ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ ականդատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/9473/05/212024 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/9473/05/21 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով
նախագահող |
Հ. Բ եդևյան | |
զեկուցող |
Լ. Հակոբյան | |
Ա. Թովմասյան ռ. Հակոբյան | ||
ք ․ ՄԿՈՅԱՆ |
2024 թվականի ապրիլի 09-ին
գրավոր ընթացակարգով քննելով Հակոբ Ումրիկյանի և դատավարության մասնակից չդարձված անձ Կարինե Թադևոսյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.02.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Հակոբ Ումրիկյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (այսուհետ՝ Գործակալություն)՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հակոբ Ումրիկյանը պահանջել է անվավեր ճանաչել որպես Անգելիկա Թորոսի Ումրիկյանի հայր Թորոս Հակոբի Ումրիկյանի անվամբ կատարված հայրության ճանաչման պետական գրանցումը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա․ Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 15.07.2022 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.02.2023 թվականի որոշմամբ Հակոբ Ումրիկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 15.07.2022 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության։
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Հակոբ Ումրիկյանը (ներկայացուցիչ՝ Լուսինե Գրիգորյան) և դատավարության մասնակից չդարձված անձ Կարինե Թադևոսյանը։
Դատավարության մասնակից չդարձված անձ Կարինե Թադևոսյանի վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հակոբ Ումրիկյանը (ներկայացուցիչ՝ Լուսինե Գրիգորյան)։
2․ Դատավարության մասնակից չդարձված անձ Կարինե Թադևոսյանի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այuուհետ նաև` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ եթե որոշում կայացվի առ այն, որ Անգելիկա Ումրիկյանը Կարինե Թադևոսյանի և Թորոս Ումրիկյանի դուստրը չէ, ապա դատավարության մասնակից չդարձված անձ Կարինե Թադևոսյանի արժանապատվությանը, պատվին ու բարի համբավին, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին անդառնալի վնասներ կպատճառվեն։
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.02.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան նոր քննության։
2․1 Հակոբ Ումրիկյանի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը։
Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող դատական ակտի եզրափակիչ մասում բավարարելով Հակոբ Ումրիկյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը, գործն ուղարկել է ստորադաս դատարան նոր քննության, այնինչ Վերաքննիչ դատարանը պետք է փոփոխեր դատական ակտը՝ բավարարելով Հակոբ Ումրիկյանի կողմից ներկայացված հայցապահանջը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամուսնության մեջ չգտնվող ծնողների համատեղ դիմումի առկայության վիճելի լինելու դեպքում համապատասխան փաստի գոյությունը հերքված է (չապացուցված), հետևաբար նույն փաստի քննարկման մասով գործը նոր քննության ուղարկելն անհիմն է, առավել ևս, որ այդ հարցը քննարկվել է ստորադաս դատարանում, և ինչպես պատասխանողը գրությամբ, այնպես էլ Դատարանը վճռով հաստատված են համարել, որ գոյություն չունի Թորոս Ումրիկյանի և Անգելիկա Ումրիկյանի մոր համատեղ դիմումը։
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.02.2023 թվականի որոշումը՝ գործը ՀՀ վարչական դատարան նոր քննության ուղարկելու մասով, և փոփոխել այն՝ հայցը բավարարել։
2.2. Դատավարության մասնակից չդարձված անձ Կարինե Թադևոսյանի վճռաբեկ բողոքի վերաբերյալ Հակոբ Ումրիկյանի կողմից ներկայացված պատասխանի հիմքերը և հիմնավորումները.
Սույն գործի շրջանակներում քննվում է ոչ թե Անգելիկա Ումրիկյանի մայրության, այլ հայրության գրանցման վերաբերյալ վարչական ակտի իրավաչափության հարցը, ըստ այդմ՝ Կարինե Թադևոսյանի իրավունքները չեն կարող շոշափվել սույն գործով կայացված դատական ակտով։ Առավել ևս, Անգելիկա Ումրիկյանը չափահաս է, և սույն գործով ներգրավվել է որպես երրորդ անձ, և Կարինե Թադևոսյանը կարող էր սույն գործով միայն որպես Անգելիկա Ումրիկյանի օրինական ներկայացուցիչ հանդես գալ, եթե վերջինս անչափահաս լիներ։
Բացի այդ, եթե Կարինե Թադևոսյանին հայտնի էին այնպիսի փաստեր, որոնք կարող էին կանխորոշել դատական գործի ելքը, ապա նա կարող էր հրավիրվել որպես վկա սույն գործով։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը․
1․ Անգելիկա Ումրիկյանի ծննդյան վերաբերյալ 12․06․1992 թվականի թիվ 59 ակտում վերջինիս մոր մասին տեղեկություններ բաժնում նշված է Կարինե Գեղամի Թադևոսյան (հատոր 2-րդ, գ.թ. 16):
2. Գործակալությունը 14․11․2002 թվականին կատարել է Անգելիկա Ումրիկյանի նկատմամբ հայրության ճանաչման թիվ 352 ակտային գրանցումը՝ որպես Անգելիկա Ումրիկյանի հայր նշելով Թորոս Ումրիկյանին (հատոր 2-րդ, գ.թ. 68-69):
3․ Թորոս Ումրիկյանն ու Կարինե Թադևոսյանն ամուսնության մեջ չեն գտնվել (չվիճարկվող փաստ):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Հակոբ Ումրիկյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատավարության մասնակից չդարձված անձ Կարինե Թադևոսյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Դատավարության մասնակից չդարձված անձ Կարինե Թադևոսյանի վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարչական դատավարությունում երրորդ անձի կարգավիճակին, ինչպես նաև հետևյալ իրավական հարցադրմանը․ հայրության ճանաչման գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործով դատավարության զավակի մայրը մեջ պե՞տք է արդյոք ներգրավվի որպես երրորդ անձ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն ամրագրում է վարչական դատավարությունում երրորդ անձանց օրինական շահերի ու իրավունքների պաշտպանության որոշակի իրավական երաշխիքներ ու գործիքակազմ: Երրորդ անձանց վերապահված են կողմի բոլոր իրավունքները, բացառությամբ՝ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մաս)։ Դատավարությանը մասնակից չդարձված անձանց վերապահված է գործն ըստ էության լուծող դատական ակտը վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկելու իրավունք (համապատասխանաբար նույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ և 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել իրենց դիմումի հիման վրա։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ:
«Երրորդ անձ» հասկացության՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասով տրված բնորոշումից բխում է, որ վարչական դատավարությունում երրորդ անձինք են.
- այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով,
- այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կամ մարմինները, որոնց իրավունքները կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով,
- այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է ընդունվելիք դատական ակտը,
- այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը:
Այսպիսով, ֆիզիկական կամ իրավաբանական անձին երրորդ անձի կարգավիճակով վարչական դատավարությունում ներգրավելու չափանիշը տվյալ դատական գործով ընդունվելիք դատական ակտի՝ անձի այս կամ այն իրավունքին առնչվելու, իրավունքները շոշափելու հավանականությունն է:
Երրորդ անձինք դատավարությունում ներգրավվում են ինչպես իրենց կողմից ներկայացված դիմումի հիման վրա, այնպես էլ ՀՀ վարչական դատարանի նախաձեռնությամբ: Ընդ որում, այն դեպքում, եթե դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է այս կամ այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ մարմնի վրա՝ ՀՀ վարչական դատարանը կրում է իր նախաձեռնությամբ տվյալ անձին կամ մարմնին դատավարությունում որպես երրորդ անձ ներգրավելու պարտականություն, որպիսի պարտականության չկատարումը դատական ակտն անվերապահորեն բեկանելու հիմք է. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտը շոշափում է դատավարության մասնակից չդարձված անձանց իրավունքները և պարտականությունները:
Վերը նշված կարգավորումները ելնում են այն իրողությունից, որ ՀՀ վարչական դատարանում գործի քննությունը կարող է շոշափել ոչ միայն այն անձանց շահերը, որոնց միջև ծագած նյութաիրավական վեճը հանդիսանում է քննարկման առարկա, այլև այն անձանց իրավունքները, որոնք թեև չեն հանդիսանում վեճի կողմ, բայց գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտը կարող է որոշակի ազդեցություն ունենալ վերջիններիս իրավունքների (լիազորությունների) ծավալի վրա: Ուստի, բավարար հիմքերի առկայության պայմաններում նշված անձանց դատավարությանը երրորդ անձի կարգավիճակով ներգրավելու պայմաններում միայն վերջիններս կարող են ունենալ իրենց օրինական շահերը դատավարությունում պատշաճ ներկայացնելու, դատավարության կողմին վերապահված դատավարական իրավունքների իրացման միջոցով (առանձին բացառություններով) պաշտպանվելու իրական հնարավորություն:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատավարությանը մասնակից չդարձված անձանց կարգավիճակին: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է, որ օրենսդիրը գործին մաuնակից չդարձված անձանց վերապահում է գործին մաuնակցող անձանց իրավունքներ և նրանց համար uահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըuտ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, Լաուրա Մկրտչյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/4107/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ մի կողմից` օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածում սահմանել է, որ վարչական դատարանը պարտավոր է սեփական նախաձեռնությամբ դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավել այն անձանց, որոնց իրավունքները շոշափվելու են գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, այսինքն` ընդունվելիք դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է այդ անձանց վրա: Մյուս կողմից` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածում նախատեսելով դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը` օրենսդիրը որպես վարչական դատարանի վերոնշյալ դատավարական պարտականության կատարման նկատմամբ վերադաս դատական ատյանի կողմից իրականացվող հսկողության միջոց սահմանել է, որ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե այն շոշափում է դատավարության մասնակից չդարձված անձանց իրավունքները և պարտականությունները: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նման օրենսդրական կառուցակարգը երաշխավորում է վարչական դատավարության մասնակից չդարձված անձի իրավունքների և շահերի արդյունավետ իրավական պաշտպանության ապահովումը` այդ անձի բողոքի հիման վրա առանց իր մասնակցության քննված գործը լուծող դատական ակտի բեկանման ու գործի նոր քննության ընթացքում դատավարության ներգրավվելու և իր դատավարական կարգավիճակից բխող իրավունքներն իրացնելու միջոցով (տե՛ս, «Բուրգեր Քինգ Քորփորեյշն» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0475/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է նաև, որ դատավարությանը մասնակից չդարձված անձի դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է դատական ակտի բողոքարկման իրավունքի իրացմամբ, որն էլ կոչված է ապահովելու վերջինիս իրավունքների և շահերի արդյունավետ իրավական պաշտպանությունը՝ առանց իր մասնակցության քննված գործը լուծող դատական ակտի բեկանման ու գործի նոր քննության ընթացքում դատավարության մեջ ներգրավվելու և իր դատավարական կարգավիճակից բխող իրավունքներն իրացնելու միջոցով: Ըստ այդմ, յուրաքանչյուր դեպքում դատավարությանը մասնակից չդարձված անձի կողմից ներկայացված բողոքը քննելիս դատարանները նախևառաջ պետք է պարզեն, թե արդյոք բողոքին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ վիճարկվող դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն առնչվում է վերջինիս իրավունքներին և պարտականություններին (տե՛ս, «Արվալ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6900/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը)։
Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակից չդարձված անձի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի այն հանգամանքի պարզումը, թե արդյոք բողոքարկվող դատական ակտով շոշափվում կամ կարող է շոշափվել բողոքաբերի այս կամ այն իրավունքը ու օրինական շահը:
Հայրության ճանաչման գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործով դատավարության մեջ զավակի մորը երրորդ անձի կարգավիճակով ներգրավելու անհրաժեշտության հարցը Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում դիտարկել անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի համատեքստում։
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է յուրաքանչյուրի մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը: ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է նշված իրավունքի սահմանափակման պայմաններն ու հիմքերը։
Մասնավոր ու ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքն ամրագրված է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար իրավունքների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասում։ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան)՝ «մասնավոր կյանք» հասկացությունը լայն հասկացություն է, որը ենթակա չէ սպառիչ սահմանման (տե'ս, Belli and Arquier-Martinez v Switzerland թիվ 65550/13 գանգատով Եվրոպական դատարանի 11.12.2018 թվականի վճիռը, կետ 60)։ Մասնավոր կյանքն ընդգրկում է անձի ֆիզիկական և հոգևոր ինքնությունը։ Անձի ամուսնական կարգավիճակը՝ ամուսնացած, միայնակ, ամուսնալուծված, ամուրի, ևս անձի անձնական ու սոցիալական ինքնության, ինչպես նաև հոգևոր ինքնության տիրույթում է և պաշտպանվում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով։ Ուստի, ամուսնության գրանցումը, որով ճանաչվում է անձի քաղաքացիաիրավական կարգավիճակը, միանշանակորեն վերաբերում է անձի մասնավոր և ընտանեկան կյանքին ու պաշտպանվում Կոնվենցիայի 8-րդ հոդվածով (տե'ս, Dadouch v. Malta թիվ 38816/07 գանգատով Եվրոպական դատարանի 20.07.2010 թվականի վճիռը, կետեր 47-48)։
Մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքը պահանջում է, որ յուրաքանչյուրը հնարավորություն ունենա պարզելու իր՝ որպես անհատի, ինքնության տարրերը, որոնք ներառում են նաև ծնող-երեխա իրավական կապը (տե'ս, Mennesson v. France թիվ 65192/11 գանգատով Եվրոպական դատարանի 26.06.2014 թվականի վճիռը, կետ 96)։
Կոնվենցիայի 8-րդ հոդվածում «ընտանեկան կյանք» հասկացությունը չի վերաբերում միայն ամուսնության վրա հիմնված հարաբերություններին և կարող է վերաբերել նաև այլ փաստացի «ընտանեկան կապերի», երբ կողմերն ապրում են իրար հետ առանց ամուսնության մեջ գտնվելու։ Թեև, որպես կանոն, իրար հետ ապրելը կարող է պահանջվել տվյալ կապն ընտանեկան կապ համարելու համար, այնուամենայնիվ, այլ գործոններ ևս կարող են բավարար հիմք հանդիսանալ փաստացի «ընտանեկան կապեր» ստեղծելու համար (տե'ս, Kroon and Others v. Netherlands թիվ 18535/91 գանգատով Եվրոպական դատարանի 27․10․1994 թվականի վճիռը, կետ 30)։ Կոնվենցիայի 8-րդ հոդվածը կիրառելի է ինչպես «օրինական», այնպես էլ «ոչ օրինական» ընտանեկան կյանքի նկատմամբ։ Եվրոպական դատարանը նկատել է նաև, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն միայնակ կնոջը և նրա երեխային համարում է ընտանիք («Չամուսնացած մայրերի և նրանց երեխաների սոցիալական պաշտպանության մասին» 15․05․1970 թվականի (70) բանաձև) (տե'ս, Marckx v. Belgium թիվ 6833/74 գանգատով Եվրոպական դատարանի 13.06.1979 թվականի վճիռը, կետ 31)։
«Ընտանեկան կյանքը» տարածվում է նաև այն պոտենցիալ հարաբերությունների վրա, որոնք կարող են ձևավորվել արտաամուսնական կապից ծնված երեխայի և կենսաբանական հոր միջև (տե'ս, Katsikeros v. Greece թիվ 2303/19 գանգատով Եվրոպական դատարանի 21.06.0022 թվականի վճիռը, կետ 44)։
Երեխաների՝ օրենքով սահմանված կարգով հաստատված սերման փաստի վրա են հիմնվում ծնողների և երեխաների իրավունքներն ու պարտականությունները (վիճարկվող վարչական ակտի ընդունման պահին գործող և ՀՀ վարչական դատավարության 124-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան սույն գործով կիրառելի՝ ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի (ուժը կորցրել է 19․04․2005 թվականին) 51-րդ հոդված) (այսուհետ՝ Օրենսգիրք)։
Օրենսգիրքը նախատեսում է հայրության որոշման հետևյալ եղանակները․
- Ամուսնության մեջ գտնվող ծնողներից երեխայի սերումը հաստատում է ծնողների ամուսնության վերաբերյալ գրառմամբ (Օրենսգրքի 52-րդ հոդված)։ Ամուսնության մեջ գտնվող հայրը և մայրը ծնողների գրանցման մատյանում որպես երեխայի ծնողներ գրանցվում են նրանցից որևէ մեկի դիմումի համաձայն (Օրենսգրքի 55-րդ հոդված): Այսինքն՝ ամուսնության մեջ գտնվող անձանցից ծնված երեխայի՝ հորից սերման փաստը հաստատվում է երեխայի մոր և վերջինիս ամուսնու գրանցված ամուսնության մեջ գտնվելու փաստի ուժով։ Այլ կերպ՝ ամուսնության մեջ գտնվող անձի հայրությունը որոշվում է համաձայն օրենքով նախատեսված այն կանխավարկածի, որ երեխայի հայրը մոր ամուսինն է։
- Երեխայի սերումը ամուսնության մեջ չգտնվող ծնողներից հաստատվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական մարմիններին երեխայի հոր և մոր կողմից տրվող համատեղ դիմումի միջոցով (Օրենսգրքի 53-րդ հոդված): Եթե ծնողները ամուսնության մեջ չեն գտնվում, երեխայի մոր գրանցումը կատարվում է մոր դիմումի համաձայն, իսկ երեխայի հոր գրանցումը` երեխայի հոր և մոր համատեղ դիմումի հիման վրա (․․․) (Օրենսգրքի 56-րդ հոդված)։ Այսինքն՝ երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի հայրությունը որոշվում է երեխայի մոր ու կենսաբանական հոր փոխադարձ համաձայնությամբ։
- Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում, եթե չկա ծնողների համատեղ դիմումը, հայրությունը կարող է որոշվել դատական կարգով (Օրենսգրքի 54-րդ հոդված):
Օրենսգրքի 52-րդ հոդվածով սահմանված կանխավարկածն առ այն, որ երեխայի հայր է համարվում մոր ամուսինը, նախատեսված է նաև Եվրոպայի խորհրդի մի շարք երկրների ներպետական օրենսդրությամբ, և Եվրոպական դատարանի կողմից քննության առարկա են դարձել նշված կանխավարկածին առնչվող մի շարք գանգատներ։ Մասնավորապես, Եվրոպական դատարանը երեխայի մոր գանգատի քննության արդյունքում ճանաչել է վերջինիս ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտում, ինչը դրսևորվել է նրանում, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված կանխավարկածի համաձայն՝ երեխայի հայր է ճանաչվել մոր ամուսինը (տե'ս, Kroon and Others v. Netherlands թիվ 18535/91 գանգատով Եվրոպական դատարանի 27․10․1994 թվականի վճիռը)։ Ըստ Եվրոպական դատարանի՝ նման կանխավարկածը, որը հնարավոր չի եղել հաղթահարել, Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում է։
Եվրոպական դատարանի նշված վճռի բովանդակությունից բխում է, որ հայրությունը որոշելը միանշանակորեն առնչվում է ինչպես երեխայի հոր, այնպես էլ մոր մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին։
Հաշվի առնելով, որ հայրությունը որոշվում է ինչպես Օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված վերը նշված կանխավարկածին համապատասխան, այնպես էլ Օրենսգրքի 53-րդ և 54-րդ հոդվածներով սահմանված եղանակներով, հիմք ընդունելով նաև Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երեխայի՝ հորից սերման փաստի հաստատման Օրենսգրքի 53-րդ և 54-րդ հոդվածներով նախատեսված մյուս եղանակների (հոր և մոր համաձայնությամբ, դատական կարգով) կիրառման դեպքում ևս շոշափվում է ոչ միայն երեխայի հոր, այլ նաև մոր մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ Ըստ այդմ՝ հակառակ գործընթացը ևս՝ մասնավորապես, հայրության որոշման գրանցումը (այդ թվում՝ երեխայի մոր և հոր համատեղ դիմումի հիման վրա կատարված գրանցումը) սահմանված կարգով չեղյալ համարելը կամ անվավեր ճանաչելը ևս շոշափում է երեխայի մոր մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը։
Հայրության որոշման գործընթացի և երեխայի մոր մասնավոր ու ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի առնչակցության մասին են վկայում նաև ներքոհիշյալ հանգամանքները․
- հայրությունը դատական կարգով որոշելու պահանջով դատարան դիմելու իրավունքը, ի թիվս այլ անձանց, վերապահված է երեխայի մորը (Օրենսգրքի 54-րդ հոդված),
- ծնունդների գրանցման մատյանում երեխայի ծնողների գրանցումը կարող է վիճարկվել որպես երեխայի հայր կամ մայր գրանցված անձի կողմից (Օրենսգրքի 55-րդ հոդված),
- հայրության որոշումը պայմանավորում է երեխայի մոր քաղաքացիաիրավական կարգավիճակը․ հայրությունը որոշված չլինելու կամ հայրության որոշման գրանցումը չեղյալ համարելու կամ անվավեր ճանաչելու դեպքում երեխայի մայրը ձեռք է բերում միայնակ մոր կարգավիճակ․ մասնավորապես, իրավահարաբերության ծագման պահին գործող՝ ՀՀ արդարադատության նախարարի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցումները կանոնակարգելու մասին» թիվ 1270 հրամանով (ուժը կորցրել է 25․06․2007 թվականին) հաստատված «Հայրության որոշման գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումներ»-ի 33-րդ կետի համաձայն՝ հայրության որոշման գրանցումը չեղյալ համարելու դեպքում ՔԿԱԳ տարածքային բաժինը երեխայի մորը նպաստ ստանալու համար տալիս է համապատասխան տեղեկանք (․․․)։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայրության որոշումը, հայրության որոշման (ճանաչման) գրանցումը, ինչպես նաև հայրության որոշման (ճանաչման) գրանցումը չեղյալ համարելը կամ անվավեր ճանաչելը շոշափում է զավակի մոր մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ Ըստ այդմ՝ հաշվի առնելով վարչական դատավարությունում երրորդ անձ ներգրավելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածով սահմանված հիմքերը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայրության որոշման (ճանաչման) գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործով դատավարության մեջ երրորդ անձի կարգավիճակով անհրաժեշտ է ներգրավել զավակի մորը։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Հակոբ Ումրիկյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել որպես Անգելիկա Թորոսի Ումրիկյանի հայր Թորոս Հակոբի Ումրիկյանի անվամբ կատարված հայրության ճանաչման պետական գրանցումը։
Դատարանի 15.07.2022 թվականի վճռով Հակոբ Ումրիկյանի հայցը մերժվել է։ Դատարանը գտել է, որ վիճարկվող ակտային գրանցման մասին փաստաթղթի պատճենը հաստատում է Անգելիկա Ումրիկյանի մոր՝ Կարինե Թադևոսյանի և Թորոս Ումրիկյանի համատեղ դիմումի՝ օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունենալու փաստը:
Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի 15.07.2022 թվականի վճիռը և գործն ուղարկելով ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության, նշել է, որ երրորդ անձի հայրության որոշման (հաստատման) ուղեգծում Գործակալությանը հասցեագրված երրորդ անձի մոր և Թորոս Ումրիկյանի համատեղ դիմումի՝ օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունենալու փաստն ուղիղ հաստատող թույլատրելի և վերաբերելի ապացույցներ առկա չեն, քանի որ վիճահարույց դիմումի՝ օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունենալու փաստը հաստատող ուղիղ ապացույցներ են հենց դիմումը (դրա պատշաճ վավերացված պատճենը) կամ այն ոչնչացված լինելու հանգամանքը հաստատող ապացույցը (օրինակ՝ ոչնչացման ակտը), որի բովանդակությունից անվերապահորեն պետք է բխեր, որ ի թիվս այլ փաստաթղթերի, ոչնչացվել է նաև վիճահարույց դիմումը։ Մինչդեռ, վիճահարույց դիմումի՝ օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունենալու փաստը հաստատող հիշյալ ապացույցները բացակայում են։
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ Դատարան ներկայացված վիճարկվող ակտային գրանցման մասին փաստաթղթի պատճենը, ըստ էության, կարող է անուղղակիորեն վկայել վիճահարույց դիմումի՝ օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունենալու մասին, և փաստել, որ այդ ապացույցը կարող էր արժևորվել բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի տեսքով ներկայացված լինելու դեպքում՝ պայմանով, որ դատավարության մասնակիցները կասկածի տակ չդնեին այդ փաստաթղթում առկա ստորագրությունների իսկությունը։ Մինչդեռ, նախ՝ նշված փաստաթուղթը չի ներկայացվել բնօրինակի կամ պատշաճ վավերացված պատճենի տեսքով, և հայցվոր կողմը կասկածի տակ է դրել այդ փաստաթղթի՝ բնության մեջ գոյություն ունենալը, ինչպես նաև դրա 14-րդ և 15-րդ սյունակներում Թորոս Ումրիկյանի անվան դիմաց դրված ստորագրությունների՝ իրականում Թորոս Ումրիկյանին պատկանելը՝ պահանջելով նշանակել փաստաթղթաբանական և ձեռագրաբանական փորձաքննություն, որպիսի միջնորդությունը Դատարանը մերժել է՝ գտնելով, որ վիճահարույց ստորագրությունները պատկանում են Թորոս Ումրիկյանին։
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո սույն դեպքում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում պարզել արդյո՞ք սույն գործի քննության արդյունքում ընդունված դատական ակտով շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել դատավարության մասնակից չդարձված անձ Կարինե Թադևոսյանի իրավունքները, և արդյո՞ք վերջինս սույն գործով դատավարությունում պետք է ներգրավվեր որպես երրորդ անձ։
Սույն գործի փաստերի համաձայն՝ ըստ ծննդյան վերաբերյալ 12․06․1992 թվականի թիվ 59 ակտի Կարինե Թադևոսյանը սույն գործով երրորդ անձ Անգելիկա Ումրիկյանի մայրն է։
Գործակալությունը 14․11․2002 թվականին կատարել է հայրության ճանաչման թիվ 352 ակտային գրանցումը՝ որպես Անգելիկա Ումրիկյանի հայր նշելով Թորոս Ումրիկյանին։
Թորոս Ումրիկյանն ու Կարինե Թադևոսյանը չեն գտնվել ամուսնության մեջ, և հայրությունը որոշվել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով։
Հիմք ընդունելով այն անվիճելի փաստական հանգամանքը, որ Կարինե Թադևոսյանը հանդիսանում է Անգելիկա Ումրիկյանի մայրը, իսկ վերջինիս դստեր՝ Անգելիկա Ումրիկյանի՝ Թորոս Ումրիկյանից սերման փաստը հաստատվել է 14․11․2002 թվականի հայրության ճանաչման թիվ 352 ակտային գրանցմամբ՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայրության ճանաչման պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի քննության արդյունքում կայացվելիք դատական ակտն անմիջականորեն կարող է շոշափել Կարինե Թադևոսյանի իրավունքները՝ մասնավորապես, վերջինիս՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով ամրագրված մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը։
Ըստ այդմ՝ հաշվի առնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածում բացահայտված «երրորդ անձ» հասկացության բովանդակությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում առկա են եղել Կարինե Թադևոսյանին դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավելու համար անհրաժեշտ պայմանները, և վերջինիս համար պետք է ապահովվեր դատավարությանը մասնակցությունը երրորդ անձի կարգավիճակում: Սույն գործի նոր քննության շրջանակներում անհրաժեշտ է Կարինե Թադևոսյանին ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ։
Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի` Կարինե Թադևոսյանի վճռաբեկ բողոքի քննության արդյունքում կիրառման ենթակա լիազորությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է․
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը`
1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը՝ բեկանված մասով գործն ուղարկում է համապատասխան դատարան՝ նոր քննության, և սահմանում նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.
3) մասնակիորեն բեկանում և փոփոխում է դատական ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.
4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.
5) վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ տալով վարչական դատարանի դատական ակտին, իսկ եթե այն թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա լրացուցիչ պատճառաբանում է վարչական դատարանի դատական ակտը։
ՀՀ սահմանադրական դատարանը 02.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1579 որոշմամբ արձանագրել է, որ եթե դատարանի քննությանը հանձնված վեճը լուծվում է հօգուտ դատավարության այս կամ այն մասնակցի, դեռ հնարավոր չէ միանշանակ պնդել, որ այդ դատական ակտի պատճառաբանական մասում ներկայացված վերլուծությունները նույնպես դրական ազդեցություն են ունենում դատավարության այդ մասնակցի համար: Վերջիվերջո, հարկ է նկատի ունենալ, որ նույնպիսի եզրահանգման հնարավոր է գալ տարբեր պատճառաբանություններով, ուստի իրավական հետևանքների գնահատման տեսանկյունից պետք է գնահատման առարկա դարձնել ոչ միայն դատական ակտի եզրափակիչ մասում ձևակերպված եզրահանգումը, այլև այն պատճառաբանությունները, որոնք հիմք են հանդիսացել դրա համար: Դատական ակտի պատճառաբանական մասում ներկայացված վերլուծություններն ու դիրքորոշումները կարևոր են նաև այն առումով, որ դրանց առկայությամբ անձի համար հստակ, որոշակի և կանխատեսելի է դառնում իր հետագա ճիշտ վարքագծի դրսևորումը:
Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կարինե Թադևոսյանի վճռաբեկ բողոքի քննության արդյունքում կիրառման է ենթակա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված լիազորությունը՝ հաշվի առնելով, որ Վերաքննիչ դատարանի 09.02.2023 թվականի բողոքարկվող որոշմամբ Դատարանի 15.07.2022 թվականի վճիռն արդեն իսկ բեկանվել և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան նոր քննության։ Նշված հանգամանքը հաշվի առնելով և հիմք ընդունելով սույն որոշման պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անփոփոխ թողնել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ սույն որոշման պատճառաբանություններով։
Ինչ վերաբերում է սույն գործով հայցվոր Հակոբ Ումրիկյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքին, ապա Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ չի համարում ըստ էության անդրադառնալ այդ բողոքին՝ հաշվի առնելով, որ սույն վարչական գործն ուղարկվում է ողջ ծավալով նոր քննության ՀՀ վարչական դատարան այն պատճառաբանությամբ, որ Անգելիկա Ումրիկյանի մայրը՝ Կարինե Թադևոսյանը չի ներգրավվել դատավարության մեջ որպես երրորդ անձ։ Ողջ ծավալով գործի նոր քննության շրջանակներում Կարինե Թադևոսյանի բոլոր դատավարական իրավունքների արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը թույլ չի տալիս անդրադառնալ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման հիմնավորվածությանն ու իրավաչափությանը, Հակոբ Ումրիկյանի վճռաբեկ բողոքի հիմքերին։ Հակառակ դեպքում Կարինե Թադևոսյանի մասնակցությունը գործի նոր քննությանը կդառնա ձևական ու ինքնանպատակ։ Նման պայմաններում հաշվի առնելով, որ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ գործն ուղարկվել է նոր քննության՝ Հակոբ Ումրիկյանի վճռաբեկ բողոքը ևս ենթակա է մերժման՝ սույն որոշման պատճառաբանություններով։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ գործն ուղարկվում է նոր քննության, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Հակոբ Ումրիկյանի և դատավարության մասնակից չդարձված անձ Կարինե Թադևոսյանի վճռաբեկ բողոքները մերժել։ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.02.2023 թվականի որոշումը թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող Լ. Հակոբյան ա. Թովմասյան ռ. Հակոբյան ք․ ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2024 թվական: