ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/10528/05/20 2024 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/10528/05/20 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ. Բեդևյան | |
զեկուցող |
ռ. Հակոբյան | |
ա. Թովմասյան | ||
ք․ ՄԿՈՅԱՆ |
2024 թվականի ապրիլի 05-ին
գրավոր ընթացակարգով քննելով Արա Ավանեսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19․10.2023 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Արա Ավանեսյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության, երրորդ անձինք` ՀՀ ֆինանսների նախարարություն, Արայիկ Գալստյան` ՀՀ ոստիկանության պետի 16.07.2020 թվականի թիվ 1973-Ա հրամանը և 10.10.2020 թվականի թիվ 179-ԱԳ հրամանը` Արա Ավանեսյանի մասով, անվավեր ճանաչելու, Արա Ավանեսյանին նախկին պաշտոնում վերականգնելուն ՀՀ ոստիկանությանը պարտավորեցնելու և որպես հետևանք` հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի ողջ գումարը վճարելուն, իսկ անհնարինության դեպքում աշխատանքում չվերականգնելու դիմաց միջին աշխատավարձի տասներկուպատիկի չափով հատուցման գումար վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արա Ավանեսյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 16.07.2020 թվականի թիվ 1973-Ա հրամանը և 10.10.2020 թվականի թիվ 179-ԱԳ հրամանը` իր մասով, պարտավորեցնել ՀՀ ոստիկանությանն իրեն վերականգնել նախկին պաշտոնում և որպես հետևանք` վճարել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի միջին աշխատավարձի ողջ գումարը, իսկ անհնարինության դեպքում վճարել աշխատանքում չվերականգնելու դիմաց միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցման գումար:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 08.06.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19․10.2023 թվականի որոշմամբ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության և երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության վերաքննիչ բողոքները բավարարվել են ամբողջությամբ՝ Դատարանի 08․06․2022 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել և փոփոխվել է՝ հայցն ամբողջությամբ մերժվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արա Ավանեսյանը (ներկայացուցիչ՝ Հայկ Քոչինյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ՀՀ ոստիկանությունը (ներկայացուցիչ՝ Լիլիթ Զաքարյան)։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ ոստիկանության պետի 30․10․2018 թվականի թիվ 10-Լ հրամանով հաստատված «ՀՀ ոստիկանության ներքին կարգապահական կանոնների» (այսուհետ՝ Կանոններ) 13-րդ կետը, ՀՀ ոստիկանության պետի 24․07․2018 թվականի «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում արձակուրդների ձևակերպման և տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 5-Լ հրամանի 1-ին կետով հաստատված կարգի 36-րդ կետը, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ, 145-րդ և 146-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասը, որոնք պետք է կիրառեր։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Սույն գործով արձակուրդից հետ կանչելու անհատական իրավական ակտ արձակված լինելու մասին Արա Ավանեսյանը տեղեկացել է միայն հեռախոսազանգի միջոցով 02․10․2020 թվականին՝ ուրբաթ օրը, երբ գտնվել է ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում։ 2020 թվականի հոկտեմբերի 03-ը և 04-ը եղել են շաբաթ և կիրակի՝ ոչ աշխատանքային օրեր, և հիշյալ ոչ աշխատանքային օրերին ՀՀ ոստիկանության անձնագրային ծառայություններում արտաժամյա աշխատանքի անցնելու հանձնարարականի, ցուցումի կամ որևէ այլ հրահանգի վերաբերյալ սույն գործով որևէ տեղեկատվություն չի պարզվել, որևէ ապացույց չի հետազոտվել, և այդ մասին Արա Ավանեսյանին որևէ կերպ չի հաղորդվել:
Արա Ավանեսյանը աշխատանքի վայր է ներկայացել 05․10․2020 թվականին՝ երկուշաբթի օրը, և չնայած ներկայացրել է դիմում աշխատանքից ազատվելու վերաբերյալ, այդուհանդերձ, մինչև աշխատանքից հեռացվելու պահը՝ 10․10․2020 թվականը գտնվել է իր աշխատավայրում՝ Մարտունու անձնագրային ծառայությունում, և իրականացրել է իր պարտականությունները:
Վերաքննիչ դատարանը, ըստ էության, Արա Ավանեսյանի կողմից ենթադրյալ կարգապահական խախտում թույլ տալու հանգամանքը «հիմնավորել» է բացառապես վերջինիս պետական ծառայող լինելու փաստի հիմքով, որպիսի դատական մեկնաբանությունն ակնհայտորեն հակասում է իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքներին և խաթարում արդարադատության բուն էությունը:
Ակնհայտ է, որ Արա Ավանեսյանի կողմից ենթադրյալ կարգապահական խախտում թույլ տալու, այն է՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 04-ը (2020 թվականի հոկտեմբերի 03-ը և 04-ը եղել են շաբաթ և կիրակի՝ ոչ աշխատանքային օրեր) աշխատանքի վայր չներկայանալու հանգամանքը չէր կարող հաստատված համարվել միայն վերջինիս պետական ծառայողի գիտակցման փաստով պայմանավորված (նույնիսկ ռազմական դրության պայմաններում), քանի դեռ հաստատված չէր արձակուրդից հետ կանչելու և արտաժամյա աշխատանքի անցնելու վերաբերյալ գործատուի կողմից Արա Ավանեսյանի պատշաճ ծանուցված լինելու հանգամանքը, առավել ևս, երբ արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ պատշաճ ծանուցված չլինելու հանգամանքն իր որոշմամբ հաստատել է հենց Վերաքննիչ դատարանը:
Բացի այդ, նույնիսկ եթե իրավաչափ համարենք Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները, թե Արա Ավանեսյանն առանց ղեկավարության թույլտվության աշխատավայրից մեկնել է այլ վայր և թույլ տվել կարգապահական խախտում, ապա նույնիսկ այդ պարագայում գործում առկա են բազմաթիվ ապացույցներ, որպիսիք անվերապահորեն վկայում են այն մասին, որ Արա Ավանեսյանը կամ ընդհանրապես չպետք է ենթարկվեր կարգապահական տույժի, կամ վերջինիս նկատմամբ չպետք է նշանակվեր նման խիստ կարգապահական տույժ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19․10.2023 թվականի որոշումը՝ օրինական ուժ տալով Դատարանի 08․06․2022 թվականի վճռին։
2.1․ Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Ծառայողական քննության արդյունքում հաստատված է համարվել այն հանգամանքը, որ հայցվորն իր ծառայողական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, այն է՝ 30․06․2020 թվականին Ոստիկանության ԱՎՎ է ներկայացել առանց անմիջական ղեկավարի թույլտվության։ Ինչ վերաբերում է կարգապահական պատասխանատվության տեսակին, ապա պետք է նկատի ունենալ, որ հայցվորը զբաղեցրել է ղեկավար պաշտոն և առաջին հերթին ինքը պետք է ապահովեր իր վերադասների լիազորությունների շրջանակներում տրված հրամանների (հրահանգների, կարգադրությունների) ճիշտ և ժամանակին կատարումը։
Ոստիկանության ԱՎ վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Արսեն Գևորգյանն իր հեռախոսահամարից զանգեր է արել հայցվորին՝ 28․09․2020 թվականին 3 անգամ, 28․09․2020 թվականին արված զանգերից 2-ով ունեցել է հեռախոսազրույց Ա․ Ավանեսյանի հետ, մասնավորապես՝ նույն օրը ժամը 14։19։18-ին 1 րոպե 22 վայրկյան, ժամը 14։48։54-ին 1 րոպե 31 վայրկյան տևողությամբ։ Հաջորդ օրը ևս Արսեն Գևորգյանը զանգահարել է հայցվորին, սակայն հայցվորը Ա․ Գևորգյանի հեռախոսազանգերին չի պատասխանել։
Հայցվորը 09․10․2020 թվականին բացատրությամբ հայտնել է, որ ինքը 28․09․2020 թվականին Ոստիկանության ԱՎ վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Արսեն Գևորգյանի հետ հեռախոսազրույց է ունեցել, զանգահարել է ինքը և ցանկացել ճշտել, թե ինչպես կարող է կամավոր հիմունքներով մեկնել Արցախի Հանրապետության Մարտունի քաղաք։ Ա․ Գևորգյանը պատասխանել է, որ ղեկավարության հետ կճշտի և նոր միայն այդ հարցին կպատասխանի։ Որոշ ժամանակ անց Ա․ Գևորգյանը զանգահարել է իրեն և ասել, որ սահմանված կարգի համաձայն պետք է զեկուցագիր ներկայացնի ՀՀ Ոստիկանության պետին, որը կքննարկվի և նոր միայն կուղարկեն ըստ անհրաժեշտության վայր։ Բացատրությամբ հայցվորը հայտնել է նաև, որ սեպտեմբերի 28-ի ուշ գիշերը մեկնել է Արցախի Հանրապետություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ իր արձակուրդը չի վերջացել։ Բացատրությամբ հայցվորը նշել է նաև, որ հոկտեմբերի 02-ին գալով Ստեփանակերտ միացրել է հեռախոսը և տեսել, որ ունի բաց թողնված զանգեր։ Միայն այդ օրն է իմացել, որ բոլորին հետ են կանչել աշխատանքի և պետք է նաև ինքը ներկայանա։
Ակնհայտ է, որ Արա Ավանեսյանը հետ է կանչվել արձակուրդից, սակայն չի ներկայացել աշխատանքի և առանց տեղյակ պահելու սեպտեմբերի 28-29-ի գիշերը մեկնել է Արցախ և մինչև հոկտեմբերի 05-ը ծառայության վայր չի ներկայացել։
Կանոնների 13-րդ կետի համաձայն՝ Ոստիկանության աշխատողին արտաժամյա ծառայության ներգրավվելիս, ինչպես նաև նույն Կանոններից բխող այլ դեպքերում նրա ուղղակի կամ անմիջական ղեկավարը պարտավոր է ողջամիտ ժամկետում անհրաժեշտ հանձնարարությունները (ցուցումները) հեռախոսակապով (այդ թվում՝ SMS կարճ հաղորդակցության միջոցով) փոխանցել աշխատողին, եթե դրանք փոխանցելու այլ կարգ սահմանված չէ այլ իրավական ակտերով։ Այսինքն՝ Ոստիկանությունը, հիմք ընդունելով Կանոններում առկա կարգավորումները իրազեկումն իրականացրել է հեռախոսակապի միջոցով։ Սույն դեպքում անհասկանալի է հայցվոր կողմից դիրքորոշումը։ Ռազմական դրություն հայտարարելը նախապես կանխատեսելի հանգամանք չէ, որ գործատուն՝ տվյալ դեպքում Ոստիկանությունը, անհատական իրավական ակտի տեսքով նախապես ծանուցի արձակուրդում գտնվող անձանց, որ կոնկրետ օրը ներկայանան աշխատանքի։ Ավելին, ՀՀ կառավարության 27․09․2020 թվականի թիվ 1586-Ն որոշմամբ ռազմական դրության աշխատանքային ռեժիմը սկսված է համարվել 27․09․2020 թվականի ժամը 16։00-ից։
Ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում հայցվորը պետք է գիտակցեր կամ կարող էր գիտակցել իրականացվող միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության և տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտների փոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի մասին, ինչը ենթադրում է ոչ թե սեփական գնահատմամբ գործելու ազատություն, այլ անցում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի։
Վերոգրյալ հիմնավորումներով պատասխանողի ներկայացուցիչը պնդել է, որ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողի 01․04․2020 թվականի թիվ 8-25032 գրությամբ նույն վարչության և ենթակա ստորաբաժանումներին տրված հանձնարարականի համաձայն․ «(…) 1. աշխատանքային ժամերին աշխատանքի վայրից ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված բացակայելու նպատակով պատճառաբանված զեկուցագիր ներկայացնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետին` նրանում նշելով բացակայելու նպատակը, ժամերը և այլ վայրի անվանումը, որտեղ մեկնելու եք։ 2. Աշխատանքի վայրից բացակայել միայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի գրավոր թույլտվության հիման վրա» (հատոր 1-ին, գ․թ․ 27)․
2) ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողի 01․07․2020 թվականի զեկուցագրի համաձայն․ «(…) Չնայած նրան, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արմավիրի անձնագրային բաժանմունքի պետ, ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդական Արա Ավանեսյանը ԱՎ վարչություն է ներկայացել ծառայողական նպատակներից ելնելով, այնուհանդերձ նախապես այդ մասին չի զեկուցել անմիջական կամ ուղղակի ղեկավարին, ուստի և համապատասխան թույլտվություն չի ստացել։ (…)» (հատոր 1-ին, գ․թ․ 24-25)․
3) Արա Ավանեսյանի 30․06․2020 թվականի զեկուցագրի համաձայն․ «(…) 30.06.20թ. այցելել եմ ԱՎ վարչություն, առանց նախապես զեկուցելու ԱՎՎ ղեկավարությանը, քանի որ կադրերի բաժանմունքից պահանջել են ծառայողական պարապմունքների մատյանը և աշխատակիցների կիսամյակի կատարված աշխատանքների հաշվետվությունը» (հատոր 1-ին, գ․թ․ 26)․
4) ՀՀ ոստիկանության պետ Վ. Ղազարյանի կողմից 16․07․2020 թվականին հաստատված ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողի զեկուցագրի կապակցությամբ իրականացված ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացության համաձայն․ «(…) Այսպիսով, կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արմավիրի բաժանմունքի պետ, քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդական Արա Ռադիկի Ավանեսյանը ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, այն է՝ 2020թ. հունիսի 30-ին ոստիկանության ԱՎ վարչություն է ներկայացել առանց անմիջական ղեկավարի թույլտվության, ինչով խախտել է ոստիկանության ԱՎ վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողի 2020թ. ապրիլի 1-ի թիվ 8-25032 գրության պահանջները։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդական Արա Ավանեսյանը թույլ է տվել ՀՀ ոստիկանության պետի 2010թ. հոկտեմբերի 22-ի «ՀՀ ոստիկանության քաղաքացիական ծառայողների աշխատանքային կարգապահական ներքին կանոնները սահմանելու մասին» թիվ 2218-Ա հրամանով հաստատված հավելվածի 45-րդ կետով նախատեսված կարգապահական խախտում: (…)» (հատոր 1-ին, գ․թ․ 36-37)․
5) ՀՀ ոստիկանության պետ Վ. Ղազարյանը` հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության պետի 22․10․2010 թվականի «ՀՀ ոստիկանության քաղաքացիական ծառայողների աշխատանքային կարգապահական ներքին կանոնները սահմանելու մասին» թիվ 2218-Ա հրամանով հաստատված հավելվածի 45-րդ կետը և ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60․26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 16.07.2020 թվականին արձակել է թիվ 1973-Ա հրամանը, որի համաձայն` ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արմավիրի անձնագրային բաժանմունքի պետ, ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդական Արա Ավանեսյանին հայտարարվել է «խիստ նկատողություն» (հատոր 1-ին, գ․թ․ 71)․
6) ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մարտունու անձնագրային բաժանմունքի պետ Արա Ավանեսյանը 17.08.2020 թվականի զեկուցագրով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Ա. Մկրտչյանից խնդրել է 31․08․2020 թվականից ձևակերպել ամենամյա նվազագույն արձակուրդը լրացուցիչի հետ միասին (հատոր 1-ին, գ․թ․ 64)․
7) ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի կողմից ստորագրված 17․08․2020 թվականի թիվ 448 արձակուրդային վկայականի համաձայն` 2-րդ դասի խորհրդական Արա Ավանեսյանին տրամադրվում է 17.06.2020-17.06.2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա և լրացուցիչ արձակուրդ 31.08.2020 թվականից 06.10.2020 թվականը ներառյալ: Անցկացման վայրը` Արցախ (հատոր 1-ին, գ․թ․ 65)․
8) ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը 27.09.2020 թվականին ընդունել է «ՀՀ ոստիկանության և վիզաների վարչության մի խումբ ծառայողների, քաղաքացիական աշխատանք կատարողների և տեխնիկական սպասարկում իրականացնողների ամենամյա արձակուրդից հետ կանչելու մասին» թիվ 265-Ա հրամանը (քաղվածքը՝ հատոր 3-րդ, գ․թ․ 86)․
9) ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի 29․09․2020 թվականի զեկուցագրի համաձայն․ «ՀՀ ոստիկանության պետի 23․09․2020թ․ 9-Ահգ հրամանով հաստատված պլանի 3-րդ կետի համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին տեղեկացվել է հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված աշխատակիցների արձակուրդներից հետ կանչման մասին։ 28․09․2020թ․ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա․ Գևորգյանն անձամբ հեռախոսազրույց է ունեցել արձակուրդում գտնվող ԱՎՎ Մարտունու անձնագրային բաժանմունքի պետ, ՀՀ ՔՀԾ 2-րդ դասի խորհրդական Արա Ավանեսյանի հետ և տեղեկացրել է ծառայության վայր ներկայանալու անհրաժեշտության մասին։ 29․09․2020թ․ տարածքային անձնագրային ծառայություններ կատարված հեռախոսազանգերի ժամանակ պարզվել է, որ ՀՀ ՔՀԾ 2-րդ դասի խորհրդական Արա Ավանեսյանը Մարտունու անձնագրային բաժանմունք չի ներկայացել (…)» (հիմք՝ վարչական վարույթի նյութերի պատճեններ, գ․թ․ 147)․
10) ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողական քննությունների բաժնի ավագ տեսուչ Ա․ Հ․ Հարությունյանը 07․10․2020 թվականի զեկուցագրով խնդրել է թույլատրել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի 17․08․2020 թվականի զեկուցագրի հիման վրա իրականացվող ծառայողական քննությանը միացնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի 29․09․2020 թվականի զեկուցագրի կապակցությամբ իրականացվող ծառայողական քննությանը և դրանք շարունակել մեկ վարույթում։ Նույն զեկուցագրի վրա 08․10․2020 թվականին կատարված մակագրությամբ թույլատրվել է (հիմք՝ վարչական վարույթի նյութերի պատճեններ, գ․թ․ 152)․
11) ՀՀ ոստիկանության պետ Վ. Ղազարյանի կողմից 10․10․2020 թվականին հաստատված՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի զեկուցագրի կապակցությամբ կատարված ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացության համաձայն․ «(…) Այսինքն՝ Անի Գալստյանը, Դավիթ Դանիելյանն ու Արա Ավանեսյանը թույլ են տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60․26-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ ոստիկանության պետի 2010թ․ հոկտեմբերի 22-ի «ՀՀ ոստիկանության քաղաքացիական ծառայողների աշխատանքային կարգապահական ներքին կանոնները սահմանելու մասին» թիվ 2218-Ա հրամանով հավելվածի 45-րդ կետով նախատեսված կարգապահական խախտում, բացի այդ, Արա Ավանեսյանը խախտել է ՀՀ ոստիկանության պետի 2018թ․ հոկտեմբերի 30-ի թիվ 10-Լ հրամանի 33-րդ կետի 12-րդ ենթակետի պահանջները։ (…) Գործառութային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արմավիրի անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետ, ՔՀԾ 2-րդ դասի առաջատար ծառայող Անի Սերոբի Գասպարյանը, նույն բաժանմունքի առաջին կարգի մասնագետ, ՔՀԾ 1-ին դասի կրտսեր ծառայող Դավիթ Աղաջանի Դանիելյանն ու նույն վարչության Արմավիրի անձնագրային բաժանմունքի նախկին պետ, ներկայումս Մարտունու անձնագրային բաժանմունքի պետ, ՔՀԾ 2-րդ դասի խորհրդական Արա Ռադիկի Ավանեսյանը ենթակա են կարգապահական պատասխանատվության: (…)» (հիմք՝ վարչական վարույթի նյութերի պատճեններ, գ․թ․ 170)․
12) ՀՀ ոստիկանության պետ Վ. Ղազարյանը, հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60․26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը և ղեկավարվելով նույն օրենքի 60․27-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 10.10.2020 թվականին արձակել է թիվ 179-ԱԳ հրամանը, որի համաձայն` գործառութային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պետի 30․10․2018 թվականի թիվ 10-Լ հրամանի 33-րդ կետի 12-րդ ենթակետի պահանջները խախտելու համար` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մարտունու անձնագրային բաժանմունքի պետ, ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդական Արա Ավանեսյանին հայտարարվել է «խիստ նկատողություն» (հատոր 1-ին, գ․թ․ 72)․
13) Վերը նշված հրամանի համաձայն՝ նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդական Արա Ավանեսյանն ունի գործող` «խիստ նկատողություն» կարգապահական տույժ, ուստի, ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60․27-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Արա Ավանեսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից (հատոր 1-ին, գ․թ․ 72)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի խախտման, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը չկիրառելու հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում առանձին-առանձին անդրադառնալ սույն գործով վիճարկվող ՀՀ ոստիկանության պետի 16.07.2020 թվականի թիվ 1973-Ա և 10.10.2020 թվականի թիվ 179-ԱԳ հրամանների իրավաչափության հարցին՝ պատասխանելով հետևյալ իրավական հարցադրումներին․
ա) արդյո՞ք ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատանքից բացակայելու մեկ դեպք արձանագրելու համար ոստիկանության աշխատակցի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժի կիրառումը կարող է համարվել համաչափ,
բ) ռազմական դրություն հայտարարվելու պահին ի՞նչ կարգով է ընդհատվում արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողի արձակուրդը, և արդյո՞ք ռազմական դրությամբ պայմանավորված արձակուրդի ընդհատումն ինքնին ենթադրում է արտաժամյա աշխատանքային ռեժիմ։
ա) ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը։ Համաձայն նշված հոդվածի՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:
ՀՀ սահմանադրական դատարանն իրավաբանական պատասխանատվության, այդ թվում` վարչական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքի բովանդակությանն անդրադարձել է իր 12․10․2010 թվականի թիվ ՍԴՈ-920 որոշմամբ: Մասնավորապես, անդրադառնալով պատասխանատվության տեսակները, չափերն ու հարկադրանքի միջոցները սահմանելու լիազորությունն իրականացնելիս օրենսդրի հայեցողության շրջանակներին` ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ օրենսդրի հայեցողության ազատության սահմանները նախանշված են, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ և 43-րդ հոդվածներում: ՀՀ Սահմանադրության նշված հոդվածների համադրված վերլուծությունը վկայում է, որ դրանց իրավական բովանդակությունը, ի թիվս այլոց, հանգում է նրան, որ հանրային իշխանության իրականացումը նախևառաջ սահմանափակվում է իրավական պետության գաղափարից բխող` հասարակական հարաբերությունների կարգավորման համաչափության ընդհանուր սկզբունքով: Այս սկզբունքը իրավաբանական պատասխանատվության, այդ թվում` վարչական պատասխանատվության հիմքում ընկած կարևորագույն սկզբունքներից մեկն է:
ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով համաչափության սկզբունքի բովանդակությանը, նաև նշել է, որ համաչափության սկզբունքն առաջին հերթին պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև։
ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքը պահանջում է, որ սահմանված պատասխանատվության չափը լինի տարբերակված` ելնելով կատարված արարքի ծանրությունից, հանրային վտանգավորության աստիճանից, պատճառված վնասից, մեղքի աստիճանից և այլ էական հանգամանքներից: Ըստ այդմ, օրենսդրից պահանջվում է սահմանել պատասխանատվության այնպիսի իրավակարգավորում, որը պատասխանատվության ենթարկող իրավասու մարմնին հնարավորություն ընձեռի որոշելու նշանակվող պատասխանատվության կոնկրետ չափը` ելնելով զանցանքի բնույթից և լրջությունից (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 16.11.2010 թվականի թիվ ՍԴՈ-924 որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ համաչափության սկզբունքն իրավական պետության կարևորագույն տարրերից է: Դրա առանցքային կարևորությունը նրանում է, որ այն հնարավորություն է տալիս գնահատելու գործողության և/կամ անգործության իրավաչափությունը՝ միջամտության ընթացքում կիրառվող միջոցների գործադրմամբ նպատակին հասնելու հնարավորության և թույլատրելիության տեսանկյունից: Համաչափության սկզբունքը երաշխավորում է, որ այս կամ այն հանգամանքներում համարժեքություն ապահովվի կիրառվող միջոցների և դրանց կիրառմամբ հետապնդվող նպատակի միջև: Յուրաքանչյուր դեպքում միջամտությունը պետք է բավարարի օրինականության, պիտանիության, անհրաժեշտության և համարժեքության պահանջներին: Այսինքն՝ հիմնարար իրավունքից անարգել օգտվելու հնարավորության ցանկացած միջամտություն պետք է զերծ լինի կամայականությունից և հնարավորինս մեղմ միջոցների գործադրմամբ ապահովի առաջադրվող նպատակի արդյունավետ իրագործումը: Ուստի՝ անձին երաշխավորված որևէ հիմնարար իրավունք սահմանափակելիս պետական մարմինը, այդ թվում՝ Դատարանը կաշկանդված է համաչափության սկզբունքի սահմանադրական հրամայականով և ցանկացած դեպքում պետք է ստուգի ընտրված միջոցի օրինականությունը, ապա գնահատի իր առջև դրված նպատակին հասնելու հարցում դրա պիտանիությունը, անհրաժեշտությունը ու համարժեքությունը (տե՛ս, Սուսաննա Համբարձումյանն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9457/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26․05․2022 թվականի որոշումը)։
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համաձայն համաչափության սահմանադրաիրավական սկզբունքի՝ ընտրված պատասխանատվության միջոցը և չափը պետք է համապատասխանեն կատարված արարքի ծանրությանը, հանրային վտանգավորության աստիճանին, պատճառված վնասին, մեղքի աստիճանին և այլ էական հանգամանքներին և պետք է առկա լինի արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև:
Սույն գործը հարուցվել է Արա Ավանեսյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս, ի թիվս այլնի, պահանջել է նաև անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 16.07.2020 թվականի թիվ 1973-Ա հրամանը։
Դատարանի վճռով հայցը բավարարվել է՝ ՀՀ ոստիկանության պետի 16.07.2020 թվականի թիվ 1973-Ա հրամանը ճանաչվել է անվավեր այն պատճառաբանությամբ, որ վիճարկվող հրամաններն ընդունելիս վարչական մարմնի կողմից հաշվի չեն առնվել ծառայողական քննության ընթացքում բացահայտված բոլոր էական հանգամանքները, բավարար չափով չեն պարզաբանվել և ճշգրտվել հանգամանքները, մասնավորապես` հայցվորի նկատմամբ կարգապահական տույժի տեսակի ընտրության հարցում պատասխանողը փաստացի պետք է հաշվի առներ խախտման ծանրությունը և դրա հետևանքները, աշխատողի մեղքը, այդ խախտման կատարման հանգամանքները և աշխատողի` նախկինում կատարած աշխատանքը:
Վերաքննիչ դատարանի որոշմամբ ՀՀ ոստիկանության և երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության վերաքննիչ բողոքները բավարարվել են ամբողջությամբ՝ Դատարանի վճիռն ամբողջությամբ բեկանվել և փոփոխվել է՝ հայցն ամբողջությամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «Արա Ռադիկի Ավանեսյանն իր 2020 թվականի հունիսի 30-ի զեկուցագրով հաստատել է, որ վերջինս աշխատանքի վայրից դուրս ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է մեկնել առանց իր անմիջական կամ ուղղակի ղեկավարի թույլտվությամբ, ավելին սույն գործում բացակայում է որևէ տվյալ, որը կհաստատեր հակառակը։ Ստացվում է, որ Արա Ռադիկի Ավանեսյանը ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչով խախտվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներքին կարգապահական կանոնները հաստատելու մասին» թիվ 10-Լ հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներքին կարգապահական կանոնների 10-րդ և 25-րդ կետերը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողի 2020 թվականի ապրիլի 1-ի թիվ 8-25032 գրությամբ ներկայացված հանձնարարականի պահանջները։ Այսինքն, հայցվորը թույլ է տվել կարգապահական խախտում, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2020 թվականի հուլիսի 16-ի թիվ 1973-Ա հրամանով հայցվորի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը»։
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում չի պահպանվել համաչափության սահմանադրաիրավական սկզբունքը, քանի որ ոչ միայն ընտրված պատասխանատվության միջոցը և չափը չեն համապատասխանում կատարված արարքի ծանրությանը, այլև հաշվի չեն առնվել հայցվորին վերագրվող խախտման հանրային ոչ մեծ վտանգավորության աստիճանը, պատճառված վնասի բացակայությունը, մեղքի աստիճանը և այնպիսի էական հանգամանք, ինչպիսին է հայցվորի դրական բնութագիրը և ստացած խրախուսանքները։ Մասնավորապես, հայցվորի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելիս Վճռաբեկ դատարանի գնահատմամբ որոշիչ նշանակություն կարող էին ունենալ ինչպես Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալի 13․07․2020 թվականի հայցվորի վերաբերյալ տրված ծառայողական բնութագիրը, համաձայն որի՝ Ա․ Ավանեսյանը ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես բանիմաց և կազմակերպչական ունակություններ ունեցող ծառայող, տիրապետում է իր գործունեությունը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերին, քաղաքացիների և գործընկերների հետ շփվելիս պահպանում է հանրային ծառայողի էթիկայի կանոնները, այնպես էլ 1998 թվականից 2020 թվականը ներառյալ ստացած խրախուսանքները, այդ թվում «շնորհակալություն»-ները, «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար 3-րդ աստիճանի մեդալը», ԼՂՀ նախագահի կողմից տրված «Մարտական ծառայության մեդալը», «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար 2-րդ աստիճանի մեդալը», ՀՀ ՊՆ-ի կողմից տրված «Ծովակալ Հ․ Ս․ Իսակով մեդալը», ՊՆ-ի կողմից տրված «Վազգեն Սարգսյան մեդալը», «Ոստիկանության 100-ամյակ հոբելյանական մեդալը»։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում Արա Ավանեսյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժը կիրառվել է համաչափության սկզբունքի ակնհայտ խախտմամբ, այն է՝ հաշվի չի առնվել ո՛չ խախտման ծանրությունը, ո՛չ մեղքի աստիճանը և ո՛չ էլ որևէ այլ էական հանգամանք, ինչի հետևանքով խաթարվել է սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև արդարացի հավասարակշռությունը։
Մասնավորապես, գործի նյութերով հաստատվել է, որ 30.06.2020 թվականին Արա Ավանեսյանը աշխատանքից բացակայել է ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության վարչական շենք՝ ծառայողական պարապմունքների մատյանը և աշխատակիցների կիսամյակի կատարած աշխատանքների հաշվետվությունը կադրերի բաժանմունք ներկայացնելու համար։
Արա Ավանեսյանի կողմից 13.07.2020 թվականին տրված բացատրությամբ հաստատվել է, որ վերջինս 30.06.2020 թվականին աշխատանքի վայրից՝ Արմավիրի անձնագրային բաժանմունքից բացակայել է ընդամենը 1,5 ժամ՝ 9.00-10.30–ն ընկած ժամանակահատվածը և այդ ընթացքում անձնագրային ծառայություն դիմած բոլոր 7 քաղաքացիների դիմումները բավարարվել են օրենսդրության պահանջների պատշաճ պահպանմամբ, որևէ դեպքով վերջիններիս իրավունքների խախտումներ կամ ձգձգումներ չեն արձանագրվել: Նշված փաստական հանգամանքը պատասխանողը չի վիճարկել։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ ոստիկանության պետի 16.07.2020 թվականի թիվ 1973-Ա հրամանով հայցվորին վերագրվող արարքի համար «խիստ նկատողություն» կարգապահական տույժի տեսակն ընտրելիս հաշվի չի առնվել արարքի բնույթը, խախտողի անձը, մասնավորապես այն, որ վերջինս 13.07.2020 թվականի ծառայողական բնութագրով իր անմիջական ղեկավարի կողմից բնութագրվել է բացառապես դրական կողմերով՝ որպես բանիմաց և կազմակերպչական ունակություններ ունեցող, քաղաքացիների հետ շփումներում հանրային ծառայողի էթիկայի կանոնները պահպանող, ինչպես նաև գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերին տիրապետող ծառայող (հատոր 1-ին, գ․թ․ 29), 1998 թվականից 2020 թվականը ներառյալ ստացած խրախուսանքները, այդ թվում «շնորհակալություն»-ները, «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար 3-րդ աստիճանի մեդալը», ԼՂՀ նախագահի կողմից տրված «Մարտական ծառայության մեդալ», «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար 2-րդ աստիճանի մեդալը», ՀՀ ՊՆ-ի կողմից տրված «Ծովակալ Հ․ Ս․ Իսակով մեդալ», ՊՆ-ի կողմից տրված «Վազգեն Սարգսյան մեդալ», «Ոստիկանության 100-ամյակ հոբելյանական մեդալ» (հատոր 1-ին, գ․թ․ 73-74), ինչի արդյունքում խախտվել է համաչափության սկզբունքը։
Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետի 16.07.2020 թվականի թիվ 1973-Ա հրամանը ենթակա է անվավեր ճանաչման՝ օրենքի խախտմամբ ընդունված լինելու, ինչպես նաև կարգապահական տույժի տեսակը համաչափության սահմանադրաիրավական սկզբունքի խախտմամբ ընտրված լինելու հիմքերով։
բ) «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ռազմական դրություն հայտարարվելու կամ արտակարգ իրավիճակների դեպքում ոստիկանության ծառայողի արձակուրդն ընդհատվում է, բացառությամբ կին ծառայողի հղիության, ծննդաբերության և ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի:
ՀՀ ոստիկանության պետը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 11․06․2018 թվականի թիվ 751-Լ որոշման հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետը (Ոստիկանության պետն իր իրավասության սահմաններում ընդունում է իրավական ակտեր, այդ թվում՝ այլ մարմինների հետ համատեղ), 24․07․2018 թվականին ընդունել է «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում արձակուրդների ձևակերպման և տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 5-Լ հրամանը, որի 1-ին կետով հաստատված հավելվածի Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում արձակուրդների ձևակերպման և տրամադրման կարգի 36-րդ կետով սահմանվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավակարգավորման համանման կարգավորում, համաձայն որի՝ ռազմական դրություն հայտարարվելու կամ արտակարգ իրավիճակների դեպքում Ոստիկանության ծառայողի արձակուրդն ընդհատվում է, բացառությամբ կին ծառայողի հղիության, ծննդաբերության և ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորմամբ օրենսդիրը հստակ ամրագրել է իր կամքն առ այն, որ ռազմական դրություն հայտարարվելու կամ արտակարգ իրավիճակների դեպքում ոստիկանության ծառայողի արձակուրդն ընդհատվում է, նշված ընդհանուր կանոնից սահմանելով բացառություն, ըստ որի՝ օրենքում ամրագրված ընդհանուր կանոնները կիրառելի չեն կին ծառայողի հղիության, ծննդաբերության և ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի դեպքերի նկատմամբ: Ըստ այդմ, վերոգրյալ իրավանորմում նկարագրված իրավիճակներում, մասնավորապես՝ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում, ընդհատվում է ոստիկանության ծառայողի արձակուրդը, ինչից հետևում է, որ արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողները պարտավոր են ներկայանալ ծառայության վայր։
Միևնույն ժամանակ, սույն գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն հարցին, թե ռազմական դրություն հայտարարվելու փաստի ուժով ոստիկանության ծառայողի արձակուրդն ընդհատվելու դեպքում արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողները ի՞նչ ժամկետում կամ կոնկրետ ե՞րբ պետք է ներկայանան ծառայության վայր՝ հաշվի առնելով ինչպես արձակուրդում գտնվելու վայրի և ծառայության վայրի միջև առկա տարածությունը, ծառայության վայր ներկայանալու հնարավորության հետ կապված օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, այնպես էլ աշխատանքային օրվա հետ կապված օրենսդրական կարգավորումները։
Այսպես․
«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ոստիկանության ծառայողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ:
«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ոստիկանության ծառայողը կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության, ի թիվս այլնի, պետության անվտանգության ապահովման համար, ինչպես նաև պետության պաշտպանության անհրաժեշտության դեպքում։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ոստիկանության ծառայողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Ոստիկանության ծառայողի արտաժամյա ծառայության տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ արտաժամյա ծառայության ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է Ոստիկանության պետը:
«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ոստիկանության ծառայողը կարող է ծառայության ներգրավվել հանգստյան և տոն օրերին:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը Ոստիկանության ծառայողների համար սահմանել է հնգօրյա աշխատանքային շաբաթ: Միևնույն ժամանակ, սակայն, օրենսդիրը հնարավոր է համարել Ոստիկանության ծառայողներին արտաժամյա ծառայության ներգրավելը՝ սահմանելով ինչպես արտաժամյա ծառայության ներգրավելու սպառիչ դեպքերը, այնպես էլ արտաժամյա ծառայության ներգրավելու թույլատրելի ժամկետը։
Այսինքն՝ ռազմական դրություն հայտարարվելու փաստի ուժով ոստիկանության ծառայողի արձակուրդն ընդհատվելու դեպքում արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողները պետք է ներկայանան ծառայության վայր՝ հաշվի առնելով ինչպես արձակուրդում գտնվելու վայրի և ծառայության վայրի միջև առկա տարածությունը, այնպես էլ ծառայության վայր ներկայանալու հնարավորության հետ կապված օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները։ Ընդ որում, աշխատանքային օրվա հետ կապված օրենսդրական կարգավորումներով պայմանավորված Ոստիկանության ծառայողն աշխատանքային վայր ներկայանալու պարտավորություն ունի աշխատանքային օրը, եթե առկա չէ նրան արտաժամյա ծառայության ներգրավելու մասին ընդունված և Ոստիկանության ծառայողներին հանձնելու փաստով ուժի մեջ մտած անհատական իրավական ակտ։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ռազմական դրություն հայտարարվելու պահին արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողի արձակուրդն ընդհատվում է օրենքի, տվյալ դեպքում «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով (նույն նորմով սահմանված բացառությունների հաշվառմամբ)։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ռազմական դրությամբ պայմանավորված արձակուրդի ընդհատումն ինքնին չի ենթադրում արտաժամյա աշխատանքային ռեժիմ, ինչը նշանակում է, որ այդ դեպքում արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողը պարտավոր է աշխատանքային օրը և աշխատանքային ժամին ներկայանալ ծառայության վայր՝ հաշվի առնելով արձակուրդում գտնվելու վայրի և ծառայության վայրի միջև առկա տարածությունը, ծառայության վայր ներկայանալու հնարավորության հետ կապված օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև ընդգծել, որ ռազմական դրությամբ պայմանավորված արձակուրդի ընդհատման դեպքում Ոստիկանության ծառայողը ոչ աշխատանքային օրը և (կամ) ժամին ծառայության վայր ներկայանալու պարտավորություն ունի միայն այն պարագայում, եթե առկա է նրան արտաժամյա ծառայության ներգրավելու մասին ընդունված և Ոստիկանության ծառայողին հանձնելու փաստով ուժի մեջ մտած անհատական իրավական ակտ։
Սույն գործով դիմելով դատարան՝ Արա Ավանեսյանը պահանջել է նաև անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 10.10.2020 թվականի թիվ 179-ԱԳ հրամանը։
Դատարանի վճռով հայցը բավարարվել է՝ անվավեր է ճանաչվել նաև ՀՀ ոստիկանության պետ Վ. Ղազարյանի 10.10.2020 թվականի թիվ 179-ԱԳ հրամանը՝ հետևյալ պատճառաբանությամբ․ «(․․․) սույն դեպքում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ իրավահարաբերության պահին Հայցվորը` լինելով արձակուրդում, փաստացի գտնվել է Արցախում (ըստ Հայցվորի` իրականացրել է Արցախում բնակվող բարեկամների տարհանման աշխատանքներ), միևնույն ժամանակ, ըստ ժամանակագրական տվյալների, Արցախը տվյալ պահին գտնվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների կիզակետում, (ըստ Հայցվորի) հետագայում հեռախոսակապի միջոցով հոկտեմբերի 2-ին տեղեկանալով, որ արձակուրդից իրեն հետ են կանչել, հոկտեմբերի 5-ին ներկայացել է կադրերի բաժին, դիմում գրել ծառայությունից ազատելու նպատակով։ (․․․) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի (․․․) և 10.10.2020 թվականի թիվ 179-ԱԳ հրամանը` Արա Ավանեսյանի մասով արձակվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` դրա սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, հետևաբար տվյալ դեպքում առկա է նշված հրամաններն անվավեր ճանաչելու (վերացնելու) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածով սահմանված հիմքը»։
Վերաքննիչ դատարանի որոշմամբ ՀՀ ոստիկանության և երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության վերաքննիչ բողոքները բավարարվել են ամբողջությամբ՝ Դատարանի 08․06․2022 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել և փոփոխվել է՝ հայցն ամբողջությամբ մերժվել է։
Վերաքննիչ դատարանը նշել է հետևյալը․ «(․․․) ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման 1-ին կետի ուժով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում ՀՀ ոստիկանության պետի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 9-Ահգ հրամանով հաստատված պլանի 3-րդ կետի համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին տեղեկացրել են հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված աշխատակիցների արձակուրդներից հետ կանչման մասին։ Սակայն, (․․․) հայցվորը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մարտունու անձնագրային բաժանմունք չի ներկայացել։
(․․․) հայցվորի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 9-ին ներկայացրած լրացուցիչ բացատրության ուսումնասիրությամբ պարզվում է, որ վերջինիս ներկայացմամբ՝ առնվազն 2020 թվականի հոկտեմբերի 2-ից տեղեկացված է եղել հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված աշխատակիցների արձակուրդներից հետ կանչելու մասին, ավելին՝ նույն բացատրության համաձայն՝ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին ներկայացել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն և խնդրել է իրեն տրամադրել չվճարովի արձակուրդ։
(․․․) ռազմական դրության պայմաններում հայցվորի կողմից աշխատանքի չներկայանալը վերջինիս կողմից պատշաճ պատճառաբանված չէ, ավելին գործում առկա տվյալների հաշվառմամբ, պատշաճ հիմնավորված չէ այն իրավաչափ նպատակը, որին ցանկացել է հասնել աշխատանքի վայր չներկայանալով։
Ավելին, (․․․) հայցվորը, լինելով պետական ծառայող, որն իր հերթին այն կանխավարկածի լույսի ներքո պետք է դիտարկել, որ վերջինս գիտակցել կամ կարող էր գիտակցել ռազմական դրությունն իրենից ներկայացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության հատուկ իրավական ռեժիմ»։
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մարտունու անձնագրային բաժանմունքի պետ Արա Ավանեսյանը 17.08.2020 թվականի զեկուցագրով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Ա. Մկրտչյանից խնդրել է 31․08․2020 թվականից ձևակերպել ամենամյա նվազագույն արձակուրդը լրացուցիչի հետ միասին (հատոր 1-ին, գ․թ․ 64)։
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի կողմից ստորագրված 17․08․2020 թվականի թիվ 448 արձակուրդային վկայականի համաձայն` 2-րդ դասի խորհրդական Արա Ավանեսյանին տրամադրվում է 17.06.2020-17.06.2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա և լրացուցիչ արձակուրդ 31.08.2020 թվականից 06.10.2020 թվականը ներառյալ: Անցկացման վայրը` Արցախ (հատոր 1-ին, գ․թ․ 65)։
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի 29․09․2020 թվականի զեկուցագրի համաձայն․ «ՀՀ ոստիկանության պետի 23․09․2020թ․ 9-Ահգ հրամանով հաստատված պլանի 3-րդ կետի համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին տեղեկացվել է հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված աշխատակիցների արձակուրդներից հետ կանչման մասին։ 28․09․2020թ․ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա․ Գևորգյանն անձամբ հեռախոսազրույց է ունեցել արձակուրդում գտնվող ԱՎՎ Մարտունու անձնագրային բաժանմունքի պետ, ՀՀ ՔՀԾ 2-րդ դասի խորհրդական Արա Ավանեսյանի հետ և տեղեկացրել է ծառայության վայր ներկայանալու անհրաժեշտության մասին։ 29․09․2020թ․ տարածքային անձնագրային ծառայություններ կատարված հեռախոսազանգերի ժամանակ պարզվել է, որ ՀՀ ՔՀԾ 2-րդ դասի խորհրդական Արա Ավանեսյանը Մարտունու անձնագրային բաժանմունք չի ներկայացել (…)» (հիմք՝ վարչական վարույթի նյութերի պատճեններ, գ․թ․ 147)։
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողական քննությունների բաժնի ավագ տեսուչ Ա․ Հ․ Հարությունյանը 07․10․2020 թվականի զեկուցագրով խնդրել է թույլատրել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի 17․08․2020 թվականի զեկուցագրի հիման վրա իրականացվող ծառայողական քննությանը միացնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի 29․09․2020 թվականի զեկուցագրի կապակցությամբ իրականացվող ծառայողական քննությանը, և դրանք շարունակել մեկ վարույթում։ Նույն զեկուցագրի վրա 08․10․2020 թվականին կատարված մակագրությամբ թույլատրվել է ծառայողական քննությունների շարունակումը մեկ վարույթում (հիմք՝ վարչական վարույթի նյութերի պատճեններ, գ․թ․ 152)։
ՀՀ ոստիկանության պետ Վ. Ղազարյանի կողմից 10․10․2020 թվականին հաստատված ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի զեկուցագրի կապակցությամբ կատարված ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացության համաձայն․ «(…) Այսինքն՝ Անի Գալստյանը, Դավիթ Դանիելյանն ու Արա Ավանեսյանը թույլ են տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60․26-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ ոստիկանության պետի 2010թ․ հոկտեմբերի 22-ի «ՀՀ ոստիկանության քաղաքացիական ծառայողների աշխատանքային կարգապահական ներքին կանոնները սահմանելու մասին» թիվ 2218-Ա հրամանով հավելվածի 45-րդ կետով նախատեսված կարգապահական խախտում, բացի այդ Արա Ավանեսյանը խախտել է ՀՀ ոստիկանության պետի 2018թ․ հոկտեմբերի 30-ի թիվ 10-Լ հրամանի 33-րդ կետի 12-րդ ենթակետի պահանջները։ (…) Գործառութային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արմավիրի անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետ, ՔՀԾ 2-րդ դասի առաջատար ծառայող Անի Սերոբի Գասպարյանը, նույն բաժանմունքի առաջին կարգի մասնագետ, ՔՀԾ 1-ին դասի կրտսեր ծառայող Դավիթ Աղաջանի Դանիելյանն ու նույն վարչության Արմավիրի անձնագրային բաժանմունքի նախկին պետ, ներկայումս Մարտունու անձնագրային բաժանմունքի պետ, ՔՀԾ 2-րդ դասի խորհրդական Արա Ռադիկի Ավանեսյանը ենթակա են կարգապահական պատասխանատվության: (…)» (հիմք՝ վարչական վարույթի նյութերի պատճեններ, գ․թ․ 170)։
ՀՀ ոստիկանության պետ Վ. Ղազարյանը, հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60․26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը և ղեկավարվելով նույն օրենքի 60․27-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 10.10.2020 թվականին արձակել է թիվ 179-ԱԳ հրամանը, որի համաձայն` գործառութային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պետի 30․10․2018 թվականի թիվ 10-Լ հրամանի 33-րդ կետի 12-րդ ենթակետի պահանջները խախտելու համար` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մարտունու անձնագրային բաժանմունքի պետ, ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդական Արա Ռադիկի Ավանեսյանին հայտարարվել է «խիստ նկատողություն» (հատոր 1-ին, գ․թ․ 72)։
Վերը նշված հրամանի համաձայն՝ նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդական Արա Ավանեսյանն ունի գործող` «խիստ նկատողություն» կարգապահական տույժ, ուստի, ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60․27-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Արա Ավանեսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից (հատոր 1-ին, գ․թ․ 72)։
«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները գերազանցելու, կարգապահական կանոնները խախտելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.
1) նախազգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
4) զբաղեցրած պաշտոնից ազատում.
5) քաղաքացիական հատուկ ծառայության ավելի բարձր դասային աստիճանի, բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն դասային աստիճանի, իջեցում` մեկ աստիճանով:
Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո: Ծառայողական քննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:
«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.27-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք է` նույն օրենքի 60.26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը:
Տվյալ դեպքում սույն գործով վիճարկվող ՀՀ ոստիկանության պետի 10.10.2020 թվականի թիվ 179-ԱԳ հրամանով հայցվորին վերագրվել է գործառութային պարտականությունների ոչ պատշաճ կատարում, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պետի 30․10․2018 թվականի թիվ 10-Լ հրամանի 33-րդ կետի 12-րդ ենթակետի պահանջների խախտում և «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.27-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառմամբ, հաշվի առնելով, որ հայցվորն ունի գործող «խիստ նկատողություն» կարգապահական տույժ, նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Գործում առկա ՀՀ ոստիկանության պետի 10.10.2020 թվականի թիվ 179-ԱԳ հրամանի քաղվածքից հնարավոր չէ հետևություն անել այն մասին, թե կոնկրետ որ գործառութային պարտականությունների կատարումն է գնահատվել ոչ պատշաճ, ըստ այդմ՝ անհնար է եզրահանգում անել հայցվորին վերագրվող խախտման փաստը հաստատված համարելու, ինչպես նաև նշանակված տույժը կատարված խախտման բնույթին և վտանգավորության աստիճանին համապատասխանելու վերաբերյալ։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ «(․․․) ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման 1-ին կետի ուժով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում ՀՀ ոստիկանության պետի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 9-Ահգ հրամանով հաստատված պլանի 3-րդ կետի համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին տեղեկացրել են հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված աշխատակիցների արձակուրդներից հետ կանչման մասին», Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․
Նախ՝ ՀՀ ոստիկանության պետի 23․09․2020 թվականի թիվ 9-Ահգ հրամանը, որին հղում է կատարել Վերաքննիչ դատարանը, հույժ գաղտնի լինելու պատճառաբանությամբ դատարանում չի հետազոտվել, հետևաբար հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված աշխատակիցների արձակուրդներից հետ կանչման մասին 28․09․2020 թվականին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին նշված հրամանով հաստատված պլանի 3-րդ կետի հիմքով տեղեկացնելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հիմնավոր չեն կարող գնահատվել։
Երկրորդ՝ արձակուրդից հետ կանչման մասին հայցվորի տեղեկացված լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունների մասով իրավական հիմնավորումները բողոքարկվող դատական ակտում բացակայում են։
Այսպես․
«ՀՀ պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության քաղաքականությունը, այդ թվում`
(...)
9) հաստատում է`
(...)
ե. պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրելու պլանը, կարգն ու պայմանները (...):
ՀՀ կառավարության 27․09․2020 թվականի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման 2-րդ կետով սահմանված հավելվածի 7-րդ կետի համաձայն՝ պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը փոխադրվում է ռազմական դրության աշխատանքային ռեժիմի սկսած 27․09․2020 թվականի ժամը 16.00-ից՝ «Պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «ե» ենթակետի հիման վրա ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անհատական իրավական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27․1-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված, ինչպես նաև պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմամբ պայմանավորված անհատական կամ ներքին իրավական ակտն ուժի մեջ է մտնում ակտի հասցեատիրոջը տրամադրելու (կամ օրենսդրությամբ սահմանված կարգով իրազեկելու) պահից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Ընդ որում, եթե ակտի հասցեատերերը մեկից ավելի են, ապա յուրաքանչյուր հասցեատիրոջ համար ակտն ուժի մեջ է մտնում այն իրեն տրամադրելու (իրազեկելու) պահից:
Տվյալ դեպքում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի 27.09.2020 թվականի՝ «ՀՀ ոստիկանության և վիզաների վարչության մի խումբ ծառայողների, քաղաքացիական աշխատանք կատարողների և տեխնիկական սպասարկում իրականացնողների ամենամյա արձակուրդից հետ կանչելու մասին» թիվ 265-Ա հրամանը (քաղվածքը տե՛ս, հատոր 3-րդ, գ․թ․ 86), որի հիմքով դադարեցվել է արձակուրդի մեջ գտնվող աշխատակիցների, այդ թվում՝ Արա Ավանեսյանի արձակուրդը, հանդիսանում է անհատական իրավական ակտ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի և 27․1-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց տրամադրելու, առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ: Մինչդեռ, նշված հրամանն օրենսդրությամբ սահմանված պատշաճ կարգով Արա Ավանեսյանին տրամադրելու, հանձնելու և ըստ այդմ ուժի մեջ մտած լինելու վերաբերյալ որևէ ապացույց սույն գործով չի ներկայացվել։
Հղում կատարելով հայցվորի կողմից 09․10․2020 թվականին ներկայացված լրացուցիչ բացատրությանը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հենց հայցվորի ներկայացմամբ՝ առնվազն 02․10․2020 թվականից ինքը տեղեկացված է եղել հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված աշխատակիցների արձակուրդներից հետ կանչելու մասին։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը, որպես արձակուրդից հետ կանչված լինելու մասին հայցվորի իրազեկման օր, հիմք է ընդունել 02․10․2020 թվականը, որպիսի պարագայում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հայցվորը պարտավոր էր առնվազն նշված օրվան հաջորդող աշխատանքային օրը և աշխատանքային ժամին ներկայանալ ծառայության վայր, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հայցվորն արձակուրդի ժամանակ գտնվել է Արցախում, ինչը սույն գործով անվիճելի փաստ է։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Արա Ավանեսյանը 02․10․2020 թվականին՝ ուրբաթ օրը, տեղեկանալով արձակուրդից հետ կանչման մասին հաջորդ աշխատանքային օրը՝ 05․10․2020 թվականին (երկուշաբթի) ներկայացել է աշխատավայր (հոկտեմբերի 03-ը և 04-ը եղել են ոչ աշխատանքային օրեր), ուստի հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորին արտաժամյա աշխատանքի ներգրավելու մասին որևէ անհատական իրավական ակտ առկա չէ, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հայցվորի կողմից թույլ չի տրվել նրան վերագրված խախտումը, հետևաբար առկա չի եղել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60․26-րդ և 60․27-րդ հոդվածների կիրառմամբ հայցվորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ պետական ծառայող հանդիսացող Արա Ավանեսյանը պետք է գիտակցեր կամ կարող էր գիտակցել ստեղծված իրավիճակով պայմանավորված արձակուրդը դադարած լինելու և աշխատանքի վայր ներկայանալու պարտավորությունը, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ նախ՝ Արա Ավանեսյանը, 02․10․2020 թվականին տեղեկանալով իրեն արձակուրդից հետ կանչելու մասին, հաջորդ աշխատանքային օրը՝ 05․10․2020 թվականին ներկայացել է ծառայության վայր, ինչը վկայում է այն մասին, որ Արա Ավանեսյանը գիտակցել է ստեղծված իրավիճակով պայմանավորված արձակուրդը դադարած լինելու և աշխատանքի վայր ներկայանալու պարտավորությունը, երկրորդ՝ 2020 թվականի հոկտեմբերի 03-ին և 04-ին՝ ոչ աշխատանքային շաբաթ և կիրակի օրեր լինելու և Մարտունու անձնագրային ծառայությունում արտաժամյա աշխատանքի անցնելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չլինելու պայմաններում Արա Ավանեսյանին չի կարող վերագրվել ծառայության վայր չներկայանալու վերաբերյալ որևէ խախտում։
Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այս հիմքով Արա Ավանեսյանը ոչ իրավաչափորեն է ենթարկվել կարգապահական տույժի, որի արդյունքում էլ ոչ իրավաչափորեն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից։ Նշվածից բացի, ՀՀ ոստիկանության պետի 10.10.2020 թվականի թիվ 179-ԱԳ հրամանի ոչ իրավաչափ լինելը հաստատվում է նաև ՀՀ ոստիկանության պետի 16.07.2020 թվականի թիվ 1973-Ա հրամանի ոչ իրավաչափությամբ։ Այսպես․ նկատի ունենալով, որ թիվ 179-ԱԳ հրամանի հիմքում դրվել է գործող «խիստ նկատողություն» կարգապահական տույժ ունենալու հանգամանքը, որը նշանակվել էր ՀՀ ոստիկանության պետի 16.07.2020 թվականի թիվ 1973-Ա հրամանով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ 1973-Ա հրամանի ոչ իրավաչափ լինելու փաստի հաստատումն ինքնին ոչ իրավաչափ է դարձնում նաև գործող «խիստ նկատողություն» կարգապահական տույժ ունենալու հիմքով զբաղեցրած պաշտոնից հայցվորին ազատելու մասին ՀՀ ոստիկանության պետի 10.10.2020 թվականի թիվ 179-ԱԳ հրամանը։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և վարչական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու և այն լրացուցիչ պատճառաբանելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են, ի թիվս այլնի, նաև դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են՝ հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
Նկատի ունենալով, որ սույն գործով հայցվոր Արա Ավանեսյանը, վերոնշյալ իրավանորմերի ուժով ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից, իսկ վերջինիս վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Միաժամանակ, վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը դատական ծախսերի կազմում ներառել է նաև ներկայացուցիչների վճարները:
Սույն գործում առկա է Արա Ավանեսյանի (Պատվիրատու) և վերջինիս ներկայացուցիչ Հայկ Քոչինյանի (Կատարող) միջև 17․11․2020 թվականին կնքված «Փաստաբանական ծառայություն մատուցելու մասին» պայմանագիր (հատոր 2-րդ, գ․ թ․ 54), որի 1․1 կետով սահմանվել է, որ կողմերի համաձայնությամբ պայմանագրի շրջանակներում Կատարողը Պատվիրատուի պատվերով մատուցում է հետևյալ փաստաբանական ծառայությունները՝ իրականացնել Պատվիրատուի շահերի ներկայացուցչությունը, ի թիվս այլնի, նաև ՀՀ վարչական դատարանում, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում, ՀՀ վճռաբեկ դատարանում՝ կապված ՀՀ ոստիկանության պետի 16.07.2020 թվականի թիվ 1973-Ա հրամանը և 10.10.2020 թվականի թիվ 179-ԱԳ հրամանն անվավեր ճանաչելու, ինչպես նաև դրա շրջանակներում հնարավոր այլ գործընթացներին։ Կողմերի համաձայնությամբ պայմանագրի գին է սահմանվել 300․000 ՀՀ դրամը։
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է փաստաբանի վարձատրության խելամտության և բռնագանձման հարցերին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե'ս, Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):
Վերը նշված դիրքորոշման լույսի ներքո հաշվի առնելով սույն գործով ներկայացուցչի կատարած աշխատանքի ծավալը՝ վերաքննիչ բողոքի պատասխանը կազմելն ու ներկայացնելը, Վերաքննիչ դատարանում դատական նիստին մասնակցությունը, վճռաբեկ բողոքը կազմելն ու ներկայացնելը, գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը) և այն համադրելով գործում առկա` Արա Ավանիսյանի և վերջինիս ներկայացուցիչ Հայկ Քոչինյանի միջև 17․11․2020 թվականին կնքված «Փաստաբանական ծառայություն մատուցելու մասին» պայմանագրով սահմանված վճարման ենթակա գումարի չափի հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ողջամիտ է պատասխանողից հօգուտ Արա Ավանիսյանի բռնագանձել 80.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ և վճռաբեկ ատյաններում գործի քննության հետ կապված ներկայացուցչի խելամիտ վարձատրության հատուցման ենթակա գումար: Ինչ վերաբերում է ՀՀ վարչական դատարանում գործի քննության հետ կապված ներկայացուցչի վարձատրությանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրան անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինական ուժ է տրվում ՀՀ վարչական դատարանի վճռին, որով լուծվել է նաև հայցվորին վճարվելիք դատական ծախսի հարցն ու պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձվել է 50․000 ՀՀ դրամ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19․10.2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 08.06.2022 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով:
2. Պետական տուրքի հարցը համարել լուծված: ՀՀ ոստիկանությունից հօգուտ Արա Ավանեսյանի բռնագանձել 80․000 ՀՀ դրամ` որպես ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում և ՀՀ վճռաբեկ դատարանում ներկայացուցչի վճարի հատուցման ենթակա գումար։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան զեկուցող
Ռ. Հակոբյան Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ Ք. ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2024 թվական: