ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հունվարի 22-ին
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետը «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ֆոնդի կառավարիչների,» բառերից հետո լրացնել «ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց,» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ կետի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդի կառավարիչների,» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց և» բառերով.
3) 2-րդ մասը «ոչ հրապարակային ֆոնդերին» բառերից հետո լրացնել «, կամ եթե այլ բան սահմանված չէ սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերով։
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում «և ներդրումային ֆոնդերի կառավարիչների» բառերը փոխարինել «, ներդրումային ֆոնդերի կառավարիչների և ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց» բառերով:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետի առաջին և երկրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ներդրումային ֆոնդ (այսուհետ՝ նաև ֆոնդ)` իրավաբանական անձ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրերի հիման վրա ձևավորված ակտիվների համախումբ, որն ստեղծվել, գործում կամ օգտագործվում է ներդրողներից միջոցները ներգրավելու և դրանք միասնական ներդրումային քաղաքականության ներքո արժեթղթերում կամ այլ ակտիվներում կոլեկտիվ ներդրումներ իրականացնելու նպատակով:
Այս չափանիշներին համապատասխանող իրավաբանական անձը կամ ակտիվների համախումբը համարվում է ներդրումային ֆոնդ` անկախ այն հանգամանքից, թե իր հիմնադիր փաստաթղթերում կամ առաջարկի փաստաթղթերում բնութագրվում է որպես «ներդրումային ֆոնդ», թե ոչ, ինչպես նաև անկախ այն հանգամանքից, թե սահմանված նպատակը կամ գործունեությունն իրականում տվյալ իրավաբանական անձի (ակտիվների համախումբը կառավարող անձի) կողմից իրականացվել է, թե ոչ:
Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն կետով նախատեսված գործունեությունը որպես անձի (ակտիվների համախմբի) ստեղծման կամ գործունեության նպատակ գնահատելու չափանիշներ:».
2) 1-ին կետի «բ» ենթակետի «երաշխավորող հիմնադրամը» բառերը փոխարինել «երաշխավորող հիմնադրամը,» բառերով.
3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) ստանդարտ ֆոնդ` ֆոնդի տեսակ, որի (ենթաֆոնդեր ունենալու դեպքում` դրա բոլոր ենթաֆոնդերի) ակտիվներն առնվազն 90 տոկոսով կարող են ներդրվել միայն սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերում նշված ակտիվներում.».
4) 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
5) 9-րդ կետի «հավաքագրվում են միայն» բառերը փոխարինել «ներգրավվում են» բառերով.
6) 12-14-րդ կետերում «արժեթղթեր» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «փայեր (բաժնետոմսեր)» բառերով.
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին կետով.
«14.1) բորսայում շրջանառվող ֆոնդ՝ ստանդարտ ֆոնդ, որի փայերը (բաժնետոմսերը) թույլատրված են կարգավորվող շուկայում առևտրին, և որի փայերի (բաժնետոմսերի) թողարկումը, տեղաբաշխումն ու մարումը (հետգնումը) իրականացվում են իր կանոններով (կանոնադրությամբ) սահմանված կարգով՝ համաձայն սույն օրենքի 42.1-ին հոդվածի.».
8) 15-րդ կետի «իր ներդրումային քաղաքականությամբ, եկամուտների բաշխման քաղաքականությամբ, ֆոնդի փայերի տեղաբաշխման և (կամ) հետգնման վճարներով, ֆոնդի փայերի արժույթով, կառավարչի պարգևավճարով կամ դրանց համակցությամբ» բառերը փոխարինել «իր ներդրումային քաղաքականությամբ կամ եկամուտների բաշխման քաղաքականությամբ կամ ֆոնդի փայերի տեղաբաշխման (հետգնման) վճարներով կամ իր ակտիվների արժույթով կամ կառավարչի պարգևավճարով կամ դրանց համակցությամբ» բառերով.
9) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21) ֆոնդի մասնակից՝ սույն օրենքին համապատասխան՝ ֆոնդի թողարկած փայերի (բաժնետոմսերի) սեփականատեր: Սույն օրենքի իմաստով փայերը (բաժնետոմսերը) ներառում են նաև վստահության վրա հիմնված ընկերակցության բաժնեհավաք կապիտալում բաժնեմասերը.».
10) լրացնել հետևյալ բովանդակությամբ 28-րդ կետով.
«28) ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ՝ սույն օրենքով սահմանված կարգով ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվություն ստացած իրավաբանական անձ, որն իրականացնում է սույն օրենքին համապատասխան ստեղծված ոչ հրապարակային ֆոնդի կառավարումը։»:
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) 1-ին և 2-րդ մասերից հանել «(այդ թվում՝ ոչ հրապարակային ֆոնդը)» բառերը.
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ըստ փայերի (բաժնետոմսերի) թողարկման և հետգնման կառուցակարգի` հրապարակային ֆոնդը կարող է լինել բաց, փակ կամ միջակայքային, իսկ ոչ հրապարակային ֆոնդը՝ միայն փակ կամ միջակայքային:»։
Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ոչ հրապարակային ֆոնդի անվանումը պետք է պարունակի «ոչ հրապարակային» բառերը:»։
Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ֆոնդի գտնվելու վայրը դրա կառավարչի (ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի) գտնվելու վայրն է, բացառությամբ կորպորատիվ ֆոնդի, որի գտնվելու վայրը դրա կանոնադրությունում նշված իրավաբանական հասցեն է։»։
Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. | Ոչ հրապարակային ֆոնդը |
1. Ոչ հրապարակային կորպորատիվ ֆոնդը չի կարող ունենալ բաց բաժնետիրական ընկերության կազմակերպական-իրավական ձև:
2. Ոչ հրապարակային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) հրապարակային տեղաբաշխում չի կարող իրականացվել:
3. Ոչ հրապարակային ֆոնդը կարող է ունենալ ոչ ավելի, քան 49 մասնակից: Մասնակիցների թիվը 49-ից անցնելու դեպքում ոչ հրապարակային ֆոնդը պարտավոր է 90 օրացուցային օրվա ընթացքում սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով վերագրանցվել որպես հրապարակային ֆոնդ կամ համապատասխանաբար կրճատել իր մասնակիցների թիվը: Հակառակ դեպքում այն ենթակա է դատական կարգով լուծարման:
4. Ոչ հրապարակային ֆոնդերի վրա տարածվում են սույն օրենքի 3-7-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների, 12-րդ հոդվածի (բացառությամբ 5-րդ մասի), 13-րդ հոդվածի (բացառությամբ 5-րդ մասի), 16-18-րդ հոդվածների, 20-23-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի (բացառությամբ 1-ին մասի 17-րդ կետի), 25-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ մասերի և 6-րդ մասի (բացառությամբ երկրորդ նախադասության), 26-րդ հոդվածի 1-3-րդ և 7-րդ մասերի, 27-րդ և 28-րդ հոդվածների, 30-րդ հոդվածի (բացառությամբ 3-րդ մասի), 31-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 32-րդ հոդվածի (բացառությամբ 5-րդ և 6-րդ մասերի), 34-րդ հոդվածի, 40-րդ հոդվածի, 45-րդ հոդվածի (բացառությամբ 3-րդ մասի), 46-րդ հոդվածի (բացառությամբ 2-րդ մասի), 47-րդ հոդվածի (բացառությամբ 4-րդ մասի), 48-րդ, 49-րդ և 51-րդ հոդվածների, 62.1-ին հոդվածի, 68-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 69-րդ հոդվածի, 72-րդ հոդվածի 1-ին մասի, 92-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, 95-րդ հոդվածի 4-րդ մասի, 97-րդ հոդվածի, 99-րդ հոդվածի (բացառությամբ 11-րդ և 12-րդ մասերի), 100-րդ հոդվածի (բացառությամբ 11-րդ և 12-րդ մասերի), 101-րդ հոդվածի (բացառությամբ 3-րդ մասի առաջին նախադասության, 4-րդ և 10-րդ մասերի), 102-րդ հոդվածի (բացառությամբ 3-րդ մասի, 4-րդ մասի երկրորդ նախադասության, 5-րդ և 13-րդ մասերի) և 103-113-րդ հոդվածների դրույթները: Ընդ որում, սույն մասով սահմանված դրույթները պահառուին վերաբերող մասով տարածվում են ոչ հրապարակային ֆոնդերի վրա միայն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ առանձնացված պահառու ունենալու պահանջի առկայության դեպքում, իսկ կառավարչին վերաբերող մասով տարածվում են ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի վրա:
5. Ոչ հրապարակային կորպորատիվ ֆոնդի կանոնադրությունը, ի լրումն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց կանոնադրությանը ներկայացվող պահանջների, պետք է առնվազն պարունակի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով ֆոնդի կանոնների համար նախատեսված պարտադիր դրույթները։
6. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով ոչ հրապարակային ֆոնդերի համար կարող է սահմանել ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարման և ֆոնդի ակտիվների պահառության նկատմամբ պահանջներ:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պահանջները կարող են տարբերակվել` կախված ֆոնդի տեսակից կամ ֆոնդի զուտ ակտիվների արժեքից:
8. Ոչ հրապարակային ֆոնդի դրամական հաշիվը, որն օգտագործվում է ֆոնդի արժեթղթերի տեղաբաշխման կամ մարման ժամանակ ներդրողներից համապատասխան դրամական միջոցներ ստանալու կամ նրանց դրամական միջոցներ վճարելու համար, պետք է բացված լինի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկում։ Սույն մասով սահմանված պահանջը չի տարածվում այն ոչ հրապարակային ֆոնդերի վրա, որոնց ակտիվները հանձնված են պահառության Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պահառուին:»:
Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-8.4-րդ հոդվածներով.
«Հոդված 8.1. | Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվությունը |
1. Առանց սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից տրված թույլտվության՝ արգելվում է ոչ հրապարակային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնելը, դրա իրականացման առաջարկությամբ հանդես գալը կամ որպես այն իրականացնող անձ ներկայանալը: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում ներդրումային ընկերությունը կարող է իրականացնել ոչ հրապարակային ֆոնդի կառավարման գործունեություն՝ առանց սույն մասով պահանջվող թույլտվության:
2. Թույլտվությունը կամ դրանով նախատեսված իրավունքները չեն կարող գրավադրվել, փոխանցվել կամ այլ կերպ օտարվել։
3. Թույլտվությունը տրվում է անժամկետ։
4. Թույլտվության միասնական ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով։
5. Թույլտվությունը տրամադրվում և դադարեցվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ։ Թույլտվությունը դադարեցվում է բացառապես սույն օրենքով սահմանված հիմքերով և կարգով։
6. Թույլտվության կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում թույլտվությունն ստացած անձը անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է հայտնել այդ մասին Կենտրոնական բանկին։ Կենտրոնական բանկը դիմումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, տրամադրում է թույլտվության կրկնօրինակը։
Հոդված 8.2. | Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրումը և տրամադրման մերժման հիմքերը |
1. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվությունը կարող է տրամադրվել միայն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պայմանները բավարարող ոչ ռեզիդենտ իրավաբանական անձին։
2. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության ստացման նպատակով անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկությունները և փաստաթղթերը:
3. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվությունը տրամադրելու կամ տրամադրումը մերժելու մասին դիմումն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում։
4. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրումը մերժելու մասին, եթե՝
1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, կամ ներկայացվել են կեղծ փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ, կամ ներկայացված փաստաթղթերում առկա են թերություններ, և այդ թերությունները չեն վերացվել միջնորդագիր ներկայացրած անձի կողմից սույն օրենքի 111-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում.
2) անձը չի բավարարում սույն օրենքով և այլ իրավական ակտերով ոչ հրապարակային ֆոնդի կառավարման գործունեության իրականացման համար սահմանված պահանջները.
3) անձի ղեկավարը բավարարում է սույն օրենքի 8.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափանիշներից որևէ մեկը.
4) անձի նշանակալից մասնակիցը բավարարում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության մերժման հիմքերից որևէ մեկը.
5) թույլտվության համար դիմելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում դադարեցվել է Կենտրոնական բանկի կողմից անձին տրամադրված կառավարման թույլտվությունը՝ սույն օրենքի 8.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-6-րդ կետերով սահմանված հիմքերից որևէ մեկի հիման վրա:
5. Թույլտվություն տրամադրելու որոշման դեպքում Կենտրոնական բանկը որոշման կայացման պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում թույլտվությունը հանձնում է ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձին։
6. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված տեղեկությունների փոփոխության դեպքում ոչ հրապարակային ֆոնդի կառավարում իրականացնող անձը փոփոխությունները ներկայացնում է Կենտրոնական բանկ փոփոխությունից հետո՝ 10 օրացուցային օրվա ընթացքում։
7. Սույն հոդվածի իմաստով ղեկավար են համարվում խորհրդի նախագահը և անդամները, գործադիր տնօրենը կամ գործադիր մարմնի ղեկավարը և անդամները։ Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը պարտավոր է Կենտրոնական բանկին տեղեկացնել իր ղեկավարների կազմում կատարված փոփոխությունների մասին դրանք տեղի ունենալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Հոդված 8.3. | Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի նկատմամբ պահանջները |
1. Սույն օրենքի 8.2-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի ղեկավար չի կարող լինել այն անձը, որը՝
1) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի չմարված կամ չվերացված դատվածություն.
3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկված է ֆինանսական, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.
4) նախկինում, բայց ոչ շուտ, քան երեք տարի առաջ զրկվել է Կենտրոնական բանկի տրամադրած որակավորումից:
2. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի նշանակալից մասնակից չեն կարող լինել այն անձինք, որոնք բավարարում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության մերժման հիմքերից առնվազն մեկը։ Անձը, որը նշանակալից մասնակցություն է ձեռք բերել ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում կամ ավելացրել է իր մասնակցությունն այնպես, որ ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում նրա` ձայնի իրավունք տվող մասնակցությունը կազմում է առնվազն 20, 50 կամ 75 տոկոս, պարտավոր է այդ մասին տեղեկացնել Կենտրոնական բանկին նշանակալից մասնակցություն ձեռք բերելուց կամ մասնակցությունն ավելացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն մասով նախատեսված պահանջի խախտմամբ նշանակալից մասնակցություն ձեռք բերելու դեպքում Կենտրոնական բանկը կարող է առաջարկել անձին (իսկ առաջարկությունը չկատարելու դեպքում` դատական կարգով պահանջել նրանից), որ նա ողջամիտ ժամկետում օտարի կամ այլ կերպ դադարեցնի իր մասնակցությունը ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կապիտալում:
3. Ներդրողների շահերի պաշտպանության նպատակով Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտով սահմանել ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց կողմից հաճախորդների համար պարտադիր բացահայտման և տեղեկացման ենթակա նվազագույն տեղեկատվության ցանկն ու տեղեկացման կարգը։
4. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով ոչ հրապարակային ֆոնդերի կառավարումն իրականացնող անձանց նկատմամբ կարող է սահմանել սույն օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված տնտեսական նորմատիվներ, տնօրենների խորհրդի, ներքին աուդիտի, ռիսկերի կառավարման վերաբերյալ պահանջներ, որոնք չեն կարող առավել խիստ լինել, քան սույն օրենքով կառավարիչների նկատմամբ սահմանված պահանջները:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները կարող են տարբերակվել` կախված ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կողմից կառավարվող ֆոնդերի տեսակից կամ զուտ ակտիվների արժեքից:
6. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց թույլատրելու լրացուցիչ գործունեության այնպիսի տեսակներ, որոնք սերտորեն առնչվում են ֆոնդի կառավարման գործունեությանը՝ անհրաժեշտության դեպքում դրանց իրականացման համար լրացուցիչ պահանջների սահմանմամբ:
7. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց արգելվում է իրականացնել ֆոնդերի կառավարմանը սերտորեն չառնչվող որևէ այլ գործունեություն։
Հոդված 8.4. | Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության դադարեցումը |
1. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվությունը կարող է դադարեցվել՝
1) եթե թույլտվությունն ստանալուց հետո ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը 12 ամիս անընդմեջ չի իրականացրել ֆոնդի կառավարման գործունեություն.
2) եթե ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը հրապարակել կամ Կենտրոնական բանկ է ներկայացրել ապակողմնորոշիչ, ոչ արժանահավատ տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.
3) եթե ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը կամ նրա ղեկավարները թույլ են տվել սույն օրենքի, այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների պարբերական (երկու և ավելի) խախտումներ.
4) եթե ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում չի իրականացրել Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքի համաձայն տրված հանձնարարականները.
5) եթե ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի ղեկավարը բավարարում է սույն օրենքի 8.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափանիշներից որևէ մեկը.
6) ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի դիմումի հիման վրա.
7) լուծարման, այլ անձի միանալու, սնանկացման դեպքերում.
8) եթե ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը վերագրանցվել և լիցենզավորվել է որպես կառավարիչ:
2. Կառավարումն իրականացնող անձի՝ որպես կառավարչի վերագրանցման և լիցենզավորման կարգը և ներկայացվող փաստաթղթերը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Ընդ որում, Կենտրոնական բանկը մերժում է ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի վերագրանցումը և կառավարչի լիցենզիայի տրամադրումը, եթե կառավարումն իրականացնող անձը բավարարում է սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված՝ կառավարչի գրանցման և լիցենզիայի տրամադրման մերժման հիմքերից որևէ մեկը:
3. Սույն հոդվածով սահմանված հիմքերով ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության դադարեցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն անմիջապես հրապարակվում է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում։ Սույն մասով սահմանված որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ։
4. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության դադարեցման որոշումն ուժի մեջ մտնելու պահից ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը զրկվում է ոչ հրապարակային ֆոնդի կառավարում իրականացնելու իրավունքից, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված դեպքի:
5. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության դադարեցման որոշումն ուժի մեջ մտնելու պահից ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը միջոցներ է ձեռնարկում ողջամիտ ժամկետում իր կողմից կառավարվող բոլոր ֆոնդերը դադարեցնելու (լուծարելու) կամ դրանց կառավարումը այլ ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կամ կառավարչի փոխանցելու ուղղությամբ, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված դեպքի:
6. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության դադարեցման որոշումը ընդունվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրվում է ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձին։ Նշված որոշման բողոքարկումը դատարանում չի կասեցնում դրա գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում:»։
Հոդված 9. Օրենքի 9-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը «իրավունքներն առանձնացված հաշվառվում և գրանցվում են» բառերից հետո լրացնել «ֆոնդի կամ» բառերով։
Հոդված 11. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Բաց ֆոնդը կարող է ստեղծվել բորսայում շրջանառվող ֆոնդի տեսքով, որի նկատմամբ կիրառվում են բաց ֆոնդերի համար սույն օրենքով նախատեսված դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքի 42.1-ին հոդվածով։»:
Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի «Չտարատեսականացված ֆոնդի, ինչպես նաև մասնագիտացված» բառերը փոխարինել «Մասնագիտացված» բառով:
Հոդված 13. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով ոչ հրապարակային ֆոնդերի համար կարող է սահմանվել սույն մասով սահմանված պահանջի կիրառման ավելի երկար ժամկետ:»:
Հոդված 14. Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը «համար» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սահմանել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերի ներկայացման պահանջներից բացառություններ ոչ հրապարակային ֆոնդերի համար» բառերով.
2) 5-րդ մասից հանել «(որակավորված ներդրողների ֆոնդում՝ 10)» բառերը։
Հոդված 15. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 16. Օրենքի 23-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 8-րդ կետի «և հրապարակման կարգն ու ժամկետները» բառերը փոխարինել «, իսկ հրապարակային ֆոնդերի դեպքում՝ նաև դրանց հրապարակման կարգն ու ժամկետները» բառերով.
2) 1-ին մասի 12-րդ կետը «կարգը» բառից հետո լրացնել «, ոչ հրապարակային ֆոնդի դեպքում՝ ֆոնդի մասնակիցներին տեղեկատվության տրամադրման կարգը» բառերով.
3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 17. Օրենքի 24-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 8-րդ կետի «և հրապարակման կարգն ու ժամկետները» բառերը փոխարինել «, իսկ հրապարակային ֆոնդերի դեպքում՝ նաև դրանց հրապարակման կարգն ու ժամկետները» բառերով.
2) 1-ին մասի 10-րդ կետը «կարգը» բառից հետո լրացնել «, ոչ հրապարակային ֆոնդի դեպքում՝ ֆոնդի մասնակիցներին տեղեկատվության տրամադրման կարգը» բառերով.
3) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 18. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը կարող է հրաժարվել կորպորատիվ ֆոնդի կառավարման պայմանագրից միայն ֆոնդի կառավարումն այլ անձի փոխանցելու դեպքում, որի կարգն ու պայմանները սահմանվում են ֆոնդի կանոնադրությամբ:»։
Հոդված 19. Օրենքի 26-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը կարող է հրաժարվել պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագրից միայն ֆոնդի կառավարումն այլ անձի փոխանցելու դեպքում, որի կարգն ու պայմանները սահմանվում են ֆոնդի կանոններով։».
2) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Ֆոնդի կանոնների փոփոխությունների իրականացման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 968.10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ սեփականատերերի համաձայնության և ֆոնդի կառավարման պայմանագիրը ողջամիտ ժամկետում լուծելու դրույթները չեն տարածվում ժողով չունեցող հրապարակային պայմանագրային ֆոնդերի վրա։ Եթե փակ պայմանագրային ֆոնդի կանոններով նախատեսված է ֆոնդի ժողովի գումարում, ապա այդ ֆոնդի կանոնների փոփոխությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 50-րդ հոդվածով և 32-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթները:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.
«7.1. Եթե ոչ հրապարակային փակ պայմանագրային ֆոնդի կանոններով նախատեսված է, որ ֆոնդի ժողով չի գումարվում, ապա տվյալ ֆոնդի կանոններով կարող է սահմանափակվել ֆոնդի մասնակցի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 968.10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ֆոնդի կառավարման պայմանագիրը լուծելու իրավունքը, եթե ֆոնդի կանոնների փոփոխություններն իրականացվել են ֆոնդի բոլոր փայերի 50 տոկոսից ավելին տիրապետող՝ ֆոնդի կառավարումն իրականացնող անձի հետ չփոխկապակցված սեփականատերերի համաձայնությամբ։ Ֆոնդի կառավարումն իրականացնող անձը պարտավոր է սույն մասի համաձայն ֆոնդի կառավարման պայմանագիրը լուծելու իրավունքի ծագման դեպքում այդ մասին ողջամիտ ժամկետում ծանուցել ֆոնդի մասնակիցներին: Սույն մասով փակ ներդրումային ֆոնդերի համար սահմանված դրույթները տարածվում են այն միջակայքային ֆոնդերի վրա, որոնց փայերի հետգնման միջակայքերի միջև ընկած ժամանակահատվածը գերազանցում է երեք տարին:»։
Հոդված 20. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով սահմանված պահանջը տարածվում է ոչ հրապարակային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) թողարկման և տեղաբաշխման վրա, եթե ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) այլ բան սահմանված չէ:».
2) 3-րդ մասի «սահմանում է տվյալ ֆոնդի կառավարիչը» բառերը փոխարինել «սահմանվում է ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կամ տվյալ ֆոնդի կառավարչի կողմից» բառերով.
3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Փայերի (բաժնետոմսերի) դիմաց վճարումը կատարվում է դրամական միջոցներով, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենքի 42.1-ին հոդվածով: Ոչ հրապարակային ֆոնդի մասնակիցը փայերի (բաժնետոմսերի) դիմաց կարող է տրամադրել այլ գույք՝ պայմանով, որ, տվյալ ֆոնդի կանոնների (կանոնադրության) համաձայն, ֆոնդը պատրաստվում է ներդրում կատարել այդ տեսակի գույքում:»։
Հոդված 21. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Ոչ հրապարակային ֆոնդի փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի, տեղաբաշխման ու հետգնման (մարման) գների հաշվարկման և ֆոնդի մասնակիցներին տեղեկացման կարգը սահմանվում է ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ):»։
Հոդված 22. Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «ինչպես նաև» բառերը, իսկ նույն մասը «ֆոնդի տեսակը փոփոխվելու դեպքում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում» բառերով։
Հոդված 23. Օրենքի 32-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ոչ հրապարակային ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կարող են սահմանվել փայերի հետգնման (մարման) հայտի ընդունման, փայերի հետգնման (մարման) և հետգնման (մարման) միջակայքերի պարբերականության այլ ժամանակահատվածներ:».
2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ոչ հրապարակային փակ կորպորատիվ ֆոնդի կանոնադրությամբ կարող են սահմանվել բաժնետոմսերի հետգնման այլ դեպքեր:».
3) 6-րդ մասը «միջոցներով» բառից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքի 42.1-ին հոդվածով» բառերով։
Հոդված 24. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) «երեք օրվա ընթացքում հրապարակելով առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում» բառերը փոխարինել «մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակելով իր ինտերնետային կայքում» բառերով, իսկ «տեղեկացման և հրապարակման պահանջը» բառերը՝ «տեղեկատվության հրապարակման պահանջը» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Որակավորված ներդրողների ֆոնդի կառավարիչը ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված կարգով տեղեկացնում է ֆոնդի մասնակիցներին փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) կասեցման մասին` նշելով դրա հիմքերը:»։
Հոդված 25. Օրենքի 38-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 38. | Ստանդարտ ֆոնդերի ներդրումային քաղաքականությունը |
1. Սույն գլխով սահմանված պահանջները ներկայացվում են բացառապես ստանդարտ ֆոնդերին: Ընդ որում, սույն օրենքի 39-րդ և 41-րդ հոդվածները չեն տարածվում որակավորված ներդրողների ֆոնդերի և ոչ հրապարակային ֆոնդերի վրա:
2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով որակավորված ներդրողների ֆոնդ համարվող ստանդարտ ֆոնդերի և ոչ հրապարակային ստանդարտ ֆոնդերի համար կարող են սահմանվել`
1) ֆոնդի ակտիվների նվազագույն չափը, որը պետք է լինի իրացվելի ակտիվների տեսքով.
2) սահմանափակումներ` ըստ ակտիվների տեսակների կամ դասերի.
3) ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որը կարող է ներդրվել կարգավորվող շուկայում առևտրին չթույլատրված արժեթղթերում.
4) մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց թողարկած նույն դասի արժեթղթերի առավելագույն չափը, որը կարող է ձեռք բերել ֆոնդը.
5) ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որը կարող է ներդրվել մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում, ինչպես նաև ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որի վերաբերյալ ֆոնդը կարող է կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներ մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող անձի կամ փոխկապակցված անձանց հետ.
6) ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որը կարող է ներդրվել մեկ առանձին գույքում.
7) այլ ֆոնդերի փայերում կամ բաժնետոմսերում ներդրումների պայմանները և առավելագույն սահմանաչափերը.
8) փոխառությունների ներգրավման պայմանները և ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի նկատմամբ ներգրավված փոխառությունների առավելագույն սահմանաչափը.
9) ֆոնդի գործունեության այլ տնտեսական նորմատիվներ, այդ թվում` ժամանակավոր գործողության.
10) ակտիվների խմբում մեկ նախաձեռնողի մասնակցության առավելագույն չափը:
3. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել որակավորված ներդրողների ֆոնդերի և ոչ հրապարակային ֆոնդերի հաշվին կնքվող արժեթղթերով ֆինանսավորման գործարքների (այդ թվում՝ ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների, արժեթղթերը փոխառությամբ տրամադրելու կամ ստանալու գործարքների), ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքվող գործարքների նկատմամբ սահմանափակումներ, նվազագույն չափանիշներ և պայմաններ (այդ թվում՝ տեսակները, գործարքի կողմերը), ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ներդրումային սահմանաչափերի հաշվարկման նպատակով այդ գործարքների ռիսկերի արժեքների հաշվարկման կարգ:»։
Հոդված 26. Օրենքի 39-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Կառավարիչը կարող է փոխառու միջոցներ ներգրավել այն ֆոնդի ակտիվների 10 տոկոսը չգերազանցող չափով, որի համար ներգրավվում են այդ փոխառու միջոցները, եթե ներգրավվում են կարճաժամկետ (մինչև երեք ամիս մարման ժամկետով) փոխառու միջոցներ:».
2) 4-րդ մասը «գործարքների» բառից հետո լրացնել «և ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքների» բառերով։
Հոդված 27. Օրենքի 41-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել ներդրումային ֆոնդերի հաշվին կնքվող արժեթղթերով ֆինանսավորման գործարքների (այդ թվում՝ ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների, արժեթղթերը փոխառությամբ տրամադրելու կամ ստանալու գործարքների), ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքվող գործարքների նկատմամբ սահմանափակումներ, նվազագույն չափանիշներ և պայմաններ (այդ թվում՝ տեսակները, գործարքի կողմերը), ինչպես նաև սույն հոդվածով սահմանված ներդրումային սահմանաչափերի հաշվարկման նպատակով այդ գործարքների ռիսկերի արժեքների հաշվարկման կարգ:»:
Հոդված 28. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.1-ին հոդվածով.
«Հոդված 42.1. | Բորսայում շրջանառվող ֆոնդերի առանձնահատկությունները |
1. Բորսայում շրջանառվող ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կարող է նախատեսվել ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) վաճառքի, տեղաբաշխման և մարման այլ կարգ, քան նախատեսված է սույն օրենքով, մասնավորապես՝
1) փայերի (բաժնետոմսերի) դիմաց վճարումը, դրամական միջոցներից բացի, այլ ակտիվներով.
2) փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) ժամանակ հետգնման (մարման) գումարի վճարումը, դրամական միջոցներից բացի, այլ ակտիվներով.
3) փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման և մարման իրականացումը միայն ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսված նվազագույն ծավալով (քանակով), միայն ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսված անձանց միջոցով.
4) բորսայում շրջանառվող ֆոնդերին բնորոշ այլ առանձնահատկություններ։
2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ֆոնդերի կանոնների բովանդակության, ներդրումային քաղաքականության, ինչպես նաև տեղեկատվության հրապարակման նկատմամբ պահանջներ։
3. Բորսայում շրջանառվող ֆոնդը կարող է հանդես գալ միայն հրապարակային ֆոնդի տեսքով:»:
Հոդված 29. Օրենքի 44-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «Օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով որակավորված ներդրողների ֆոնդ չհամարվող մասնագիտացված ֆոնդերի կոնկրետ տեսակների համար կարող են սահմանվել`» բառերը փոխարինել «Օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով մասնագիտացված ֆոնդերի (այդ թվում՝ ոչ հրապարակային ֆոնդերի) որոշակի տեսակների համար կարող են սահմանվել`» բառերով.
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ մասից հանել «կամ 2-րդ» բառերը։
Հոդված 30. Օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «վենչուրային» բառը:
Հոդված 31. Օրենքի 52-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասից հանել «(այդ թվում՝ ոչ հրապարակային ֆոնդի)» բառերը, իսկ նույն մասի «4-րդ և 5-րդ» բառերը փոխարինել «4-րդ, 5-րդ և 5.1-ին» բառերով.
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կառավարիչը կարող է իրականացնել ոչ հրապարակային ֆոնդի կառավարման գործունեություն՝ առանց սույն օրենքի 8.1-ին հոդվածով սահմանված թույլտվության:».
3) 5-րդ մասի 1-ին կետից հանել «` կապված իր կողմից կառավարվող արժեթղթերում ներդրումների հետ,» բառերը.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով կառավարիչներին թույլատրել լրացուցիչ գործունեության այնպիսի տեսակներ, որոնք սերտորեն առնչվում են սույն հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված գործունեությանը՝ անհրաժեշտության դեպքում դրանց իրականացման համար լրացուցիչ պահանջների սահմանմամբ:».
5) 9-րդ մասը «լիցենզիա չունեցող անձանց» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքով սահմանված ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվություն ունեցող անձանց)» բառերով:
Հոդված 32. Օրենքի 64-րդ հոդվածի 10-րդ մասից հանել «էական» բառը, իսկ նույն մասի «կառավարչի խորհրդին, գործադիր մարմնին և Կենտրոնական բանկին» բառերը փոխարինել «կառավարչի գործադիր մարմնին, իսկ նշված խախտման կամ հասցված վնասի էական լինելու դեպքում՝ նաև կառավարչի խորհրդին և Կենտրոնական բանկին» բառերով:
Հոդված 33. Օրենքի 65-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասից հանել «կամ ներդրումային ծառայություն մատուցող այլ անձի խորհրդի նախագահ կամ անդամ,» և «(ներդրումային ծառայություն մատուցող այլ անձը)» բառերը.
2) 4-րդ մասից հանել «կամ ներդրումային ծառայություն մատուցող այլ անձի» բառերը.
3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 34. Օրենքի 86-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պահառու կարող է լինել Կենտրոնական դեպոզիտարիան, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով արժեթղթերի պահառության ծառայություն մատուցող՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկը կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող ներդրումային ընկերությունը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Ֆոնդի՝ պահառուի մոտ բացված համապատասխան հաշիվներում հաշվառվող արժեթղթերը և ածանցյալ ֆինանսական գործիքները չեն համարվում պահառուի սեփականությունը, և դրանց վրա բռնագանձում չի կարող տարածվել պահառուի պարտավորությունների համար, ներառյալ՝ սնանկության դեպքում:»:
Հոդված 35. Օրենքի 87-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Պահառուն պարտավոր է տարանջատել պահառության հանձնված յուրաքանչյուր ֆոնդի ակտիվներն իր և այլ անձանց ու ֆոնդերի ակտիվներից և դրանց վերաբերյալ վարել առանձնացված հաշվառում:».
2) 4-րդ մասի «Կենտրոնական բանկին, կառավարչին» բառերը փոխարինել «կառավարչին, իսկ խնդիրը ողջամիտ ժամկետում չլուծվելու դեպքում՝ Կենտրոնական բանկին» բառերով։
Հոդված 36. Օրենքի 92-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Ոչ հրապարակային ֆոնդերի կառավարումն իրականացնող անձը կազմում և Կենտրոնական բանկ է ներկայացնում իր և իր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդի տարեկան և միջանկյալ հաշվետվությունները: Ոչ հրապարակային ֆոնդերի վերաբերյալ հաշվետվությունների ձևերը, բովանդակությունը, դրանց ներկայացման կարգը, ժամկետներն ու պարբերականությունը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:».
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն հոդվածով նախատեսված հրապարակման պահանջը չի տարածվում որակավորված ներդրողների ֆոնդի վրա։»։
Հոդված 37. Օրենքի 96-րդ հոդվածի 8-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը։
Հոդված 38. Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) ֆոնդի վերջին տարեկան հաշվետվությունը՝ հաստատված արտաքին աուդիտն իրականացնող անձի կողմից, ինչպես նաև վերջին տարեկան հաշվետվությունից հետո հրապարակված միջանկյալ հաշվետվությունները.»։
Հոդված 39. Օրենքի 100-րդ հոդվածի 11-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը։
Հոդված 40. Օրենքի 101-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետը «6 ամսվա ընթացքում» բառերից հետո և 3-րդ կետը «վեց ամսից ավելի ժամկետով» բառերից հետո լրացնել «(ոչ հրապարակային ֆոնդի դեպքում՝ սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված ժամկետում)» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) ֆոնդը չի բավարարում սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա ընդունված՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված չափանիշները:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Ոչ հրապարակային ֆոնդերի համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված ժամկետներից ավելի երկար ժամկետներ:»։
Հոդված 41. Օրենքի 102-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետը «6 ամսվա ընթացքում» բառերից հետո և 3-րդ կետը «վեց ամսից ավելի ժամկետով» բառերից հետո լրացնել «(ոչ հրապարակային ֆոնդի դեպքում՝ սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված ժամկետում)» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) ֆոնդը չի բավարարում սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա ընդունված՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված չափանիշները:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Ոչ հրապարակային ֆոնդերի համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված ժամկետներից ավելի երկար ժամկետներ:»:
Հոդված 42. Օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասում «կորպորատիվ ֆոնդերը, այդ թվում` ոչ հրապարակային ֆոնդերը, կառավարիչներին» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդերը, կառավարիչներին» բառերով։
Հոդված 43. Օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության դադարեցում:»։
Հոդված 44. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 110.1-ին հոդվածով.
«Հոդված 110.1. | Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության դադարեցումը |
1. Կենտրոնական բանկի կողմից ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվությունը դադարեցվում է սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ։
2. Մինչև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պատասխանատվության միջոցի կիրառումը Կենտրոնական բանկը կարող է որոշակի ժամկետ սահմանել ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի համար, որի ընթացքում վերջինս պարտավոր է վերացնել թույլտվության դադարեցման համար հիմք համարվող խախտումները։»։
Հոդված 45. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի 8-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 8.1-ին հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև Օրենքի 8.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում Կենտրոնական բանկի կողմից գրանցված ոչ հրապարակային ֆոնդերի կառավարումն իրականացնող անձինք պետք է սույն օրենքի պահանջներին համապատասխան ստանան ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվություն կամ ֆոնդերի կառավարումը փոխանցեն ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվություն կամ ֆոնդի կառավարման լիցենզիա ունեցող այլ անձի, ինչպես նաև իրենց և իրենց կողմից կառավարվող ոչ հրապարակային ֆոնդերի գործունեությունը համապատասխանեցնեն սույն օրենքի պահանջներին: Սույն հոդվածով սահմանված պահանջը չկատարելու դեպքում տվյալ անձի կողմից կառավարվող ֆոնդերը ենթակա են դադարեցման (լուծարման) օրենքով սահմանված կարգով:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. փետրվարի 14 Երևան ՀՕ-23-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|