ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2022 թվականի N 484-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման N 1 հավելվածի՝
1) 4-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Կենսաթոշակառուն իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմելու կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում` կենսաթոշակն ստանալու եղանակը (եթե «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կենսաթոշակառուին կենսաթոշակը կարող է վճարվել անկանխիկ կամ կանխիկ եղանակով) կամ բանկը կամ ազգային օպերատորը կամ կազմակերպությունը փոխելու համար։»․
2) 6․2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.3-6.8-րդ կետեր․
«6.3․ Կենսաթոշակն ստանալու եղանակը (եթե «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կենսաթոշակառուին կենսաթոշակը կարող է վճարվել անկանխիկ կամ կանխիկ եղանակով) կամ բանկը կամ ազգային օպերատորը կամ կազմակերպությունը փոխելու դիմումը (կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը կամ կազմակերպությունը փոխելու) աշխատող կենսաթոշակառուն կարող է ներկայացնել նաև առցանց եղանակով, եթե դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված չէ։ Այս դեպքում կենսաթոշակառուն www.socservice.am կայքէջից մուտք է գործում առցանց տվյալները ներկայացնելու ծրագրային միջավայր (այսուհետ՝ ծրագրային միջավայր) և համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով մուտքագրում է պարտադիր լրացման ենթակա դաշտերի տվյալները։ Կենսաթոշակառուն ծրագրային միջավայր մուտք է գործում՝
1) մինչև բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ անհատի խիստ նույնականացման նպատակով բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից մատուցվող ծառայություններից փաստացի (լիարժեք) օգտվելու համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը (ներառյալ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի միջև անհատի խիստ նույնականացման համակարգի սպասարկման մասին պայմանագիր կնքելը, անհատի խիստ նույնականացման ծառայությունների ամբողջական գործարկումը, այդ ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը)՝ www.socservice.am կայքէջի կողմից տրամադրված մուտքի անվան և գաղտնաբառի կիրառմամբ (տրամադրվում է www.socservice.am կայքէջում գրանցվելիս).
2) նույնականացման քարտի կիրառմամբ.
3) բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից թողարկված բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ։
6.4. Եթե կենսաթոշակառուն ծրագրային միջավայր մուտք է գործում նույնականացման քարտի կամ սույն կարգով սահմանված հեռախոսահամարի միջոցով, ապա նրա նույնականացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման պահանջների համաձայն։
6.5. Առցանց դիմումի հիման վրա ինքնաշխատ եղանակով փոփոխվում է կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը կամ ազգային օպերատորը կամ կազմակերպությունը, և այդ մասին հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին և e-citizen համակարգում կենսաթոշակառուին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին, եթե «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա է կենսաթոշակառուի՝ դիմում ներկայացնելու ամսվա 1-ի դրությամբ աշխատող հանդիսանալու վերաբերյալ տեղեկատվություն։
6.6. Կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը կամ ազգային օպերատորը կամ կազմակերպությունը փոխելու համար ծրագրային միջավայրում մուտքագրվող տվյալներին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) չեն ներկայացվում:
6.7. Սույն կարգի իմաստով կենսաթոշակառուն համարվում է աշխատող, եթե
«Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության համաձայն՝ սույն կարգի 6.3-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու ամսվա 1-ի դրությամբ նա հանդիսանում է վարձու աշխատող կամ նոտար կամ գործունեություն իրականացնող (դիմում ներկայացնելու ամսվա 1-ի դրությամբ՝ անհատ ձեռնարկատերը չի ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն, իսկ այդպիսի հայտարարություն ներկայացրած լինելու դեպքում՝ հայտարարությունում նշված օրը դիմումը ներկայացնելու ամսվա 1-ից հետո է կամ հաշվառումից հանված չէ) անհատ ձեռնարկատեր։
6.8. Սույն կարգի 6.3-րդ կետում նշված դեպքում ներկայացված դիմումը մերժվում է, եթե «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա չէ տեղեկատվություն կենսաթոշակառուի՝ դիմում ներկայացնելու ամսվա 1-ի դրությամբ աշխատող հանդիսանալու վերաբերյալ, կամ դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված է։».
3) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7. Կենսաթոշակն ստանալու եղանակին (եթե «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կենսաթոշակառուին կենսաթոշակը կարող է վճարվել անկանխիկ կամ կանխիկ եղանակով) կամ կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարելու եղանակին (բանկին, ազգային օպերատորին կամ կազմակերպությանը) վերաբերող՝ անձամբ ներկայացված դիմումում առկա տեղեկատվությունը դիմումն ընդունող մասնագետը մուտքագրում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան (այսուհետ` շտեմարան), և ինքնաշխատ եղանակով փոփոխվում է կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը կամ ազգային օպերատորը կամ կազմակերպությունը:»․
4) 8-րդ կետը «ներկայացվել» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ սույն կարգի 6.3-րդ կետում նշված դեպքում՝ առցանց եղանակով,» բառերով.
5) 46-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 47-րդ կետ․
«47. Կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա բանկային հաշվին (եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է բանկի միջոցով) կամ հաշվարկային հաշվին (եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է ազգային օպերատորի միջոցով) առկա մնացորդները վճարող կազմակերպության կողմից ենթակա են վճարման, եթե ներկայացվել է ժառանգության վկայագրի կամ դատարանի կողմից համապատասխան ժառանգի ժառանգման փաստի վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ որոշում։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում ապահովել կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը կամ ազգային օպերատորը կամ կազմակերպությունը փոխելու դիմումն առցանց եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովման մշակումն ու ներդրումը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
15.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 ապրիլի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|