ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2018 թվականի N 1174-Ն
ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հոկտեմբերի 25 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի N 1174-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) պահանջների համաձայն պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները:
2. Օրենքի համաձայն պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներն են`
1) վարժական հավաքները.
2) զինվորական վարժանքները (հրամանատարաշտաբային կամ շտաբային, զինվորական մարզումները) կամ զորավարժությունները (զորախաղերը).
3) պատերազմական ժամանակի հաստիքների կցագրված քաղաքացիներին պայմանագրային հիմունքներով հաստիքով նախատեսված պարտականությունների կատարման մեջ ներգրավվումը:
3. Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին օրենքով և սույն կարգով սահմանված ծանուցման միջոցով ներգրավվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորում հաշվառված քաղաքացիները, ինչպես նաև այդ միջոցառումներին կամավոր կարող են մասնակցել օրենքով սահմանված պահեստազորում գտնվելու սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ զինվորական հաշվառումից հանված անձինք` պայմանագրային հիմունքներով:
II. ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԸ
4. Վարժական հավաքները պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ներգրավվումն է կարճաժամկետ զինվորական ծառայության` նրանց ռազմական ունակությունները կատարելագործելու և վերապատրաստելու նպատակով:
5. Վարժական հավաքները հայտարարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` յուրաքանչյուր տարվա զորահավաքային նախապատրաստության պլանների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած միջոցառումների ցանկի, ժամկետների և ներգրավվող թվաքանակի ու մասնագիտությունների համաձայն:
6. Վարժական հավաքների նպատակներն են`
1) խաղաղ ժամանակ զորամասերի մարտական և զորահավաքային պատրաստականության բարձրացումը.
2) պահեստազորայինների ռազմական ունակությունները կատարելագործման և վերապատրաստման միջոցով համապատասխան թվաքանակով ռազմաուսուցված ռեսուրսների կուտակումը պահեստազորում.
3) պատերազմական ժամանակ անհրաժեշտ ռազմաուսուցված ռեսուրսներով զինված ուժերի լրահամալրումը.
4) ռազմաուսուցված պահեստազորայիններին ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավվումը:
(6-րդ կետը փոփ. 13.07.23 N 1154-Ն)
7. Վարժական հավաքների ժամկետը որոշվում է ըստ անցկացման նպատակի և կարող է տևել մինչև երեք ամիս՝ օրենքով սահմանված պահեստազորի առաջին խմբի համապատասխան կարգում հաշվառված պահեստազորայինների ներգրավվման առավելագույն ժամկետների հաշվառմամբ: Անհրաժեշտության դեպքում պահեստազորայինին վարժական հավաքի մեջ ներգրավվելու ժամկետը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է երկարաձգվել՝ մինչև երկու ամիս ժամկետով, ինչպես նաև ավելացվել վարժական հավաքների քանակը` չգերազանցելով վարժական հավաքներում գտնվելու` օրենքով սահմանված ընդհանուր ժամկետները:
8. Վարժական հավաքների կազմակերպման պլանավորումն իրականացվում է զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից: Վարժական հավաքներ պլանավորելիս հիմք են ընդունվում՝
1) զորամասերի և ստորաբաժանումների մարտունակությունը որոշող մասնագետների ընդհանուր հաշվառման առկայությունը, այդ թվում՝ նաև զորքերի լրահամալրման շրջաններում նրանց թվաքանակը.
2) զորամասերի և ստորաբաժանումների մարտունակությունը որոշող մասնագետների հաստիքապաշտոնային պահանջարկը:
9. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի իրավասու ծառայությունները և Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը զինված ուժերի գլխավոր շտաբի պետին են ներկայացնում հաջորդ տարվա համար վարժական հավաքներ կազմակերպելու վերաբերյալ իրենց առաջարկությունները և հայտերը:
10. Համաձայն վարժական հավաքների անցկացման տարեկան պլանի՝ Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը, համապատասխան վարժական հավաքի անցկացման օրվանից առնվազն երկու ամիս առաջ, տարածքային զինվորական կոմիսարիատներ է ուղարկում կարգագրեր, որոնց հիման վրա պահեստազորայինները կանչվում են վարժական հավաքների: Վարժական հավաքների կանչվում են զորամասերին կցագրված (նախորոշված) պահեստազորայինները, իսկ չկցագրված պահեստազորայիններից՝ համապատասխան զինվորական հաշվառական մասնագիտություններ (այսուհետ՝ ԶՀՄ) ունեցողները:
(10-րդ կետը փոփ. 08.05.24 N 683-Ն)
11. Վարժական հավաքների անցկացման գործընթացում զինվորական կոմիսարիատները`
1) համագործակցելով համապատասխան զորամասերի հրամանատարների հետ, իրականացնում են վարժական հավաքներին ներգրավվող պահեստազորայինների ընտրություն.
2) օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եղանակով և 6-րդ մասով սահմանված կարգով պահեստազորայինին ծանուցում է վարժական հավաքի անցկացման վայր ուղարկելու նպատակով զինվորական կոմիսարիատ ներկայանալու մասին՝ համաձայն N 1 ձևի.
3) սահմանված կարգով կազմակերպում են վարժական հավաքներին ներգրավվող պահեստազորայինների առողջական վիճակի հետազոտման գործընթացը.
4) ապահովում են վարժական հավաքներին ընդգրկված պահեստազորայիններին վարժական հավաքի անցկացման զորամաս տեղափոխելու և հետ վերադարձի գործընթացը:
(11-րդ կետը խմբ. 22.08.24 N 1308-Ն)
12. Վարժական հավաքների կանչվում են պահեստազորի առաջին խմբում հաշվառված այն պահեստազորայինները, որոնք ունեն համապատասխան զինվորական կամ քաղաքացիական մասնագիտություն կամ դրանց հարակից մասնագիտություններ և պիտանի են զինվորական ծառայության համար: Վարժական հավաքների ընթացքում սպաներ պատրաստելու համար ընտրվում են պահեստազորի բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից:
12.1. Հայտարարված վարժական հավաքին չի կարող կանչվել այն քաղաքացին, որը պատիժ է կրում ազատազրկման կամ կարճաժամկետ ազատազրկման ձևով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, բացառությամբ քաղաքացու նկատմամբ վարժական հավաքներից խուսափելու պատճառով հարուցված քրեական հետապնդման, եթե քաղաքացին գրավոր ցանկություն է հայտնել ներգրավվելու հայտարարված վարժական հավաքին:
(12.1-ին կետը լրաց. 13.07.23 N 1154-Ն)
13. Վարժական հավաքի կազմակերպման նախապատրաստական գործընթացի շրջանակներում զինվորական կոմիսարիատները վարժական հավաքի հայտարարման օրվան նախորդող եռամսյա ժամկետում իրականացնում են զինվորական կոմիսարիատ ներկայանալու վերաբերյալ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եղանակով և 6-րդ մասով սահմանված կարգով պահեստազորայինների ծանուցումը՝ համաձայն N 1.1 ձևի՝ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված վարժական հավաքին կանչվելու ոչ ենթակա հանգամանքներն ու պայմանները (այսուհետ՝ զինվորական հաշվառման տվյալներ) և առողջական վիճակը հստակեցնելու միջոցով վարժական հավաքին պահեստազորայինի մասնակցությունն ապահովելու նպատակով: Պահեստազորայինները կարող են վարժական հավաքի կանչվել զինվորական ծառայությունից արձակվելուց հետո` մեկ տարվանից ոչ շուտ:
(13-րդ կետը լրաց. 08.05.24 N 683-Ն, խմբ. 22.08.24 N 1308-Ն)
14. Ծանուցման հիման վրա (N 1.1 ձև) զինվորական կոմիսարիատ ներկայացած պահեստազորայինն անցնում է բուժհետազոտում, որի արդյունքներով վարժական հավաքի կանչվելու ենթակա ճանաչվելու, ինչպես նաև օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում կամ «Պաշտպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված պայմաններ չունենալու դեպքերում N 1 ձևի համաձայն տրված ծանուցման հիման վրա ուղարկվում է վարժական հավաքի անցկացման զորամաս` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերով և միջոցներով: Վարժական հավաքների ընթացքում այն պահեստազորայինների վերաբերյալ, որոնք փաստացի առնչվելու են պետական գաղտնիք հանդիսացող նյութերին կամ արտադրանքին, օրենքով սահմանված կարգով ձևակերպվում են համապատասխան ձևի թույլտվություններ:
(14-րդ կետը փոփ. 13.07.23 N 1154-Ն, լրաց., փոփ. 08.05.24 N 683-Ն)
15. Վարժական հավաքներ անցկացնող զորամասերի հրամանատարները՝
1) նշանակում են հավաքների պետեր և առանձնացնում են մարտական պատրաստության կազմակերպման ու անցկացման գործում փորձ և գիտելիքներ ունեցող պատրաստված սպաների ու ենթասպաների` այդ ժամանակահատվածում նրանց ազատելով իրենց հիմնական ծառայողական պարտականությունների կատարումից.
2) հավաքներն սկսելուց առնվազն մեկ ամիս առաջ, հավաքի անցկացման ծրագրի և նյութատեխնիկական ապահովման պլանների ցուցանիշների համաձայն, հայտերը ներկայացնում են համապատասխան ծառայություններ.
3) հավաքներն սկսելուց մեկ շաբաթ առաջ ուսումնական ծրագրին և ժամահաշվարկին համապատասխան կազմում և հաստատում են պարապմունքների դասացուցակը.
4) հավաքներն սկսելուց երեք օր առաջ անցկացնում են հրահանգչամեթոդական պարապմունքներ այն սպաների ու ենթասպաների համար, որոնք նշանակված են ուսուցանելու պահեստազորայիններին.
5) հատկացնում են անհրաժեշտ թվաքանակով սպառազինություն, տեխնիկա, ուսումնական և ցուցադրական պարագաներ՝ համաձայն վարժական հավաքների անցկացման տարեկան պլանի.
6) պահեստազորայիններին տեղավորելու համար նախապատրաստում են կացարաններ և ստանալ անհրաժեշտ թվաքանակով հանդերձանք.
7) մարտական հերթապահության ընդգրկվող պահեստազորայինների հետ հերթապահության մեկնելուց յոթ օր առաջ անցկացնում են մարտական հերթապահության նախապատրաստման պարապմունքներ:
16. Վարժական հավաքների ղեկավարները պատասխանատու են հավաքներին ընդգրկված պահեստազորայինների մարտական պատրաստության պարապմունքների պատշաճ կազմակերպման և անցկացման, պահեստազորայինների կողմից գաղտնի փաստաթղթերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի հետ վարվելու և պահպանելու համար:
17. Վարժական հավաքների ընթացքում պահեստազորայինների ուսումնական ժամանակի (ուսումնական պարապմունքների) տևողությունը սահմանվում է տվյալ զորամասի անձնակազմի համար սահմանված կարգով: Հավաքների կանչված պահեստազորայինները ծառայությունն իրականացնում են զորանոցային պայմաններում: Հավաքների անցկացման վայրից նրանց ազատ արձակումը սահմանված կարգով թույլատրում են հավաքների ղեկավարները:
(17-րդ կետը փոփ. 13.07.23 N 1154-Ն)
18. Վարժական հավաքի ընթացքում քաղաքացին համարվում է զինծառայող, գրանցվում է վարժական հավաքի անցկացման վայրի զորամասի անձնակազմի ցուցակներում և վերցվում բոլոր տեսակի բավարարումների, նրան հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափ, ամրակցվում է զենք, ռազմամթերք և անհատական պաշտպանության միջոցներ, նրա վրա տարածվում են պայմանագրային զինծառայողների համար օրենքներով սահմանված իրավունքները և պարտականությունները, սոցիալական երաշխիքները, վարժական հավաքի ժամանակահատվածն օրացուցային հաշվարկով ներառվում է քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:
(18-րդ կետը լրաց., փոփ. 13.07.23 N 1154-Ն)
19. Վարժական հավաքների ընթացքում պահեստազորայինները չեն կարող ներգրավվել վարժական հավաքի ուսումնական ծրագրով սահմանված իրենց պարտականությունների հետ չառնչվող աշխատանքների:
20. Վարժական հավաքին մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում է քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը), իսկ վարձատրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածով սահմանված կարգով: Ընդ որում՝ խաղաղ ժամանակ հայտարարված վարժական հավաքներին կարող են կանչվել մինչև 15-ը ներառյալ աշխատող ունեցող միևնույն գործատուից (մարմնից, կազմակերպությունից)՝ առավելագույնը մեկ աշխատող, 16-ից մինչև 30-ը ներառյալ աշխատող ունեցող միևնույն գործատուից (մարմնից, կազմակերպությունից)՝ առավելագույնը երկու աշխատող, իսկ 30-ից ավելի աշխատող ունեցող միևնույն գործատուից (մարմնից, կազմակերպությունից)՝ աշխատողների ընդհանուր թվի ոչ ավելի, քան 5 տոկոսի չափով աշխատողներ:
(20-րդ կետը լրաց. 13.07.23 N 1154-Ն)
21. Վարժական հավաքի ընթացքում պահեստազորայինի մասնակցությունը վարժական հավաքին վաղաժամկետ դադարեցվում է պահեստազորայինի նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցվելու կամ պահեստազորայինի առողջական վիճակի պատճառով, որոնց դեպքում զորամասերի հրամանատարներն այդ մասին տեղեկացնում են համապատասխան զինվորական կոմիսարիատին` նշելով վարժական հավաքին պահեստազորայինի մասնակցությունը վաղաժամկետ դադարեցնելու հիմքը:
22. Վարժական հավաքների ավարտից հետո անցկացվում է անցած ծրագրային նյութի յուրացման գնահատում, որն իրականացվում է զինված ուժերում գործող մարտական պատրաստության ուսումնական փուլերի գնահատման ձևաչափով: Գնահատման արդյունքներով պահեստազորայիններին կարող են շնորհվել նոր զինվորական հաշվառման մասնագիտություններ: Բարձր առաջադիմություն ցուցաբերած պահեստազորայինները կարող են ներկայացվել հերթական զինվորական կոչման շնորհման: Համաձայն զորամասերից ստացված տվյալների՝ զինվորական կոմիսարիատները գնահատման ցուցանիշները գրանցում են պահեստազորայինների հաշվառման փաստաթղթերում:
23. Վարժական հավաքների ավարտից հետո զորամասերի հրամանատարները՝
1) կազմում են վարժական հավաքներն ավարտած պահեստազորայինների անվանացուցակները` նշելով հավաքների տևողությունը, զինվորական հաշվառման մասնագիտություններն ու պաշտոնները, որոնցով նպատակահարմար է հետագայում հաշվառել պահեստազորայիններին: Զինվորական գրքույկներում կատարվում են հավաքներ անցնելու վերաբերյալ նշումներ, որոնք զորամասի հրամանատարը (շտաբի պետը) ստորագրում և կնքում է զորամասի կնիքով: Մարտական հերթապահության ներգրավվման դեպքում զինվորական գրքույկներում կատարվում են համապատասխան նշումներ.
2) պահեստազորի սպաների, ինչպես նաև սպաների պատրաստություն անցած ենթասպաների համար կազմում են բնութագրեր և եզրակացություն պահեստազորայինին հերթական կամ առաջին զինվորական կոչման շնորհման նպատակահարմարության մասին: Պահեստազորի սպաների և ենթասպաների անձնական գործերի համապատասխան բաժիններում կատարվում են նրանց կողմից վարժական հավաքներ անցնելու վերաբերյալ նշումներ, որոնք զորամասի հրամանատարն ստորագրում և կնքում է զորամասի կնիքով.
3) վարժական հավաքների ավարտման օրը պահեստազորայիններին տրամադրում են կարգագրեր (N 2 ձև)` 7-օրյա ժամկետում համապատասխան զինվորական կոմիսարիատներում հաշվառման կանգնելու համար:
24. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի իրավասու ծառայությունները և Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը տվյալ տարվա ընթացքում անցկացված վարժական հավաքների արդյունքների վերաբերյալ մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 10-ը զեկուցում են զինված ուժերի գլխավոր շտաբի պետին:
III. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
25. Զինվորական վարժանքները (հրամանատարաշտաբային կամ շտաբային, զինվորական մարզումներ) և զորավարժությունները (զորախաղերը) հանդիսանում են պահեստազորի առաջին և երկրորդ խմբերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ներգրավմամբ զինված ուժերի զորահավաքային պատրաստականության վիճակի ստուգման միջոցառումներ:
26. Զինվորական վարժանքները (հրամանատարաշտաբային կամ շտաբային, զինվորական մարզումներ) և զորավարժությունները (զորախաղերը) հայտարարվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով` յուրաքանչյուր տարվա զինված ուժերի զորահավաքային պատրաստականության պլանների հիման վրա:
27. Զինվորական վարժանքների և զորավարժությունների անցկացման նպատակն է`
1) զորամասերի զորահավաքային պատրաստականության մակարդակի որոշումը.
2) մարդկային և տրանսպորտային ռեսուրսների զորահավաքի պլանավորված միջոցառումների կատարման ժամկետների իրատեսության ստուգումը.
3) լրահամալրմամբ (զորահամալրմամբ) զորամասերը խաղաղից պատերազմական ժամանակի անցման և մարտական ներդաշնակման անցկացման ստուգումը.
4) պահեստազորայինների ռազմական ունակությունների և հմտությունների կատարելագործումն ըստ այն պաշտոնների, որոնց նրանք նախորոշված (կցագրված) են ըստ պատերազմական ժամանակի հաստիքների:
28. Պահեստազորի առաջին կամ երկրորդ խմբերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները կարող են կանչվել զինվորական վարժանքների և զորավարժությունների` ոչ ավելի, քան տարեկան երկու անգամ:
29. Պահեստազորի առաջին կամ երկրորդ խմբերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները զինվորական վարժանքների (հրամանատարաշտաբային կամ շտաբային, զինվորական մարզումներ) կարող են կանչվել մինչև 10 օրացուցային օր ժամկետով, իսկ զորավարժությունների (զորախաղերի)` դրանց տևողության ամբողջ ժամկետով:
30. Զինվորական կոմիսարիատներն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եղանակով և 6-րդ մասով սահմանված կարգով պահեստազորայիններին ծանուցում են զինվորական վարժանքների կամ զորավարժությունների անցկացման վայր մեկնելու նպատակով զինվորական կոմիսարիատ ներկայանալու մասին՝ համաձայն N 3 ձևի, և զինվորական կոմիսարիատ ներկայացած պահեստազորայիններն անցկացվող միջոցառման վայր ուղարկվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերով ու միջոցներով: Հայտարարվող զինվորական վարժանքների կամ զորավարժությունների կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում զինվորական կոմիսարիատը սույն կետով սահմանված կարգով պահեստազորայինին ծանուցում է զինվորական կոմիսարիատ ներկայանալու մասին՝ համաձայն N 3.1 ձևի՝ զինվորական հաշվառման տվյալներն ստուգելու և բուժհետազոտում անցկացնելու միջոցով զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին պահեստազորայինի մասնակցությունն ապահովելու նպատակով: Պահեստազորայինի փաստաթղթային եղանակով ծանուցումն իրականացվում է պահեստազորայինին ծանուցագիրն առձեռն հանձնելու, իսկ էլեկտրոնային եղանակով ծանուցումը՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով: Հայտարարվող զինվորական վարժանքների կամ զորավարժությունների կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում զինվորական կոմիսարիատը զինվորական հաշվառման տվյալներն ստուգելու և բուժհետազոտում անցկացնելու նպատակով պահեստազորայինին սույն կետով սահմանված կարգով ծանուցում է զինվորական կոմիսարիատ ներկայանալու համար (N 3.1 ձև), որի հիման վրա զինվորական կոմիսարիատ ներկայացած պահեստազորայինը սահմանված կարգով անցնում է բուժհետազոտում և դրա արդյունքներով անցկացվող միջոցառմանը ներգրավվելու ենթակա ճանաչվելու դեպքում N 3 ձևի համաձայն տրված ծանուցման հիման վրա ուղարկվում է միջոցառման անցկացման զորամաս` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերով և միջոցներով:
(30-րդ կետը խմբ. 08.05.24 N 683-Ն, 22.08.24 N 1308-Ն)
31. Անցկացվող միջոցառմանը մասնակցելու ընթացքում պահեստազորայիններն ապահովվում են անվճար սննդով և զինվորական համազգեստով` զինծառայողների համար սահմանված կարգով, և քնելատեղով, իսկ միջոցառման ավարտից հետո միանվագ ձևով վճարվում են համապատասխան կազմերի պայմանագրային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովությանը համարժեք չափով և կարգով:
32. Զինվորական վարժանքների կամ զորավարժությունների ավարտից հետո զորամասերի հրամանատարները պահեստազորայինների զինվորական գրքույկներում կատարում են համապատասխան միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ նշումներ, ստորագրում և կնքում են զորամասի կնիքով, ինչպես նաև պահեստազորայիններին տրվում են կարգագրեր՝ տարածքային զինվորական կոմիսարիատ ներկայանալու համար (N 2 ձև):
33. Զինվորական վարժանքների կամ զորավարժությունների մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում է քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը) և միջին աշխատավարձը:
IV. ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԿՑԱԳՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՍՏԻՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎՎՈՒՄԸ
34. Պատերազմական ժամանակի հաստիքների կցագրված քաղաքացիներին հաստիքով նախատեսված պարտականությունների կատարման մեջ ներգրավումն իրականացվում է պետական լիազոր մարմնի և քաղաքացու միջև երեք ամիս ժամկետով կնքվող պայմանագրի միջոցով, որը չի համարվում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր: Քաղաքացու կողմից հաստիքով նախատեսված պարտականությունների իրականացման կարգը և պայմանները սահմանվում են պայմանագրով:
35. Պատերազմական ժամանակի հաստիքների կցագրված քաղաքացիներին պայմանագրային հիմունքներով հաստիքով նախատեսված պարտականությունների կատարման մեջ (այսուհետ` ակտիվ պահեստազորային ծառայություն) ներգրավվումը համալիր միջոցառումներ են, որոնք իրականացվում են զինվորական կոմիսարիատների և զորամասերի կողմից: Այն ներառում է`
1) ակտիվ պահեստազորային ծառայություն անցնելու ցանկություն ունենալու հանգամանքի ճշտումը.
2) քաղաքացիների ծանուցումը և ակտիվ պահեստազորային ծառայության նրանց ներգրավվման կազմակերպումը.
3) անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը.
4) քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ և նախորոշված (կցագրված) զորամասեր:
36. Ակտիվ պահեստազորային ծառայության ներդրման նպատակն է՝
1) ԶՈւ համալրվածության անհրաժեշտ թվաքանակի պահպանումը.
2) ԶՈւ կառավարման մարմինների պատրաստականության բարձրացումը.
3) ԶՈւ կառավարման մարմիններում և ստորաբաժանումների մարտական հնարավորությունները որոշող պատերազմական ժամանակի պաշտոններին կցագրված պահեստազորայինների ունակությունների կատարելագործումը.
4) ԶՈւ առանձնահատուկ պահանջների ու խնդիրների բավարարման համար հատուկ մասնագետներին (բժիշկներ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի և կիբեռանվտանգության մասնագետներ և այլն) ԶՈւ ներգրավվումը:
37. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբում որոշվում են այն զորամասերը և ստորաբաժանումները, որտեղ նպատակահարմար է իրականացնել ակտիվ պահեստազորային ծառայություն, ինչպես նաև այն ԶՀՄ-ները, որոնք ունեցող պահեստազորայինները կարող են ներգրավվել ակտիվ պահեստազորային ծառայությանը: Նշված ցուցանիշների հիման վրա որոշվում է ակտիվ պահեստազորային ծառայության ներգրավվող անհրաժեշտ քաղաքացիների թվաքանակը, որը ներառվում է պլանային տարվա զինված ուժերի պատրաստության պլանում:
38. Համաձայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության պլանի՝ Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը զինվորական կոմիսարիատներ է ուղարկում համապատասխան ցուցումներ և կարգագրեր, որոնց հիման վրա իրականացնում են ակտիվ պահեստազորային ծառայության ներգրավվող քաղաքացիների ուսումնասիրում, թեկնածուների ընտրություն և հաշվառում` հետագայում նրանց ծառայության ներգրավվման նպատակահարմարությունը որոշելու համար:
39. Ակտիվ պահեստազորային ծառայության գործընթացում զինվորական կոմիսարիատները`
1) համագործակցելով համապատասխան զորամասերի հրամանատարների հետ, իրականացնում են ակտիվ պահեստազորային ծառայության ներգրավվող քաղաքացիների (թեկնածուների) ընտրություն և հաշվառում.
2) իրականացնում են ակտիվ պահեստազորային ծառայություն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիների սահմանված կարգով բժշկական հետազոտման կազմակերպումը:
40. Ակտիվ պահեստազորային ծառայություն անցնելու թեկնածուներ ընտրվում են պահեստազորի առաջին, իսկ սպայական կազմի դեպքում՝ նաև երկրորդ խմբում հաշվառված, անհրաժեշտ կամ հարակից ԶՀՄ ունեցող, զորամասերին կցագրված, ինչպես նաև չկցագրված պահեստազորայիններից, եթե նրանք ցանկություն են հայտնում կնքել ակտիվ պահեստազորային ծառայություն անցնելու պայմանագիր և առողջական վիճակի պատճառով պիտանի են իրականացնելու ծառայություն: Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության ձևակերպման ենթակա պաշտոնների անվանակարգությունում ընդգրկված պաշտոնի համար նախորոշված ակտիվ պահեստազորայինների վերաբերյալ օրենքով սահմանված կարգի համաձայն ձևակերպվում են անհրաժեշտ ձևի թույլտվություններ:
(40-րդ կետը փոփ. 08.05.24 N 683-Ն)
41. Ակտիվ պահեստազորային ծառայություն անցնելու ցանկություն հայտնած պահեստազորայինի հետ սույն կարգում սահմանված պայմանագիր կնքում է համապատասխան զորամասի հրամանատարը: Կնքված պայմանագրի հիման վրա պահեստազորայինը նախորոշվում է համապատասխան պաշտոնի` համաձայն նրա կրթության, ԶՀՄ-ի և զինվորական կոչման և հրամանագրվում զորամասի հրամանատարի հրամանով:
42. Ակտիվ պահեստազորային ծառայություն անցնելու ժամանակահատվածում պահեստազորայինն իր պարտականությունների կատարման մեջ ներգրավվում է`
1) ամսական 3 օր` մասնագիտական գիտելիքների պատշաճ մակարդակը, ռազմական ունակությունները կատարելագործելու, ամրակցված զենքն սպասարկելու նպատակով (պատրաստության պարապմունքներ).
2) նախորոշված զորամասը մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման դեպքում ըստ պատերազմական ժամանակի հաստիքների լրահամալրվելիս կամ զորահամալրվելիս` դրանց տևողության ամբողջ ժամկետով.
3) նախորոշված զորամասը կամ ստորաբաժանումը մարտական հերթապահության ընդգրկվելու ժամանակ նրա կազմում մարտական հերթապահության իրականացման նպատակով մինչև 30 օր ժամկետով:
43. Ակտիվ պահեստազորային ծառայության ներգրավված պահեստազորայինների մարտական պատրաստությունն իրականացվում է մասնագիտական պատրաստության ծրագրերի համաձայն: Զորամասերի հրամանատարները պատասխանատու են ներգրավված պահեստազորայինների մարտական պատրաստության պարապմունքների կազմակերպման և անցկացման մակարդակի ու նյութատեխնիկական ապահովման համար:
44. Զորամասերի հրամանատարները՝
1) ակտիվ պահեստազորային ծառայության ներգրավված պահեստազորայինների մարտական պատրաստության պարապմունքների կազմակերպման և անցկացման նպատակով նշանակում են մարտական պատրաստության կազմակերպման ու անցկացման գործում փորձ և գիտելիքներ ունեցող պատրաստված սպաների ու ենթասպաների` այդ ժամանակահատվածում նրանց ազատելով այլ պարտականություններ կատարումից.
2) հաստատված ծրագրի և նյութատեխնիկական ապահովման պլանների ցուցանիշների համաձայն հայտեր են ներկայացնում համապատասխան ծառայություններ.
3) պատրաստության պարապմունքներին հատկացնում են անհրաժեշտ թվաքանակով սպառազինություն, տեխնիկա, ուսումնական և ցուցադրական պարագաներ.
4) պահեստազորայիններին գրանցում են զորամասի անձնակազմի ցուցակներում, նրանց ամրակցում են զենք, ռազմամթերք և անհատական պաշտպանության միջոցներ, ապահովում են զինվորական հանդերձանքով.
5) ակտիվ պահեստազորային ծառայության ավարտից հետո պահեստազորայինների զինվորական գրքույկներում կատարում են ծառայություն անցնելու վերաբերյալ նշումներ, ստորագրում և կնքում են զորամասի կնիքով:
45. Պահեստազորայինն իր պարտականությունների կատարմանը նախորոշված զորամաս ներկայանում է պայմանագրով նախատեսված ժամկետում և ըստ անհրաժեշտության` նախորոշված զորամասի ծանուցագրով սահմանված ժամկետում:
46. Ակտիվ պահեստազորային ծառայություն անցնելու ժամանակահատվածում պահեստազորայինն իր պարտականությունների կատարմանը ներգրավվման ընթացքում զորամաս մեկնումը և զորամասից վերադարձն իրականացնում է իր միջոցների հաշվին:
47. Ակտիվ պահեստազորային ծառայություն անցնելու ժամանակահատվածում պահեստազորայինը պատրաստության պարապմունքներին ներգրավվման ընթացքում ապահովվում է անվճար սննդով, ըստ պատերազմական ժամանակի հաստիքների լրահամալրվելիս կամ զորահամալրվելիս իր պարտականությունների կատարմանը ներգրավվման ընթացքում նաև քնելատեղով:
48. Ակտիվ պահեստազորային ծառայություն անցնելու ժամանակահատվածում պահեստազորայինները չեն կարող ներգրավվել իրենց պարտականությունների հետ չառնչվող աշխատանքների:
49. Պահեստազորայիններն ակտիվ պահեստազորային ծառայություն անցնելու ժամանակահատվածում վարձատրվում են համապատասխան կազմերի պայմանագրային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովությանը համարժեք չափով՝ պայմանագրով նախատեսված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Ձև N 1
Քաղաքացի ______________________________________________________________________
Բնակության վայրը_______________________________________________________________
__________________________________________________________________________________
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Դուք կանչվում եք 20 թվականի _________ ____ -ից մինչև 20 թվականի _________ ____ -ը կազմակերպվող վարժական հավաքին:
Անհրաժեշտ է 20 թ. ______________-ի _______-ին ժամը ______-ին ներկայանալ
(ամիսը) | (օրը) |
_______________________ զինվորական կոմիսարիատ հետևյալ հասցեով՝_________________
_________________________________________________________________________________
վարժական հավաքի վայր մեկնելու համար:
_______________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ _______________________________
(զինկոմիսարիատ) | (ստորագրությունը, |
________________________________________________________________________________
կոչումը, անունը, ազգանունը) |
Կտրման գիծ
________________________________________________________________________________
ՍՏԱՑԱԿԱՆ
«____» _______________ 20 թվականին վարժական հավաքի վայր մեկնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու ծանուցագիրն ստացա:
__________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը) |
_________________________
|
(ստորագրությունը) |
«____» ______________ 20 թ.
Ծանուցագիրը քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկելու կամ հրապարակային ծանուցման կամ փոստային պատվիրված նամակով հանձնելու դեպքերում ստացականը չի լրացվում:
(ձևը խմբ. 22.08.24 N 1308-Ն)
Ձև N 1.1
Քաղաքացի
_____________________________________________________________________________
Բնակության վայրը _________________________________________________________________
_____________________________________________________________________________________
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Դուք կանչվում եք 20 թվականի
________ ____-ից մինչև 20 թվականի ________ ____-ը անցկացվող վարժական հավաքի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում զինվորական հաշվառման տվյալների ստուգման և բուժհետազոտման:
Անհրաժեշտ է 20 թ. _________-ի _____-ին ժամը _____-ին ներկայանալ
(ամիսը) (օրը)
___________________________ զինվորական կոմիսարիատ հետևյալ
հասցեով՝ _______________________________________________________՝
վարժական հավաքին ներգրավվելու նպատակով Ձեր զինվորական հաշվառման տվյալներն ստուգելու և բուժհետազոտում անցնելու համար:
___________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ ___________________
(զինկոմիսարիատ) |
(ստորագրությունը, |
_____________________________________________________________________________________
կոչումը, անունը, ազգանունը)
Կտրման գիծ
_____________________________________________________________________________________
ՍՏԱՑԱԿԱՆ
____ _____________ 20 թվականին զինվորական հաշվառման տվյալների ստուգման և բուժհետազոտման համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու ծանուցագիրն ստացա՝ ________________________________________ :
(անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)
____ _____________ 20 թ.
Ծանուցագիրը քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկելու կամ հրապարակային ծանուցման կամ փոստային պատվիրված նամակով հանձնելու դեպքերում ստացականը չի լրացվում:
(ձևը լրաց. 08.05.24 N 683-Ն, խմբ. 22.08.24 N 1308-Ն)
Ձև N 2
Քաղաքացի _____________________________________________________________________
ԿԱՐԳԱԳԻՐ
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 8-րդ մասի՝ Դուք պարտավոր եք 7-օրյա ժամկետում ներկայանալ ___________________ տարածքային զինվորական կոմիսարիատ՝ հաշվառման կանգնելու նպատակով:
_______________________ զորամասի հրամանատար _______________________________
(ստորագրությունը, |
________________________________________________________________________________
կոչումը, անունը, ազգանունը) |
Կտրման գիծ
________________________________________________________________________________
ՍՏԱՑԱԿԱՆ
7-օրյա ժամկետում զինվորական կոմիսարիատ ներկայանալու կարգագիրն ստացա «____» _______________ 20 թվականին:
__________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը) |
_________________________
(ստորագրությունը) |
Ձև N 3
Քաղաքացի _____________________________________________________________________
Բնակության վայրը_______________________________________________________________
_________________________________________________________________________________
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Դուք կանչվում եք 20 թվականի _________ ____ -ից մինչև 20 թվականի _________ ____ -ը կազմակերպվող __________________________________:
(միջոցառման անվանումը) |
Անհրաժեշտ է 20 թ. ______________-ի _______-ին ժամը ______-ին ներկայանալ
(ամիսը) |
(օրը) |
____________________ զինվորական կոմիսարիատ հետևյալ հասցեով՝_________________
________________________________________ կազմակերպվող միջոցառման վայր մեկնելու համար:
_______________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ _______________________________
(զինկոմիսարիատը) |
(ստորագրությունը, |
________________________________________________________________________________
կոչումը, անունը, ազգանունը) |
|
Կտրման գիծ
________________________________________________________________________________
ՍՏԱՑԱԿԱՆ
«____» _______________ 20 թվականին __________________________________ վայր մեկնելու
(միջոցառման անվանումը) |
|
համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու ծանուցագիրն ստացա:
__________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը) |
|
_________________________
(ստորագրությունը) |
«____» ______________ 20 թ.
Ծանուցագիրը քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկելու կամ հրապարակային ծանուցման կամ փոստային պատվիրված նամակով հանձնելու դեպքերում ստացականը չի լրացվում:
(ձևը խմբ. 22.08.24 N 1308-Ն)
Ձև N 3.1
Քաղաքացի __________________________________________________________________
Բնակության վայրը ___________________________________________________________
_____________________________________________________________________________
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Դուք կանչվում եք 20 թվականի ________ ____-ից մինչև 20 թվականի ________ ____-ը կազմակերպվող
______________________________________________________________________________
(միջոցառման անվանումը)
կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում զինվորական հաշվառման տվյալների ստուգման և բուժհետազոտման:
Անհրաժեշտ է 20 թ. _________-ի _____-ին ժամը _____-ին ներկայանալ
(ամիսը) (օրը)
____________________________ զինվորական կոմիսարիատ հետևյալ
հասցեով՝ _______________________________________________________՝
(միջոցառման անվանումը)
ներգրավվելու նպատակով Ձեր զինվորական հաշվառման տվյալներն ստուգելու և բուժհետազոտում անցնելու համար:
___________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ ___________________
(զինկոմիսարիատ) |
(ստորագրությունը, |
_____________________________________________________________________________________
կոչումը, անունը, ազգանունը)
Կտրման գիծ
_____________________________________________________________________________________
ՍՏԱՑԱԿԱՆ
____ _____________ 20 թվականին զինվորական հաշվառման տվյալների ստուգման և բուժհետազոտման համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու ծանուցագիրն ստացա՝ ________________________________________ :
(անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)
____ _____________ 20 թ.
Ծանուցագիրը քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկելու կամ հրապարակային ծանուցման կամ փոստային պատվիրված նամակով հանձնելու դեպքերում ստացականը չի լրացվում:
(ձևը լրաց. 08.05.24 N 683-Ն, խմբ. 22.08.24 N 1308-Ն)
(հավելվածը փոփ., լրաց. 13.07.23 N 1154-Ն, փոփ., լրաց., խմբ. 08.05.24 N 683-Ն, խմբ. 22.08.24 N 1308-Ն)