ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի մայիսի 2-ին
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 38.2-րդ հոդվածով.
«Հոդված 38.2. | ՍԵՅՖ պայմանագիրը |
1. ՍԵՅՖ պայմանագրով մի կողմը՝ ներդրողը, պարտավորվում է Ընկերության սեփական կապիտալում ներդնել պայմանագրով սահմանված չափի դրամական միջոցներ, իսկ Ընկերությունը պարտավորվում է այդ պայմանագրով սահմանված պայմանները վրա հասնելու դեպքում ապագայում թողարկել և մյուս կողմի (ներդրողի) օգտին տեղաբաշխել այդ պայմանագրով որոշված կամ պայմանագրով սահմանված կարգով որոշվող քանակի, տեսակի և դասի բաժնետոմսեր:
2. ՍԵՅՖ պայմանագրի կնքման դեպքում ներդրողը պայմանագրով սահմանված ժամկետում Ընկերությանը հանձնում է պայմանագրով սահմանված չափի դրամական միջոցներ, սակայն Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը համապատասխան չափով կատարվում է միայն պայմանագրով սահմանված կարգով Ընկերության բաժնետոմսերի թողարկման և ներդրողի օգտին տեղաբաշխման դեպքում: ՍԵՅՖ պայմանագիրն ուժի մեջ է մտնում դրա կնքման պահին, սակայն դրա հիման վրա Ընկերության բաժնետոմսերի թողարկման և ներդրողի օգտին տեղաբաշխման դեպքում բաժնետոմսերը համարվում են վճարված դրանց տեղաբաշխման պահին:
3. ՍԵՅՖ պայմանագրով սահմանված` Ընկերության բաժնետոմսերի թողարկման և ներդրողի օգտին տեղաբաշխման պայմանները վրա հասնելու դեպքում Ընկերությունը պարտավոր է 60-օրյա ժամկետում ՍԵՅՖ պայմանագրով սահմանված բաժնետոմսերը թողարկել և ներդրողի օգտին տեղաբաշխել:
4. ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա բաժնետոմսերի թողարկման և ներդրողի օգտին տեղաբաշխման դեպքում Ընկերության այլ բաժնետերերի կամ Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքը չի կիրառվում:
5. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39․1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմակերպությունների կողմից ներդրումների ներգրավման կամ ներդրումների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով։
6. ՍԵՅՖ պայմանագրով սահմանվում են նաև պայմաններ, որոնց վրա հասնելու դեպքում ներդրողի կողմից ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա ներդրված գումարին հավասար գումարը ենթակա է ներդրողին վերադարձման, որի դեպքում Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացում և լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխում չեն կատարվում: ՍԵՅՖ պայմանագրով կարող է նաև սահմանվել, որ ներդրված դրամական միջոցների վերադարձման դեպքում Ընկերությունը պարտավոր է ներդրողին վճարել դրանց նկատմամբ տոկոսներ:
7. ՍԵՅՖ պայմանագիրը արժեթուղթ է։»։
Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով.
«դ) ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա տեղաբաշխում է բաժնետոմսեր:»:
Հոդված 3. Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-ին կետով.
«25.1) ՍԵՅՖ պայմանագրի կնքման մասին որոշման ընդունումը.»:
Հոդված 4. Օրենքի 68-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 25.1-ին կետով սահմանված հարցով որոշումներն ընդունում է ժողովը` Ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի միաձայնությամբ:»։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. մայիսի 17 Երևան ՀՕ-213-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|