ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 2020 թվականի N 714-Լ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝
1) մինչև 2020 թվականի մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման պահանջներին համապատասխան ձևավորել հավելվածի 4-րդ կետում նշված մրցութային հանձնաժողովները.
2) մինչև 2020 թվականի մայիսի 30-ը Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական կայքում հրապարակել սույն որոշման հավելվածի 5-րդ կետում նշված՝ առնվազն առաջին մրցույթի հրավերը։
3. Համաֆինանսավորման դրամաշնորհների տրամադրման դեպքում չկիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ սահմանված ժամկետային սահմանափակումները՝ դրանք սահմանելով մրցութային հրավերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 11 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի N 714-Լ որոշման |
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. Միջոցառման նպատակը կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանն օժանդակելն է, ինչպես նաև ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը և առևտրայնացմանը խթանելը ։
2. Միջոցառման շահառու հանդիսանում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողները, որոնք՝
1) համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված չափանիշներին.
2) հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ.
3) հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից։
3. Աջակցությունը տրամադրվում է դրամաշնորհի ձևով` սույն հավելվածի 2-րդ կետում նշված շահառու հանդիսացող՝ մրցույթի արդյունքներով հաղթող տնտեսավարողներին:
4. Հայտերի գնահատումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով հաստատվող անկախ մասնագիտական մրցութային հանձնաժողովները, որոնք կազմված են ոլորտի ասոցիացիաներից, մասնագետներից և պետական շահառու գերատեսչությունների ներկայացուցիչներից։
5. Հայտերի գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հրապարակվող մրցույթի հրավերով սահմանված կարգով՝ ըստ հանձնաժողովների կողմից նախօրոք մշակված չափորոշիչների և գնահատման սանդղակների՝ հաշվի առնելով ներկայացված ծրագրի նորարարությունը, համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարական առաջնահերթություններին, իրագործելիությունը, ֆինանսական համապատասխանելիությունը, արտադրանքի իրացվելիությունը միջազգային շուկայում, տնտեսավարողի մասնագիտական ներուժը և այլ անհրաժեշտ չափորոշիչներ։
6. Մրցույթներին մասնակցող տնտեսավարողներին ներկայացվող հիմնական պայմաններն են՝
Դրամաշնորհի անվանումը |
Դրամաշնորհի առավելագույն արժեքը |
Մրցույթի շահառուների պայմանները |
Նորարարական դրամաշնորհները |
10.0 մլն դրամ |
Վերջին 2 տարում ՀՀ-ում գրանցված և պրոդուկտներ ստեղծող տնտեսավարողներ |
Կայացած ընկերությունների դրամաշնորհները |
20.0 մլն դրամ |
2 տարվանից ավելի ՀՀ-ում գրանցված և ծառայություններ մատուցող տեխնոլոգիական ընկերություններ (տնտեսավարողներ), որոնք պատրաստ են մշակել պրոդուկտներ |
Համաֆինանսավորման դրամաշնորհները |
100% չափով համաֆինանսավորում, սակայն ոչ ավելի, քան 30.0 մլն դրամ |
Տեխնոլոգիական ընկերությունները (տնտեսավարողներ), որոնք կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |