ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/1610/02/19 2024 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/1610/02/19 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող և զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | |
Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ | ||
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | ||
ս. ՄեղրՅԱՆ |
2024 թվականի մարտի 22-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ռոզա, Հովհաննես, Լուսինե և Լիանա Հակոբյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10․01․2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Ժանետ Աղասյանի ու Էմմա Պետրոսյանի (օրինական ներկայացուցիչ Ժանետ Աղասյան) հայցի ընդդեմ Ռոզա, Հովհաննես, Լուսինե և Լիանա Հակոբյանների, երրորդ անձ Շիրակի մարզպետարանի՝ խախտված իրավունքը վերականգնելու, ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունած համարելու ու Շիրակի մարզպետի որոշումը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ժանետ Աղասյանը պահանջել է վերականգնել իր և իր երեխայի՝ Էմմա Պետրոսյանի խախտված իրավունքը, իրենց ճանաչել 08.01.2016 թվականին մահացած Արտյոմ Պետրոսյանի ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունած ժառանգներ, ինչպես նաև մասնակիորեն անվավեր ճանաչել Գյումրու Կոշտոյան փողոցի 5/2-րդ շենքի թիվ 11 բնակարանն անհատույց, համատեղ սեփականության իրավունքով Արտյոմ Պետրոսյանի ժառանգներին չտրամադրելու մասով Շիրակի մարզպետի 08.07.2016 թվականի թիվ 278-Ա որոշումը:
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 15․06․2021 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10․01․2022 թվականի որոշմամբ Ռոզա, Հովհաննես, Լուսինե և Լիանա Հակոբյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Դատարանի 15․06․2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ բողոք են ներկայացրել Հովհաննես, Լուսինե և Լիանա Հակոբյաններն ու Ռոզա Հակոբյանը (ներկայացուցիչ Կարինե Դանիելյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ, 20-րդ, 126-րդ, 182-րդ, 360-րդ, 365-րդ, 368-րդ և 379-րդ հոդվածները։
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով և քննարկման առարկա չդարձնելով Շիրակի մարզպետի 08.07.2016 թվականի թիվ 278-Ա որոշումը հիմնական պահանջ լինելու ու այդ հիմքով սույն գործը ՀՀ վարչական դատարանին ենթակա լինելու պայմաններում գործի վարույթը կարճելու հիմքի առկայության վերաբերյալ վերաքննիչ բողոքում նշված հիմնավորումները, անտեսել է, որ իրենք զրկված են եղել բարձրացված հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից։ Իրենք չեն ունեցել համապատասխան իրավական գիտելիքներ, ինչպես նաև ներկայացուցիչ, ով կներկայացներ իրենց շահերը դատարանում։
Վերաքննիչ դատարանն անտեսել է իրենց փաստարկներն առ այն, որ ուրիշի սեփականություն հանդիսացող բնակելի տարածության օգտագործման իրավունքը կարող էր հանգուցյալ Արտյոմ Պետրոսյանի մոտ ծագել այն դեպքում, երբ այդ իրավունքն ստացած լիներ օրենքով սահմանված պետական գրանցում։ Հանգուցյալ Արտյոմ Պետրոսյանի մոտ բնակելի տարածության օգտագործման իրավունքը պայմանականորեն ծագած լինելու պայմաններում անգամ նշվածն անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, որը չի կարող այլ անձի փոխանցվել ժառանգաբար կամ իրավահաջորդության կարգով:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սեփականության իրավունքի գրանցման թիվ 1966377 վկայականի համաձայն՝ 14․06․2006 թվականի դրությամբ Գյումրու Կոշտոյան փողոցի 5/2-րդ շենքի թիվ 11 բնակարանը գրանցված է եղել «Աջակցություն ցուցաբերող»-ի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության անվամբ, ուստի Դատարանը չէր կարող նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Ժանետ Աղասյանի և նրա երեխայի՝ Էմմա Պետրոսյանի օգտագործման, հետևաբար նաև սեփականության իրավունքը։
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 10․01․2022 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունի հետևյալ փաստը՝
1) Դատարանի 15․06․2021 թվականի վճռի դեմ Ռոզա, Հովհաննես, Լուսինե և Լիանա Հակոբյանների կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ ու 20-րդ հոդվածների խախտման հիմքերով՝ այն հիմնավորմամբ, որ սույն գործով հիմնական պահանջը եղել է Շիրակի մարզպետի 08.07.2016 թվականի թիվ 278-Ա որոշումն անվավեր ճանաչելը, որպիսի պայմաններում սույն գործը ենթակա է քննության ՀՀ վարչական դատարանում ու վարույթ է ընդունվել ենթակայության կանոնների խախտմամբ, ինչը գործի վարույթը կարճելու հիմք է (հատոր 3-րդ, գ.թ. 7-14):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում, ինչի հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը, ու որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք վերաքննիչ դատարանն իրավասու է չանդրադառնալ գործի վարույթը կարճելու մասին վերաքննիչ բողոքի հիմքին, եթե դրա վերաբերյալ դիրքորոշում բողոք բերած անձը չի հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք։
Մինչև 14․03․2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի (…) և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:
Անդրադառնալով մինչև 14․03․2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասին և 379-րդ հոդվածի 1-ին մասին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի (…) 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, ապա վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վկայակոչված կարգավորումների ուժով վերաքննիչ դատարանը ոչ միայն չի անդրադառնում վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, այլև չի սահմանափակվում բողոքի հիմքերով ու հիմնավորումներով, և անկախ այն բանից՝ բողոքում տեղ է գտել մինչև 14․03․2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, թե ոչ, վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը:
ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ վերաքննիչ դատարանի կողմից բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու կանոնից բացառություն է նաև այն դեպքը, երբ բողոք բերած անձը բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում` միաժամանակ զրկված չլինելով նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից (տե՛ս Վարդանուշ Բեժանյանը, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյաններն ընդդեմ Վաչագան Հակոբյանի թիվ ԼԴ1/0188/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2020 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, սահմանելով դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, ըստ էության, առանձնացրել է այնպիսի դատական սխալները, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և վճիռը բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման (տե՛ս Սերգեյ Գրիգորյանն ընդդեմ Ալլա Փորսուղյանի, Սամվել Նաղդալյանի, Հռիփսիմե Առաքելյանի, Թագուշ Կյուրեղյանի, Էլիզա Կարապետյանի թիվ ԵԿԴ/3578/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.05.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է նաև, որ մինչև 14․03․2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված խախտումները վերաբերում են Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով և օրենքներով սահմանված արդարադատության սկզբունքներին, ուստի դրանց առկայությունը կասկածի տակ է դնում ընդհանրապես արդարադատություն իրականացված լինելու կամ արդարադատությունը դատարանի կողմից իրականացված լինելու իրողությունը: Վերադաս ատյանի կողմից նման խախտումների արձանագրումը ipso facto հանգեցնում է վերանայվող դատական ակտի բեկանման՝ անկախ բողոքում բարձրացված նյութական իրավունքի նորմերի սխալ կիրառման կամ չկիրառման վերաբերյալ հիմքերի հիմնավոր լինելուց (տե՛ս Աննա և Գալինա Խաչատրյաններն ընդդեմ Ռոստոմ Բուռնազյանի թիվ ԵԿԴ/0408/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ թեև վերաքննիչ դատարանն իրավասու չէ քննության առնելու այն փաստարկի վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքը և հիմնավորումը, որի առնչությամբ բողոք բերած անձը բողոքում արտահայտած իր դիրքորոշման մասին չի հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ, այդուհանդերձ օրենսդիրն իմպերատիվ կերպով ամրագրել է վերաքննիչ դատարանի պարտականությունը` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի առկայության դեպքում` անկախ վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, հետևաբար նաև` դրանց շրջանակում գործին մասնակցող անձանց դիրքորոշումներն առաջին ատյանում ներկայացված լինելուց կամ չլինելուց, բեկանել վիճարկվող դատական ակտը: Հետևաբար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանափակումը չի վերաբերում այն դեպքերին, երբ առկա է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք (տե՛ս Անժելա Գևորգյանն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության և «Էյ-Ի-Ջի Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵԱՔԴ/3724/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.05.2020 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտն անվերապահ բեկանելու հիմքի առկայության մասին վերաքննիչ բողոքում ներկայացված հիմնավորումները չեն կարող նույնացվել որևէ հարցի կապակցությամբ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ հայտնած «դիրքորոշում» եզրույթի հետ, որի նկատմամբ կիրառելի է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումը, քանի որ դատական ակտն անվերապահ բեկանելու՝ մինչև 14․03․2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերին վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ՝ անկախ վերաքննիչ բողոքի հիմքերից ու հիմնավորումներից, ուստի նաև՝ բողոք բերած անձի կողմից այդ կապակցությամբ դատարանում գործի քննության ժամանակ դիրքորոշում հայտնած լինելու կամ չլինելու հանգամանքից։ Դատական ակտն անվերապահ բեկանելու հիմքերի առկայության դեպքերում, ելնելով դրանց բնույթից ու արդարադատության իրականացման ընթացքում առաջացրած հետևանքներից, կարևորվել է դրանց բացահայտումը և վերացումը, մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումը բխում է գործին մասնակցող անձանց հավասարության ու մրցակցության սկզբունքների պահպանման անհրաժեշտությունից։
Դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերից է նաև ստորադաս դատարանում գործի վարույթը կարճելու հիմքի առկայությունը։
Մինչև 14․03․2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով։
Կարևորելով գործերի առարկայական ընդդատությունը (ենթակայությունը)՝ օրենսդիրը դատավարական օրենսգրքերով սահմանել է այդ կանոնը խախտելու իրավական հետևանքը, որը դատական ակտի անվերապահ բեկանումն է:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքի իրացման ընթացքում գործի առարկայական ընդդատության (ենթակայության) ճիշտ որոշումն ունի գործնական կարևոր նշանակություն, քանի որ դատական պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ գործի քննությունն իրականացվում է իրավասու դատարանի կողմից՝ դատավարությանը բնորոշ կանոններով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ, մինչդեռ եթե գործը քննում է այն դատարանը, որը տվյալ գործը քննելու իրավասություն չունի, ապա նշված խախտումը հանգեցնում է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խաթարման։
Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանը բոլոր դեպքերում պարտավոր է քննարկման առարկա դարձնել գործի վարույթը կարճելու՝ որպես դատական ակտն անվերապահ բեկանելու հիմքի առկայության հանգամանքը, եթե անգամ բողոք բերած անձն առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ դրա մասին դիրքորոշում չի հայտնել։
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ դիմելով դատարան` Ժանետ Աղասյանը պահանջել է վերականգնել իր և իր երեխայի՝ Էմմա Պետրոսյանի խախտված իրավունքը, իրենց ճանաչել 08.01.2016 թվականին մահացած Արտյոմ Պետրոսյանի ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունած ժառանգներ, մասնակիորեն անվավեր ճանաչել Գյումրու Կոշտոյան փողոցի 5/2-րդ շենքի թիվ 11 բնակարանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց, համատեղ սեփականության իրավունքով Արտյոմ Պետրոսյանի ժառանգներին չտրամադրելու մասով Շիրակի մարզպետի 08.07.2016 թվականի թիվ 278-Ա որոշումը:
Դատարանի 15․06․2021 թվականի վճռով հայցը բավարարվել է։
Նշված վճռի դեմ Ռոզա, Հովհաննես, Լուսինե և Լիանա Հակոբյանների կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ ու 20-րդ հոդվածների խախտման հիմքերով՝ այն հիմնավորմամբ, որ սույն գործով հիմնական պահանջը եղել է Շիրակի մարզպետի 08.07.2016 թվականի թիվ 278-Ա որոշումն անվավեր ճանաչելը, որպիսի պայմաններում սույն գործը ենթակա է քննության ՀՀ վարչական դատարանում և վարույթ է ընդունվել ենթակայության կանոնների խախտմամբ, ինչը գործի վարույթը կարճելու հիմք է։
Վերաքննիչ դատարանը 10․01․2022 թվականի որոշմամբ Ռոզա, Հովհաննես, Լուսինե և Լիանա Հակոբյանների վերաքննիչ բողոքը մերժել է ու Դատարանի 15․06․2021 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ հանգելով այն եզրակացության, որ «(․․․) Ռոզա Ժորժիկի Հակոբյանի, Հովհաննես Վաչագանի Հակոբյանի, Լուսինե Վաչագանի Հակոբյանի, Լիանա Վաչագանի Հակոբյանի վերաքննիչ բողոքում բերված են սույն քաղաքացիական գործի առարկայական ենթակայության հետ համաձայն չլինելու մասով հիմքեր և դրանց վերաբերյալ հիմնավորումներ: Մասնավորապես, բողոք բերած անձինք գտել են, որ Դատարանը, որպես հիմնական պահանջ պետք է դիտարկեր ՀՀ Շիրակի մարզպետի 08.07.2016թ. թիվ 278-Ա որոշումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջը և, ըստ այդմ, կարճեր սույն քաղաքացիական գործի վարույթը՝ վեճը ՀՀ վարչական դատարանին ենթակա լինելու հիմքով, մինչդեռ բողոք ներկայացրած անձինք վերաքննիչ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ որևէ դիրքորոշում կամ առարկություններ Դատարան չեն ներկայացրել և միաժամանակ վերաքննիչ բողոքում չեն ներկայացրել հիմնավորումներ Դատարանում վերաքննիչ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու իրավունքից զրկված լինելու մասին: (․․․)»։
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք հիմնավորված չեն հետևյալ պատճառաբանությամբ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործն առարկայական ընդդատության (ենթակայության) կանոնների խախտմամբ քննված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու հիմքի առկայության կապակցությամբ վերաքննիչ բողոքի հիմնավորումները «դիրքորոշում» համարելու և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ այն քննարկման առարկա չդարձնելու պայմաններում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ստորադաս դատարանում գործի վարույթը կարճելու հիմքի առկայությունը մինչև 14․03․2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դատական ակտն անվերապահ բեկանելու հիմք է։ Նշվածից բխում է, որ անկախ վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, հետևաբար նաև՝ բողոք բերած անձանց կողմից այդ մասին ստորադաս դատարանում դիրքորոշում հայտնելուց՝ Վերաքննիչ դատարանը պարտավոր էր քննարկել նշված հիմքն ու դրա առկայությունը հաստատված համարելու դեպքում բեկանել դատական ակտը։ Վերոշարադրյալից միաժամանակ հետևում է, որ եթե անգամ բողոք բերած անձինք վերաքննիչ բողոքում նշել են դատական ակտն անվերապահ բեկանելու հիմքի առկայության մասին հիմնավորումներ, ապա դրանք չեն կարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով դիտարկվել «դիրքորոշում» և քննարկման առարկա չդարձվել այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձինք ունեցել են դրա մասին ստորադաս դատարանում դիրքորոշում հայտնելու հնարավորություն, ինչից չեն օգտվել, քանի որ անվերապահ բեկանման հիմքի առկայության դեպքերում Վերաքննիչ դատարանը սահմանափակված չէ վերաքննիչ բողոքի հիմքերով ու հիմնավորումներով, հետևաբար նաև բողոք բերած անձանց դիրքորոշումներով, և համապատասխան հիմքի առկայությունը հաստատված համարելու դեպքում պարտավոր է բեկանել դատական ակտը։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում նշած փաստարկները, և վճռաբեկ բողոքի հիմքը գնահատում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի 10․01․2022 թվականի որոշումը բեկանելու համար։ Միաժամանակ նկատի ունենալով, որ ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Վերաքննիչ դատարանը ձեռնպահ է մնացել Ռոզա, Հովհաննես, Լուսինե և Լիանա Հակոբյանների վերաքննիչ բողոքի վերը նշված հիմքը քննարկելուց, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10․01․2022 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող և զեկուցող Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. Մեղրյան
Ա. Մկրտչյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մայիսի 2024 թվական: