«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 մարտի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005125
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
3 մարտի 2005 թ. |
N 90-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներին և համակարգչային սարքավորումներին ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Հաստատել արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացվող անձանց կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների և համակարգչային սարքավորումների գրանցման կարգը և շահագործման կանոնները՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
2005 թ. մարտի 4 |
Հավելված 1 | ||
Համաձայնեցված է` |
Հաստատված է` |
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
1. Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող անձանց (այսուհետև՝ փոխանակման կետ) կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաները (այսուհետև՝ ՀԴՄ) պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման (Հայպետսանդարտ) վարչության 1998 թվականի հուլիսի 15-ի թիվ 25/1Վ «Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջների հաստատման մասին» հրամանով հաստատված 4-րդ բաժնով սահմանված պահանջներին:
2. Փոխանակման կետի կողմից կիրառվող համակարգչային սարքավորումները (այսուհետ՝ ՀՍ) և փոխանակման կետի աշխատանքը ապահովող կիրառական ծրագրային համակարգը (այսուհետ՝ Ծրագիր) պետք է բավարարեն հետևյալ պահանջներին՝
2.1. ՀՍ-ի մոդելը պետք է ապահովի իր մեջ պարունակվող Ծրագրի աշխատունակությունը:
2.2. ՀՍ-ում պետք է տեղադրված լինի Ծրագիր, որը ապահովի տվյալների մուտքագրման և մշակման հնարավորություն, ինչպես նաև ապահովի դրանց պաշտպանվածությունը այլ ծրագրերով դիտարկումներից և փոփոխություններից:
2.3. Ծրագիր մուտքագրված տվյալները չեն կարող խախտել ժամանակային անընդհատությունը (խրոնոլոգիական հերթականությունը) և ամբողջականությունը, այդ թվում՝ Ծրագիրը պետք է բացառի հետին ամսաթվով և/կամ ժամով գործարքների մասին տվյալների մուտքագրումը կամ մուտքագրված տվյալների փոփոխումը:
2.4. Ծրագիր մուտքագրված տվյալները չեն կարող հեռացվել: Սխալ մուտքագրված տվյալների վերաբերյալ նշում է կատարվում՝ ճանաչելով դրանք անվավեր և այդ փաստը հաշվառվում է Ծրագրի կողմից:
2.5. ՀՍ-ի, ինչպես նաև Ծրագրի գործարկումը պետք է կատարի միայն համապատասխան իրավասություններ ունեցող օգտագործողը (Կենտրոնական բանկում գրանցված փոխանակման կետի աշխատակիցը):
2.6. Ծրագրի առաջին գործարկման ժամանակ մուտքագրվում է Ծրագիրն օգտագործող փոխանակման կետի անվանումը, լիցենզիայի համարը և գործունեության հասցեն, որոնք փոփոխման ենթակա չեն Ծրագրի շահագործման ընթացքում:
2.7. Ծրագրում պետք է պահպանվեն տեղեկություններ առնվազն նախորդ հինգ ամիսների վերաբերյալ, սկսած Ծրագրի շահագործման պահից:
2.8. Ծրագիրը պետք է ապահովի օրական և ամսական ֆիսկալային հաշվետվությունների կազմում: Ֆիսկալային հաշվետվությունում պարտադիր պետք է պարունակվեն հետևյալ տեղեկությունները՝ փոխանակման կետի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), հաշվետվության կազմման օրը, հաշվետվության կազմման ժամանակահատվածը, հարկային տեսչության կողմից համակարգչի գրանցման համարը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436 որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի հավելված(ներ)ով սահմանված տեղեկությունները:
2.9. Ծրագիրը պետք է ապահովի առնվազն հետևյալ գործողությունների կատարումը՝
ա) փոխանակման կետում կատարվող գործարքների վերաբերյալ անհրաժեշտ տվյալների մուտքագրում.
բ) փոխանակման կետի դրամարկղի մնացորդների և շարժի կառավարում.
գ) անհրաժեշտ հաշվետվությունների կազմում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436 որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի:
2.10. Ծրագիրը պետք է ապահովի նրանում առկա տեղեկատվության ամենօրյա կրկնօրինակում այլ արտաքին կրիչների վրա (մագնիսական սկավառակ, լազերային սկավառակ կամ այլ):
2.11. Ծրագիրը պետք է ունենա հնարավորություն վերականգնել տեղեկատվությունը արտաքին կրիչում պահպանվող նախկինում ձևավորված կրկնօրինակից:
2.12. Ծրագիրը պետք է ունենա «Օգտագործողի ձեռնարկ», որում պետք է արտացոլված լինեն Ծրագրի տեղադրման և օգտագործման կանոնները:
2.13. ՀՍ-ին պետք է միացված լինի տպող սարք, որը կապահովի Ծրագրի կողմից կազմվող անդորրագրերի (չեկերի) և հաշվետվությունների տպումը:
2.14. ՀՍ-ը պետք է միացված լինի էլեկտրասնուցմանը անխափան սնուցման սարքի միջոցով, որը կապահովի նրա աշխատունակությունը առնվազն տասը րոպեի ընթացքում:
Հավելված 2 | ||
Համաձայնեցված է` |
Հաստատված է` |
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳԻՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը և կանոնները մշակվել են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան:
2. Հսկիչ-դրամարկղային մեքենաների (այսուհետ՝ ՀԴՄ-ներ) կամ համապատասխան ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր) պարունակող համակարգչային սարքավորումների (այսուհետև՝ ՀՍ) պարտադիր կիրառմամբ արտարժույթի առք ու վաճառք և արտարժույթի դիլերային առքուվաճառք իրականացնող անձինք (այսուհետ` փոխանակման կետ) արտարժույթի առքուվաճառքի գործարքներ կատարելիս դրամական հաշվարկները իրականացնում են ՀԴՄ-ի կամ ՀՍ-ի միջոցով:
Փոխանակման կետերը հաշվարկները կատարում են միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարածքային ստորաբաժանումներում (այսուհետ՝ հարկային տեսչություն)՝ սահմանված կարգով գրանցված և կապարակնքված ՀԴՄ-ների կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում (այսուհետև՝ Կենտրոնական բանկ) և հարկային տեսչությունում սահմանված կարգով գրանցված և կապարակնքված ՀՍ-ների միջոցով:
3. Փոխանակման կետերում կիրառվող ՀԴՄ-ների շահագործումը և գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով:
4. Փոխանակման կետերի կողմից ՀՍ-ների շահագործումը և գրանցումն իրականացվում է համաձայն սույն կարգի և կանոնների:
II. ՀՍ-ՆԵՐԻ (ԾՐԱԳՐԻ) ԳՐԱՆՑՈՒՄԸ
5. Փոխանակման կետը պարտավոր է մինչև ՀՍ-ում տեղադրվող Ծրագրի գործարկումը Կենտրոնական բանկ ներկայացնել դիմում՝ համաձայն Ձև 1-ի, ՀՍ-ի (Ծրագրի) գործարկման համաձայնություն ստանալու համար: Դիմումին կից փոխանակման կետը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը, եթե չի օգտագործվելու Կենտրոնական բանկի կողմից տրամադրող Ծրագիրը՝
ա) Ծրագրի արտադրողի անվանումը, գործունեության վայրը, ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն, հայրանուն, բնակության վայրը,
բ) Համաձայն Կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի թիվ 90-Ն որոշմամբ հաստատված և հարկային ծառայության հետ համաձայնեցված «Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներին և համակարգչային սարքավորումներին ներկայացվող պահանջներ»-ի Ծրագրում կիրառված պաշտպանական մեխանիզմի նկարագրությունը,
գ) Ծրագրի «Օգտագործողի ձեռնարկ»-ը համաձայն Կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի թիվ 90-Ն որոշմամբ հաստատված և հարկային ծառայության հետ համաձայնեցված «Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներին և համակարգչային սարքավորումներին ներկայացվող պահանջներ»-ի,
դ) Ծրագրի աշխատող պատճենը և նրա տեղադրման արարողակարգը:
6. Կենտրոնական բանկը դիմումը քննարկում է տասն աշխատանքային օրվա ընթացքում (եթե օգտագործվում է Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող Ծրագիր՝ հնգօրյա ժամկետում) և Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ տրվում է համաձայնություն Ծրագրի գործարկմանը, եթե Ծրագիրը համապատասխանում է Կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի թիվ 90-Ն որոշմամբ հաստատված և հարկային ծառայության հետ համաձայնեցված «Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներին և համակարգչային սարքավորումներին ներկայացվող պահանջներ»-ին:
7. Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալու պահից եռօրյա ժամկետում փոխանակման կետը իր հաշվառման վայրի հարկային տեսչություն է ներկայացնում դիմում ՀՍ-ի գրանցման մասին` համաձայն N 2 ձևի: Դիմումին կից ներկայացվում է փոխանակման կետի լիցենզիայի պատճենը, ՀՍ-ն, ՀՍ-ում Ծրագրի տեղադրման ակտը: Դիմումին կից փոխանակման կետը ներկայացնում է նաև տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող կենտրոնի (այսուհետ՝ կենտրոն) հետ կնքված ՀՍ-ի տեխնիկական սպասարկման և նորոգման պայմանագրի պատճենը՝ մինչև ՀՍ-ի գրանցումն այդպիսի պայմանագրի կնքման դեպքում: ՀՍ-ի գրանցումից հետո կենտրոնի հետ կնքված պայմանագրերը ևս ենթակա են ներկայացվելու հարկային տեսչություն:
Սույն կետով նախատեսված պայմանագրի պատճենը փոխանակման կետը ներկայացնում է նաև Կենտրոնական բանկ՝ պայմանագրի կնքման պահից հնգօրյա ժամկետում:
8. Հարկային տեսչությունը սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը ստանալուց հետո, ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է ՀՍ-ի գրանցում:
9. Սույն կարգի 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացվելու, չներկայացվելու դեպքում հարկային տեսչությունը մեկօրյա ժամկետում փաստաթղթերը վերադարձնում է փոխանակման կետին՝ Ծրագրի չգրանցման պատճառների գրավոր հիմնավորմամբ:
10. Հարկային տեսչությունը փոխանակման կետին տալիս է ՀՍ-ի գրանցման քարտի մեկ օրինակ՝ համաձայն N 3 ձևի:
11. Օգտագործվող ՀՍ-ն (Ծրագիրը) նորով փոխարինելու կամ լրացուցիչ ՀՍ (Ծրագիր) տեղակայելու անհրաժեշտության դեպքում փոխանակման կետը պարտավոր է նախքան նոր ՀՍ-ի (Ծրագրի) օգտագործումը, սույն կարգին համաձայն, ստանալ Կենտրոնական բանկի համաձայնությունը, որից հետո հարկային տեսչություն ներկայացնել դիմում՝ նոր ՀՍ-ի գրանցման և նախկինում գրանցված՝ փոխարինման ենթակա ՀՍ-ն գրանցումից հանելու մասին:
12. Հարկային տեսչությունը ՀՍ-ն (Ծրագիրը) փոխարինելու կամ լրացուցիչ ՀՍ-ն (Ծրագիրը) տեղակայելու մասին դիմումն ստանալուց հետո ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է նոր ՀՍ-ն (Ծրագիրը) և (կամ) գրանցումից հանում նախկինում գրանցված ՀՍ-ն (Ծրագիրը)՝ փոխանակման կետին տրամադրելով նոր քարտ:
13. Փոխանակման կետի (իրավաբանական անձինք) լուծարման, վերակազմակերպման դեպքում հարկային տեսչություն են ներկայացնում դիմում` ՀՍ-ն (Ծրագիրը) գրանցումից հանելու մասին: Հարկային տեսչությունը 3 օրվա ընթացքում ՀՍ-ն (Ծրագիրը) հանում է գրանցումից և դրա մասին քարտում կատարում է համապատասխան գրառում, որը հաստատվում է հարկային տեսչության ղեկավարի ստորագրությամբ և կնիքով:
14. Փոխանակման կետը գրանցման քարտը պահպանում է ՀՍ-ի (Ծրագրի) օգտագործման վայրում՝ օգտագործման ամբողջ ժամանակահատվածում, և ներկայացնում է հարկային տեսչության պահանջով: ՀՍ-ն (Ծրագիրը) օգտագործումից հանելու ժամանակ քարտը վերադարձվում է հարկային տեսչություն: Վերադարձված քարտը հարկային տեսչությունում պահվում է տվյալ ՀՍ-ն (Ծրագիրը) օգտագործումից հանելու օրվանից սկսած՝ 3 տարվա ընթացքում: Շահագործողի պահանջով հարկային տեսչության կողմից նրան տրվում է տեղեկանք տվյալ ՀՍ-ն (Ծրագիրը) գրանցումից հանելու մասին:
III. ՀՍ-Ն (ԾՐԱԳԻՐԸ) ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
15. Փոխանակման կետում ՀՍ-ի (Ծրագրի) միջոցով հաշվարկներն իրականացնելու համար այդ պարտականությունները սահմանված կարգով (հրամանով) դրվում են համապատասխան աշխատողի վրա (այսուհետ՝ պատասխանատու անձ): Պատասխանատու անձը պետք է ունենա Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված կարգով ստացված որակավորման վկայական:
16. Փոխանակման կետի պատասխանատու անձը պարտավոր է աշխատանքային օրվա (հերթափոխի) սկզբում ստուգել ՀՍ-ի (Ծրագրի) աշխատունակությունը, որից հետո նոր սկսել աշխատանքը:
17. Պատասխանատու անձը պարտավոր է՝
ա) հաշվիչ սարքի միջոցով մուտքագրել դրամական գումարը, որոշել ընդհանուր գումարը և տեղեկացնել հաճախորդին, պատվիրատուին և այլն,
բ) ՀՍ-ին կից տեղակայված տպող սարքի միջոցով տպել և գումարն ստանալու պահին արտարժույթի կամ դրամի հետ միասին հաճախորդին տրամադրել անդորրագիր (դրամարկղային չեկ, կտրոն):
18. Փոխանակման գործարքի ժամանակ գումարների սխալմամբ գրանցման դեպքերում Ծրագրում կատարվում են անհրաժեշտ ուղղումներ՝ նշելով ուղղման պատճառը: Կատարված ուղղումները Ծրագրում հաշվառվում են առանձին և դրանց վերաբերյալ յուրաքանչյուր ամսվա համար հարկային տեսչություն է ներկայացնում տեղեկություն՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 25-ը:
19. ՀՍ-ի (Ծրագրի) աշխատանքի ընթացքում անսարքություն հայտնաբերելիս կամ որևէ խափանում տեղի ունենալու դեպքում պատասխանատու անձը պարտավոր է անջատել ՀՍ-ն, որից հետո փոխանակման կետը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը, այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնելով Կենտրոնական բանկին և հարկային տեսչությանը: Մինչև ՀՍ-ի (Ծրագրի) նորոգումը կամ այն նորով փոխարինելը՝ ՀՍ-ների (Ծրագրի) պարտադիր կիրառմամբ գործարքների կատարումն արգելվում է:
20. Պատասխանատու անձը Ծրագրում տեղեկատվության խափանման դեպքում Ծրագրի միջոցով իրականացնում է նախկինում կրկնօրինակված տեղեկատվության վերականգնում և փոխանակման կետում առկա անդորրագրերի հիման վրա կատարում է տեղեկատվության մուտքագրում՝ վերականգնելով ներկա իրավիճակը: Այս գործընթացի ընթացքում փոխանակման կետը դադարեցնում է իր աշխատանքը:
21. Պատասխանատու անձին արգելվում է կողմնակի անձանց թույլատրել աշխատել ՀՍ-ի հետ՝ բացառությամբ հարկային տեսչության, Կենտրոնական բանկի աշխատողների, տեխնիկական սպասարկում իրականացնող մասնագետների:
22. Պատասխանատու անձը հերթափոխի կամ աշխատանքային օրվա ավարտից հետո Ծրագրի միջոցով կատարում է նրանում առկա տեղեկատվության կրկնօրինակում այլ արտաքին կրիչների վրա (մագնիսական սկավառակ, լազերային սկավառակ կամ այլ):
23. Պատասխանատու անձը հերթափոխի կամ աշխատանքային օրվա ավարտից հետո Ծրագրի օգնությամբ ձևավորում է՝
ա) Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436 որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ով նախատեսված հաշվետվությունը (ները) թղթային կրիչի վրա, այնուհետև ստուգում և ստորագրում է այն՝ նշելով ստորագրման ամսաթիվը և ժամը,
բ) օրական ֆիսկալային հաշվետվությունը:
Նշված հաշվետվությունները պահպանվում են փոխանակման կետում՝ տպվելու օրվանից 3 տարի:
IV. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
24. Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: