ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2024 թվականի ք. Երևան |
թիվ 73-Ն |
ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՄՏԱՎՈՐ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ և 32-րդ հոդվածի 7-րդ մասերով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1․ Սահմանել անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման չափորոշիչները՝ համաձայն Հավելված N 1-ի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար |
Գ. Մամիկոնյան |
2024 թ. հունիսի 28 ք. Երևան |
Հավելված N 1 Սահմանված է Հեռուստատեսության ևռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի հունիսի 28-ի թիվ 73-Ն որոշմամբ |
ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՄՏԱՎՈՐ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ
1․ Սույն չափորոշիչները սահմանում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում անչափահասների իրավունքներին վերաբերող հրապարակումներում տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները պետք է գործեն մասնագիտական էթիկական նորմերի, ՀՀ օրենսդրության և միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխան: Յուրաքանչյուր երեխա պետք է պաշտպանված լինի ցանկացած իրավիճակում, նրա շահերը, անվտանգությունը պետք է գերակա լինեն խմբագրական քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս:
2․ Տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները պետք է առաջնորդվեն հետևյալ սկզբունքներով.
1) անչափահասներին վերաբերող հիմնախնդիրները լուսաբանելիս ձգտեն առավելագույն ճշգրտության, ապահովեն անչափահասների մասին տրամադրած տեղեկատվության հավաստիությանը.
2) տեսալսողական նյութերում խուսափեն անչափահասներին վնաս հասցնող տեղեկատվության օգտագործումից.
3) գիտակցեն անչափահասներին վերաբերող յուրաքանչյուր տեսալսողական նյութ հեռարձակելու հետևանքները և նվազագույնի հասցնեն նրանց համար հնարավոր վտանգները.
4) ստուգեն անչափահասների անունից ելույթ ունեցող և նրանց շահերը ներկայացնող ցանկացած անձի կամ կազմակերպության իրավասությունները.
5) տեղեկացված լինեն, որ յուրաքանչյուր անչափահաս ունի մտքի, խղճի և դավանանքի ազատություն` ըստ ծնողների կողմից տրվող պատշաճ կողմնորոշման և Հայաստանի Հանրապետության օրենսդրության:
3. Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող են համարվում այն տեսալսողական հաղորդումները, որոնք`
1) հրապարակում են անչափահասների մասին տեղեկատվություն, ներառյալ` անձնական տվյալներ (անուն/ազգանուն, տարիք, բնակության վայր) կամ ցուցադրում են դեմքը` առանց ծնողների, խնամակալի, հոգաբարձուի համաձայնության: Սա հատկապես կարևորվում է խոցելի իրավիճակում գտնվող անչափահասների և ընտանիքների պարագայում (խոցելիության սահմանման համար հիմք են ընդունվում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անչափահասների համար սահմանված պետական չափորոշիչները)․
2) ցուցադրում են բռնություն (հոգեբանական, ֆիզիկական, սեռական և այլն) պարունակող կադրեր` առանց դատապարտելու բռնությունը կամ խրախուսում են բռնի գործողությունները մարդկանց կամ կենդանիների հանդեպ․
3) կնոջ և տղամարդու խիստ կարծրատիպացված կերպարներ են քարոզում, կնոջը ներկայացնում են մշտապես ենթարկվողի, ճնշվածի կերպարով, իսկ տղամարդուն՝ իշխանություն և բռնություն գործադրողի․
4) խեղաթյուրում են հանրակրթական ուսումնադաստիարակչական ծրագրերում ներառված պատմական իրողությունները, վարկաբեկում և նսեմացնում են ազգային և համաշխարհային մշակութային ժառանգությունը․
5) նսեմացնում և վարկաբեկում են համամարդկային արժեքները, Հայ Առաքելական եկեղեցին, ինչպես նաև Հայաստանում գրանցված և գործող այլ կրոնական կազմակերպությունները․
6) ժխտում են բարոյականության համընդհանուր նորմերը, վարկաբեկում են ընտանիքը և քարոզում անբարո ապրելակերպ, նսեմացնում կրթության և դաստիարակության դերը․
7) նպաստում են իրավախախտումների կատարմանը, հանցագործ աշխարհի բարքերի, վարվելաձևերի, խոսելաձևերի հասարակության մեջ տարածմանը, հանցագործ կերպարների և կենսակերպի ռոմանտիկացմանը․
8) ցուցադրում կամ նմանակում են թմրամոլի կամ հարբեցողի` առանց դատապարտելու թմրամոլությունը և հարբեցողությունը․
9) անչափահասների մոտ ցանկություն են առաջացնում մասնակցելու մոլախաղերին, օգտագործել թմրամիջոցներ, զբաղվել մարմնավաճառությամբ, մուրացկանությամբ․
10) անչափահասներին դրդում են կատարել իրենց կամ այլոց նկատմամբ ֆիզիկական կամ հոգեկան վնաս պատճառող գործողություններ․
11) ծաղրում կամ ծաղրելով նմանակում են հաշմանդամություն (ֆիզիկական կամ մտավոր) ունեցող անձանց․
12) պարունակում են գռեհկաբանություն և հայհոյախոսություն:
4. Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24։00-6։00-ն ընկած ժամանակահատվածում:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2024 թվական: