Գլխավոր տեղեկություն
Номер
N 696-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.07.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.07.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.07.2013
Дата вступления в силу
11.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2013 թվականի N 696-Ա

 

«ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը, 68-րդ հոդվածի 7-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` 3200 մետր երկարությամբ և 61636384 դրամ հաշվեկշռային արժեքով Արևշատ-Ռանչպար երկրորդ աստիճանի պոմպակայանի փակ ճնշումային (d=1420 մմ տրամագծով) խողովակաշարով (այսուհետ` գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

4. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով։

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման 1-ին կետում նշված` 2013 թվականի մայիսի 2-ին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով 304,000.0 հազ. դրամ գնահատված արժեքով գույքն օտարել մրցույթով:

6. Սահմանել մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը` գնահատված արժեքի 75 տոկոսի չափով՝ 228,000.0 հազ. դրամ:

7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

1) օտարվող գույքի համար առաջարկվող գինը.

2) օտարվող գույքն օգտագործելը՝ ներկայացված գործարար ծրագրին համապատասխան:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) սահմանված կարգով վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

2) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

3) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ՝ գնորդ) գույքի վաճառքի գումարի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման մասին պայմանագիր:

9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

10. Սահմանել, որ սույն որոշման 8-րդ կետում նշված մրցույթի արդյունքում օտարված գույքի վաճառքի գումարը ենթակա է մուտքագրման գանձապետական միասնական հաշվի «Բյուջետային հիմնարկների հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի և շինությունների) օտարումից մուտքեր» անվանմամբ 900005029054 գանձապետական հաշվում:

11. Մրցույթի հաղթողը գույքի արժեքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

12. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 10-րդ կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից որպես ընթացիկ դրամաշնորհ` կառուցվածքային փոփոխությունների և տարեկան գործունեության արդյունքների հիման վրա համապատասխան ջրօգտագործողների ընկերություններին որպես ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 10

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան