ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3124-Ա |
«16» օգոստոսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Մուշեղ Պետրոսյանի 2024 թվականի օգոստոսի 9-ի թիվ Դ-101927-24 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն` իրականացվել է վարչարարություն:
Ուսումնասիրելով Մուշեղ Պետրոսյանի 2024 թվականի օգոստոսի 9-ի թիվ Դ-101927-24 դիմումը, գնահատելով նշված դիմումին կից ներկայացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
2024 թվականի օգոստոսի 9-ի թիվ Դ-101927-24 դիմումով Մուշեղ Պետրոսյանը, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2024 թվականի հուլիսի 29-ի N 2865-Ա որոշումը, խնդրել է փոխհատուցել «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի հուլիսի 9-ին տրված՝ հետքաբանական և ապրանքագիտական թիվ 24-1947 եզրակացության դիմաց վճարված 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամը:
Երևանի քաղաքապետի 2024 թվականի հուլիսի 29-ի N 2865-Ա որոշման 1-ին կետով Մուշեղ Պետրոսյանի՝ վնասը փոխհատուցելու մասին 2024 թվականի հունիսի 11-ի թիվ Դ-74441-24 և 2024 թվականի հուլիսի 11-ի թիվ Դ-88786-24 դիմումները բավարարվել են:
Երևանի քաղաքապետի 2024 թվականի հուլիսի 29-ի N 2865-Ա որոշման 2-րդ կետով նախատեսվել է «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի հուլիսի 9-ի թիվ 24-1947 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ «Opel Zafira 2.2» մակնիշի «36 MQ 458» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 367,000 (երեք հարյուր վաթսունյոթ հազար) ՀՀ դրամը փոխհատուցել Մուշեղ Պետրոսյանին:
2024 թվականի օգոստոսի 9-ի թիվ Դ-101927-24 դիմումին կից ներկայացված թիվ 3538610 անդորրագրի համաձայն՝ «Ակբա բանկ» բաց բաժնետիրական ընկերության հետ կատարված գործարքով 2024 թվականի հուլիսի 2-ին Մուշեղ Պետրոսյանի կողմից «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բանկային հաշվին փոխանցվել է 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես փորձաքննության վճար:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`
ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,
բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Մուշեղ Պետրոսյանի 2024 թվականի օգոստոսի 9-ի թիվ Դ-101927-24 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ և դիմումի առարկային առնչվող ապացույցներով հիմնավորվում է «Opel Zafira 2.2» մակնիշի «36 MQ 458» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի փորձաքննության նպատակով Մուշեղ Պետրոսյանի կողմից «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վճարված 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամը, որպես խախտված իրավունքի վերականգնման նպատակով կատարված ծախս, փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով և 1058-րդ հոդվածի 1-ին մասով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Մուշեղ Պետրոսյանի՝ 2024 թվականի օգոստոսի 9-ի թիվ Դ-101927-24 դիմումը բավարարել:
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` «Opel Zafira 2.2» մակնիշի «36 MQ 458» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի փորձաքննության նպատակով Մուշեղ Պետրոսյանի կողմից «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վճարված 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամը, որպես խախտված իրավունքի վերականգնման նպատակով կատարված ծախս, փոխհատուցել Մուշեղ Պետրոսյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |