Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-324
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (04.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.05.29/16(191) Հոդ.347
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.04.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
11.05.2002
Дата вступления в силу
25.11.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի ապրիլի 16-ին

 

ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու իրավական հիմքերը, դոնորի, ռեցիպիենտի և բժշկական հաստատությունների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կարգավորում է փոխպատվաստման հետ կապված հարաբերությունները:

Սույն օրենքի դրույթները չեն տարածվում մարդու վերարտադրողականության գործընթացի հետ առնչվող օրգանների, դրանց մասերի ու հյուսվածքների (ձվաբջիջ, ձվարաններ, ամորձիներ, սերմնահեղուկ, էմբրիոններ), արյան և դրա բաղադրամասերի վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

փոխպատվաստում՝ բացակայող կամ ախտաբանական գործընթացի հետևանքով վնասված հյուսվածքների կամ օրգանների փոխարինումը սեփական կամ այլ օրգանիզմից վերցված հյուսվածքներով կամ օրգաններով.

հյուսվածք՝ ծագման, կառուցվածքի և ֆունկցիաների միասնությամբ միավորված, կազմավորված բջիջների և արտաբջջային նյութի ընդհանրություն.

օրգան՝ տարբեր հյուսվածքներից բաղկացած (որոնցից մեկը գլխավորն է՝ առաջատարը) և որոշակի ձև ունեցող մարմնի մաս, որը տարբերվում է իր հստակ կառուցվածքով, օրգանիզմում զբաղեցրած որոշակի տեղով և կենսագործունեությամբ.

ուղեղի մահ՝ գլխուղեղի կենսագործունեության լրիվ և անդառնալի դադարում, որը գրանցվում է աշխատող սրտի և թոքերի արհեստական օդափոխության պայմաններում.

մարդու օրգանների և (կամ) հյուսվածքների կենդանի դոնոր՝ փոխպատվաստման նպատակով իր օրգանները և (կամ) հյուսվածքները սույն օրենքով սահմանված կարգով կամովին տրամադրող ֆիզիկական անձ.

մարդու օրգանների և (կամ) հյուսվածքների դիակային դոնոր՝ մարդու դիակ, որից վերցվել են օրգաններ և (կամ) հյուսվածքներ ուղեղային մահվան՝ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) սահմանած կարգով մահվան փաստի հաստատումից հետո, ինչպես նաև կենսաբանական մահից հետո.

ռեցիպիենտ՝ ֆիզիկական անձ, որին բուժական նպատակով պետք է փոխպատվաստվեն օրգաններ և (կամ) հյուսվածքներ.

փոխպատվաստման օրգաններ՝ կենդանի կամ դիակային դոնորի այն օրգանները, հյուսվածքները կամ դրանց մասերը, որոնք կարող են օգտագործվել փոխպատվաստման նպատակով.

կենսաբանական մահ՝ օրգանիզմի բոլոր հյուսվածքներում և բջիջներում կենսաբանական և ֆիզիոլոգիական գործունեության լրիվ և անդառնալի դադարում:

(1-ին հոդվածը փոփ., լրաց. 11.04.24 ՀՕ-144-Ն)

 

Հոդված 2. Փոխպատվաստման պայմանները

 

Կենդանի դոնորից կամ դիակից փոխպատվաստում կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ բժշկական այլ միջոցառումները չեն կարող երաշխավորել հիվանդի կյանքի փրկությունը և առողջության վերականգնումը:

Կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանները և հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելն արգելվում է:

Սույն օրենքի իմաստով՝ շահույթ է համարվում անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը:

(2-րդ հոդվածը խմբ. 19.03.09 ՀՕ-66-Ն, 21.03.18 ՀՕ-159-Ն)

 

Հոդված 2.1. Օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր

 

Օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրը ապահովում է սույն ոլորտում տեղեկատվական միասնական համակարգը, որտեղ գրանցվում են հետևյալ տեղեկությունները.

ա) օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման դեպքերը.

բ) օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների վերաբերյալ տեղեկատվությունը.

գ) տեղեկատվություն այն անձանց վերաբերյալ, որոնք կենդանության օրոք հրաժարվել են հանդես գալ որպես դոնոր:

Օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

Օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրում գրանցված տեղեկությունները համարվում են բժշկական գաղտնիք և կարող են տրամադրվել փոխպատվաստման օրգաններ և հյուսվածքներ վերցնող և դրանց մշակմամբ ու փոխպատվաստմամբ զբաղվող լիցենզավորված բժշկական հաստատություններին և սույն օրենքով նախատեսված դեպքերում:

(2.1-րդ հոդվածը լրաց. 19.03.09 ՀՕ-66-Ն, փոփ. 21.03.18 ՀՕ-159-Ն)

 

Հոդված 3. Փոխպատվաստման ենթակա օրգանների և (կամ) հյուսվածքների ցանկը

 

Կենդանի դոնորից վերցվող փոխպատվաստման ենթակա օրգանների և (կամ) հյուսվածքների ցանկը սահմանում է լիազոր մարմինը:

Կենդանի դոնորից փոխպատվաստման նպատակով կարող է վերցվել միայն զույգ օրգաններից մեկը, կենտ օրգանի մասը կամ հյուսվածքը, որոնց բացակայությունը չի կարող առաջացնել դոնորի կյանքի համար վտանգ ներկայացնող փոփոխություններ:

      Մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստը հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների կամ հյուսվածքների ցանկերը սահմանում է լիազոր մարմինը:

(3-րդ հոդվածը փոփ. 03.10.11 ՀՕ-256-Ն, 21.03.18 ՀՕ-159-Ն, փոփ., լրաց. 11.04.24 ՀՕ-144-Ն)

 

Հոդված 4. Փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնող, մշակող և փոխպատվաստում իրականացնող բժշկական հաստատությունները

 

Փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելն ու մշակելը, ինչպես նաև փոխպատվաստելը թույլատրվում է միայն համապատասխան լիցենզավորված բժշկական հաստատություններում:

Փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու, պահպանելու և տեղափոխելու կանոնները, ինչպես նաև փոխպատվաստումն իրականացնելու կարգը սահմանում է լիազոր մարմինը:

(4-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-159-Ն, լրաց. 11.04.24 ՀՕ-144-Ն)

 

Հոդված 5. Փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացությունը

 

Փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացություն տալու կարգը սահմանում է լիազոր մարմինը:

(5-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-159-Ն)

 

Հոդված 6. Ռեցիպիենտի համաձայնությունը փոխպատվաստման համար

 

Փոխպատվաստումն իրականացվում է ռեցիպիենտի գրավոր համաձայնությամբ, ինչպես նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բժշկական միջամտության համար համաձայնություն տալու կարգավորումների համաձայն:

Վիրահատությանը նախորդող 15-օրյա ժամկետում ռեցիպիենտը գրավոր նախազգուշացվում է սպասվելիք վիրահատական միջամտության հետ կապված հնարավոր բարդությունների մասին:

Առանց ռեցիպիենտի, նրա ծնողների կամ նրա շահերի օրինական ներկայացուցչի համաձայնության ռեցիպիենտին փոխպատվաստումը կարող է կատարվել, երբ փոխպատվաստման հետաձգումն սպառնում է ռեցիպիենտի կյանքին:

(6-րդ հոդվածը փոփ. 07.02.24 ՀՕ-57-Ն, լրաց., փոփ. 11.04.24 ՀՕ-144-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԻԱԿԱՅԻՆ ԴՈՆՈՐԻՑ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼԸ

 

Հոդված 7. Դիակային դոնորից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու համաձայնության նախապայմանը

(վերնագիրը խմբ. 19.03.09 ՀՕ-66-Ն)

 

Փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ չեն կարող վերցվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձն իր կենդանության օրոք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ներկայացրել է իր անհամաձայնությունը մահից հետո հանդես գալու՝ որպես օրգանների և հյուսվածքների դոնոր:

Օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրում նրա` որպես դիակային դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնության բացակայության դեպքում փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ կարող են վերցվել նրա հարազատների (ազգականների) համաձայնությամբ հետևյալ առաջնահերթությամբ.

ա) ամուսինը,

բ) չափահաս երեխան,

գ) ծնողներից մեկը,

դ) հարազատ եղբայրը կամ քույրը,

ե) հայրական կամ մայրական կողմի պապը կամ տատը:

Միևնույն առաջնահերթությամբ մի քանի հարազատների առկայության դեպքում բավարար են նրանցից մեկի տեղեկացվածությունը և համաձայնությունը:

Յուրաքանչյուր ոք մահից հետո դոնոր հանդես գալու իր գրավոր անհամաձայնությունը լիազոր մարմնի հաստատած կարգով ներկայացնում է իր ընտանեկան բժշկին կամ տեղամասային թերապևտին, որը գրանցվում է նրա բժշկական փաստաթղթերում և մուտքագրվում էլեկտրոնային առողջապահության համակարգ:

Անձի դիակային դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնության վերաբերյալ տեղեկությունը ընտանեկան բժիշկը կամ տեղամասային թերապևտը լիազոր մարմնի հաստատած կարգով փոխանցում է օրգանների ու հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր:

Փոխպատվաստման նպատակով մինչև 18 տարեկան երեխաների կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի դիակից օրգաններ և հյուսվածքներ կարող են վերցվել միայն նրա ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ:

Լիազոր մարմնի սահմանած կարգով բնակչության շրջանում իրականացվում է տեղեկատվության տրամադրում օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման նշանակության, դոնորության նախապայմանների և փոխպատվաստմանն առնչվող այլ հարցերի շուրջ, ինչպես նաև որպես դիակային դոնոր հանդես գալու անհամաձայնության իրավունքի, դիակային դոնորի ընտանիքի անդամների համաձայնություն տալու իրավունքի վերաբերյալ:

(7-րդ հոդվածը խմբ. 19.03.09 ՀՕ-66-Ն, փոփ., լրաց. 11.04.24 ՀՕ-144-Ն)

(7-րդ հոդվածն այն մասով, որով առնչվում է Հայաստանում չիրականացվող փոխպատվաստման հանգամանքներում դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելուն, ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասին և 14-րդ հոդվածին հակասող և անվավեր 14.09.2010 ՍԴՈ-913 որոշմամբ)

 

Հոդված 8. Մահվան փաստի հաստատումը

 

Փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ կարող են վերցվել մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստը հաստատելուց հետո: Ուղեղային մահվան փաստը հաստատում է բժշկական հանձնաժողովը, որի կազմը և գործունեության կարգը սահմանում է լիազոր մարմինը: Բժշկական հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել փոխպատվաստում իրականացնող բժիշկները և փոխպատվաստման աշխատանքների հետ կապված այլ անձինք:

(8-րդ հոդվածը լրաց. 11.04.24 ՀՕ-144-Ն)

 

Հոդված 9.

Դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվությունը

 

Դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության կարգն ու պայմանները սահմանում է լիազոր մարմինը:

Այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջվում է դատաբժշկական փորձաքննության անցկացում, ապա թույլտվություն պետք է տրվի նաև դատաբժշկական փորձագետի կողմից:

(9-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-159-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԻ ԴՈՆՈՐԻՑ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼԸ

 

Հոդված 10. Փոխպատվաստման նպատակով կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու պայմանները

 

Ռեցիպիենտին փոխպատվաստելու նպատակով կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելը թույլատրվում է, եթե՝

ա) վիրահատությանը նախորդող 15-օրյա ժամկետում դոնորը գրավոր նախազգուշացվում է սպասվելիք վիրահատական միջամտությամբ փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հետ կապված հնարավոր բարդությունների մասին.

բ) դոնորն իրենից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու համար կամովին և գիտակցաբար տվել է գրավոր համաձայնություն.

գ) դոնորը անցել է բազմակողմանի բժշկական հետազոտություն, և առկա է կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու եզրակացությունը նրանից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին: Եզրակացություն տալու կարգը սահմանում է լիազոր մարմինը:

Արգելվում է փոխպատվաստման նպատակով դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից:

Փոխպատվաստման նպատակով դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(10-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-159-Ն)

 

Հոդված 11. Կենդանի դոնորների ընտրության շրջանակների սահմանափակումները

 

Փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելը անձից (կենդանի դոնորից) չի թույլատրվում, եթե՝

ա) չի լրացել անձի 18 տարին (բացառությամբ ոսկրածուծի փոխպատվաստման դեպքի).

բ) (կետն ուժը կորցրել է 11.04.24 ՀՕ-144-Ն)

գ) անձը հղի է.

դ) անձը պատիժ է կրում ազատազրկման վայրում, բացառությամբ, եթե ռեցիպիենտն ազատազրկված անձի մերձավոր ազգականն է (ծնող, զավակ, ամուսին, քույր, եղբայր).

ե) պատանդ է.

զ) (կետն ուժը կորցրել է 11.04.24 ՀՕ-144-Ն)

է) անձը օրենքով սահմանված կարգով ճանաչված է անգործունակ:

Օրգաններ վերցնելը չի թույլատրվում, եթե պարզվել է, որ դրանք պատկանում են անձի, որը տառապում է ռեցիպիենտի կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող հիվանդությամբ:

Կենդանի դոնորին օրգաններ տալու համաձայնությանը հարկադրող ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ազատազրկման վայրում գտնվող անձից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու պայմանները, ինչպես նաև օրգանը և (կամ) հյուսվածքը վերցնելուց հետո ազատազրկման վայրում գտնվող անձի բժշկական օգնության և խնամքի մատուցման պայմանները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(11-րդ հոդվածը լրաց. 19.03.09 ՀՕ-66-Ն, 03.10.11 ՀՕ-261-Ն, փոփ. 07.02.24 ՀՕ-57-Ն, փոփ., լրաց. 11.04.24 ՀՕ-144-Ն)

 

Հոդված 12. Կենդանի դոնորի իրավունքները

 

Օրգան և (կամ) հյուսվածք փոխպատվաստելու համար համաձայնություն տված դոնորն իրավունք ունի՝

ա) բուժհաստատությունից պահանջել լիարժեք տեղեկատվություն սպասվելիք վիրահատական միջամտությամբ օրգան և (կամ) հյուսվածք վերցնելու հետևանքով ծագող հնարավոր բարդությունների մասին.

բ) վիրահատության հետ կապված բարդությունների դեպքում ստանալ անվճար համապատասխան բուժում, որի կազմակերպումն իրականացնում է այն բժշկական հաստատությունը, որտեղ կատարվել է վիրահատությունը.

գ) օրգանը կամ հյուսվածքը վերցնելուց հետո լիազոր մարմնի սահմանած կարգով գտնվելու շարունակական (դիսպանսերային) հսկողության մեջ:

(12-րդ հոդվածը լրաց. 11.04.24 ՀՕ-144-Ն)

 

ԳԼՈՒԽ 3.1.

(գլուխը լրաց. 21.03.18 ՀՕ-166-Ն)

 

ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Հոդված 12.1.

Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու նկատմամբ պետական վերահսկողությունը

 

Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 13. Պատասխանատվությունը դոնորի և ռեցիպիենտի տվյալները հրապարակելու համար

 

Դոնորին և ռեցիպիենտին վերաբերող տեղեկությունները բժշկական գաղտնիք են:

Բժիշկներին, բժշկական հաստատության այլ աշխատակիցներին արգելվում է դոնորի և (կամ) ռեցիպիենտի կամքին հակառակ վերջիններիս մասին տվյալներ հրապարակելը: Այդ տվյալները հրապարակող (տարածող) անձինք ենթակա են պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Դատարանին, դատախազությանը, նախաքննության մարմնին դոնորի և ռեցիպիենտի մասին տվյալներ, տեղեկանքներ և փաստաթղթեր են տրվում միայն նրանց կողմից քննվող քրեական վարույթի կամ քաղաքացիական գործի կապակցությամբ:

(13-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-227-Ն)

 

Հոդված 14. Բժշկական հաստատության պատասխանատվությունը

 

Եթե դոնորի կամ ռեցիպիենտի առողջությանը վնաս է հասցված օրգան և (կամ) հյուսվածք վերցնելու կամ փոխպատվաստման պայմանների ու կարգի խախտման պատճառով, ապա բժշկական հաստատությունը կրում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(14-րդ հոդվածը լրաց. 21.03.18 ՀՕ-166-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 15. Միջազգային պայմանագրերի գործողությունը

 

Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և սույն օրենքի նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

(15-րդ հոդվածը խմբ. 21.03.18 ՀՕ-159-Ն)

 

Հոդված 15.1. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում

 

Սույն օրենքի պահանջները խախտելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

(15.1-ին հոդվածը լրաց. 21.03.18 ՀՕ-159-Ն)

 

Հոդված 16. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հարյուր ութսուն օր հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
11 մայիսի 2002 թ.
 ՀՕ-324

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան