ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուրիրավասության քրեական դատարան, դատավոր` Հ. Մանուկյան |
ԵԴ/0260/01/21 |
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
| ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի |
16 օգոստոսի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Գագիկ Վարդանի Սողոմոնյանի և Հարություն Հայկազի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2021 թվականի մարտի 3-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է թիվ 12880418 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Գագիկ Վարդանի Սողոմոնյանի և Հարություն Հայկազի Հարությունյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
2. 2023 թվականի ապրիլի 7-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) դատական նիստի ընթացքում, ամբաստանյալ Գագիկ Սողոմոնյանի պաշտպան Ա.Մկրտչյանը միջնորդել է իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Ամբաստանյալներ Գագիկ Սողոմոնյանը և Հարություն Հարությունյանը հայտարարել են, որ չեն առարկում, որպեսզի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի և քրեական գործի վարույթը կարճվի։
2.1. Գագիկ Սողոմոնյանին և Հարություն Հարությունյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրված արարքն Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ վերաորակվել է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, իսկ քրեական գործի վարույթը կարճվել է:
3. Դատախազի բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի դեկտեմբերի 5-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու և Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 21-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։
5.1. Այսպես՝ բողոքի հեղինակը, ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների վերլուծության արդյունքում, եզրահանգել է, որ նոր ընդունված քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնի հետ կապված առավել նպաստավոր պայմանների նախատեսումը դիտարկվում է որպես հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող նորմ և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հետադարձ ուժ ունի միայն օրենքով նախատեսված դեպքում, մինչդեռ նման հնարավորություն օրենքով նախատեսված չէ։ Վերոշարադրյալի հաշվառմամբ, բողոքի հեղինակն օրենսդրի կամքից չբխող է համարել Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ եթե համապատասխանեցման արդյունքում անձին վերագրվող ենթադրյալ արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների խմբին, ապա քրեաիրավական հետևանքները պետք է որոշվեն՝ այդ փաստից ելնելով։
5.2. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ արարքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով Գագիկ Սողոմոնյանին և Հարություն Հարությունյանին վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքը դասվել է ծանր հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը եղել է տասը տարի։ Իսկ ներկայումս գործող քրեական օրենքով Գ.Սողոմոնյանին և Հ.Հարությունյանին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը ևս տասը տարի է։ Այսինքն, քննարկվող երկու դեպքում էլ Գ.Սողոմոնյանին և Հ.Հարությունյանին մեղսագրված ենթադրյալ հանցավոր արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է, որը դեռևս չի անցել։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Գագիկ Սողոմոնյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «[Նա] Հարություն Հայկազի Հարությունյանի և ոմն Վարդանի հետ միասին, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, խարդախությամբ՝ խաբեության եղանակով, ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու ուղղակի դիտավորությամբ «Արդշինբանկ» ՓԲ ընկերությունից հափշտակել են 3.780.000 ՀՀ դրամ գումար.
Այսպես. (...) 2018 թվականի փետրվարի 12-ին Գագիկ Սողոմոնյանի ներկայությամբ Հարություն Հարությունյանը Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 24-րդ հասցեում գործող «Արդշինբանկ» ՓԲ ընկերության «Էրեբունի» մասնաճյուղ է ներկայացրել իր կողմից ՀՀ ՊՆ 63853 [զորամաս]ում ծառայելու և 270.400 ՀՀ դրամ ամսեկան աշխատավարձ ստանալու վերաբերյալ իրավունք վերապահող, ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող տեղեկանք, որի հիման վրա «Արդշինբանկ» ՓԲ ընկերության կողմից Հարություն Հարությունյանի անվամբ տրամադրվել է 3.780.000 ՀՀ դրամ վարկ: Այնուհետև իրենց հանցավոր մտադրությունը ավարտին հասցնելու համար 2018 թվականի փետրվարի 15-ին Հարություն Հայկազի Հարությունյանը և Գագիկ Վարդանի Սողոմոնյանը «Արդշինբանկ» ՓԲ ընկերության «Էրեբունի» մասնաճյուղից ստացել են Հարություն Հարությունյանի անվամբ հաստատված վարկը ստանալու բանկային քարտը, որով նույն օրը նույն բանկի մոտ տեղակայված «Արդշինբանկ» ՓԲ ընկերության բանկոմատից Գագիկ Սողոմոնյանի միջոցով կանխիկացրել են 3.780.000 ՀՀ դրամը և հափշտակել այն»1։
7.1. Հարություն Հարությունյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «[Նա] Գագիկ Վարդանի Սողոմոնյանի և ոմն Վարդանի հետ միասին, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, խարդախությամբ` խաբեության եղանակով, ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու ուղղակի դիտավորությամբ «Արդշինբանկ» ՓԲ ընկերությունից հափշտակել են 3.780.000 ՀՀ դրամ գումար.
Այսպես. Հարություն Հայկազի Հարությունյանը (...) 2018 թվականի փետրվարի 12-ին Գագիկ Սողոմոնյանի ներկայությամբ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 24-րդ հասցեում գործող «Արդշինբանկ» ՓԲ ընկերության «Էրեբունի» մասնաճյուղ է ներկայացրել իր կողմից ՀՀ ՊՆ 63853 [զորամաս]ում ծառայելու և 270.400 ՀՀ դրամ ամսեկան աշխատավարձ ստանալու վերաբերյալ իրավունք վերապահող, ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող տեղեկանք, որի հիման վրա «Արդշինբանկ» ՓԲ ընկերության կողմից իր անվամբ տրամադրվել է 3.780.000 ՀՀ դրամ վարկ: Այնուհետև իրենց հանցավոր մտադրությունը ավարտին հասցնելու համար 2018 թվականի փետրվարի 15-ին Գագիկ Վարդանի Սողոմոնյանի հետ միասին «Արդշինբանկ» ՓԲ ընկերության «Էրեբունի» մասնաճյուղից ստացել են իր անվամբ հաստատված վարկը ստանալու բանկային քարտը, որով նույն օրը նույն բանկի մոտ տեղակայված «Արդշինբանկ» ՓԲ ընկերության բանկոմատից Գագիկ Սողոմոնյանի միջոցով կանխիկացրել են 3.780.000 ՀՀ դրամը և հափշտակել այն»2:
8. Քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումն Առաջին ատյանի դատարանը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) 2021 թվականի մայիսի 5-ի ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը սահմանում է արարքի հանցավորությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող քրեական օրենսդրությանն օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի բացակայության, իսկ 3-րդ մասում՝ առկայության պայմաններում, հետադարձ ուժ տալու կանոնները: Այդ կանոնների վերլուծությունից հետևում է, որ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ՝ անկախ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի առկայությունից կամ բացակայությունից: Ընդ որում` պատժի մեղմացումը կարող է դրսևորվել ինչպես քրեական օրենսգրքի Ընդհանուր, այնպես էլ Հատուկ մասի դրույթների փոփոխություններով:
Վերոգրյալի համատեքստում գնահատման ենթարկելով սույն գործի փաստական հանգամանքները՝ Դատարանը փաստում է, որ ի տարբերություն 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի, որով ամբաստանյալներ Հարություն Հայկազի Հարությունյանին և Գագիկ Վարդանի Սողոմոնյանին մեղսագրվող՝ 3.780.000 ՀՀ դրամի խարդախությունը համարվում էր առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, 2021 թվականի մայիսի 5-ի ՀՀ քրեական օրենսգրքով որպես հափշտակության առանձնապես խոշոր չափ սահմանված է 5.000.000 ՀՀ դրամը գերազանցող գումարը։ Այսինքն՝ ի տարբերություն սույն գործով ամբաստանյալների արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի՝ վերջիններիս մեղսագրվող արարքը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ի ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով սահմանված՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կատարված հանցագործության հատկանիշներին, որը միջին ծանրության հանցագործություն է, հետևաբար դրա համապատասխանեցման և վերաորակման դեպքում ամբաստանյալներ Հարություն Հայկազի Հարությունյանի և Գագիկ Վարդանի Սողոմոնյանի համար առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվում՝ հաշվի առնելով հանցակազմերի համար նախատեսված պատիժների տարբերությունը։
Վերը նշված վերլուծության և եզրահանգումների համատեքստում քննարկելով ամբաստանյալներ Հարություն Հայկազի Հարությունյանին և Գագիկ Վարդանի Սողոմոնյանին մեղսագրվող 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի վաղեմության ժամկետների հարցը՝ Դատարանը գտնում է, որ պատիժը մեղմացնող օրենսդրության կիրառման կանոնի ուժով վերջիններիս մեղսագրվող նշված արարքը պետք է վերաորակել 2021 թվականի մայիսի 5-ի ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Միաժամանակ նկատի ունենալով, որ ի տարբերություն 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի, որով նշված արարքը համարվել է ծանր հանցանք, 2021 թվականի մայիսի 5-ի ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված նշված արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին՝ դրա նկատմամբ կիրառելի է արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի իրավակարգավորումները։
Ինչ վերաբերում է մեղադրողի այն փաստարկին, որ հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող նոր օրենսգրքի կարգավորումներն ամբաստանյալներ Հարություն Հայկազի Հարությունյանի և Գագիկ Վարդանի Սողոմոնյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն են, որին կարող էր տրվել հետադարձ ուժ, եթե դա նախատեսված լիներ օրենքով, ապա Դատարանը, հաշվի առնելով այն, որ հափշտակության չափերի փոփոխության արդյունքում փոփոխվում է նաև համապատասխան հոդվածի մասը, և ըստ այդմ՝ մեղմանում են նաև արարքի համար նշանակվող պատժատեսակներն ու պատժաչափերը, գտնում է, որ հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող նոր օրենսգրքի կարգավորումները ոչ թե անձի վիճակն այլ կերպ բարելավող, այլ պատիժը մեղմացնող օրենսդրություն են, որին հետադարձ ուժ տալու համար, օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտի բացակայության պայմաններում, օրենսդիրը սահմանափակումներ և հատուկ պայմաններ չի նախատեսել։ Հետևաբար՝ մեղադրողի պնդումներն այս մասով անհիմն են և չեն բխում վերաբերելի կարգավորումներից։
(...)
Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ հարցին՝ Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներ Հարություն Հայկազի Հարությունյանին և Գագիկ Վարդանի Սողոմոնյանին մեղսագրվող՝ 2021 թվականի մայիսի 5-ի ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի ենթադրաբար կատարումն ավարտված է եղել 2018 թվականի փետրվարի 15-ին: Միաժամանակ հարկ է փաստել, որ ամբաստանյալներ Հարություն Հայկազի Հարությունյանի և Գագիկ Վարդանի Սողոմոնյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքներից, ինչպես նաև «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների ուսումնասիրությունից հետևում է, որ վերը նշված ժամանակահատվածից մինչ օրս առկա չէ վերջինների վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ: Այլ կերպ՝ վերոգրյալից պարզ է դառնում, որ նշված ժամանակահատվածից սկսած, ըստ դատվածության մասին տեղեկանքների, ինչպես նաև դատական տեղեկատվական համակարգի՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված վաղեմության ժամկետները չեն ընդհատվել։ Դատարանն արձանագրում է նաև, որ սույն գործի նախաքննության ընթացքում՝ 2020 թվականի հունվարի 24-ի որոշմամբ Հարություն Հայկազի Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և վերջինն ինքնակամ ներկայացել է 2020 թվականի մարտի 17-ին, այսինքն՝ 2020 թվականի հունվարի 24-ից մինչև 2020 թվականի մարտի 17-ը ընկած ժամանակահատվածում վաղեմության ժամկետները կասեցվել են։ Սակայն, այնուամենայնիվ, հարկ է նկատել, որ ամբաստանյալ Հ․Հարությունյանի հետախուզման մեջ գտնվելու, այն է՝ վաղեմության ժամկետի ընթացքի կասեցման ժամանակահատվածը հաշվարկելու դեպքում ևս սույն որոշման կայացման պահի՝ 2023 թվականի ապրիլի 21-ի դրությամբ Հարություն Հայկազի Հարությունյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են։
Հարկ է նշել նաև, որ ամբաստանյալներ Հարություն Հայկազի Հարությունյանը և Գագիկ Վարդանի Սողոմոնյանը չեն առարկել իրենց նկատմամբ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով հետապնդումը դադարեցնելու դեմ:
Վերոգրյալի հաշվառմամբ` Դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Հարություն Հայկազի Հարությունյանի և Գագիկ Վարդանի Սողոմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, քանի որ այդ մասով անցել են օրենսդրությամբ սահմանված վաղեմության ժամկետները:
Ամբողջականացնելով ասվածը՝ Դատարանը գտնում է, որ հարկ է Գագիկ Վարդանի Սողոմոնյանին 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքը վերաորակել 2021 թվականի մայիսի 5-ի ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, Հարություն Հայկազի Հարությունյանին 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքը վերաորակել 2021 թվականի մայիսի 5-ի ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, իսկ թիվ ԵԴ/0260/01/21 քրեական գործի վարույթը կարճել: (...)»3։
9. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ եթե ՀՀ նախկին քրեական օրենսգրքով որպես հափշտակության առանձնապես խոշոր չափ սահմանված է 3.000.000 ՀՀ դրամը գերազանցող գումարը, ապա ՀՀ գործող քրեական օրենսգրքով որպես հափշտակության առանձնապես խոշոր չափ սահմանված է 5.000.000 ՀՀ դրամը գերազանցող գումարը։
(...)
(...) [Դ]իտարկելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով նախատեսված՝ հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող նորմը հետադարձ ուժով կիրառելիության հարցը՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ այն ըստ էության նախատեսում է հափշտակության գործերով նշանակվող պատժատեսակների ու պատժաչափերի մեղմացում, ուստի վերոնշյալ նորմը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հետադարձ ուժ ունի։
Հետևաբար, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարած Հարություն Հարությունյանի և Գագիկ Սողոմոնյանի նկատմամբ կիրառելի է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով նախատեսված նորմը, և հակառակի վերաբերյալ բողոքաբերի հիմնավորումներն իրավաչափ չեն, քանի որ չեն բխում վերաբերելի կարգավորումներից։
(...) Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման, որ ի տարբերություն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի, որով նշված արարքը համարվել է ծանր հանցանք, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված նշված արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին՝ դրա նկատմամբ կիրառելի են արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգավորումները։
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Մեղադրողի պնդումն այն մասին, որ ամբաստանյալների քրեական պատասխանատվության ենթարկելու համար վաղեմության ժամկետների նկատմամբ կիրառելի է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված կարգավորումները (անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե անցել է տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից), ևս անհիմն է։
(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներ Գագիկ Սողոմոնյանին և Հարություն Հարությունյանին՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրված արարքը 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով վերաորակելիս, ինչպես նաև վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս և քրեական գործով վարույթը կարճելիս՝ Առաջին ատյանի դատարանն արել է իրավաչափ հետևություններ, որոնք ընդունելի են նաև Վերաքննիչ դատարանի համար, ուստի նման պայմաններում վերաքննիչ բողոքի փաստարկները բավարար չեն վիճարկվող դատական ակտը բեկանելու համար։
(...) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Դատախազի վերաքննիչ բողոքը բավարարելու, վիճարկվող դատական ակտը բեկանելու և վարույթն Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության փոխանցելու հիմքեր առկա չեն, նկատի ունենալով, որ Առաջին ատյանի դատարանը որոշում կայացնելիս` թույլ չի տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ: (...)»4։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք ստորադաս դատարանների հետևությունը՝ Գ.Սողոմոնյանին և Հ.Հարությունյանին վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ:
11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։
ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։
(...)
4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։
(...)
6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «(…) Սույն գլխում և սույն օրենսգրքի 216-րդ հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):
Սույն գլխում և սույն օրենսգրքի 216-րդ հոդվածում առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն՝ «հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը` (…) խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը՝
(…)
2. Խարդախությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
(…)
2) խոշոր չափերով,
(…)
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Խարդախությունը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
(…)
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակությունը՝
(…)
2. Խարդախությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
(…)
3) խոշոր չափերով՝
պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Խարդախությունը, որը կատարվել է՝
(…)
3) առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:
4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը (…)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը:
4. Ծանր հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը (…)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(…)
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(…)
2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.
3) 15 տարի՝ ծանր հանցանքի դեպքում. (…)»:
12. Վճռաբեկ դատարանը Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով նախադեպային դիրքորոշում է ձևավորել նոր քրեական օրենսդրությամբ հանցանքի դասակարգման խմբի փոփոխության դեպքում վաղեմության ժամկետների վերաբերյալ, որում անդրադարձել է նաև այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված վաղեմության ժամկետը չի փոփոխվում: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս դեպքում օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք։ Միևնույն ժամանակ, արդեն միջին ծանրության հանցանք համարվող այդ նույն արարքի վաղեմության ժամկետը նոր օրենքով չի փոփոխվել և ՀՀ նախկին քրեական օրենսգրքով ծանր հանցանքի համար նախատեսված վաղեմության ժամկետի պես, տասը տարի է։ Հետևաբար, այս դեպքում ևս կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։
Քրեական օրենքի հետադարձության կանոնների համաձայն՝ տվյալ իրավիճակում նախկին օրենքով ծանր հանցագործության համար նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը համեմատելով նոր օրենքով միջին ծանրության հանցանքի համար սահմանված վաղեմության ժամկետի հետ, կարող ենք արձանագրել, որ թեև հանցանքի տեսակը մեղմացել է, սակայն վաղեմության ժամկետները մնացել են անփոփոխ։ Հետևաբար, շարունակում է գործել տվյալ արարքի համար վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու տասնամյա ժամկետը։
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ տվյալ դեպքում անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ5:
13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Գագիկ Սողոմոնյանին և Հարություն Հարությունյանին վերագրվել է առանձնապես խոշոր չափի գումարի խարդախությամբ հափշտակություն, որը որակվել է այն կատարելու պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով6,
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ի տարբերություն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի, որով ամբաստանյալներ Հ.Հարությունյանին և Գ.Սողոմոնյանին մեղսագրվող՝ 3.780.000 ՀՀ դրամի խարդախությունը համարվում էր առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով որպես հափշտակության առանձնապես խոշոր չափ սահմանված է 5.000.000 ՀՀ դրամը գերազանցող գումարը։ Ուստի՝ սույն գործով ամբաստանյալներին մեղսագրվող արարքը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով սահմանված՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կատարված խարդախության հատկանիշներին, որը միջին ծանրության հանցագործություն է, հետևաբար վերաորակման դեպքում Հ.Հարությունյանի և Գ.Սողոմոնյանի համար առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվում՝ հաշվի առնելով հանցակազմերի համար նախատեսված պատիժների տարբերությունը։ Քննարկելով վերջիններիս մեղսագրվող արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների հարցը՝ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ կիրառելի են արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի իրավակարգավորումները։ Վերոգրյալի հաշվառմամբ` Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Հ.Հարությունյանի և Գ.Սողոմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, քանի որ անցել են օրենսդրությամբ սահմանված վաղեմության ժամկետները7,
- Վերաքննիչ դատարանը, դիտարկելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով նախատեսված՝ հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող նորմը հետադարձ ուժով կիրառելու հարցը՝ գտել է, որ այն ըստ էության նախատեսում է հափշտակության գործերով նշանակվող պատժատեսակների ու պատժաչափերի մեղմացում, ուստի վերոնշյալ նորմը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հետադարձ ուժ ունի։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարած Հ.Հարությունյանի և Գ.Սողոմոնյանի նկատմամբ կիրառելի է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով նախատեսված նորմը։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն է գտել, որ սույն դեպքում կիրառելի են արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգավորումները8։
13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ.Սողոմոնյանին և Հ.Հարությունյանին վերագրվող՝ խաբեության եղանակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ 3.780.000 ՀՀ դրամի հափշտակությունը ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելը կանոնակարգող նորմերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական այդ փոփոխությունը Գ.Սողոմոնյանի և Հ.Հարությունյանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետևանքներ չի առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը. վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է տասը տարի։
Մինչդեռ, ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքը կատարելուց շուրջ հինգ տարի անց Գ.Սողոմոնյանը և Հ.Հարությունյանն ազատվել են քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ և՛ վերագրվող ենթադրյալ արարքի կատարման ժամանակ, և՛ գործող քրեական օրենքի համաձայն, նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է:
14. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունը՝ Գ.Սողոմոնյանին և Հ.Հարությունյանին վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ, իրավաչափ չէ:
15. Ինչ վերաբերում է բողոքաբերի` սույն որոշման 5.1-ին կետում հիշատակված դատողությանը, ապա Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր չի համարում, հիմք ընդունելով Միշա Մուրադյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները9։ Բացի այդ, բողոքաբերի այդ փաստարկը սույն գործով ընդունելի չէ նաև այն պատճառաբանությամբ, որ նոր ընդունված քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների առումով Գ.Սողոմոնյանի և Հ.Հարությունյանի համար առավել բարենպաստ պայմաններ չեն նախատեսվել։
16. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու հիմք է։ Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գագիկ Սողոմոնյանի պաշտպան Ա.Մկրտչյանի միջնորդությունը պետք է մերժել։
Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ.Սողոմոնյանի և Հ.Հարությունյանի վերաբերյալ վարույթը պետք է փոխանցել Առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննությունը շարունակելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Գագիկ Վարդանի Սողոմոնյանի և Հարություն Հայկազի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 21-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի որոշումը բեկանել, Գագիկ Սողոմոնյանի պաշտպան Ա.Մկրտչյանի միջնորդությունը մերժել, և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
___________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 262-265։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 232-235։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 6, թերթեր 137-145։
4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 7, թերթեր 109-130։
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը:
6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Միշա Մուրադյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշման 16-20-րդ կետերը։
Նախագահող` Դատավորներ` Հ. ԱՍԱՏՐՅԱՆ Ա. Պողոսյան
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լ. Թադևոսյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական:
