ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 1999 թվականի N 8
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 68-73 ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-73 հոդվածները և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը դատարաններում ճիշտ կիրառելու և դատական հնարավոր սխալներից խուսափելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը պարզաբանում է`
1. Պետական տուրքը գանձվում է մինչև համապատասխան ծառայության մատուցումը կամ գործողության իրականացումը, եթե «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ կարգ սահմանված չէ կամ վճարողին պետական տուրքի գծով արտոնություն տրված չէ:
2. Դատարան ներկայացվող հայցադիմումների, դիմումների, դատարանի վճիռների ու որոշումների դեմ բերված վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքերը հաշվարկվում են «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ կետում նշված դրույքաչափերով:
3. Հայցագինը որոշվում է ելնելով`
1) դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` բռնագանձվող գումարի չափից.
2) գույքը պահանջելու հայցերով` գույքի շուկայական գնից: Ընդ որում շուկայական գինը կարող է պարզվել անշարժ գույքի կադաստրի, ապրանքային բորսաների, փորձագիտական կենտրոնների միջոցով.
3) ալիմենտ բռնագանձելու հայցերով` մեկ տարվա ընթացքում կատարվելիք վճարումների հաշվարկից.
4) ժամկետային, անժամկետ (ցմահ) վճարումների կամ հանձնումների հայցերով` մեկ տարվա ընթացքում կատարվելիք վճարումների կամ հանձնումների հաշվարկից.
5) վճարումները կամ հանձնումները պակասեցնելու կամ ավելացնելու հայցերով` այն գումարից, որով պակասեցվում կամ ավելացվում են վճարումները կամ հանձնումները, սակայն ոչ ավելի, քան մեկ տարվա հաշվարկով.
6) վճարումները կամ հանձնումները դադարեցնելու հայցերով` մնացած վճարումների և հանձնումների ամբողջ գումարից, սակայն ոչ ավելի, քան մեկ տարվա հաշվարկով.
7) գույքի վարձակալության պայմանագիրը վաղակետ լուծելու հայցերով` պայմանագրի գործողության մնացած ժամանակի ընթացքում գույք օգտագործելու համար տրվող վճարումների ամբողջ գումարից, սակայն ոչ ավելի, քան մեկ տարվա հաշվարկով:
4. Մի քանի հայցվորների (համահայցվորներ) կողմից մեկ կամ մի քանի պատասխանողի (համապատասխանողներ) նկատմամբ համատեղ հայց ներկայացնելու դեպքում, պետական տուրքը հաշվարկվում է հայցի ընդհանուր գումարից և վճարվում է հայցվորների կողմից` յուրաքանչյուրի պահանջին համապատասխան չափով:
Համահայցվորների հայցապահանջից մեկ կամ մի քանի հայցվորների պահանջը առանձին վարույթով առանձնացնելու դեպքում, հայցադիմումը ներկայացնելու պահին վճարված պետական տուրքը չի վերահաշվարկվում և երկրորդ անգամ պետական տուրք չի գանձվում, որի մասին նշվում է վարույթն առանձնացնելու որոշման մեջ:
Հայցի ընդհանուր գումարից ելնելով է գանձվում պետական տուրքը նաև մեկ հայցվորի կողմից մի քանի պատասխանողների նկատմամբ հայցի հարուցման ժամանակ, երբ նման պահանջները միացվում են մեկ վարույթում:
5. Գույքային և ոչ գույքային պահանջ պարունակող հայցադիմումով պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է յուրաքանչյուր պահանջի համար առանձին:
6. Հայցվորի կողմից հայցագինը ճիշտ չնշելու դեպքում այն որոշում է դատավորը: Եթե հայցը հարուցելու պահին հայցագինը որոշելը դժվար է, ապա դատավորը որոշում է նախնական հայցագին և պետական տուրքի չափ, հետագայում լրացուցիչ գանձելով այն հայցագնին համապատասխան պետական տուրք, որը որոշել է դատարանը վճիռ կայացնելիս:
7. Հայցագինը մեծացնելու դեպքում պետական տուրքի չբավականացնող գումարը գանձվում է վճիռ կայացնելիս` ավելացված հայցագնին համապատասխան: Հայցագինը նվազեցնելու դեպքում վճարված տուրքը չի վերադարձվում:
8. Հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը ենթակա են վերադարձման, եթե չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն` բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը կամ նման միջնորդությունը մերժվել է:
9. Հակընդդեմ հայցադիմումներից, ինչպես նաև վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձանց գործին մասնակցելու մասին դիմումներից պետական տուրքը գանձվում է ընդհանուր հիմունքներով:
10. Նախկինում առանց քննության թողնված հայցը կրկին ներկայացնելու դեպքում, պետական տուրքը վճարվում է ընդհանուր հիմունքներով:
Պետական տուրքը վճարվում է ընդհանուր հիմունքներով նաև այն դեպքում, երբ հայցվորի հայցից հրաժարվելու պատճառաբանությամբ գործի վարույթը կարճվելուց հետո հայցվորը նույն վեճի վերաբերյալ կրկին է հայց ներկայացրել: