճռով (քրեական գործ թիվ ԵԿԴ/0164/01/12) Ա.Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ 4 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով` նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 15-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 8 տարի ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 12 տարի ժամկետով:
Պատժի սկիզբը հաշվվել է 2013 թվականի փետրվարի 14-ից:
6. 2018 թվականի նոյեմբերի 14-ին դատապարտյալ Ա.Հակոբյանի կողմից բերված վճռաբեկ բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով հարուցել է դատական ակտերի վերանայման վարույթ և բողոքն ընդունել է վարույթ:
7. 2019 թվականի մարտի 11-ին դատապարտյալ Ա.Հակոբյանի՝ նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանը 2019 թվականի հունիսի 3-ի որոշմամբ ընդունել է վարույթ: Միաժամանակ որոշվել է ներկայացված բողոքը քննության առնել Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով հարուցված դատական ակտերի վերանայման վարույթի շրջանակներում:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Ա.Հակոբյանը թիվ ԵԱՔԴ/0069/01/09 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է այն բանի համար, որ «(…) [նա] կանեփի թփեր հավաքելով ապօրինաբար ձեռք է բերել, պատրաստել, իր մոտ պահել է մարիխուանա տեսակի 0.7 գրամ քաշով չորացված թմրամիջոց (…)»1:
8.1 Ա.Հակոբյանը թիվ ՇԴ/0100/01/11 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է այն բանի համար, որ «(…) [նա] անհայտ անձից առանց իրացնելու նպատակի, փորձել է ապօրինի ձեռք բերել 0.0146 գրամ զգալի չափի «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց (…)»2:
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոշարադրյալ հիմնավորումներով.
9. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:
10. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը կամ ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Ահարոն Հակոբյանի վերաբերյալ դատական ակտերը վերանայելու համար:
12. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:
ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:
13. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն3:
14. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում՝ անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»4:
Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»5:
15. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։
16. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝
պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»։
Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ, «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ՝ 0.002 գրամից մինչև 0.02 գրամը ներառյալ:
Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, իսկ որպես զգալի չափ՝ 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ: Միևնույն ժամանակ, «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 0.001 գրամից մինչև 0.005 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ՝ 0.005 գրամից մինչև 0.025 գրամը ներառյալ:
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Հակոբյանը դատապարտվել է՝
- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափի՝ 0.7 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռքբերելու, պատրաստելու և պահելու համար6,
- ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափի` 0.0146 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձի համար7:
18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-16-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով չեն բարելավում Ա.Հակոբյանի վիճակը, ուստի դրանք հիմք չեն Ա.Հակոբյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության:
19. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները վերացնում են Ա.Հակոբյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հանցավորությունը։
Մասնավորապես, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի զգալի չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 0.7 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե զգալի, այլ մանր չափի է: Այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Ա.Հակոբյանին պետք է արդարացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Նման պայմաններում թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և դրանց գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Ա.Հակոբյանի կողմից կատարված արարքի վրա:
20. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Ահարոն Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 15-ի դատավճիռը և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի փետրվարի 14-ի դատավճիռը վերանայելու համար։
21. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել դատապարտյալ Ա.Հակոբյանի վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի օգոստոսի 28-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումը:
Ա.Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում պետք է արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Ա.Հակոբյանի նկատմամբ նշանակված 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկման ժամկետից պետք է հանել 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Նշանակված պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ պետք է լրիվ գումարել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2007 թվականի հունիսի 19-ի դատավճռով նշանակված պատիժը՝ 10 (տասը) տարի ժամկետով ազատազրկումը, և Ա.Հակոբյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 13 (տասներեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոններով նշանակված պատժին պետք է հաշվակցել Ա.Հակոբյանի՝ կալանքի տակ գտնվելու 4 (չորս) ամիս 28 (քսանութ) օր ժամկետը և թողնել կրելու ազատազրկում՝ 13 (տասներեք) տարի 1 (մեկ) ամիս 2 (երկու) օր ժամկետով:
Միևնույն ժամանակ, դատապարտյալ Ա.Հակոբյանի վերաբերյալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 15-ի դատավճիռը պետք է բեկանել և փոփոխել: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ Ա.Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակիորեն գումարել 13 (տասներեք) տարի 1 (մեկ) ամիս 2 (երկու) օր ազատազրկման՝ 2011 թվականի հուլիսի 15-ի դրությամբ չկրած մասից՝ 10 (տասը) տարի 5 (հինգ) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով ազատազրկումից 10 (տասը) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ նշանակել՝ ազատազրկում՝ 10 (տասը) տարի 9 (ինը) ամիս ժամկետով:
Բացի այդ, անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել դատապարտյալ Ա.Հակոբյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի փետրվարի 14-ի դատավճիռը: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ Ա.Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված պատժին՝ 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկմանը, պետք է մասնակիորեն գումարել 10 (տասը) տարի 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկման 2013 թվականի փետրվարի 14-ի դրությամբ չկրած մասից՝ 8 (ութ) տարի 11 (տասնմեկ) ամիս 20 (քսան) օր ազատազրկումից 7 (յոթ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ նշանակել՝ ազատազրկում՝ 11 (տասնմեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:
Պատժի սկիզբը պետք է հաշվել 2013 թվականի փետրվարի 14-ից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Դատապարտյալ Ահարոն Անուշավանի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 15-ի դատավճիռը և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի փետրվարի 14-ի դատավճիռը նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2. Դատապարտյալ Ահարոն Անուշավանի Հակոբյանի վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի օգոստոսի 28-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումը բեկանել ու փոփոխել:
Ահարոն Անուշավանի Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Ահարոն Անուշավանի Հակոբյանի նկատմամբ նշանակված 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկման ժամկետից հանել 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Նշանակված պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ լրիվ գումարել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2007 թվականի հունիսի 19-ի դատավճռով նշանակված պատիժը՝ 10 (տասը) տարի ժամկետով ազատազրկումը, և Ա.Հակոբյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 13 (տասներեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոններով նշանակված պատժին հաշվակցել Ա.Հակոբյանի՝ կալանքի տակ գտնվելու 4 (չորս) ամիս 28 (քսանութ) օր ժամկետը և թողնել կրելու ազատազրկում՝ 13 (տասներեք) տարի 1 (մեկ) ամիս 2 (երկու) օր ժամկետով:
3. Ահարոն Անուշավանի Հակոբյանի վերաբերյալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 15-ի դատավճիռը բեկանել ու փոփոխել:
ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ Ահարոն Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել 13 (տասներեք) տարի 1 (մեկ) ամիս 2 (երկու) օր ազատազրկման՝ 2011 թվականի հուլիսի 15-ի դրությամբ չկրած մասից՝ 10 (տասը) տարի 5 (հինգ) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով ազատազրկումից 10 (տասը) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ նշանակել՝ ազատազրկում՝ 10 (տասը) տարի 9 (ինը) ամիս ժամկետով:
4. Ահարոն Անուշավանի Հակոբյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի փետրվարի 14-ի դատավճիռը բեկանել ու փոփոխել:
ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ Ահարոն Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված պատժին՝ 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկմանը, մասնակիորեն գումարել 10 (տասը) տարի 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկման 2013 թվականի փետրվարի 14-ի դրությամբ չկրած մասից՝ 8 (ութ) տարի 11 (տասնմեկ) ամիս 20 (քսան) օր ազատազրկումից 7 (յոթ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 11 (տասնմեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:
Պատժի սկիզբը հաշվել 2013 թվականի փետրվարի 14-ից:
5. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_________________
1 Տե՛ս թիվ ԵԱՔԴ/0069/01/09 քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 113-115:
2 Տե՛ս թիվ ՇԴ/0100/01/11 քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 38-39:
3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։
4 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:
5 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:
6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 8.1-րդ կետը:
Նախագահող` |
Լ. Թադևոսյան |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան |
Ս. Ավետիսյան | |
Ե. Դանիելյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |