ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2024 թվականի N 1024-Ն
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ, ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել էկոպարեկային ծառայության ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցկացնելու կարգը, պայմանները և դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիհուլիսի 4-ի N 1024-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ, ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) համաձայն էկոպարեկային ծառայություն (այսուհետ՝ ծառայություն) դիմած և ծառայությունում կրտսեր պաշտոնի անցնելու համար օրենքով սահմանված պահանջները բավարարող քաղաքացիներին (այսուհետ՝ ունկնդիր) ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցնելու կարգը, պայմանները և դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը:
2. Ունկնդիրների ուսումնական դասընթացը նրանց՝ ծառայությունում պաշտոնի նշանակվելու դեպքում օրենսդրությունից բխող ամենօրյա մասնագիտական խնդիրների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանն ուղղված ուսուցման իրականացումն է:
3. Ունկնդիրների ուսումնական դասընթացի հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
4․ Ուսումնական դասընթացներին ունկնդիրները ներգրավվում են օրենքի 11-րդ հոդվածով սահմանված մրցույթը հաղթահարելուց հետո անմիջապես, որոնք անցկացվում են համապատասխան կազմակերպությունների (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) կողմից՝ կրթական ծառայությունների գնման շրջանակներում կամ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներով։
5. Ուսումնական դասընթացի հետ կապված կազմակերպչական գործառույթներն իրականացնում է ծառայության անձնակազմի կառավարման ստորաբաժանումը։
2. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԾՐԱԳԻՐԸ
6. Ուսումնական դասընթացի ընդհանուր տևողությունը 15 աշխատանքային օր է:
7․ Ուսումնական դասընթացի ընթացքում ունկնդիրներն ուսանում են էկոլոգիա, կենդանաբանություն, բուսաբանություն, անտառագիտություն, իրավաբանություն և հակահրդեհային պատրաստություն։
8. Ուսումնական դասընթացն իրականացվում է 2 փուլով՝
1) առաջին փուլը տևում է 10 աշխատանքային օր, որի ընթացքում ունկնդիրներն ուսանում են էկոլոգիային, կենդանաբանությանը, բուսաբանությանը, անտառագիտությանը և իրավաբանությանը վերաբերող թեմաներ․
2) երկրորդ փուլը տևում է 5 աշխատանքային օր, որի ընթացքում ունկնդիրներն ուսանում են հակահրդեհային պատրաստությանը վերաբերող թեմաներ։
9. Ունկնդիրը մասնակցում է ուսումնական դասընթացի երկրորդ փուլին, եթե առաջին փուլի ստուգարքի արդյունքում գնահատվել է «ստուգված» և նրան տրվել է սույն կարգի 18-րդ կետով սահմանված վկայականը։
10. Ուսումնական դասընթացի ծրագիրը ներառում է՝
1) տեսական և գործնական պարապմունքների ցանկը.
2) տեսական և գործնական պարապմունքների ընդհանուր ժամաքանակը:
11․ Ուսումնական դասընթացի ծրագիրը հաստատում է ծառայության պետը։
3. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՍՏՈՒԳԱՐՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
12. Ունկնդիրը համարվում է ուսումնական դասընթացը չանցած, եթե՝
1) բաց է թողել դասընթացի ընդհանուր ժամաքանակի քսան տոկոսից ավելին.
2) ստուգարքի արդյունքում ստացել է բացասական՝ «Չստուգված» գնահատական։
13. Ուսումնական դասընթացից առողջական խնդիրների պատճառով, ընտանիքի անդամի մահվան պատճառով, պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին ներգրավված լինելու պարագայում բացակայելու դեպքում ունկնդրին հնարավորություն է տրվում մասնակցելու առաջիկա ուսումնական դասընթացին՝ սույն կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում։
14. Ուսումնական դասընթացի յուրաքանչյուր փուլի ավարտին ունկնդիրը հանձնում է ստուգարք, որի արդյունքում ստանում է դրական՝ «Ստուգված» կամ բացասական՝ «Չստուգված» գնահատական:
15. Ստուգարքն ուսումնական գործընթացի ավարտական մասն է, որի նպատակն ուսումնական դասընթաց անցնող ունկնդիրների ուսուցման արդյունավետության գնահատումն է:
16. Ուսումնական դասընթացի առաջին փուլի ստուգարքն իրականացվում է էկոլոգիայի, կենդանաբանության, բուսաբանության, անտառագիտության և իրավաբանության վերաբերյալ ունկնդիրների ձեռք բերած գիտելիքների ստուգման նպատակով։
17. Ուսումնական դասընթացի առաջին փուլի ստուգարքի գնահատականը ձևավորվում է թեստավորման առաջադրանքների արդյունքներով: Գնահատականը համարվում է դրական, եթե ունկնդիրը ճիշտ է պատասխանել թեստավորման առաջադրանքների 25 հնարավորից 20 և ավելի հարցերին։
18. Ուսումնական դասընթացի առաջին փուլի ստուգարքի արդյունքում դրական գնահատված ունկնդիրներն ուսումնական հաստատության կողմից ստուգարքի ավարտի օրն ստանում են վկայական։
19. Ուսումնական դասընթացի երկրորդ փուլի ստուգարքն իրականացվում է հակահրդեհային պատրաստության վերաբերյալ ունկնդիրների ձեռք բերած գիտելիքների և հմտությունների ստուգման նպատակով։
20. Ուսումնական դասընթացի երկրորդ փուլի ստուգարքի գնահատականը ձևավորվում է թեստավորման առաջադրանքների և գործնական հմտությունների արդյունքներով: Գնահատականը համարվում է դրական, եթե ունկնդիրը ճիշտ է պատասխանել թեստավորման առաջադրանքների 20 հնարավորից 15 և ավելի հարցերին, ինչպես նաև ճիշտ է կիրառել գործնական պարապմունքների ընթացքում ստացած հմտությունները։
21. Ուսումնական դասընթացի երկրորդ փուլի ստուգարքի արդյունքում դրական գնահատված ունկնդիրներն ուսումնական հաստատության կողմից ստուգարքի ավարտի օրն ստանում են վկայական։
22․ Ստուգարքի երկու փուլերի արդյունքում վկայական ստացած ունկնդիրն իր դիմումի հիման վրա երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության պետի կողմից նշանակվում է համապատասխան պաշտոնի:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
04.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հուլիսի 2024 թվական: