Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-414-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (14.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 13.11.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

1․ Սույն օրենքով սահմանվում են սոցիալական աջակցությունը, սոցիալական աջակցության իրավունքը, հիմնական նպատակները, սկզբունքները, ոլորտի կառավարումը, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը, համայնքային սոցիալական ծրագրերը, ընտանիքի սոցիալական գնահատման տեսակներն ու հիմնական պայմանները, սոցիալական ծառայությունների տեսակները, դրանք տրամադրող սուբյեկտները, նրանց լիազորությունները և համագործակցությունը, սոցիալական աջակցություն տրամադրելու, դադարեցնելու, մերժելու հիմքերը, սոցիալական աջակցության համար դիմողի և ստացողի իրավունքները և պարտականությունները, սոցիալական աշխատանքը, սոցիալական աշխատողների իրավունքները և պարտականությունները, սոցիալական աջակցության ֆինանսավորման աղբյուրները, պետական վերահսկողությունը, մշտադիտարկումը և կարգավորվում են սոցիալական աջակցություն տրամադրելու հետ կապված այլ հարաբերություններ:

 

Հոդված 2.

Սոցիալական աջակցության մասին օրենսդրությունը

 

1. Սոցիալական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, ինչպես նաև իրավական այլ ակտերով:

 

Հոդված 3.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) անհատական կամ ընտանեկան սոցիալական միջամտության ծրագիր (այսուհետ` միջամտության ծրագիր)` սոցիալական աշխատանքի գործունեության շրջանակներում կազմված ծրագիր, որում ներկայացվում են անձի կամ ընտանիքի գնահատված սոցիալական կարիքները, կարիքների բավարարմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները, դրանց իրականացման համար նախատեսված ժամկետները, պատասխանատուների կամ հիմնական դերակատարների տվյալները, ակնկալվող արդյունքները կամ նպատակները, ինչպես նաև շարունակական կապի պահպանման (մշտադիտարկման) ժամանակացույցը․

2) անօթևան` ժամանակավոր օթևանում կամ բնակության համար չնախատեսված օբյեկտներում բնակվող, սեփականության կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածություն չունեցող և կացարանով ապահովելու համար դիմելու ու այն տրամադրելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածությունը չօտարած անձ կամ ընտանիք, որն իր կացարանի խնդիրն ինքնուրույն լուծելու հնարավորություն չունի.

3) աջակցող ցանց` սոցիալական դեպքի վարման շրջանակներում ռեսուրսների արդյունավետ ներգրավման և օգտագործման նպատակով միջամտության ծրագրերի մշակմանը և դրանց իրականացմանն ուղղված պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ներկայացուցիչների և ֆիզիկական անձանց համատեղ գործունեության ցանց.

4) աջակցության քարտ՝ քարտ, որի միջոցով անձին կամ ընտանիքին մատուցվում է օրենսդրությամբ սահմանված սոցիալական ծառայություն հատկացված դրամական միջոցների շրջանակում.

5) բռնություն՝ այլ անձի նկատմամբ դիտավորյալ ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնությունը, ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու սպառնալիքը, ինչպես նաև անտեսումը, որն արտահայտվում է տվյալ անձի հիմնական պահանջմունքների անտեսմամբ, անհրաժեշտ խնամքի ու հոգածության բացակայությամբ, եթե անձն ուներ դրանք տրամադրելու կամ ապահովելու պարտականություն և հնարավորություն.

6) ընտանիք` միևնույն բնակության վայրում փաստացի բնակվող անձանց ամուսնական, ազգակցական կամ խնամիական կապերի վրա հիմնված փոքր սոցիալական խումբ, որի անդամները վարում են ընդհանուր տնտեսություն և կենցաղ, իրենց ծախսերը հոգում են համատեղ, կապված են փոխօգնության կամ փոխադարձ պատասխանատվության հարաբերություններով։ Սոցիալական աջակցության ոլորտում ընտանիքին վերաբերող դրույթները (իրավունքը, պարտականությունը, պատասխանատվությունը և այլն) օրենսդրությամբ սահմանված դեպքերում տարածվում են նաև տնային տնտեսությունների վրա.

7) ընտանիքի սոցիալական գնահատումը` ընտանիքի կամ նրա առանձին անդամների տնտեսական, հոգեբանական, կրթական, առողջական, աշխատանքային, իրավական և սոցիալական այլ հարաբերություններում առկա հիմնախնդիրների, գույքային և ոչ գույքային ռեսուրսների բազմակողմանի հետազոտման գործընթաց, որն ուղղված է հայտնաբերելու, գնահատելու ընտանիքում ստեղծված իրավիճակը, ընտանիքի հիմնախնդիրները և կարիքները, դրանց միջև առկա պատճառահետևանքային կապերը կամ ընտանիքի կամ նրա առանձին անդամների հիմնախնդիրների կարգավորման և կարիքների բավարարման համար առկա, հնարավոր և անհրաժեշտ ռեսուրսները.

8) կյանքի դժվարին իրավիճակ` անձի կամ ընտանիքի բնականոն կենսագործունեությունը խոչընդոտող օբյեկտիվ իրավիճակ, որն անձը կամ ընտանիքն ինքնուրույն հաղթահարել չի կարող կամ հաղթահարում է մասնակի, և որը կարող է պայմանավորված լինել՝

ա. հաշմանդամության, տարիքի, ֆիզիկական կամ հոգեկան առողջության, ինքնասպասարկման ունակությունների կորստով, սեփական վարքագիծը կառավարելու կարողության, տեղաշարժվելու կարողության կամ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության հետ կապված խնդիրներով կամ

բ. անօգնականության կամ սոցիալական մեկուսացման կամ վնասակար սովորույթների կամ ճնշող հոգեվիճակների պատճառով առօրյա կյանքի կազմակերպման դժվարություններով կամ

գ. փաստացի առանց ծնողական խնամքի մնալու, պարտադիր կրթությունից դուրս մնալու հանգամանքով, երեխայի վարքային խնդիրների դրսևորմամբ կամ դրա առաջացման վտանգով կամ կերակրողին կորցնելու հանգամանքով կամ

դ. անօթևանության կամ որոշակի բնակության վայր չունենալու պատճառով կամ

ե. աղքատությամբ, անապահովությամբ կամ

զ. գործազրկությամբ կամ

է. բռնության կամ ընտանեկան և կենցաղային բռնության կամ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվելու կամ հանցագործությունից տուժելու հանգամանքով կամ

ը. անձի կամ ընտանիքի հարկադիր վերադարձով, տեղահանմամբ, ապաստան հայցելով կամ նրան փախստական ճանաչելով կամ

թ. պրոբացիայի շահառու հանդիսանալու կամ ազատազրկման վայրերում գտնվելու կամ այդ վայրերից վերադառնալու փաստով կամ

ժ. երկարաժամկետ միգրանտ հանդիսանալու փաստով կամ

ժա. հրատապ արձագանք պահանջող իրավիճակով կամ

ժբ. ռազմական կամ արտակարգ դրության հետևանքով ընտանիքի անդամի անհայտ կորելու կամ գերեվարված լինելու կամ զոհվելու (մահանալու) հանգամանքով.

9) կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկ՝ սոցիալական, տնտեսական կամ այլ գործոնների ազդեցությամբ պայմանավորված օբյեկտիվ իրավիճակ, որի հետևանքով անձը կամ ընտանիքը կարող է հայտնվել կյանքի դժվարին իրավիճակում․

10) համայնքային սոցիալական ծրագիր՝ համայնքի կամ համայնքի մեկ կամ մի քանի բնակավայրերի տարածքային առանձնահատկությունների և առկա հիմնախնդիրների հաշվառմամբ համայնքի սոցիալական զարգացմանն ուղղված ծրագիր, որը հաշվի է առնում բնակչության գնահատված սոցիալական կարիքներն ու համայնքի ռեսուրսները և ներառում է նաև այդ կարիքների բավարարմանն ուղղված միջոցառումների ու հաջորդական քայլերի ամբողջությունը, համապատասխանում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրին, չի հակասում Կառավարության ծրագրին.

11) համագործակցության ցանց՝ սոցիալական աջակցության ծրագրերի, սոցիալական ծառայությունների տրամադրման արդյունավետության բարձրացմանը և հասցեականության մեծացմանը, դրանց ընդլայնմանը և նորերի ներդրմանն օժանդակելուն ուղղված պետական կառավարման մարմինների և համայնքների ղեկավարների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համատեղ գործունեության ցանց.

12) հիմնական պահանջմունքներ` անձի կամ ընտանիքի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ նվազագույն պայմանների (սննդի, հագուստի, կոշիկի, հիգիենայի պարագաների, բնակության վայրի, բժշկական օգնության և սպասարկման, միջնակարգ կրթության, բնակարանային կոմունալ ծառայությունների) ամբողջություն.

13) հրատապ արձագանք պահանջող իրավիճակ՝ որոշակի տարածքում կամ օբյեկտում բնական, կլիմայական, տեխնոլոգիական, կենսաբանական (համաճարակ, անասնահամաճարակ, բույսերի վարակիչ հիվանդություններ) վտանգավոր երևույթների, զենքի տեսակների կիրառման հետևանքով, այլ պետության զինված ուժերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժմամբ, նման ներխուժման հետևանքով Հայաստանի Հանրապետության ցանկացած տարածքի բռնազավթմամբ, այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգի առկայությամբ, այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի ռմբահարմամբ, այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կամ այլ զորքերի վրա հարձակմամբ կամ անձի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող, ինչպես նաև համանման այլ հանգամանքներով պայմանավորված հրատապ իրավիճակ.

14) որոշակի բնակության վայր չունեցող՝ իր կամքից անկախ հանգամանքներում որոշակի բնակության վայր չունեցող անձ կամ ընտանիք, որն իր կացարանի խնդիրն ինքնուրույն լուծելու հնարավորություն չունի՝ անկախ սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու հանգամանքից․

15) վկայագիր՝ անհատույց պետական կամ համայնքային ֆինանսական աջակցություն տրամադրելու համար որոշակի վավերապայմաններով և ձևով անվանական ֆինանսական փաստաթուղթ, որը հիմք է օրենսդրությամբ սահմանված դեպքերում վկայագիրը ստացած անձին որոշակի գույք ձեռք բերելու համար.

16) սոցիալական աշխատանք՝ սոցիալական արդարության, մարդու իրավունքների պաշտպանության, անձի նկատմամբ հարգանքի և սույն օրենքով սահմանված այլ սկզբունքների հիման վրա անձի կամ ընտանիքի կամ համայնքի սոցիալական կարիքների բավարարման, ինչպես նաև անձի կամ ընտանիքի՝ ինքնուրույնաբար խնդիրները հաղթահարելու կարողության զարգացման նպատակով իրականացվող մասնագիտական գործունեություն, որն ուղղված է կյանքի դժվարին իրավիճակի կանխարգելմանը, հաղթահարմանը, ինքնաբավ կենսագործունեության ապահովմանը, սոցիալական զարգացման, սոցիալական փոփոխության կամ սոցիալական համախմբվածության խթանմանը՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով.

17) սոցիալական աշխատանքի սուպերվիզիա՝ համագործակցային գործընթաց, որի ընթացքում սոցիալական աշխատանքի սուպերվիզորը վարչական, կրթական և աջակցային մեթոդների կիրառմամբ նպաստում է սոցիալական աշխատողի մասնագիտական աճին և նրա կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների արդյունավետության ու որակի բարձրացմանը.

18) սոցիալապես անապահով ընտանիք` ընտանիք, որի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի և ընտանիքի այլ պայմանների հիման վրա գնահատման արդյունքով օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է սոցիալապես անապահով.

19) սոցիալական աջակցություն՝ կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու կամ հաղթահարելու նպատակով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ դրա ռիսկում գտնվող անձի կամ ընտանիքի ինքնօգնության, ինքնորոշման ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու կարողությունները զարգացնելու միջոցով անձին կամ ընտանիքին գնահատված սոցիալական կարիքների կամ խոցելիության հիման վրա տրամադրվող մեկ կամ մի քանի սոցիալական ծառայություն.

20) սոցիալական աջակցության ծրագիր՝ սույն օրենքի նպատակներին և սկզբունքներին համապատասխան՝ կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելուն կամ դրա վատթարացումը կանխելուն կամ նման իրավիճակում հայտնվելը կանխարգելելուն ուղղված քաղաքականության իրագործման մեկ կամ մի քանի միջոցառումների նկարագրություն.

21) սոցիալական բնակարանային ֆոնդ` պետական, համայնքային բյուջեների կամ օրենքով չարգելված այլ միջոցներով իրականացվող ծրագրերի շրջանակում ձևավորվող բնակարանային ֆոնդի ամբողջություն, որն ուղղված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին կամ ընտանիքին կացարանով ապահովելուն.

22) սոցիալական դեպքի վարում՝ տարբեր սոցիալական կարիքներ ունեցող անձի կամ ընտանիքի հետ սոցիալական աշխատանքի գործընթաց, որը հիմնված է սոցիալական կարիքների գնահատման վրա և ենթադրում է սոցիալական աշխատողի կողմից անձին կամ ընտանիքին սոցիալական աջակցություն տրամադրելու համակարգում և մշտադիտարկում միջամտության ծրագրի համաձայն՝ ստեղծելով արդյունավետ համագործակցություն աջակցող ցանցի մասնակիցների միջև.

23) սոցիալական ծառայություններ՝ օրենսդրությանը համապատասխան իրականացվող գործողություններ կամ միջոցառումներ, որոնք ուղղված են անձի սոցիալական կարիքների բավարարմանը կամ բնականոն կենսագործունեության ապահովմանը կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու հանգամանքների առաջացման կանխարգելմանը կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին կամ ընտանիքին այդ վիճակից դուրս բերելուն.

24) սոցիալական կարիք` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ այդ իրավիճակում հայտնվելու ռիսկ ունեցող անձի կամ ընտանիքի` իր տնտեսական, բնակարանային, հոգեբանական, կրթական, բժշկական, աշխատանքային, իրավական, խնամքի, սոցիալական հմտությունների հետ կապված հիմնախնդիրների լուծման, պահանջմունքների բավարարման համար անհրաժեշտ ռեսուրսների, կարողությունների բացակայություն կամ ապագայում դրանց առաջացման հիմքերի առկայության հավանականություն.

25) սոցիալական հմտություն՝ արդյունավետորեն շփվելու կարողություն կամ հնարավորություն, որն անձն օգտագործում է առօրյա կյանքում այլ անձանց և կազմակերպությունների հետ հաղորդակցվելու, հարաբերություններ կառուցելու և պահպանելու համար․

26) սոցիալական պաշտպանություն՝ ապահովագրական, աջակցող, ակտիվացնող կամ զբաղվածությունը խթանող քաղաքականությունների և ծրագրերի համախումբ, որի նպատակն է անձանց կյանքի ընթացքում կանխարգելել և պաշտպանել աղքատությունից, գործազրկությունից, խոցելիությունից, սոցիալական մեկուսացվածությունից և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու այլ ռիսկերից.

27) տարեց` 65 տարին լրացած անձ․

28) տնային տնտեսություն՝ միևնույն բնակության վայրում փաստացի բնակվող անձանց փոքր սոցիալական խումբ, որի անդամները վարում են ընդհանուր տնտեսություն և կենցաղ, իրենց ծախսերը հոգում են համատեղ, կապված են փոխօգնության կամ փոխադարձ պատասխանատվության հարաբերություններով, ինչպես նաև միայնակ բնակվող անձ։

 

Հոդված 4.

Սոցիալական աջակցության իրավունքը

 

1. Սոցիալական աջակցության իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացին և քաղաքացիություն չունեցող անձը, օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականը, ապաստան հայցողը։

2. Ապաստան հայցողին և փախստականին սոցիալական աջակցությունը տրամադրվում է՝ հաշվի առնելով «Փախստականների և ապաստանի մասին» օրենքով նախատեսված կարգավորումները:

 

Հոդված 5.

Սոցիալական աջակցության հիմնական նպատակները

 

1. Սոցիալական աջակցության հիմնական նպատակներն են՝

1) կանխարգելել կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը․

2) նպաստել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի սոցիալական կարիքների բավարարմանը, անձի կամ ընտանիքի ինքնօգնության, ինքնորոշման ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու հմտությունների զարգացմանը, ինքնաբավ կենսագործունեության ապահովմանը, կենսամակարդակի բարձրացմանը․

3) նպաստել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի հիմնարար իրավունքների և ազատությունների իրացմանը։

 

Հոդված 6.

Սոցիալական աջակցության սկզբունքները

 

1. Սոցիալական աջակցության սկզբունքներն են`

1) անձի հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, անձի պատիվն ու արժանապատվությունը հարգելը.

2) երեխայի լավագույն շահի առաջնահերթությունը՝ սոցիալական աջակցություն տրամադրելու ժամանակ երեխայի իրավունքների ու շահերի, դրանց պաշտպանության առաջնային և գերակա լինելը.

3) հասցեականությունը` սոցիալական աջակցություն տրամադրելը դրա կարիքն ունեցող անձին կամ ընտանիքին.

4) փոխգործակցությունը` համագործակցության կամ աջակցող ցանցի մասնակիցների կամ այլ կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց համագործակցության և համատեղ գործունեության հիման վրա սոցիալական աջակցություն տրամադրելը.

5) համարժեքությունը և շարունակականությունն ապահովելը՝ սոցիալական կարիքներին և սահմանված նպատակներին համապատասխան՝ սոցիալական աջակցություն տրամադրելը և դրա, ըստ անհրաժեշտության, շարունակականությունն ապահովելը.

6) մատչելիությունը` սոցիալական ծառայությունների վերաբերյալ տեղեկությունն ստանալու, հասկանալու, օգտագործելու և սոցիալական ծառայությունից օգտվելու հնարավորությունը և հասանելիությունը.

7) ներառականությունը՝ յուրաքանչյուր անձի արդյունավետ սոցիալական կենսագործունեության հավասար հնարավորություններն ապահովելը կրթության, զբաղվածության, առողջապահության, համայնքային կյանքին մասնակցության և այլ ոլորտներում խտրական վերաբերմունքի, ֆիզիկական և այլ խոչընդոտների վերացման միջոցով.

8) սոցիալական խնամառության բացառումը` անձի ակտիվության և ինքնօգնության ունակությունների զարգացումը սոցիալական աջակցության շարունակական կախվածությունից բացառելու համար.

9) նախաձեռնողականությունը` կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելուն նպաստող գործոնների վերհանման, այդ գործոնների կանխմանն ու հակազդմանը, ինչպես նաև այդ իրավիճակում հայտնված կամ նման ռիսկում գտնվող անձի կամ ընտանիքի հայտնաբերմանն ուղղված միջոցառումների իրականացման շարունակական գործունեություն նախաձեռնելը.

10) խտրականության արգելքը` սոցիալական աջակցություն տրամադրելիս հավասար հնարավորությունների ապահովումը և սոցիալական աջակցություն տրամադրելիս սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից կախված խտրականության բացառումը.

11) սոցիալական համերաշխության ապահովումը՝ սոցիալական տարբեր խմբերի միջև լարումների առաջացման կանխարգելմանը կամ դրանց մեղմացմանը նպաստելը․

12) մասնակցությունը` իր սոցիալական խնդիրների լուծմանը և որոշումների կայացմանն անձին կամ ընտանիքին մասնակից դարձնելը իր կարողությունների և ռեսուրսների սահմաններում.

13) անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը` սոցիալական աջակցություն տրամադրելիս անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող հայտնի դարձած տվյալները չփոխանցելը, ներառյալ չհրապարակելը, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքներով ուղղակիորեն նախատեսված են անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող հայտնի դարձած տվյալները փոխանցելը, ներառյալ հրապարակելը.

14) կամայականության արգելքը՝ սոցիալական աջակցություն տրամադրելիս միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ անհավասար մոտեցում ցուցաբերելու անթույլատրելիությունը, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք.

15) գենդերազգայունությունը՝ կանանց և տղամարդկանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարքը, կարիքների տարբերությունները և առանձնահատկությունները ճանաչելը սոցիալական աջակցության ծրագրերը մշակելիս և տրամադրելիս.

16) անհատական մոտեցումը՝ սոցիալական աջակցություն ստացող անձի կամ ընտանիքի անհատական նյութական կամ ոչ նյութական ռեսուրսների գնահատմամբ նրա սոցիալական կարիքների բավարարմանն ուղղված անհրաժեշտ միջամտությունների ընտրությունը.

17) սոցիալական արդարությունը՝ սոցիալական աջակցություն տրամադրելը արդարացի և հավասար հնարավորությունների ապահովմամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 7.

Սոցիալական աջակցության ոլորտում Կառավարության լիազորությունները

 

1. Սոցիալական աջակցության ոլորտում Կառավարությունը`

1) հաստատում է սոցիալական աջակցության ծրագրեր կամ այլ սոցիալական ծառայություններ, ներառյալ դրանց տրամադրման կարգերն ու պայմանները՝ հրատապ արձագանք պահանջող իրավիճակի արդյունքում ծագած հետևանքները վերացնելու կամ մեղմացնելու նպատակով.

2) հաստատում է Միասնական սոցիալական ծառայության համապատասխան աշխատողների տնային կամ գտնվելու վայր այցելությունների համար վճարման չափն ու կարգը.

3) հաստատում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների ցանկը և սպասարկման տարածքները.

4) հաստատում է հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում սոցիալական աջակցության տրամադրման (սոցիալական շտապօգնության) կարգը, պայմանները և շահառուների խմբերը.

5) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ։

 

Հոդված 8.

Սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմնի լիազորությունները

 

1. Սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմինը (այսուհետ` պետական լիազոր մարմին)`

1) մշակում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու պատճառների և հետևանքների վերացմանն ուղղված սոցիալական աջակցության ծրագրեր և ծառայություններ.

2) հաստատում է սոցիալական պաշտպանության և ընտանիքի անապահովության գնահատման համակարգի հայեցակարգերը․

3) հաստատում է սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններին վերաբերող վերապատրաստման դասընթացների մոդուլները և դրանց բովանդակությունը․

4) իրականացնում է Միասնական սոցիալական ծառայության կառավարումը.

5) հաստատում է՝

ա. սոցիալական աշխատողների, սոցիալական սատարողների և սոցիալական պատրոնի տվյալ պաշտոնները զբաղեցնողի մասնագիտական գործունեությունից բխող գործառույթները, իրավունքները, պարտականությունները, կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները, որոնք պարտադիր պետք է ընդգրկվեն պաշտոնների անձնագրերում կամ աշխատանքի բնութագրերում կամ աշխատանքային պայմանագրում,

բ. «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացների կազմակերպման և իրականացման կարգը, նշված դասընթացն ավարտելուց հետո տրվող վկայականի ձևերը և վկայականի գործողության ժամկետը,

գ. սոցիալական աշխատողների և սոցիալական սատարողների հավաստագրման կազմակերպման և իրականացման կարգը, հավաստագրման յուրաքանչյուր եղանակի նկատմամբ պահանջները և շնորհվող կրեդիտների քանակը, հավաստագրերի ձևերը.

6) մասնակցում է «Սոցիալական աշխատանք» մասնագիտության պետական կրթական չափորոշչի մշակմանը.

7) ապահովում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը.

8) հաստատում է սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում կիրառվող տեղեկատվական համակարգերի ուսուցման դասընթացների անցկացման կարգը և այդ ծրագրերով աշխատելու կարողությունները հաստատող հավաստագրերի գործողության ժամկետը, ինչպես նաև կազմակերպում է նշված դասընթացները.

9) Կառավարության սահմանած կարգով հավաստագրում է սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի գործունեությունն իր կամ իր կողմից ընտրված կամ լիազորված կազմակերպության եզրակացության հիման վրա.

10) հաստատում է տնային կամ գտնվելու վայր այցելություն կատարելու, ընտանիքի սոցիալական գնահատման, սոցիալական դեպքի վարման, սոցիալական աջակցության տրամադրման գործընթացների պարզաբանման, համայնքային սոցիալական ծրագրերի մշակման, սոցիալական պատրոնաժի իրականացման մեթոդական ուղեցույցները.

11) հաստատում է սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգերից և պայմաններից բխող ընթացակարգերը և օրինակելի ձևաթղթերը, ինչպես նաև սոցիալական աջակցության ոլորտի քաղաքականության շրջանակում սույն օրենքից բխող ընթացակարգերը, ծրագրերը, ուղեցույցները, մեթոդաբանությունները և ձևաթղթերը.

12) ուսումնասիրում է Միասնական սոցիալական ծառայության կամ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից տրամադրվող սոցիալական ծառայությունների հետ կապված բողոքները, նշված բողոքների, ինչպես նաև մշտադիտարկման ընթացքում խախտումներ հայտնաբերելու դեպքերում ձեռնարկում է օրենսդրությամբ սահմանված միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ, մասնավորապես ներկայացնում է պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ վարչական ակտի կամ որոշման ընդունման, վերանայման, իր լիազորությունների շրջանակում այլ գործողություններ կատարելու կամ դրանցից ձեռնպահ մնալու վերաբերյալ․

13) ստեղծում և կառավարում է սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգը.

14) հաստատում է խնամքի (բացառությամբ խնամատար ընտանիքներում կամ խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում իրականացվող խնամքի), կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին կամ ընտանիքին ճաշարանի կողմից սննդի կազմակերպման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով, ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման սոցիալական ծառայությունների տրամադրման նվազագույն չափորոշիչները` անկախ ծառայություն մատուցողի սեփականության ձևից, կազմակերպաիրավական տեսակից և ֆինանսավորման աղբյուրից.

15) իր սահմանած կարգով սոցիալական ծառայություններ տրամադրող պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ սոցիալական ծառայություններ տրամադրող ու համագործակցող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին տրամադրում կամ նրանցից ստանում է սոցիալական ծառայություն ստացող անձանց այն անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ են սոցիալական աջակցության տրամադրման համար, ինչպես նաև ընտանիքների նույնականացման կամ սոցիալական ծառայության տրամադրման համար անհրաժեշտ այլ տվյալներ։ Համագործակցության պայմանագիրը կամ հուշագիրը կնքելիս պարտադիր են նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջների կիրառումն ու ապահովումը.

16) կազմակերպում է հրատապ արձագանք պահանջող իրավիճակի հետևանքով տուժած և այլ անձանց սոցիալական աջակցություն տրամադրելը, այդ նպատակով համագործակցում է պետական կառավարման այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ.

17) օրենսդրությամբ սահմանված կարգով, ներառյալ հրատապ արձագանք պահանջող իրավիճակով պայմանավորված, հաստատում է սոցիալական ծառայությունների տրամադրման և կազմակերպման ընթացակարգերը, կազմակերպում համապատասխան սոցիալական ծառայությունների մատուցումը կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի միջոցով.

18) սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով կազմակերպում է փորձնական (պիլոտային) ծրագրեր և ապահովում նշված ծրագրերի իրականացումը.

19) կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց հետ կնքում է պայմանագրեր կամ հուշագրեր սոցիալական աջակցության ծրագրեր կազմակերպելու և իրականացնելու նպատակով.

20) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 9.

Միասնական սոցիալական ծառայության լիազորությունները

 

1. Միասնական սոցիալական ծառայությունը՝

1) օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում իրականացնում է դիմումների ընդունում և հաշվառում, ներառյալ առցանց, խորհրդատվության տրամադրում, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ հայտնվելու ռիսկում գտնվող անձին կամ ընտանիքին սոցիալական աջակցության պետական, ինչպես նաև փորձնական (պիլոտային) ծրագրերի, սոցիալական ծառայությունների տրամադրում կամ դրանց կազմակերպում.

2) իրականացնում է ընտանիքի սոցիալական գնահատում, այդ թվում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ընտանիքի անապահովության գնահատում.

3) իր լիազորությունների իրականացման ընթացքում հայտնաբերում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ դրա ռիսկում գտնվող անձին կամ ընտանիքին.

4) որոշում է կայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում դիմողին սոցիալական աջակցություն տրամադրելու կամ մերժելու մասին.

5) պետական լիազոր մարմնի պահանջով պետական լիազոր մարմնին է տրամադրում սոցիալական աջակցություն ստացողի կամ հայցողի դիմումի, սոցիալական աջակցությունը տրամադրելու հետ կապված հավաքված և Միասնական սոցիալական ծառայությունում ստեղծված անձնական կամ ընտանեկան տվյալները.

6) իրականացնում է սոցիալական դեպքի վարում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

7) տալիս է եզրակացություն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում․

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքում և կարգով ընդունում է որոշում տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամք տրամադրելու կամ մերժելու մասին․

9) օրենսդրությամբ սահմանված դեպքերում նշանակում կամ վերահաշվարկում է սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված նպաստները կամ այլ դրամական օգնությունները, դադարեցնում է դրանք ստանալու իրավունքը, ապահովում է նշված նպաստների և այլ դրամական օգնությունների վճարումը կամ մերժում նպաստներ և այլ դրամական օգնություններ նշանակելու, նշանակված նպաստները կամ այլ դրամական օգնությունները վերահաշվարկելու դիմումները.

10) վերադասության կարգով քննում է սոցիալական աջակցություն տրամադրելու, դադարեցնելու կամ մերժելու մասին Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի (այսուհետ՝ տարածքային կենտրոն) որոշման կապակցությամբ ներկայացված բողոքարկման դիմումները, ընդունում համապատասխան վարչական ակտ․

11) տրամադրում է օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում աջակցող միջոցների վերաբերյալ համապատասխան եզրակացությունը, կազմում և տրամադրում է աջակցող միջոցներ ձեռք բերելու համար հիմք հանդիսացող պետական հավաստագիրը.

12) կազմակերպում է սոցիալական համագործակցության համաձայնագրերի ընդունումը տարածքային մակարդակում.

13) կազմակերպում և տրամադրում է ինտեգրված սոցիալական ծառայություններ.

14) մասնակցում է համայնքային սոցիալական ծրագրերի մշակման աշխատանքներին.

15) իր կամ Կառավարության լիազորած կազմակերպության միջոցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով մշակում է այն անձի կամ ընտանիքի անձնական տվյալները, որը դիմում է ներկայացրել սոցիալական աջակցություն ստանալու նպատակով.

16) օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է սոցիալական ծառայությունների տրամադրումը, ներառյալ դրանց մատուցումը կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի միջոցով.

17) հանդես է գալիս սոցիալական աջակցություն ստացողի օրինական շահերի և իրավունքների պաշտպանությամբ նրա դիմելու դեպքում կամ սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված դեպքերում.

18) պետական լիազոր մարմնի սահմանած կարգով սոցիալական ծառայություններ տրամադրող պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ սոցիալական ծառայություններ տրամադրող ու համագործակցող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին փոխանցում կամ նրանցից ստանում է սոցիալական ծառայություն ստացող անձանց այն անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ են սոցիալական աջակցության տրամադրման համար, ինչպես նաև ընտանիքների նույնականացման կամ սոցիալական ծառայության տրամադրման համար անհրաժեշտ այլ տվյալներ։ Համագործակցության պայմանագիրը կամ հուշագիրը կնքելիս պարտադիր են նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջների կիրառումն ու ապահովումը.

19) կազմում և ամփոփում է իր գործառույթներին առնչվող վիճակագրական ու ֆինանսական հաշվետվություններ, դրանք սահմանված կարգով ներկայացնում է պետական լիազոր մարմին, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ այլ մարմիններ կամ կազմակերպություններ.

20) համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց, միջազգային և այլ շահագրգիռ կազմակերպությունների, համագործակցության և աջակցող ցանցերի հետ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.

21) իրականացնում է կամավորների հավաքագրում, օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց ընդգրկում համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում և վերահսկում նրանց աշխատանքը.

22) իր իրավասությունների շրջանակում շահագործում է տեղեկատվական համակարգերը.

23) իրականացնում է օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

2. Միասնական սոցիալական ծառայությունն օրենսդրությամբ սահմանված դեպքերում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորություններն իրականացնում է հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում՝ տարածքային կենտրոնների միջոցով։

 

Հոդված 10.

Մարզպետի լիազորությունները

 

1. Մարզպետն իր իրավասությունների շրջանակում`

1) մասնակցում է մարզի սոցիալական աջակցության պետական և համայնքային ծրագրերի իրականացմանը․

2) տրամադրում է աջակցություն սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին կամ տեղական ինքնակառավարման մարմիններին մարզում սոցիալական աջակցության ծրագիր իրականացնելիս.

3) մասնակցում է համայնքային սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին.

4) հրատապ արձագանք պահանջող իրավիճակի առկայության դեպքում Կառավարության սահմանած դեպքերում և կարգով ձեռնարկում է օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ, ներառյալ կազմակերպում կամ իրականացնում է Կառավարության որոշմամբ սահմանված անձանց անհրաժեշտ սոցիալական աջակցության տրամադրումը, համագործակցում է պետական կառավարման այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ.

5) իրականացնում է կամավորների հավաքագրում, օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց ընդգրկում համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրումն ապահովելու և կազմակերպելու գործընթացներում և վերահսկում նրանց աշխատանքը։

 

 Հոդված 11.

Տեղական ինքնակառավարման մարմնի լիազորությունները

 

1. Համայնքի ղեկավարը սոցիալական աջակցությունը տրամադրում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, իսկ Երևան քաղաքում՝ նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով համայնքի ղեկավարին սոցիալական պաշտպանության ոլորտում վերապահված լիազորությունների շրջանակներում։

2. Համայնքի ղեկավարի կողմից սոցիալական աջակցության տրամադրումն իրականացվում է պետական լիազոր մարմնի սահմանած սոցիալական ծառայություններին ներկայացվող նվազագույն չափորոշիչներով։

3. Պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք պարտավոր են, սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «բ», «գ», «դ» ենթակետերում նշված հանգամանքներով պայմանավորված, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի մասին տեղեկություն ունենալու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմին։

 

Հոդված 12.

Համայնքային սոցիալական ծրագիրը

 

1. Համայնքային սոցիալական ծրագիրը մշակում է համայնքի ղեկավարը, իսկ հաստատում է համայնքի ավագանին։

2. Համայնքային սոցիալական ծրագիրը մշակվում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի մասնակցությամբ` գործընթացին մասնակից դարձնելով համայնքի տարածքում գործող համագործակցության ցանցի մասնակիցներին և համայնքի բնակչության ներկայացուցիչներին և շահագրգիռ այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց:

3. Համայնքային սոցիալական ծրագիրն իրականացվում է համայնքի ղեկավարի աշխատակազմի միջոցով կամ պայմանագրային հիմունքներով՝ համայնքում գործող համագործակցության ցանցի մասնակցի կամ շահագրգիռ այլ կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից:

4. Համայնքային սոցիալական ծրագիրը ֆինանսավորվում է՝

1) համայնքի բյուջեի միջոցներից կամ

2) կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հատկացրած միջոցներից կամ

3) վճարովի սոցիալական ծառայություններ ստանալու դիմաց վճարներից կամ

4) պետական բյուջեի միջոցներից՝ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակում.

5) օրենքով չարգելված այլ միջոցներից։

5. Համայնքային սոցիալական ծրագրի շրջանակում սոցիալական աջակցության տրամադրումը պարտադիր է։ Սոցիալական աջակցությունը տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում։

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԻՆՏԵԳՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 13.

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը

 

1. Ինտեգրված սոցիալական ծառայությունները համակարգված և համագործակցության միջոցով մեկից ավելի աջակցող, ակտիվացնող, զբաղվածությունը խթանող և այլ սոցիալական ծառայությունների տրամադրումն է կամ դրա կազմակերպումը։

2. Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց, սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում նրանց կողմից փոխհամաձայնեցված, համակարգված և համագործակցությամբ կազմակերպվող և իրականացվող լիազորությունների, գործառույթների և միջոցառումների ամբողջությունն է:

3. Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի նպատակն է կանխարգելել անձի կամ ընտանիքի՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը, վերացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու պատճառները և հետևանքները, զարգացնել անձի կամ ընտանիքի՝ իր խնդիրներն ինքնուրույն լուծելու կարողությունը։

4. Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի հիմնական բաղադրիչներն են՝

1) պետական լիազոր մարմինը.

2) համագործակցության ցանցը.

3) Միասնական սոցիալական ծառայությունը.

4) ընտանիքի սոցիալական գնահատումը և սոցիալական ծառայությունների տրամադրումը, այդ թվում՝ սոցիալական դեպքի վարման միջոցով.

5) սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգը։

 

Հոդված 14.

Պետական լիազոր մարմնի, Միասնական սոցիալական ծառայության, մարզպետի, համայնքի ղեկավարի, կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համագործակցությունը

 

1. Սոցիալական աջակցության քաղաքականությունն իրականացնելիս պետական լիազոր մարմինը, Միասնական սոցիալական ծառայությունը, մարզպետը, համայնքի ղեկավարը համագործակցում են սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հետ:

2. Պետական լիազոր մարմինը, Միասնական սոցիալական ծառայությունը, մարզպետը, համայնքի ղեկավարը, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում տեղեկություններ են փոխանակում սոցիալական աջակցություն ստացողների և նրանց տրամադրված սոցիալական ծառայությունների մասին։

3. Ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության տեղեկատվական ենթահամակարգում ընդգրկված անձանց, սոցիալական աջակցություն ստացողների և նրանց տրամադրված սոցիալական ծառայությունների մասին տեղեկությունները կարող են փոխանցվել համապատասխան ուսումնասիրություններ և առաջարկություններ իրականացնող ու համագործակցող կազմակերպություններին կամ մարմիններին սոցիալական ծառայությունների տրամադրման արդյունքներն ուսումնասիրելու, այդ ծառայությունները կամ դրանց տրամադրման կարգը կամ քաղաքականությունը վերանայելու, սոցիալական ծառայությունների մշտադիտարկման, գնահատման և դրանց որակը բարելավելու, սոցիալական աջակցություն ստացողների կարիքների բավարարման նոր մոտեցումներ առաջարկելու նպատակով։ Համագործակցության պայմանագիրը կամ հուշագիրը կնքելիս պարտադիր հաշվի են առնվում նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջները։ Սոցիալական աջակցություն ստացողների տվյալները և նրանց տրամադրված սոցիալական ծառայությունների մասին տեղեկությունները տրամադրելու և ստանալու կարգը հաստատում է պետական լիազոր մարմինը:

 

Հոդված 15.

Համագործակցության և աջակցող ցանցերը

 

1. Համագործակցության ցանցի մասնակիցների համագործակցությունն իրականացվում է սոցիալական համագործակցության համաձայնագրերի կամ միջգերատեսչական սոցիալական համագործակցության շրջանակում, իսկ աջակցող ցանցի մասնակիցների համագործակցությունն իրականացվում է յուրաքանչյուր սոցիալական դեպքի վարման շրջանակում։

2. Համագործակցության ցանցում (սոցիալական համագործակցության համաձայնագրերի շրջանակում) ընդգրկվող մարմինների (ներառյալ ներկայացուցիչների) ցանկը հաստատում է պետական լիազոր մարմինը, իսկ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք համագործակցության ցանցին միանում են կամավոր հիմունքներով:

 

Հոդված 16.

Սոցիալական համագործակցության համաձայնագիրը

 

1. Սոցիալական համագործակցության համաձայնագիրն ընդունվում է ազգային և տարածքային մակարդակներում:

2. Սոցիալական համագործակցության համաձայնագրի ընդունումն ազգային մակարդակում կազմակերպում է պետական լիազոր մարմինը, իսկ տարածքային մակարդակում` Միասնական սոցիալական ծառայությունը իր տարածքային կենտրոնի միջոցով:

3. Սոցիալական համագործակցության համաձայնագիրը համագործակցության նպատակներն ու սկզբունքները, կողմերի պարտավորությունները, իրավունքները, տարածքային մակարդակում համակարգող խորհրդի ձևավորման, ինչպես նաև պարտավորությունների կատարման հսկողության և դրանց չկատարման դեպքում համապատասխան միջոցառումների իրականացման մեխանիզմները կանոնակարգող փաստաթուղթ է:

4. Համագործակցության հիմնական նպատակներն են՝

1) սոցիալական աջակցության համալիր և ամբողջական տրամադրման ապահովումը.

2) կյանքի դժվարին իրավիճակ առաջացնող գործոնների, դրանց փոխկապակցվածության և պատճառահետևանքային կապերի բացահայտումը, բացասական ազդեցության չեզոքացումը.

3) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի օրինական շահերի պաշտպանությունը և այդ իրավիճակում նրանց հայտնվելու կանխարգելումը.

4) սոցիալական դեպքի շրջանակում փոխգործակցության ապահովումը, սոցիալական դեպքի վարման գործընթացի արդյունավետության մեծացումը.

5) սոցիալական աջակցության տրամադրումը ռեսուրսների արդյունավետ ներգրավմամբ և օգտագործմամբ.

6) հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում անձի կամ ընտանիքի խնդիրներին արագ արձագանքման, ինչպես նաև սոցիալական աջակցության անհապաղ տրամադրման հնարավորությունների ստեղծումը.

7) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի տնտեսական և սոցիալական խոցելիության նվազեցումը, կյանքի դժվարին իրավիճակի ռիսկում գտնվող անձանց տնտեսական և սոցիալական խոցելիության կանխարգելումը.

8) սոցիալական պաշտպանության ոլորտում սոցիալական աշխատանքի դերի ու նշանակության բարձրացումը.

9) սոցիալական աջակցություն տրամադրելու ծածկույթի ընդլայնումը.

10) նույն ժամանակահատվածում և նույն ընտանիքին կամ անձին նույնաբովանդակ սոցիալական աջակցությունը տարբեր մարմինների կամ կազմակերպությունների կողմից տրամադրման կանխարգելումը։

5. Համագործակցության հիմնական սկզբունքներն են հավասար պատասխանատվությունը և թափանցիկության ապահովումը:

6. Սոցիալական համագործակցության համաձայնագրի կողմերի հիմնական իրավունքներն են՝

1) ստանալ տեղեկություն համագործակցության ցանցի մյուս մասնակիցներից` իրենց կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի կամ տրամադրվող սոցիալական ծառայությունների և առկա ռեսուրսների մասին.

2) ակնկալել անհապաղ աջակցություն համագործակցության ցանցի մասնակիցներից իրենց հնարավորությունների շրջանակում հրատապ արձագանք պահանջող իրավիճակի առկայության դեպքում.

3) առաջարկություններ ներկայացնել սոցիալական աջակցության, այդ թվում՝ առանձին սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի բարելավման նպատակով:

7. Սոցիալական համագործակցության համաձայնագրի կողմերի հիմնական պարտականություններն են՝

1) իրազեկել համագործակցության ցանցի մյուս մասնակիցներին իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի կամ տրամադրվող սոցիալական ծառայությունների և առկա ռեսուրսների մասին.

2) իրենց հնարավորությունների շրջանակում արագ արձագանքել հրատապ արձագանք պահանջող իրավիճակի առկայության դեպքում.

3) մասնակցել համայնքների բնակչության սոցիալական կարիքների վերհանման, ինչպես նաև դրանց համարժեք համայնքային սոցիալական ծրագրերի մշակման աշխատանքներին.

4) համագործակցել սոցիալական դեպքի շրջանակում.

5) առաջարկություններ ներկայացնել համագործակցության ցանցի մասնակիցներին սոցիալական աջակցության տրամադրման գործընթացի շրջանակում որոշումների կայացման համար:

8. Սոցիալական համագործակցության համաձայնագրով կարող են նախատեսվել համաձայնագրի կողմերի՝ սույն օրենքով սահմանված նպատակներին և սկզբունքներին չհակասող այլ իրավունքներ և պարտականություններ:

9. Սոցիալական համագործակցության համաձայնագրի օրինակելի ձևը, համաձայնագրին միանալու կարգը, տարածքային մակարդակում համակարգող խորհրդի ձևավորման կարգն ու լիազորությունները հաստատում է պետական լիազոր մարմինը:

 

Հոդված 17.

Միջգերատեսչական սոցիալական համագործակցությունը

 

1. Միջգերատեսչական սոցիալական համագործակցությունն իրականացվում է սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով:

2. Միջգերատեսչական սոցիալական համագործակցությունն իրականացվում է Կառավարության հաստատած կանոնակարգով:

3. Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգով սահմանվում են՝

1) համագործակցող կողմերի ցանկը.

2) միջգերատեսչական համագործակցության առարկան, ձևերն ու կարգը.

3) կյանքի դժվարին իրավիճակում անձի հայտնված լինելը կամ հայտնվելու հնարավորությունը նախանշող խնդրահարույց այն դեպքերը, որոնց հայտնաբերման ժամանակ կողմերը պարտավորվում են տեղեկացնել տարածքային կենտրոնին.

4) համագործակցող կողմերի միջև տրամադրվող տեղեկության ծավալի, ձևի, տրամադրման ժամկետի մասին պահանջները.

5) մշտադիտարկման և գնահատման ընթացակարգը.

6) հրատապ արձագանք պահանջող իրավիճակի առկայության դեպքում՝ ձեռնարկվելիք հիմնական գործողությունների շարքը։

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հոդված 18.

Ընտանիքի սոցիալական գնահատման տեսակներն ու հիմնական պայմանները

 

1. Ընտանիքի սոցիալական գնահատման տեսակներն են՝

1) անապահովության գնահատումը.

2) նախնական գնահատումը.

3) համալիր գնահատումը.

4) հրատապ գնահատումը.

5) առանձնահատուկ կարիքների գնահատումը՝ շահառուների խմբով կամ իրավիճակով պայմանավորված։

2. Անապահովության գնահատումն ընտանիքի սոցիալական գնահատման այն տեսակն է, որն ուղղված է անձի կամ ընտանիքի ակտիվների, եկամուտների, կեցության պայմանների և դրանց վերաբերյալ տեղեկություն տրամադրող այլ տվյալների վերլուծության միջոցով ընտանիքի անապահովության աստիճանի որոշմանը։

3. Նախնական գնահատումն ընտանիքի սոցիալական գնահատման այն տեսակն է, որի դեպքում հավաքվում և վերլուծվում են անձի կամ ընտանիքի սոցիալական հիմնախնդիրներին և կարիքներին վերաբերող առաջնային տվյալները, և որի արդյունքները հիմք են անձի կամ ընտանիքի հետ սոցիալական աշխատանքի մեթոդի ընտրության կամ սոցիալական ծառայությունների առաջարկման, այդ թվում՝ ուղղորդման համար։

4. Համալիր գնահատումն ընտանիքի սոցիալական գնահատման այն տեսակն է, որի դեպքում ուսումնասիրվում են անձի կամ ընտանիքի այն հիմնական հիմնախնդիրներն ու կարիքները, որոնք խոչընդոտում են անձի կամ ընտանիքի բնականոն կենսագործունեությունը, վերհանվում են ընտանիքի ռեսուրսներն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են այդ հիմնախնդիրների լուծման կամ կարիքների բավարարման համար, և որի արդյունքների հիման վրա մշակվում է միջամտության ծրագիրը։

5. Հրատապ գնահատումն ընտանիքի սոցիալական գնահատման այն տեսակն է, որն ուղղված է հրատապ արձագանք պահանջող իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի՝ այդ իրավիճակով պայմանավորված առաջնային կարիքների վերհանմանը, և որի արդյունքները հիմք են համապատասխան սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրելու համար։

6. Առանձնահատուկ կարիքների գնահատումը, շահառուների խմբով կամ իրավիճակով պայմանավորված, ընտանիքի սոցիալական գնահատման այն տեսակն է, որն ուղղված է շահառուների խմբին բնորոշ կամ որոշակի իրավիճակով պայմանավորված կարիքների գնահատմանը, և որի արդյունքներից ելնելով՝ որոշվում են տվյալ խմբին կամ տվյալ իրավիճակի հաղթահարմանն ուղղված սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տեսակները։

7. Ընտանիքի սոցիալական գնահատման ժամանակ ընտանիքի հետ անմիջական աշխատանքն իրականացվում է տնային կամ գտնվելու վայր այցելությունների, անմիջական հանդիպումների միջոցով, որոնց ընթացքում գնահատվում են ընտանիքի նյութական և ոչ նյութական ռեսուրսները, իրականացվում է ընտանիքի հետ աշխատանքը՝ կիրառելով սոցիալական աշխատանքի մեթոդները։

8. Ընտանիքի սոցիալական գնահատման նպատակով քրեակատարողական հիմնարկում կամ հետախուզման մեջ գտնվող կամ անհայտ կորած կամ գերեվարված համարվող ընտանիքի անդամի անձնական տվյալներն ստացվում և մշակվում են օրենքով սահմանված կարգով՝ առանց նրանց համաձայնության։

9. Ընտանիքի անապահովության գնահատման նպատակով ընտանիքի չափահաս անդամներից մեկը մյուս չափահաս անդամների գրավոր կամ էլեկտրոնային համաձայնությամբ ներկայացնում է առցանց դիմում։ Դիմողն այն ներկայացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով՝ անհատական օգտահաշվի միջոցով, լրացնելով անհրաժեշտ բոլոր տվյալները և կցելով (ներբեռնելով) սահմանված փաստաթղթերի բնօրինակների գունավոր լուսապատճենները, որոնք հավաքվում են ընտանիքի էլեկտրոնային սոցիալական գործում։ Օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ընտանիքի անապահովության գնահատման նպատակով դիմում ներկայացրած ընտանիքի անդամը պարտավոր է ներկայացնել աշխատանք փնտրող անձի կողմից հաշվառվելու համար դիմում։

10. Անհատական օգտահաշիվը օրենսդրությամբ սահմանված կարգով ու դեպքերում սոցիալական պաշտպանության ոլորտի դիմումների միասնական տեղեկատվական համակարգում յուրաքանչյուր ֆիզիկական անձի անձնական տվյալներով բացված էլեկտրոնային էջն է, որի միջոցով անձը կարող է ներկայացնել սոցիալական ծառայություն ստանալու դիմումներ և ստանալ ծանուցումներ, ներառյալ իր վերաբերյալ կայացված վարչական ակտերը։

11. Ընտանիքի էլեկտրոնային սոցիալական գործը ընտանիքին վերաբերող տվյալների, փաստաթղթերի և վարչական ակտերի ամբողջությունն է, որոնք հավաքվում ու պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով։

12. Ընտանիքի անապահովությունն ինքնաշխատ եղանակով գնահատվում է ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության տեղեկատվական ենթահամակարգում։

13. Ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի կազմում չեն դիտարկվում հետևյալ անդամները.

1) կալանավորված կամ հետախուզման մեջ գտնվող կամ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձինք.

2) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողները.

3) ռազմաուսումնական հաստատություններում զորանոցային պայմաններում սովորող կուրսանտները.

4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ համայնքային փոքր տանը կամ այլ հաստատություններում շուրջօրյա խնամք ստացող շահառուները.

5) Կառավարության որոշմամբ սահմանված այլ անձինք:

14. Ընտանիքի անապահովության գնահատման համար ներկայացված դիմումը մերժվում է, եթե դիմումը, դրանում ներկայացված տվյալները կամ փաստաթղթերը չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, հավաստի չեն կամ կեղծ են։

15. Ընտանիքի բնակության վայրի փոփոխության կամ ընտանիքում չափահաս անձանց թվի ավելացման դեպքում պետք է ներկայացվի ընտանիքի անապահովության գնահատման նոր դիմում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։

16. Ընտանիքի անապահովության գնահատման համար անհրաժեշտ տեղեկության փոփոխության դեպքում դիմողը պարտավոր է օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տեղեկացնել համապատասխան մարմնին։

17. Սույն հոդվածի 15-րդ և 16-րդ մասերով նախատեսված պարտականությունը չկատարելու կամ ընտանիքն անապահով չճանաչվելու դեպքերում, կամ եթե պարզվում է, որ ներկայացված տվյալները կամ փաստաթղթերը հավաստի չեն կամ կեղծ են, ապա ընտանիքի անապահովության գնահատումը դադարեցվում է սույն մասով նախատեսված հանգամանքի բացահայտման ամսվան հաջորդող ամսվա 1-ից։

18. Ընտանիքի անապահովության գնահատման կարգը, պայմանները, տվյալների ցանկը հաստատում է Կառավարությունը, իսկ նախնական, համալիր, հրատապ, առանձնահատուկ կարիքների գնահատման կարգը հաստատում է պետական լիազոր մարմինը։

 

Հոդված 19.

Սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգը

 

1. Սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգն ընդգրկում է սոցիալական պաշտպանության տարբեր ոլորտներում համապատասխան սոցիալական իրավունքների՝ կենսաթոշակի, անձի ֆունկցիոնալության գնահատման, զբաղվածության, սույն օրենքով և այլ իրավական ակտերով կարգավորվող սոցիալական ծառայությունների տրամադրման համար ստեղծված տեղեկատվական ենթահամակարգերը: Սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգը ներառում է նաև ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության տեղեկատվական ենթահամակարգը։

2. Սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգի ստեղծումը կազմակերպում և կառավարում է պետական լիազոր մարմինը։ Այն սպասարկում և վարում է Կառավարության լիազորած կազմակերպությունը, իսկ տվյալները մուտքագրում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պետական լիազոր մարմնի հետ համագործակցող կազմակերպությունները՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով։ Սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգն ամբողջությամբ հասանելի է պետական լիազոր մարմնին, իսկ պետական լիազոր մարմնի սահմանած դեպքերում և կարգով՝ նաև սույն մասով սահմանված մարմիններին և կազմակերպություններին։

3. Պետական կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները պարտավոր են պահպանել սույն օրենքի շրջանակում ձեռք բերված կամ ստացված տեղեկությունների գաղտնիությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով ուղղակիորեն նախատեսված է դրանց փոխանցումը, ներառյալ հրապարակումը։

4. Սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգի ենթահամակարգերի կառուցվածքը, ներառվող տվյալների ցանկը, շահագործման և վարման կարգը հաստատում է պետական լիազոր մարմինը:

5. Ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության տեղեկատվական ենթահամակարգի տեղեկատվական շտեմարանը ձևավորվում է հարկային մարմնի, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների տրամադրած և անձանց ներկայացրած տվյալներից: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից ստացվող և տրամադրվող տվյալների ցանկը, դրանք ստանալու և տրամադրելու կարգը, տրամադրող մարմինների ու կազմակերպությունների ցանկը սահմանվում են Կառավարության համապատասխան որոշումներով՝ ըստ սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տեսակների։ Ընտանիքի անապահովության գնահատման կամ սոցիալական աջակցության համար դիմողի գրավոր կամ էլեկտրոնային համաձայնությամբ բանկային գաղտնիք համարվող տեղեկատվությունը և վարկային կազմակերպություններից ստացվող տեղեկատվությունն օգտագործվում են միայն ընտանիքի անապահովության գնահատման կամ սոցիալական աջակցության տրամադրման, մերժման կամ դադարեցման նպատակով՝ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով, իսկ երրորդ անձանց դրանք կարող են տրամադրվել միայն «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով կամ այլ օրենքով նախատեսված դեպքերում։

6. Ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության տեղեկատվական ենթահամակարգը նախատեսված է՝

1) սոցիալական աջակցության չափերի, դրանց ֆինանսավորման հնարավոր միջոցների կանխատեսման կամ պլանավորման համար.

2) սոցիալական աջակցություն տրամադրելու գործընթացը համակարգելու, արդյունավետությունը որոշելու և բարձրացնելու համար.

3) տրամադրվող աջակցության կրկնությունները բացառելու, հասցեականությունը բարձրացնելու համար.

4) սոցիալական աջակցության ոլորտում հեռանկարային զարգացման ուղղությունների կանխատեսման և պլանավորման համար։

7. Ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության տեղեկատվական ենթահամակարգն ընդգրկում է անձնական տվյալները, ներառյալ անձի սոցիալական վիճակը նկարագրող տվյալները, նրա ընտանիքի անդամների անձնական տվյալները, սոցիալական ծառայությունն ստանալու հիմքը կամ մերժելու պատճառը, տրամադրվող սոցիալական ծառայությունները, սոցիալական ծառայության ստացման ժամկետները, դրանց պարբերականությունը, սոցիալական ծառայության ծավալը (չափը), տրամադրման և դադարեցման ժամկետները, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 20.

Սոցիալական աջակցության ոլորտի հիմնական սոցիալական ծառայությունները

 

1. Սոցիալական աջակցության ոլորտի հիմնական սոցիալական ծառայություններն են`

1) խորհրդատվական օգնությունը.

2) սոցիալ-վերականգնողական օգնությունը.

3) բնաիրային օգնությունը.

4) կենցաղային օգնությունը․

5) կացարանով ապահովումը.

6) խնամքը.

7) իրավաբանական օգնությունը.

8) օրենսդրությամբ սահմանված նպաստների կամ այլ դրամական օգնության նշանակումը և վճարումը.

9) զբաղվածության ծառայությունները.

10) ընտանիքի կենսաապահովման կայունացման օգնությունը.

11) բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցումը կամ հատուցումը կամ վառելանյութ ձեռք բերելու համար հատուցումը.

12) սոցիալ-հոգեբանական օգնությունը.

13) սոցիալական պատրոնաժը.

14) սոցիալական ինտեգրմանը կամ վերաինտեգրմանն ուղղված օգնությունը.

15) օրենսդրությամբ նախատեսված այլ սոցիալական ծառայություններ:

2. Անձին կամ ընտանիքին միաժամանակ կարող են տրամադրվել մեկից ավելի սոցիալական ծառայություններ։

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-7-րդ, 9-րդ և 10-րդ, 12-րդ, 14-րդ և 15-րդ կետերով նախատեսված սոցիալական ծառայությունները կարող են տրամադրել նաև դրամական հատուցմամբ, ներառյալ աջակցության քարտի կամ վկայագրի միջոցով։

 

Հոդված 21.

Խորհրդատվական օգնությունը

 

1. Խորհրդատվական օգնությունն անձի հիմնական պահանջմունքները և սոցիալական կարիքները բավարարելու ուղիներ և եղանակներ գտնելու, ստեղծված իրավիճակին համարժեք այլ սոցիալական ծառայություններ ստանալու, համապատասխան պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ կամ կազմակերպություններ կամ ֆիզիկական անձանց ուղղորդելու վերաբերյալ անձին տրվող տեղեկությունները, մեկնաբանություններն ու առաջարկություններն են, սոցիալական պաշտպանության ոլորտում անձի իրավունքների, դրանց իրականացման, պարտականությունների, սոցիալ-տնտեսական ակտիվացման և սոցիալական ինտեգրման հնարավորությունների վերաբերյալ տեղեկության տրամադրումը:

2. Անձին խորհրդատվական օգնություն առանց դիմումի տրամադրում է դրա լիազորությունն ունեցող անձը։

 

Հոդված 22.

Սոցիալ-վերականգնողական օգնությունը

 

1. Սոցիալ-վերականգնողական օգնության նպատակներն են անձի կամ ընտանիքի համար հասարակական կյանքի բոլոր բնագավառներում հավասար հնարավորությունների ստեղծումը, նրա սոցիալական հմտությունների զարգացմանը և սոցիալական ներառմանը նպաստելը:

2. Սոցիալ-վերականգնողական օգնությունն ուղղված է՝

1) հիվանդության կամ վնասվածքների հետևանքով անձի առողջական վիճակի վատթարացման կանխմանը, օրգանիզմի սահմանափակված կամ կառուցվածքային խախտումների կամ ֆունկցիաների վերականգնմանը, անկախ կյանքի ձեռքբերմանը կամ պահպանմանը.

2) հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ստեղծմանը, անձի կարողությունները և ինքնուրույնությունը զարգացնելու միջոցով նրա ֆունկցիոնալության մեծացմանը, անկախ կյանքի ապահովմանը և սոցիալական ներառմանը․

3) հոգեհուզական կամ վարքային վերականգնմանը.

4) անձի կորցրած կամ նվազած ունակությունները լրիվ կամ մասնակի վերականգնելուն, անձի հմտություններն ամբողջությամբ օգտագործելու կամ նոր հմտություններ ձեռք բերելու կարողությունները զարգացնելուն կամ ինքնազբաղվածության ապահովմանը։

3. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալ-վերականգնողական օգնության տրամադրման կարգը, պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Կառավարությունը:

 

Հոդված 23.

Բնաիրային օգնությունը

 

1. Բնաիրային օգնությունն անձի հիմնական պահանջմունքները բավարարելու նպատակով անձին կամ ընտանիքին տրամադրվող օգնությունն է։ Բնաիրային օգնությունը կարող է տրամադրվել հետևյալ ձևերով.

1) շրջիկ խոհանոցի կամ ճաշարանի կողմից սննդի կազմակերպում կամ

2) մթերքի, հագուստի, կոշիկի, հիգիենայի միջոցների, երեխաների խնամքի պարագաների, առաջին անհրաժեշտության կենցաղային այլ ապրանքների, դեղերի տրամադրում կամ

3) վառելանյութի տրամադրում կամ

4) օրենսդրությամբ նախատեսված այլ ձևերով։

2. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում բնաիրային օգնության տրամադրման կարգը, պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Կառավարությունը:

 

Հոդված 24.

Կենցաղային օգնությունը

 

1. Կենցաղային օգնությունն անձի կենցաղային պահանջմունքները բավարարելու նպատակով անձին կամ ընտանիքին տրամադրվող օգնությունն է։ Կենցաղային օգնությունը կարող է տրամադրվել հետևյալ ձևերով.

1) հարմարեցված տրանսպորտային միջոցների տրամադրում կամ

2) բաղնիքի, լվացքատան, անձի տեղափոխման կազմակերպում կամ տեղափոխման հետ կապված ծախսերի հատուցում կամ

3) օրենսդրությամբ նախատեսված այլ ձևերով։

2. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում կենցաղային օգնության տրամադրման կարգը, պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Կառավարությունը:

 

Հոդված 25.

Կացարանով ապահովումը

 

1. Կացարանով ապահովումն անձին կամ ընտանիքին որոշակի ժամկետով կամ անժամկետ բնակության վայրով ապահովելու սոցիալական ծառայություն է։

2. Կացարանով ապահովումն անօթևան, որոշակի բնակության վայր չունեցող կամ հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված, ինչպես նաև Կառավարության որոշմամբ սահմանված այլ անձի կամ ընտանիքի՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված եղանակներով տրամադրվող սոցիալական ծառայություն է։

3. Կացարանով ապահովում է համարվում`

1) բնակարանի վարձակալության վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցումը կամ

2) սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանի տրամադրումը պայմանագրային հիմունքներով՝

ա. անհատույց որոշակի ժամկետով,

բ. անհատույց անժամկետ,

գ. վարձակալությամբ կամ

3) կացարանի ընթացիկ վերանորոգման կամ հարմարեցման աշխատանքների կատարումը կամ ծախսերի ամբողջական կամ մասնակի հատուցումը կամ

4) ֆինանսական աջակցության տրամադրումը բնակարանի գնման վկայագրի միջոցով կամ

5) հիպոտեկային վարկի տրամադրումն արտոնյալ պայմաններով`

ա. հիպոտեկային վարկի կանխավճարի ամբողջական կամ մասնակի մարում կամ

բ. հիպոտեկային վարկերի գծով վարկի մայր գումարի կամ տոկոսագումարի ամբողջական կամ մասնակի մարում կամ

6) կացարանի տրամադրումը ժամանակավոր օթևանում կամ

7) նվիրաբերությունը կամ

8) գիշերակացի ապահովումը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում կարող են տրամադրվել սույն օրենքով սահմանված այլ սոցիալական ծառայություններից մեկը կամ դրանցից մի քանիսը միաժամանակ՝ ընտանիքի սոցիալական գնահատման արդյունքներով վերհանված սոցիալական կարիքներին համապատասխան։

5. Կառավարության սահմանած դեպքերում և կարգով պետական լիազոր մարմինն իրավասու է արտահերթ կարգով անձին կամ ընտանիքին ապահովելու կացարանով:

6. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով նախատեսված կացարանով ապահովելու կարգերը և պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Կառավարությունը:

7. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սույն հոդվածի 3-րդ մասի 3-5-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված կացարանով ապահովելու կարգերը և պայմանները, շահառուների խմբերը յուրաքանչյուր դեպքում կարգավորվում են Կառավարության առանձին որոշումներով:

 

Հոդված 26.

Խնամքը

 

1. Խնամքը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձին կամ երեխային կամ սույն հոդվածով նախատեսված այլ անձանց ընտանեկան միջավայրին առավել մոտ սոցիալ-կենցաղային պայմաններ ապահովելու կամ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձին կամ երեխային իր սոցիալական միջավայրում պահելու կամ հասարակությունում ներառելու նպատակով անհրաժեշտ օգնությունն է:

2. Խնամքը տրամադրվում է`

1) տնային պայմաններում կամ

2) ցերեկային կենտրոններում կամ

3) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ

4) աջակցության կենտրոններում կամ

5) համայնքային փոքր տներում կամ

6) խնամատար ընտանիքներում կամ

7) խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում կամ

8) սույն մասի 1-7-րդ կետերում չնշված՝ խնամք, այդ թվում՝ բազմապրոֆիլ ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններում:

3. Տնային պայմաններում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող և չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում աշխատողի), իսկ Կառավարության սահմանած դեպքերում` նաև աշխատող տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց։

4. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններն ապահովում են երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարանով, տրամադրում են շուրջօրյա լրիվ խնամք երեխաներին կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կամ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց կամ սույն հոդվածով նախատեսված այլ անձանց: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները լինում են՝

1) ընդհանուր տիպի`

ա. տարեց կամ հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղեր չգործածող, վարքային խանգարում չունեցող, անգործունակ չճանաչված թեթև կամ միջին աստիճանի մտավոր խնդիրներ) ունեցող անձանց համար,

բ. առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և օրենսդրությամբ սահմանված դեպքերում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց համար.

2) մասնագիտացված`

ա. տարեց կամ հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղեր գործածող, վարքային խանգարում ունեցող թեթև կամ միջին աստիճանի մտավոր, ինչպես նաև հոգեկան և վարքային այլ խանգարումներ) ունեցող անձանց համար,

բ. կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ծանր ախտահարումներ ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և օրենսդրությամբ սահմանված դեպքերում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց համար.

3) ապաստարան՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց և նրանց խնամքի տակ գտնվող անձանց համար «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված հաստատություն, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց և նրանց խնամքի տակ գտնվող երեխաների, հատուկ կատեգորիայի զոհերի և նրանց օրինական ներկայացուցիչների համար «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքով նախատեսված հաստատություն.

4) երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, որը ներառում է ցերեկային խնամքի բաղադրիչ՝ նախատեսված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների համար, և շուրջօրյա խնամքի բաղադրիչ՝ նախատեսված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց օրինական ներկայացուցիչների համար.

5) օրենսդրությամբ նախատեսված` բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների այլ տեսակներ:

5. Ցերեկային կենտրոններում խնամքը տրամադրվում է ցերեկային ժամերին տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձին կամ երեխային, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ նաև նրանց ընտանիքի անդամներին:

6. Համայնքային փոքր տունը տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովում է երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարան, խնամք՝ ուղղված անկախ կյանքի և համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը։

7. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում խնամքի տրամադրման կարգերը, պայմանները, տրամադրվող խնամքի ձևերը, տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկը, ըստ անհրաժեշտության՝ կազմակերպությունների այլ տեսակները հաստատում է Կառավարությունը։

 

Հոդված 27.

Իրավաբանական օգնությունը

 

1. Իրավաբանական օգնությունն անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով անձին սոցիալական ծառայություններ տրամադրողի կողմից իր իրավասությունների շրջանակում օրենքով սահմանված իրավաբանական օգնության տրամադրումն է կամ «Փաստաբանության մասին» օրենքով սահմանված դեպքերում հանրային պաշտպանի գրասենյակ ուղղորդումն է անվճար իրավաբանական օգնություն ստանալու նպատակով:

2. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում իրավաբանական օգնության տրամադրման կարգը հաստատում է Կառավարությունը։

 

Հոդված 28.

Օրենսդրությամբ սահմանված նպաստների և այլ դրամական օգնությունների նշանակումն ու վճարումը

 

1. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ հայտնվելու ռիսկում գտնվող անձին կամ ընտանիքին վճարվող նպաստները (անապահովության նպաստը, հրատապ օգնությունը, թաղման նպաստը) կամ այլ դրամական օգնություններ նշանակելու և վճարելու պայմաններն ու կարգը սահմանվում են «Պետական նպաստների մասին» օրենքով, այլ օրենքներով կամ Կառավարության համապատասխան որոշումներով։

 

Հոդված 29.

Զբաղվածության ծառայությունները

 

1. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ հայտնվելու ռիսկում գտնվող գործազուրկին, այդ թվում՝ աշխատաշուկայում անմրցունակ անձին տրամադրվող զբաղվածության ծառայությունները և դրանց տրամադրման պայմաններն ու կարգը սահմանվում են «Զբաղվածության մասին» օրենքով և այլ իրավական ակտերով։

 

Հոդված 30.

Ընտանիքի կենսաապահովման կայունացման օգնությունը

 

1. Ընտանիքի կենսաապահովման կայունացման օգնությունը սոցիալապես անապահով ընտանիքի մեկ կամ մի քանի անդամներին տնտեսական կարողությունների հզորացման համար համապատասխան հմտություններ ձևավորելու, եկամտի կայուն աղբյուր ստեղծելու կամ ընտանիքի կենսապայմանները բարելավելու նպատակով տրամադրվող օգնությունն է։

2. Ընտանիքի կենսաապահովման կայունացման օգնությունը տրամադրվում է սոցիալական ծառայությունների փաթեթի ձևով, որում ներառվում են՝

1) խորհրդատվական՝ մասնագիտական կամ բիզնեսի ուղղվածության կողմնորոշման ծառայությունները.

2) ֆինանսատնտեսական գրագիտության, ծնողավարման, կենցաղավարման և այլ սոցիալական հմտությունների զարգացման դասընթացների կազմակերպումը.

3) դրամական միջոցները՝ աշխատանքային գործիքներ կամ սարքավորումներ կամ Կառավարության սահմանած այլ անհրաժեշտ գույք ձեռք բերելու համար կամ աշխատանքային գործիքների կամ սարքավորումների կամ Կառավարության սահմանած այլ անհրաժեշտ գույքի տրամադրումը.

4) ձեռնարկատիրական գործունեության ծավալման հետ կապված ծախսերի մասնակի հատուցումը.

5) ընտանիքի սոցիալական կարիքներին համարժեք օրենսդրությամբ սահմանված այլ ծառայություններ։

3. Ընտանիքի կենսաապահովման կայունացման օգնության տրամադրման համար կնքվում է պայմանագիր։

4. Ընտանիքի կենսաապահովման կայունացման օգնության տրամադրման պայմանագրում պարտադիր նշվում են՝

1) ընտանիքի կենսաապահովման կայունացման օգնության դրամական միջոցների ծախսման հնարավոր ուղղությունները, վճարման կարգը, փուլերը և դրանց ժամկետները.

2) սույն հոդվածով սահմանված հիմնական սոցիալական ծառայությունների փաթեթի կազմը, անձի կամ ընտանիքի սոցիալ-տնտեսական, աշխատանքային կարիքների բավարարմանն ուղղված համապատասխան միջոցառումները.

3) սույն մասի 2-րդ կետով նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետները, դրանց չմասնակցելու իրավական հետևանքները, անհրաժեշտ ֆինանսական միջոցները, ինչպես նաև յուրաքանչյուր միջոցառման համար վճարվող գումարի չափը, դրանց ոչ նպատակային օգտագործման իրավական հետևանքները.

4) պայմանագրի իրականացման նկատմամբ մշտադիտարկման և հսկողության կարգը.

5) Կառավարության սահմանած այլ պայմաններ։

5. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ընտանիքի կենսաապահովման կայունացման օգնության տրամադրման կարգը, պայմանները, շահառուների խմբերը և պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է Կառավարությունը:

 

Հոդված 31.

Բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցումը կամ հատուցումը կամ վառելանյութ ձեռք բերելու համար հատուցումը

 

1. Ընտանիքի բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցումն ընտանիքի կողմից սպառվող կոմունալ ծառայությունների համար հնարավոր նվազ սակագների սահմանումն է, իսկ բնակարանային կոմունալ ծառայություններ կամ վառելանյութ ձեռք բերելու համար հատուցումը դրանց մասնակի կամ ամբողջական հատուցման նպատակով դրամական միջոցների տրամադրումն է կամ դրանց անմիջական հատուցումը:

2. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում բնակարանային կոմունալ ծառայությունների` խոցելի ընտանիք ճանաչելու կամ կոմունալ ծառայությունների հատուցման կամ վառելանյութ ձեռք բերելու համար հատուցման տրամադրման կարգը և պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Կառավարությունը։

 

Հոդված 32.

Սոցիալ–հոգեբանական օգնությունը

 

1. Սոցիալ-հոգեբանական օգնությունն անձի կենսագործունեությունը և սոցիալական ներառումը խոչընդոտող ներանձնային կամ միջանձնային խնդիրների լուծմանը կամ մեղմացմանը, ինչպես նաև անձի՝ սոցիալական հարաբերությունների կառուցման կամ վերականգնման համար անհրաժեշտ հմտությունների զարգացմանն ուղղված սոցիալական ծառայություն է։

 2. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման կարգը և պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Կառավարությունը։

 

Հոդված 33.

Սոցիալական պատրոնաժը

 

1. Սոցիալական պատրոնաժն անձի կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող կամ երեխայի պաշտպանության դեպքերում սոցիալական պատրոնի կողմից տրամադրվող օգնություն է, որն իրականացվում է պարբերաբար տնայցի կամ գտնվելու վայրի, իրավիճակի ծանոթացման, խորհրդատվության, անհրաժեշտ գործողությունների ձեռնարկման, ներառյալ այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կազմակերպման և պարբերաբար մշտադիտարկման իրականացման միջոցով։

2. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական պատրոնաժի տրամադրման կարգը և պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Կառավարությունը։

 

Հոդված 34.

Սոցիալական ինտեգրմանը կամ վերաինտեգրմանն ուղղված օգնությունը

 

1. Սոցիալական ինտեգրմանը կամ վերաինտեգրմանն ուղղված օգնությունը Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին կամ Կառավարության որոշմամբ սահմանված այլ անձանց հասարակության մեջ ինտեգրվելու կամ վերաինտեգրվելու նպատակով օրենսդրությամբ սահմանված սոցիալական ծառայությունների (հայոց լեզվի, քաղաքացիական կողմնորոշման դասընթացների և այլ ծառայությունների) տրամադրումն է։

2. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական ինտեգրմանը կամ վերաինտեգրմանն ուղղված օգնության տրամադրման կարգն ու պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Կառավարությունը։

 

Հոդված 35.

Սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրողներին ներկայացվող ընդհանուր պահանջները

 

1. Պետական լիազոր մարմնի հաստատած սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայության նվազագույն չափորոշիչները պարտադիր են նշված սոցիալական ծառայությունը տրամադրողների համար՝ անկախ կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձևից և ֆինանսավորման աղբյուրից։

2. Կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը՝ անկախ կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձևից և ֆինանսավորման աղբյուրից, սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նշված սոցիալական ծառայությունները կարող են տրամադրել միայն տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը պետական լիազոր մարմնում հավաստագրելու դեպքում: Սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման կարգը, պայմանները, հավաստագրի կասեցման, ինչպես նաև հավաստագրված անձանց ռեեստրի վարման կարգը հաստատում է Կառավարությունը:

3. Կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը սոցիալական ծառայություններ կարող են տրամադրել նաև օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցության քարտ կամ վկայագիր ստացած անձին կամ ընտանիքին։

4. Կազմակերպությունները սոցիալական դեպքի վարում իրականացնում են օրենսդրությամբ սահմանված դեպքերում։

5. Համայնքներում սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը, պայմանները, շահառուների խմբերը հաստատում է համայնքի ավագանին։

6. Միևնույն ժամանակահատվածում նույն ընտանիքին կամ անձին պետական ու համայնքային սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում նույնաբովանդակ սոցիալական ծառայություն տրամադրելն արգելվում է։

7. Կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը մշակում և հաստատում են իրենց կողմից տրամադրվող սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը, պայմանները, շահառուների խմբերը։

8. Կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը սոցիալական աջակցության ոլորտի ծառայություններին վերաբերող վերապատրաստման դասընթացների անցկացման կամ կազմակերպման դեպքում պարտավոր են ղեկավարվել պետական լիազոր մարմնի հաստատած դասընթացի բովանդակությամբ և մոդուլներով։

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՂ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 36.

Սոցիալական աջակցության համար դիմող անձի իրավունքները

 

1. Սոցիալական աջակցության համար դիմող անձն իրավունք ունի`

1) մատչելի եղանակով ստանալու տեղեկություններ իր սոցիալական իրավունքների, դրանց իրացման պայմանների, կարգի և տվյալ սոցիալական խնդիրը լուծելու եղանակների մասին.

2) ստանալու սոցիալական աջակցություն բավարար հիմքերի առկայության դեպքում.

3) իրազեկվելու սոցիալական աջակցություն տրամադրելու մերժման մասին՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով.

4) օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա կազմակերպությունների, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպությունների որոշումները, գործողությունները կամ անգործությունը.

5) օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական աջակցություն ստանալու համար տրամադրված անձնական տվյալների պաշտպանության.

6) օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ստանալու անվճար իրավաբանական օգնություն.

7) հրաժարվելու սոցիալական աջակցություն ստանալու համար ներկայացված դիմումից.

8) օրենքով սահմանված այլ իրավունքներ:

 

Հոդված 37.

Սոցիալական աջակցություն ստացող անձի իրավունքները

 

1. Սոցիալական աջակցություն ստացողը, ի լրումն սույն օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված իր նկատմամբ կիրառելի իրավունքների, ունի հետևյալ իրավունքները.

1) ստանալ իր կյանքի և առողջության համար անվտանգ սոցիալական ծառայություններ.

2) մասնակցել սոցիալական աջակցություն տրամադրելու շրջանակում իր սոցիալական խնդիրների լուծմանը վերաբերող որոշումների կայացման, միջամտության ծրագրի կազմման գործընթացին.

3) ծանոթանալ սոցիալական աջակցության տրամադրման պայմաններին.

4) հրաժարվել սոցիալական աջակցություն ստանալուց․

5) իրազեկվել սոցիալական աջակցության տրամադրումը դադարեցնելու մասին՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով։

 

Հոդված 38.

Սոցիալական աջակցության համար դիմողի պարտականությունները

 

1. Սոցիալական աջակցության համար դիմողը պարտավոր է`

1) ներկայացնել սոցիալական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ ու հավաստի տվյալներ կամ փաստաթղթեր.

2) չխոչընդոտել սոցիալական աշխատողի կողմից իրականացվող տնային կամ գտնվելու վայր այցելությունները.

3) կատարել օրենքներով նախատեսված այլ պարտականություններ:

 

Հոդված 39.

Սոցիալական աջակցություն ստացողի պարտականությունները

 

1. Սոցիալական աջակցություն ստացողը, ի լրումն սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված իրեն վերաբերելի պարտականությունների, պարտավոր է՝

1) սոցիալական աջակցություն տրամադրելու համար անհրաժեշտ տեղեկության փոփոխության դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տեղեկացնել համապատասխան մարմնին կամ կազմակերպությանը.

2) մասնակցել իր սոցիալական խնդիրների լուծմանը՝ իր կարողությունների և հնարավորությունների սահմաններում, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրականացնել միջամտության ծրագրի պահանջները.

3) օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրականացնել անհրաժեշտ գործողություններ իր կամ ընտանիքի սոցիալական կարիքները բավարարելու համար.

4) սոցիալական աջակցությունն օգտագործել նպատակային.

5) սոցիալական ծառայություն ստանալու համար պայմանագրի կնքման դեպքում կատարել իր պայմանագրային պարտավորությունները, իսկ խնամք կամ կացարան ստանալու դեպքում պահպանել նաև այդ ծառայությունները մատուցող կազմակերպությունների ներքին իրավական ակտերի պահանջները.

6) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով վերադարձնել օրենսդրության խախտմամբ ստացված գույքը (ներառյալ դրամական միջոցները) և հատուցել պատճառված վնասները.

7) աջակցել կամ չխոչընդոտել սոցիալական աշխատողի իրավունքների, պարտականությունների և գործառույթների իրականացումը, իր կամ իր ընտանիքին տրամադրված սոցիալական ծառայությունների մշտադիտարկման, գնահատման աշխատանքները կամ սույն օրենքի 56-րդ հոդվածով նախատեսված պետական վերահսկողությունը։

 

Հոդված 40.

Սոցիալական աջակցության համար դիմող և այն ստացող անձի կողմից իր պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում հետևանքները և պատասխանատվությունը

 

1. Սոցիալական աջակցության համար դիմողի կողմից սույն օրենքով սահմանված իր պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում սոցիալական աջակցություն տրամադրելը մերժվում է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

2. Օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով սոցիալական աջակցություն ստացող անձի կամ ընտանիքի կողմից սույն օրենքով սահմանված պարտականությունների չկատարման կամ օրենսդրության խախտմամբ սոցիալական աջակցություն ստանալու դեպքում սոցիալական աջակցություն տրամադրելը դադարեցվում է, և օրենսդրության խախտմամբ ստացված գույքը (ներառյալ դրամական միջոցները) վերադարձվում է։

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 41.

Սոցիալական աջակցություն տրամադրելու մասին որոշումը

 

1. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ սոցիալական աջակցություն տրամադրող) կողմից օրենսդրությամբ սահմանված դեպքերում։ Սոցիալական աջակցություն տրամադրելը`

1) չի կարող ուղեկցվել քաղաքական կամ կրոնական քարոզչությամբ.

2) չի կարող վնաս պատճառել սոցիալական աջակցություն ստացողի առողջությանը, կյանքին և գույքին:

2. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է սոցիալական աջակցության համար դիմողի, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով՝ նրա օրինական ներկայացուցչի կամ ներկայացուցչի դիմումի հիման վրա` նրա դիմելու, այդ թվում՝ առցանց, ահազանգի կամ զանգվածային լրատվամիջոցներում հրապարակումների հիմքով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի։

3. Սոցիալական աջակցություն տրամադրելու համար (բացառությամբ շուրջօրյա լրիվ խնամք իրականացնող հաստատություններում խնամքի) սոցիալական աջակցության համար դիմողի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ ներկայացուցչի դիմումը պարտադիր չէ, եթե չեն բավարարվում անձի՝ սույն օրենքով սահմանված հիմնական պահանջմունքները, և նա՝

1) երեխա է, որի կարծիքը հաշվի է առնվում իր տարիքին և հասունությանը համապատասխան.

2) անգործունակ է։

4. Հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում սոցիալական աջակցություն կարող է տրամադրվել առանց սոցիալական աջակցություն ստացողի կամ օրինական ներկայացուցչի կամ ներկայացուցչի դիմումի (բացառությամբ շուրջօրյա լրիվ խնամք իրականացնող հաստատություններում խնամքի)՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով։

5. Սոցիալական աջակցություն տրամադրելու համար սոցիալական աջակցություն ստացողի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ ներկայացուցչի դիմումը պարտադիր չէ (բացառությամբ շուրջօրյա լրիվ խնամք իրականացնող հաստատություններում խնամքի) նաև այն դեպքերում, երբ սոցիալական աջակցության չտրամադրումը կհանգեցնի սոցիալական աջակցության կարիք ունեցող անձի կամ նրա ընտանիքի կամ այլ անձանց հիմնարար իրավունքների, ազատությունների սահմանափակմանը, նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելուն կամ այլ ծանր հետևանքների։

6. Սոցիալական աջակցություն ստանալու համար դիմողը կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ ներկայացուցիչն օրենսդրությամբ սահմանված դեպքերում դիմումին կից ներկայացնում է օրենսդրությամբ սահմանված սոցիալական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ տվյալները կամ փաստաթղթերը:

7. Սոցիալական աջակցություն տրամադրելու կամ մերժելու մասին որոշումն ընդունում են Միասնական սոցիալական ծառայության՝ օրենսդրությամբ սահմանված ստորաբաժանումը կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց ենթակա կազմակերպությունները կամ այլ կազմակերպություններ կամ անհատ ձեռնարկատերերը:

8. Պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը սոցիալական աջակցություն տրամադրելու կամ այն մերժելու մասին որոշումն ընդունում է դիմումն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան 30 օրացուցային օրվա ընթացքում, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:

9. Սոցիալական աջակցություն տրամադրելու մասին որոշում ընդունելու համար դիմումում կամ դիմումով ներկայացված փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում օրենսդրությամբ սահմանված ժամկետում պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը դիմողին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ ներկայացուցչին սահմանված կարգով տեղեկացնում է թերությունների մասին և (կամ) դրանք սահմանված ժամկետում փոփոխելու անհրաժեշտության մասին: Սույն հոդվածի 3-5-րդ մասերով նախատեսված դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերը սոցիալական աջակցություն տրամադրողը ձեռք է բերում նաև հարցումների միջոցով։

10. Սոցիալական աջակցություն տրամադրելու կամ մերժելու մասին պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնում է դիմողին ոչ ուշ, քան այդ որոշման ընդունումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

11. Սոցիալական աջակցություն տրամադրողի որոշումները, գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

12. Համապատասխան տեղեկատվական ենթահամակարգերի առկայության դեպքում սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություն տրամադրելու կամ մերժելու կամ այն ստանալու իրավունքը դադարեցնելու վերաբերյալ որոշումը (վարչական ակտը) ընդունվում է ինքնաշխատ՝ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով։

13. Պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող սոցիալական աջակցության, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ պայմանագիր կամ հուշագիր կնքած կազմակերպությունների կողմից տրամադրվող սոցիալական աջակցության դրամական միջոցները կամ նշված կազմակերպությունների կամ մարմինների կողմից տրամադրվող սոցիալական աջակցության ոլորտի զբաղվածության ծրագրերի գործողության ժամկետի ընթացքում ստացված եկամուտները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել անձի պարտավորությունների դիմաց։

14. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող սոցիալական աջակցության, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ պայմանագիր կամ հուշագիր կնքած կազմակերպությունների կողմից տրամադրվող սոցիալական աջակցության դրամական միջոցները փոխանցելու կամ նշված կազմակերպությունների կամ մարմինների կողմից իրականացվող զբաղվածության ծրագրերի ընթացքում ստացված եկամուտներն ստանալու համար բացվում է հատուկ բանկային հաշիվ, որին կարող են փոխանցվել միայն սույն մասով նախատեսված դրամական միջոցները (ներառյալ եկամուտները)։ Հատուկ բանկային հաշվի բացման կարգը և պայմանները սահմանվում են Կառավարության որոշմամբ։

 

Հոդված 42.

Սոցիալական աջակցության տրամադրման մերժումը

 

1. Սոցիալական աջակցության տրամադրումը մերժվում է`

1) սոցիալական աջակցության տրամադրման համար օրենսդրությամբ սահմանված շահառուների խմբերի չափորոշիչների կամ պայմանների բացակայության դեպքում.

2) օրենսդրությամբ սահմանված դեպքերում և ժամկետում դիմողի կողմից անհրաժեշտ տվյալները կամ փաստաթղթերը չներկայացվելու դեպքում.

3) սոցիալական աջակցություն ստանալու համար դիմողի կողմից ոչ հավաստի կամ կեղծ տվյալներ կամ փաստաթղթեր ներկայացվելու դեպքում.

4) սոցիալական աջակցություն ստացողի դիմումի բացակայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով.

5) օրենքով նախատեսված այլ դեպքերում։

2. Սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված սոցիալական ծառայության տրամադրումը կարող է մերժվել, եթե համապատասխան բժշկական հաստատության եզրակացությամբ անձի մոտ ախտորոշվել է այնպիսի հիվանդություն, որի բուժումը հնարավոր է միայն համապատասխան բժշկական հաստատություններում: Խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատում է Կառավարությունը: Սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված սոցիալական ծառայության դեպքերում սոցիալական ծառայություն տրամադրողն անձին կամ նրա ընտանիքի անդամին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ ներկայացուցչին տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվական օգնություն, անհրաժեշտության դեպքում կատարում է նաև ուղղորդում անձի բուժումը համապատասխան բժշկական հաստատությունում իրականացնելու համար:

3. Սոցիալական աջակցություն տրամադրողը սոցիալական աջակցության տրամադրման մերժման մասին որոշման մեջ նշում է մերժման հիմքը, մերժման որոշումը բողոքարկելու ժամկետը և այն մարմինը, որին կարող է այդ որոշումը բողոքարկվել:

 

Հոդված 43.

Սոցիալական աջակցության տրամադրման դադարեցումը

 

1. Սոցիալական աջակցության տրամադրումը դադարեցվում է`

1) սոցիալական աջակցություն ստանալու հիմքերի վերացման դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետում.

2) եթե պարզվում է, որ սոցիալական աջակցություն ստացողի ներկայացրած՝ սոցիալական աջակցությունը տրամադրելու որոշման համար հիմք հանդիսացած տվյալները կամ փաստաթղթերը կեղծ են կամ ոչ հավաստի.

3) սոցիալական աջակցություն ստացողի կողմից սոցիալական աջակցություն ստանալու պայմաններն ու կարգը խախտելու դեպքում.

4) օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով՝ սոցիալական աջակցություն ստացող անձի կամ ընտանիքի կողմից սույն օրենքով սահմանված պարտականությունները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում.

5) սոցիալական աջակցություն ստացողի՝ սոցիալական աջակցություն ստանալուց հրաժարվելու դեպքում.

6) սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված խնամք ստացողի մոտ ախտորոշված այնպիսի հիվանդության պատճառով, որի բուժումը հնարավոր է միայն համապատասխան բժշկական հաստատություններում.

7) սոցիալական աջակցություն ստացողի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքերում.

8) օրենքով նախատեսված այլ դեպքերում։

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍԱՏԱՐՈՂՆԵՐԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍՈՒՊԵՐՎԻԶԻԱՆ

 

Հոդված 44.

Սոցիալական աշխատանքի իրականացումը

 

1. Սոցիալական աշխատանքն իրականացնում են սոցիալական աշխատողներն իրենց վերապահված լիազորությունների սահմաններում և սույն օրենքով սահմանված կարգով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում կամ ինքնուրույն գործունեություն ծավալելու միջոցով:

 

Հոդված 45.

Սոցիալական աշխատողին ներկայացվող պահանջները

 

1. Սոցիալական աշխատողն օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող, սոցիալական աշխատանքի մասնագիտական գործունեություն իրականացնող անձն է:

2. Սոցիալական աշխատողը սոցիալական աշխատանքի բարձրագույն կրթություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստագրված անձն է։

3. Որպես սոցիալական աշխատող կարող է մասնագիտական գործունեություն իրականացնել նաև՝

1) այլ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող և «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացն ավարտած, համապատասխան վկայական ստացած և օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստագրված անձը կամ

2) հոգեբանություն, սոցիալական մանկավարժություն, հատուկ մանկավարժություն, սոցիոլոգիա, մարդկային ռեսուրսների կառավարման բարձրագույն կրթություն ունեցող և «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացն ավարտած, համապատասխան վկայական ստացած և օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստագրված անձը։

4. Սոցիալական աշխատողը համարվում է նաև հավաստագրված, եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված բարձրագույն կրթությունը կամ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացն ավարտելու մասին վկայականն ստանալուց հետո չի անցել երեք տարի։

5. Սոցիալական աշխատող չի կարող լինել նա, ով՝

1) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ.

3) դատապարտվել է մարդու, հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, կաշառք ստանալու, ինչպես նաև պետական իշխանության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից:

6. Սոցիալական աշխատողները, ըստ աշխատանքն իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու մարմնի կամ կազմակերպության, լինում են՝

1) քաղաքացիական ծառայող սոցիալական աշխատող.

2) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակա կազմակերպությունների սոցիալական աշխատող.

3) համայնքային ծառայող սոցիալական աշխատող.

4) այլ կազմակերպությունների սոցիալական աշխատող կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող (այսուհետ՝ մասնավոր ոլորտ) սոցիալական աշխատող.

5) քաղաքացիական աշխատանք կատարող սոցիալական աշխատող։

7. Քաղաքացիական ծառայող կամ համայնքային ծառայող սոցիալական աշխատողի համար պարտադիր չէ սույն օրենքով նախատեսված հավաստագրման պահանջը։

8. Բացառությամբ քաղաքացիական ծառայող կամ համայնքային ծառայող սոցիալական աշխատողի, սոցիալական աշխատողը շարունակում է իր աշխատանքային գործունեությունը, եթե օրենսդրությամբ սահմանված ժամկետում հավաստագրվում է։ Սահմանված ժամկետում չհավաստագրվելու դեպքում սոցիալական աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ենթակա է լուծման։

 

Հոդված 46.

Սոցիալական սատարողին ներկայացվող պահանջները

 

1. Սոցիալական սատարողն օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող, սոցիալական սատարողի մասնագիտական գործունեություն իրականացնող անձն է:

2. Սոցիալական սատարողն առնվազն միջնակարգ կրթություն ունեցող, «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացն ավարտած, համապատասխան վկայական ստացած և օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստագրված անձն է։ «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացն ավարտած լինելու մասին համապատասխան վկայականի առկայությունը պարտադիր չէ, եթե անձն ունի սոցիալական աշխատանքի նախնական կամ միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական որակավորում։

3. Սոցիալական սատարողը համարվում է հավաստագրված, եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված մասնագիտական որակավորումը կամ «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացն ավարտելու մասին վկայականն ստանալուց հետո չի անցել երեք տարի։

4. Սոցիալական սատարողները, ըստ աշխատանքն իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու մարմնի կամ կազմակերպության, լինում են՝

1) քաղաքացիական ծառայող սոցիալական սատարող.

2) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակա կազմակերպությունների սոցիալական սատարող.

3) համայնքային ծառայող սոցիալական սատարող.

4) այլ կազմակերպությունների սոցիալական սատարող կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող (այսուհետ՝ մասնավոր ոլորտ) սոցիալական սատարող.

5) քաղաքացիական աշխատանք կատարող սոցիալական սատարող։

5. Քաղաքացիական ծառայող կամ համայնքային ծառայող սոցիալական սատարողի համար պարտադիր չէ սույն օրենքով նախատեսված հավաստագրման պահանջը։

6. Բացառությամբ քաղաքացիական ծառայող կամ համայնքային ծառայող սոցիալական սատարողի, սոցիալական սատարողը շարունակում է իր աշխատանքային գործունեությունը, եթե օրենսդրությամբ սահմանված ժամկետում հավաստագրվում է։ Սահմանված ժամկետում չհավաստագրվելու դեպքում սոցիալական սատարողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ենթակա է լուծման։

 

Հոդված 47.

Սոցիալական աշխատողի կողմից իրականացվող հիմնական գործառույթները

 

1. Սոցիալական աշխատողի կողմից իրականացվում են հետևյալ հիմնական գործառույթները.

1) միջոցների ձեռնարկում՝ հայտնաբերելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ այդ ռիսկում գտնվող անձին կամ ընտանիքին.

2) անձի կամ ընտանիքի սոցիալական գնահատում՝ օրենքով չարգելված միջոցներով անձին կամ ընտանիքին վերաբերող տվյալների հավաքման և վերլուծման միջոցով.

3) պլանավորում՝ ձեռք բերված տվյալների հիման վրա համապատասխան միջոցառումների և գործողությունների պլանավորման ու համապատասխան ծրագրերի, այդ թվում՝ միջամտության ծրագրի մշակման միջոցով.

4) սոցիալական ծառայությունների տրամադրում կամ տրամադրման կազմակերպում՝ համաձայն սույն մասի 3-րդ կետում նշված ծրագրերի.

5) շահապաշտպանություն (ադվոկացիա)՝ անձի կամ ընտանիքի իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված գործունեություն, որի նպատակն է ապահովել անձի կամ ընտանիքի իրավունքների արդյունավետ իրականացումը և նրա համար նախատեսված սոցիալական ծառայությունների մատչելիությունը.

6) ճգնաժամային միջամտություն՝ մասնագիտական մեթոդների և հմտությունների կիրառմամբ իրականացվող միջամտություն հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում, ինչպես նաև միջամտության կազմակերպում.

7) մշտադիտարկում և ընթացիկ գնահատում՝ անձի կամ ընտանիքի հետ աշխատանքում իրականացվող գործողությունների և դրանց ընթացիկ արդյունքների վերաբերյալ տարբեր մեթոդներով տեղեկատվության շարունակական ստացման և վերլուծման միջոցով․

8) համագործակցության կազմակերպում և համատեղ աշխատանք աջակցող կամ համագործակցության ցանցերի մասնակիցների հետ.

9) մասնագիտական կարծիքի տրամադրում՝ սոցիալական քաղաքականության բարեփոխումների, սոցիալական աջակցության և համայնքային սոցիալական ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև անձի կամ ընտանիքի սոցիալական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների մասին առաջարկությունների և եզրակացությունների տրամադրում.

10) թերապևտիկ աշխատանք անձի կամ ընտանիքի հետ՝ բարելավելու անձի կամ ընտանիքի կենսագործունեության պայմանները, նպաստելու անձի կամ ընտանիքի ինքնաբավ կենսագործունեությանը.

11) որոշումների կայացում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.

12) օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ։

 

Հոդված 48.

Սոցիալական աշխատողի հիմնական իրավունքներն ու պարտականությունները

 

1. Սոցիալական աշխատողի հիմնական իրավունքներն են՝

1) ընտրել և կիրառել սոցիալական աշխատանքում ընդունված, սոցիալական աշխատանքի ոլորտի օրենսդրությանը և սոցիալական աշխատողի մասնագիտական կանոնագրքին համապատասխանող մոտեցումները, մեթոդները, տեխնիկաները և մոդելները, որոնք իր գնահատմամբ առավել արդյունավետ են ակնկալվող արդյունքի և իրականացման ժամկետների տեսանկյունից.

2) դիմել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, ինչպես նաև կազմակերպություններ՝ յուրաքանչյուրի լիազորությունների շրջանակում անձին կամ ընտանիքին սոցիալական ծառայություն կամ սոցիալական ծառայությունից օգտվելու վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով.

3) սոցիալական աշխատանքի իրականացման ընթացքում առանձին, առանց տևողության սահմանափակման, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության սկզբունքին հետևելով անարգել հանդիպել անձի կամ ընտանիքի հետ, եթե դա բխում է անձի կամ ընտանիքի շահերից կամ օրենսդրությամբ սահմանված իր պարտականություններից.

4) ըստ անհրաժեշտության՝ անձին ուղեկցել այլ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններ կամ այլ կազմակերպություն.

5) իրականացնել անձի կամ ընտանիքի շահերից բխող այլ գործողություններ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, կամ դա չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը.

6) դիմել և օգտվել սուպերվիզիա իրականացնող մասնագետի ծառայություններից.

7) մասնակցել համայնքային սոցիալական ծրագրերի մշակման աշխատանքներին։

2. Սոցիալական աշխատողի հիմնական պարտականություններն են՝

1) տիրապետել սոցիալական աջակցության համար դիմողի և սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրությանը, նրա սոցիալական կարիքների գնահատման, այդ կարիքների բավարարմանն ուղղված միջամտության ծրագրերի կազմման, իրականացման, մշտադիտարկման մեթոդներին ու տեխնիկային, այդ նպատակի համար անհրաժեշտ առկա ռեսուրսների և հնարավորությունների մասին տեղեկությանը.

2) համագործակցել աջակցող և համագործակցության ցանցերի մասնակիցների հետ.

3) օրենսդրությամբ սահմանված դեպքերում կատարել տնայցեր անձի կամ ընտանիքի սոցիալական կարիքները գնահատելու, նրա սոցիալական, այդ թվում՝ ընտանեկան պայմաններն ուսումնասիրելու, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրելու համար.

4) պահպանել սույն օրենքի, այլ օրենքների, իրավական ակտերի և սոցիալական աշխատողի մասնագիտական կանոնագրքի պահանջները.

5) պաշտպանել անձի կամ ընտանիքի հիմնարար իրավունքներն ու օրինական շահերը, չկատարել անձի կամ ընտանիքի իրավունքներին և օրինական շահերին հակասող որևէ գործողություն.

6) միջոցներ ձեռնարկել հայտնաբերելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ այդ ռիսկում գտնվող անձին կամ ընտանիքին.

7) պահանջել անձից կամ ընտանիքից միայն սոցիալական ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ տեղեկություններ, եթե դրանք առկա չեն տեղեկատվական շտեմարաններում, աջակցել անհրաժեշտ փաստաթղթերի (տվյալների) ձեռքբերմանը և ճիշտ ներկայացմանը.

8) մշտապես կատարելագործել իր գիտելիքները, պետական լիազոր մարմնի սահմանած կարգով և ժամաքանակով, սույն օրենքով սահմանված դեպքերում մասնակցել սոցիալական աշխատողների համար նախատեսված հավաստագրմանը.

9) այլ անձանց չփոխանցել, ինչպես նաև չհրապարակել սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացքում իրեն հայտնի դարձած անձնական կամ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով ուղղակիորեն նախատեսված է անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկությունների փոխանցումը, ներառյալ հրապարակումը.

10) ունենալ սոցիալական աշխատողի վկայական, որի օրինակելի ձևը և տրամադրման կարգը հաստատում է պետական լիազոր մարմինը.

11) ներկայացնել սոցիալական աշխատողի վկայականը տնային կամ գտնվելու վայր այցելությունների ժամանակ։

3. Սույն հոդվածով սահմանվում են սոցիալական աշխատողի հիմնական իրավունքների և պարտականությունների ծավալը, իսկ մասնագիտական գործունեություն իրականացնող սոցիալական աշխատողի իրավունքների և պարտականությունների շրջանակը սահմանվում է նրա պաշտոնի անձնագրով (աշխատանքային պայմանագրով) կամ տրամադրվող ծառայության նկարագրով՝ գործատուի կողմից և սոցիալական աշխատողի մասնագիտական կանոնագրքով՝ հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված իրավունքները և պարտականությունները և սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «ա» ենթակետի պահանջները։

4. Սոցիալական աշխատողին և նրա վերադասին սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացքում հայտնի դարձած անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկությունները համարվում են գաղտնիք, և այն այլ անձանց անօրինական փոխանցող (ներառյալ հրապարակող) սոցիալական աշխատողը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

5. Սոցիալական աշխատողը կարող է ունենալ օրենսդրությամբ իրեն վերապահված այլ իրավունքներ և պարտականություններ:

 

Հոդված 49.

Սոցիալական աշխատողի և սոցիալական սատարողի գործունեության երաշխիքները

 

1. Սոցիալական աշխատողի կամ սոցիալական սատարողի դիմումի հիման վրա պետական իրավասու մարմիններն օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր են ձեռնարկել սոցիալական աշխատողի կամ սոցիալական սատարողի և նրա ընտանիքի պաշտպանության համար անհրաժեշտ՝ օրենքով սահմանված միջոցներ, եթե իր մասնագիտական գործունեության կատարման հետ կապված՝ սոցիալական աշխատողին կամ սոցիալական սատարողին կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով: Սոցիալական աշխատողը կամ սոցիալական սատարողն իր կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող հավանական իրավիճակներում կամ դրանց սպառնալիքի առկայությամբ շահառուի հետ հանդիպելուց կամ տնայցից առաջ հանցագործությունները և այլ իրավախախտումները կանխելու նպատակով կարող է դիմել իր գործունեությունն իրականացնելու վայրի՝ ներքին գործերի նախարարության ոստիկանության տարածքային ստորաբաժանում՝ ոստիկանի ուղեկցությամբ հանդիպումը կամ տնայցը կազմակերպելու համար։

2. Սոցիալական աշխատողը կամ սոցիալական սատարողը մասնագիտական ռիսկերից պաշտպանվածության համար պետք է ունենա ապահով և անվտանգ աշխատանքային միջավայր: Եթե սոցիալական աշխատողը կամ սոցիալական սատարողը հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել կենսագործունեության այնպիսի սահմանափակումների պատճառով, որոնք առաջացել են սոցիալական աշխատանքի իրականացման ընթացքում ձեռք բերված մասնագիտական հիվանդության կամ վնասվածքի հետևանքով, ապա սոցիալական աշխատողը կամ սոցիալական սատարողն օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովվում է համապատասխան վճարով: Մասնագիտական գործունեություն իրականացնելիս մահանալու դեպքում սոցիալական աշխատողի կամ սոցիալական սատարողի ընտանիքի անդամներն օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովվում են համապատասխան վճարով: Սոցիալական աշխատողի և սոցիալական սատարողի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու կամ մահանալու դեպքում տրամադրվող վճարի չափը, դրա վճարման կարգն ու պայմանները հաստատում է Կառավարությունը:

3. Սոցիալական աշխատողը կամ սոցիալական սատարողն օգտվում է նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված այլ երաշխիքներից:

4. Քաղաքացիական կամ համայնքային ծառայող սոցիալական աշխատողներն ու սոցիալական սատարողներն ունեն քաղաքացիական կամ համայնքային ծառայությունը կարգավորող օրենքներով նախատեսված այլ երաշխիքներ:

 

Հոդված 50.

Սոցիալական պատրոնին ներկայացվող պահանջները և սոցիալական պատրոնի գործունեության երաշխիքները

 

1. Սոցիալական պատրոնը պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն և «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացն ավարտելու մասին համապատասխան վկայական։

2. Սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սոցիալական երաշխիքներից օգտվում են նաև սոցիալական պատրոնները։

 

Հոդված 51.

Սոցիալական աշխատողի մասնագիտական կանոնագիրքը

 

1. Սոցիալական աշխատողի մասնագիտական կանոնագիրքը սահմանում է սոցիալական աշխատողի վարքագծի միասնական կանոնները, սոցիալական աշխատանքի չափորոշիչները և էթիկայի սկզբունքները: Սոցիալական աշխատողի մասնագիտական կանոնագիրքը սահմանում է պետական լիազոր մարմինը, և այն պարտադիր է յուրաքանչյուր սոցիալական աշխատողի համար։

2. Քաղաքացիական կամ համայնքային ծառայող համարվող սոցիալական աշխատողները պարտավոր են պահպանել նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոնները:

 

Հոդված 52.

Սոցիալական աշխատողի և սոցիալական սատարողի հավաստագրումը

 

1. Սոցիալական աշխատողները և սոցիալական սատարողները (բացառությամբ քաղաքացիական կամ համայնքային ծառայող հանդիսացող սոցիալական աշխատողների և սոցիալական սատարողների) մասնագիտական գիտելիքների և հմտությունների պարբերական ձեռքբերման և կատարելագործման նպատակով պարտավոր են մասնակցել հավաստագրմանը։

2. Հավաստագիրը տրվում է երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ սոցիալական աշխատողը կամ սոցիալական սատարողն օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է հերթական հավաստագիր ստանալու նպատակով։

4. Հավաստագիրը սոցիալական աշխատողին կամ սոցիալական սատարողին տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված պահանջների բավարարման դեպքում:

5. Հավաստագիրը տրամադրվում է, եթե սոցիալական աշխատողը կամ սոցիալական սատարողը լրացրել է սույն օրենքով սահմանված կրեդիտների նվազագույն քանակը։

6. Հավաստագրման կրեդիտները լրացվում են հետևյալ եղանակներով.

1) տեսական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացում՝ Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետություններում սոցիալական աշխատանքի կամ հարակից այլ մասնագիտությունների (հոգեբանության, հոգեբուժության, մանկավարժության, իրավագիտության, առաջին բուժօգնության) դասընթացներին, վերապատրաստումներին, սեմինարներին, գիտաժողովներին, համաժողովներին կամ գիտական, գիտագործնական այլ միջոցառումների մասնակցելու կամ դրանք իրականացնելու միջոցով.

2) գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման կամ գիտագործնական ուսումնասիրությունների իրականացման կամ մասնակցության արդյունքները ներկայացնելու, աշխատանքի վայրում ուսանողների մասնագիտական պրակտիկան ղեկավարելու միջոցով.

3) պետական լիազոր մարմնի նախատեսած այլ եղանակներով։

7. Հավաստագրման համար կրեդիտները յուրաքանչյուր եռամյա փուլում պետք է լրացվեն սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված եղանակներով և կազմեն՝

1) սոցիալական աշխատողի համար՝ առնվազն 45 կրեդիտ․

2) սոցիալական սատարողի համար՝ առնվազն 25 կրեդիտ։

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված կրեդիտները չլրացվելու դեպքում սահմանված կարգով անցկացվում են դասընթացներ և թեստավորումներ։

9. Սոցիալական աշխատողների և սոցիալական սատարողների հավաստագրումը կազմակերպում է պետական լիազոր մարմինը իր լիազորած կազմակերպության միջոցով։

10. Հավաստագրման ընթացքում պահպանվում են գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող սոցիալական աշխատողի և սոցիալական սատարողի՝ պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատատեղը, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար` 12 օրվա հիմնական աշխատավարձը, իսկ նշված ժամկետը գերազանցող օրերի համար աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գործատուի և սոցիալական աշխատողի կամ սոցիալական սատարողի փոխադարձ համաձայնությամբ:

 

Հոդված 53.

Սոցիալական սատարողի իրավունքներն ու պարտականությունները

 

1. Սոցիալական սատարողը պարտավոր է աջակցել սոցիալական աշխատողներին՝ իրականացնելու սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված գործառույթները, այդ թվում` կատարելու տնայց անձի կամ ընտանիքի սոցիալական կարիքները գնահատելու, նրա սոցիալական, այդ թվում՝ ընտանեկան պայմաններն ուսումնասիրելու, սոցիալական ծառայություններ տրամադրելու և օրենսդրությամբ սահմանված այլ նպատակների համար:

2. Սոցիալական սատարողն ունի սոցիալական աշխատողի իրավունքներն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պարտականությունները կատարելու համար:

3. Սոցիալական սատարողն ունի վկայական, որի օրինակելի ձևը և տրամադրման կարգը հաստատում է պետական լիազոր մարմինը։

4. Սույն օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված սոցիալական աշխատողի մասնագիտական կանոնագիրքը վերաբերելի է նաև սոցիալական սատարողին:

 

Հոդված 54.

Սուպերվիզիայի իրականացումը

 

1. Սուպերվիզիան համագործակցային գործընթաց է, որի նպատակներն են՝

1) նպաստել սոցիալական աշխատողի գործունեության արդյունավետության բարձրացմանը.

2) աջակցել սոցիալական աշխատողի մասնագիտական կարողությունների զարգացմանը և խթանել վերջինիս կողմից էթիկական նորմերի և սկզբունքների պահպանումը՝ նպաստելով իր մասնագիտական գործունեության հանդեպ բարձր պատասխանատվության դրսևորմանը.

3) աջակցել սոցիալական աշխատողին մասնագիտական և աշխատանքային դժվարությունների հաղթահարման հարցում։

2. Միասնական սոցիալական ծառայությունը կամ պետական լիազոր մարմնի համաձայնությամբ՝ համապատասխան կազմակերպությունը սույն օրենքով սահմանված սոցիալական աշխատողների համար համապատասխան գործատուի հայտի հիման վրա իր աշխատակազմի կամ հրավիրված սոցիալական աշխատողների միջոցով իրականացնում է արտաքին սուպերվիզիա:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հայտը կարող է լինել՝

1) նպատակային՝ նեղ մասնագետ գործուղելու պահանջով, կամ ընդհանուր.

2) կարճաժամկետ՝ մեկօրյա (միանգամյա հանդիպում) կամ երկարաժամկետ՝ ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օր տևողությամբ:

4. Ներքին սուպերվիզիա իրականացնում է կազմակերպության կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի՝ նման լիազորություն ունեցող աշխատողը:

5. Սուպերվիզիայի իրականացման կարգը, պայմանները, սուպերվիզորներին ներկայացվող պահանջները և սուպերվիզորների հավաստագրման կարգը հաստատում է պետական լիազոր մարմինը։

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 55.

Սոցիալական աջակցության ֆինանսավորման աղբյուրները

 

1. Սոցիալական աջակցության ֆինանսավորումն իրականացվում է`

1) պետական բյուջեի միջոցներից՝ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակում.

2) համայնքի բյուջեի միջոցներից.

3) կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հատկացրած միջոցներից.

4) օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացված միջոցներից` Կառավարության սահմանած դեպքերում և կարգով:

2. Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով պետական սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում անձին կամ ընտանիքին նշանակված աջակցության գումարները կարող են վճարվել նաև տեղական կամ միջազգային կազմակերպությունների կողմից կամ նրանց կողմից հատկացված դրամական միջոցների հաշվին՝ պետական լիազոր մարմնի կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնության առկայության դեպքում։ Համագործակցության պայմանագիրը կամ հուշագիրը կնքելիս պարտադիր հաշվի են առնվում նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջները։

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Հոդված 56.

Պետական վերահսկողությունը 

 

1. Սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրման նկատմամբ իրականացվում է պետական վերահսկողություն:

2. Պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

3. Պետական վերահսկողությունն իրականացվում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նշված սոցիալական ծառայությունները մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ անկախ կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձևից և ֆինանսավորման աղբյուրից, որի նպատակը սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացքում պետական լիազոր մարմնի սահմանած նվազագույն չափորոշիչների պահպանումը, անձի կյանքի ու առողջության համար անվտանգ, սոցիալական ծառայությունների արժանապատիվ տրամադրման ապահովումն է։

 

Հոդված 57.

Մշտադիտարկումը և գնահատումը

 

1. Մշտադիտարկումը պարբերաբար իրականացվող դիտարկումն է սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրման նկատմամբ, իրականացվող ծրագրերի ու տրամադրվող ծառայությունների առաջընթացը և ռեսուրսների օգտագործման մակարդակը սահմանող ցուցանիշների վերաբերյալ տեղեկությունների հավաքման, դրանց ելակետային, փաստացի և թիրախային արժեքների համեմատության և հաշվետվություններ ներկայացնելու միջոցով։

2. Գնահատումը մշտադիտարկմամբ ստացված և անհրաժեշտ այլ տեղեկության հիման վրա սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների պլանավորման, իրականացման ընթացքի, վերջնարդյունքի և ազդեցության համակարգային, խորքային և անկողմնակալ վերլուծությունն է, որն ուղղված է որոշելու սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրման և սոցիալական աշխատանքի արդյունավետությունը, ծախսարդյունավետությունը, ինչպես նաև այդ ծառայությունների և սոցիալական աշխատանքի ազդեցությունը և դրա կայունությունը շահառուների կենսագործունեության բարելավման վրա։

3. Մշտադիտարկման և գնահատման անցկացման սկզբունքներն են՝

1) համակարգվածությունը՝ մշտադիտարկումն ու գնահատումն իրականացվում են նախապես պլանավորված և համակարգված եղանակներով.

2) շարունակականությունը՝ մշտադիտարկումն ու գնահատումն իրականացվում են շարունակաբար՝ սոցիալական աջակցության տրամադրման և սոցիալական աշխատանքի բոլոր փուլերում.

3) համեմատելիությունը՝ տարբեր փուլերում մշտադիտարկման և գնահատման ընթացքում արձանագրված տվյալները պետք է համադրվեն տեղի ունեցող փոփոխություններն արձանագրելու նպատակով.

4) օբյեկտիվությունը՝ մշտադիտարկման և գնահատման ընթացքում տեղեկությունը հավաքվում է անկողմնակալ՝ բացառելով շահերի բախումները։

4. Մշտադիտարկման և գնահատման նպատակներն են՝

1) նպաստել սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրման և սոցիալական աշխատանքի արդյունավետության բարձրացմանը.

2) օժանդակել սոցիալական աջակցության և սոցիալական աշխատանքի ոլորտներում փաստահենք քաղաքականությունների մշակմանը և դրանց առաջնահերթությունների սահմանմանը.

3) օժանդակել ռիսկերի կառավարմանը.

4) նպաստել հաշվետվողականության ու թափանցիկության ապահովմանը.

5) բացահայտել սոցիալական աշխատանքի, այդ թվում՝ սոցիալական աշխատողների մասնագիտական կարողությունների զարգացման կարիքները.

6) օժանդակել սոցիալական աջակցության նոր ծրագրերի, նոր սոցիալական ծառայությունների ներդրման հիմքերի ուսումնասիրությանը և նախագծմանը:

5. Մշտադիտարկման և գնահատման անցկացման կարգը, պայմաններն ու մեթոդաբանությունը հաստատում է պետական լիազոր մարմինը։

 

Հոդված 58.

Հասարակական կազմակերպությունների մշտադիտարկումը շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում

 

1. Հասարակական կազմակերպությունները կարող են իրականացնել հասարակական մշտադիտարկում շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունների գործունեության նկատմամբ՝ անկախ կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձևից և ֆինանսավորման աղբյուրից։ Սույն հոդվածի իմաստով՝ հասարակական մշտադիտարկումը ներառում է շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունների կողմից խնամքի տրամադրման օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափորոշիչների, կարգի, պայմանների պահպանման , ինչպես նաև խնամք ստացող անձանց՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կամ օրենքներով սահմանված իրավունքների ապահովման նկատմամբ մշտադիտարկման գործառույթները։

2. Շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունների հասարակական մշտադիտարկումն իրականացվում է պետական լիազոր մարմնի հաստատած՝ մրցութային կարգով ընտրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված հասարակական դիտորդների խմբի միջոցով։

3. Հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունների ժամկետը երեք տարի է: Հասարակական դիտորդների խմբի անդամների թիվը չի կարող գերազանցել 21-ը:

4. Շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում հասարակական մշտադիտարկման իրականացման կարգը, պայմանները, հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի կազմը և իրավասությունների շրջանակը սահմանում է պետական լիազոր մարմինը։

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 59.

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-17-րդ մասերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում են Կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում` Կառավարության որոշմամբ սահմանված մարզում կամ մարզերում կամ Երևան քաղաքում։

3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 24 ամսվա ընթացքում։

4. Սույն օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը գործում է մինչև 2029 թվականի հունվարի 1-ը։ 2029 թվականի հունվարի 1-ից հետո որպես սոցիալական աշխատող կարող է հանդես գալ միայն սույն օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասով կամ 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված պահանջները բավարարող անձը, եթե աշխատանքի է ընդունվել, կամ համապատասխան մրցույթը հայտարարվել է 2029 թվականի հունվարի 1-ից հետո։

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Սոցիալական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքը, բացառությամբ 39-րդ հոդվածի։

6. «Սոցիալական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի 39-րդ հոդվածն ուժը կորցրած է ճանաչվում, իսկ սույն օրենքի 45-րդ և 46-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում սոցիալական աշխատողների և սոցիալական սատարողների հավաստագրման կարգն ուժի մեջ մտնելուց 18 ամիս հետո։ Այն սոցիալական աշխատողները և սոցիալական սատարողները, որոնք աշխատանքի են ընդունվել մինչև սույն օրենքի 45-րդ և 46-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելը, շարունակում են իրենց աշխատանքային հարաբերությունները, եթե ունեն գործող հավաստագիր։

7. Պետական լիազոր մարմնի կողմից սոցիալական աշխատողների և սոցիալական սատարողների հավաստագրման կարգը հաստատվելուց հետո գործող աշխատանքային պայմանագրով աշխատող սոցիալական աշխատողները և սոցիալական սատարողները (բացառությամբ քաղաքացիական ծառայող կամ համայնքային ծառայող սոցիալական աշխատողների և սոցիալական սատարողների) պարտավոր են հավաստագրվել 18 ամսվա ընթացքում։

8. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նշված յուրաքանչյուր սոցիալական ծառայության նվազագույն չափորոշիչները սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ 18 ամսվա ընթացքում, համապատասխան սոցիալական ծառայություն տրամադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, ներառյալ այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն գործող հավաստագիր, ենթակա են հավաստագրման։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. նոյեմբերի 11

Երևան

ՀՕ-414-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան