ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 2024 թվականի N 1699-Ն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻՆ, ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱՅՔԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԱՅՔԵՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 4.4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերն ու «Վիճակախաղերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին, վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը, կարգը և կայքերի արգելափակման կարգը, ժամկետները և արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների տրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիհոկտեմբերի 24-ի N 1699-Ն որոշման |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻՆ, ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱՅՔԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԱՅՔԵՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգը սահմանում է օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների (այսուհետ՝ համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպություն) կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին, վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը, կարգը և կայքերի արգելափակման կարգը, ժամկետները և արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների տրման կարգը:
2. Սույն կարգում հասկացություններն օգտագործվում են «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքներով սահմանված հասկացությունների իմաստով:
3. Համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կայքերը ենթակա են արգելափակման, եթե ստեղծվում է խաղերին մասնակցության հնարավորություն Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունում հասանելի համացանցի տիրույթում, բացառությամբ սույն կարգով սահմանված դեպքերի:
4. Լիազոր մարմինը համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի արգելափակման ենթակա կայքերը բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) միջոցով մշտադիտարկման արդյունքների հիման վրա՝ վերահսկող մարմնից, կազմակերպիչներից, ինչպես նաև քաղաքացիների դիմում-բողոքներից ստացված տեղեկատվության և հանձնաժողովի կողմից քննարկումների արդյունքում կայացված եզրակացության հիման վրա կազմում և լիազոր մարմնի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի արգելափակման ենթակա օտարերկրյա կազմակերպիչների կայքերի ցանկերի (այսուհետ` ցանկ) նախագծերը:
5. Ցանկերի նախագծերը մշակվում և արդիականացվում են ըստ անհրաժեշտության՝ ստացված տեղեկատվության հիման վրա:
6. Հանրային կամ ազգային անվտանգության շահերից ելնելով՝ ցանկերի նախագծերը, մինչև հանձնաժողովին ներկայացնելը, ներկայացվում են շահագրգիռ մարմինների (Ազգային անվտանգության ծառայություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն) համապատասխան հանձնաժողովի անդամներին: Ներկայացված տեղեկատվության վերաբերյալ հանձնաժողովի համապատասխան անդամների դիրքորոշումները հանձնաժողովի քննարկման են ներկայացվում հանձնաժողովի նիստից առնվազն 2 օր առաջ:
7. Վերլուծության արդյունքներով շահագրգիռ մարմիններից ստացված դիրքորոշումների հետ միասին ցանկերի նախագծերը ներկայացվում են հանձնաժողովի քննարկմանը:
8. Հանձնաժողովը, քննարկման ընթացքում հաշվի առնելով 6-րդ կետով սահմանված շահագրգիռ մարմինների հանձնաժողովի համապատասխան անդամների դիրքորոշումները՝ ցանկերի նախագծերում ներկայացված որոշ կայքերի արգելափակման անհնարինության վերաբերյալ, ընդունում է որոշում տվյալ կայքերը ցանկերի նախագծերից հանելու վերաբերյալ:
9. Սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքերում հանձնաժողովի նախագահի կամ լիազոր մարմնի ղեկավարի կողմից գրությամբ տվյալ կայքերի ադմինիստրատորներին տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրական պահանջների մասին և առաջարկվում՝ 15-օրյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արգելափակման ենթակա ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կայքերի հասանելիությունն արգելափակելու նպատակով:
10. Հանձնաժողովի նիստում հարցերի քննարկման արդյունքում կազմվում է հանձնաժողովի եզրակացություն, որտեղ նշվում է`
1) հիմքը, որի հիման վրա հանձնաժողովի նիստում քննարկվում է հարցը.
2) իրավական հիմքերը, որոնց հիման վրա կայացվում է որոշումը.
3) հանձնաժողովի վերջնական եզրակացությունը:
11. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում և հttp://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
12. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին:
13. Լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա հաստատված ցանկերը 1-օրյա ժամկետում տրամադրվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (այսուհետ՝ ՀԾԿՀ):
14. ՀԾԿՀ-ը 3 աշխատանքային օրվա ընթացքում ցանկերը պատշաճ ձևով ուղարկում է ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներին (այսուհետ՝ օպերատորներ):
15. Օպերատորները՝ ցանկերը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր են արգելափակել ցանկում ներառված կայքերի ուղղակի հասանելիությունը՝ դոմեյնի անվան արգելափակում (Domain name system (DNS) blocking) եղանակով և այդ մասին տեղեկացնել հանձնաժողովին, բացառությամբ առաջին անգամ ներկայացվող ցանկերի, հաշվի առնելով ներկայացվող ցանկերի ծավալը: Առաջին անգամ ցանկերը ստանալուց հետո ցանկում ներառված կայքերի ուղղակի հասանելիությունն օպերատորները պարտավոր են արգելափակել 10 աշխատանքային օրվա ընթացքում և այդ մասին տեղեկացնել հանձնաժողովին:
16. Օպերատորների կողմից կայքերի ուղղակի հասանելիությունը՝ դոմեյնի անվան արգելափակում (Domain name system (DNS) blocking) եղանակով արգելափակման դեպքում ավտոմատ կերպով ձևավորվում է հղում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ինտերնետային կայքին, որտեղ լիազոր մարմնի կողմից հրապարակվում են հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա ընդունված որոշումները և հաստատված ցանկերը, ինչպես նաև հաղորդագրություն օպերատորների կողմից կատարված գործողությունների օրինաչափ լինելու վերաբերյալ:
17. Օպերատորների կողմից արգելափակված կայքերի վերաբերյալ հարցերը կամ բողոքները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության թեժ գծին:
18. Սույն կարգի 15-րդ կետով սահմանված պահանջների խախտման դեպքում պատասխանատվության միջոցը կիրառվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքների համաձայն: Օպերատորը չի կրում պատասխանատվություն այն դեպքերում, երբ ձեռնարկել է սույն կարգի 15-րդ կետով սահմանված բոլոր անհրաժեշտ քայլերը ցանկում ներառված կայքերի ուղղակի հասանելիությունը՝ դոմեյնի անվան արգելափակում (Domain name system (DNS) blocking) եղանակով արգելափակելու ուղղությամբ:
19. Լիազոր մարմնի կողմից՝ հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա ընդունված որոշումները և հաստատված ցանկերը հրապարակվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում և հttp://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
20. Հանձնաժողովը հրապարակում է հttp://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում արգելափակման ենթակա կայքերի ցանկում ներառված կազմակերպությունների դրամապանակների ցանկը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
25.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հոկտեմբերի 2024 թվական: