ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
7 սեպտեմբերի 2012 թ. |
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված` «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի կազմավորման մասին» 2007 թվականի հոկտեմբերի 5-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2012 թվականի հունիսի 27-ի ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով Արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի կազմավորման մասին» 2007 թվականի հոկտեմբերի 5-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունն ստորագրվել է 2010թ. դեկտեմբերի 10-ին` Մոսկվայում:
Արձանագրության հիմնական նպատակն է` Համաձայնագրի անբաժան մաս հանդիսացող` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունը. «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի կանոնադրության երրորդ բաժինը լրացնել Համաձայնագրի անբաժան մաս հանդիսացող` հետևյալ բովանդակությամբ չորրորդ պարբերությամբ. «համակարգել Անկախ պետությունների համագործակցության ճյուղային համագործակցության մարմինների գործունեությունը Խորհրդի իրավասության տակ գտնվող` միգրացիայի ոլորտի հարցերում»:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված` «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի կազմավորման մասին» 2007 թվականի հոկտեմբերի 5-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
7 սեպտեմբերի 2012 թ. ՍԴՈ-1043 |