ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԳԱՍՊԱՐԻՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 6822/10)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
26 մարտի 2020թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Գասպարին ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Ալեշ Պեյխալ [Aleš Pejchal]՝ Նախագահ,
Թիմ Այքը [Tim Eicke],
Յովան Իլևսկի [Jovan Ilievski]՝ դատավորներ,
և Ռենատա Դեգեներ [Renata Degener]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Վարդգես Գասպարիի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2009 թվականի դեկտեմբերի 30-ին Դատարան ներկայացված գանգատը,
արդար դատավարության ենթադրյալ բացակայության և դատավարության կողմերի հավասարության սկզբունքի ու դիմումատուի՝ իր վկաներին կանչելու իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ բողոքների մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
2020 թվականի մարտի 3-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Սույն գործը վերաբերում է դիմումատուի գործով դատավարությանը, որը, հիմնվելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի վրա, պնդել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը հիմնված է եղել բացառապես ոստիկանության ցուցմունքների վրա, չի պահպանվել կողմերի հավասարության սկզբունքը, և ինքը չի կարողացել կանչել իր վկաներին միևնույն պայմաններով, ինչ մեղադրանքի կողմը:
ՓԱՍՏԵՐԸ
1. Դիմումատուն ծնվել է 1957 թվականին և ապրում է Երևանում: Դիմումատուին ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ պրն Մ. Շուշանյանը և պրն Ա. Զաքարյանը:
2. Կառավարությունը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ պրն Ե. Կիրակոսյանը:
3. Գործով փաստերը, որոնք ներկայացրել են կողմերը, կարելի է ամփոփել հետևյալ կերպ:
Ա. Գործի նախապատմությունը
4. 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Դիմումատուն, որը հայտնի քաղաքական ակտիվիստ էր, եղել է հիմնական ընդդիմության թեկնածու պրն Տեր-Պետրոսյանի ակտիվ կողմնակիցը և ընտրական տեղամասերից մեկում գործել է որպես ընտրություններում նրա պաշտոնական ներկայացուցիչ:
5. Ընտրության նախնական արդյունքները հայտարարվելուց անմիջապես հետո պրն Տեր-Պետրոսյանը կոչ է արել իր կողմնակիցներին հավաքվել Երևանի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակում (հայտնի է նաև «Օպերայի հրապարակ» անվանմամբ)՝ ընտրական գործընթացում ենթադրաբար տեղի ունեցած խախտումների դեմ բողոքելու համար՝ հայտարարելով, որ ընտրությունները չեն եղել ազատ և արդար։ 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած պրն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն ամեն օր անցկացնում էին համազգային բողոքի ցույցեր՝ իրենց հանդիպումների հիմնական վայրը դարձնելով Ազատության հրապարակը և շրջակա այգին, որտեղ նրանք նաև ճամբար էին հիմնել: Դիմումատուն հանրահավաքների ակտիվ մասնակից էր:
6. Դիմումատուն պնդել է, որ 2008 թվականի մարտի 1-ին՝ մոտավորապես ժամը 06:00-ին, ոստիկանությունը ժամանել է Ազատության հրապարակ և հարձակվել այնտեղ գիշերած մի քանի հարյուր ցուցարարների վրա՝ ռետինե մահակներով դաժանորեն ծեծելով նրանց, ավերելով ճամբարը և ցրելով հավաքը: Մի քանի րոպեի ընթացքում ոչ մի ցուցարար չի մնացել հրապարակում, որն այնուհետև փակվել է ոստիկանության կողմից՝ հետագա ցույցերը կանխելու համար:
7. Ըստ իրադարձությունների պաշտոնական շարադրանքի՝ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ոստիկանության գործողությունների նպատակն Ազատության հրապարակի ճամբարում հավաքված ցուցարարների շրջանում զենքի առկայությունն ստուգելն էր: Ցուցարարներն ագրեսիվորեն են արձագանքել՝ հարձակվելով ոստիկանության վրա, իսկ այնուհետև ցրվել են: Հրապարակից ցուցարարներին հեռացնելուց հետո այն փակվել է, և ոստիկանության հատուկ ստորաբաժանումներն իրականացրել են դեպքի վայրի զննություն:
Բ. Դիմումատուի դեմ քրեական վարույթը
8. Ըստ դիմումատուի՝ Ազատության հրապարակում հավաքը ցրելու ժամանակ նա եղել է տանը: Այդ մասին տեղյակ չլինելով՝ մոտավորապես ժամը 07:45-ին նա ուղևորվել է դեպի հանրահավաք՝ իր ճանապարհին նկատելով քաղաքում անսովոր քաոսային իրավիճակ և ականատես լինելով ոստիկանության աշխատակիցների կողմից փողոցում մարդկանց հետապնդելու կամ նրանց վրա հարձակվելու, իսկ նրանցից ոմանց ստիպողաբար ոստիկանական մեքենաներ նստեցնելու դեպքերի: Մոտավորապես ժամը 07:55-ին նա հասել է Ազատության հրապարակի մոտակայքում գտնվող Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկ, որտեղ կենտրոնացած էին մեծ թվով մարդիկ և ոստիկանության ծառայողներ: Նրան անսպասելիորեն հետևից հրել են, ստիպողաբար նստեցրել են ոստիկանական մեքենա և տարել են Կենտրոնի ոստիկանության բաժին, որտեղ նա մնացել է մինչև ժամը 11:00-ն, որտեղից նրան տեղափոխել են Արաբկիրի ոստիկանության բաժին:
9. «Դիմումատուին բերման ենթարկելու» մասին արձանագրության համաձայն՝ դիմումատուն Մաշտոցի պողոտայից ոստիկանության երկու ծառայողների՝ Ե.Փ.-ի և Գ.Հ.-ի կողմից «բերման է ենթարկվել» Արաբկիրի ոստիկանության բաժին 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 08:30-ին՝ «Օպերայի տարածքում ոստիկանության ծառայողներին դիմադրություն ցուցաբերելու համար»: Դիմումատուն ենթարկվել է անձնական խուզարկության, և կազմվել է համապատասխան արձանագրություն: Նաև պարզվում է, որ այս առնչությամբ ոստիկանության ծառայող Ե.Փ.-ի կողմից զեկուցվել է ոստիկանապետին:
10. Ոստիկանության ծառայող Ե.Փ.-ի 2008 թվականի մարտի 1-ի ցուցմունքի համաձայն՝ ինքն այդ օրն առավոտյան մասնակցել է Ազատության հրապարակում իրականացվող ոստիկանական գործողություններին: Ե.Փ.-ն պնդել է, որ ոստիկանության և ցուցարարների միջև տեղի է ունեցել բախում, և նկարագրել է, թե ինչպես է նա բռնարար ցուցարարներից մեկին, որի ինքնությունն այնուհետև պարզվել է որպես Հ.Գ., տարել Կենտրոնի ոստիկանության բաժին, որտեղից նա Հ.Գ.-ին տեղափոխել է Արաբկիրի ոստիկանության բաժին: Դրանից հետո ինքը վերադարձել է Ազատության հրապարակ, որտեղ հանդիպել է ոստիկանության ծառայող Գ.Հ.-ին: Ինքը և Գ.Հ.-ն նկատել են հինգ կամ վեց անձից կազմված խմբի, որոնք քայլում էին դեպի մինչ այդ փակված հրապարակ, և փորձել են կանգնեցնել նրանց: Այդ անձանցից մեկն արձագանքել է ագրեսիվորեն, չի ենթարկվել հեռանալու մասին իրենց կարգադրություններին և սկսել է հրել ու հարվածել իրենց: Կարճ ժամանակ տևած քաշքշուկից հետո ինքը և Գ.Հ.-ն բռնել են այդ անձին և տարել են Կենտրոնի ոստիկանության բաժին, որտեղից իրենց մեքենայով նրան տարել են Արաբկիրի ոստիկանության բաժին, որտեղ նա ճանաչվել է որպես դիմումատու:
11. Ոստիկանության ծառայող Գ.Հ.-ն նմանատիպ հայտարարություններ է արել իր 2008 թվականի մարտի 2-ի ցուցմունքի մեջ:
12. 2008 թվականի մարտի 5-ին դիմումատուի նկատմամբ Քրեական օրենսգրքի (ՔՕ) 316-րդ հոդվածի 1-ին մասով պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել հետևյալ բովանդակությամբ.
«... մասնակցելով նախագահական ընտրությունների թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա կողմնակիցների կողմից կազմակերպված և իրականացված անօրինական հրապարակային միջոցառումների, այդ թվում՝ զանգվածային ցույցերի, 24-ժամյա հանրահավաքների, ժողովների, պիկետների և նստացույցերի, խաթարելով բնականոն կյանքը, երթևեկությունը, պետական և մասնավոր հաստատությունների գործունեությունն ու բնակչության խաղաղությունը և հանգիստը՝ Երևանում 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը մոտավորապես 08:30-ին, Ազատության հրապարակի հարևանությամբ [դիմումատուն] գործադրել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն կամ սպառնացել է գործադրել այդպիսի բռնություն [Արաբկիրի ոստիկանության բաժնի ոստիկանության ծառայողեր Ե.Փ.-ի և Գ.Հ.-ի նկատմամբ]՝ չենթարկվելով նրանց օրինական կարգադրություններին այն բանից հետո, երբ նրանք ևս մեկ անգամ նախազգուշացրել և պահանջել են դադարեցնել անօրինական միջոցառումներին իր մասնակցությունը»:
13. 2008 թվականի ապրիլի 3-ին Գլխավոր դատախազը հաստատել է ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական եզրակացությունը: Դրանում նշվել է, որ այն բանից հետո, երբ Ազատության հրապարակից ցուցարարները հեռացվել են 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան, այդ տարածքը փակվել է, և այնտեղ իրականացվել են ստուգումներ: Մոտավորապես ժամը 08:30-ին ոստիկանության ծառայողներ Ե.Փ.-ն և Գ.Հ.-ն, որոնք իրենց ծառայողական պարտականություններն էին կատարում Ազատության հրապարակում, Մաշտոցի պողոտայում նկատել են դիմումատուին, որը գոռում և քայլում էր դեպի Ազատության հրապարակ: Նրանք մոտեցել և տեղեկացրել են նրան, որ Ազատության հրապարակում իրականացվում են քննչական միջոցառումներ՝ նրան կարգադրելով հեռանալ և այնտեղ չգնալ: Դիմումատուն հրաժարվել է կատարել իրենց օրինական կարգադրությունները և վրդովվել է ու սկսել է ագրեսիվ վարքագիծ դրսևորել՝ նշելով, որ որևէ մեկը չի կարող խոչընդոտել հանրահավաքներին իր մասնակցությունը: Դրանից հետո նա կյանքի և առողջության համար վտանգ չներկայացնող ձևով հարձակվել է ոստիկանության երկու ծառայողների վրա՝ հարվածելով, քաշելով և հրելով նրանց, ինչպես նաև սպառնացել է հաշվեհարդար տեսնել նրանց հետ: Մեղադրական եզրակացությունը հիմնվել է հետևյալ ապացույցների վրա.
ա) ոստիկանության ծառայողներ Ե.Փ.-ի և Գ.Հ.-ի ցուցմունքները.
բ) դեպքի վայրի զննության արձանագրությունները և Ազատության հրապարակում ենթադրաբար հայտնաբերված զենքի դատական փորձաքննության արդյունքները, և
գ) դիմումատուին «բերման ենթարկելու» արձանագրությունը:
14. Նույն օրը դիմումատուի գործը քննության համար ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների [ընդհանուր իրավասության] դատարան:
15. Դատական քննության ընթացքում դիմումատուն նշել է, որ ինքը քրեական հետապնդման է ենթարկվել իր քաղաքական հայացքների համար, և որ ոստիկանության ծառայողներ Ե.Փ.-ն և Գ.Հ.-ն ոչ վստահելի վկաներ են, որոնք կեղծ հայտարարություններ են արել: Ինքը 2008 թվականի մարտի 1-ին նրանց հետ չի բախվել և փաստացի Կենտրոնի ոստիկանության բաժին է տարվել ոստիկանության այլ ծառայողների կողմից:
16. Պարզվում է, որ ոստիկանության ծառայողներ Ե.Փ.-ն և Գ.Հ.-ն դատական քննության ընթացքում նույնպես հաստատել են իրենց կողմից նախկինում արված հայտարարությունները:
17. 2008 թվականի օգոստոսի 21-ի նիստի ժամանակ՝ ոստիկանության ծառայող Գ.Հ.-ին քննելուց հետո, դիմումատուն դատարանին խնդրել է որպես ապացույց ընդունել և ուսումնասիրել լրատվական գործակալության կողմից Կենտրոնի ոստիկանության բաժնի դիմաց 2008 թվականի մարտի 1-ին կատարված տեսագրությունը, որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես են իրեն և ցուցարարներից Հ.Գ.-ին դուրս հանում ոստիկանության բաժնից, նստեցնում ոստիկանական մեքենան և տանում Արաբկիրի ոստիկանության բաժին: Իրենց տեղափոխող ոստիկանության ծառայողների մեջ չեն եղել ո՛չ ոստիկանության ծառայող Ե.Փ.-ն և ո՛չ էլ ոստիկանության ծառայող Գ.Հ.-ն: Դիմումատուն նշել է, որ տեսագրությամբ հաստատվում է, որ ոստիկանության երկու ծառայողներն էլ արել են կեղծ հայտարարություններ և չեն կարող համարվել վստահելի վկաներ: Նա նաև նշել է, որ նույն տեսագրությունը ներկայացվել է մեկ այլ ցուցարարի քրեական գործով դատական քննության ընթացքում, որում նույնպես ոստիկանության ծառայող Ե.Փ.-ն հանդես է եկել որպես վկա և արել է նմանատիպ հայտարարություններ, ինչից հետո պարզվել է, որ Ե.Փ.-ի ցուցմունքն արժանահավատ չէ, իսկ տվյալ ցուցարարին արդարացրել են:
18. Դիմումատուն դատարանին խնդրել է նաև կանչել չորս վկաների, այդ թվում՝ Հ.Գ.-ին, որը կարող էր հաստատել այն փաստը, որ ի հակադրություն ոստիկանության ծառայողների հայտարարությունների՝ իրենց Կենտրոնի ոստիկանության բաժին տարել են միասին, և ոստիկանության այդ երկու ծառայողներից ոչ մեկն իրենց ուղեկցող ոստիկանության ծառայողների մեջ չի եղել: Մյուս վկաները, այդ թվում՝ երկու պատգամավոր՝ Զ.Փ.-ն և Ա.Մ.-ն, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբանների ՀԿ-ի ղեկավար Ս.Մ.-ն նույնպես կարող էին հաստատել իրադարձությունների այդ տարբերակը, քանի որ նրանք բոլորն այդ ժամանակ գտնվել են Կենտրոնի ոստիկանության բաժնի դիմաց և ականատես են եղել, թե ինչպես են իրեն և Հ.Գ.-ին դուրս հանել այնտեղից ու տեղափոխել Արաբկիրի ոստիկանության բաժին: Բացի այդ, Ս.Մ.-ն ականատես է եղել, թե ինչպես են իրեն և Հ.Գ.-ին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանության բաժին և կարող էր հաստատել, որ ոստիկանության այդ երկու ծառայողներից ոչ մեկն իրեն բերման ենթարկածների մեջ չի եղել:
19. Վարչական շրջանի դատարանը մերժել է քննել պահանջները՝ պատճառաբանելով, որ դրանք չեն ներկայացվել ճիշտ ժամանակին, մասնավորապես դատական քննության նախապատրաստական փուլում, և դրանց քննությունը կխաթարի այն ապացույցների քննության կարգը, որոնց շրջանակն արդեն իսկ պարզվել էր: Դիմումատուն նշել է, որ տվյալ տեսագրությունը նախքան դատական քննությունն սկսելն իրեն հասանելի չի եղել, սակայն Վարչական շրջանի դատարանը հրաժարվել է փոխել իր որոշումը:
20. 2008 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը, ամփոփելով մեղադրական եզրակացության մեջ ներկայացված փաստերը, դիմումատուին մեղավոր է ճանաչել՝ մեղադրանքին համապատասխան, և նրան դատապարտել է մեկ տարի ժամկետով ազատազրկման: Այդպիսով, Վարչական շրջանի դատարանը հիմնվել է ոստիկանության ծառայողներ Ե.Փ.-ի և Գ.Հ.-ի ցուցմունքների, դիմումատուին «բերման ենթարկելու» և նրա անձնական խուզարկության արձանագրությունների, ինչպես նաև ոստիկանության զեկուցագրի վրա, ընդ որում, համարելով, որ դեպքի վայրի զննության արձանագրությունները վերաբերելի ապացույցներ չէին:
21. 2008 թվականի դեկտեմբերի 9-ին դիմումատուն ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ բողոքելով, inter alia (ի թիվս այլնի), այն փաստի վերաբերյալ, որ Վարչական շրջանի դատարանը մերժել է ուսումնասիրել տեսագրությունը և կանչել վկաների:
22. Դիմումատուի վերաքննիչ բողոքը քննելու ընթացքում Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է բավարարել դիմումատուի՝ տվյալ տեսագրությունն ընդունելու և ուսումնասիրելու պահանջը: Պարզվում է, որ տեսագրությունն ուսումնասիրելուց հետո, որով հաստատվել է իրադարձությունների՝ դիմումատուի կողմից ներկայացված տարբերակը, ոստիկանության ծառայողները փոխել են իրենց կողմից նախկինում արված՝ դիմումատուին ոստիկանության մի բաժնից մյուսը տեղափոխելու հետ կապված հանգամանքների վերաբերյալ հայտարարությունները:
23. Ինչ վերաբերում է դիմումատուի՝ վկաներ կանչելու պահանջին, ապա Վերաքննիչ դատարանը գտել է, որ դրա անհրաժեշտությունը չկար, քանի որ դիմումատուին «բերման ենթարկելու» և Արաբկիրի ոստիկանության բաժին տեղափոխելու հանգամանքները հաստատվել էին մի շարք նյութերի հիման վրա, այդ թվում՝ վերոնշյալ տեսագրությամբ և դիմումատուի փաստարկներով:
24. 2009 թվականի մարտի 30-ին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել դիմումատուի մեղադրական դատավճիռը: Վերաքննիչ դատարանը նշել է, որ Վարչական շրջանի դատարանը, թեև գործի ըստ էության քննության վերաբերյալ ճիշտ եզրակացությունների է հանգել, այնուամենայնիվ, թույլ է տվել որոշակի դատավարական խախտումներ, այդ թվում՝ պատշաճ ուշադրություն չդարձնելով դիմումատուի պահանջներին և չընդունելով դրանք բավարարելու կամ մերժելու մասին որևէ վերջնական որոշում: Այդ թերությունները շտկելու համար Վերաքննիչ դատարանը որոշել է քննել տվյալ պահանջները և դրանց վերաբերյալ որոշում կայացնել: Վերաքննիչ դատարանն այնուհետև նշել է, որ տվյալ տեսագրության մեջ կարելի է տեսնել, որ ոստիկանության ծառայող Ե.Փ.-ն չի եղել դիմումատուին Կենտրոնի ոստիկանության բաժնից Արաբկիրի ոստիկանության բաժին տեղափոխողների մեջ: Մյուս կողմից հնարավոր չէր տեսնել, թե ով է դիմումատուին բերել Կենտրոնի ոստիկանության բաժին: Վերաքննիչ դատարանը ոստիկանության ծառայողների՝ դիմումատուին «բերման ենթարկելու» և Կենտրոնի ոստիկանության բաժնից Արաբկիրի ոստիկանության բաժին տեղափոխելու վերաբերյալ հայտարարություններում առկա հակասությունները համարել է ոչ էական և նրանց ցուցմունքների առնչությամբ կասկած չառաջացնող՝ միևնույն ժամանակ մերժելով դիմումատուի փաստարկները՝ որպես ոչ արժանահավատ:
25. 2009 թվականի ապրիլի 30-ին դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք:
26. 2009 թվականի հունիսի 5-ին Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը ճանաչել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով: 2009 թվականի հուլիսի 9-ին այդ որոշման մասին ծանուցվել է դիմումատուին:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
27. Քրեական օրենսգրքի (2003 թվականի) 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
28. Քրեական դատավարության օրենսգրքի (1999 թվականի) 102-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ միջնորդությունները և պահանջները պետք է քննության առնվեն և լուծվեն դրանք հայտարարելուց անմիջապես հետո, եթե սույն օրենսգրքի դրույթներով այլ կարգ սահմանված չէ: Միջնորդության լուծումը կարող է հետաձգվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից մինչև միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ոչ ժամանակին հարուցված միջնորդությունը թողնվում է առանց քննության:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
29. Դիմումատուն բողոքել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը հիմնված է եղել բացառապես ոստիկանության ցուցմունքների վրա, չի պահպանվել կողմերի հավասարության սկզբունքը, ինչպես նաև ինքը չի կարողացել կանչել իր վկաներին միևնույն պայմաններով, ինչ մեղադրանքի կողմը: Նա հիմնվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի վրա, որն այնքանով, որքանով վերաբերելի է, ունի հետևյալ բովանդակությունը.
«1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են ... իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը, ունի … տրիբունալի կողմից ... արդարացի ... լսումների իրավունք:
...
3. Քրեական իրավախախտում կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
...
դ) հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու և հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները»:
Ա. Ընդունելիությունը
30. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ։ Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
31. Դիմումատուն պնդել է, որ դատավարությունն արդար չի եղել: Մասնավորապես իր դատապարտումը հիմնված է եղել բացառապես ոստիկանության երկու ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ոչ վստահելի վկաներ էին և կեղծ հայտարարություններ էին արել, իսկ իրեն չի թույլատրվել ապացույցներ ներկայացնելու և վկաներ կանչելու միջոցով արդյունավետորեն վիճարկել իրեն առաջադրված մեղադրանքը: Այն տեսագրությունը, որն ինքը պահանջել էր ուսումնասիրել, և վկաները, որոնց նա ցանկացել էր կանչել, կարող էին հերքել ոստիկանության ծառայողների ցուցմունքները և կասկածի տակ դնել նրանց հայտարարությունների արժանահավատությունը և իրեն առաջադրված մեղադրանքը: Իր պահանջները, այնուամենայնիվ, մերժվել են կամայականորեն՝ առանց հիմնավոր պատճառների: Նույնիսկ եթե Վերաքննիչ դատարանն ավելի ուշ ուսումնասիրել է տվյալ տեսագրությունը, միակ եզրահանգումը, որն այդ դատարանն արել էր դատավճռի մեջ, վերաբերում էր ոստիկանության ծառայող Ե.Փ.-ի բացակայությանը:
32. Կառավարությունը ձեռնպահ է մնացել դիտարկումներ ներկայացնելուց:
33. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի շրջանակներում իր խնդիրն է հաստատել, թե արդյոք վարույթը, ընդհանուր առմամբ, ներառյալ այն եղանակը, որով ձեռք են բերվել ապացույցները, արդար է եղել: Որոշելու համար, թե արդյոք վարույթն ընդհանուր առմամբ արդար է եղել, թե ոչ, պետք է նաև հաշվի առնել, թե արդյոք պահպանվել են պաշտպանության կողմի իրավունքները, և արդյոք դիմումատուին հնարավորություն է տրվել վիճարկելու ապացույցների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ։ Բացի այդ, պետք է հաշվի առնվի ապացույցների որակը, այդ թվում՝ այն, թե արդյոք այդ ապացույցների ձեռքբերման հանգամանքները կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության կամ ճշգրտության վերաբերյալ: Որպես ընդհանուր կանոն՝ ազգային դատարաններն են գնահատում իրենց ներկայացված ապացույցները, ինչպես նաև այն ապացույցների վերաբերելիությունը, որոնք վկայակոչում է պաշտպանության կողմը: Նույն ձևով, 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով դրանց թույլատրվում է, կրկին որպես ընդհանուր կանոն, որոշել, թե արդյոք անհրաժեշտ է վկաներ կանչել՝ կոնվենցիոն համակարգում այդ բառին տրված «ավտոնոմ» նշանակությամբ: Ապացույցներն ընդունելու համատեքստում Դատարանը հատուկ ուշադրություն է դարձրել կողմերի հավասարության սկզբունքին համապատասխանությանը, որն արդար լսումների հիմնարար հայեցակետերից մեկն է, և որով ենթադրվում է, որ դիմումատուին պետք է «տրվի իր գործն այնպիսի պայմաններում ներկայացնելու ողջամիտ հնարավորություն, որն իր համար ոչ բարենպաստ պայմաններ չի ստեղծի՝ համեմատած իր հակառակորդի հետ»: Հետևաբար, չնայած սովորաբար ազգային դատարաններն են որոշում կայացնում վկային կանչելու անհրաժեշտության և նպատակահարմարության վերաբերյալ, Դատարանը բացառիկ հանգամանքներում կարող է հանգել այն եզրակացության, որ այդպես չվարվելը հակասում է 6-րդ հոդվածին: Եթե վկաներին հարցաքննելու մասին մեղադրյալի պահանջն ավելորդ բարդություններ չի առաջացնում, բավարար հիմնավորված է, առնչվում է մեղադրանքի էությանը և թերևս կարող է ամրապնդել պաշտպանությունը կամ նույնիսկ հանգեցնել արդարացման դատավճռի, ապա ներպետական իշխանություններն այդ պահանջը մերժելու համար պետք է համապատասխան պատճառաբանություններ ներկայացնեն: Եթե նրանք այդպես չվարվեն, ապա Դատարանը կարող է եզրակացնել, որ խափանվել է վարույթի ընդհանուր արդարությունը (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի [Mushegh Saghatelyan v. Armenia] թիվ 23086/08, §§ 202-204, 2018 թվականի սեպտեմբերի 20, և Մուրթազալիևան ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ] [Murtazaliyeva v. Russia [GC]], թիվ 36658/05, §§ 139-159, 2018 թվականի դեկտեմբերի 18):
34. Մի շարք գործերում, որտեղ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը և նրանց դատապարտումը հանրային միջոցառման ժամանակ իրենց վարքագծի համար հիմնված է եղել բացառապես ոստիկանության այն ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում, Դատարանը գտել է, որ այդ վարույթներում դատարանները պատրաստակամորեն և անվերապահորեն ընդունել են ոստիկանության ցուցմունքները և դիմումատուներին զրկել են հակառակն ապացուցելու ցանկացած հնարավորությունից: Այն վճռել է, որ այս մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, երբ մեղադրանքի կողմի միակ վկաներն այն ոստիկանության ծառայողներն են եղել, որոնք ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում, դատարանները պետք է պարտադիր օգտագործեին յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու նրանց մեղադրական ցուցմունքները (տե՛ս Կասպարովը և այլք ընդդեմ Ռուսաստանի [Kasparov and Others v. Russia], թիվ 21613/07, § 64, 2013 թվականի հոկտեմբերի 3. Նավալնին և Յաշինն ընդդեմ Ռուսաստանի [Navalnyy and Yashin v. Russia], թիվ 76204/11, § 83, 2014 թվականի դեկտեմբերի 4, և Ֆրամկինն ընդդեմ Ռուսաստանի [Frumkin v. Russia], թիվ 74568/12, § 165, ՄԻԵԴ 2016 (քաղվածքներ)): Նմանատիպ իրավիճակ Դատարանի կողմից քննվել է Հայաստանի դեմ հարուցված գործում, որով հայտնաբերվել է 6-րդ հոդվածի խախտում, և ընդ որում, այն վերաբերել է սույն գործի նույն իրադարձություններին (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, §§ 200-211):
35. Ըստ երևույթին, դիմումատուի դեմ քրեական գործով վարույթն իրականացվել է նույն կերպ։ Քրեական գործը, որը հարուցվել է դիմումատուի դեմ, որին վերոնշյալ գործի դիմումատուի պես մեղադրանք է առաջադրվել Ազատության հրապարակում հավաքի հետ կապված որոշ գործողություններ ենթադրաբար կատարելու համար, հիմնված է եղել բացառապես ոստիկանության երկու ծառայողների ցուցմունքների վրա, որոնք, ինչպես պարզել են ներպետական դատարանները, ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում, և բացի այդ, նրանց հայտարարությունները պարունակել են անհամապատասխանություններ: Դիմումատուի՝ տեսագրությունն ընդունելու և վկաներ կանչելու պահանջները, որոնք եղել են բավարար հիմնավորված և վերաբերելի իրեն առաջադրված մեղադրանքին, նույնիսկ չեն ուսումնասիրվել գործը քննող դատարանի կողմից՝ խախտելով ներպետական դատավարական նորմերը, ինչպես հետագայում հաստատվել է Վերաքննիչ դատարանի կողմից (տե՛ս վերևում՝ 19-րդ և 24-րդ պարբերությունները): Ճիշտ է, որ հետագայում Վերաքննիչ դատարանը քննել է այդ պահանջները և նույնիսկ ուսումնասիրման համար ընդունել է տվյալ տեսագրությունը: Այնուամենայնիվ, հարց է առաջանում, թե արդյոք դրանով շտկվել են առաջին ատյանի վարույթի թերությունները: Առաջինը, ինչ վերաբերում է տեսագրությունն ընդունելու պահանջին, պարզ է դառնում, որ Վերաքննիչ դատարանը, a priori (նախապես), դատական քննության շրջանակներում այդ պահանջի վերաբերյալ որոշում չկայացնելը դիտարկել է որպես զուտ դատավարական թերություն, որը որևէ կերպ չի ազդում գործը քննող դատարանի ըստ էության կատարված եզրահանգումների վրա (տե՛ս վերևում՝ 24-րդ պարբերությունը): Հետևաբար պարզ է դառնում, որ Վերաքննիչ դատարանի կողմից այդ թերության ստուգումը կրել է զուտ ձևական բնույթ, և ըստ երևույթին, պատշաճ ուշադրություն չի դարձվել այդ ապացույցին: Երկրորդ, ինչ վերաբերում է վկաներ կանչելու պահանջին, ապա պահանջը մերժվել է Վերաքննիչ դատարանի կողմից՝ առանց բավարար և համոզիչ պատճառաբանության՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ վկաներից մեկը, որին դիմումատուն ցանկացել էր կանչել, ենթադրաբար կարող էր ցուցմունք տալ ոչ միայն դիմումատուին ոստիկանության մեկ բաժնից մյուսը տեղափոխելու հանգամանքների վերաբերյալ, այլ նաև նրան Կենտրոնի ոստիկանության բաժին «բերման ենթարկելու» հանգամանքների վերաբերյալ, ինչն ուղղակիորեն վերաբերելի էր նրան առաջադրված մեղադրանքին (տե՛ս վերևում՝ 18-րդ և 23-րդ պարբերությունները):
36. Հետևաբար Դատարանը համարում է, որ ներպետական դատարանները մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, որոնք, ավելին, հիմնված են եղել հակասական ապացույցների վրա, չեն օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու այն ոստիկանության ծառայողների մեղադրական ցուցմունքները, որոնք քրեական հետապնդման համար միակ վկաներն էին և ակտիվ դեր էին ունեցել վիճարկվող իրադարձություններում։ Կարելի է ասել, որ իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցրել են պաշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդարացի լսումների երաշխիքներին (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Մուշեղ Սաղաթելյանի գործը, § 210)։
37. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուի դեմ հարուցված քրեական վարույթն ընդհանուր առմամբ իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արդարացի լսումների իրավունքի խախտմամբ։
38. Հանգելով այս եզրակացությանը՝ Դատարանն անհրաժեշտ չի համարում առանձին ուսումնասիրել, թե արդյոք նույն փաստերի մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
39. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
40. Դիմումատուն պահանջել է 100 000 եվրո՝ որպես կալանավորման ընթացքում իր մասնավոր ընկերության ենթադրյալ շահույթի կորստի համար նյութական վնասի հատուցում: Նա պահանջել է նաև 25 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
41. Կառավարությունը նշել է, որ որևէ պատճառահետևանքային կապ չկա ենթադրյալ խախտումների և դիմումատուի կողմից նյութական վնասի համար ներկայացված պահանջի միջև: Ոչ նյութական վնասի համար նրա պահանջը չափազանցված էր, և ամեն դեպքում բավարար կլիներ խախտման հայտնաբերումը՝ հաշվի առնելով տվյալ վարույթը վերսկսելու հնարավորությունը:
42. Դատարանը որևէ պատճառահետևանքային կապ չի տեսնում հայտնաբերված խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև. հետևաբար այն մերժում է այս պահանջը։ Մյուս կողմից, հաշվի առնելով գործի համատեքստը, Դատարանը նպատակահարմար է գտնում Դիմումատուին շնորհել 5 500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
Բ. Ծախսերը և ծախքերը
43. Դիմումատուն նաև պահանջել է 10 930 եվրո՝ ներպետական դատարաններում և Դատարանում կրած ծախսերի համար, ինչպես նաև 55 790 ՀՀ դրամ՝ փոստային ծախսերի համար։
44. Կառավարությունը նշել է, որ դատական ծախսերի համար դիմումատուի պահանջը չափազանցված է և պատշաճորեն հիմնավորված չէ: Դիմումատուի և իր իրավաբանի միջև 2018 թվականի նոյեմբերի 9-ից կնքված պայմանագիրը վերաբերել է այն ծառայություններին, որոնց մեծ մասը ենթադրաբար մատուցվել է այդ ժամանակվանից տասը տարի առաջ: Ավելին, պահանջվող ժամային դրույքաչափերը նույնպես չափազանցված էին:
45. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը ողջամիտ է համարում բոլոր ծախսերի համար շնորհել 350 եվրո։
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
46. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ՝
1. Հայտարարում է դատավարության արդարացիության վերաբերյալ բողոքն ընդունելի.
2. Վճռում է, որ դիմումատուի դատավարության արդարացիության մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.
3. Վճռում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի առնչությամբ բողոքը քննելու անհրաժեշտություն չկա.
4. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 5 500 եվրո (հինգ հազար հինգ հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 350 եվրո (երեք հարյուր հիսուն եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
5. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2020 թվականի մարտի 26-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Ռենատա Դեգեներ Քարտուղարի տեղակալ Ալեշ Պեյխալ
