ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ք. Երևան 13 դեկտեմբերի 2021 թ. |
ԲԴԽ-98-Ո-Կ-26 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԱՅԱՆԵ ՄԱԶՄԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ՝
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ՝ |
|
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար |
|
մասնակցությամբ՝ |
|
անդամներ |
Գ. Բեքմեզյանի, |
Դ. Խաչատուրյանի, | |
Մ. Մակյանի, | |
Լ. Մելիքջանյանի, | |
Ա. Մխիթարյանի, | |
Ս. Չիչոյանի, | |
Վ. Քոչարյանի, | |
Արդարադատության նախարարի տեղակալ |
Ե. Թումանյանցի, |
Արդարադատության նախարարի ներկայացուցիչներ |
Գ. Հարությունյանի, |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր |
Գ․ Մազմանյանի, |
քարտուղարությամբ՝ |
Ա. Շիլաջյանի |
դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2021 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 80-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Գործի նախապատմությունը.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացի Գայանե Դավթյանի կողմից 22․07․2021 թվականին Արդարադատության նախարարին (այսուհետ նաև՝ Նախարար) ներկայացված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Գայանե Մազմանյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումը:
Նախարարի 30․09․2021 թվականի թիվ 73-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
Նախարարի 27․10․2021 թվականի թիվ 80-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.
Նախարարը, ներկայացրած միջնորդությամբ հայտնել է, որ Դատավորի կողմից թիվ ԵԿԴ/3620/02/17 քաղաքացիական գործով (այսուհետ՝ նաև Գործ) 29.03.2019 թվականին վճռի կայացմամբ թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 201-րդ հոդվածի 1-ին մասում, 361-րդ հոդվածի 1-ին մասում և 877-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված պահանջների ակնհայտ և կոպիտ խախտումներ, այն է՝ Դատարանը գործով հայցվորի և պատասխանողի միջև կնքված փոխառության պայմանագրից բխող՝ փոխառության գումարը վերադարձնելու պարտականությունը դրել է նաև փոխառության պայմանագրի կողմ չհանդիսացող, այսինքն՝ փոխառության պայմանագրով նման պարտավորություն չստանձնած, գործով որպես համապատասխանող ներգրավված պատասխանողի կնոջ վրա՝ նման դիրքորոշումը պայմանավորելով բացառապես նրանով, որ պատասխանողը փոխառության՝ նոտարական կարգով վավերացված պայմանագրով ստացված գումարը վերադարձնելու պարտավորությունը ստանձնել է ամուսնության մեջ գտնվելու ժամանակ:
Միջնորդությամբ Նախարարը մասնավորապես նշել է, որ քննարկվող դեպքում, Դատարանը որոշել է համապարտության կարգով ամուսիններից (համապատասխանողներից) բռնագանձել փոխառության գումարը և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսները հետևյալ հիմնավորմամբ. «ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքապետարանի աշխատակազմի ՔԿԱԳ Սիսիանի տարածքային բաժնի պետի՝ 10.10.2016թ. թիվ Ե-617 գրության համաձայն՝ հայտնվել է, որ ՀՀ քաղաքացի Ներսես Քաջիկի Խաչատրյանի և Գայանե Արայի Դավթյանի ամուսնությունը գրանցվել է ՔԿԱԳ Սիսիանի ՏԲ-ում՝ 24.10.2008թ., թիվ 138 ակտի տակ, որպիսի փաստով դատարանը հաստատված է համարում, որ կողմերի միջև 14.09.2016թ. նոտարական վավերացմամբ կնքված փոխառության պայմանագիրը կնքվել է Ներսես Քաջիկի Խաչատրյանի և Գայանե Արայի Դավթյանի ամուսնության ընթացքում, որպիսի պայմաններում նշված պայմանագրով Ներսես Քաջիկի Խաչատրյանի կողմից փոխառությամբ վերցրած գումարը համարվում է համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերված գույք, ուստի պատասխանողները կրում են համապարտ պարտավորություններ, հայցվորի հանդեպ գումարային պարտավորությունները կատարելու համար, ուստի դատարանը գտնում է, որ հայցվորի պահանջը՝ պատասխանողներից համապարտության կարգով գումարը բռնագանձելու մասին, ևս հիմնավոր է և ենթակա է բավարարման։»:
Նախարարը նշել է, որ վերոգրյալից բխում է, որ Դատարանը հայցվորի և պատասխանողի միջև կնքված փոխառության պայմանագրի հիման վրա փոխառության գումարը վերադարձնելու պարտականությունը դրել է նաև փոխառության պայմանագրի կողմ չհանդիսացող, այսինքն՝ փոխառության պայմանագրով նման պարտավորություն չստանձնած, Գործով համապատասխանող՝ պատասխանողի կնոջ վրա՝ նման դիրքորոշումը պայմանավորելով բացառապես նրանով, որ պատասխանողը փոխառության՝ նոտարական կարգով վավերացված պայմանագրով գումար է ստացել և դա վերադարձնելու պարտավորությունը ստանձնել է քաղաքացի Գայանե Դավթյանի հետ ամուսնության մեջ գտնվելու ժամանակ:
Դատարանի կողմից՝ օրենսգրքի դրույթների սխալ կիրառման հետևանքով համապատասխանող ամուսնու վրա դրվել է օրենքի կամ պայմանագրի հիման վրա չառաջացած պարտավորություն:
Արդյունքում, Դատարանի կողմից խախտվել են Օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի, 361-րդ հոդվածի 1-ին մասի և 877-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:
Բացի այդ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ներկայացված միջնորդության շրջանակներում Նախարարը անդրադարձել է նաև Բացատրությամբ Դատավորի կողմից ներկայացված որոշ փաստարկներին:
Մասնավորապես Նախարարը վկայակոչել է Դատավորի բացատրությամբ ներկայացված փաստարկն առ այն, որ քննարկվող կարգապահական վարույթի հարուցման նկատմամբ կիրառելի է նախկին օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կարգավորումը (դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը), քննարկվող դեպքում հիմնավոր է: Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ հարուցման որոշման մեջ Նախկին օրենքի փոխարեն Օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կարգավորման վկայակոչումն որևէ կերպ չի ազդում հարուցված կարգապահական վարույթի վրա:
Միաժամանակ Նախարարը նշել է. «Հարկ է ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը, 25.03.2020 թվականին ընդունված և 02.05.2020 թվականին ուժի մեջ մտած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-197-Ն օրենքի անցումային դրույթներում միջնորդության քննության նկատմամբ կիրառելի օրենքի կապակցությամբ վերապահումներ սահմանված չլինելու պայմաններում, պարտականություն չունի առաջնորդվելու նախկին խմբագրությամբ գործող դատական օրենսգրքով, այսինքն` կարգապահական պատասխանատվության հիմքերի առկայությունը (ինչպես նաև պատասխանատվությանն առնչվող այլ հարցերը, օրինակ՝ կիրառելի տույժի տեսակը) որոշելիս առաջնորդվելու է գործող Օրենքի կարգավորումներով:
Նախկին օրենքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վեցամսյա ժամկետը պահպանված չլինելու վերաբերյալ փաստարկի կապակցությամբ հարկ է նշել, որ այն անհիմն է հետևյալ հիմնավորմամբ.
Օրենքի 144-րդ հոդվածում կատարված հստակեցումից բխում է, որ բոլոր դեպքերում խախտում հայտնաբերող սուբյեկտը վարույթ հարուցող մարմինն է, միևնույն ժամանակ, «Նորմատիվ ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի կարգավորման հաշվառմամբ՝ հաշվի առնելով նաև օրենսդրի նպատակը՝ առնվազն գործող Օրենքի ուժի մեջ մտնելուց (02.05.2020թ.) հետո կարգապահական վարույթ հարուցելու իրավասությունն իրացնելիս 144-րդ հոդվածով սահմանված՝ խախտման հայտնաբերման պահից հաշվարկվող ժամկետի (Նախկին օրենքով՝ վեցամսյա, գործող Օրենքով՝ մեկ տարվա) սկիզբ է դիտարկվում հաղորդումը ՀՀ արդարադատության նախարարությունում մուտք լինելու պահը՝ գործի վարույթն ավարտված լինելու դեպքում, իսկ չավարտված լինելու դեպքում (օրինական ուժի մեջ մտած դատական ակտ դեռևս առկա չլինելը)՝ դատական վարույթի ավարտման պահը: Քննարկվող դեպքում, հաղորդումը ներկայացվել է 22.07.2021 թվականին, վարույթը հարուցվել է 30.09.2021 թվականին, որպիսի պայմաններում 22.07.2021 թվականից հաշվարկվող վեցամսյա ժամկետը պահպանված է:
Ինչ վերաբերում է կարգապահական վարույթը Նախկին օրենքի 146-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված մեկամսյա ժամկետի խախտմամբ հարուցված լինելու վերաբերյալ փաստարկին՝ պետք է նշել, որ այն ևս անհիմն է հետևյալ հիմնավորմամբ.
ՀՕ-197-Ն օրենքի 58-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն. «Սույն օրենքի՝ կարգապահական պատասխանատվության հիմքերի և վարույթի վերաբերյալ դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կարգապահական վարույթների նկատմամբ։ Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հիմքերով (խախտումներով) հարուցվող կարգապահական վարույթների հարուցման նկատմամբ կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և 144-րդ հոդվածով նախատեսված ժամկետները:»: Այսինքն՝ ՀՕ-197-Ն օրենքի 58-րդ հոդվածի 15-րդ կետով սահմանված վերապահումը վերաբերում է Նախկին օրենքի միայն 144-րդ հոդվածով սահմանված ժամկետների կիրառելիությանը, իսկ 146-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված մեկամսյա ժամկետի վերաբերյալ որևէ դրույթ ՀՕ-197-Ն օրենքի 58-րդ հոդվածի 15-րդ կետում սահմանված չէ, որպիսի պայմաններում այն կիրառելի չէ քննարկվող կարգապահական վարույթի նկատմամբ»:
Նախարարն անդրադառնալով մեղքի ձևին նշել է, որ կարգապահական վարույթի նյութերի ուսումնասիրությունից բխում է, որ նյութական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումները Դատավորի կողմից թույլ են տրվել կոպիտ անփութությամբ, այն է՝ վերջինս չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, սակայն տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել:
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Սույն կարգապահական վարույթի շրջանակում Դատավորը Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրած պատասխանով հայտնել է, որ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ հիմնավորումներով․
«1․ Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է նշվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ։
Վերը նշված նորմը մինչև 02․05․2020թ․ ունեցել է այլ խմբագրություն, մասնավորապես՝ «դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը»։
Նշված փոփոխությունը կատարվել է 25․03․2020թ․ ընդունված և 02․05․2020թ․ ուժի մեջ մտած ՀՕ-197-Ն օրենքով, որի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Օրենքի 142-րդ հոդվածում`
1) 1-ին մասի`
ա. 1-ին կետից հանել «ակնհայտ և կոպիտ» բառերը, իսկ նույն կետը «խախտումը» բառից հետո լրացնել «որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.» բառերով»։
Անվիճելի է այն փաստը, որ ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու ենթադրելի հիմքը ծագել է, այսինքն՝ ենթադրելի խախտումը տեղի է ունեցել, մինչև 02․05․2020թ․ ուժի մեջ մտած փոփոխությունները, քանի որ դատական ակտը կայացվել է 29․03․2019թ-ին։
25․03․2020թ․ ընդունված և 02․05․2020թ․ ուժի մեջ մտած ՀՕ-197-Ն օրենքի 58-րդ հոդվածի /եզրափակիչ մաս և անցումային դրույթներ/ 15-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի՝ կարգապահական պատասխանատվության հիմքերի և վարույթի վերաբերյալ դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կարգապահական վարույթների նկատմամբ։ Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հիմքերով (խախտումներով) հարուցվող կարգապահական վարույթների հարուցման նկատմամբ կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի` կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և 144-րդ հոդվածով նախատեսված ժամկետները:
Հատկանշական է նշել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի փոփոխությամբ դատավորի իրավական վիճակը վատթարացել է, քանի որ փոփոխությունից հետո կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ, այնինչ փոփոխությունից առաջ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք էր նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը։
Ընդ որում, հենց վատթարացման տեսանկյունից էլ ելնելով դատավորի իրավունքների պաշտպանության երաշխիքներից Օրենսդիրը նման անցումային դրույթ է նախատեսել։
Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ իմ նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի հարուցման նկատմամբ կիրառելի էր «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի մինչև 02․05․2020թ․ ուժի մեջ մտած փոփոխությունները գործող 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խմբագրությունը՝ համաձայն որի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը։
Այսպիսով ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթ է հարուցվել մի այնպիսի հիմքով, որն իմ նկատմամբ կիրառելի չէ, այսինքն՝ առկա չէ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք»։
Միաժամանակ Դատավորը նշել է, որ նշված նորմերի վերլուծությունը համադրելով իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի փաստական տվյալների հետ՝ ակնհայտ է դառնում, որ մինչև օրենքի փոփոխությունները նախատեսված է եղել ընդհանրապես վարույթ հարուցելու ժամկետ և վարույթ հարուցող մարմնի համար սահմանված մասնավոր ժամկետ, այսինքն՝ տվյալ դեպքում Գայանե Դավթյանը 29․03․2019 թվականին հայտնաբերել է խախտումը, սակայն հաղորդում է ներկայացրել 22․07․2021 թվականին, իսկ վարույթ է հարուցվել 30․09․2021 թվականին՝ վեց ամսվա ժամկետի խախտմամբ։
Բացի այդ, Դատավորը նշել է, որ 29․03․2019 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով դատարանի դիրքորոշումն այն է եղել, որ կնքված փոխառության պայմանագիրը կնքվել է Ներսես Քաջիկի Խաչատրյանի և Գայանե Արայի Դավթյանի ամուսնության ընթացքում, որպիսի պայմաններում նշված պայմանագրով Ներսես Քաջիկի Խաչատրյանի կողմից փոխառությամբ վերցրած գումարը համարվում է համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերված գույք, ուստի պատասխանողները կրում են համապարտ պարտավորություններ։
Դատարանը նման եզրահանգման է հանգել՝ ղեկավարվելով Օրենսգրքի 132-րդ և 201-րդ հոդվածներով՝ այն հիմնավորմամբ, որ դրամական միջոցը ևս գույք է, որը ձեռք է բերվել ամուսիններից մեկի կողմից, ուստիև ամուսինների համատեղ սեփականությունն է, ինչը հանգեցնում է համապարտության։
Համաձայն վճռի՝ նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ ամուսինների միջև կնքված համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, անկախ նրանից, թե այն որ ամուսինն է ձեռք բերել, ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է ձևակերպված, միևնույնն է, հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը;
Միաժամանակ Դատավորը նշել է, որ իրեն վերագրվող խախտումը ամենևին չի հեղինակազրկում դատական իշխանությունը՝ հենց վերը նշված պատճառաբանություններով, որովհետև ինքն ընդամենը մեկնաբանել է նյութական իրավունքի նորմեր և եկել է գոյություն ունենալու իրավունք ունեցող եզրահանգման՝ ինչը նաև կարող է սխալ համարվել վերադաս դատական ատյանների կողմից, բայց ոչ կարգապահական պատասխանատվության հանգեցնելու հիմք դառնալ։
Ընդ որում, պատասխանողները նույնիսկ բարեխիղճ չեն գտնվել օրենքով սահմանված ժամկետում բողոքարկել դատական ակտը և երկու տարի անց նրանցից մեկն որոշել է հաղորդում ներկայացնել իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ նույնիսկ որոշելով կարգապահական տույժի տեսակը։
Ելնելով վերոգրյալից Դատավորը ինչպես ներկայացված բացատրությամբ, այնպես էլ կարգապահական վարույթի քննության ընթացքում խնդրել է մերժել Նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը՝ ժամկետների խախտման հիմքով։
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
4․1 Դատարանի 18․04․2018 թվականի որոշմամբ հայցվոր Անահիտ Մնացականյանի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է և Գայանե Դավթյանը ներգրավվել է որպես համապատասխանող։
4․2 Դատարանի 29.03.2019 թվականին կայացված վճռով (այսուհետ նաև՝ Վճիռ), բավարարել է գումարի բռնագանձման պահանջի մասին հայցը։ Մասնավորապես Դատարանը վճռել է. «Պատասխանողներ Ներսես Քաջիկի Խաչատրյանից, Գայանե Արայի Դավթյանից հօգուտ հայցվոր Անահիտ Խաչիկի Մնացականյանի, համապարտության կարգով, բռնագանձել 1.100.000 /մեկ միլիոն հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես փոխառությամբ ստացված գումար: Բռնագանձվող պարտքի գումարի՝ 1.100.000 /մեկ միլիոն հարյուր հազար/ ՀՀ դրամի նկատմամբ կետանցի օրվանից՝ 15.07.2017թ. սկսած մինչև պարտավորության փաստացի կատարման օրը` հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ` ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափով և այդ գումարը ևս, պատասխանողներ Ներսես Քաջիկի Խաչատրյանից, Գայանե Արայի Դավթյանից, համապարտության կարգով, բռնագանձել հօգուտ հայցվոր Անահիտ Խաչիկի Մնացականյանի: (…)»։
4․3 Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Լ․ Գրիգորյան, դատավորներ՝ Ա․ Պետրոսյան, Դ․ Սերոբյան) 15․07․2019 թվականի որոշմամբ Գայանե Դավթյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է։
4․4 Գայանե Դավթյանի կողմից 22․07․2021 թվականին Նախարարին ներկայացվել է հաղորդում Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ։
4․5 Նախարարի 30․09․2021 թվականի թիվ 73-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
4․6 Դատավորը 29․11․2021 թվականին հրավիրված նիստի ընթացքում ևս միջնորդել է մերժել ներկայացված միջնորդությունը՝ վարույթը հարուցած մարմնի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սահմանված ժամկետները խախտելու հիմքով։
5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Նախարարի հաղորդումը, ինչպես նաև Նախարարի տեղակալի և ներկայացուցչի բացատրությունները, Դատավորի պատասխանը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Նախարարի կողմից ներկայացված միջնորդությունն ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
1. կիրառելի են արդյո՞ք սույն կարգապահական վարույթի նկատմամբ մինչև 02․05․2020թ․ ուժի մեջ մտած փոփոխություններով գործող խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի դրույթները,
2. արդյո՞ք Նախարարի կողմից խախտվել են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար կիրառելի օրենսդրությամբ սահմանված ժամկետները։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Օրենք) 156-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե՝ վարույթը հարուցած մարմինը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, և դատավորը համաձայն է այդ հիմքով վարույթի կարճմանը: Ելնելով այն հանգամանքից, որ դատավորը կարգապահական գործի քննության ժամանակ բարձրացրել է վարույթ հարուցած մարմնի կողմից վարույթի ընթացքի համար Օրենքով նախատեսված ժամկետների խախտման հարցը, ապա Բարձրագույն դատական խորհուրդը նպատակահարմար է համարում նախ և առաջ անդրադառնալ այդ հարցին։
Օրենքի 25․03․2020թ․ ընդունված և 02․05․2020թ․ ուժի մեջ մտած փոփոխությունների (այսուհետ՝ Փոփոխություններ) 58-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքի՝ կարգապահական պատասխանատվության հիմքերի և վարույթի վերաբերյալ դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կարգապահական վարույթների նկատմամբ։ Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հիմքերով (խախտումներով) հարուցվող կարգապահական վարույթների հարուցման նկատմամբ կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի` կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և 144-րդ հոդվածով նախատեսված ժամկետները»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատավորին վերագրվող ենթադրյալ կարգապահական խախտումը կատարվել է 29.03.2019 թվականին, ուստի Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ սույն կարգապահական վարույթի նկատմամբ կիրառելի են մինչև 02․05․2020թ․ ուժի մեջ մտած փոփոխություններով գործող Օրենքի 144-րդ հոդվածի դրույթները։
Համաձայն մինչև 02․05․2020թ․ ուժի մեջ մտած փոփոխություններով գործող Օրենքի 144-րդ հոդվածի 1-ին մասի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել` արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքերով՝ խախտումը հայտնաբերելուց հետո՝ վեց ամսվա ժամկետում: Եթե խախտումը հայտնաբերվել է մինչև դատական վարույթն ավարտվելը, ապա սույն կետով նախատեսված վեցամսյա ժամկետը հաշվարկվում է դատական վարույթն ավարտվելու պահից: Սույն կետով նախատեսված հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե դատական վարույթն ավարտվելուց հետո անցել է հինգ տարի։
Համաձայն մինչև 02․05․2020թ․ ուժի մեջ մտած փոփոխություններով գործող Օրենքի 146-րդ հոդվածի 4-րդ մասի՝ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկվում է այն հարուցելու առիթը վարույթ հարուցող մարմնին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով:
Սույն կարգապահական վարույթի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դատարանի 18․04․2018 թվականի որոշմամբ Գայանե Դավթյանը թիվ ԵԿԴ/3620/02/17 քաղաքացիական գործով ներգրավվել է որպես համապատասխանող։
Դատարանը 29.03.2019 թվականի վճռով բավարարել է գումարի բռնագանձման պահանջի մասին հայցը և վճռել է. «Պատասխանողներ Ներսես Քաջիկի Խաչատրյանից, Գայանե Արայի Դավթյանից հօգուտ հայցվոր Անահիտ Խաչիկի Մնացականյանի, համապարտության կարգով, բռնագանձել 1.100.000 /մեկ միլիոն հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես փոխառությամբ ստացված գումար: Բռնագանձվող պարտքի գումարի՝ 1.100.000 /մեկ միլիոն հարյուր հազար/ ՀՀ դրամի նկատմամբ կետանցի օրվանից՝ 15.07.2017թ. սկսած մինչև պարտավորության փաստացի կատարման օրը` հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ` ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափով և այդ գումարը ևս, պատասխանողներ Ներսես Քաջիկի Խաչատրյանից, Գայանե Արայի Դավթյանից, համապարտության կարգով, բռնագանձել հօգուտ հայցվոր Անահիտ Խաչիկի Մնացականյանի: (…)»։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15․07․2019 թվականի որոշմամբ Գայանե Դավթյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է։ Գայանե Դավթյանի կողմից 22․07․2021 թվականին Նախարարին ներկայացվել է հաղորդում Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ, իսկ Նախարարի 30․09․2021 թվականի թիվ 73-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
Բարձրագույն դատական խորհուրդը կարևորում է այն հանգամանքը, որ Գայանե Դավթյանը կարգապահական վարույթ հարուցելու հիմքում դրել է Դատարանի 29.03.2019 թվականի վճռով իր դեմ ներկայացված պահանջի բավարարումը, այսինքն՝ Գայանե Դավթյանի համար վարույթ հարուցելու մասին միջնորդությամբ հանդես գալու վեցամսյա ժամկետի սկիզբը սկսել է հոսել վճռի կայացման պահից, երբ արդեն իսկ Գայանե Դավթյանին հայտնի է դարձել իր դեմ կայացրած վճռի վերաբերյալ, մինչդեռ վերջինիս կողմից Նախարարին Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումը ներկայացվել է 22․07․2021 թվականին:
Վերը նշված փաստերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Գայանե Դավթյանը 29.03.2019 թվականից սկսած իմացել է ենթադրյալ խախտման մասին և արդեն իսկ հանդիսացել է իրավասու սուբյեկտ՝ կարգապահական վարույթ նախաձեռնելու համար, և հնարավորություն է ունեցել դիմելու Նախարարին՝ կարգապահական վարույթ հարուցելու նպատակով։
Ինչ վերաբերում է Նախարարի կողմից ներկայացված միջնորդությամբ վկայակոչված դիրքորոշմանն այն մասին, որ «բոլոր դեպքերում խախտում հայտնաբերող սուբյեկտը վարույթ հարուցող մարմինն է», ապա Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ այն չի բխում ենթադրյալ խախտման պահին գործող օրենքի պահանջներից, հետևյալ հիմնավորմամբ՝
- մինչև 02․05․2020թ․ ուժի մեջ մտած փոփոխություններով գործող Օրենքը սահմանել է, որ դատավորի նկատմամբ վարույթ կարող է հարուցվել արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքերով՝ խախտումը հայտնաբերելուց հետո՝ վեց ամսվա ժամկետում: Նախկին խմբագրությամբ գործող Օրենքը, ի տարբերություն գործող խմբագրության, որը սահմանում է, որ վարույթ կարող է հարուցվել խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում, չի առանձնացրել խախտումը հայտնաբերող սուբյեկտներին, այլ կարևորել է միայն խախտման հայտնաբերման պահը։
Վերոգրյալը հաստատվում է նաև նախկին խմբագրությամբ գործող Օրենքի 144-րդ հոդվածի 1-ին մասի և 146-րդ հոդվածի 4-րդ մասի համադրումից։ Նախկին խմբագրությամբ գործող Օրենքի 146-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում էր, որ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկվում է այն հարուցելու առիթը վարույթ հարուցող մարմնին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով։ Նույն հոդվածի համաձայն, ի թիվս այլնի, վարույթ հարուցելու առիթ կարող էին հանդիսանալ անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումը, ինչպես նաև վարույթ հարուցող մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերումը։
Բարձրագույն դատական խորհուրդը դեռևս իր 4 նոյեմբերի 2019 թվականի թիվ ԲԴԽ-63-Ո-Կ-15 որոշմամբ արձանագրել է, որ նախկին խմբագրությամբ գործող Օրենքի 146-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված մեկամսյա ժամկետը վարույթ հարուցող մարմնի կողմից գործողություն կատարելու և որոշում կայացնելու ժամկետն է։
Վերոգրյալից պարզ է դառնում, որ տարանջատում է կատարվել ինչպես յուրաքանչյուր իրավասու սուբյեկտի կողմից հաղորդում ներկայացնելու, այնպես էլ վարույթ հարուցող մարմնի կողմից ենթադրյալ կարգապահական խախտումն իրեն հայտնի դառնալուց հետո վարույթ հարուցելու ժամկետներում՝ դրանց հստակ սահմանման միջոցով։ Մասնավորապես, սահմանվում են երեք ժամկետներ, դրանք են՝ խախտումը հայտնաբերելուց հետո՝ վեց ամսյա ժամկետը, կարգապահական վարույթ հարուցելու հնարավորության համար դատական վարույթն ավարտվելուց հետո հինգ տարվա ժամկետը և կարգապահական վարույթ հարուցելու հարցի քննարկումը՝ կարգապահական վարույթ հարուցելու առիթը վարույթ հարուցող մարմնին հայտնի դառնալու օրվանից մեկամսյա ժամկետը։
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ օրենքը դատական վարույթն ավարտվելուց հետո հինգ տարվա գերազանցմամբ թույլատրելի չի համարում կոնկրետ խախտման դեպքում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը, անկախ այն հանգամանքից, թե իրավասու սուբյեկտը, երբ է իմացել կամ չի իմացել այդ խախտման մասին։ Վեցամսյա ժամկետը օրենքով նախատեսված այն ժամանակահատվածն է, որը թույլատրելի է սուբյեկտի համար խախտումն իրեն հայտնի դառնալու պահից կարգապահական վարույթ նախաձեռնելու համար, իսկ ինչ վերաբերում է մեկամսյա ժամկետին, ապա այն նախատեսված է վարույթ հարուցող մարմնի համար առիթը հայտնի դառնալուց հետո համապատասխան գործողություն կատարելու համար։
Օրենսդիրը հնարավորություն է տվել վարույթ հարուցելու հաղորդում ներկայացնելու իրավասություն ունեցող սուբյեկտին դիմել վարույթ հարուցող մարմնին կարգապահական վարույթ հարուցելու նպատակով ոչ ուշ քան դատական վարույթն ավարտելուց հետո հինգ տարվա ընթացքում՝ դրանում ներառելով խախտումը հայտնաբերելուց հետո վեցամսյա ժամկետը։
Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ իրավասու սուբյեկտը ենթադրյալ խախտման մասին տեղյակ լինելու պահից վեց ամսվա ընթացքում որևէ գործողություն չի կատարում, ապա բաց է թողնվում կարգապահական վարույթ հարուցելու համար նախատեսված ժամկետը, որը վերականգնման ենթակա չէ:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ Օրենքը չէր կարող վարույթ հարուցող մարմնի համար նախատեսել երկու ժամկետ՝ 6 ամսյա՝ հայտնաբերելու և 1 ամսյա վարույթ հարուցելու համար, քանի որ առիթը հայտնի դառնալու պահը համընկնում է հայտնաբերման պահի հետ, ուստի վեց ամսյա ժամկետի նախատեսումը դառնում է իմաստազուրկ։
Նշված մեկնաբանությունների լույսի ներքո Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ հարուցված կարգապահական վարույթի նկատմամբ կիրառելի է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի մինչև 02․05․2020թ․ ուժի մեջ մտած փոփոխություններով գործող 144-րդ հոդվածի 1-ին մասը և հաշվի առնելով այն, որ իրավասու սուբյեկտը՝ հաղորդում ներկայացրած անձ Գայանե Դավթյանը, տեղյակ լինելով ենթադրյալ խախտման մասին, այդուհանդերձ այդ պահից սկսած օրենքով սահմանված վեց ամսվա ընթացքում որևէ գործողություն չի կատարել, գտնում է, որ բաց է թողնվել կարգապահական վարույթ հարուցելու համար նախատեսված ժամկետը և վեցամսյա ժամկետի բացթողնման դեպքում այն վերականգնման ենթակա չէ:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ վարույթը հարուցած մարմինը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար Օրենքով սահմանված ժամկետները, ինչպես նաև, որ դատավորը համաձայն է այդ հիմքով վարույթի կարճմանը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 156-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 155-րդ հոդվածով և Դատավորին վերագրվող ենթադրյալ խախտման պահին գործող խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի» 144-րդ հոդված 1-ին մասի 1-ին կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
ԱՆԴԱՄՆԵՐ՝ |
Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ | |
Հատուկ կարծիք պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ |
Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ | |
Մ. ՄԱԿՅԱՆ | ||
Ս․ Միքայելյան | ||
Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆ | ||
Ս. Չիչոյան | ||
Հատուկ կարծիք պատճառաբանական |
Վ. Քոչարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2021 թվական:
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Բարձրագույն դատական խորհրդի 13 դեկտեմբերի 2021թ. թիվ ԲԴԽ-98-Ո-Կ-26 որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
24 դեկտեմբերի 2021 թ. |
Ք. Երևան |
Սույն թվականի դեկտեմբերի 13-ին Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) որոշում կայացրեց (այսուհետ՝ Որոշում) դատավոր Գայանե Մազմանյանին (այսուհետ՝ Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին, այն հիմնավորմամբ, որ վարույթը հարուցած մարմինը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի նկատմամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված ժամկետները: Համաձայն չլինելով Խորհրդի որոշման հետ՝ սույն հատուկ կարծիքի շրջանակում ցանկանում ենք հիմնավորել մեր դիրքորոշումը Օրենքով նախատեսված ժամկետների վերաբերյալ:
Դատավորին վերագրվող ենթադրյալ կարգապահական խախտումը կատարվել է 29.03.2019 թվականին, հետևաբար սույն վարույթի նկատմամբ կիրառելի են մինչև 25․03․2020թ․ ընդունված և 02․05․2020թ․ ուժի մեջ մտած փոփոխություններով գործող Օրենքի կարգավորումները:
Այսպես, մինչև 02․05․2020թ․ ուժի մեջ մտած փոփոխությունները գործող Օրենքի 144-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված էր՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել` արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքերով՝ խախտումը հայտնաբերելուց հետո՝ վեց ամսվա ժամկետում: (…) Սույն կետով նախատեսված հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե դատական վարույթն ավարտվելուց հետո անցել է հինգ տարի։
Իսկ համաձայն նախկին խմբագրությամբ գործող Օրենքի 146-րդ հոդվածի 4-րդ մասի՝ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկվում է այն հարուցելու առիթը վարույթ հարուցող մարմնին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում (…):
Խորհուրդը սույն գործով կայացրած Որոշմամբ քաղաքացիական գործում ներգրավված քաղաքացուն համարել է կարգապահական խախտումը հայտնաբերելու «իրավասու սուբյեկտ», մասնավորապես նշելով՝ «(…) Գայանե Դավթյանը կարգապահական վարույթ հարուցելու հիմքում դրել է Դատարանի 29.03.2019 թվականի վճռով իր դեմ ներկայացված պահանջի բավարարումը, այսինքն՝ Գայանե Դավթյանի համար վարույթ հարուցելու մասին միջնորդությամբ հանդես գալու վեցամսյա ժամկետի սկիզբը սկսել է հոսել վճռի կայացման պահից, երբ արդեն իսկ Գայանե Դավթյանին հայտնի է դարձել իր դեմ կայացրած վճռի վերաբերյալ, մինչդեռ վերջինիս կողմից Նախարարին Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումը ներկայացվել է 22․07․2021 թվականին:
(…)
- մինչև 02․05․2020թ․ ուժի մեջ մտած փոփոխությունները գործող Օրենքը սահմանել է, որ դատավորի նկատմամբ վարույթ կարող է հարուցվել արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքերով՝ խախտումը հայտնաբերելուց հետո՝ վեց ամսվա ժամկետում: Նախկին խմբագրությամբ գործող Օրենքը, ի տարբերություն գործող խմբագրության, որը սահմանում է, որ վարույթ կարող է հարուցվել խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում, չի առանձնացրել խախտումը հայտնաբերող սուբյեկտներին, այլ կարևորել է միայն խախտման հայտնաբերման պահը»:
Համաձայն չլինելով Խորհրդի՝ օրենսդրական կարգավորումների նման մեկնաբանության հետ՝ հարկ ենք համարում նշել, որ դատական գործի կողմ հանդիսացող քաղաքացին ընդհանրապես չի կարող Օրենքի 144-րդ հոդվածի իմաստով «խախտում հայտնաբերող իրավասու սուբյեկտ» լինել. նախ, քաղաքացուն չի կարելի վերագրել դատավորի կարգապահական խախտումը հայտնաբերելու «իրավասություն», քանի որ դա ենթադրում է, որ յուրաքանչյուր քաղաքացի կամ անձ ունակ է դատավորի գործողությունները նույնականացնել կարգապահական խախտմանը և «հայտնաբերել» այն: Ակներև է, որ դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելը հայտնաբերելը պահանջում է մասնագիտական հատուկ գիտելիքներ, մասնավորապես՝ Օրենքի՝ դատավորի կարգապահական պատասխանատվությանը վերաբերող մի շարք հոդվածների իմացություն, մեկնաբանում և Խորհրդի նախադեպային պրակտիկայի վերաբերյալ խորը և խիստ մասնագիտական գիտելիքներ: Բացի այդ, Օրենքի որևէ կարգավորմամբ քաղաքացիների վրա դրված չէ պարտականություն իրենց նկատմամբ առերևույթ անբարենպաստ դատավորի գործողության կամ դատական ակտով կարգապահական համապատասխան խախտում հայտնաբերելը և վարույթ նախաձեռնելը: Ենթադրյալ խախտման վերաբերյալ հաղորդում ներկայացնելը անձի իրավունք է, այլ ոչ թե պարտականությունը:
Ընդունված Որոշմանը կողմ քվեարկած Խորհրդի անդամների կողմից համապատասխան հոդվածի նման մեկնաբանությունը խնդրահարույց է նաև այլ տեսանկյունից. այն կարող է առաջացնել փակուղային իրավիճակներ խախտումը հայտնաբերելու ժամկետը որոշելու առումով: Հաշվի առնելով, որ Օրենքը վարույթ հարուցող մարմնին դիմելու սուբյեկտ է նախատեսում ինչպես դատական գործում ներգրավված և կողմ հանդիսացող անձին, այնպես էլ այլ անձանց, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև՝ զանգվածային լրատվության միջոցներին: Հարց կարող է առաջանալ, թե արդյոք որ սուբյեկտի կողմից խախտումը «հայտնաբերելը» պետք է համարվի վեցամսյա ժամկետի սկիզբը, քանի որ դատավարության կողմ հանդիսացող սուբյեկտը կարող է չդիմել վարույթ հարուցող մարմնին, սակայն խախտման մասին որոշ ժամանակ անց հայտնի դարձած լինի այլ անձանց, զանգվածային լրատվության միջոցներին, և այս պարագայում տվյալ ժամկետի սկիզբը հայտնաբերելը չափազանց դժվար լուծելի և հաճախ անլուծելի խնդիր կարող է հանդիսանալ: Այսինքն՝ նշված այլ սուբյեկտների կողմից խախտումը «հայտնաբերելը» կարող է ավելի ուշ լինել, քան դատավարության մասնակից անձի կողմից ենթադրյալ խախտում պարունակող դատական ակտի կամ գործողության մասին տեղյակ լինելը:
Իսկ եթե, այնուամենայնիվ,փորձենք անտեսել այս ակնհայտ խնդիրները և համաձայնենք Որոշման մեջ պարունակվող մոտեցումների հետ, ապա այդ պարագայում անիմաստ է դառնում նախկին խմբագրությամբ գործող Օրենքի 144-րդ հոդվածում նախատեսված հնգամյա ժամկետը, քանի որ ամեն դեպքում դատավորի կողմից թույլ տված ենթադրյալ խախտումները դատավարության մասնակցին հայտնի են դառնում և Որոշման տրամաբանությամբ «հայտնաբերվում» են անմիջապես, այլ ոչ թե 5 տարվա ընթացքում:
Պատահական չէ, որ 25․03․2020թ․ Օրենքի համապատասխան դրույթը խմբագրվել է և 144-րդ հոդվածում նախատեսվել է, որ կարգապահական վարույթ կարող է հարուցվել խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում, ինչը պետք է համարել ոչ թե նախատեսված կարգավորումների փոփոխություն, այլ` հստակեցում, որպեսզի բացառվի նշված դրույթների այնպիսի թյուրըմբռնումներ, ինչպիսին պարունակում է խնդրո առարկա Խորհրդի Որոշումը:
Խորհրդի Որոշմանը կողմ քվեարկած անդամները իրենց հիմնավորումներում փաստում են, որ նախկին խմբագրությամբ գործող Օրենքը նախատեսում էր կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ երեք տարբեր ժամկետներ, մասնավորապես՝ «(…) սահմանվում են երեք ժամկետներ, դրանք են՝ խախտումը հայտնաբերելուց հետո՝ վեց ամսվա ժամկետը, կարգապահական վարույթ հարուցելը դատական վարույթն ավարտվելուց հետո հինգ տարվա ընթացքում և կարգապահական վարույթ հարուցելու հարցի քննարկումը՝ կարգապահական վարույթ հարուցելու առիթը վարույթ հարուցող մարմնին հայտնի դառնալու օրվանից մեկամսյա ժամկետը
(…)
Բարձրագույն դատական խորհուրդը արձանագրում է նաև, որ Օրենքը չէր կարող վարույթ հարուցող մարմնի համար նախատեսել երկու ժամկետ՝ 6 ամսյա հայտնաբերելու և 1 ամսյա վարույթ հարուցելու, քանի որ առիթը հայտնի դառնալու պահը համընկնում է հայտնաբերման պահի հետ, ուստի վեց ամսյա ժամկետի նախատեսումը դառնում է իմաստազուրկ»:
Հարկ ենք համարում նշել, որ մեզ համար անընդունելի է Խորհրդի անդամների այն պնդումը, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթը հայտնի դառնալու պահը համընկնում է կարգապահական խախտման հայտնաբերման պահի հետ: Օրենքի 146-րդ հոդվածով հստակ սահմանված են կարգապահական վարույթ հարուցելու առիթները, որոնց թվում է նաև անձի հաղորդումը վարույթ հարուցող մարմնին: Կարգապահական վարույթ հարուցելու առիթի ի հայտ գալը ինքնին չի կարող համարվել խախտման հայտնաբերման պահ, քանի որ այն կարող է լիարժեք կամ հավաստի տեղեկություն չպարունակել Օրենքի իմաստով կարգապահական խախտում կատարելու մասին: Ենթադրյալ կարգապահական խախտումն հայտնաբերվում է միայն վարույթ հարուցող մարմնի կողմից հաղորդման և դրա հետ կապված այլ նյութերի ուսումնասիրության արդյունքում:
Օրենքի համապատասխան դրույթների ձևակերպումից բխում է, որ 144-րդ հոդվածը վերաբերում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթ հարուցելու ժամկետներին, և այն հստակ սահմանում է, որ կարգապահական վարույթ հարուցելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը վերաբերում է վարույթ հարուցող մարմնի գործողություններին կապված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթ հարուցելու հետ, այլ ոչ թե հաղորդում ներկայացրած անձին:
Իսկ Օրենքի 146-րդ հոդվածը սահմանում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթները և առիթներին առնչվող ժամկետները: Որևէ դեպքում նախկին խմբագրությամբ գործող Օրենքի 146-րդ հոդվածի 4-րդ մասի հետևյալ ձևակերպումը` «Կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկվում է այն հարուցելու առիթը վարույթ հարուցող մարմնին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում», չի կարող մեկնաբանվել որպես «վարույթ հարուցելու ժամկետ», քանի որ եթե Օրենսդիրը նման մտադրություն ունենար, ապա կկիրառեր նշված, այլ ոչ թե «կարգապահական վարույթ հարուցելու հարցի քննարկում» ձևակերպումը:
Օրենքի 146-րդ հոդվածի 4-րդ մասով պարտավորություն է դրվում վարույթ հարուցող մարմնի վրա ոչ թե մեկամսյա ժամկետում վարույթը հարուցելու, այլ ներկայացված հաղորդմանը ընթացք տալու, վարույթ հարուցելու հարցը քննարկելու, ուսումնասիրություններ կատարելու համար, ինչը կարող է ներառել նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարույթ հարուցող մարմնի լիազորությունը՝ մինչև վարույթի հարուցման հարցի լուծումը հաղորդում ներկայացրած անձին առաջարկելու ներկայացնել կարգապահական վարույթ հարուցելու համար նշանակություն ունեցող տեղեկությունների վերաբերյալ նյութեր:
Օրենքի 146-րդ հոդվածի 3-րդ մասով վարույթ հարուցելու հարցը լուծելու նպատակով հաղորդում ներկայացրած անձից լրացուցիչ նյութեր հայցելու` վարույթ հարուցող մարմնին ընձեռնված հնարավորությունը նույնպես խոսում է սույն Հատուկ կարծիքով ներկայացված դիրքորոշման օգտին: Նշված հնարավորության իրագործումը և կարգապահական վարույթ հարուցելու մեկամսյա ժամկետի պահպանումը գործնականում անիրագործելի կլիներ:
Սույն կարգապահական վարույթի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Գայանե Դավթյանի կողմից 22․07․2021 թվականին Նախարարին ներկայացվել է հաղորդում Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ, իսկ Նախարարի 30․09․2021 թվականի թիվ 73-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
Վարույթի նյութերով ներկայացված փաստերը համադրելով վերոշարադրյալ իրավական մեկնաբանությունների հետ՝ գտնում ենք, որ կարգապահական վարույթ հարուցող մարմնի կողմից ժամկետների խախտում թույլ չէր տրվել, և Խորհուրդը պարտավոր էր Օրենքով նախատեսված ընթացակարգով քննել գործը և որոշում կայացնել ենթադրյալ կարգապահական խախտման վերաբերյալ:
Կարևոր ենք համարում փաստել նաև, որ մեր կարծիքով և՛ սույն որոշումը, և՛ Խորհրդի կողմից կայացված այն որոշումները, որոնք չեն ընդունվել Խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, չեն կարող հանդիսանալ կայուն նախադեպ: Այս հանգամանքը յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն ինչպես դատավորները, այնպես էլ կարգապահական վարույթ հարուցող մարմինները:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ անդամներ` |
Վ. Քոչարյան | |
|
Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|