ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 2024 թվականի N 1171-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության կարգը, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության կարգը սահմանելու մասին» N 851-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 1 հավելվածում՝
1) 5-րդ կետից հանել «առնվազն 1000 տպաքանակ օրինակ ունեցող մամուլում, ինչպես նաև» բառերը.
2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Կազմակերպությունների ընտրության գործընթացին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող այն հասարակական կազմակերպությունները, որոնք՝
1) առնվազն 3 տարի անընդմեջ իրականացնում են մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարին առնչվող գործունեություն, կամ
2) առնվազն 5 տարի անընդմեջ իրականացնում են սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարին առնչվող գործունեություն, կամ
3) առնվազն 1 տարի անընդմեջ իրականացնում են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն, իսկ այդ կազմակերպության հոգեբան, սոցիալական աշխատող, իրավաբան աշխատողների կեսից ավելին ունեն մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի ոլորտի կամ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցություն տրամադրելու առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:».
3) 9-րդ կետի 4-րդ ենթակետում «շահագործման» բառից առաջ «և» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով, ինչպես նաև «դեմ» բառից առաջ լրացնել «, սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության» բառերով և «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
4) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ և 6-րդ ենթակետերով.
«5) սույն կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետով դիմելու դեպքում՝ կազմակերպությունում հոգեբան, սոցիալական աշխատող, իրավաբան աշխատողների ցանկը, նրանց գործունեության բնույթն ու մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի ոլորտում աշխատելու կամ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցություն տրամադրելու ժամանակահատվածը.
6) այլ տեղեկություններ, որոնք կազմակերպությունը կհամարի անհրաժեշտ տրամադրման համար և որը կառնչվի կազմակերպության՝ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված գործունեությանը:».
5) 10-րդ կետի 3-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
6) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) սույն կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետով դիմելու դեպքում՝ կազմակերպությունում հոգեբան, սոցիալական աշխատող, իրավաբան աշխատողների անձնագրի և սոցիալական քարտի պատճենները, ինքնակենսագրականները, ինչպես նաև ըստ կազմակերպության ցանկության՝ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի ոլորտում աշխատելու կամ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցություն տրամադրելու փաստը հաստատող այլ փաստաթղթեր (վկայականներ, արտոնագրեր, քաղվածքներ և այլն):».
7) 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.
«10.1. Հայտում նշված կամ հայտին կից ներկայացվող անձնական տվյալների հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով:».
8) 17-րդ կետի 1-ին ենթակետում «վերջին երեք տարվա ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտում իրականացված գործունեության փորձը» բառերը փոխարինել «՝ սույն կարգի 7-րդ կետում նախատեսված պայմաններից մեկին համապատասխանելիությունը» բառերով.
9) 17-րդ կետի 2-րդ ենթակետում «սոցիոլոգ, հոգեբան, բուժաշխատող» բառերը փոխարինել «հոգեբան, սոցիալական աշխատող» բառերով, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
10) 18-րդ կետը «հուշագրով» բառից հետո լրացնել «(Ձև N 1)» բառերով.
11) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20-րդ կետով.
«20. Պետության կողմից պատվիրակված ծառայությունների մատուցումը՝ ներառյալ գործընկեր հասարակական կազմակերպությունների կողմից, տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգի պահանջներին համապատասխան:».
12) 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 1 ձևով.
«Ձև N 1
ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ք. Երևան |
«_____» ___________ 20.. թ. |
Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը (այսուհետ նաև՝ խորհուրդ), ի դեմս ___________________-ի, ղեկավարվելով «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով, մի կողմից և «____________________________» հասարակական կազմակերպությունը (այսուհետ նաև՝ գործընկեր հասարակական կազմակերպություն), ի դեմս կազմակերպության նախագահ _____________________-ի, մյուս կողմից (այսուհետ միասին՝ կողմեր),
ապահովելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 851-Ն որոշման պահանջները և նպատակ ունենալով աջակցել և պաշտպանել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին, կնքեցին սույն փոխըմբռնման հուշագիրը (այսուհետ՝ հուշագիր), հետևյալի մասին.
1. Համագործակցության առարկան
1.1. Սույն հուշագրի նպատակը, «___________________________» հասարակական կազմակերպությունը գործընկեր հասարակական կազմակերպություն ճանաչելով, այդ կազմակերպությանը հնարավորություն ընձեռել համագործակցել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ոլորտում ներգրավված Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել նախապատվություն մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ոլորտում ծրագրեր և գործունեություն իրականացնելիս:
2. Համագործակցության ուղղությունները
2.1 .Կողմերի համագործակցության ուղղություններն են՝ իրականացնել՝
2.1.1. «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքով սահմանված աջակցության տրամադրում,
2.1.2 համատեղ վերապատրաստումներ, տեղեկատվության փոխանակում, խորհրդակցություններ, հետազոտություններ և ուսումնասիրություններ՝ համագործակցության առարկայի շրջանակներում,
2.1.3 կողմերի միջև համաձայնեցված այլ միջոցառումներ:
2.2. Գործընկեր հասարակական կազմակերպությունը՝
2.2.1 ապահովում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքով գործընկեր հասարակական կազմակերպությանը վերապահված լիազորությունների և գործունեության կատարումը,
2.2.2. տրամադրում է կացարան և օրենքով նախատեսված այլ աջակցություն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին ու հատուկ կատեգորիայի զոհերին,
2.2.3. տրամադրում է տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կատարված աշխատանքների և տրամադրված աջակցության վերաբերյալ, չի խոչընդոտում վերահսկողության իրականացմանը:
2.3. Խորհուրդը՝
2.3.1. անհրաժեշտության դեպքում աջակցում է գործընկեր հասարակական կազմակերպության մասնագետների վերապատրաստմանը և մասնակցությանը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում կազմակերպվող վերապատրաստումներին, դասընթացներին, քննարկումներին:
3. Եզրափակիչ դրույթներ
3.1.Հուշագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից՝ 3 տարի ժամկետով:
3.2. Հուշագրի գործողությունը դադարում է գործընկեր հասարակական կազմակերպության լուծարման, կազմակերպաիրավական ձևի փոփոխման, օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության փոփոխման դեպքում: Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 851-Ն որոշման պահանջներին անհամապատասխանությունը մեկամսյա ժամկետում վերացնելը չի հանգեցնի հուշագրի գործողության դադարեցմանը:
3.3. Հուշագրի գործողությունը կարող է դադարեցվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ: Հուշագրի գործողությունը դադարեցնել ցանկացող կողմը պարտավոր է մյուս կողմին այդ մասին գրավոր տեղեկացնել առնվազն մեկ ամիս առաջ: Մինչև հուշագրի գործողության դադարեցումը կողմերն ավարտում են չավարտված ծրագրերը:
3.4. Հուշագիրը կազմված է երկու օրինակից, հայերենով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրամադրվում է հուշագրի մեկական օրինակ:
4. Կողմերի ստորագրությունները
Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ |
«_______________» հասարակական կազմակերպություն | |
____________________ ____________________ |
____________________ ____________________»: |
2. Որոշման N 2 հավելվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Նույնացման հանձնաժողովում կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության նախապատվություն ունեն գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց հրաժարումից հետո կամ եթե նույնացման հանձնաժողովում առկա են կազմակերպությունների ներկայացուցիչների թափուր տեղեր, սույն կարգի 3-րդ կետում նշված հանձնաժողովն իրականացնում է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված մրցույթի հայտարարում:».
2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը.
3) 5-րդ կետից հանել «առնվազն 1000 տպաքանակ օրինակ ունեցող մամուլում, ինչպես նաև» բառերը.
4) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Նույնացման հանձնաժողովում կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության գործընթացին կարող են մասնակցել գործընկեր հասարակական կազմակերպություն չհանդիսացող՝ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող այն կազմակերպությունները, որոնք՝
1) առնվազն 3 տարի անընդմեջ իրականացնում են մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարին առնչվող գործունեություն, կամ
2) առնվազն 5 տարի անընդմեջ իրականացնում են սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարին առնչվող գործունեություն, կամ
3) առնվազն 1 տարի անընդմեջ իրականացնում են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն, իսկ այդ կազմակերպության հոգեբան, սոցիալական աշխատող, իրավաբան աշխատողների կեսից ավելին ունեն մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի ոլորտի կամ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցություն տրամադրելու առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:».
5) 9-րդ կետի 4-րդ ենթակետը «հանձնաժողովում» բառից առաջ լրացնել «Նույնացման» բառով.
6) 10-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) կազմակերպության ներկայացուցչի՝ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարին առնչվող գործունեության կամ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցություն տրամադրելու մասին ամփոփ տեղեկատվությունը, այդ թվում` ոլորտում աշխատելու ժամանակահատվածը, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերի նույնացման գործում փորձառությունը՝ առկայության դեպքում:».
7) 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.
«10.1. Հայտում նշված կամ հայտին կից ներկայացվող անձնական տվյալների հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով:».
8) 12-րդ կետից հանել «(կամ)» շաղկապը.
9) 17-րդ կետի 2-րդ ենթակետում «փորձառություն» բառը փոխարինել «փորձ» բառով, իսկ 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) վերջին երեք տարվա ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտում անցել են պատրաստում կամ վերապատրաստում՝ ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1534-Ն որոշմամբ հաստատված մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչների վերաբերյալ:».
10) 18-րդ կետը «կազմում» բառից հետո լրացնել «3 տարի ժամկետով» բառերով, ինչպես նաև լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Նույնացման հանձնաժողովի կազմում ընդգրկված լինելու դեպքում 3 տարին լրանալուց 3 ամիս առաջ կազմակերպության ներկայացուցիչը կարող է դիմել նույնացման հանձնաժողովում կրկին ընդգրկվելու համար՝ ընդհանուր կարգով:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սույն որոշման պահանջներին համապատասխան մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմակերպում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ընտրությունը՝ կազմակերպվող ընտրությունից հետո փոխարինելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման գործող հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների կազմը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
01.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 օգոստոսի 2024 թվական: