«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 օգոստոսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11003241
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 հուլիսի 2003 թ. |
N 516-Ն (Ք) |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի ռացիոնալացման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N 1236 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2047-Ն որոշման 2-րդ կետի բ) ենթակետի
Հրամայում եմ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական հաստատությունում մանկավարժական կադրերի աշխատանքի նշանակման կարգը»:
2. Հանրակրթության վարչությանը (պետ.` Ն. Ղուկասյան), օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետի տեղակալ` Է. Սանթրոսյան) վերոնշյալ «Կարգը» ներկայացնել պետական գրանցման:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Թոփուզյանին:
Նախարար |
Ս. Երիցյան |
Հաստատում եմ` |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ
Սույն կարգն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի ռացիոնալացման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N 1236 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2047-Ն որոշման 2-րդ կետի բ) ենթակետի համաձայն:
1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական հաստատությունում (դպրոց, վարժարան, կրթահամալիր) (այսուհետ` դպրոց) մանկավարժական աշխատանքի են նշանակվում որպես կանոն բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությամբ մանկավարժի որակավորում ունեցող անձինք:
2. Մանկավարժի աշխատանքի ընդունումը ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 2034 որոշմամբ հաստատված «Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգի» համաձայն:
3. Դպրոցի տնօրենը իրավունք ունի մանկավարժական աշխատանքի ընդունել նոր մանկավարժի, եթե տվյալ մասնագիտությամբ արդեն աշխատող մանկավարժի որակավորմամբ մասնագետները ապահովված են առնվազն մեկ դրույքով:
4. Բարձրագույն մանկավարժական ուսումնական հաստատությունների նախավերջին և ավարտական կուրսերի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները ուսման անհատական գրաֆիկի տեղափոխվելուց հետո կարող են դպրոցում մանկավարժական աշխատանքի ընդունվել: