ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մայիսի 7-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 40.1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը «տպագիր մամուլի,» բառերից հետո լրացնել «կաբելային (մալուխային) ցանցով,» բառերով։
Հոդված 2. Օրենսգրքի 40.9-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «սոցիոլոգիական» բառից հետո լրացնել «կամ լրագրողական» բառերով․
2) առաջին պարբերությունը «սոցիոլոգիական» բառից հետո լրացնել «կամ լրագրողական» բառերով․
3) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև ժամը 20.00-ն, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով կամ վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ տպագիր մամուլով, ինչպես նաև համացանցի միջոցով թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վերաբերյալ սոցիոլոգիական կամ լրագրողական հարցման արդյունքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում հրապարակումն իրականացրած ֆիզիկական անձի կամ կազմակերպության նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով։»։
Հոդված 3. Օրենսգրքի 40.15-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «Տեղամասային կենտրոնում» բառերից հետո լրացնել «կամ տեղամասային կենտրոնին հարող տարածքում» բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով․
«3. Քվեարկության օրը տեղամասային կենտրոնին, այդ թվում՝ տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով անձի շարունակական ներկայությունը ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողության նպատակով, եթե այն շարունակվել է բանավոր նախազգուշացումից հետո՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։»։
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 40.16-րդ հոդվածով․
«Հոդված 40.16. |
Կազմակերպությունների կողմից օրենքով արգելված ժամանակահատվածում բարեգործություն կատարելը |
1. Ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում այն կազմակերպությունների կողմից, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ, կամ կուսակցությունների կողմից ղեկավարվող կազմակերպությունների կողմից, ինչպես նաև այն կազմակերպությունների կողմից, որոնց հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը տվյալ ընտրություններում առաջադրվել է են որպես թեկնածու, բարեգործություն կատարելն այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ՝
առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով։»։
Հոդված 5. Օրենսգրքի 223-րդ հոդվածի առաջին պարբերության 6-րդ կետում «40.6-40.15 հոդվածներով» բառերը փոխարինել «40.6-40.16 հոդվածներով» բառերով։
Հոդված 6. Օրենսգրքի 254-րդ հոդվածում՝
1) առաջին պարբերության 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) սույն օրենսգրքի 40.1, 40.2, 40.4, 40.6-40.9, 40.11, 40.13-40.16 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ իրավասու ընտրական հանձնաժողովը.»․
2) (կետը չեղյալ է ճանաչվել 05.12.24 ՀՕ-520-Ն)
3) երրորդ պարբերության «40.6-40.15» թվերը փոխարինել «40.6-40.16» թվերով։
(6-րդ հոդվածը փոփ. 05.12.24 ՀՕ-520-Ն)
Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։
2. Սույն օրենքի 1-ին, 2-րդ, 4-5-րդ հոդվածները, 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման պահից՝ 30 օր հետո։
3. (մասն ուժը կորցրել է 05.12.24 ՀՕ-520-Ն)
(7-րդ հոդվածը փոփ. 24.11.22 ՀՕ-445-Ն, 22.12.23 ՀՕ-417-Ն, 05.12.24 ՀՕ-520-Ն)
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. մայիսի 27 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.12.2024, ՀՕ-520-Ն | 01.01.2025, ՀՕ-205-Ն | |
22.12.2023, ՀՕ-417-Ն | 27.12.2023, ՀՕ-205-Ն | |
24.11.2022, ՀՕ-445-Ն | 15.12.2022, ՀՕ-205-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|