Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-22-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.02.17-2025.03.02 Պաշտոնական հրապարակման օրը 17.02.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.01.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի հունվարի 22-ին

 

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2002 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-465-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 2. Պետական մշակութային քաղաքականության կազմակերպումը

 

Հայաստանի Հանրապետությունում պետական մշակութային քաղաքականությունը կազմակերպվում է մշակույթի պահպանման, զարգացման և տարածման պետական ռազմավարական ծրագրերով, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-10-րդ կետերով.

«6) պետություն-մասնավոր հատված համագործակցությունը.

7) պետական աջակցության ծրագրերի մասնակցության մեկնարկային պայմանների հավասարությունը՝ անկախ մասնակցի կարգավիճակից.

8) արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացումը.

9) մշակութային միջոցառումների բազմազանության ապահովումը.

10) մշակույթի ապակենտրոնացումը՝ մարզերում պետական մշակութային քաղաքականության ընդլայնումը և համայնքների մշակութային կյանքի ակտիվացումը։»:

 

Հոդված 3 Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման համար պայմանների ստեղծումը, ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողների գործունեության խթանումը, բարենպաստ միջավայրի ձևավորումը.»:

 

Հոդված 4․ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«մշակույթ՝ մարդկանց, սոցիալական խմբերի կամ հասարակական միավորումների կողմից նյութական և հոգևոր ոլորտներում ստեղծված արժեքների, համոզմունքների, սովորույթների, ավանդույթների, զգայությունների, մտածողության և հասարակական համակեցության կանոնների, վարքագծի ու գործողությունների ամբողջություն, սոցիալական, տնտեսական և ժամանցային համալիր գործունեություն, որն ապահովում է մշակութային արժեքների փոխանցելիությունը, ժառանգականությունը և պահպանությունը, ձևավորում է հասարակության ինքնությունը և համախմբում նրանց ընդհանրական արժեքների շուրջ.».

2) յոթերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ երեք պարբերությունով․

«ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործող՝ մասնագիտական հմտություններ ունեցող, մասնագիտական ծառայություններ առաջարկող և ստեղծագործական գործունեությամբ զբաղվող, ստեղծագործական ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող, ինչպես նաև մշակույթի և արվեստի բնագավառում այդ գործունեության միջոցով եկամուտ ստեղծող անձ․

մշակութային գործունեությամբ զբաղվող անձ՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի գործողության ոլորտներում գործունեություն իրականացնող մշակութային կազմակերպությունում գրանցված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրով ստեղծագործական գործունեություն իրականացնող անձ.

ստեղծարար արդյունաբերություն՝ նոր գաղափարների, ստեղծագործական բովանդակության և նորարարությունների արտադրության, մշակութային արժեքների ստեղծման, մշակութային տարբեր արտադրանքների և ծառայությունների ձևավորման, հանրայնացման, փոխանցման, իրացման, վերավաճառքի, բաշխման և սպառման համակարգ.».

3) իններորդ և տասներորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգություն՝ անցյալում ստեղծված նյութական և ոչ նյութական մշակութային արժեքների ամբողջություն, որը համաշխարհային ժառանգության բաղկացուցիչ մաս է՝ անկախ սեփականության իրավունքից, անհատների ու համայնքների, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների համար ունի մշակութային, հոգևոր, գեղագիտական, զգայական, գիտական, տնտեսական կարևոր նշանակություն, հիմնարար գործոն է Հայաստանի Հանրապետության մշակութային բազմազանության խթանման և կայուն զարգացման համար.

Հայաստանի Հանրապետության մշակութային հարստություն՝ մշակութային արժեքների ամբողջություն (ներառյալ մշակութային ժառանգության օբյեկտները և ոչ նյութական մշակութային ժառանգությունը), որը հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ազգային փոքրամասնությունների և այլ էթնոմշակութային խմբերի համար ունի ազգային նշանակություն.»:

 

Հոդված 5. 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ 4.

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԻՆՔՆԱԶԲԱՂ ԿԱՄ ԱՆԿԱԽ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»:

 

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.3-րդ կետերով.

«1.1) խթանում է ստեղծարար արդյունաբերության ոլորտներում ձեռնարկատիրության զարգացումը, օժանդակում ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործող և մշակույթի ոլորտում աշխատող, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց, կազմակերպություններին.

1.2) խթանում է ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողների և մշակույթի ոլորտի աշխատողների ցանցային ներգրավվածությունը, գաղափարների գեներացումը, նորարարական և ստեղծագործական գաղափարական թիմերի ձևավորումը, մասնակցայնության ու համագործակցության մոտիվացումը.

1.3) նպաստում է մշակույթի ոլորտում հասարակության և տնտեսության զարգացմանն ուղղված համընթաց գործողությունների, ներդրումների, կապիտալի ու ռեսուրսների արդյունավետ օգտագործման մեխանիզմների ներդրմանը, կառավարմանը.»։

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին հոդվածով.

 

«Հոդված 18.1.

Մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողները

 

1. Սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողներն իրականացնում են տվյալ ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան գործառույթներ՝ համաձայն տվյալ պաշտոնի նկարագրի և պայմանագրի:

2. Մշակույթի ոլորտի յուրաքանչյուր պետական կազմակերպության աշխատողի կարգավիճակը, աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց ներկայացվող պահանջները և օրինակելի նկարագիրը սահմանում է լիազորված պետական մարմինը:

3. Մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու նպատակով լիազորված պետական մարմնի սահմանած կարգով տվյալ կազմակերպությունը իրականացնում է ատեստավորում, եթե տվյալ ոլորտը կարգավորող օրենքով այլ բան սահմանված չէ։ Ատեստավորման անցկացման պարբերականությունը, ժամկետները, արդյունքների բողոքարկման կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը։

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր ատեստավորման համար մշակույթի ոլորտի տվյալ կազմակերպությունը ձևավորում է ատեստավորման հանձնաժողով՝ համաձայն լիազորված պետական մարմնի սահմանած կարգի։

5. Ատեստավորման հանձնաժողովը մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողի ատեստավորման արդյունքով կայացնում է որոշում՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին կամ չի համապատասխանում:

6. Ատեստավորման գործընթացում մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողի ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է դրույքաչափի փոփոխության և հավելավճարի (ելույթավճարի) սահմանման համար: Ատեստավորման արդյունքներով դրույքաչափերի փոփոխության և հավելավճարի (ելույթավճարի) սահմանման դեպքերը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Ատեստավորման հանձնաժողովի՝ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշման դեպքում մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողի նկատմամբ կիրառելի են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի՝ աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծելու կարգավորումները:»:

 

Հոդված 8 Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1) ապահովում է պետական մշակութային քաղաքականության իրականացումը և հաստատում մշակույթի պահպանման, զարգացման և տարածման պետական ռազմավարական ծրագիրը.

2) մշակույթի պահպանման, հանրահռչակման և զարգացման նպատակով ստեղծում է մշակույթի զարգացման հիմնադրամ և հաստատում դրա կանոնադրությունը.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-11-րդ կետերով.

«6) սահմանում է մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմները.

7) հաստատում է մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման կարգերը.

8) հաստատում է մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին, այդ թվում՝ ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողներին դրամական խրախուսում տրամադրելու (վճարելու) կարգը և չափերը.

9) հաստատում է պետական մշակութային կազմակերպությունների աշխատողների (այդ թվում՝ ստեղծագործական) վերապատրաստման և ատեստավորման, դրա համապատասխան արդյունքի գրանցման դեպքում հավելավճարների (ելույթավճարների) տրամադրման, ինչպես նաև սակագնային ընդհանուր քաղաքականության սկզբունքների վերաբերյալ ուղենշային կարգերը.

10) հաստատում է ռազմական դրության ժամանակ և արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության առաջնահերթ տարահանման մշակութային արժեքների ցանկը.

11) սահմանում է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում մշակութային ծրագրերի և նախաձեռնությունների համաֆինանսավորման սկզբունքները, կարգը և չափորոշիչները։»:

 

Հոդված 9․ Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) 1-ին կետի «մշակույթի պահպանման, տարածման և զարգացման պետական ծրագրերի մշակմանը» բառերը փոխարինել «մշակույթի պահպանման, զարգացման և տարածման պետական ռազմավարական ծրագրերի մշակմանը» բառերով.

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչում շնորհելու առաջարկություններ.».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով.

«9.1) մշակում է ռազմական դրության ժամանակ և արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության առաջնահերթ տարահանման մշակութային արժեքների ցանկը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.».

4) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին` թատերական, երաժշտական, պարարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային, «Համապետական», «Տարածքային» կամ «Տեղային» կարգավիճակ շնորհելու վերաբերյալ առաջարկություն։»:

 

Հոդված 10 Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11 Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մշակութային ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը հաստատում է իր կողմից տրամադրվող ծառայությունների սակագները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։»:

 

Հոդված 12․ Օրենքի 26.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 26.1.

Մշակութային ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակը

 

1. Մշակութային առանձին կազմակերպությունների՝ թատերական, երաժշտական, պարարվեստի, կինոարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային, որոնք համապետական և համազգային նշանակության բացառիկ գործունեություն են իրականացնում, կարող է շնորհվել «Համապետական» կարգավիճակ:

2. «Տարածքային» նշանակության կարգավիճակ շնորհվում է այն մշակութային կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են մարզի շրջանակում՝ բավարարելով մարզի բնակչության մշակութային պահանջմունքները:

3. «Տեղային» նշանակության կարգավիճակ շնորհվում է այն մշակութային կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են համայնքի շրջանակում՝ բավարարելով համայնքի բնակչության մշակութային պահանջմունքները:

4. Գործող և նոր ստեղծվող մշակութային կազմակերպություններին «Համապետական», «Տարածքային» կամ «Տեղային» կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգը, նախապայմանները և չափանիշները հաստատում, ինչպես նաև համապատասխան կարգավիճակը շնորհում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ լիազորված պետական մարմնի առաջարկությամբ։»:

 

Հոդված 13 Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 26.2. Մշակույթի զարգացման հիմնադրամի նպատակները և գործառույթները

 

1. Մշակույթի զարգացման հիմնադրամի նպատակներն են՝

1) օժանդակել մշակույթի կառավարման արդյունավետ գործիքակազմի ներդրմանը.

2) աջակցել պետական մշակութային կազմակերպությունների ֆինանսական ինքնավարության խթանմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը.

3) իրականացնել մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրեր.

4) նպաստել հայկական մշակույթի միջազգայնացմանը։

2. Հիմնադրամն իրականացնում է պետական մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների՝

1) մարկետինգային գործառույթները.

2) վարչատնտեսական գործընթացի կառավարումը, այդ թվում՝ հաշվապահական հաշվառումը, գնումների գործընթացը, ընթացիկ տեխնիկական սպասարկումը.

3) մշակույթի տվյալ ոլորտը կարգավորող օրենքներով սահմանված այլ գործառույթներ։

3. Հիմնադրամի գործառույթների իրականացման կարգը (ներառյալ պետական մարմինների հետ փոխգործակցության մեխանիզմները) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։

 

Հոդված 14․ Օրենքի 31-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 15. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ինն ամսվա ընթացքում։

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ստեղծված և գործող «Ազգային» կարգավիճակ ունեցող կազմակերպությունները պահպանում են իրենց կարգավիճակը։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. փետրվարի 14

Երևան

ՀՕ-22-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան