ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր` Ա. Ալեքսանյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Ռ. Բարսեղյան |
ԵԴ/0712/11/22 |
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ Ա. Պ ողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
19 հունվարի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 11-ի որոշման դեմ
դիմողներ Արմեն Հարությունյանի և Ալլա Ավետիսյանի ներկայացուցիչ Ա.Սաֆարյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի սեպտեմբերի 5-ին դիմողներ Ալլա Ավետիսյանի և Արմեն Հարությունյանի ներկայացուցիչ Ա.Սաֆարյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան թիվ 13189621 քրեական գործով քննիչ Հ.Միսակյանի՝ 2022 թվականի մայիսի 30-ի՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Տ.Պողոսյանի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ի՝ բողոքը քննության առնելու մասին որոշումների դեմ։
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ դիմողներ Ա.Ավետիսյանի և Ա.Հարությունյանի ներկայացուցիչ Ա.Սաֆարյանի բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը մերժել է։
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ ներկայացուցիչ Ա.Սաֆարյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ա.Ավետիսյանի և Ա.Հարությունյանի ներկայացուցիչ Ա.Սաֆարյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ վարույթ է ընդունվել և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոք բերած անձը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումներ, գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում։
Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ միջնորդել է Վերաքննիչ դատարանին, որպեսզի ժամկետի բացթողումը հարգելի համարվի, քանի որ կինն ունի առողջական խնդիրներ և ժամկետի բացթողումը կապված է եղել վերջինիս հերթական բժշկական հետազոտության տանելու հետ, որի վերաբերյալ ներկայացրել է համապատասխան նյութեր։ Սակայն, Վերաքննիչ դատարանը քննության առարկա չի դարձրել իր միջնորդությունը, ինչի արդյունքում խախտվել են ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ, 29-րդ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 14-րդ հոդվածների պահանջները։
6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 11-ի որոշումը և ընդունել դրան փոխարինող դատական ակտ։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշման դեմ ներկայացուցիչ Ա.Սաֆարյանը հատուկ վերանայման վերաքննիչ բողոքում նշել է՝ «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածով ամրագրված և դատավարական ժամկետների հաշվարկի վերաբերյալ սկզբունքների համաձայն՝ դատարանի ընդունած որոշման վերաքննության կարգով վերանայման վերաբերյալ բողոք ներկայացնելու տասնօրյա դատավարական ժամկետը սկսվում է 2022 թվականի սեպտեմբերի 19-ին և ավարտվում է 2022 թ-ի սեպտեմբերի 29-ի ներառյալ օրը։
Իմ ընտանիքում այլ չափահաս անձանց բացակայության բերումով և կապված կնոջս կողմից տարած սուր ինֆարկտի արդյունքում անհրաժեշտ բժշկական անհետաձգելի միջամտությունների հետ, ես ստիպված և տվյալ օբյեկտիվ հանգամանքով պայմանավորված (կից ներկայացվում են համապատասխան նյութերի պատճենները) չեմ հասցրել նախորդիվ նշված դատավարական ժամկետում պատրաստել և ներկայացնել սույն բողոքը։
Իմ ընտանիքում այլ չափահաս անձանց բացակայության բերումով միայն ես եմ կնոջս առողջական խնդիրներով օգնում։ Այդ կապակցությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածով տրված կարգով հարգելի Վերաքննիչ դատարանին միջնորդում եմ ըմբռնումով մոտենալ ներկայացված օբյեկտիվ հիմնավորմամբ պատճառաբանությանը և հարգելի դիտել դատավարական ժամկետի եռօրյա կետանցը։ Հիշյալ բժշկական հետազոտությունների արդյունքների վերաբերյալ նյութերը իմ տրամադրության տակ կլինեն առաջիկա օրերին (…)»1։
8. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դիմողներ Արմեն Հարությունյանի և Ալլա Ավետիսյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի թիվ ԵԴ/0712/11/22 որոշումը հրապարակվել է 2022 թվականի սեպտեմբերի 08-ին, բողոքաբեր Ա.Սաֆարյանն այն ստացել է 2022 թվականի սեպտեմբերի 19-ին՝ (հիմք՝ Առաջին ատյանի դատարանի կողմից փոստային եղանակով որոշման ուղարկված լինելը հավաստող հավաստագիրը՝ «19.09.22 (ստորագրություն) Ա․Սաֆարյան» գրառմամբ)։ Նշված ակտը բողոքարկելու վերջնական ժամկետն էր 2022 թվականի սեպտեմբերի 29-ը՝ ժամը 24։00-ը, սակայն բողոքաբերների ներկայացուցիչ Ա․Սաֆարյանը 08.09.2022 թվականի դատական ակտի դեմ հատուկ վերանայման բողոք է ներկայացրել այդ ժամկետը լրանալուց հետո 3-օր անց՝ 2022 թվականի հոկտեմբերի 03-ին (հիմք՝ հատուկ վերանայման բողոքի վրա առկա 03.10.2022թ. թվագրումը, ինչպես նաև այն փոստային ծառայությանը հանձնելու մասին անդորրագրի վրա առկա կնիքը՝ թվագրված 03.10.2022թ.)։
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմողներ Արմեն Հարությունյանի և Ալլա Ավետիսյանի ներկայացուցիչ Ա.Սաֆարյանի կողմից բերված հատուկ վերանայման բողոքը ժամկետանց է, քանի որ այն բերվել է բողոքարկման համար սահմանված 10-օրյա ժամկետը լրանալուց հետո, այսինքն` չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները, ուստի հատուկ վերանայման բողոքը պետք է թողնել առանց քննության (…)»2։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
9. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք ներկայացուցիչ Ա.Սաֆարյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:
10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքը բերվում է համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում»:
Նույն օրենսգրքի 391-րդ հոդվածի համաձայն՝ «(...) Հատուկ վերանայման բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝ (...)
3) բողոքը ժամկետանց է, իսկ հարուցված լինելու դեպքում մերժվել է բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը (...)»:
Նույն օրենսգրքի 356-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 4. Դատական վերանայման բողոք բերելու՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնող անձն իրավունք ունի բողոքին կցելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն:
5. Բաց թողնված ժամկետը վերականգնվում է, եթե միջնորդության մեջ ներկայացված պատճառներով պատշաճ բողոքարկումը գործնականում անհնար էր (…)»:
Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով՝ դատական ակտերի բողոքարկման հնարավորություն, միևնույն ժամանակ նախատեսել է դրա իրականացման հստակ կանոններ։ Այսպես, ընդհանուր կանոնի համաձայն՝ հատուկ վերանայման բողոքը ժամկետանց լինելու դեպքում այն թողնվում է առանց քննության։ Միևնույն ժամանակ, եթե ժամկետի բացթողումը վերականգնելու միջնորդություն է ներկայացվում, ապա բողոքը թողնվում է առանց քննության, եթե մերժվում է բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը։
11. Դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատական ակտերի պատճառաբանման պահանջը ոչ միայն արդարացիության կարևոր բաղադրատարր է, այլև անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման կարևոր երաշխիք, ինչը դատավարության մասնակիցներին պաշտպանում է կամայականություններից:
Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս, և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար: Քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է 3:
11.1. Վճռաբեկ դատարանը Էրիկ Մարգարյանի գործով արձանագրել է, որ դատական ակտի պատճառաբանվածության չափանիշը վերաբերելի է նաև վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտերին։ Հետևաբար, յուրաքանչյուր դեպքում դատական ակտ կայացնելիս, վերաքննիչ դատարանը պարտավոր է պատճառաբանել, թե ինչու է եկել այս կամ այն հետևության, և որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս4։
12. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը բողոքաբեր Ա.Սաֆարյանը ստացել է 2022 թվականի սեպտեմբերի 19-ին5։
- Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը Ա.Սաֆարյանը ներկայացրել է 2022 թվականի հոկտեմբերի 3-ին՝ միաժամանակ միջնորդելով վերականգնել բողոքարկման բաց թողնված ժամկետը6։
- Վերաքննիչ դատարանը, առանց քննարկման առարկա դարձնելու Ա.Սաֆարյանի՝ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը, որոշում է կայացրել Ա.Սաֆարյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին7։
13. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 10-11.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, առանց քննության առնելու Ա.Սաֆարյանի՝ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը, որոշում է կայացրել հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն իրավասու էր բողոքն առանց քննության թողնել միայն համապատասխան միջնորդությունը քննության առնելու և այն պատճառաբանված մերժելու դեպքում։ Այլ կերպ՝ Ա.Սաֆարյանի բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելիս, Վերաքննիչ դատարանն անձի` դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումներից խուսափելու նպատակով, պետք է գնահատականի արժանացներ վերջինիս կողմից ներկայացված միջնորդությունը և միայն այն մերժելու դեպքում որոշում կայացներ բողոքն առանց քննության թողնելու մասին։
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի համապատասխանում դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ ներկայացված պահանջին և այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին։
14. Ուստի, հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ներկայացուցիչ Ա.Սաֆարյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավորված և պատճառաբանված չէ:
15. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի հոկտեմբերի 11-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության փոխանցելու համար8:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի Ա.Սաֆարյանի՝ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հանգի համապատասխան հետևության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Դիմողներ Արմեն Հարությունյանի և Ալլա Ավետիսյանի ներկայացուցիչ Ա.Սաֆարյանի հատուկ վերանայման բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի հոկտեմբերի 11-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
__________________
1 Տե'ս վարույթի նյութեր, թերթեր 30-31:
2 Տե'ս վարույթի նյութեր, թերթեր 50-52:
3 Տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ֆրունզիկ Գալստյանի գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09, Գևորգ Խնուսյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12, Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15, Արամայիս Հակոբյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14, Մարտուն Հակոբյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՐԴ1/0005/11/16, Արարատ Սարգսյանի գործով 2019 թվականի հունիսի 12-ի թիվ ԵԱԴԴ/0005/01/17 որոշումները:
4 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Էրիկ Մարգարյանի գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ՍԴ3/0045/01/13 որոշման 13-րդ կետը:
5 Տե'ս վարույթի նյութեր, թերթ 23:
6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
8 Հատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու լիազորության վերաբերյալ տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Ավաթ Ամինի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը, կետ 17.1։
Նախագահող` Դատավորներ` Հ. Ասատրյան Լ. Թադևոսյան Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: