Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-298-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (18.07.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.08-2024.07.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.07.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հունիսի 12-ին

 

«ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Ազատ տնտեսական գոտիների մասին» 2011 թվականի մայիսի 25-ի ՀՕ-193-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 11-րդ կետերը «ծավալների» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող շահագործողների դեպքում՝ նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 3.1-ին մասում նշված պայմանների» բառերով։

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Շահագործողների ռեեստրում ներառվում են այն հայտատուները, որոնք գործարար ծրագրի վերաբերյալ ստացել են Կառավարության կողմից տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու հավանություն հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա և տվյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպչի հետ կնքել են պայմանագիր: Տվյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը չի կարող լինել տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործող:»․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող շահագործողները պետք է համապատասխանեն ազատ տնտեսական գոտիներում իրական ներկայության պայմաններին: Սույն մասի կիրառության իմաստով ազատ տնտեսական գոտիներում իրական ներկայության պայմաններ են համարվում՝

1) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների արդյունքներով եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ հիմնական գործողությունների իրականացումը ազատ տնտեսական գոտու տարածքում: Սույն մասի կիրառության իմաստով սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների արդյունքներով եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ հիմնական գործողությունն այն գործողությունն է, որի արդյունքով ձևավորվում (ստեղծվում) է շահագործողի՝ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների արդյունքներով ձեռնարկատիրական եկամուտների առաջնային աղբյուրը, բացառությամբ օժանդակ գործունեության: Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների արդյունքներով եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ հիմնական գործողությունների ցանկը սահմանում է Կառավարությունը: Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների արդյունքներով հիմնական եկամուտների ձևավորման համար անհրաժեշտ գործողությունների արտապատվիրակումն արգելվում է.

2) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների արդյունքներով եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ գործողությունների իրականացում ծրագրով նախատեսված թվով որակավորված, լրիվ դրույքով աշխատողների միջոցով.

3) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների արդյունքներով եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ գործողությունների իրականացում ծրագրով նախատեսված ծավալով գործառնական ծախսերի միջոցով։»․

3) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հայտատուի` տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի տրամադրման, դրա գործողության ժամկետի երկարաձգման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի ներկայացրած գործարար ծրագրին ներկայացվող պահանջների, գործարար ծրագրի գնահատման, ազատ տնտեսական գոտու շահագործողի սկզբնական և հերթական հայտարարագրերի հաստատման և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»․

4) 10-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետը «շեղման» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող շահագործողների դեպքում՝ նաև սույն հոդվածի 3.1-ին մասում նշված պայմանները չպահպանելու» բառերով։

 

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 14.

Ազատ տնտեսական գոտում թույլատրվող գործունեության տեսակները

 

1. Ազատ տնտեսական գոտում թույլատրվում է տնտեսական գործունեության ոլորտների հետևյալ բաժիններում ներառված գործունեության տեսակների իրականացումը.

1) մշակող արդյունաբերություն.

2) գյուղատնտեսություն.

3) էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում.

4) թափոնների կառավարում և վերամշակում.

5) պահեստային տնտեսություն.

6) ուղևորափոխադրումներ ճոպանաքարշերով, ճոպանուղիներով, ճոպանավոր վերհաններով և այլն, եթե դրանք ընդգրկված չեն քաղաքային և մերձքաղաքային տրանսպորտային համակարգում.

7) կացության և հանրային սննդի կազմակերպում.

8) ծրագրային ապահովման մշակում.

9) տվյալների հիմնապաշարների և տեղեկատվական ռեսուրսների մշակում և կիրառում.

10) օպերատիվ ռեժիմում կրիպտոակտիվների՝ բիտկոինների և այլ ալտկոինների ստեղծում.

11) մշակույթ, զբոսաշրջություն, զվարճություններ և հանգիստ (բացառությամբ շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեության):

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված բաժիններում ընդգրկված՝ տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների կողմից իրականացվելիք գործունեության տեսակները` ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի, յուրաքանչյուր անգամ սահմանվում են ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու մասին Կառավարության որոշմամբ:

3. Ազատ տնտեսական գոտու այն տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, հսկիչ անցագրային ռեժիմի ապահովումը, ներառյալ՝ այդ տարածք անձանց մուտքի կարգի սահմանումը, իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:»:

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող շահագործողները ներկայացնում են նոր սկզբնական հայտարարագրեր, որոնք ներառում են տեղեկատվություն որակավորված աշխատողների և գործառնական ծախսերի մասին:

3. Մինչև 2022 թվականի հուլիսը շահագործողների ռեեստրում ներառված՝ սույն օրենքի 3-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող շահագործողները կարող են իրականացնել իրենց գործունեությունը մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող Օրենքով սահմանված պահանջներին և պայմաններին համապատասխան և պարտավոր չեն մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ բավարարել սույն օրենքի 2-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 7-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված պահանջները, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից պետք է ապահովեն այդ պահանջների կատարումը։

4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների արդյունքներով եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ հիմնական գործողությունների ցանկը սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի, ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

5. Սույն օրենքի 3-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների արդյունքներով եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ հիմնական գործողությունների ցանկը Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. հուլիսի 4

Երևան

ՀՕ-298-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան