ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
| ||
Գործ թիվ ՇԴ/0227/06/17 |
|||
Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | ||
մասնակցությամբ` դատավորներ |
Հ. Ասատրյանի | ||
Ե. Դանիելյանի | |||
ա. պողոսՅԱՆԻ | |||
Ս. Օհանյանի | |||
քարտուղարությամբ` |
Մ. Ավագյանի |
2018 թվականի սեպտեմբերի 20-ին |
ք. Երևանում |
դռնփակ դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2017 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 18113417 քրեական գործը:
Նախաքննության մարմնի` 2017 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ հիշյալ քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով նոր քրեական գործ է հարուցվել և միացվել վերը նշված քրեական գործին:
1.1 2017 թվականի դեկտեմբերի 5-ին Վահրամ Վարդանի Պարսամյանը ձերբակալվել է:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ Վ.Պարսամյանին ազատությունից զրկելը ճանաչվել է ոչ իրավաչափ, և նա ազատ է արձակվել արգելանքից:
1.2 2017 թվականի դեկտեմբերի 8-ին Վ.Պարսամյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ մեղադրյալ Վ.Պարսամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով, միաժամանակ մերժվել է մեղադրյալի նկատմամբ գրավ կիրառելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը:
2. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2017 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ մերժվել է մեղադրյալ Վ.Պարսամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպան Ս.Մանասյանի միջնորդությունը:
3. Մեղադրյալ Վ.Պարսամյանի պաշտպան Ս.Մանասյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է, բեկանել է կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը, վերացրել է մեղադրյալ Վ.Պարսամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը՝ նրան ազատելով կալանքից:
4. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հունիսի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Վ.Պարսամյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն արարքի համար, որ «(…) նա 2017 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Պ.Սևակ փողոցի 11/7 հասցեում գտնվող «Սթար» դիսկո ակումբում, խմբի կազմում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել անձանց նկատմամբ բռնություն գործադրելով:
Այսպես. Վահրամ Վարդանի Պարսամյանը 2017 թվականի դեկտեմբերի 1-ին ժամը 01:20-ի սահմաններում, ընկերոջ՝ Հայկ Գրիգորյանի հետ գտնվելով Գյումրի քաղաքի Պ.Սևակ փողոցի 11/7 հասցեում գտնվող «Սթար» դիսկո ակումբում՝ ալկոհոլի ազդեցության տակ ներգրավվել է նույն ակումբում գտնվող մի կողմից իր ծանոթներ Խաչիկ Հարթենյանի, Միշա Նազարյանի, Արտակ Մոսոյանի, Նարեկ Մկրտչյանի, Մայիս Մարգարյանի և մյուս կողմից Սամվել Հարդենյանի, Կարեն Տիգրանյանի, Պարթև Սահակյանի և Ստեփան Ղարիբյանի միջև առաջացած վիճաբանությանը, որի ընթացքում հասարակության և բարոյականության համընդհանուր ճանաչում ստացած նորմերն արհամարելու, շրջապատին ու հասարակությանն հակադրվելու և հակազդելու հանդուգն ցանկությամբ, իր անձի «առավելություններն» ընդգծելու մոլուցքով և «ինքնահաստատման» ձգտումով տևական ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության, ինչպես նաև համակեցության պահանջների և կանոնների նկատմամբ, հասարակական վայրում տվել է սեռական բնույթի խուլիգանական հայհոյանքներ, բռնություն գործադրելով՝ ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել Ստեփան Ղարիբյանին և Պարթև Սահակյանին:
Վահրամ Վարդանի Պարսամյանի խուլիգանական գործողությունների հետևանքով տևական ժամանակ խախտվել է «Սթար» դիսկո ակումբի աշխատանքը և նրա խուլիգանական գործողությունները դադարել են միայն ներկաների միջամտությամբ»1:
6. Առաջին ատյանի դատարանը կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժելու որոշմամբ արձանագրել է. «(...) Դատարանը գտնում է, որ այլընտրանքային խափանման միջոց գրավը չի կարող չեզոքացնել (…) մտավախություններն այն մասին, որ Վ.Պարսամյանը փաստացի գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը:
Դատարանը, գնահատելով նաև պաշտպանի կողմից դատարանին ներկայացված նյութերը, գտնում է, որ մեղադրյալ Վ.Պարսամյանի ընտանիքի կազմը, չեն նվազեցնում խափանման միջոց ընտրելու` խոչընդոտելու վերաբերյալ մտավախությունները, ինչպես նաև գումարային երաշխիք թողնելու հետ միասին չեն չեզոքացնում խոչընդոտելու մտավախությունը: (...)»2:
7. Վերաքննիչ դատարանը, բեկանելով կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը և վերացնելով որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, փաստել է. «(…) Վերաքննիչ դատարանը` վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում դատական ստուգման ենթարկելով [Առաջին ատյանի դատարանի`] 2017 թվականի դեկտեմբերի 28-ի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, (…) հանգում է այն հետևության, որ պաշտպան Ս.Մանասյանի վերաքննիչ բողոքը պետք է մերժել, ըստ այդմ էլ` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բեկանել և Վ.Պարսամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնել` հետևյալ պատճառաբանությամբ.
(…)
Դատարանի տրամադրության տակ եղած նյութերում բացակայում են մեղադրյալին վերագրվող ենթադրյալ հանցագործության մասին նշումներ և համապատասխան խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության մասին հիմնավորում, մասնավորապես` քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին որոշում, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում, մեղսագրվող ենթադրյալ հանցանքի կամ հանցանքների կատարման հետ մեղադրյալի առնչություն ունենալու վերաբերյալ որոշակի փաստեր կամ տեղեկություններ և այլն:
Վերաքննիչ դատարանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիստին ներկայացված չեն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող որևէ նյութ, փաստում է, որ առաջին ատյանի դատարանի տրամադրության տակ եղած և Վերաքննիչ դատարան ներկայացված նյութերում առկա վերը թվարկված փաստաթղթերի [բացակայության] պայմաններում Վերաքննիչ դատարանն ըստ էության օբյեկտիվորեն զրկված է ինչպես գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ Դատարանի հետևությունների իրավաչափությանը, այնպես էլ ներկայացված նյութերում առկա դատավարական փաստաթղթերի համատեքստում բողոքաբերի վերաքննիչ բողոքի փաստարկներին համապատասխան գնահատական տալու հնարավորությունից:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործի շրջանակներում պետք է կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված որոշումը, այն է` կալանքը որպես խափանման միջոց վերացնելու և անձին կալանքից ազատելու մասին:
Վերոգրյալ հիմքերի առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Վ.Պարսամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Դատարանի հետևությունները չեն համապատասխանում նրա տրամադրության տակ եղած նյութերին, դրանք բավարար չեն համապատասխան խափանման միջոցի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված հիմքը կամ հիմքերից որևէ մեկը հաստատված համարելու և ըստ այդմ էլ` գրավի կիրառման թույլատրելիության կամ անթույլատրելիության հարցի կապակցությամբ որևէ եզրահանգման հանգելու համար:
Վերաքննիչ դատարանի նման հետևությունը պայմանավորված է նաև նրանով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ արարքի (ների) կատարման հավանականությունը գնահատելիս և, հետևաբար, դրա հիման վրա մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի կամ անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ հարցը քննելիս, դատարանները, ի թիվս այլոց, պետք է պատշաճ գնահատման ենթարկեն մեղադրյալին մեղսագրվող ենթադրյալ արարքի (ների) կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը բնութագրող այլ հանգամանքները, որոնք էական նշանակություն ունեն մեղադրյալի անձի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար։ (…)»3:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքաբերի կարծիքով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, այն է՝ սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ, 287-րդ և 288-րդ հոդվածներով նախատեսված նորմերը, ինչի արդյունքում կայացվել է անհիմն և չպատճառաբանված դատական ակտ:
8.1. Ի հիմնավորումը վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը՝ որպես Առաջին ատյանի դատարանի որոշումների օրինականությունը ստուգող դատական ատյան, պետք է ստուգեր գրավի՝ որպես կալանքի այլընտրանքային խափանման միջոց կիրառելու անթույլատրելիության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 28-ի որոշման օրինականությունը, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը պետք է որոշում կայացներ գրավի թույլատրելիության կամ անթույլատրելիության մասին, այլ ոչ թե դուրս գալով բողոքի սահմաններից՝ քննարկեր կալանքի հիմնավորվածության հարցը:
Հետևաբար, բողոքաբերի կարծիքով, Վերաքննիչ դատարանը, խախտելով Վճռաբեկ դատարանի` Գևորգ Գալստյանի վերաբերյալ գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, դուրս է եկել վերաքննության սահմաններից և կայացրել է անհիմն ու չպատճառաբանված դատական ակտ:
9. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմանը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման արդյունքում մեղադրյալ Վ.Պարսամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։
11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «(…) Գրավը կալանավորման փոխարեն դատարանը կարող է կիրառել նաև պաշտպանության կողմի միջնորդությամբ։ (…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Կալանավորման մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ դատարանը լուծում է մեղադրյալին գրավով կալանքից ազատելու հնարավորության հարցը և, ճանաչելով նման ազատման հնարավորությունը, նշանակում է գրավի գումարը։ Հետագայում դատարանը կարող է պաշտպանության կողմի միջնորդությամբ վերանայել գրավի անթույլատրելիության կամ գրավի գումարի մասին որոշումը»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի համաձայն` «(…) 4. Միջնորդությունը քննարկելիս դատավորն իրավունք ունի պահանջել միջնորդությունը հիմնավորող լրացուցիչ նյութեր, բացատրություններ:
5. Քննելով միջնորդությունը` դատավորը որոշում է կայացնում մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ միջնորդությունը մերժելու մասին: (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ բողոքները դատախազի, մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի կողմից բերվում են վերաքննիչ դատարան` անմիջականորեն կամ որոշում կայացրած դատարանի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն՝ «1.Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից։
2. Կալանավորելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու օրինականությունը և հիմնավորվածությունը դատարանն ստուգում է ընտրված խափանման միջոցի օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող նյութերն ստանալու օրվանից` երեք օրվա ընթացքում։
(…)
5. Դատական ստուգման արդյունքում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը`
1) կալանքը որպես խափանման միջոց վերացնելու և անձին կալանքից ազատելու մասին.
2) որպես խափանման միջոց կալանք ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին.
3) բողոքն առանց բավարարման թողնելու մասին։
(…)»։
12. Մեջբերված նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ և 288-րդ հոդվածներով սահմանված կարգով իրականացվում են, ի թիվս այլոց, դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու, այդ թվում` կալանքը գրավով փոխարինելու մասին դատական որոշումների բողոքարկումը և ստուգումը։ Հիշյալ հոդվածները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Գոռ Դուրյանի վերաբերյալ որոշման շրջանակներում` արձանագրելով` «(...) [Վ]երաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշման դատական վերանայման սահմանները կանխորոշվում են առաջին ատյանի դատարանում քննության առարկա դարձած կալանավորման հիմքերի, դրանք հաստատող փաստական տվյալների շրջանակներով, որոնց հիման վրա էլ վերաքննիչ դատարանը ստուգում է վերանայվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնում օրենքով նախատեսված որոշումներից մեկը` կալանքը վերացնելու և անձին ազատելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մաս)»4:
Արձանագրելով, որ մինչդատական վարույթի շրջանակներում գրավ կիրառելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդության քննարկման ընթացակարգի նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի կարգավորումները` անկախ այն հանգամանքից, թե տվյալ միջնորդությունը ներկայացվել է կալանքի միջնորդության քննության վարույթի շրջանակներում, թե` դրանից դուրս, Վճռաբեկ դատարանը Գևորգ Գալստյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Վերահաստատելով Գ.Դուրյանի գործով որոշման մեջ արտահայտված (…) դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանը որպես կանոն պարտավոր է հարկադրանքի միջոց կիրառելու միջնորդության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի կարգով քննության արդյունքում կայացված որոշումը դատական ստուգման ենթարկել այն նյութերում պարունակվող փաստական տվյալների շրջանակներում, որոնք հետազոտվել են ստորադաս դատարանում, և միայն դրանց հիման վրա գնահատական տալ համապատասխան միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին առաջին ատյանի դատարանի հետևությունների իրավաչափությանը։ Այլ խոսքով` առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելիս վերաքննիչ դատարանը պետք է հիմք ընդունի ստորադաս ատյանի դատարանի տրամադրության տակ եղած նյութերը և դրանց համատեքստում համապատասխան գնահատական տա բողոքաբերի փաստարկներին։ Գտնելով, որ դատարանի հետևությունները չեն համապատասխանում նրա տրամադրության տակ եղած նյութերին, կամ վերջիններս բավարար չեն համապատասխան խափանման միջոցի պայմանները և հիմքերը հաստատված գնահատելու համար` վերաքննիչ դատարանը պետք է արձանագրի դատարանի հետևության հիմնավորված չլինելու փաստը` կայացնելով օրենքով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մասով) նախատեսված համապատասխան որոշումը»։
13. Վերահաստատելով նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կալանքի միջնորդության քննության վարույթի շրջանակներից դուրս ներկայացված գրավի միջնորդության վերաբերյալ կայացված որոշման դատական վերանայումը սահմանափակված է առաջին ատյանի դատարանի կողմից գնահատված փաստական հանգամանքներով։ Մասնավորապես, պաշտպանության կողմի ներկայացրած գրավի միջնորդությունը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը ստուգելիս վերադաս դատական ատյանները սահմանափակված են ներկայացված միջնորդության առարկայով, դրա վերաբերյալ տրամադրված նյութերով, որոնց գնահատմամբ է հաստատվում վիճարկվող որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը։
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը քննության առնելով պաշտպանական կողմի միջնորդությունը մեղադրյալ Վ.Պարսամյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց` գրավ կիրառելու վերաբերյալ, այն մերժել է` նշելով, որ գրավը չի չեզոքացնում մեղադրյալի՝ գործի քննությանը խոչընդոտելու մտավախությունները5:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանն արձանագրելով, որ պաշտպանի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում դատական ստուգման է ենթարկում Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, հանգել է այն հետևության, որ վերաքննիչ բողոքը պետք է մերժել, Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել և Վ.Պարսամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնել։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը նշել է, որ չի ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող որևէ նյութ, ուստի Վերաքննիչ դատարանը, ըստ էության, օբյեկտիվորեն զրկված է ինչպես գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ դատարանի հետևությունների իրավաչափությանը, այնպես էլ ներկայացված նյութերում առկա դատավարական փաստաթղթերի համատեքստում բողոքաբերի վերաքննիչ բողոքի փաստարկներին համապատասխան գնահատական տալու հնարավորությունից:
Վերոնշյալ պայմաններում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ մեղադրյալ Վ.Պարսամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները չեն համապատասխանում նրա տրամադրության տակ եղած նյութերին, դրանք բավարար չեն համապատասխան խափանման միջոցի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված հիմքը կամ հիմքերից որևէ մեկը հաստատված համարելու և ըստ այդմ էլ` գրավի կիրառման թույլատրելիության կամ անթույլատրելիության հարցի կապակցությամբ որևէ եզրահանգման հանգելու համար6:
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գրավի միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելիս, Վերաքննիչ դատարանը, մերժելով պաշտպան Ս.Մանասյանի վերաքննիչ բողոքը և միաժամանակ բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտն ու վերացնելով մեղադրյալ Վ.Պարսամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը, դուրս է եկել դատական վերանայման սահմաններից։
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ քննարկման առարկա է դարձրել մեղադրյալ Վ.Պարսամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի հիմնավորվածության հարցն այն դեպքում, երբ Վերաքննիչ դատարանում վիճարկվել է կալանքի միջնորդության քննության վարույթի շրջանակներից դուրս ներկայացված գրավի միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը։ Նման պայմաններում Վերաքննիչ դատարանում դատական վերանայման առարկան էր կազմում ստուգել Առաջին ատյանի դատարանի եզրահանգման հիմնավորվածությունը, համաձայն որի՝ մեղադրյալի կողմից առաջարկվող նյութական արժեքը չի կարող չեզոքացնել նրա` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելիս հաստատված ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ենթադրությունները։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ քննարկման առարկա է դարձրել մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ենթադրությունների հիմնավորվածության հարցը` այդ կերպ դուրս գալով դատական վերանայման առարկայի սահմաններից։
Հետևաբար գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման արդյունքում մեղադրյալ Վ.Պարսամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևություններն իրավաչափ չեն։
18. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի պահանջների խախտում, ինչն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:
Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը դատական վերանայման առարկայի սահմաններում պետք է քննարկի մեղադրյալ Վ.Պարսամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Վահրամ Վարդանի Պարսամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_____________________________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 78-79:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 41:
3 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 59-63:
4 Տե՛ս Գ.Դուրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ՏԴ/0052/06/14 որոշման 20-րդ կետը:
5 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
Նախագահող` |
Լ. Թադևոսյան | |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան Ե. Դանիելյան | |
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հոկտեմբերի 2024 թվական: