ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ՍնԴ/0129/02/19 2024 թ. |
Քաղաքացիական գործ թիվ ՍնԴ/0129/02/19 |
|
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ | |
Ն. Հովսեփյան | ||
Ս. ՄԵՂՐՅԱՆ |
2024 թվականի մայիսի 22-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 18․11․2022 թվականի որոշումը նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ Սուսաննա Բազիկյանի բողոքը քաղաքացիական գործով ըստ Սուսաննա Բազիկյանի հայցի ընդդեմ Արմեն Հակոբյանի, Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի (այսուհետ՝ Կառավարիչ), Շուշանիկ Ղազարյանի, «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) և Վարդան Ավետիսյանի՝ պայմանագիրն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանք կիրառելու ու իրավունքը ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սուսաննա Բազիկյանը պահանջել է անվավեր ճանաչել Կառավարչի, Շուշանիկ Ղազարյանի և Բանկի միջև 07․09․2016 թվականին կնքված Երևանի Ծիծառնակաբերդի խճուղի 1/2-րդ շենքի թիվ 230 բնակարանի առուվաճառքի ու հաջորդող գրավի պայմանագիրը, որպես անվավերության հետևանք՝ անվավեր ճանաչել բնակարանի նկատմամբ սեփականության և գրավի իրավունքների պետական գրանցումները, իրեն ու Գագիկ Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող այդ բնակարանի նկատմամբ ճանաչել առկա սահմանափակումը՝ 10.09.2010 թվականի թիվ 243257 պայմանագրի հիման վրա Բանկի գրանցված գրավի իրավունքն Արմեն Հակոբյանի սնանկության հատուկ հաշվին 50.500.000 ՀՀ դրամ վճարելով դադարեցնելու իր իրավունքը:
Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 28․08․2020 թվականի վճռով հայցը մերժվել է՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով:
Դատարանի 08․10․2020 թվականի լրացուցիչ վճռով փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը բռնագանձելու վերաբերյալ Շուշանիկ Ղազարյանի միջնորդությունը բավարարվել է մասնակիորեն՝ Սուսաննա Բազիկյանից հօգուտ Շուշանիկ Ղազարյանի բռնագանձվել է 100․000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար․ դատական ծախսերի հարցը համարվել է լուծված, 28․08․2020 թվականի վճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08․02․2021 թվականի որոշմամբ Սուսաննա Բազիկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 28․08․2020 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է ամբողջ ծավալով նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 18․11․2022 թվականի որոշմամբ Շուշանիկ Ղազարյանի և Վարդան Ավետիսյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ Վերաքննիչ դատարանի 08․02․2021 թվականի որոշումը բեկանվել է ու օրինական ուժ է տրվել Դատարանի 28․08․2020 թվականի վճռին։
Դատավոր Գ. Հակոբյանը հայտնել է հատուկ կարծիք։
Սույն գործով նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոք է ներկայացրել Սուսաննա Բազիկյանը (ներկայացուցիչ Կարեն Թունյան)։
Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Սահմանադրական դատարանի 04․07․2023 թվականի թիվ ՍԴՈ-1693 որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 18․11․2022 թվականի որոշումը վերանայելու հիմք է, քանի որ ի հակադրումը վերանայվող որոշմամբ արտահայտված դիրքորոշումների՝ իր դիմումի հիման վրա անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետի և 337-րդ հոդվածի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ այն բոլոր դեպքերում, երբ գործարքի վավերության վիճարկման հիմքը դատական ակտով թույլ տրված իրավունքի խախտումն է, հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբ պետք է համարել այդ իրավունքի խախտումը ճանաչելու մասին համապատասխան դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 18․11․2022 թվականի որոշումը, բեկանել և փոփոխել այն՝ մերժելով Շուշանիկ Ղազարյանի ու Վարդան Ավետիսյանի բերած վճռաբեկ բողոքը:
3. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՄՏ-25042016-01-0060 միասնական տեղեկանքի համաձայն՝ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2-րդ շենքի թիվ 230 բնակարանի (այսուհետ նաև՝ Բնակարան) նկատմամբ գրանցված է Գագիկ Հակոբյանի և Սուսաննա Բազիկյանի ընդհանուր սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ․թ․ 19, 20)․
2) 10.09.2014 թվականին Բանկի, Գագիկ Հակոբյանի և Սուսաննա Բազիկյանի միջև կնքվել է «Պարտապան չհանդիսացող անձին պատկանող անշարժ գույքի գրավի մասին» թիվ 243257 պայմանագիրը, որով Արմեն Հակոբյանի պարտավորությունների համար Բանկում գրավադրվել է Գագիկ Հակոբյանին ու Սուսաննա Բազիկյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանը (հիմք՝ թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07․06․2019 թվականի որոշում) (հատոր 1-ին, գ․թ․ 34-43).
3) թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 17․02․2016 թվականի վճռով Արմեն Հակոբյանը ճանաչվել է սնանկ, իսկ 04․03․2016 թվականի որոշմամբ Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Գևորգ Ավագյանը (հատոր 1-ին, գ․թ․ 15, 16).
4) թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 15․08․2016 թվականի որոշմամբ Կառավարչին թույլատրվել է Արմեն Հակոբյանի պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող, Բանկում գրավադրված բնակարանը 110․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով ուղղակի գործարքով վաճառել Շուշանիկ Ղազարյանին (հատոր 1-ին, գ․թ․ 17).
5) Բանկի՝ որպես գրավառուի, Կառավարչի՝ որպես վաճառողի, և Շուշանիկ Ղազարյանի՝ որպես գնորդ-գրավատուի միջև 07․09․2016 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի ու հաջորդող գրավի (հիփոթեքի) թիվ 256197 պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր), որով բնակարանը վաճառվել է Շուշանիկ Ղազարյանին, ու ի ապահովումն Բանկի հետ 07․09․2016 թվականին կնքված մեկ այլ պայմանագրով վերջինիս ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման՝ գրավադրվել է Բանկում (հատոր 1-ին, գ․թ․ 25-30)․
6) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14092016-01-0089 վկայականի համաձայն՝ բնակարանի նկատմամբ գրանցվել է Շուշանիկ Ղազարյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ․թ․ 31)․
7) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14092016-01-0090 վկայականի համաձայն՝ բնակարանի նկատմամբ գրանցվել է Բանկի գրավի իրավունքը (հատոր 1-ին, գ․թ․ 32)․
8) թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 15․08․2016 թվականի «Արմեն Միսակի Հակոբյանի գույքը ուղղակի գործարքով վաճառելու թույլտվության մասին» որոշման դեմ Սուսաննա Բազիկյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք ու հայտնել, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի վաճառքի մասին տեղեկացել է 23.09.2016 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 123-133)․
9) թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02․02․2017 թվականի որոշմամբ Սուսաննա Բազիկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 15․08․2016 թվականի «Արմեն Միսակի Հակոբյանի գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվության մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 147-158)․
10) թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07․06․2019 թվականի որոշմամբ Սուսաննա Բազիկյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02․02․2017 թվականի որոշումը բեկանվել է, ու գործը` Կառավարչի ներկայացրած` պարտապանի պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող, Բանկում գրավադրված բնակարանը 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով Շուշանիկ Ղազարյանին վաճառել թույլատրելու և նշված բնակարանի նկատմամբ կիրառված բոլոր արգելանքներն ու սահմանափակումները վերացնելու մասին միջնորդությունը քննարկելու մասով, ուղարկվել է Սնանկության դատարան նոր քննության (հատոր 1-ին, գ․թ․ 34-43).
11) սույն գործով 24․09․2019 թվականին դիմելով դատարան՝ Սուսաննա Բազիկյանը պահանջել է անվավեր ճանաչել Պայմանագիրը, որպես անվավերության հետևանք՝ անվավեր ճանաչել բնակարանի նկատմամբ սեփականության և գրավի իրավունքների պետական գրանցումները, իրեն ու Գագիկ Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանի նկատմամբ ճանաչել առկա սահմանափակումը՝ 10.09.2010 թվականի թիվ 243257 պայմանագրի հիման վրա Բանկի գրանցված գրավի իրավունքն Արմեն Հակոբյանի սնանկության հատուկ հաշվին 50.500.000 ՀՀ դրամ վճարելով դադարեցնելու իր իրավունքը (հատոր 1-ին, գ․թ․ 3-10).
12) Դատարանի 28․08․2020 թվականի վճռով հայցը մերժվել է՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով։ Դատարանն արձանագրել է, որ «(…) հայցվորը գործարքն անվավեր ճանաչելու համար իր կողմից նշված հիմքերի վերաբերյալ տեղեկացված է եղել դեռևս 2016 թվականի սեպտեմբերի 23-ից, ուստի վաղեմության ժամկետի հաշվարկը պետք է սկսել հենց տեղեկացված լինելու օրվանից։ (…) [Հ]այցվորը հայցադիմումը ներկայացրել է հայցային վաղեմության ժամկետի ավարտից շուրջ երկու տարի հետո՝ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին։ (…)։»(հատոր 1-ին, գ․թ․ 181-186).
13) Վերաքննիչ դատարանի 08․02․2021 թվականի որոշմամբ Սուսաննա Բազիկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 28․08․2020 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է ամբողջ ծավալով նոր քննության: Հայցային վաղեմության ժամկետի կապակցությամբ Վերաքննիչ դատարանը նշել է, որ «(…) հայցվորը որպես հայցի փաստական հիմք նշել է ոչ թե գործարքի վերաբերյալ տեղեկացված լինել/չլինելու հանգամանքը, այլ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով կայացված «Արմեն Հակոբյանի գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվության մասին» որոշումը վերացվելու հանգամանքը՝ վիճելի գործարքի օրինական հիմքի բացակայությունը, ինչի մասին բողոքաբերն ավելի վաղ, քան ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելու պահը՝ 07.06.2019 թվականը, իմանալ չէր կարող ուստի սույն գործով հայցային վաղեմության ժամկետը պետք է հաշվարկել ոչ թե իրավունքի խախտման մասին տեղեկանալու պահից, այլ գործարքն անվավեր ճանաչելու համար բողոքաբերի գնահատմամբ հիմք ծառայող հանգամանքի վերաբերյալ տեղեկանալու պահից, (…)»(հատոր 2-րդ, գ․թ․ 75-85).
14) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 18․11․2022 թվականի որոշմամբ Շուշանիկ Ղազարյանի և Վարդան Ավետիսյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ Վերաքննիչ դատարանի 08․02․2021 թվականի որոշումը բեկանվել է ու օրինական ուժ է տրվել Դատարանի 28․08․2020 թվականի վճռին՝ այն պատճառաբանությամբ, որ «(...) Սույն պարագայում հայցվոր Սուսաննա Բազիկյանը մինչև սույն գործով հայցադիմում ներկայացնելը թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով ներկայացված վերաքննիչ բողոքով նշել է, որ գույքի վաճառքի մասին տեղեկացել է բացառապես 23․09․2016 թվականին, երբ Բանկը Սուսաննա Բազիկյանին առաջարկել է ներկայանալ Բանկ, որպեսզի քննարկվեն գույքի ուղղակի գործարքով վաճառքի որոշ հանգամանքներ։ Այսինքն հայցվորը հայցադիմումը ներկայացրել է գործարքով իր իրավունքը խախտելու պահից՝ որի մասին վերջինս տեղյակ է եղել դեռևս 23․09․2016 թվականին, երեք տարի հետո, այն դեպքում, երբ վիճահարույց գործարքի վիճարկման համար օրենսդիրը սահմանել է հայցային վաղեմության մեկամյա ժամկետ։ (…) Իր իրավունքի խախտման մասին Հայցվորն իմացել է 2016 թվականին, ինչը հաստատվում է նրանով, որ Հայցվորը այդ ժամանակ թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով ներկայացրել է վերաքննիչ բողոք: Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սուսաննա Բազիկյանն իր իրավունքի խախտման հարցում համոզված լինելու պահից չիրացնելով դատական պաշտպանության իր իրավունքը, սույն գործով բաց է թողնի իր իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելու՝ հայցային վաղեմության օրենքով սահմանված մեկամյա ժամկետը» (հատոր 3-րդ, գ․թ․ 116-127).
15) Սահմանադրական դատարանը, Սուսաննա Բազիկյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի և 337-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 04․07․2023 թվականի թիվ ՍԴՈ-1693 որոշմամբ արձանագրելով, որ «(…) այն դեպքում, երբ վիճահարույց գործարքը կնքվել է դատական ակտի հիման վրա, անձի իրավունքի խախտման փաստի մասին կարելի է խոսել բացառապես գործարքի կնքման հիմքում ընկած դատական ակտը բեկանող վերադաս դատարանի դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պայմաններում: Այլ խոսքով՝ նման իրավիճակում անձի իրավունքի խախտման առկայությունն ինքնին կարող է հավաստվել բացառապես վերադաս դատարանի կողմից գործարքի հիմքում ընկած դատական ակտի բեկանմամբ, քանզի միայն համապատասխան դատական ակտի բեկանումն է ազդարարում անձի իրավունքի խախտման մասին», փաստել է, որ «վիճարկվող դրույթներին [ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մաս և 337-րդ հոդվածի 1-ին մաս] իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում տրվել է սույն որոշման մեջ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանություն. դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ այն բոլոր դեպքերում, երբ գործարքի վավերության վիճարկման հիմքը դատական ակտով թույլ տրված իրավունքի խախտումն է, հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբ պետք է համարել այդ իրավունքի խախտումը ճանաչելու մասին համապատասխան դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահը», և որոշել, որ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասը և 337-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են Սահմանադրությանը՝ այն մեկնաբանությամբ, համաձայն որի` այն դեպքում, երբ գործարքի վավերության վիճարկման հիմքը դատական ակտով թույլ տրված իրավունքի խախտումն է, ապա հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում այդ իրավունքի խախտումը ճանաչելու մասին համապատասխան դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահը», և ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասը և 337-րդ հոդվածի 1-ին մասը Դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ» (ներկայացվել է բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների ու ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:
Մինչև 14․03․2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:
Վերը նշված իրավական նորմերի վերլուծությունից բխում է, որ նոր հանգամանքով կարող են վերանայվել նաև Վճռաբեկ դատարանի որոշումները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայում է Վճռաբեկ դատարանը՝ ինչպես գործին մասնակցող անձանց, այնպես էլ՝ նրանց իրավահաջորդների բողոքի հիման վրա, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն։
Օրենսդիրը մինչև 14․03․2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու համար անհրաժեշտ պայման է նախատեսել Սահմանադրական դատարանի կողմից տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելը, կամ այդ դրույթը թեկուզև Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելն այն դեպքում, երբ բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ որոշման եզրափակիչ մասում Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` արձանագրելով, որ Սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: Սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված և արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:
Սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, Սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
Հիմք ընդունելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի ցանկացած վերանայում դրանց կայունության և անփոփոխելիության, կամ որ նույնն է՝ իրավական որոշակիության (res judicata) սկզբունքի խախտում է: Մինչդեռ օրենքով սահմանված բացառիկ դեպքերում, երբ առկա են res judicata սկզբունքի հանդեպ գերակա հանգամանքներ, այդ սկզբունքից շեղվելը և օրինական ուժի մեջ մտած ակտերը վերանայելն արդարացված է՝ պայմանով, որ այդ վերանայումը հետապնդի դատական էական սխալներն ուղղելու, արդարադատության չարաշահումները վերացնելու նպատակ (տե՛ս Պարգև Առաքելյանն ընդդեմ Հռիփսիմե Առաքելյանի թիվ ԵԴ/17804/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30․10․2023 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 18․11․2022 թվականի որոշմամբ Շուշանիկ Ղազարյանի և Վարդան Ավետիսյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ Վերաքննիչ դատարանի 08․02․2021 թվականի որոշումը բեկանվել է ու օրինական ուժ է տրվել Դատարանի 28․08․2020 թվականի վճռին՝ այն պատճառաբանությամբ, որ «(...) Սույն պարագայում հայցվոր Սուսաննա Բազիկյանը մինչև սույն գործով հայցադիմում ներկայացնելը թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով ներկայացված վերաքննիչ բողոքով նշել է, որ գույքի վաճառքի մասին տեղեկացել է բացառապես 23․09․2016 թվականին, երբ Բանկը Սուսաննա Բազիկյանին առաջարկել է ներկայանալ Բանկ, որպեսզի քննարկվեն գույքի ուղղակի գործարքով վաճառքի որոշ հանգամանքներ։ Այսինքն հայցվորը հայցադիմումը ներկայացրել է գործարքով իր իրավունքը խախտելու պահից՝ որի մասին վերջինս տեղյակ է եղել դեռևս 23․09․2016 թվականին, երեք տարի հետո, այն դեպքում, երբ վիճահարույց գործարքի վիճարկման համար օրենսդիրը սահմանել է հայցային վաղեմության մեկամյա ժամկետ։ (…) Իր իրավունքի խախտման մասին Հայցվորն իմացել է 2016 թվականին, ինչը հաստատվում է նրանով, որ Հայցվորը այդ ժամանակ թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով ներկայացրել է վերաքննիչ բողոք: Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սուսաննա Բազիկյանն իր իրավունքի խախտման հարցում համոզված լինելու պահից չիրացնելով դատական պաշտպանության իր իրավունքը, սույն գործով բաց է թողնի իր իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելու՝ հայցային վաղեմության օրենքով սահմանված մեկամյա ժամկետը»։
Սահմանադրական դատարանը, Սուսաննա Բազիկյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի և 337-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 04․07․2023 թվականի թիվ ՍԴՈ-1693 որոշմամբ արձանագրելով, որ «(…) այն դեպքում, երբ վիճահարույց գործարքը կնքվել է դատական ակտի հիման վրա, անձի իրավունքի խախտման փաստի մասին կարելի է խոսել բացառապես գործարքի կնքման հիմքում ընկած դատական ակտը բեկանող վերադաս դատարանի դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պայմաններում: Այլ խոսքով՝ նման իրավիճակում անձի իրավունքի խախտման առկայությունն ինքնին կարող է հավաստվել բացառապես վերադաս դատարանի կողմից գործարքի հիմքում ընկած դատական ակտի բեկանմամբ, քանզի միայն համապատասխան դատական ակտի բեկանումն է ազդարարում անձի իրավունքի խախտման մասին», փաստել է, որ «վիճարկվող դրույթներին [ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մաս և 337-րդ հոդվածի 1-ին մաս] իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում տրվել է սույն որոշման մեջ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանություն. դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ այն բոլոր դեպքերում, երբ գործարքի վավերության վիճարկման հիմքը դատական ակտով թույլ տրված իրավունքի խախտումն է, հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբ պետք է համարել այդ իրավունքի խախտումը ճանաչելու մասին համապատասխան դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահը», և որոշել, որ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասը և 337-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են Սահմանադրությանը՝ այն մեկնաբանությամբ, համաձայն որի` այն դեպքում, երբ գործարքի վավերության վիճարկման հիմքը դատական ակտով թույլ տրված իրավունքի խախտումն է, ապա հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում այդ իրավունքի խախտումը ճանաչելու մասին համապատասխան դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահը», և ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասը և 337-րդ հոդվածի 1-ին մասը Դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»։
Այսինքն՝ Սահմանադրական դատարանն իր կողմից 04․07․2023 թվականին կայացված թիվ ՍԴՈ-1693 որոշմամբ թեկուզև Սահմանադրությանը հակասող և անվավեր չի ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետն ու 337-րդ հոդվածի 1-ին կետը, սակայն որոշման մեջ բացահայտելով այդ նորմերի սահմանադրաիրավական բովանդակությունը՝ որոշման եզրափակիչ մասում արձանագրել է, որ դրանք կիրառվել են իր կողմից կայացված որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ։
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի 04․07․2023 թվականի թիվ ՍԴՈ-1693 որոշումը նոր հանգամանք է ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 18․11․2022 թվականի որոշումը վերանայելու հիմք:
Արդյունքում Վճռաբեկ դատարանը բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1‑ին մասի 1-ին կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 18․11․2022 թվականի որոշումը նոր հանգամանքով վերանայելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 18․11․2022 թվականի որոշումը նոր հանգամանքով վերանայելու արդյունքում ենթակա է կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավակարգավորումից բխող՝ դատական ակտը վերանայելու արդյունքում այն փոփոխելու լիազորությունը, որի կիրառման հնարավորությունը հիմնավորվում է հետևյալ պատճառաբանությամբ։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել, (․․․) այն օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին։ (․․․):
Վերահաստատելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի կապակցությամբ նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ օրենսդիրը վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու համար սահմանել է հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ ժամկետ՝ մեկ տարի, և պայմանավորված այն հանգամանքով, թե ինչ հիմքով է ներկայացվել վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջը, հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է (…) վիճահարույց մյուս գործարքների համար՝ այն օրվանից հետո մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին: Տվյալ դեպքում վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայց հարուցելու իրավունքի ծագման սկիզբը գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին հայցվորի տեղեկանալու կամ նման տեղեկատվություն ստանալու օբյեկտիվ հնարավորության օրն է, իսկ իր խախտված իրավունքների պաշտպանությունը դատական կարգով իրացնելու ժամկետը՝ հայց հարուցելու իրավունքի ծագման օրվանից սկսած մեկ տարվա ժամանակահատվածը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով, հետևաբար յուրաքանչյուր դեպքում գործարքի նկատմամբ հայցային վաղեմության կիրառման ենթակա ժամկետների և դրանց խախտման փաստը պարզելիս ենթակա է բացահայտման դատական պաշտպանություն հայցող անձի վարքագիծը, շրջահայացության դրսևորման ակտիվությունն ու գործողությունների արդյունավետությունը (տե՛ս Սամվել Առաքելյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, Արմինե Հակոբյանի և Նարինե Առաքելյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, Արմինե Հակոբյանի ու այլոց թիվ ԿԴ3/0225/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08․02․2023 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ հայց հարուցելով՝ շահագրգիռ անձը, բացի իր իրավունքի ենթադրյալ խախտման վերացում պահանջելուց, առնվազն պետք է իմանա, թե ով է խախտել իր իրավունքը (ով է պատշաճ պատասխանողը) և խախտման էությունը, որպեսզի ճշգրիտ նշի պատասխանողին և նրանից պահանջի իր իրավունքի խախտման վերացում (ընտրի իր իրավունքի խախտման վերացման համար անհրաժեշտ և պիտանի հայցապահանջը) (տե՛ս Սևակ Միլիտոնյանն ընդդեմ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության թիվ ԵԴ/6646/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06․03․2023 թվականի որոշումը)։
Սույն գործով նոր հանգամանք դիտարկված՝ Սահմանադրական դատարանի 04․07․2023 թվականի թիվ ՍԴՈ-1693 որոշմամբ արձանագրվել է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետի և 337-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում անվավեր գործարքներով հայցային վաղեմության ժամկետների հաշվարկման ելակետ է դիտել «իր իրավունքի խախտման», այն է՝ «գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին» իմանալու հանգամանքը: Այս համատեքստում ակնհայտ է, որ այն դեպքում, երբ վիճահարույց գործարքը կնքվել է դատական ակտի հիման վրա, անձի իրավունքի խախտման փաստի մասին կարելի է խոսել բացառապես գործարքի կնքման հիմքում ընկած դատական ակտը բեկանող վերադաս դատարանի դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պայմաններում: Այլ խոսքով՝ նման իրավիճակում անձի իրավունքի խախտման առկայությունն ինքնին կարող է հավաստվել բացառապես վերադաս դատարանի կողմից գործարքի հիմքում ընկած դատական ակտի բեկանմամբ, քանզի միայն համապատասխան դատական ակտի բեկանումն է ազդարարում անձի իրավունքի խախտման մասին:
Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը հավելել է, որ իրավական պետության սահմանադրաիրավական հայեցակարգից և դրանից ածանցվող իրավական որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքից ուղղակիորեն բխում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի նկատմամբ վստահելիության կամ այլ կերպ ասած՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի ճշմարտացիության կանխավարկածը, որը քննարկվող դեպքում ենթադրում է, որ անձի՝ իր իրավունքի խախտման վերաբերյալ սուբյեկտիվ ընկալումներից ավելի վեր պետք է դասվեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված փաստական հանգամանքները, ինչը, բացի այն, որ երաշխավորում է անձի՝ իր խախտված իրավունքի դատական կարգով վերականգնելը, նաև լիովին համապատասխանում է հայցային վաղեմության ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությանն այն առումով, որ անձի՝ իր իրավունքի խախտման փաստը կարող է հաստատվել բացառապես օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։
Արդյունքում Սահմանադրական դատարանը հանգել է այն եզրակացության, որ սնանկության վարույթի շրջանակներում գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվություն տալու մասին դատարանի որոշման հիման վրա կնքված գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման վերաբերյալ քաղաքացիական գործերով հայցային վաղեմության ժամկետի սկիզբը պետք է հաշվարկել տվյալ գործարքի կնքման թույլտվություն տվող դատական ակտը բեկանող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից:
Սույն գործի փաստերի համաձայն՝ 24․09․2019 թվականին դիմելով դատարան՝ Սուսաննա Բազիկյանը պահանջել է անվավեր ճանաչել Կառավարչի, Շուշանիկ Ղազարյանի և Բանկի միջև 07․09․2016 թվականին կնքված Երևանի Ծիծառնակաբերդի խճուղի 1/2-րդ շենքի թիվ 230 բնակարանի առուվաճառքի ու հաջորդող գրավի պայմանագիրը, որպես անվավերության հետևանք՝ անվավեր ճանաչել բնակարանի նկատմամբ սեփականության և գրավի իրավունքների պետական գրանցումները, իրեն ու Գագիկ Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող այդ բնակարանի նկատմամբ ճանաչել առկա սահմանափակումը՝ 10.09.2010 թվականի թիվ 243257 պայմանագրի հիման վրա Բանկի գրանցված գրավի իրավունքն Արմեն Հակոբյանի սնանկության հատուկ հաշվին 50.500.000 ՀՀ դրամ վճարելով դադարեցնելու իր իրավունքը:
Դատարանի 28․08․2020 թվականի վճռով հայցը մերժվել է՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով։ Դատարանն արձանագրել է, որ «(…) հայցվորը գործարքն անվավեր ճանաչելու համար իր կողմից նշված հիմքերի վերաբերյալ տեղեկացված է եղել դեռևս 2016 թվականի սեպտեմբերի 23-ից, ուստի վաղեմության ժամկետի հաշվարկը պետք է սկսել հենց տեղեկացված լինելու օրվանից։ (…) հայցվորը հայցադիմումը ներկայացրել է հայցային վաղեմության ժամկետի ավարտից շուրջ երկու տարի հետո՝ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին։ (…)։»։
Վերաքննիչ դատարանի 08․02․2021 թվականի որոշմամբ Սուսաննա Բազիկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 28․08․2020 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է ամբողջ ծավալով նոր քննության: Հայցային վաղեմության ժամկետի կապակցությամբ Վերաքննիչ դատարանը նշել է, որ «(…) հայցվորը որպես հայցի փաստական հիմք նշել է ոչ թե գործարքի վերաբերյալ տեղեկացված լինել/չլինելու հանգամանքը, այլ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով կայացված «Արմեն Հակոբյանի գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվության մասին» որոշումը վերացվելու հանգամանքը՝ վիճելի գործարքի օրինական հիմքի բացակայությունը, ինչի մասին բողոքաբերն ավելի վաղ, քան ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելու պահը՝ 07.06.2019 թվականը, իմանալ չէր կարող ուստի սույն գործով հայցային վաղեմության ժամկետը պետք է հաշվարկել է ոչ թե իրավունքի խախտման մասին տեղեկանալու պահից, այլ գործարքն անվավեր ճանաչելու համար բողոքաբերի գնահատմամբ հիմք ծառայող հանգամանքի վերաբերյալ տեղեկանալու պահից, (…)»։
Սահմանադրական դատարանի 04․07․2023 թվականի թիվ ՍԴՈ-1693 որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետին և 337-րդ հոդվածի 1-ին կետին տրված սահմանադրաիրավական մեկնաբանության լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք հիմնավոր են հետևյալ պատճառաբանությամբ։
Սույն գործի փաստերից հետևում է, որ թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործի շրջանակներում Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 15․08․2016 թվականի որոշմամբ թույլատրվել է պարտապան Արմեն Հակոբյանի կողմից Բանկի առջև ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման նպատակով 10.09.2014 թվականի «Պարտապան չհանդիսացող անձին պատկանող անշարժ գույքի գրավի մասին» թիվ 243257 պայմանագրով գրավադրված՝ Գագիկ Հակոբյանին ու Սուսաննա Բազիկյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բնակարանը 110․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով ուղղակի գործարքով վաճառել Շուշանիկ Ղազարյանին։
Նշված դատական ակտի հիման վրա Բանկի՝ որպես գրավառուի, Կառավարչի՝ որպես վաճառողի, և Շուշանիկ Ղազարյանի՝ որպես գնորդ-գրավատուի, միջև 07․09․2016 թվականին կնքվել է Պայմանագիրը, որով Բնակարանը վաճառվել է Շուշանիկ Ղազարյանին, ու ի ապահովումն Բանկի հետ 07․09․2016 թվականին կնքված մեկ այլ պայմանագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման՝ գրավադրվել է Բանկում։ Արդյունքում Բնակարանի նկատմամբ գրանցվել է Շուշանիկ Ղազարյանի սեփականության իրավունքը և Բանկի՝ գրավի իրավունքը։
Թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 15․08․2016 թվականի «Արմեն Միսակի Հակոբյանի գույքը ուղղակի գործարքով վաճառելու թույլտվության մասին» որոշման դեմ Սուսաննա Բազիկյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02․02․2017 թվականի որոշմամբ մերժվել է ու նշված որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07․06․2019 թվականի որոշմամբ Սուսաննա Բազիկյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02․02․2017 թվականի որոշումը բեկանվել է ու գործը` Կառավարչի ներկայացրած` պարտապանի պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող, Բանկում գրավադրված Բնակարանը 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով Շուշանիկ Ղազարյանին վաճառել թույլատրելու և նշված բնակարանի նկատմամբ կիրառված բոլոր արգելանքներն ու սահմանափակումները վերացնելու մասին միջնորդությունը քննարկելու մասով, ուղարկվել է Սնանկության դատարան նոր քննության։ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն արձանագրել է, որ «(…) Սուսաննա Բազիկյանը տեղեկացված չի եղել իրեն համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքի գործընթացի վերաբերյալ, քանի որ գործում բացակայում են ապացույցներ ինչպես սնանկության գործով կառավարչի, այնպես էլ Դատարանի կողմից այդ գործընթացի մասին Սուսաննա Բազիկյանին տեղեկացնելու վերաբերյալ: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ Սուսաննա Բազիկյանը, լինելով գրավի առարկա գույքի համասեփականատեր, պետք է իրական հնարավորություն ունենար մասնակցելու գրավի առարկա գույքի վաճառքին վերաբերող գործընթացին, այդ թվում` իրական հնարավորություն ստանալով օգտվելու «Սնանկության մասին» ՀՀ օրենքով կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով իր համար սահմանված երաշխիքներից: (…)»:
Վերոգրյալից հետևում է, որ Պայմանագիրը կնքելու համար հիմք է հանդիսացել թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 15․08․2016 թվականի որոշումը, մինչդեռ գրավատու հանդիսացող երրորդ անձ Սուսաննա Բազիկյանի կողմից իր գույքի վաճառքին վերաբերող գործընթացին մասնակցելու իրական հնարավորությունն ապահովելու նպատակով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 07․06․2019 թվականի որոշմամբ բեկանել է նշված դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02․02․2017 թվականի որոշումն ու գործն ուղարկել է նոր քննության։ Այսինքն՝ Պայմանագիր կնքելու թույլատրություն տվող որոշումը բեկանվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07․06․2019 թվականի որոշմամբ, որը նույն օրն օրինական ուժի մեջ է մտել ու որպիսի օրվանից սկսել է հոսել Պայմանագիրն անվավեր ճանաչելու և դրա անվավերության հետևանքներ կիրառելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված մեկամյա ժամկետը։ Այլ կերպ ասած՝ իր գույքի վաճառքին վերաբերող գործընթացի շրջանակներում Սուսաննա Բազիկյանի իրավունքի խախտման առկայությունը հաստատվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07․06․2019 թվականի որոշմամբ, իսկ սույն գործով հայցադիմումը Դատարան է ներկայացվել 24․09․2019 թվականին, այսինքն՝ իր իրավունքի խախտման մասին ազդարարող որոշման օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկամյա ժամկետում։
Հիմք ընդունելով վերոշարադրյալ պատճառաբանությունները Վճռաբեկ դատարանը հիմնավորված համարելով հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի կապակցությամբ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները, գտնում է, որ պետք է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված լիազորությունը՝ մերժել Շուշանիկ Ղազարյանի և Վարդան Ավետիսյանի վճռաբեկ բողոքն ու օրինական ուժի մեջ թողնել Վերաքննիչ դատարանի 08․02.2021 թվականի որոշումը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի արդյունավետ բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ, 419-րդ ու 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 18․11․2022 թվականի որոշումը:
2. Շուշանիկ Ղազարյանի և Վարդան Ավետիսյանի վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08․02.2021 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
3. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում։
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող Գ. Հակոբյան Զեկուցող Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. Հովսեփյան Ս. ՄԵՂՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունիսի 2024 թվական: