Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-193-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (18.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.24/39(842) Հոդ.927
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի մայիսի 25-ին

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(օրենքը խմբ. 03.10.18 ՀՕ-395-Ն)

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է ազատ տնտեսական գոտիների ստեղծման, կազմակերպման և լուծարման հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2.

Ազատ տնտեսական գոտիների ստեղծման նպատակը

 

Ազատ տնտեսական գոտիներն ստեղծվում են ներդրումների ներգրավման, նոր աշխատատեղերի ստեղծման, արտահանման խթանման միջոցով Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով:

 

Հոդված 3.

 Ազատ տնտեսական գոտիների մասին օրենսդրությունը

 

1. Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական գոտիների ոլորտում հարաբերությունները կարգավորվում են 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի վերաբերյալ» համաձայնագրով (այսուհետ` Համաձայնագիր) և այլ միջազգային պայմանագրերով, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵԱՏՄ) իրավունքի մաս կազմող` «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով և ազատ տնտեսական գոտիների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. Հայաստանի Հանրապետության ազատ տնտեսական գոտիների մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, մաքսային և հարկային հարաբերությունները կարգավորող օրենքներից և այլ իրավական ակտերից:

 

Հոդված 4.

 Օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում կիրառվող հիմնական հասկացություններն են`

1) ազատ տնտեսական գոտի` Կառավարության կամ մասնավոր նախաձեռնության հիման վրա, սույն օրենքի համաձայն, Կառավարության սահմանած՝ Հայաստանի Հանրապետության տարածքի մաս, որտեղ ձեռնարկատիրական և այլ գործունեությունն իրականացվում են սույն օրենքով, Համաձայնագրով և ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով սահմանված առանձնահատկություններին համապատասխան, ինչպես նաև կարող է կիրառվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը.

2) ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ (այսուհետ` կազմակերպիչ)` բացառապես ազատ տնտեսական գոտու կազմակերպման նպատակով Կառավարության ստեղծած (հիմնադրած) կամ Կառավարության որոշմամբ ընտրված իրավաբանական անձ, որն ապահովում է ազատ տնտեսական գոտում գործունեության իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը և ծառայությունների մատուցումը, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ գործառույթներ.

3) ազատ տնտեսական գոտու շահագործող (այսուհետ` շահագործող)` Հայաստանի Հանրապետության ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառված՝ սույն օրենքին համապատասխան բացառապես ազատ տնտեսական գոտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպություն կամ հաշվառված անհատ ձեռնարկատեր.

4) հայտատու` Հայաստանի Հանրապետության ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում գրանցվելու համար հայտ ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպություն կամ հաշվառված անհատ ձեռնարկատեր.

5) լիազոր մարմին` Կառավարության տնտեսական քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմին.

6) հանձնաժողով` ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական խորհրդակցական միավոր, որի լիազորությունների շրջանակը և կազմը սահմանվում են սույն օրենքով, իսկ ձևավորման և գործունեության կարգը` Կառավարության կողմից.

7) ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստր (այսուհետ` շահագործողների ռեեստր)` Հայաստանի Հանրապետության տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ցանկ, որը կազմում և վարում է լիազոր մարմինը սույն օրենքի պահանջներին համապատասխան` լիազոր մարմնի որոշմամբ.

8) ազատ տնտեսական գոտու գործարկում` ազատ տնտեսական գոտու շահագործման սկիզբ` հանձնաժողովի եզրակացության հիման վրա` լիազոր մարմնի որոշմամբ.

9) հաշվետվություն՝ հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպչի կողմից ազատ տնտեսական գոտում կատարված ներդրումների, ստեղծված աշխատատեղերի, մատուցվող ծառայությունների, ներգրավված շահագործողների, ինչպես նաև կազմակերպչի ներդրումային ծրագրի և պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքի մասին այլ տեղեկատվություն.

10) սկզբնական ներդրումային հայտարարագիր (այսուհետ` սկզբնական հայտարարագիր)՝ շահագործողի կողմից Կառավարության սահմանած ձևով և կարգով ներկայացվող պաշտոնական հայտարարություն, որը կազմվում է գործարար ծրագրի հիման վրա և պարունակում է տեղեկատվություն շահագործման ընթացքում հայտարարվող ներդրումների, աշխատատեղերի և արտադրության ծավալների, իսկ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող շահագործողների դեպքում՝ նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 3.1-ին մասում նշված պայմանների վերաբերյալ՝ բաշխված ըստ տարիների.

11) հերթական ներդրումային հայտարարագիր (այսուհետ` հերթական հայտարարագիր)՝ շահագործողի կողմից Կառավարության սահմանած ձևով և կարգով ներկայացվող պաշտոնական հայտարարություն, որը պարունակում է տեղեկատվություն շահագործման տվյալ տարում փաստացի իրականացված ներդրումների, ստեղծված աշխատատեղերի և արտադրության ծավալների, իսկ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող շահագործողների դեպքում՝ նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 3.1-ին մասում նշված պայմանների վերաբերյալ.

12) ազատ տնտեսական գոտու լուծարում` սույն օրենքով սահմանված կարգով ազատ տնտեսական գոտու գործունեության դադարեցում։

(4-րդ հոդվածը լրաց. 12.06.24 ՀՕ-298-Ն)

(12.06.24 ՀՕ-298-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 5.

Ազատ տնտեսական գոտու ստեղծումը, ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագրի կնքումը, կազմակերպչի ընտրությունը

 

1. Ազատ տնտեսական գոտին ստեղծվում է Կառավարության որոշմամբ:

2. Ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին Կառավարության որոշումը պետք է ներառի`

1) ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակը, անհրաժեշտությունը և տեղակայման հիմնավորվածությունը.

2) տարածքի նկարագիրը և սահմանագիծը, ազատ տնտեսական գոտուն և դրա սահմանագծին ներկայացվող պահանջները: Սահմանագծին ներկայացվող պահանջները սահմանվում են` կախված տվյալ ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակից և դրանում իրականացվող գործունեության առանձնահատկություններից՝ սույն օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան.

3) գործառնական տեսակը և շահագործողների կողմից իրականացվելիք գործունեության տեսակները` ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի.

4) ազատ տնտեսական գոտու գործարկման վերջնաժամկետը.

5) ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետները.

6) ազատ տնտեսական գոտու ստեղծման ներդրումային ծրագիրը.

7) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառման տարածքը.

8) կազմակերպչի անձնական տվյալները՝ կազմակերպչի նախապես հայտնի լինելու դեպքում.

9) հաշվետվության ձևը.

10) շահագործողների ներառման կարգը շահագործողների ռեեստրում.

11) ակնկալվող պետական աջակցության ձևերը:

3. Կազմակերպչի ընտրության, ինչպես նաև հաշվետվություն ներկայացնելու կարգը սահմանում է Կառավարությունը:

4. Կազմակերպչի ընտրության չափանիշներն են՝

1) կազմակերպչի ներդրումների չափը, ձևերը, ուղղվածությունը և ժամկետները.

2) կազմակերպչի կողմից ստեղծվելիք աշխատատեղերի քանակը.

3) կազմակերպչի կողմից մատուցվող ծառայությունների ցանկը և սակագները.

4) ազատ տնտեսական գոտու միջազգային ճանաչմանը և բրենդի տարածմանն ուղղված միջոցառումները, այդ թվում` մարկետինգային պայմանագրերի առկայություն, ազատ տնտեսական գոտի շահագործողների, այդ թվում՝ միջազգային բրենդների ներգրավում, ազատ տնտեսական գոտում արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների արտահանման աջակցմանն ուղղված աշխատանքներ և ակնկալվող արդյունքներ.

5) ակնկալվող պետական աջակցության ձևերը.

6) ազատ տնտեսական գոտու ստեղծման անհրաժեշտության և դրա տեղակայման վայրի ընտրության հիմնավորվածությունը (միայն մասնավոր նախաձեռնության դեպքում):

5. Կառավարության անունից լիազոր մարմինը կնքում է համապատասխան պայմանագիր կազմակերպչի հետ:

6. Լիազոր մարմնի և կազմակերպչի միջև կնքվող պայմանագիրը ենթակա է հրապարակման լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում՝ կնքման պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում:

7. Ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին Կառավարության որոշմամբ սահմանված ազատ տնտեսական գոտու գործարկման վերջնաժամկետը խախտելու դեպքում հանձնաժողովի եզրակացության հիման վրա Կառավարությունն ընդունում է ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին Կառավարության որոշմամբ սահմանված վերջնաժամկետները փոփոխելու կամ ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին Կառավարության որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հոդված 6.

 Ազատ տնտեսական գոտուն ներկայացվող պահանջները

 

1. Ազատ տնտեսական գոտուն ներկայացվող պահանջների շրջանակը ներառում է՝

1) բեռնափոխադրումների համար նախատեսված տրանսպորտային միջոցների, այդ թվում` երկաթուղային տրանսպորտային միջոցների ներսբերման հնարավորությամբ, ավտոկայանատեղով և փակուղով ապահովվածություն.

2) Կառավարության հաստատած սահմանագծին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխան սահմանով սահմանազատվածություն.

3) մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հսկողություն և մաքսային գործառնություններ իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններով ու տեխնիկական միջոցներով ապահովվածություն.

4) տարածքի անվտանգության, առաջնային բուժօգնության և հակահրդեհային համակարգերով ապահովվածություն.

5) անխափան ջրամատակարարման և ջրահեռացման, էներգամատակարարման, գազամատակարարման, աղբահանության և կապի միջոցների (առնվազն հեռախոսային կապի և ինտերնետի) ապահովվածություն.

6) սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների պահպանման համապատասխան միջոցներով ապահովվածություն.

7) կարանտինային սպասարկման տարածքի առկայություն.

8) ապրանքների պահպանության համար նյութատեխնիկական սարքավորումներով, ինչպես նաև բեռնման, բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումներով և այլ միջոցներով ապահովվածություն:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների այն կետերը, որոնք ենթակա են պարտադիր կատարման, սահմանվում են ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին Կառավարության որոշմամբ` հանձնաժողովի եզրակացության հիման վրա` կախված տվյալ ազատ տնտեսական գոտուն Կառավարության վերապահած գործունեության տեսակներից:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 6-րդ և 8-րդ կետերի կատարումը պարտադիր է ազատ տնտեսական գոտու այն տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը:

 

Հոդված 7.

 Ազատ տնտեսական գոտու շահագործումը

 

1. Ազատ տնտեսական գոտու շահագործումն իրականացնում են տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառված շահագործողները:

2. Շահագործողների ռեեստրում ներառվում են այն հայտատուները, որոնք գործարար ծրագրի վերաբերյալ ստացել են Կառավարության կողմից տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու հավանություն հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա և տվյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպչի հետ կնքել են պայմանագիր: Տվյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը չի կարող լինել տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործող:

3. Շահագործողների ռեեստրում ներառելու վերաբերյալ Կառավարության որոշումը ներառում է տվյալ տնտեսական գոտում շահագործողի կողմից իրականացման ենթակա տնտեսական գործունեության տեսակները, տվյալ ազատ տնտեսական գոտու անվանումը (անհրաժեշտության դեպքում՝ շահագործողի տնտեսական գործունեություն իրականացնելու վայրը), տվյալ շահագործողի՝ շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը:

3.1. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող շահագործողները պետք է համապատասխանեն ազատ տնտեսական գոտիներում իրական ներկայության պայմաններին: Սույն մասի կիրառության իմաստով ազատ տնտեսական գոտիներում իրական ներկայության պայմաններ են համարվում՝

1) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների արդյունքներով եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ հիմնական գործողությունների իրականացումը ազատ տնտեսական գոտու տարածքում: Սույն մասի կիրառության իմաստով սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների արդյունքներով եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ հիմնական գործողությունն այն գործողությունն է, որի արդյունքով ձևավորվում (ստեղծվում) է շահագործողի՝ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների արդյունքներով ձեռնարկատիրական եկամուտների առաջնային աղբյուրը, բացառությամբ օժանդակ գործունեության: Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների արդյունքներով եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ հիմնական գործողությունների ցանկը սահմանում է Կառավարությունը: Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների արդյունքներով հիմնական եկամուտների ձևավորման համար անհրաժեշտ գործողությունների արտապատվիրակումն արգելվում է.

2) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների արդյունքներով եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ գործողությունների իրականացում ծրագրով նախատեսված թվով որակավորված, լրիվ դրույքով աշխատողների միջոցով.

3) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների արդյունքներով եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ գործողությունների իրականացում ծրագրով նախատեսված ծավալով գործառնական ծախսերի միջոցով։

4. Հանձնաժողովի եզրակացությունը կազմվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով սահմանված կարգին համապատասխան։

5. Շահագործողների ռեեստրում ներառված շահագործողներն ստանում են վկայական, որի ձևը սահմանում է լիազոր մարմինը:

6. Հայտատուի` տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի տրամադրման, դրա գործողության ժամկետի երկարաձգման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի ներկայացրած գործարար ծրագրին ներկայացվող պահանջների, գործարար ծրագրի գնահատման, ազատ տնտեսական գոտու շահագործողի սկզբնական և հերթական հայտարարագրերի հաստատման և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:

7. Շահագործողի գործարար ծրագիրը պարտադիր ներառում է սկզբնական հայտարարագիր:

8. Lիազոր մարմինը հետևում է գործարար ծրագրի կատարմանը` սկզբնական և հերթական հայտարարագրերի վերլուծության միջոցով:

9. Հերթական հայտարարագիրը շահագործողը լիազոր մարմին է ներկայացնում տարեկան կտրվածքով վկայականի գործողության ժամանակահատվածում` յուրաքանչյուր օրացուցային տարին լրանալուց հետո՝ 30 օրացուցային օրվա ընթացքում:

10. Շահագործողների ռեեստրից շահագործողը հանվում է հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.

1) իրավունքի ուժով`

ա. կազմակերպչի և շահագործողի միջև պայմանագրի լուծման դեպքում,

բ. սույն օրենքով սահմանված հիմքերով ազատ տնտեսական գոտու լուծարման դեպքում,

գ. վկայականով սահմանված ժամկետը լրանալու դեպքում, եթե շահագործողի կողմից ժամկետը երկարաձգելու դիմում չի ներկայացվում.

2) Կառավարության որոշմամբ` հանձնաժողովի եզրակացության հիման վրա` լիազոր մարմնի ներկայացմամբ`

ա. հերթական հայտարարագրում կեղծ կամ ոչ ճշգրիտ կամ աղավաղված տվյալներ ներկայացնելու, դրանք լիազոր մարմնի կողմից հայտնաբերվելու և շահագործողին դրա վերաբերյալ ծանուցելու օրվանից 10-օրյա ժամկետում շահագործողի կողմից ճշգրիտ հայտարարագիրը լիազոր մարմին չներկայացնելու դեպքում,

բ. տվյալ ժամանակաշրջանի համար հերթական հայտարարագրերի թվային ցուցանիշների հանրագումարի սկզբնական հայտարարագրի թվային ցուցանիշներից առնվազն 20% բացասական շեղման, իսկ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող շահագործողների դեպքում՝ նաև սույն հոդվածի 3.1-ին մասում նշված պայմանները չպահպանելու դեպքում: Շահագործողը հանվում է շահագործողների ռեեստրից` լիազոր մարմին հերթական հայտարարագիրը ներկայացնելուց հետո՝ 3-ամսյա ժամկետում, շահագործողի կողմից շեղումը չվերացնելու և շեղումը վերացնելու մասին տեղեկատվություն չներկայացնելու դեպքերում:

11. Շահագործողների ռեեստրից հանվելու դեպքում կազմակերպչի և շահագործողի միջև կնքված պայմանագիրը համարվում է լուծված: «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 207-րդ հոդվածով սահմանված դեպքերում և ժամկետում:

12. Ազատ տնտեսական գոտում կարող են գործունեություն իրականացնել շահագործողները, ինչպես նաև շահագործող չհանդիսացող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը: Ազատ տնտեսական գոտում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին Կառավարության որոշմամբ սահմանված գործունեության տեսակներից տարբերվող գործունեության տեսակներ, այդ թվում՝ մանրածախ առևտուր, կարող են իրականացնել շահագործող չհանդիսացող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը: Ազատ տնտեսական գոտում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին Կառավարության որոշմամբ սահմանված գործունեության տեսակներ կարող են իրականացնել նաև շահագործող չհանդիսացող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը` առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ շահագործողների համար նախատեսված արտոնությունների կիրառման:

13. Ազատ տնտեսական գոտու տարածքում արգելվում է ազատ տնտեսական գոտու շահագործողների և շահագործող չհանդիսացող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միջև այնպիսի գործարքների իրականացում, որոնց շրջանակներում իրականացվում է ապրանքների հանձնում շահագործողից շահագործող չհանդիսացող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը:

(7-րդ հոդվածը խմբ., լրաց. 12.06.24 ՀՕ-298-Ն)

(12.06.24 ՀՕ-298-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 8.

 Լիազոր մարմնի լիազորությունները

 

1. Լիազոր մարմինը`

1) Կառավարության անունից կնքում, փոփոխում կամ լուծում է ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիրը կազմակերպչի հետ.

2) վարում է շահագործողների ռեեստրը.

3) իրականացնում է ազատ տնտեսական գոտում կազմակերպչի և շահագործողի գործունեության վերլուծություն` չխոչընդոտելով նրանց գործունեությունը, այդ թվում` վերլուծություն կազմակերպչի` Կառավարության որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրի, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու կազմակերպման պայմանագրային պարտավորությունների կատարման, շահագործողի սկզբնական հայտարարագրի կատարման նկատմամբ.

4) հետևում է ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի հաշվետվությունները և շահագործողների հերթական հայտարարագրերը ներկայացնելուն.

5) համագործակցում է այլ մարմինների հետ շահագործողի գործարար ծրագրով ներկայացված պարտավորությունների և հայտարարագրերի հավաստիությունն ուսումնասիրելու, ազատ տնտեսական գոտու կազմակերպչի պարտավորությունների և շահագործողների հայտարարագրերի կատարման մշտադիտարկման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքելու հարցում.

6) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 9.

 Հանձնաժողովի կազմը և լիազորությունները

 

1. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի ղեկավարը, լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ՝ լիազոր մարմնի ներկայացուցիչները, արդարադատության բնագավառում Կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի, ֆինանսների բնագավառում Կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի, հարկային և մաքսային մարմնի և այլ պետական մարմինների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է վարչապետի որոշմամբ։

2. Հանձնաժողովը`

1) ուսումնասիրում և գնահատում է հայտերը և Կառավարություն է ներկայացնում եզրակացություններ ազատ տնտեսական գոտի ստեղծելու ու ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու համար ներկայացված հայտերի վերաբերյալ՝ Կառավարության կարգով սահմանած ժամկետում.

2) Կառավարություն է ներկայացնում եզրակացություն ազատ տնտեսական գոտու գործարկման, ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին Կառավարության որոշմամբ սահմանված վերջնաժամկետները փոփոխելու, ազատ տնտեսական գոտու գործարկման վերջնաժամկետները հետաձգելու կամ ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին Կառավարության որոշումն ուժը կորցրած ճանաչելու, շահագործողների ռեեստրից շահագործողին հանելու վերաբերյալ.

3) կազմում է եզրակացություն շահագործողների ռեեստրից շահագործողին հանելու վերաբերյալ՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում.

4) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 10.

 Կազմակերպչի գործառույթները

 

1. Կազմակերպիչը`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատում, օգտագործում է ազատ տնտեսական գոտու ինժեներական կառույցները և ենթակառուցվածքները, ինչպես նաև ապահովում է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պահանջները.

2) պայմանագիր է կնքում տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու հավանություն ստացած հայտատուների հետ.

3) վարձակալության է հանձնում կամ վաճառում է շահագործման ենթակա ազատ տնտեսական գոտու տարածքը և ենթակառուցվածքը.

4) ապահովում է ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնելու համար սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան կնքած պայմանագրային պարտավորությունների կատարումը.

5) ազատ տնտեսական գոտու նախորդ տարվա գործունեության վերաբերյալ ներկայացնում է հաշվետվություններ լիազոր մարմին` Կառավարության սահմանած կարգով.

6) իրականացնում է միջոցառումներ` ուղղված ազատ տնտեսական գոտու միջազգային ճանաչմանը և դրանում շահագործողների ներգրավմանը.

7) իրականացնում է օրենսդրությամբ և պայմանագրով իր համար սահմանված այլ գործառույթներ:

 

Հոդված 11.

Շահագործողի գործառույթները

 

1. Շահագործողը`

1) ապահովում է ազատ տնտեսական գոտու շահագործման պայմանագրով նախատեսված պարտավորությունների, գործարար ծրագրի և սկզբնական հայտարարագրի կատարումը, ինչպես նաև լիազոր մարմին հերթական հայտարարագրերը ներկայացնելը՝ սույն օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան.

2) իրականացնում է ազատ տնտեսական գոտու տարածքի կառուցապատումը նախապես հաստատված նախագծի համապատասխան` համաձայնեցնելով կազմակերպչի հետ.

3) պահպանում է ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները.

4) օգտվում է ազատ տնտեսական գոտիների մասին օրենսդրությամբ իրենց գործունեության համար նախատեսված արտոնություններից.

5) իրականացնում է օրենսդրությամբ և պայմանագրով իր համար սահմանված այլ գործառույթներ:

 

Հոդված 12.

Ազատ տնտեսական գոտում հարկային, մաքսային և արժութային կարգավորումները, ազատ տնտեսական գոտում գործող արտոնությունները

 

1. Ազատ տնտեսական գոտու տարածքում գործում է ձեռնարկատիրական և այլ գործունեության իրականացման առանձնահատուկ (հատուկ իրավական) ռեժիմ, որի էությունը շահագործողներին` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու տարածքում ձեռնարկատիրական և այլ գործունեության իրականացման համար ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում ընդհանուր սահմանված պայմաններից տարբերվող՝ առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է` հաշվի առնելով, որ ազատ տնտեսական գոտու շահագործողներին տրվում են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, գույքահարկի, մաքսատուրքի վճարման արտոնություններ:

2. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը կարող է կիրառվել ազատ տնտեսական գոտու տարածքում կամ դրա տարածքի մի մասում:

3. Այն ապրանքները, որոնք ներմուծվել են ազատ տնտեսական գոտու տարածք, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, և ձևակերպվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով, համարվում են ԵԱՏՄ մաքսային տարածքից դուրս գտնվող ապրանքներ՝ մաքսատուրքերի, հարկերի, ինչպես նաև ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման նպատակներով:

4. Ազատ տնտեսական գոտու տարածքում կարող են տեղակայվել և օգտագործվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ, ինչպես նաև «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով չձևակերպված՝ ԵԱՏՄ ապրանքներ և այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպված օտարերկրյա ապրանքներ:

5. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի բովանդակությունը, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանները, ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառման ժամկետը, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ կապված գործողությունները, մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկություններն ազատ տնտեսական գոտու տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության եզրափակումը, մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունների առաջացումն ու դադարեցումը և դրանց վճարման ժամկետը «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման առանձնահատկությունները «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակելիս, ապրանքների մաքսային արժեքը, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքի կարգավիճակը որոշելը, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նույնականացումը «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքներում, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքների օգտագործման պայմանները և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության դադարեցումը սահմանվում են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով:

6. Ազատ տնտեսական գոտում իրականացվող գործարքների, ինչպես նաև շահագործողների և քաղաքացիաիրավական հարաբերությունների այլ սուբյեկտների միջև իրականացվող գործարքների արժութային կարգավորումն իրականացվում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 13.

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները

 

1. Կառավարության որոշմամբ սահմանված այն ազատ տնտեսական գոտում, որի սահմանագիծը մասնակի կամ ամբողջությամբ համընկնում է ԵԱՏՄ մաքսային սահմանի հատվածների հետ, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը կիրառվում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Կառավարության որոշմամբ սահմանված առանձնահատկություններով։

2. Կառավարության որոշմամբ սահմանվում են այն դեպքերը, երբ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ազատ տնտեսական գոտում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ այլ գործառնությունների հետ մեկտեղ թույլատրվում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործառնությունների ժամանակ ապրանքների սպառումից տարբերվող սպառում։

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի եզրափակման կարգը սահմանում է Կառավարությունը։

4. ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը և սույն օրենքի 6-րդ հոդվածը չեն կիրառվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ազատ տնտեսական գոտում։

5. ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 455-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի իմաստով՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ժամկետ չի առաջանում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ, եթե այդ ապրանքների կորուստը տեղի է ունեցել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ազատ տնտեսական գոտու տարածքում։

6. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառումը վարելու կարգը, ինչպես նաև այդպիսի ապրանքների մասին մաքսային մարմին հաշվետվություն ներկայացնելու կարգը սահմանում է Կառավարությունը:

 

Հոդված 14.

Ազատ տնտեսական գոտում թույլատրվող գործունեության տեսակները

(վերնագիրը խմբ. 12.06.24 ՀՕ-298-Ն)

 

1. Ազատ տնտեսական գոտում թույլատրվում է տնտեսական գործունեության ոլորտների հետևյալ բաժիններում ներառված գործունեության տեսակների իրականացումը.

1) մշակող արդյունաբերություն.

2) գյուղատնտեսություն.

3) էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում.

4) թափոնների կառավարում և վերամշակում.

5) պահեստային տնտեսություն.

6) ուղևորափոխադրումներ ճոպանաքարշերով, ճոպանուղիներով, ճոպանավոր վերհաններով և այլն, եթե դրանք ընդգրկված չեն քաղաքային և մերձքաղաքային տրանսպորտային համակարգում.

7) կացության և հանրային սննդի կազմակերպում.

8) ծրագրային ապահովման մշակում.

9) տվյալների հիմնապաշարների և տեղեկատվական ռեսուրսների մշակում և կիրառում.

10) օպերատիվ ռեժիմում կրիպտոակտիվների՝ բիտկոինների և այլ ալտկոինների ստեղծում.

11) մշակույթ, զբոսաշրջություն, զվարճություններ և հանգիստ (բացառությամբ շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեության):

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված բաժիններում ընդգրկված՝ տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների կողմից իրականացվելիք գործունեության տեսակները` ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի, յուրաքանչյուր անգամ սահմանվում են ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու մասին Կառավարության որոշմամբ:

3. Ազատ տնտեսական գոտու այն տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, հսկիչ անցագրային ռեժիմի ապահովումը, ներառյալ՝ այդ տարածք անձանց մուտքի կարգի սահմանումը, իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

(14-րդ հոդվածը փոփ. 05.10.22 ՀՕ-381-Ն, խմբ. 12.06.24 ՀՕ-298-Ն)

(12.06.24 ՀՕ-298-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 15.

Ազատ տնտեսական գոտում պետության կողմից ծառայությունների մատուցումը և վերահսկողության իրականացումը

 

1. Ազատ տնտեսական գոտում պետության կողմից մատուցվող ծառայություններն իրականացվում են Կառավարության սահմանած` պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով:

2. Պետական ծառայություններ մատուցող և վերահսկողություն իրականացնող համապատասխան պետական մարմինները կարող են ունենալ ստորաբաժանումներ ազատ տնտեսական գոտու տարածքում:

 

Հոդված 16.

 Ազատ տնտեսական գոտու լուծարումը

 

1. Ազատ տնտեսական գոտին լուծարվում է Կառավարության որոշմամբ`

1) սահմանված ժամկետը լրանալուց, եթե Կառավարության կողմից ժամկետը երկարաձգելու մասին որոշում չի կայացվում կազմակերպչի` սույն օրենքով սահմանված կարգով ներկայացված հայտի հիմքով՝ հանձնաժողովի տված եզրակացության հիման վրա.

2) վաղաժամկետ`

ա. ազատ տնտեսական գոտու գործարկումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, շահագործող չլինելու դեպքում,

բ. լիազոր մարմնի և կազմակերպչի միջև կնքված պայմանագրի լուծման դեպքում,

գ. կազմակերպչի հիմնավորված առաջարկությամբ` հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով սահմանված դեպքերում կազմակերպիչը նախապես փոխհատուցում է լուծարման հետևանքով շահագործողների կրած վնասները:

 

Հոդված 17.

 Ազատ տնտեսական գոտում վեճերի լուծումը

 

1. Ազատ տնտեսական գոտու գործունեության հետ կապված վեճերի լուծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

2. Շահագործողների համաձայնությամբ նրանց միջև վեճերի լուծումը կարող է իրականացվել նաև միջազգային արբիտրաժի միջոցով:

 

Հոդված 18.

 Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 7-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերի գործողությունը չի տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ստեղծված ազատ տնտեսական գոտիների կազմակերպիչների և շահագործողների, շահագործողի կարգավիճակ ստանալու համար հայտ ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունների կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերի վրա:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ազատ տնտեսական գոտիների շահագործման թույլտվություն ստացած հայտատուները թույլտվության գործողության մնացած ժամկետի համար ներկայացնում են սկզբնական հայտարարագիր, որից հետո ներկայացնում են հերթական հայտարարագրեր՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան։

3. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 7-րդ հոդվածի 6-րդ մասով, 9-րդ հոդվածի 1-ին մասով, 13-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերով սահմանված կարգավորումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. հունիսի 18

Երևան

ՀՕ-193-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.06.2024, ՀՕ-298-Ն 18.07.2024, ՀՕ-193-Ն
05.10.2022, ՀՕ-381-Ն 01.06.2023, ՀՕ-193-Ն
03.10.2018, ՀՕ-395-Ն 27.10.2018, ՀՕ-193-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան