Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 23.06.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
16.04.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

   

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

    

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0168/11/18

Գործ թիվ ԵԴ/0168/11/18

Նախագահող դատավոր՝  Ս.Համբարձումյան

                       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

          

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

   

նախագահությամբ

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

 

2021 թվականի ապրիլի 16-ին

ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով դիմողներ Սվետլանա Ասադյանի և Լևոն Ասադյանի ներկայացուցիչ Դ.Շախրամանյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի և շահագրգիռ անձ Արման Նազարյանի ներկայացուցիչ Լ.Սիմոնյանի վճռաբեկ բողոքները,

   

Պ Ա Ր Զ Ե Ց

  

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Սվետլանա Հունանի Ասադյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում 2017 թվականի օգոստոսի 10-ին հարուցվել է թիվ 13867017 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Նույն օրը որոշում է կայացվել քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին (այսուհետ՝ նաև Նախաքննության մարմին) ուղարկելու մասին:

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ վերոնշյալ գործով Լևոն և Սվետլանա Ասադյանները ճանաչվել են տուժողներ:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Հ.Հարությունյանի՝ 2018 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ Արման Մամիկոնի Նազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական գործի վարույթը կարճվել է և քրեական հետապնդում չի իրականացվել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ Լևոն Ասադյանի և Սվետլանա Ասադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի  333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում չի իրականացվել՝ նրանց արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Վերոհիշյալ որոշման դեմ դիմողներ Լ.Ասադյանի և Ս.Ասադյանի ներկայացուցիչ Դ.Շախրամանյանի բողոքը Երևան քաղաքի դատախազ Ր.Ասլանյանի՝ 2018 թվականի մարտի 21-ի որոշմամբ մերժվել է:

2. 2018 թվականի մայիսի 4-ին դիմողներ Լ.Ասադյանի և Ս.Ասադյանի ներկայացուցիչ Դ.Շախրամանյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` խնդրելով պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել տուժողներ Լ.Ասադյանի և Ս.Ասադյանի իրավունքների և ազատությունների խախտումը, այն է` վերացնել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Հ.Հարությունյանի՝ 2018 թվականի փետրվարի 20-ի որոշումը:

Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ դիմողների ներկայացուցիչ Դ.Շախրամանյանի բողոքը մերժել է:

3. Դիմողների ներկայացուցիչ Դ.Շախրամանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2019 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը բեկանել է, դիմողների ներկայացուցիչ Դ.Շախրամանյանի բողոքը ճանաչել է հիմնավորված և պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին վերացնելու դիմողների իրավունքների և ազատությունների խախտումները:

4. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը և շահագրգիռ անձ Ա.Նազարյանի ներկայացուցիչ Լ.Սիմոնյանը վճռաբեկ բողոքներ են բերել, որոնք Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ ընդունվել են վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի մարտի 31-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:

Դիմողների ներկայացուցիչ Դ.Շախրամանյանը վճռաբեկ բողոքների պատասխան է ներկայացրել՝ խնդրելով մերժել ներկայացված բողոքները և օրինական ուժի մեջ թողնել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 18-ի որոշումը:

                              

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. 2017 թվականի օգոստոսի 1-ին Սվետլանա Ասադյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր եղբորորդի՝ Արման Նազարյանը, 2014 թվականի հուլիսի 11-ին Երևան քաղաքի Գր.Լուսավորչի 13 հասցեում գործող «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունում՝ չարաշահելով իր վստահությունը, խարդախությամբ կնքել է ձևական առուվաճառքի, գրավի հիփոթեքի պայմանագիր, գրավադրել իր՝ Երևան քաղաքի Թաիրով փողոցի 47/1 հասցեում գտնվող տունը և Արման Նազարյանին պատկանող՝ Աշտարակ քաղաքի Շիրազի փողոցի 83-րդ տունը, որի դիմաց ստացված գումարը փոխանցվել է Արման Նազարյանին, սակայն վերջինս՝ կատարելով վարկային պայմանագրով նախատեսված վճարումները, գրավադրումից հանել է միայն Աշտարակ քաղաքում գտնվող իր բնակելի տունը, իսկ հետագայում այլևս վճարումներ չի կատարել, ինչի արդյունքում գրավի առարկա հանդիսացող՝ Թաիրով փողոցի 47/1 հասցեում գտնվող իր առանձնատունն անցել է բանկի տնօրինմանը և իրեն պատճառվել է 62.300 ԱՄՆ դոլարի նյութական վնաս1։

6. Նախաքննության մարմնի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ նշվել է, որ քրեական գործով միակ ուղղակի ապացույցը՝ հանցագործության մասին հաղորդում տված տուժողներ Սվետլանա և Լևոն Ասադյանների ցուցմունքներն են:

Նախաքննության ընթացքում, օգտվելով իրենց դատավարական իրավունքներից, ցուցմունք տալուց հրաժարվել են Անահիտ Նազարյանը, Լուսինե Նազարյանը, Արշակ Նազարյանը և Մարինե Հարությունյանը, որոնք հրաժարվել են նաև առերես հարցաքննությունից, կատարվել են հարցումներ, որպես վկա հարցաքննվել են Ս.Ասադյանի հարևանությամբ բնակվող Կ.Արմենակյանը և Ա.Հայրապետյանը, սակայն Ա.Նազարյանի կողմից Ս.Ասադյանի և Լ.Ասադյանի վստահությունը չարաշահելով՝ խարդախությամբ, նրանց առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու հանգամանքը հաստատող բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել:

Գտնելով, որ նախաքննությամբ ձեռք բերված բոլոր այն ապացույցները, որոնք  կասկած են առաջացնում Ա.Նազարյանի կողմից Ս.Ասադյանի և Լ.Ասադյանի վստահությունը չարաշահելով՝ խարդախությամբ, նրանց առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու վերաբերյալ, այլ ապացույցների հետ համակցության մեջ փոխկապակցված ամբողջություն չեն կազմում և որպես չփարատված կասկածներ, պետք է մեկնաբանվեն հօգուտ Արման Նազարյանի և չեն կարող դրվել Արման Նազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքում2։

7. Դիմողների ներկայացուցիչ Դ.Շախրամանյանի կողմից նախաքննության մարմնի վերոգրյալ որոշման դեմ ներկայացված բողոքը, Երևան քաղաքի դատախազի որոշմամբ մերժվել է և դրանով արձանագրվել է, որ նախաքննության ընթացքում «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշով չի հաստատվել Ա.Նազարյանի կողմից հափշտակություն կատարելու հանգամանքը, իսկ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները բավարար չեն Ա.Նազարյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և հանցանքի կատարումը հիմնավորված դիտելու համար:

Նույն որոշմամբ փաստվել է, որ Սվետլանա և Լևոն Ասադյանների ու Արման Նազարյանի միջև առկա է քաղաքացիական գործարքի շուրջ առաջացած վեճ, որը ենթակա է լուծման քաղաքացիական դատավարության կարգով: Հիշյալ անձանց միջև առաջացած վեճը դուրս է հանրային իրավունքի կարգավորման տիրույթից և ենթակա է լուծման մասնավոր իրավունքի նորմերին համապատասխան, հետևաբար բացակայում են քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու իրավական հիմքերը3:

8. Առաջին ատյանի դատարանի որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «(…) Քննիչի կողմից ձեռնարկվել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար օրենքով նախատեսված բոլոր միջոցներն ու թույլ չի տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջների խախտում: (…)

(…) [Զ]երծ մնալով վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված ապացույցները գնահատելուց, դատարանը եզրահանգում է, որ վարույթն իրականացրած մարմինը, ղեկավարվելով օրենքով, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները գնահատել է ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, որի արդյունքում տուժողներ Ասադյանների իրավունքներն ու օրինական շահերը չեն խախտվել, ինչը նշանակում է, որ Դիմողի բողոքն անհիմն է և ենթակա է մերժման (…)»4։

9. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ փաստել է հետևյալը. «(…) Նախաքննության մարմինը, անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ հոդվածում ամրագրված պահանջները, թիվ 13867017 քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման մեջ չի շարադրել նախաքննության ընթացքում բացահայտված այն հանգամանքները, որոնց հիման վրա քրեական գործով վարույթը կարճվում է:

Մասնավորապես, բավարարվելով գործով ձեռք բերված ապացույցների պարզ թվարկմամբ, որոշման նկարագրական-պատճառաբանական մասում ընդհանրապես բացակայում է այն փաստական հանգամանքների շարադրանքը, որը հաստատված է համարվել գործով ձեռք բերված ապացույցների վերլուծության և գնահատման հիման վրա:

Բացի այդ, նախաքննության մարմինը վերոնշյալ որոշման նկարագրական-պատճառաբանական մասում չի ներկայացրել նաև այն բավարար հիմնավորումները, որոնք հիմք են հանդիսացել Ա.Նազարյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի վարույթը կարճելու համար:

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ` որպես այդպիսի հիմնավորում չի կարող դիտվել այն պնդումը, թե «…նախաքննությամբ ձեռք բերված բոլոր այն ապացույցները, որոնք կասկած են առաջացնում Արման Նազարյանի կողմից Սվետլանա Հունանի Ասադյանի և Լևոն Ղևոնդի Ասադյանի վստահությունը չարաշահելով՝ խարդախությամբ, նրանց առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու վերաբերյալ, այլ ապացույցների հետ համակցության մեջ փոխկապակցված ամբողջություն չեն կազմում և դրանք դիտվում են որպես չփարատված կասկածներ, որոնք պետք է մեկնաբանվեն հօգուտ Արման Նազարյանի և չեն կարող դրվել Ա.Նազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքում»:

Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման արդյունքում հանգում է այն հետևության, որ դիմողներ Սվետլանա Ասադյանի և Լևոն Ասադյանի ներկայացուցիչ Դ.Շախրամանյանի բողոքը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը օրինական և հիմնավորված չէ, քանի որ թիվ 13867017 քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի 20.02.2018թ. որոշմամբ խախտվել են Սվետլանա Ասադյանի և Լևոն Ասադյանի իրավունքներն ու ազատությունները, և անհրաժեշտ էր վերջիններիս ներկայացուցիչ Դ.Շախրամանյանի բողոքը ճանաչելով հիմնավորված` որոշում կայացնել այդ խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: (…)»5:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, նշել է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը, կայացրել է չպատճառաբանված որոշում՝ թույլ տալով դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում:

Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանի դատական ակտով չեն ներկայացվել համապատասխան հիմնավորումներն այն մասին, թե Նախաքննության մարմնի որոշմամբ դիմող կողմի որ իրավունքներն ու ազատություններն են խախտվել, դատարանի հետևությունները չեն բխում ինչպես ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ, այնպես էլ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով ամրագրված իրավակարգավորումներից, հետևաբար, Վերաքննիչ դատարանի կողմից կայացված վիճարկվող որոշումը չի կարող դիտարկվել պատճառաբանված, ուստի նաև՝ հիմնավոր։

10.1. Բողոքաբերի պնդմամբ՝ խնդրո առարկա վեճը վկայում է քաղաքացիական իրավահարաբերություններից բխող գործողությունների առկայության, մասնավորապես՝ շահագրգիռ անձ Արման Նազարյանի և դիմող Սվետլանա Ասադյանի անշարժ գույքերի առուվաճառքի, գրավի, հիփոթեքի պայմանագրերով նախատեսված իրավահարաբերությունների մասին, որոնք ենթակա են լուծման բացառապես մասնավոր՝ քաղաքացիաիրավական տիրույթում և դրանք քրեաիրավական ոլորտում քննության առարկա դարձնելու դեպքում կխաթարվի քաղաքացիաիրավական ու քաղաքացիադատավարական հարաբերությունների ներքին տրամաբանությունը:

10.2. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 18-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 6-ի որոշմանը:

11. Շահագրգիռ անձ Ա.Նազարյանի ներկայացուցիչ Լ.Սիմոնյանը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման ընթացքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ուստի դիմողներ Լևոն և Սվետլանա Ասադյանների իրավունքների և ազատությունների խախտման և վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր համարվել չեն կարող։

Միևնույն ժամանակ, բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված:

11.1. Ի հիմնավորումն իր հիշյալ պնդումների՝ բողոքի հեղինակը նշել է, որ քրեական գործի նյութերով հիմնավորված է, որ դիմող Ս.Ասադյանի կողմից վկայակոչված պայմանագիրը ձևական չի եղել, իսկ տուժող կողմի նշված փաստական տվյալները չեն համապատասխանում իրականությանը և հերքված են: Ըստ բողոքաբերի՝ դիմող Ս.Ասադյանի և շահագրգիռ անձ Ա.Նազարյանի միջև առկա են քաղաքացիաիրավական հարաբերություններ, ինչպիսիք կարող են առաջանալ գույքը վաճառողի և գնորդի միջև, որոնք ենթակա են լուծման քաղաքացիական դատավարության կարգով:

 Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի պատճառաբանվել, թե վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեադատավարական օրենսդրության որ պահանջն է խախտվել և ինչում է այն դրսևորվել, ինչպես նաև չի պատճառաբանվել, թե դրա հետևանքով դիմողների որ իրավունքը կամ ազատություններն են խախտվել:

11.2. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել  Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 18-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝  2018 թվականի նոյեմբերի 6-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք դիմողներ Լևոն և Սվետլանա Ասադյանների իրավունքների խախտման և վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին (…)»։

Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(...) [Դ]ատարանը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու շրջանակներում ներկայացված բողոքը հիմնավորված ճանաչելու դեպքում իր դատական ակտում պետք է հստակ պատճառաբանի`

ա) վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեադատավարական օրենսդրության որ պահանջն է խախտվել և ինչում է այն դրսևորվել,

բ) դրա հետևանքով անձի որ իրավունքը կամ ազատությունն է խախտվել»6։

14. Քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտման դեպքերում քրեադատավարական կառուցակարգերի գործադրմամբ իրավական պաշտպանություն հայցելու հնարավորության կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ քրեադատավարական ռեսուրսները չեն կարող օգտագործվել քաղաքացիական բնույթի իրավահարաբերությունները (վեճը) պարզելու և այդպիսի վեճի առարկան կազմող իրավաբանական փաստերը հաստատելու ուղղությամբ։ Վերջինս պայմանավորված է համապատասխան փաստերը հաստատելու քաղաքացիադատավարական կանոնների՝ քրեադատավարական կանոններից սկզբունքային տարբերությամբ և դրանք մեկը մյուսով փոխարինելու անթույլատրելիությամբ։ Այսպես, եթե քաղաքացիաիրավական հարաբերության հենքը վերաբերում է կարգավորիչ գործառույթ իրականացնող իրավունքի ճյուղին, ապա քրեական իրավունքը և դատավարությունը, մարմնավորելով իրավունքի պահպանիչ գործառույթը, իրենց բնույթով ածանցյալ են իրավունքի տվյալ ճյուղերից, մասնավորապես` քաղաքացիական իրավունքից և դատավարությունից։ Ուստի, ներգործության քրեաիրավական և քրեադատավարական միջոցները չպետք է այնպիսին լինեն, որ խաթարեն քաղաքացիաիրավական ու քաղաքացիադատավարական հարաբերությունների ներքին տրամաբանությունը, անորոշություն ու անկանխատեսելիություն ստեղծեն քաղաքացիաիրավական շրջանառության մեջ:

Հակառակ պարագայում կարող է առաջանալ իրավիճակ, երբ նույն փաստի վերաբերյալ առկա լինեն քաղաքացիական դատավարության կարգով և քրեական դատավարության կարգով կայացված օրինական ուժի մեջ մտած իրար հակասող դատական ակտեր, ինչն անթույլատրելի է, քանի որ իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից, եթե դատարանները վերջնականապես որոշել են որևէ հարց, նրանց որոշումը չպետք է կասկածի տակ դրվի7:

15. Վերահաստատելով նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները` Տատյանա Բելյավցևայի և Շահեն Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քրեադատավարական իրավահարաբերություններում իրավական պաշտպանություն հայցելու մեխանիզմները չեն կարող օգտագործվել այն դեպքերում, երբ պաշտպանության առարկան կազմող իրավահարաբերություններն իրենց բնույթով ենթակա են կարգավորման քաղաքացիական իրավանորմերի գործադրման արդյունքում։ Այլ կերպ` քրեադատավարական կառուցակարգերը, այդ թվում` վերջնական որոշումների օրինականության նկատմամբ հետագա դատական վերահսկողությունը, չեն կարող կիրառվել քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու ուղղությամբ8:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ

- 2017 թվականի օգոստոսի 8-ին Սվետլանա Ասադյանը հաղորդում է տվել այն մասին, որ իր եղբոր որդի՝ Արման Նազարյանը խարդախությամբ կնքել է ձևական առուվաճառքի, գրավի հիփոթեքի պայմանագիր, ինչի արդյունքում գրավի առարկա հանդիսացող իր առանձնատունն անցել է բանկի տնօրինմանը և իրեն պատճառվել է 62.300 ԱՄՆ դոլարի նյութական վնաս9,

- Նախաքննության մարմինը, գտնելով, որ Ա.Նազարյանի կողմից Ս.Ասադյանի և Լ.Ասադյանի վստահությունը չարաշահելով՝ խարդախությամբ, նրանց առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու հանգամանքը հաստատող բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և Ա.Նազարյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ10,

- Երևան քաղաքի դատախազի որոշմամբ Նախաքննության մարմնի որոշման դեմ դիմողների ներկայացուցիչ Դ.Շախրամանյանի ներկայացված բողոքը մերժվել է և փաստվել, որ նախաքննության ընթացքում «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշով չի հաստատվել Ա.Նազարյանի կողմից հափշտակություն կատարելու հանգամանքը, հետևաբար, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները բավարար չեն վերջինիս անմեղության կանխավարկածը հաղթահարելու և հանցանքի կատարումը հիմնավորված դիտելու համար, իսկ Սվետլանա և Լևոն Ասադյանների ու Արման Նազարյանի միջև առկա է քաղաքացիական գործարքի շուրջ առաջացած վեճ, որը ենթակա է լուծման քաղաքացիական դատավարության կարգով11,

- Նախաքննության մարմնի վերոնշյալ որոշման դեմ ներկայացված բողոքն Առաջին ատյանի դատարանը մերժել է՝ պատճառաբանելով, որ վարույթն իրականացրած մարմինը նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները գնահատել է ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, որի արդյունքում դիմողների իրավունքներն ու օրինական շահերը չեն խախտվել12,

- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ հանգել է հետևության առ այն, որ Նախաքննության մարմնի կողմից կայացված՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշմամբ խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ հոդվածի պահանջները, որը դրսևորվել է նրանում, որ չեն շարադրվել նախաքննության ընթացքում բացահայտված այն հանգամանքները, որոնց հիման վրա քրեական գործով վարույթը կարճվել է, իսկ նկարագրական-պատճառաբանական մասում բացակայել է այն փաստական հանգամանքների շարադրանքը, որը հաստատված է համարվել գործով ձեռք բերված ապացույցների վերլուծության և գնահատման հիման վրա։ Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ Նախաքննության մարմնի հիշյալ որոշմամբ չեն ներկայացվել այն բավարար հիմնավորումները, որոնք հիմք են հանդիսացել Ա.Նազարյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի վարույթը կարճելու համար։ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ, քանի որ նախաքննության մարմնի վերոգրյալ որոշմամբ խախտվել են դիմողներ Լևոն և Սվետլանա Ասադյանների իրավունքներն ու ազատությունները13:

17. Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտի ուսումնասիրությունից երևում է, որ այն չի համապատասխանում դատական ակտերին ներկայացվող պատճառաբանվածության չափանիշին14:

17.1. Մասնավորապես, Վերաքննիչ դատարանի կողմից դիմողների ներկայացուցիչ Դ.Շախրամանյանի ներկայացրած բողոքը հիմնավորված ճանաչելու հետևությունների հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Նախաքննության մարմնի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ հոդվածի պահանջների խախտումներ, մասնավորապես՝ դրանում չեն ներկայացվել այն բավարար հիմնավորումները, որոնք հիմք են հանդիսացել Ա.Նազարյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի վարույթը կարճելու համար15։ Մինչդեռ, հարկ է արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը ներկայացված բողոքը հիմնավորված ճանաչելու պայմաններում, որևէ կերպ չի պատճառաբանել, թե դրա հետևանքով դիմողների որ իրավունքը կամ ազատությունն է խախտվել, ինչի հետևանքով վարույթն իրականացնող մարմնի համար անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու պարտականությունը ողջամտորեն դառնում է անիրագործելի16:

18. Միևնույն ժամանակ, սույն որոշման 16-րդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, բավարարելով դիմողների ներկայացուցչի բողոքը և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնելու դիմողների իրավունքների ենթադրյալ խախտումները, պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել այն, որ վիճարկվող որոշման դեմ ներկայացված բողոքով հայցվող իրավական պաշտպանության առարկան քաղաքացիական իրավանորմերի գործադրմամբ լուծման ենթակա հարցեր են։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի դատախազի որոշմամբ փաստված այն հանգամանքը, թե կողմերի միջև ծագած վեճերը ենթակա են լուծման քաղաքացիաիրավական հարթությունում17, իրավաչափ է և հիմնավոր, քանզի գործում բացակայել են ապացույցներն առ այն, որ շահագրգիռ անձ Ա.Նազարյանը մինչև դիմող Ս.Ասադյանի հետ գործարք կնքելը նպատակ է ունեցել վերջինիս կողմից վիճարկվող առուվաճառքի պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքը հափշտակելու, ինչը խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է18:

19. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հիմնավոր չեն դիմողներ Լևոն և Սվետլանա Ասադյանների իրավունքների խախտման և վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։

20. Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ, 358-րդ հոդվածների խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, մերժելով դիմողների ներկայացուցիչ Դ.Շախրամանյանի բողոքը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 6-ի որոշմանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

   

Ո Ր Ո Շ Ե Ց

   

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Դիմողներ Սվետլանա Ասադյանի և Լևոն Ասադյանի ներկայացուցիչ Դ.Շախրամանյանի վերաքննիչ բողոքը բավարարելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի ապրիլի 18-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 6-ի որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

_________________________________ 

1  Տե՛ս նյութեր, քրեական գործ, թերթեր 4-8:

2  Տե՛ս նյութեր, քրեական գործ, թերթեր 278-282:

3  Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 74-81:

4  Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 105-110:

5  Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 64-89:

6  Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Մանվել և Լիդա Հովհաննիսյանների գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԱՐԱԴ/0001/11/14 որոշման 18-րդ կետը:

7  Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Լիա Ավետիսյանի գործով 2011 թվականի փետրվարի 29-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշման 30-րդ կետը, Վարդան Մաթևոսյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵՇԴ/0037/01/11 որոշման 25-27-րդ կետերը, Ռուդիկ Բալասանյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԿԴ/0199/01/13 որոշման 17-րդ կետը։

8  Տե'ս Վճռաբեկ դատարանի` Տատյանա Բելյավցևայի և Շահեն Գևորգյանի գործով 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԱՆԴ/0025/11/16 որոշման 12.1-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

10  Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

11  Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

12 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

13 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

14  Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ֆրունզիկ Գալստյանի գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը, Գևորգ Խնուսյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 14-րդ կետը, Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15 որոշման 14-րդ կետը, Արամայիս Հակոբյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14 որոշման 17.1-րդ կետը:

15  Տե՛ս սույն որոշման 9-րդ և 16-րդ կետերը։

16  Տե՛ս, mutatis mutandis, Մանվել և Լիդա Հովհաննիսյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԱՐԱԴ/0001/11/14 որոշման 18-րդ կետը:

17  Տե՛ս սույն որոշման 7-րդ և 16-րդ կետերը։

18  Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Լիա Ավետիսյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 և Վահան Մաթևոսյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵՇԴ/0037/01/11 որոշումները:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

                  

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան