ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2024 թվականի N 1137-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 568-Ն որոշման N 1 հավելվածի`
1) 3-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) արտամարմնային բեղմնավորման իրականացման մեկ փորձ, հավելյալ սաղմերի ստացման դեպքում 4 սաղմի սառեցում` մինչև 6 ամիս պահպանմամբ.».
2) 3-րդ կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.
«5) ապասառեցված սաղմերի 2 հավելյալ տեղադրում արգանդի խոռոչ:».
3) 4-րդ կետում «Արտամարմնային» բառը փոխարինել «Մինչ արտամարմնային բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտությունները (առաջին փորձի ժամանակ կատարված հետազոտությունների վաղեմության ժամկետը լրանալու դեպքում) և արտամարմնային» բառերով, «մասնակցությամբ» բառից հետո լրացնել «, ընդ որում, սույն դրույթը վերաբերում է նաև մինչև սույն հավելվածով սահմանված շահառուի կարգավիճակի ձեռքբերումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտամարմնային բեղմնավորման փորձ կատարած և այնուհետև շահառուի կարգավիճակ ձեռք բերած անձանց» բառերով.
4) 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.
«4.1. Այն դեպքում, եթե անձն ունի սառեցված սաղմեր նախորդ արտամարմնային բեղմնավորման փորձից հետո, նա կարող է օգտվել արտամարմնային բեղմնավորման հաջորդ փորձից միայն սառեցված սաղմերի տեղադրման անհաջող փորձերից հետո:».
5) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու իրավունք ունեն՝
1) 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում՝ առանց 2 տարվա սահմանափակման)՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված անզավակ կանայք, ովքեր պատկանում են 20-40 (ներառյալ) տարիքային խմբին, սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված ծավալներով, ընդ որում՝ 40 տարեկանում հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 42 տարեկան դառնալը.
2) 28-42 (ներառյալ) տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված անզավակ կանայք` սույն հավելվածի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված ծավալներով.
3) մեկ երեխա ունեցող` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած (ճանաչված), 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում՝ առանց 2 տարվա սահմանափակման) զույգերը, որոնցից կինը պատկանում է 20-36 (ներառյալ) տարիքային խմբին` սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված ծավալներով, ընդ որում՝ 36 տարեկանում հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 39 տարեկան դառնալը.
4) զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված ծնողները` սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված ծավալներով, ընդ որում՝ կնոջ տարիքը սահմանվում է մինչև 42 տարեկանը, իսկ 41 տարեկանում հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 44 տարեկան դառնալը:».
6) 22-րդ կետի 3-րդ ենթակետից «, իսկ 10-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված բնակավայրերի բնակիչ հանդիսացող շահառու ամուսիններից մեկը` նաև տեղեկանք բնակության վայրից` մշտապես բնակվելու և տեղեկանք ոստիկանության բնակչության պետական ռեգիստրից` մշտական բնակության վայրում առնվազն մեկ տարի հաշվառված լինելու վերաբերյալ, ընդ որում` շահառու ամուսիններից մեկի հաշվառման և մշտական բնակության վայրերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 որոշման N 1 հավելվածով սահմանված ցանկին» բառերը հանել.
7) 22-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (ճանաչված) ամուսնության մեջ գտնվելու փաստը հավաստող փաստաթուղթը` սույն հավելվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված շահառուների դեպքում, իսկ սույն հավելվածով սահմանված այլ շահառուների դեպքում` միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (ճանաչված) ամուսնության մեջ գտնվելու դեպքում.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի օգոստոսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
25.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հուլիսի 2024 թվական: