ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 1999 թվականի N 435
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի և համակարգի կառուցվածքները հաստատելու մասին» N 30 որոշման 1-ին և 2-րդ կետերը.
բ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 328 որոշման 1-ին կետը:
|
Վ. Սարգսյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է:
2. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրները լուծելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
Նախարարությունն իր իրավասությունների սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից իր գործողություններով կարող է գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ ձեռք բերել և իրականացնել, ինչպես նաև հանդես գալ դատարանում:
3. Նախարարությունն իր իրավասությունների սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:
4. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ:
5. Նախարարության ապարատի պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
II. Նախարարության հիմնական խնդիրները
6. Նախարարության հիմնական խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակման և այն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.
գ) իր իրավասության սահմաններում ֆինանսատնտեսական, վարկային, հարկային, մաքսային, բյուջետային, ֆինանսական շուկայի միասնական քաղաքականության վերլուծության, մշակման և իրականացման աշխատանքների կատարման ապահովումը.
դ) իր իրավասությունների սահմաններում կապիտալի, ֆինանսական, այդ թվում` ապահովագրական, աուդիտորական, գրավատների, վիճակախաղերի, խաղատների և շահումով խաղերի գործունեության պետական կարգավորումը, ներառյալ օրենքով կամ այլ իրավական ակտերով համապատասխան լիազորությունների տրամադրման դեպքում այդպիսի գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզավորված գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
ե) աուդիտի, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների մեթոդաբանության մշակումը և ներդրումը.
զ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային և ոչ հարկային եկամուտների հավաքագրման նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողության իրականացումը.
է) ֆինանսական ընթացիկ վերահսկողության կազմակերպումը և իրականացումը.
ը) իր իրավասությունների սահմաններում միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող փոխառությունների և նվիրատվությունների նպատակային օգտագործման աշխատանքների կազմակերպումն ու ծրագրերի իրականացման ընթացիկ վերահսկողությունը.
թ) իր իրավասությունների սահմաններում պետության գույքային շահերի պաշտպանությունը:
III. Նախարարության գործառույթներն ըստ ոլորտների
7. Մակրոտնտեսական և միկրոտնտեսական քաղաքականության ոլորտում`
ա) պետական պարտքի գնահատումը և կառավարումը.
բ) Միջազգային արժութային հիմնադրամի ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգումը.
գ) իր իրավասությունների սահմաններում տնտեսության ճյուղային զարգացման միասնական քաղաքականության և ծրագրերի մշակմանն ու իրականացմանը մասնակցությունը.
դ) մակրոտնտեսական հետազոտությունների և վերլուծությունների փորձաքննության իրականացումը:
8. Բյուջետային եկամուտների քաղաքականության ոլորտում`
ա) հարկային և մաքսային ընթացիկ քաղաքականության և դրա կիրառման պրակտիկայի ուսումնասիրությունն ու վերլուծությունը.
բ) միջնաժամկետ և հեռանկարային մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների քաղաքականության մշակումը.
գ) միջազգային հարկային և մաքսային համագործակցության քաղաքականության ուսումնասիրությունը և մշակումը:
9. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակման ոլորտում`
ա) առաջիկա տարվա բյուջետային գործընթացի աշխատանքների կազմակերպումը, այդ թվում` պետական և համայնքների բյուջեների կազմման համար անհրաժեշտ հաշվարկների կատարման մեթոդական ցուցումների և ուղեցույցների, բյուջետային ֆինանսավորման հայտերի, բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվների ձևերի և դրանք ներկայացնելու կարգերի տրամադրումն ու հավաքագրումը.
բ) առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի և ելքերի ֆինանսական ծրագրավորումը.
գ) առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի մշակումը.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության բյուջետային ուղերձի բաղկացուցիչ մասը կազմող` առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի բացատրագրի մշակումը.
ե) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների մշակումը.
զ) Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների միջև հարաբերությունների կարգավորումը.
է) Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի ամփոփումը:
10. Բյուջեների կատարման ոլորտում`
ա) Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարումը` ծախսերի իրականացման գործունեության ապահովումը.
բ) Հայաստանի Հանրապետության պետական պարտքի և երաշխիքների սպասարկումը.
գ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկումը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկերի, փոխատվությունների և բյուջետային երաշխիքների տրամադրումը.
դ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքում մուտքերի նվազման դեպքում օրենքով սահմանված կարգով ծախսերի սահմանափակման մեխանիզմի կիրառումը.
ե) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կանխիկ հոսքերի կառավարումը, Հայաստանի Հանրապետության գանձապետական և բյուջետային համակարգում ֆինանսական հոսքերի կառավարման մեթոդոլոգիայի մշակումն ու ներդրումը.
զ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ֆինանսական ծրագրավորումը և Հայաստանի Հանրապետության պետական ու համայնքների բյուջեների դրամարկղային սպասարկման ապահովումը.
է) տեղական գանձապետական բաժանմունքների աշխատանքների համակարգումը, ներքին աուդիտի իրականացումը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ ընթացիկ հսկողությունը.
ը) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի կառավարումը.
թ) Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը, բյուջետային հիմնարկների ակտիվների ֆինանսական միջոցների, հիմնական միջոցների, նյութական արժեքների հաշվառումը, պարտավորությունների գրանցումը և հաշվառումը, վերջիններիս վերաբերյալ մասնակի և ամփոփ հաշվետվությունների կազմումը.
ժ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմումը և դրանք օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը,
ժա) պետական կարիքների համար իրականացվող գումարների հաշվառումը, համախմբումը, ընթացիկ վերահսկողությունը.
ժբ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվող Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, այլ կենտրոնացված ֆոնդերից Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով իրականացվող հատկացումների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսված հատկացումների վերաբաշխումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
ժգ) գանձապետական պահառու համակարգի սպասարկումը:
11. Հաշվապահական հաշվառման և աուդիտի կարգավորման ոլորտում`
ա) հաշվապահական հաշվառման և աուդիտի միջազգային ստանդարտների հիման վրա ազգային ստանդարտների մշակումն ու ներդրումը.
բ) հաշվապահական հաշվառման հաշվային պլանի և ֆինանսական հաշվետվությունների ձևերի մշակումն ու ներդրումը.
գ) աուդիտորական գործունեության ընթացիկ կարգավորումը (աուդիտորների որակավորում, աուդիտորական գործունեության լիցենզավորում, լիցենզավորման պայմանների պահպանման վերահսկում).
դ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնեցված բանկերի հաշվապահական հաշվառման վարման կարգի սահմանումը:
12. Արժութային կարգավորման ոլորտում`
ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ արժութային կարգավորման քաղաքականության մշակումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արժութային վերահսկողության իրականացումը.
բ) թանկարժեք մետաղներով և քարերով գործառնությունների քաղաքականության մշակումը, հարգադրոշմային հսկողության իրականացումը:
13. Ապահովագրության, խաղատների, վիճակախաղերի, շահումով խաղերի և գրավատնային գործունեության կարգավորման ոլորտում`
ա) ապահովագրական գործունեության կարգավորման քաղաքականության մշակումը, ապահովագրական ընկերությունների լիցենզավորումը և գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
բ) շահումով խաղերի, վիճակախաղային, խաղատնային գործունեության կարգավորումը և վերահսկողությունը.
գ) գրավատնային գործունեության ընթացիկ կարգավորումը (գրավատների գործունեության լիցենզավորում, լիցենզավորման պայմանների պահպանման վերահսկում) և վերահսկողությունը:
14. Միջազգային ֆինանսական համագործակցության ոլորտում`
իր իրավասության սահմաններում օտարերկրյա ֆինանսավորմամբ ծրագրեր իրականացնող գրասենյակների աշխատանքների համակարգումը և ընթացիկ վերահսկողությունը:
15. Վճարահաշվարկային համակարգի կազմակերպման ոլորտում`
գանձապետական համակարգում վճարահաշվարկային համակարգի ներդրման աշխատանքների կատարման ապահովումը:
16. Ֆինանսական վերահսկողության ոլորտում`
ա) բյուջետային հիմնարկների և պետական պատվեր կատարող իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության ուղղությամբ ստուգումների և վերստուգումների իրականացումը.
բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներ հավաքագրող պետական կառավարման մարմինների կողմից բյուջեի եկամուտների հավաքագրման և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների ապահովման նկատմամբ վերահսկողությունը համապատասխան ստուգումների և վերստուգումների իրականացման միջոցով.
գ) նախարարության համակարգի գերատեսչությունների, կազմակերպությունների և բյուջետային հիմնարկների, ինչպես նաև պետական և տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ կատարվող աշխատանքների, ներառյալ պետական պատվերի տեղադրման, ճշտության և օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
դ) գործադիր իշխանության հանրապետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաև հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և այլ պետական աղբյուրներից առևտրային ու ոչ առևտրային կազմակերպություններին (անկախ կազմակերպական-իրավական ձևից) տրամադրված հատկացումների, փոխառությունների և նվիրատվությունների արդյունավետ և նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը, ինչպես նաև սահմանված կարգով և դեպքերում բյուջետային հիմնարկների և իրավաբանական անձանց ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների և վերստուգումների կատարումը.
ե) բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և օգտագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
զ) նախարարության համակարգի գերատեսչությունների, առևտրային կազմակերպությունների և բյուջետային հիմնարկների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
է) իրավապահ մարմինների հետ համատեղ ֆինանսական իրավախախտումների կանխարգելումը, նախաքննության և դատական մարմինների որոշումներով համապատասխան ստուգումների ու վերստուգումների կատարումը.
ը) պետական և 51 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողության իրականացումը:
(16-րդ կետը լրաց. 30.12.99 N 789)
17. Պետական սեփականության կառավարման ոլորտում`
ա) բանկերի, այլ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության հաշվառումը, լուծարված առևտրային ընկերություններից պետական բաժնեմասի դիմաց ստացվող մնացորդային գույքի կազմում ընդգրկված գույքային իրավունքների (դեբիտորական պարտքերի) կառավարումը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությամբ Հայաստանի Հանրապետության անունից առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացումը.
գ) իր իրավասությունների սահմաններում պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք քարերի ու մետաղների պահուստների կառավարումը.
դ) հօգուտ պետությանը բռնագրավված, տիրազուրկ, նվիրատվությամբ և ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի տնօրինման, ինչպես նաև հարկային և ոչ հարկային պարտավորությունների դիմաց բռնագանձված գույքի իրացման աշխատանքների նկատմամբ ընթացիկ վերահսկողությունը:
18. Պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում`
ա) նախարարության կողմից իր իրավասությունների սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կնքված քաղաքացիաիրավական գործարքներից բխող գույքային պահանջներով դատարանում որպես հայցվոր հանդես գալը.
բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից գումարների բռնագանձման պահանջով նախարարության, այլ պետական մարմինների կամ բյուջետային հիմնարկների դեմ հայցերով դատարանում որպես պատասխանող ներգրավվելը և պետության գույքային շահերի պաշտպանությունը.
գ) իր իրավասությունների սահմաններում մի կողմից Հայաստանի Հանրապետության, մյուս կողմից` քաղաքացիների կամ իրավաբանական անձանց միջև քաղաքացիաիրավական հարաբերություններից բխող փոխադարձ դրամական պարտավորությունների երկկողմանի կարգավորման նախաձեռնումը:
IV. Նախարարության աշխատանքների կազմակերպումը
19. Նախարարության համակարգը ներառում է Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությունը, ենթակա բյուջետային հիմնարկները, ինչպես նաև 100 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները:
20. Նախարարությունը սույն կանոնադրությամբ սահմանված գործառույթներն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունների սահմաններում` չխախտելով համակարգի գերատեսչությունների, հիմնարկների և կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ինքնուրույնությունը:
21. Նախարարությունն ընդհանրացնում է բնագավառի օրենսդրական կիրառման պրակտիկան, մշակում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
22. Նախարարությունը մյուս պետական մարմինների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն միջճյուղային հարցերի մշակման և լուծման համար:
23. Նախարարությունը սահմանված կարգով մասնակցում է իր իրավասությունների մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի մշակմանն ու քննարկմանը:
24. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:
25. Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:
26. Նախարարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը, վերջինիս բացակայության դեպքում` տարիքով ավագ տեղակալը:
27. Նախարարը`
ա) ղեկավարում է նախարարության համակարգի ընթացիկ գործունեությունը և պատասխանատու է նախարարության սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) սահմանում է իր տեղակալների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունների սահմանները, հաստատում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների և գերատեսչություն չհանդիսացող ենթակա բյուջետային հիմնարկների կանոնադրությունները, ինչպես նաև համակարգի` 100 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները.
գ) ներկայացնում է նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված իր իրավասությունների սահմաններում կամ հատուկ լիազորությունների առկայության դեպքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետությունը այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.
ե) նախարարության, իսկ հատուկ լիազորությունների առկայության դեպքում նաև Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր.
զ) տալիս է լիազորագրեր, բյուջետային երաշխիքներ, կնքում քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրեր, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և աշխատողներին, համակարգի գերատեսչություն չհանդիսացող բյուջետային հիմնարկների ղեկավարներին.
է) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը, կոլեգիայի կազմը և կենտրոնական ապարատի աշխատողների թիվը.
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, հրահանգներ, որոնց կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների ու քաղաքացիների համար.
թ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության համակարգի գերատեսչությունների, հիմնարկների և կազմակերպությունների այն հրամաններն ու հրահանգները, որոնք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.
ժ) հաստատում է նախարարության կոլեգիայի նիստերի նախապատրաստման, հրավիրման, անցկացման և որոշումների ընդունման կարգը.
ժա) Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստերում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի թեկնածության վերաբերյալ.
ժբ) իրականացնում է իրավաբանական անձանց մասնակցի (բաժնետիրոջ) իրավասությունները` Հայաստանի Հանրապետությանը պատկանող և նախարարության կառավարմանը վերապահված փայամասնակցության (բաժնետոմսերի) մասով, կամ այդ իրավասությունների իրականացումը լիազորում է նախարարության պաշտոնատար անձանց.
ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
28. Գլխավոր գանձապետն ի պաշտոնե հանդիսանում է նախարարի տեղակալ և իրականացնում է սահմանված կարգով հաստատված գանձապետարանի կանոնադրությամբ նախատեսված լիազորությունները:
29. Նախարարությունը համակարգի կառավարման հարցերը քննարկում և լուծում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման սկզբունքների զուգակցման, ինչպես նաև որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց իրավասությունների հստակ սահմանման հիման վրա:
30. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որպես նախարարին առընթեր խորհրդակցական մարմին, որի անդամների թիվը և անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Կոլեգիայի կազմի մեջ մտնում են նախարարը (կոլեգիայի նախագահ), նախարարի տեղակալները, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչության պետը` ի պաշտոնե, նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, համակարգի հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներ:
Կոլեգիայի նիստերին կարող են մասնակցել քննարկվող հարցին առնչվող այլ անձինք:
31. Կոլեգիայի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, որոնցում քննարկվում են նախարարության հիմնական խնդիրներին և գործունեությանը վերաբերող հարցեր, ենթակա գերատեսչությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության հարցերը, լսվում են նախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների, նախարարության համակարգի գերատեսչությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության մասին հաշվետվությունները, դրանց գործունեության վերստուգման արդյունքները և այլ հարցեր:
32. Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են նախարարի հրամաններով:
33. Նախարարի և կոլեգիայի անդամների միջև կոլեգիայի նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ տարաձայնությունների առկայության դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են կարծիք հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
34. Նախարարությունում նախարարին առընթեր ստեղծվում են հասարակական հիմունքներով գործող խորհրդատվական, գիտավերլուծական մարմին հանդիսացող գիտամեթոդական խորհուրդ, այլ խորհուրդներ:
Իրավաբանական անձանց լիցենզավորման հետ կապված հարցերի քննարկման համար նախարարությունում կարող են ստեղծվել լիցենզավորման մշտական հանձնաժողովներ:
35. Նախարարությունը կազմակերպում է կենտրոնական ապարատի և համակարգի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացումը, նրանց վերապատրաստումը, անցկացնում կենտրոնական ապարատի աշխատողների ատեստավորում, համակարգում է ղեկավար կադրերի ընտրության, վերապատրաստման և տեղաբաշխման աշխատանքները:
36. Նախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների, դիմումների ու գանգատների ժամանակին քննարկումը, միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող նախարարության համակարգի հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած խախտումների ու թերությունների վերացման համար:
(կանոնադրությունը լրաց. 30.12.99 N 789)
|
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատի
Նախարարի աշխատակազմ
Ապահովագրական տեսչություն (գլխավոր վարչություն)
Արտաքին պետական պարտքի կառավարման վարչություն
Արտաքին վարկերի հաշվին իրականացվող ծախսերի ֆինանսական ծրագրավորման և դրանց կատարման ընթացքի մոնիտորինգի վարչություն
Բյուջետային գործընթացի կառավարման գլխավոր վարչություն
Բյուջետային ծախսերի ընթացիկ ծրագրավորման վարչություն
Բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման գլխավոր վարչություն
Գործառնական վարչություն
Գործերի կառավարչություն (վարչություն)
Իրավաբանական գլխավոր վարչություն
Կադրերի վարչություն
Կապիտալ ծախսերի վարչություն
Համակարգչային տեխնոլոգիաների գլխավոր վարչություն
Հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության գլխավոր վարչություն
Հաշվետվությունների և գանձապետական համակարգի մեթոդոլոգիայի վարչություն
Հատուկ բաժին
Մակրոտնտեսական վերլուծությունների վարչություն
Ներքին պետական պարտքի կառավարման վարչություն
Պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչություն
Պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչություն
Պետական մասնակցության կառավարման վարչություն
Վիճակախաղերի և խաղային գործի կարգավորման վարչություն
Տեղական գանձապետական բաժանմունքների գործունեության կոորդինացման և ներքին աուդիտի վարչություն
Տնտեսական ծրագրերի գլխավոր վարչություն
Ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման վարչություն
Ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչություն