Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-61
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (24.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1996/11(1111) հոդ. 133, 15 հունիսի 1996
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
29.05.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.06.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է
Ազգային ժողովի կողմից Հանրապետության Նախագահի
առարկություններով և առաջարկություններով
29 մայիսի 1996 թ.

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԲԱԺԻՆ  I

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքի մեջ օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`

ա) հյուպատոսական հիմնարկ - գլխավոր հյուպատոսություն, հյուպատոսություն, փոխհյուպատոսություն, հյուպատոսական գործակալություն, ինչպես նաև դիվանագիտական ծառայության մարմինների հյուպատոսական բաժիններ.

բ) հյուպատոսական հիմնարկի ղեկավար - անձ, որին հանձնարարված է գործելու այդ պաշտոնում.

գ) հյուպատոսական պաշտոնատար անձ - ցանկացած անձ, ներառյալ նաև հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, որին հանձնարարված է այդ պաշտոնում հյուպատոսական պարտականությունների կատարումը.

դ) հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներ - անձինք, որոնք հյուպատոսական հիմնարկում կատարում են վարչական, տեխնիկական պարտականություններ կամ սպասարկման հետ կապված աշխատանքներ.

ե) հյուպատոսական տարածաշրջան - շրջան, որը հատկացված է հյուպատոսական հիմնարկին` հյուպատոսական պարտականությունների կատարման համար:

(1-ին հոդվածը փոփ. 19.01.21 ՀՕ-42-Ն)

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներն օտարերկրյա պետություններում պաշտպանում են Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և օտարերկրյա պետությունում հյուպատոսական հիմնարկի կողմից մատուցվող՝ օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրման գործառույթները կարող են պատվիրակվել նաև պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներին։ Օպերատորների ցանկը, օպերատորի հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և օպերատորին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հյուպատոսական հիմնարկները նպաստում են այլ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության բարեկամական հարաբերությունների զարգացմանը և բազմակողմանի կապերի ընդլայնմանը:

(2-րդ հոդվածը լրաց. 02.10.24 ՀՕ-347-Ն)

 

Հոդված 3. Հյուպատոսական հիմնարկները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներն են օտարերկրյա պետություններում:

 

Հոդված 4. Հյուպատոսական հիմնարկներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը և նստավայր պետությունը, միջազգային հանրաճանաչ նորմերով և սկզբունքներով, միջազգային սովորույթներով, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերով:

 

Հոդված 5. Հյուպատոսական հարաբերություններն առաջանում են դիվանագիտական հարաբերությունների հետ միաժամանակ, իսկ վերջիններիս բացակայության դեպքում` միջպետական հատուկ համաձայնագրերի միջոցով:

Դիվանագիտական հարաբերությունների խզումն ինքնաբերաբար չի հանգեցնում հյուպատոսական հարաբերությունների դադարեցմանը:

 

Հոդված 6. Այն պետություններում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական ներկայացուցչություններ, նստավայր պետության համաձայնությամբ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կարող է կատարել նաև դիվանագիտական պարտականություններ:

 

Հոդված 7. Հյուպատոսական հիմնարկի դասը, գտնվելու վայրը և հյուպատոսական տարածաշրջանը համաձայնեցվում են նստավայր պետության հետ:

 

Հոդված 8. Հյուպատոսական հիմնարկն ունի կնիք` Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և հիմնարկի անվանմամբ (հայերեն, նստավայր պետության և անհրաժեշտության դեպքում` այլ լեզուներով):

 

Հոդված 9. Հյուպատոսական հիմնարկի զբաղեցրած շենքին ամրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, վահանակ` Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և հիմնարկի անվանմամբ (հայերեն, նստավայր պետության և անհրաժեշտության դեպքում` այլ լեզուներով):

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության պետական դրոշն ամրացնել իր նստավայրի վրա, ինչպես նաև իր փոխադրամիջոցներին:

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 10. Գլխավոր հյուպատոսությունները, հյուպատոսությունները, փոխհյուպատոսությունները և հյուպատոսական գործակալությունները գլխավորում են համապատասխանաբար գլխավոր հյուպատոսները, հյուպատոսները, փոխհյուպատոսները և հյուպատոսական գործակալությունների ղեկավարները:

 

Հոդված 11. Դիվանագիտական ներկայացուցչությունների հյուպատոսական բաժինների վարիչները կարող են կատարել գլխավոր հյուպատոսի կամ հյուպատոսի պարտականությունները:

Հյուպատոսական բաժնի աշխատակիցները համարվում են դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներ և օգտվում են համապատասխան արտոնություններից:

Հյուպատոսական բաժնի վարիչն իր հյուպատոսական լիազորությունները ստանձնում է առանց արտոնագրի և համաձայնության (էկզեկվատուրայի):

 

Հոդված 12. Հյուպատոսական հիմնարկները ենթարկվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և գործում են նստավայր պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի ընդհանուր քաղաքական ղեկավարության ներքո:

 

Հոդված 13. Հյուպատոսական պաշտոնատար անձինք և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցները գտնվում են պետական ծառայության մեջ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում:

 

Հոդված 14. Հյուպատոսական հիմնարկի ղեկավար կարող է լինել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

 

Հոդված 15. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարին նշանակում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը: Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը համարվում է նշանակված արտաքին գործերի նախարարի ստորագրությամբ հյուպատոսական արտոնագիր ստանալուց հետո: Հյուպատոսկան արտոնագիրը ներկայացվում է նստավայր պետության կառավարություն:

 

Հոդված 16. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն անցնում է պարտականությունների կատարմանը նստավայր պետության համաձայնությունը (էկզեկվատուրա) ստանալուց հետո:

 

Հոդված 17. Եթե հյուպատոսական հիմնարկի ղեկավարն ինչ-որ պատճառով չի կարող կատարել իր պարտականությունները կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնը ժամանակավորապես թափուր է, ապա նրա պարտականությունների կատարումը դրվում է նույն կամ նստավայր պետությունում Հայաստանի Հանրապետության մեկ այլ հյուպատոսական հիմնարկի որևէ պաշտոնատար անձի կամ այդ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամներից որևէ մեկի վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 18. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իր վրա դրված հյուպատոսական պարտականությունները կատարում է անձամբ կամ հանձնարարում է հյուպատոսական մեկ այլ պաշտոնատար անձի:

 

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կարող է հավատարմագրվել որևէ երրորդ պետությունում` Հայաստանի Հանրապետության և այդ պետության փոխադարձ համաձայնությամբ:

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը երրորդ պետության անունից կարող է հյուպատոսական պարտականությունները կատարել այդ պետության և Հայաստանի Հանրապետության միջև համապատասխան պայմանավորվածության առկայության և նստավայր պետության համաձայնության դեպքում:

 

Հոդված 20. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կարող է առնչվել նստավայր պետության իրավասու մարմինների հետ հյուպատոսական տարածաշրջանի սահմաններում` հյուպատոսական հիմնարկի գործունեության հետ կապված բոլոր հարցերով:

 

Հոդված 21. Հյուպատոսական պաշտոնատար անձանց և հիմնարկի աշխատակիցների գործողությունները կարող են գանգատարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:

 

ԲԱԺԻՆ  II

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 22. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և իրավաբանական անձինք օգտվեն բոլոր այն իրավունքներից, որոնք տրվում են նրանց նստավայր պետության օրենսդրությամբ և այն միջազգային պայմանագրերով, որոնց մասնակիցներն են Հայաստանի Հանրապետությունը և նստավայր պետությունը, ինչպես նաև միջազգային նորմերով և սովորույթներով:

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից և իրավաբանական անձանցից, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներից ընդունել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր դիմումներ, օրենքով սահմանված կարգով ընդունել և քննարկել ներկայացված հանրագրերը:

(22-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-19-Ն)

 

 Հոդված 22․1․ Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում տրամադրել տեղեկանքներ:

(22.1-ին հոդվածը լրաց. 19.01.21 ՀՕ-42-Ն)

 

Հոդված 22․2․ Հյուպատոսական հիմնարկների կողմից տեղեկանքները, տեղեկանքների տրամադրման կարգը և ձևանմուշները հաստատում է արտաքին գործերի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը, եթե այլ իրավական ակտերով դրանք սահմանված չեն:

(22.2-րդ հոդվածը լրաց. 19.01.21 ՀՕ-42-Ն)

 

Հոդված 23. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց խախտված իրավունքները վերականգնելու համար:

 

Հոդված 24.

 

1. Հյուպատոսական հաշվառումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մեկնող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից իրենց անձնական տվյալները լիազոր պետական մարմնին կամավոր հայտնելու գործընթաց է:

2. Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելու, արտակարգ իրավիճակներում աջակցություն ցուցաբերելու, քաղաքացիների կողմից իրենց պարտականությունների կատարումը դյուրացնելու, ինչպես նաև բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության միայն մեկ վայրի հասցեով հաշվառելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հյուպատոսական հաշվառման կանգնելու համար իրենց անձնական տվյալները կարող են ներկայացնել անձամբ, փոստով կամ հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով:

4. Հյուպատոսական հաշվառման կանգնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(24-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-91-Ն, փոփ. 18.05.15 ՀՕ-54-Ն)

 

Հոդված 25. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իր հյուպատոսական տարածաշրջանի սահմաններում պարտավոր է աջակցել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ներկայացուցիչներին, գործուղման մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` նրանց ծառայողական պարտականությունների կատարման գործում:

 

Հոդված26. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իր հյուպատոսական տարածաշրջանում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, անհրաժեշտության դեպքում, ծանոթացնում է նստավայր պետության օրենսդրությանը և սովորույթներին:

 

Հոդված 27. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իրավասու է առանց հատուկ լիազորագրի, նստավայր պետության պետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, եթե վերջիններս բացակա են և իրենց գործերի վարումը չեն հանձնարարել որևէ անձի կամ այլ պատճառներով ի վիճակի չեն պաշտպանել իրենց իրավունքները:

 

Հոդված 28. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է իր լիազորությունների շրջանակներում պարզել Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերում և տրանսպորտային այլ միջոցներում տեղի ունեցած պատահարների հանգամանքները և կարգավորել դրանց հետևանքով առաջացած հարցերը և վեճերը:

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 29. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կատարում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով իրեն փոխանցված Հայաստանի Հանրապետության դատարանների, դատախազության և քննչական մարմինների` իր հյուպատոսական տարածաշրջանում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերաբերվող հանձնարարությունները: Նշված հանձնարարությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի համաձայն:

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ, ՆՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 30. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ձևակերպել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող երեխաների որդեգրումը: Որդեգրման համար անհրաժեշտ է ստանալ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի թույլտվությունը:

 

Հոդված 31. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը միջոցներ է ձեռնարկում իր հյուպատոսական տարածաշրջանում գտնվող Հայաստանի Հանրապետության անչափահաս ծնողազուրկ քաղաքացիների նկատմամբ խնամակալություն և հոգաբարձություն սահմանելու համար:

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը միջոցներ է ձեռնարկում խնամակալություն և հոգաբարձություն սահմանելու նաև Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների նկատմամբ, որոնք առողջական վիճակի բերումով չեն կարող պաշտպանել իրենց իրավունքները և կատարել պարտականությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 32. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը միջոցներ է ձեռնարկում պահպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու մահից հետո մնացած գույքը:

Եթե գույքը բաղկացած է առարկաներից, որոնց պահպանումը աննպատակահարմար է (կապված է մեծ ծախսերի հետ, կարող է որակազրկվել և այլն), ապա հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իրավունք ունի վաճառել այն և ստացված գումարը փոխանցել ըստ պատկանելության:

 

Հոդված 33. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն ընդունում է ժառանգական գույքը` Հայաստանի Հանրապետությունում գտնվող ժառանգներին փոխանցելու համար:

 

Հոդված 34. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կարող է պահպանության վերցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պատկանող դրամը, արժեքները, արժեթղթերը և փաստաթղթերը:

 

Գ Լ ՈՒ Խ  VIII

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ, ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ՊԱՏԻԺ ԿՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 35. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է հետևել, որպեսզի ձերբակալված, կալանավորված կամ ազատազրկման դատապարտված կամ քաղաքացու ազատությունը սահմանափակող այլ միջոցների ենթարկված, ինչպես նաև դատական կամ վարչական ներգործության այլ ձևերի ենթարկված Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ պահպանվեն նստավայր պետության օրենքները, Հայաստանի Հանրապետության և տվյալ պետության միջև կնքված պայմանագրերի դրույթները:

 

Հոդված 36. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է շահագրգիռ անձանց խնդրանքով կամ իր նախաձեռնությամբ այցելել կալանավայրերում կամ հարկադրական պատժի կրման այլ վայրերում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և պարզել նրանց կենսապայմանները: Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է հետևել, որպեսզի այդ քաղաքացիները պահվեն սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխանող պայմաններում, չենթարկվեն դաժան և մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի:

 

Գ Լ ՈՒ Խ  IX

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ, ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ԵՎ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ (ՎԻԶԱՆԵՐ) ՏԱԼՈՒ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

(վերնագիրը խմբ. 10.05.11 ՀՕ-147-Ն)

 

Հոդված 37. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օրենսդրությամբ սահմանված կարգով, տալիս է անձնագրեր, երկարաձգում է դրանց վավերականության ժամկետները և փոփոխություններ է մտցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերում:

 

Հոդված 37.1. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող քաղաքացիություն չունեցող անձանց տալիս է Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականներ:

 Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ կորած, անվավեր, ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի դեպքում, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող քաղաքացիություն չունեցող անձանց՝ կորած, անվավեր, ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի ճամփորդական փաստաթղթի դեպքում, օտարերկրյա պետությունից շտապ վերադառնալ Հայաստանի Հանրապետություն:

Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականի նկարագիրը և այն տալու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(37.1-ին հոդվածը լրաց. 10.05.11 ՀՕ-147-Ն)

 

Հոդված 38. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը տալիս է Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրեր, երկարաձգում և անվավեր է համարում դրանք, ինչպես նաև փոփոխություններ է մտցնում տրված արտոնագրերում:

 

Գ Լ ՈՒ Խ  X

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 39. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է իր հյուպատոսական տարածաշրջանում բնակվող անձանցից ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումներ:

 

Գ Լ ՈՒ Խ  XI

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

(վերնագիրը խմբ. 19.01.21 ՀՕ-42-Ն)

 

Հոդված 40. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը գրանցում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերը` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն արտասահմանում մշտական բնակություն հաստատած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից դիմումներ է ընդունում քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, ուղղումներ և լրացումներ կատարելու, ժամկետանց գրանցումները վերականգնելու վերաբերյալ և տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին:

 

Հոդված 41. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, տեղեկություն ստանալով հյուպատոսական տարածաշրջանում կամ Հայաստանի Հանրապետության օդային, ծովային և այլ փոխադրամիջոցներում որևէ անձի ծննդյան կամ մահվան մասին, կատարում է ծննդյան կամ մահվան գրանցում` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

 

Հոդված 42.

(հոդվածն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-42-Ն)

 

Հոդված 42․1․ Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է օտարերկրյա պետություններում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործառույթներին առնչվող դիմումները և ընթացք է տալիս դրանց։

(42.1-ին հոդվածը լրաց. 19.01.21 ՀՕ-42-Ն)

 

 

ԲԱԺԻՆ  III

 

ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  XII

 

ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 43. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների կողմից կատարվող նոտարական գործողությունները

 

1. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության անունից նոտարական գործողություններ կատարում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները:

2. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողությունները կատարում են հյուպատոսական պաշտոնատար անձինք, իսկ նրանց բացակայության դեպքում՝ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները:

3. Հյուպատոսական պաշտոնատար անձինք, իսկ նրանց բացակայության դեպքում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները նոտարական գործողություններ կատարում են «Նոտարիատի մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

(43-րդ հոդվածը խմբ. 11.12.23 ՀՕ-389-Ն)

 

Հոդված 44.

(հոդվածն ուժը կորցրել է 11.12.23 ՀՕ-389-Ն)

 

Հոդված 45.

(հոդվածն ուժը կորցրել է 11.12.23 ՀՕ-389-Ն)

 

Հոդված 46.

(հոդվածն ուժը կորցրել է 11.12.23 ՀՕ-389-Ն)

 

Հոդված 47.

(հոդվածն ուժը կորցրել է 11.12.23 ՀՕ-389-Ն)

 

Հոդված 48.

(հոդվածն ուժը կորցրել է 11.12.23 ՀՕ-389-Ն)

 

Հոդված 49.

(հոդվածն ուժը կորցրել է 11.12.23 ՀՕ-389-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  XIII

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ

 

Հոդված 50. Հյուպատոսական վավերացման նպատակն է պարզել և հաստատել այդ փաստաթղթերում և ակտերում առկա ստորագրությունների իսկությունը, ինչպես նաև նստավայր պետության օրենքներին դրանց համապատասխանությունը:

Հյուպատոսական վավերացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 51. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը վավերացնում է իր հյուպատոսական տարածաշրջանի իրավասու մարմինների մասնակցությամբ կազմված կամ նրանց կողմից տրված փաստաթղթերը և ակտերը:

Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները քննարկման են ընդունում նման փաստաթղթերն ու ակտերը միայն հյուպատոսական վավերացման առկայության դեպքում, եթե այլ բան չի նախատեսված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը և նստավայր պետությունը:

 

Հոդված 52. Վավերացման ենթակա չեն այն փաստաթղթերն ու ակտերը, որոնք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ իրենց բովանդակությամբ կարող են վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության շահերին կամ պարունակում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  XIV

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 53. Հյուպատոսական գործողությունների համար պետական տուրքի ձևով կատարվում են հյուպատոսական գանձումներ` օրենքով սահմանված կարգով և չափով:

Վճարման են ենթակա նաև նշված գործողությունների կատարման հետ կապված փաստացի ծախսերը:

(53-րդ հոդվածը խմբ. 27.12.97 ՀՕ-171)

 

Հոդված 54.

(հոդվածն ուժը կորցրել է 27.12.97 ՀՕ-171)

 

ԲԱԺԻՆ  IV

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ՖԻՏՈՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Գ Լ ՈՒ Խ  XV

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 55. Կարանտինային հիվանդությունների ի հայտ գալու դեպքում հյուպատոսական հիմնարկի ղեկավարն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` նշելով վարակված շրջանի անվանումը, դեպքերի թիվը և տեղական իշխանությունների կողմից ձեռնարկված հակահամաճարակային միջոցառումները:

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվություն ստացած անձանց տեղեկացնում է Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու ժամանակ պատվաստման վերաբերյալ միջազգային հավաստագիր ներկայացնելու անհրաժեշտության մասին:

 

Գ Լ ՈՒ Խ  XVI

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՏՈՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 56. Հյուպատոսական տարածաշրջանի սահմաններում գյուղատնտեսական բույսերի վտանգավոր հիվանդությունների կամ վնասատուների ի հայտ գալու, ինչպես նաև անասունների և թռչունների զանգվածային հիվանդությունների կամ մարդկանց և կենդանիների համար նույնանման վտանգ ներկայացնող հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում հյուպատոսական հիմնարկի ղեկավարն այդ մասին անհապաղ տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

 

Հոդված 57. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվություն ստացած անձանց տեղեկացնում է Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու ժամանակ կենդանիների, հումքի և կենդանական ծագում ունեցող մթերքների վերաբերյալ անասնաբուժական հավաստագիր ներկայացնելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև սերմեր, կենդանի բույսեր, տնկիներ, մրգեր և բանջարեղեն Հայաստանի Հանրապետություն բերելու կանոնների մասին:

 

ԲԱԺԻՆ  V

 

ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՆԵՐ

 

Հոդված 58. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, համաձայնեցնելով նստավայր պետության հետ, կարող է հյուպատոսական գործողություններ կատարելու համար նշանակել պատվավոր հյուպատոսներ:

 

Հոդված 59. Պատվավոր հյուպատոսներ կարող են լինել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ այլ պետությունների քաղաքացիները:

 

Հոդված 60. Պատվավոր հյուպատոսների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից:

 

Հայաստանի Հանրապետության
նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
7 հունիսի 1996 թ.
ՀՕ-61

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան