ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
24 դեկտեմբերի 2024 թ. |
N 249-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՆՈՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Երևան քաղաքի վարչական տարածքում առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտում գործունեության կանոնների կիրառման լրացուցիչ պայմանները և լրացուցիչ կանոններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. դեկտեմբերի 24 Երևան |
Հավելված Երևան քաղաքի ավագանու2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՆՈՆՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են ի լրումն առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտում գործունեության կանոնների` Երևան քաղաքում այդ կանոնների կիրառման լրացուցիչ պայմանները, ինչպես նաև լրացուցիչ կանոններ:
2. Լրացուցիչ պայմանները և կաննոնները պարտադիր պահանջներ են, որոնք ուղղված են Երևան քաղաքում առևտրի և ծառայությունների ոլորտում իրականացվող գործունեության կանոնակարգմանը:
3. Երևան համայնքի վարչական տարածքում բացօթյա առևտուր իրականացնելու կամ Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով Երևան քաղաքի վարչական տարածքում շենքերից և շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի, այդ թվում՝ բանկոմատների, վճարային տերմինալների կամ սառնարանների, սուրճի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների կամ այլ դիսպենսերների, սարքերի, սարքավորումների կամ բացօթյա առևտուր իրականացնելու համար այլ առարկաների (այսուհետ՝ սարքավորում) տեղադրման թույլտվություն ստանալու նպատակով դիմումատուն Երևանի քաղաքապետին ներկայացնում է դիմում, որին ներկայացվում են`
1) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը.
2) տեղադրվող սարքավորումների քանակին համապատասխան տեղական վճարի վճարման անդորրագրի պատճենը:
4. Երևան համայնքի վարչական տարածքում բացօթյա առևտուր իրականացնելու կամ Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով Երևան քաղաքի վարչական տարածքում շենքերից և շինություններից դուրս սարքավորումների տեղադրման թույլտվությունը (այսուհետ՝ թույլտվություն) տալիս է Երևանի քաղաքապետը, եթե ներկայացված դիմումը բավարարում է սույն հավելվածով սահմանված պահանջներին և պայմաններին:
5. Դիմումը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում դիմումատուին տրվում է համապատասխան թույլտվություն կամ դիմումը մերժվում է: Դիմումը մերժվում է եթե սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվել են թերի (այդ թվում՝ տեղական վճարի գումարը վճարվել է Երևան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված դրույքաչափից պակաս) և դրա մասին դիմումատուին տեղեկացնելու օրվանից հաշված 5 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս կողմից դրանք չեն համալրվել:
6. Թույլտվությունը տրվում է մեկ ամիս ժամկետով, սակայն հաջորդ ամիսների համար տեղադրվող սարքավորումների քանակին համապատասխան տեղական վճարի վճարման անդորրագրի պատճենը ներկայացնելու դեպքում թույլտվությունը համարվում է երկարաձգված՝ առանց սույն հավելվածով նշված ընթացակարգը կրկին անցնելու, իսկ սույն հավելվածով սահմանված պահանջների և պայմանների պահպանության նկատմամբ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվում է ընթացիկ հսկողություն։
7. Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ընթացիկ հսկողության արդյունքում խախտումներ հայտնաբերելու պարագայում այդ մասին ծանուցվում է դիմումատուն, որից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում խախտումները չվերացնելու դեպքում թույլտվությունը Երևանի քաղաքապետի որոշմամբ դադարեցվում է:
8. Սույն հավելվածի իմաստով ավտոմատ ինքնասպասարկող սարք է համարվում առևտրային գործառնությունների իրականացման համար նախատեսված էլեկտրոնային ծրագրատեխնիկական սարքը, որն ապահովում է առևտրի իրականացումը կամ ծառայությունների մատուցումն առանց աշխատակցի անմիջական միջամտության:
9. Սարքավորումը կարող է տեղադրվել շենքի, շինության, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերին անմիջական կից հատվածներում, դրանց արտաքին պատից առավելագույնը 15 սմ հեռավորության վրա կամ կանգառասրահներում:
10. Արգելվում է սարքավորումը տեղադրել ճանապարհի կամ փողոցի երթևեկելի մասում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձան շենքերի, շինությունների արտաքին պատերին կից հատվածներում:
11. Սարքավորման աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ հոսանքի ապահովումը կամ այլ միացումները պետք է իրականացվեն այնպես, որ արտաքինից տեսանելի չլինեն:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական:
