ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հունիսի 12-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 79-րդ կետով.
«79) QR գծիկավոր կոդ՝ մեքենայական ընթերցվող պատկեր (պիտակ), որի միջոցով ապահովվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի` հարկ վճարողի անձնական էջից արտատպված կամ ներբեռնված փաստաթղթի՝ հարկային մարմնի կողմից վավերացված լինելու հավաստումը։»:
Հոդված 2. Օրենսգրքի 304-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջից QR գծիկավոր կոդի պարունակությամբ արտատպված փաստաթղթերը հարկային մարմնի կողմից լրացուցիչ վավերացման կարիք չունեն:»:
Հոդված 3. Օրենսգրքի 311-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ մասերով.
«6. Հարկ վճարողը հնարավորություն ունի արտատպելու կամ ներբեռնելու հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի իր անձնական էջում առկա փաստաթղթերը, ինչպես նաև QR գծիկավոր կոդ պարունակող այն փաստաթղթերը, որոնց ցանկը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը: QR գծիկավոր կոդ պարունակող արտատպված կամ ներբեռնված փաստաթղթում արտածվում է արտատպման կամ ներբեռնման պահի դրությամբ առկա տեղեկատվությունը: Արտատպված և ներբեռնված փաստաթղթերը պարունակում են QR գծիկավոր կոդ, և նշված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը համարվում է հարկային մարմնի կողմից հաստատված տեղեկատվություն: QR գծիկավոր կոդ պարունակող փաստաթղթերը, ըստ անհրաժեշտության, ընդունվում են կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից:
7. QR գծիկավոր կոդ պարունակող՝ արտատպվող կամ ներբեռնվող փաստաթղթերի QR գծիկավոր կոդի նույնականացման կարգը սահմանում է հարկային մարմինը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասը «անձնական հաշվի» բառերից հետո լրացնել «(QR գծիկավոր կոդ պարունակող)» բառերով:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հուլիսի 4 Երևան ՀՕ-292-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|