ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2025 թվականի N 232-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 8-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Նորք-Մարաշ Գ. Հովսեփյան 64/14 հասցեում գտնվող՝ շուկայական արժեքին մոտարկված 76 579 800 դրամ կադաստրային արժեքով 0.2 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12102022-01-0261 վկայական) օտարել դասական աճուրդով:
2. Սահմանել՝
1) աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը՝ 2025 թվականի հունվարի 23-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ 409 256 000 դրամ.
2) որ աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցն (այսուհետ՝ գնորդ) իր կողմից առաջարկված գինը վճարում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արժույթով.
3) որ գնորդը պարտավոր է վճարել նաև՝
ա. գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 48 000 դրամը (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում՝ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան հաշվին և չի համարվում գույքի վաճառքի գնի մաս,
բ. պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը։
3. Կոմիտեի նախագահին՝
1) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում ու մամուլում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով մինչև 2027 թվականի հունվարի 22-ը կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման.
4) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով և 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր.
5) սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված պայմանագրի կնքումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները։
4. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով և 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված ժամկետում վճարումները չկատարվելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, ու գույքը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով, առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազման։
5. Գույքի վաճառքի առաջարկված գնի 70 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
