ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ ականդատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/0845/05/212024 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/0845/05/21 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ. Բ եդևյան | |
զեկուցող | ք․ ՄԿՈՅԱՆ | |
Ա. Թովմասյան Լ. Հակոբյան | ||
ռ. Հակոբյան |
2024 թվականի ապրիլի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության և երրորդ անձ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.05.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Դիանա Ջեյրանյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն` թիվ 2010876248 որոշման հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը` կատարողական վարույթ հարուցելու մասով ճանաչելու և, որպես հետևանք, թիվ 2010876248 վարչական ակտի հիման վրա թիվ 06366343 կատարողական վարույթով բռնագանձված գումարը վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Դիանա Ջեյրանյանը պահանջել է ճանաչել թիվ 2010876248 որոշման հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը` կատարողական վարույթ հարուցելու մասով, և որպես հետևանք, պարտավորեցնել վերադարձնել թիվ 2010876248 վարչական ակտի հիման վրա թիվ 06366343 կատարողական վարույթով բռնագանձված գումարը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Կ․ Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 25․05․2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10․05․2022 թվականի որոշմամբ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության և երրորդ անձ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 25․05․2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (ներկայացուցիչ Փառանձեմ Պողոսյան) և երրորդ անձ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը (ներկայացուցիչ Հրայր Կյուրեղյան)։
Վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել։
2. ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ և 27-րդ հոդվածները, չի կիրառել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից 24․02․2020 թվականին կայացված թիվ 2010876248 վարչական ակտը սահմանված կարգով ուղարկվել է հայցվորին, սակայն վերջինիս ուղարկված փոստային առաքանին վերադարձվել է «Չպահանջված» նշագրումով, որից հետո ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով՝ վարչական ակտը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am)։
Այսինքն, ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն են ներկայացվել այն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց առկայության պայմաններում հարկադիր կատարողը պարտավոր էր հարուցել դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթ, ինչն էլ, իրավացիորեն իրականացրել է ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողը` կայացնելով թիվ 06366343 կատարողական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշում:
Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի մեկնաբանություններին հակասող մեկնաբանությամբ է կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածը՝ հարկադիր կատարման ենթակա որոշումը վերադարձված լինելու և ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված լինելու փաստերի վերաբերյալ ապացույցները չհամարելով բավարար՝ այդ որոշման ուժի մեջ մտած լինելու փաստը հաստատելու համար։
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.05.2022 թվականին կայացրած որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան նոր քննության, կամ փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ մերժել։
2.1․ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործում առկա նյութերից հետևում է, որ թիվ 2010876248 որոշումը հայցվորին ուղարկելու փոստային առաքանին «Չպահանջված» նշումով վերադարձվել է, որից հետո տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Այսինքն, պահպանվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի պահանջները, հետևաբար հայցվորը համարվել է պատշաճ ծանուցված: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հասցեն տրվում է հենց տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից (օր. տրանսպորտային միջոցները հաշվառելիս), միաժամանակ, թիվ 2010876248 որոշման մեջ առկա է նշում գրանցման (հաշվառման) հասցեի վերաբերյալ: Հետևաբար տվյալ իրավիճակում դատարանի մոտ նշվածի վերաբերյալ կասկած առաջանալու դեպքում, դատարանը կարող էր հայցվորի հասցեի հետ կապված տեղեկատվություն պահանջել կողմերից:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը սխալ է հետազոտել և գնահատել գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում կայացվել է սխալ դատական ակտ:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10․05․2022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ Դիանա Ջեյրանյանի հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 24․02․2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 2010876248 որոշման համաձայն՝ Դիանա Ջեյրանյանը կատարված իրավախախտման համար ենթարկվել է վարչական պատասխանատվության (հատոր 1-ին, գ.թ. 29, http://https://office.roadpolice.am/public//roadpolicepoints):
2) Թիվ RD107279809AM («Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 2010876248 որոշում) բեռնային համարով փոստայի ծրարի համաձայն՝ Դիանա Ջեյրանյանին ուղղված փոստային առաքանին 14․03․2020 թվականին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն է վերադարձվել «չպահանջված» նշումով (հատոր 1-ին, գ.թ․ 34):
3) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքից արված քաղվածքի համաձայն՝ «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 2010876248 որոշումը տեղադրվել է կայքում 14․03․2020 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 33):
4) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը թիվ 114464 գրությամբ դիմել է ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն` «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 2010876248 որոշմամբ նշված դրամական պահանջի կատարումն ապահովելու խնդրանքով (հատոր 1-ին, գ․թ․ 29):
5) ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության 21․08․2020 թվականի որոշմամբ հարուցվել է թիվ 06366343 կատարողական վարույթը` Դիանա Ջեյրանյանից հօգուտ պետական բյուջեի վարչական տույժ նշանակելու մասին որոշմամբ նշված գումարը, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձելու մասին: Նշված գումարների չափով արգելանք է դրվել Դիանա Ջեյրանյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա (հատոր 1-ին, գ.թ. 30):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/6612/05/21 վարչական գործով 15․12․2021 թվականի, թիվ ՎԴ/1140/05/21 վարչական գործով 22․07․2021 թվականի, թիվ ՎԴ/3227/05/21 վարչական գործով 16․03․2022 թվականի, թիվ ՎԴ/9969/05/21 վարչական գործով 11․03․2022 թվականի, թիվ ՎԴ/9963/05/21 վարչական գործով 24․03․2022 թվականի, թիվ ՎԴ/9501/05/21 վարչական գործով 17․11․2021 թվականի, թիվ ՎԴ/9515/05/21 վարչական գործով 17․02․2022 թվականի, թիվ ՎԴ/9522/05/21 վարչական գործով 17․11․2021 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռներում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ և 27-րդ հոդվածները, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով
Սույն վճռաբեկ բողոքների քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշմամբ նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։
Միաժամանակ, նկատի ունենալով, որ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության և երրորդ անձ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վճռաբեկ բողոքները ներկայացվել են ըստ էության նույնաբովանդակ հիմքերով ու հիմնավորումներով, Վճռաբեկ դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննության առնել համատեղ:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարման ենթակա ակտերի շրջանակը: Նշված հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ հարկադիր կատարման ենթակա են անբողոքարկելի վարչական ակտերը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է և կատարողական մակագրության թերթը, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը (․․․):
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածի համաձայն՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող (․․․) փաստաթղթերը հարկադիր կատարողը վերադարձնում է վարչական մարմին:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման նույն օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց, իսկ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում՝ հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դրամական պահանջները նույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարկադիր կատարման ներկայացնելիս վարչական մարմինը ներկայացնում է դրամական պահանջները հավաստող համապատասխան վարչական ակտը, այդ ակտի մասին նույն օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը, ինչպես նաև ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները և կատարման վերաբերյալ գրություն, որում նշվում են`
1) դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացրած վարչական մարմնի անվանումը.
2) դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.
3) վարչական ակտի համարը, որի հիման վրա դրամական պահանջը ներկայացվել է կատարման, և գանձման ենթակա գումարի չափը.
4) վարչական ակտն ընդունելու տարին, ամիսը և ամսաթիվը.
5) վարչական ակտն անբողոքարկելի դառնալու տարին, ամիսը և ամսաթիվը.
6) պարտավոր անձի անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.
7) վարչական մարմնի գանձապետական հաշվեհամարը:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ վարչական ակտերի հարկադիր կատարման վարույթի մեկնարկի, այսինքն՝ վարչական ակտի հարկադիր կատարման իրավահարաբերության ծագման և ըստ այդմ՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման համար անհրաժեշտ է Օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում և նույն հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված գրության ու դրան կից ապացույցների առկայությունը: Այսինքն՝ հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարումն ապահովելու նպատակով ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իրավասու է հարուցել կատարողական վարույթ, իսկ վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերությունը ծագում է հետևյալ փաստական հիմքերի համակցությամբ.
- վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ներկայացվել Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները բավարարող կատարման վերաբերյալ գրություն,
- վերը նշված գրությունը ներկայացվել է ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց, իսկ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում՝ հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում,
- վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն ուղղված գրությանը կցվել է հարկադիր կատարման ենթակա վարչական ակտը,
- վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն ուղղված գրությանը կցվել են այդ ակտի մասին Օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը, ինչպես նաև ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները:
Վերը նշված պահանջներից որևէ մեկի պահպանված չլինելու դեպքում հարկադիր կատարողը պետք է իրացնի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածով սահմանված՝ Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը վերադարձնելու լիազորությունը: Հետևում է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերությունը կարող է ծագել միայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածով նշված վերադարձի հիմքերի բացակայության դեպքում։
ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ հարկադիր կատարման ենթակա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասցեատիրոջը պատշաճ իրազեկելու և ըստ այդմ՝ ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դարձած լինելու փաստերը հավաստող անհրաժեշտ ապացույցների շրջանակին:
Վարչական ակտի ուժի մեջ մտնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով։ Վերջինիս 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ: Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով: Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի նորմը, որպես ընդհանուր կանոն, վարչական ակտի ուժի մեջ մտնելը պայմանավորելով տվյալ ակտի մասին վարույթի մասնակիցներին իրազեկելու հանգամանքով, միաժամանակ թույլատրում է օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանել վերջինիս ուժի մեջ մտնելու այլ կարգ։
Վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասցեատիրոջն իրազեկելու հատուկ կանոններ են սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով։
Իրավահարաբերությունների ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 283-րդ հոդվածը սահմանում է․ «(․․․) Որոշման պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում անձամբ հանձնվում է այն անձին, որի վերաբերյալ այն ընդունվել է, ինչպես նաև տուժողին` նրա խնդրանքով: Որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե՝ 1) այն ստորագրությամբ առձեռն հանձնվել է հասցեատիրոջը, կամ հասցեատերը հրաժարվել է որոշումն ստանալուց, և առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին. 2) այն ուղարկվել է հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, և այդ օրենքով համարվում է պատշաճ ծանուցված. 3) պաշտոնական էլեկտրոնային փոստ չունեցող հասցեատիրոջ գրավոր դիմումի հիման վրա այն ուղարկվել է էլեկտրոնային փոստով կամ հեռահաղորդակցության այլ (այդ թվում` բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով, և դրանք հավաստում են պարտավոր անձի կողմից վարչական ակտի մասին ծանուցումն ստացած լինելու փաստը. 4) հասցեատերը դիմել է տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով կամ բողոքարկել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը, որոնց դեպքում որոշումը հանձնելու օր է համարվում տարաժամկետելու խնդրանքով դիմելու կամ բողոքարկելու օրը:
Եթե հնարավոր չէ որոշումը հանձնել առձեռն, կամ հասցեատերը չունի պաշտոնական էլեկտրոնային փոստ (բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ անձը չունի նույնականացման քարտ, կամ պետական ռեգիստրի գրանցամատյանում չկա տեղեկատվություն իրավաբանական անձի էլեկտրոնային փոստի վերաբերյալ) և գրավոր չի դիմել որոշման մասին իր հայտնած հեռահաղորդակցության միջոցով ծանուցելու խնդրանքով, կամ սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով որոշումը հանձնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, չի ստացվել հավաստում պարտավոր անձի կողմից վարչական ակտի մասին ծանուցումն ստացած լինելու փաստի մասին, ապա որոշումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցմամբ տվյալ վարչական վարույթի ընթացքում անձի հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ անձի հաշվառման հասցեով: Եթե փոստով ուղարկված որոշումը վերադարձվել է, կամ ծանուցման փաստը չի հաստատվել, կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ պատշաճ կարգով ուղարկված (հանձնվող) որոշումը, և առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին, ապա որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Այն դեպքերում, երբ որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ապա որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը: Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դիմումի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելու հետ մեկտեղ որոշումը ևս մեկ անգամ ուղարկվում է դիմումում մատնանշված հեռահաղորդակցության միջոցով: Որոշումը հասցեատիրոջ էլեկտրոնային, այդ թվում՝ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվելու դեպքում անձն ստանում է ծանուցում որոշման առկայության մասին, ինչպես նաև համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով կայացված որոշումը հնարավոր կլինի ներբեռնել կամ տեսանելի լինել ինտերնետային կայքի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում առնվազն ծանուցման մեջ արտացոլվում է որոշման եզրափակիչ մասը: Բջջային հեռախոսահամարին հաղորդագրությամբ ծանուցման դեպքում անձը ստանում է կարճ հաղորդագրություն որոշման առկայության մասին՝ որոշման համարի կամ այլ տվյալի նշումով, որի օգտագործմամբ անձը ինտերնետային կայքի միջոցով հնարավորություն կունենա դիտելու կամ ներբեռնելու որոշումը (...)»:
Այսպես, օրենսդրի կողմից, որպես վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասցեատիրոջն իրազեկելու առաջնային եղանակ, նախատեսվել է որոշումն անձամբ հանձնելը․ վարչական ակտի մասին իրազեկելու մյուս եղանակները կիրառելի են այն դեպքում, երբ բացակայում է այն հասցեատիրոջն անձամբ հանձնելու եղանակը կիրառելու հնարավորությունը։ Այս եղանակով վարչական ակտը հանձնելու դեպքում իրազեկման փաստը հաստատող պատշաճ ապացույցներ են․
- հասցեատիրոջ ստորագրությամբ փաստաթուղթը, որով հավաստվում է տվյալ որոշումը հասցեատիրոջն անձամբ հանձնելու փաստը,
- եթե հասցեատերը հրաժարվել է ստանալ որոշումը, ապա փաստաթուղթ, որի վրա առկա է հանձնողի նշումն առ այն, որ հասցեատերը հրաժարվել է որոշումն ստանալուց,
- եթե որոշումն ուղարկվել է հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին (պաշտոնական էլեկտրոնային փոստի հասկացությունը բացահայտված է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում), ապա ապացույցներ առ այն, որ վարչական ակտն ուղարկվել է հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, և հասցեատերը կարդացել է տվյալ տեղեկատվությունը («Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մաս), իսկ եթե առկա է կողմերի համաձայնությունը՝ ապա միայն ապացույց հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու վերաբերյալ («Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մաս),
- եթե հասցեատերը չունի պաշտոնական էլեկտրոնային փոստ և ներկայացրել է գրավոր դիմում ծանուցումն իր էլեկտրոնային փոստին կամ հեռահաղորդակցության այլ (այդ թվում` բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով ուղարկելու վերաբերյալ, ապա ապացույցներ առ այն, որ որոշումն ուղարկվել է հասցեատիրոջն այդ միջոցով և ստացվել է վերջինիս կողմից։
Վերը նշված միջոցներից որևէ մեկով վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասեցատիրոջն իրազեկելու հնարավորության բացակայության դեպքում, վարչական մարմնի կողմից պետք է իրականացվեն Օրենսգրքի 283-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված բոլոր գործողությունները՝ հետևյալ հերթականությամբ.
1) Նախ որոշումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցմամբ տվյալ վարչական վարույթի ընթացքում անձի հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ անձի հաշվառման հասցեով․ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նկատել, որ անձի հաշվառման հասցեն հանդիսանում է պատշաճ ծանուցման հասցե այն բոլոր դեպքերում, երբ վարչական վարույթի նյութերում առկա չէ այնպիսի ապացույց, որով հիմնավորվում է, որ ակտի հասցեատերը հայտնել է ծանուցման այլ հասցե, իսկ վարչական վարույթի նյութերում այդպիսի ապացույցի առկայության դեպքում անձի հաշվառման հասցեով որոշումն ուղարկելը չի կարող դիտարկվել որպես պատշաճ իրազեկում:
Վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը պատվիրված նամակով ակտի հասցեատիրոջը հանձնելու դեպքում իրազեկման փաստի վերաբերյալ պատշաճ ապացույց է հետադարձ ծանուցումը՝ հասցեատիրոջ ստորագրությամբ։
2) Այնուհետև, եթե փոստով ուղարկված որոշումը վերադարձվել է, կամ ծանուցման փաստը չի հաստատվել, կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ պատշաճ կարգով ուղարկված (հանձնվող) որոշումը, և առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին, ապա որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Այն դեպքերում, երբ որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ապա որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:
Այս դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման իրազեկման փաստը հավաստվում է հետևյալ ապացույցների միաժամանակյա առկայությամբ․
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 30․08․2006 թվականի «Փոստային կապի ազգային օպերատորի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցվող՝ այդ թվում նաև պատվիրված նամակների ընդունման ընթացակարգը հաստատելու մասին» թիվ 224-Ն հրամանով հաստատված CN 15 բլանկը, որում նշվում են առաքանու վերադարձման պատճառները (անհայտ, տեղափոխված, թերի հասցե, մերժված կամ չի պահանջվել) և վերադարձման ամսաթիվը, և
- որոշումը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` համացանցի http://www.azdarar.am/ հասցեում գտնվող կայքում («Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ) տեղադրված լինելու փաստը հավաստող ապացույցը։
Ընդ որում, նշված ապացույցները պետք է ժամանակագրական առումով միմյանց հաջորդեն, այսինքն, որոշումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կարող է տեղադրվել միայն առաքանին՝ CN 15 բլանկի հետ միասին վարչական ակտը կայացրած վարչական մարմին վերադարձվելուց հետո․ այլ կերպ՝ CN 15 բլանկի վրա նշված՝ առաքանու վերադարձման ամսաթիվը պետք է նախորդի որոշումը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու ամսաթվին։ Այլապես, օրենքով սահմանված իրազեկման կարգը համարվում է խախտված, որպիսի պայմաններում տվյալ ծանուցումը չի կարող համարվել պատշաճ ծանուցում, հետևաբար նաև տվյալ որոշումը չի կարող համարվել ուժի մեջ մտած։
Ելնելով վերոգրյալից` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը մտնում է ուժի մեջ՝
1) որոշումը հասցեատիրոջը հանձնելու (ստանալու) օրվան հաջորդող օրը,
2) որոշումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու դեպքում՝ որոշումը տեղադրելուն հաջորդող վեցերորդ օրը:
Վարչական ակտերի անբողոքարկելի դառնալու պայմանների վերաբերյալ ընդհանուր դրույթներ է բովանդակում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը։ Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` վարչական բողոքը կարող է բերվել` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում (…):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վիճարկման հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտն անբողոքարկելիության հատկանիշ ձեռք է բերում այն պահից, երբ վարչական ակտի հասցեատիրոջ համար սպառվում են վարչական և դատական ընթացակարգերով տվյալ վարչական ակտը վիճարկելու համար օրենքով սահմանված ժամկետները: Հաշվի առնելով, որ այդ ժամկետների հոսքի համար ելակետ է հանդիսանում վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումն անբողոքարկելի է դառնում վերջինիս ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետի ավարտին հաջորդող օրը։
Վերոհիշյալի հիման վրա` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված եղանակներից որևէ մեկով վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման իրազեկման փաստը հավաստող վերոհիշյալ ապացույցներից որևէ մեկի (կամ համակցության) առկայությունն անհրաժեշտ պայման է հարկադիր կատարման ենթակա որոշման ուժի մեջ մտած լինելու փաստը հաստատված համարելու համար։ Իսկ այդ որոշման անբողոքարկելի դարձած լինելու հանգամանքը հավաստվում է վարչական ակտի անբողոքարկելի դառնալու համար անհրաժեշտ՝ որոշման ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետի սպառված լինելու փաստի ուժով։ Սահմանված կարգով վարչական ակտի մասին կողմին չիրազեկելու, հետևապես այդ ակտի ուժի մեջ չմտնելու և անբողոքարկելի չդառնալու պարագայում հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերություն չի կարող ծագել։
Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ կատարողական վարույթ հարուցելու փուլում հարկադիր կատարողի գործողությունների շրջանակը սահմանափակվում է այն փաստաթղթերի, ապացույցների ստուգմամբ, որոնք վարչական ակտը կայացրած վարչական մարմինը պարտավոր է ներկայացնել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածին համապատասխան։ Լրացուցիչ փաստաթղթեր, ապացույցներ ձեռք բերելու լիազորությամբ հարկադիր կատարողն օժտված չէ։
ՀՀ վճռաբեկ դատարանն անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշման՝ դատական կարգով բողոքարկման իրավական կառուցակարգին անդրադարձել է թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով 25.05.2016 թվականին կայացված որոշմամբ։ Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշման բողոքարկման վերաբերյալ հայցապահանջներն ընդդատյա են վարչական դատարանին և անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումների՝ դատական կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն տվող միակ դատավարական կառուցակարգը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցն է: Նշված հայցատեսակի միջոցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը՝ դրանով իսկ, ըստ էության, դատական քննության առարկա դարձնելով վիճելի կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը (տե՛ս, Հայկ Ալումյանն ընդդեմ Ծառայության թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.05.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս հայցատեսակով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի քննության շրջանակներում դատարանի խնդիրն է պարզել․ արդյո՞ք կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը կայացվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածով սահմանված՝ Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը վերադարձնելու լիազորությունն իրացնելու հիմքերի բացակայության պայմաններում, այլ կերպ՝ արդյո՞ք կատարողական վարույթ հարուցելու որոշումը կայացնելիս հարկադիր կատարողն իր տրամադրության տակ ունեցել է հարկադիր կատարման ենթակա վարչական ակտը, բավարար ապացույցներ վարչական ակտի ուժի մեջ մտած լինելու և անբողոքարկելի դարձած լինելու վերաբերյալ, ինչպես նաև սահմանված ժամկետում ներկայացված և պահանջներին համապատասխանող՝ վարչական ակտը կայացրած վարչական մարմնի կատարման վերաբերյալ գրությունը։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշմամբ նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերությունը բացակայում է, եթե առկա է հետևյալ իրավիճակներից որևէ մեկը․
- ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը չի ներկայացվել հարկադիր կատարման ենթակա որոշումը,
- ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը չեն ներկայացվել որոշման մասին իրազեկելու և ըստ այդմ՝ ուժի մեջ մտած լինելու փաստի վերաբերյալ ապացույց (ապացույցներ),
- որոշման մասին իրազեկման փաստի վերաբերյալ ներկայացված ապացույցներն ամբողջական կամ բավարար չեն վարչական ակտի ուժի մեջ մտած լինելու հանգամանքը հաստատված համարելու համար (օրինակ՝ ներկայացված է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 30․08․2006 թվականի «Փոստային կապի ազգային օպերատորի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցվող՝ այդ թվում նաև պատվիրված նամակների ընդունման ընթացակարգը հաստատելու մասին» թիվ 224-Ն հրամանով հաստատված CN 15 բլանկը, սակայն ներկայացված չէ որոշումը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու վերաբերյալ ապացույց կամ հակառակը, կամ CN 15 բլանկի վրա նշված վերադարձի ամսաթիվը հաջորդում է վարչական ակտը կայքում տեղադրելու ամսաթվին),
- ուժի մեջ մտած որոշումը դեռևս անբողոքարկելի չի դարձել, այն է՝ չի ավարտվել տվյալ որոշումը վարչական և դատական կարգով բողոքարկելու ժամկետը,
- դրամական պահանջները ներկայացվել են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված եռամսյա ժամկետի խախտմամբ,
- ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը ներկայացված կատարման վերաբերյալ գրությունը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին։
ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել արձանագրել, որ եթե ըստ վարչական մարմնի կողմից ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացված համապատասխան ապացույցների՝ հարկադիր կատարման ենթակա որոշման ուժի մեջ մտնելու ամսաթիվը և (կամ) անբողոքարկելի դառնալու ամսաթիվը չեն համընկնում վարչական մարմնի կողմից ներկայացված՝ Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կատարման վերաբերյալ գրության մեջ նշված՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դարձած լինելու ամսաթվերին, ապա նման անհամապատասխանությունը չի բացառում հարկադիր կատարման իրավահարաբերության առկայությունը, եթե վարչական ակտի իրազեկման վերաբերյալ ապացույցներից միանշանակորեն հետևում է, որ գրությունը հարկադիր կատարման ծառայություն ներկայացնելու պահի դրությամբ կատարման ներկայացված վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը պատշաճ ծանուցված է, ըստ այդմ ուժի մեջ մտած ու անբողոքարկելի դարձած է։
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու հայցապահանջի վարչադատավարական կարգով քննությունը պետք է նպատակաուղղված լինի կատարողական վարույթի հարուցման փուլում հարկադիր կատարողին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրացման իրավաչափությունը ստուգելուն․ այն է՝ առկա են եղել հարկադիր կատարողի կողմից «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածով սահմանված՝ Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը վերադարձնելու, թե՞ կատարողական վարույթ հարուցելու լիազորության իրացման անհրաժեշտ հիմքեր (տե՛ս, Սուրեն Հայրապետյանն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5468/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18․04․2024 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է Դիանա Ջեյրանյանի ներկայացրած հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է ճանաչել թիվ 2010876248 որոշման հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը` կատարողական վարույթ հարուցելու մասով, և որպես հետևանք՝ պարտավորեցնել պատասխանողին իրեն վերադարձնել թիվ 2010876248 վարչական ակտի հիման վրա թիվ 06366343 կատարողական վարույթով բռնագանձված գումարը։
Դատարանը 25.05.2021 թվականի վճռով բավարարել է Դիանա Ջեյրանյանի հայցը՝ այն պատճառաբանությամբ, որ «(...) Դատարանն արձանագրում է, որ կատարողական վարույթի նյութերում բացակայում է որևէ ապացույց առ այն, որ Ճանապարհային ոստիկանության 24.02.2020 թվականի թիվ 2010876248 որոշումը, մինչև Հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելը, ՎԻՎ օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով առձեռն հանձնվել է հասցեատիրոջը, կամ հասցեատերը հրաժարվել է որոշումն ստանալուց, կամ ուղարկվել է հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, կամ պաշտոնական էլեկտրոնային փոստ չունեցող հասցեատիրոջ գրավոր դիմումի հիման վրա ուղարկվել է էլեկտրոնային փոստով կամ հեռահաղորդակցության այլ (այդ թվում` բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով, կամ ուղարկվել է պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցմամբ տվյալ վարչական վարույթի ընթացքում հայցվորի հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ հաշվառման հասցեով: Կատարողական վարույթի նյութերում առկա փոստային անդորրագրի վրա նշված հասցեն հայցվորի կողմից տրամադրված լինելու կամ նրա հաշվառման հասցեն լինելու մասին որևէ տվյալ չկա: Կատարողական վարույթի նյութերից ընդհանրապես պարզ չէ, թե հայցվորն ինչ կապ ունի այդ հասցեի հետ և ինչու է այդ հասցեով ուղարկվել որոշումը:
Փաստորեն, Ճանապարհային ոստիկանության 24.02.2020 թվականի թիվ 2010876248 որոշումը օրենքով սահմանված կարգով չի հանձնվել հայցվորին, ուստի չի մտել ուժի մեջ և չի դարձել անբողոքարկելի, իսկ անբողոքարկելի չդարձած վարչական ակտը ենթակա չէ հարկադիր կատարման:
Նման պայմաններում դատարանն արձանագրում է, որ բացակայում է Ճանապարհային ոստիկանության 24.02.2020 թվականի թիվ 2010876248 որոշմամբ հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերությունը:»:
Վերաքննիչ դատարանը 10.05.2022 թվականի որոշմամբ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության և երրորդ անձ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վերաքննիչ բողոքները մերժել է, և Դատարանի 25․05․2021 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «(...) Վերոգրյալ նորմերից հետևում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը վարչական ակտի անբողոքարկելի դառնալը կապում է, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում չբողոքարկելու հետ, իսկ ուժի մեջ մտնելու պահը կապում է այդ ակտի ընդունման մասին նույն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հետ, սակայն միևնույն ժամանակ նույն օրենքը սահմանում է, որ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով, որպիսի առանձնահատկություններից է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշման հայտարարման և դրա պատճենի հանձնման ընթացակարգը: Ըստ այդ ընթացակարգի` որոշման պատճենը երեք օրվա ընթացքում հանձնվում է այն անձին, որի վերաբերյալ այն ընդունվել է, միաժամանակ դա կարող է իրականացվել պատվիրված փոստով` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, հասցեատիրոջ գրավոր դիմումի հիման վրա էլեկտրոնային փոստով կամ հեռահաղորդակցության միջոցով: Այն դեպքում, երբ անձի հայտնած հասցեով ուղարկված որոշումը վերադարձվել է, կամ ծանուցման փաստը չի հաստատվել, կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ պատշաճ կարգով ուղարկված որոշումը և ստորագրել հրաժարվելու մասին, ապա որոշումն ուղարկվում է անձի հաշվառման հասցեով և տեղադրվում ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և որոշումը համարվում է հանձնված որոշումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ օրը, ինչը նշանակում է, որ դրան հաջորդող օրվանից 2 ամսվա ընթացքում այդ ակտը չբողոքարկելու դեպքում դառնում է անբողոքարկելի:
Տվյալ դեպքում, Դատարանը 10.02.2021թ. «Հայցադիմումը վարույթ ընդունելու, երրորդ անձ ներգրավելու և ապացույց պահանջելու մասին» որոշմամբ Ծառայությունից պահանջել է կատարողական վարույթի նյութերը, որին ի պատասխան վերջինս 17.03.2021թ. Դատարան է ներկայացրել Ոստիկանության 27.02.2020թ. գրությունը, կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին 21.08.2020թ. որոշումը, թիվ 2010876248 որոշումը հայցվորին ուղարկելու և «Չպահանջված» նշումով վերադարձված լինելու մասին թիվ «RD107279809AM» փոստային առաքանին (գ. թ. 34), հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքից քաղվածքը (գ. թ. 33): Մինչդեռ, չի ներկայացվել որևէ ապացույց այն մասին, որ թիվ 2010876248 որոշումը պարունակող ծրարի վրա նշված հասցեն հանդիսացել է հայցվորի հաշվառման հասցեն և մինչև ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելը միաժամանակ ուղարկված է եղել հայցվորի հաշվառման հասցեով:
Ամբողջ վերոշարադրյալի հաշվառմամբ` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Ոստիկանության կողմից ներկայացված դիմումի հիման վրա դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթ սկսելուց առաջ հարկադիր կատարողը դիմումի և դրան կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարտավոր էր արձանագրել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին անհամապատասխանություն և ներկայացված փաստաթղթերը վերադարձնել դրամական պահանջի հարկադիր կատարում պահանջող վարչական մարմնին` Ոստիկանությանը, ինչը սակայն չի արել: (...)»:
Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը վերը նշված որոշման հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ կատարողական վարույթների նյութերում բացակայել է պարտավոր անձի հաշվառման հասցեի վերաբերյալ որևէ ապացույց։
Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված՝ վարչական ակտը կայացրած մարմնի կողմից ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացվող փաստաթղթերի շարքում վարչական ակտի հասցեատիրոջ հաշվառման հասցեի վերաբերյալ ապացույց ներառված չէ։ Վարչական ակտը կայացրած մարմինը չի կրում հաշվառման հասցեի վերաբերյալ ապացույց ներկայացնելու պարտականություն, իսկ հարկադիր կատարողն էլ սահմանափակվում է այն փաստաթղթերի շրջանակով, որոնք օրենքի պահանջներին համապատասխան ենթակա են ներկայացման վարչական ակտը կայացրած մարմնի կողմից։ Հետևաբար, հաշվառման հասցեի վերաբերյալ ապացույցի բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից փաստաթղթերը վերադարձնելու լիազորության իրացման համար և ըստ այդմ՝ հանգեցնել հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայության։
Ավելին, Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ կատարման վերաբերյալ գրությունը, ի թիվս այլնի, ներառում է տեղեկություն պարտավոր անձի բնակության հասցեի վերաբերյալ։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես ապրում է:
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ ռեգիստրը բնակչության վերաբերյալ օրենքով սահմանված անձնական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգ է, որն ստեղծվում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց (․․․)՝ ըստ բնակության վայրի հաշվառման նպատակով: Ռեգիստրի ստեղծման և վարման սկզբունքներից է մշտական բնակության միայն մեկ վայրում բնակչի հաշվառման սկզբունքը («Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ)։ Նշված օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է․ «1. Ռեգիստրում մշակվում են բնակչի հետևյալ անձնական տվյալները. (…) մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն (․․․)»։ Նույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է․ «1. Ռեգիստրում ընդգրկվելու համար Հայաստանի Հանրապետության բնակիչը պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն (․․․): Մշտական բնակության վայր (կացարան) է համարվում այն տարածքը, որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում և հայտարարում է որպես իր կացարան: Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում»։ Ընդ որում, նշված պարտականությունը չկատարելն առաջացնում է վարչական պատասխանատվություն (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 195․1-րդ հոդված)։ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր կացարանում մշտական բնակություն հաստատելու մասին բնակչի դիմումն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, համապատասխան տեղական ռեգիստր վարող մարմինն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է ինչպես կենտրոնական ռեգիստր վարող մարմնին, այնպես էլ այն համայնքի տեղական ռեգիստր վարող մարմնին, որտեղ մինչ այդ հաշվառված է եղել դիմողը: Պաշտոնական տեղեկացումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, մշտական բնակության նախկին վայրի տեղական ռեգիստր վարող մարմինը հաշվառումից հանում է այդ բնակչին և նրա անձնական հաշվառման տվյալները պաշտոնապես ուղարկում է բնակչի մշտական բնակության նոր վայրի տեղական ռեգիստր վարող մարմին:
Վերը նշված իրավական նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ «բնակության վայրի հասցե» և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածում «հաշվառման հասցե» հասկացություններն իրենց բովանդակային ծավալով համընկնում են։ Հետևաբար, կատարման վերաբերյալ գրության մեջ պարտավոր անձի բնակության վայրի մասին նշումը բավարար է պարզելու համար՝ արդյոք հասցեն, որին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխան՝ պատվիրված նամակով ուղարկվել է վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը, հանդիսանում է պարտավոր անձի հաշվառման հասցեն։
Սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 2010876248 որոշմամբ նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության առկայության ապացույցներ՝ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից Դատարան են ներկայացվել․
- ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն ուղղված թիվ 114464 գրությունը՝ «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 2010876248 որոշմամբ նշված դրամական պահանջի կատարումն ապահովելու վերաբերյալ, նշված գրության մեջ որպես պարտավոր անձի հասցե նշված է «ք․ Երևան, Քոչարի փ․, Շ 19 7»,
- դրամական պահանջի կատարումն ապահովելու վերաբերյալ գրությամբ նշված բնակության վայրի հասցեով Դիանա Ջեյրանյանին ուղարկված 24․02․2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 2010876248 որոշման փոստային առաքանին վերջինիս կողմից ստացված չլինելու և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն վերադարձված լինելու ապացույցը՝ CN 15 բլանկը՝ «չպահանջված» նշումով,
- 24․02․2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 2010876248 որոշումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված լինելու վերաբերյալ ապացույցը։
Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացված փաստաթղթերի մեջ առկա չեն Օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ հարկադիր կատարման ենթակա որոշումը հասցեատիրոջն առձեռն հանձնելու հնարավորության առկայության վերաբերյալ ապացույցներ։
Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների հիման վրա ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացված ապացույցների գնահատման արդյունքում, եզրահանգում է, որ այդ ապացույցների միջոցով հաստատվում է «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 2010876248 որոշման հարկադիր կատարման իրավահարաբերության առկայությունը․ մասնավորապես՝ ներկայացվել են բավարար ապացույցներ՝ իրավահարաբերության առկայությունը հաստատված համարելու համար, այն է՝ հարկադիր կատարման ենթակա որոշումը, օրենքի պահանջներին համապատասխանող և օրենքով սահմանված ժամկետում ներկայացված կատարման վերաբերյալ գրությունը, գրությամբ նշված հասցեով Դիանա Ջեյրանյանին նշված որոշումն ուղարկելու, դրանք վարչական մարմին վերադարձվելու և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված լինելու վերաբերյալ։ Թիվ 2010876248 որոշումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվել է 14․03․2020 թվականին, ուժի մեջ է մտել 20․03․2020 թվականին, անբողոքարկելի է դարձել 22․05․2020 թվականին, կատարման վերաբերյալ գրությունը ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ներկայացվել 26․06․2020 թվականին։ Այսինքն, առկա են բոլոր պայմանները նշված որոշմամբ նախատեսված դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության առկայությունը հաստատված համարելու համար։
Վերոհիշյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 2010876248 որոշմամբ նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանները եկել են սխալ եզրահանգման։
Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի համաձայն՝ վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հետ կարող է ներկայացվել պահանջ այն հետևանքները վերացնելու մասին, որոնք առաջացել են վիճարկվող վարչական ակտի կամ վիճարկվող գործողության (անգործության) կամ վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով։
Հաշվի առնելով, որ հիմնական պահանջը՝ թիվ 2010876248 որոշման հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը` կատարողական վարույթ հարուցելու մասով ճանաչելու պահանջը, ենթակա է մերժման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից ներկայացված ածանցյալ՝ թիվ 2010876248 վարչական ակտի հիման վրա թիվ 06366343 կատարողական վարույթով բռնագանձված գումարը վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջը ևս ենթակա է մերժման։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:
Տվյալ դեպքում բողոքաբերի կողմից, որպես իրավական փաստարկ, վկայակոչվել են ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/6612/05/21 վարչական գործով 15․12․2021 թվականի, թիվ ՎԴ/1140/05/21 վարչական գործով 22․07․2021 թվականի, թիվ ՎԴ/3227/05/21 վարչական գործով 16․03․2022 թվականի, թիվ ՎԴ/9969/05/21 վարչական գործով 11․03․2022 թվականի, թիվ ՎԴ/9963/05/21 վարչական գործով 24․03․2022 թվականի, թիվ ՎԴ/9501/05/21 վարչական գործով 17․11․2021 թվականի, թիվ ՎԴ/9515/05/21 վարչական գործով 17․02․2022 թվականի, թիվ ՎԴ/9522/05/21 վարչական գործով 17․11․2021 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռները, որոնցով հարկադիր կատարման ենթակա վարչական ակտերը «Չպահանջված» գրառմամբ վերադարձվելու և ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված լինելու փաստերի համակցությունը դիտվել է բավարար՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով ակտի հասցեատիրոջ ծանուցված լինելու հանգամանքը հաստատված համարելու համար։ Մինչդեռ, սույն գործով Վերաքննիչ դատարանը, «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 2010876248 որոշումը վերադարձված լինելու և ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված լինելու փաստերի վերաբերյալ ապացույցների առկայության պայմաններում հետևություն է կատարել այդ որոշման ուժի մեջ մտած չլինելու և ըստ այդմ՝ այդ որոշման հիման վրա հարուցված կատարողական վարույթով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայության վերաբերյալ։
Իրացնելով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածը ենթակա է կիրառման սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ինչն էական նշանակություն կունենա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշմամբ նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայության վերաբերյալ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ․
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 4-րդ պարբերության համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ դատարանների վճիռների կատարումը շրջադարձելու դիմումներով, բաց թողնված ժամկետները վերականգնելու, ինչպես նաև հարկադիր կատարողների գործողությունները գանգատարկելու վերաբերյալ դիմումներով (...)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար որպես պետական տուրք վճարվել է համապատասխանաբար` 10.000 ՀՀ դրամ և 20.000 ՀՀ դրամ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից, 30․000 ՀՀ դրամ՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից վճարված` վերաքննիչ բողոքի համար սահմանված 10.000 ՀՀ դրամի չափով և վճռաբեկ բողոքի համար սահմանված 20.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված՝ հաշվի առնելով, որ Դիանա Ջեյրանյանը հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 4-րդ պարբերության ուժով ազատված է սույն գործով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի վճարման պարտավորությունից, և սույն գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու համար ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից վճարված օրենքով սահմանված չափով պետական տուրքի փոխհատուցման պարտականությունը չի կարող դրվել Դիանա Ջեյրանյանի վրա:
Բացի այդ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:
Նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարվել է 30․000 ՀՀ դրամ, մինչդեռ, վճարման էր ենթակա 20.000 ՀՀ դրամ` որպես մեկ ոչ դրամական պահանջի գործով վճռաբեկ բողոքի համար օրենքով սահմանված պետական տուրքի գումար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով ավելի վճարված պետական տուրքը՝ 10․000 ՀՀ դրամը, ենթակա է վերադարձման ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով և 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքները բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.05.2022 թվականի որոշումը և այն փոփոխել. Դիանա Ջեյրանյանի հայցն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն` թիվ 2010876248 որոշման հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը` կատարողական վարույթ հարուցելու մասով ճանաչելու և, որպես հետևանք, թիվ 2010876248 վարչական ակտի հիման վրա թիվ 06366343 կատարողական վարույթով բռնագանձված գումարը վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող ք․ ՄԿՈՅԱՆ ա. Թովմասյան Լ. Հակոբյան ռ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունիսի 2024 թվական: