ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԱՔԴ/0201/01/15 |
Գործ թիվ ԵԱՔԴ/0201/01/15 |
Նախագահող դատավոր՝ | Ա․ Ազարյան |
Դատավորներ՝ |
Կ․ Մարդանյան |
Ա․ Մնացականյան |
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
2020 թվականի դեկտեմբերի 18-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 20-ի որոշման դեմ ամբաստանյալ Մանուկ Սամվելի Կիրակոսյանի պաշտպան Ա․Հոբոսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1․ 2015 թվականի ապրիլի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 09107215 քրեական գործը:
Նախաքննության մարմնի` 2015 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ Մանուկ Կիրակոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
2015 թվականի նոյեմբերի 9-ին թիվ 09107215 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որտեղ գործին շնորհվել է ԵԱՔԴ/0201/01/15 համարը:
2․ 2016 թվականի հունվարի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 14102316 քրեական գործը:
Նախաքննության մարմնի` 2016 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ Մ․Կիրակոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով:
2016 թվականի ապրիլի 29-ին թիվ 14102316 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որտեղ գործին շնորհվել է ԵԱՔԴ/0076/01/16 համարը։
2․1․ 2016 թվականի հուլիսի 8-ին թիվ ԵԱՔԴ/0076/01/16 քրեական գործը միացվել է ԵԱՔԴ/0201/01/15 քրեական գործին և քննությունը շարունակվել է ԵԱՔԴ/0201/01/15 համարի ներքո։
3․ 2015 թվականի մայիսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 20119615 քրեական գործը։
Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ Մ․Կիրակոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 1-ին մասով։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ Մ․Կիրակոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ սկիզբը հաշվելով 2016 թվականի ապրիլի 26-ից:
Նախաքննության մարմնի` 2016 թվականի հունիսի 30-ի որոշմամբ Մ․Կիրակոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ու 178-րդ հոդվածի 1-ին մասով:
2016 թվականի հուլիսի 6-ին թիվ 20119615 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որտեղ գործին շնորհվել է ԵԿԴ/0189/01/16 համարը։
3․1․ 2016 թվականի սեպտեմբերի 29-ին թիվ ԵԿԴ/0189/01/16 քրեական գործը միացվել է ԵԱՔԴ/0201/01/15 քրեական գործին և քննությունը շարունակվել է ԵԱՔԴ/0201/01/15 համարի ներքո։
4․ Դատական քննության ընթացքում՝ 2018 թվականի հունիսի 5-ին, մեղադրողը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի կանոններով, որոշում է կայացրել Մ․Կիրակոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին և նրան նոր մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ բավարարվել է պաշտպանի միջնորդությունը, և ամբաստանյալ Մ․Կիրակոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով` գրավով, և գրավի չափ է սահմանվել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը:
Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մարտի 6-ի որոշմամբ ամբաստանյալ Մ․Կիրակոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:
Դատական քննության ընթացքում՝ 2019 թվականի մարտի 26-ին, մեղադրողը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի կանոններով, որոշում է կայացրել ամբաստանյալ Մ․Կիրակոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին և նրան նոր մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
5․ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 23-ի դատավճռով ամբաստանյալ Մ․Կիրակոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման՝ 3 (երեք) տարի 4 (չորս) ամիս ժամկետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ազատազրկման՝ 3 (երեք) տարի 4 (չորս) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ` հանցանքների համակցությամբ, նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով, Մ․Կիրակոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ` Մ․Կիրակոսյանին վերջնական թողնվել է կրելու ազատազրկում` 1 (մեկ) տարի 8 (ութ) ամիս 20 (քսան) օր ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է փաստացի արգելանքի վերցնելու պահից:
Նույն դատավճռով դատապարտվել է նաև Վադիմ Էռնեստի Ալեքսանյանը։
6․ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2019 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ ամբաստանյալ Մ․Կիրակոսյանի, վերջինիս և Վ․Ալեքսանյանի պաշտպանի վերաքննիչ բողոքները մերժվել են, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 23-ի դատավճիռը՝ թողնվել անփոփոխ:
7․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալներ Մ․Կիրակոսյանի և Վ․Ալեքսանյանի պաշտպան Ա․Հոբոսյանը, 2020 թվականի մարտի 12-ին բերել է վճռաբեկ բողոք։
Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի հունիսի 19-ի որոշմամբ ամբաստանյալ Մ․Կիրակոսյանի վերաբերյալ պաշտպան Ա․Հոբոսյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ, իսկ Վ․Ալեքսանյանի վերաբերյալ՝ վարույթ ընդունելը մերժվել է։ Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
8. Առաջին ատյանի դատարանը դատավճռի` դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքների հատվածում արձանագրել է. «Մանուկ Սամվելի Կիրակոսյանը և Վադիմ Էռնեստի Ալեքսանյանը, հանդիսանալով ընկերներ, խարդախությամբ գումար հափշտակելու նպատակով, նախնական համաձայնության են եկել, նախապես դերաբաշխում կատարել և խմբի կազմում, միասնական հանցավոր արդյունքի հասնելու ընդհանուր գործում իրենց գործողություններով միմյանց լրացնելով և համատեղելով իրենց ջանքերը, Արթուր Լոպոյանից խաբեությամբ հափշտակել են 40.000 ՀՀ դրամ և շենքի հակառակ կողմից փախուստի դիմել: Մասնավորապես, ամբաստանյալներ Մանուկ Սամվելի Կիրակոսյանը և Վադիմ Էռնեստի Ալեքսանյանը, օգտվելով Արթուր Լոպոյանի կողմից վարվող «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայից, 2015 թվականի փետրվար ամսին, երեկոյան, նախապես տեղյակ լինելով, որ Երևան քաղաքի Ազատության 10 շենքը երկկողմանի մուտք ունի, պատվիրել են իրենց տեղափոխել նշված հասցե: Մանուկ Կիրակոսյանը, նստելով ավտոմեքենայի ուղևորի համար նախատեսված դիմացի հատվածում, հետագայում Ա.Լոպոյանի ծառայությունից օգտվելու նպատակով վերցրել է վերջինիս բջջային հեռախոսահամարը: Այնուհետև, մինչև Երևան քաղաքի Ազատության 10 շենքի հասնելը, Մ.Կիրակոսյանն Արթուր Լոպոյանից հարցրել է, թե արդյոք մանր գումար ունի, որպեսզի իմանա Ա.Լոպոյանի մոտ առկա գումարի չափը: Տուժող Ա.Լոպոյանը պատասխանել է, որ իր մոտ երկու 20.000 դրամանոց թղթադրամներ են: Տեղեկանալով, որ Արթուր Լոպոյանի մոտ առկա է երկու 20.000 ՀՀ թղթադրամ՝ այն ԱՄՆ դոլարի փոխանակելու և վերադարձնելու պատրվակով, նախնական համաձայնությամբ, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, ամբաստանյալ Մանուկ Կիրակոսյանն Արթուր Լոպոյանից վերցրել է 20.000 ՀՀ դրամ և իջնելով ավտոմեքենայից` մտել է շենքի մուտք: Մ.Կիրակոսյանի ընկեր Վադիմ Ալեքսանյանը վարորդի հետ մնացել է ավտոմեքենայում: Մի քանի րոպե անց ամբաստանյալ Մանուկ Կիրակոսյանն իր բջջային հեռախոսահամարից զանգահարել է Արթուր Լոպոյանի բջջային հեռախոսահամարին և խնդրել ևս 20.000 ՀՀ դրամ ավտոմեքենայում գտնվող Վադիմ Ալեքսանյանի հետ ուղարկել: Արթուր Լոպոյանը Վադիմ Ալեքսանյանին է տվել 20.000 ՀՀ դրամ գումարը, որը վերջինս վերցնելով` մտել է նույն շենքի մուտք և հակառակ կողմից հեռացել` Մանուկ Կիրակոսյանի հետ հափշտակելով Արթուր Լոպոյանին պատկանող 40.000 ՀՀ դրամ գումարը:
Բացի այդ, Մանուկ Սամվելի Կիրակոսյանը, Անժիկ Ռազմիկի Վարդանյանից խաբեությամբ գույք հափշտակելու դիտավորությամբ, իրականությունը խեղաթյուրել և իրականում գոյություն չունեցող փաստեր է հաղորդել այն մասին, որ կարող է բանկում վարկ ձևակերպել և 2014 թվականի հուլիսի 05-ին Երևան քաղաքի Թումանյան 2 հասցեում գտնվող «Վեգա» խանութից կանխավճար վճարելով` Անժիկ Վարդանյանի անվամբ ապառիկ կարգով վերցրել է 348.000 ՀՀ դրամ արժողությամբ «Ipad» մոդելի պլանշետ, որից հետո` նույն օրը Երևան քաղաքի Սայաթ-Նովա 22 հասցեում գործող «Ասկատ մոբայլ» խանութից, կանխավճար վճարելով` Անժիկ Վարդանյանի անվամբ ապառիկ կարգով վերցրել է 290.000 ՀՀ դրամ արժողությամբ «Samsung G900H» տեսակի բջջային հեռախոս և չարաշահելով Անժիկ Վարդանյանի վստահությունը` խաբեությամբ տիրացել է հիշյալ ապրանքներին` վերջինիս պատճառելով ընդհանուր 638.000 ՀՀ դրամի գույքային վնաս»1։
8․1․ Դատավճռի` իրավական վերլուծությունների հատվածում Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է. «(...) Վերլուծելով [ամբաստանյալ] Մանուկ Սամվելի Կիրակոսյանին (...) առաջադրված [մեղադրանքը], քննարկելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված (․․․) ապացույցները, գնահատելով դրանք իրենց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից` հիմնված ներքին համոզմամբ, Դատարանն ապացուցված է համարում այն, որ ամբաստանյալ Մանուկ Սամվելի Կիրակոսյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ, (...) հետևաբար` [ամբաստանյալը] քրեական պատասխանատվության և պատժի ենթակա [է] այդ հոդվածներով»2։
9․ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(...) Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգման ենթարկելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ամբաստանյալ Մանուկ Կիրակոսյանի (...) մեղավորության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավորված ու պատճառաբանված են, իսկ քրեական գործի փաստական հանգամանքների մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները հետազոտված ապացույցներին չհամապատասխանելու և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ամբաստանյալ Մանուկ Կիրակոսյանին (...) առաջադրված մեղադրանքը հիմնավորված չլինելու վերաբերյալ պաշտպանի փաստարկները քրեական գործի նյութերում իրենց հաստատումը չեն գտել, հետևաբար չեն կարող հիմք հանդիսանալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու համար (...)»3:
9․1․ Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը պաշտպանության կողմը ստացել է 2020 թվականի փետրվարի 28-ին4։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
10. Բողոքի հեղինակի կարծիքով՝ ստորադաս դատարաններն առերևույթ թույլ են տվել դատական սխալ՝ դատավարական և նյութական իրավունքի հիմնարար խախտում, որն ազդել է գործի ելքի վրա։
Բողոքաբերի պնդմամբ՝ տուժող Ա․Լոպոյանի դրվագով Մ․Կիրակոսյանի արարքում խարդախության հանցակազմի որակյալ հատկանիշի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները չեն համապատասխանում գործի փաստական հանգամանքներին, չեն բխում քննության ընթացքում ձեռք բերված, դատարանում հետազոտված ապացույցների բավարար համակցությունից։ Ըստ բողոքաբերի՝ դատարանում հետազոտված ապացույցները ոչ միայն բավարար չեն եզրահանգելու, որ Մ․Կիրակոսյանը և Վ․Ալեքսանյանը մինչև հափշտակության օբյեկտիվ կողմը սկսելը պայմանավորվել էին հափշտակությունը համատեղ կատարելու մասին, այլև այն, որ Վ․Ալեքսանյանը տեղյակ է եղել տուժող Ա․Լոպոյանի գույքը խարդախությամբ հափշտակելու Մ․Կիրակոսյանի դիտավորության մասին։ Հետևաբար դատարաններն այս դրվագով սխալ քրեաիրավական որակում են տվել Մ․Կիրակոսյանին մեղսագրվող արարքին։
10․1․ Անդրադառնալով տուժող Ա․Վարդանյանի դրվագով Մ․Կիրակոսյանին մեղսագրված արարքին, բողոքի հեղինակը նշել է, որ այս դրվագով բացի տուժող Ա․Վարդանյանի և վկա Մ․Ամիրյանի ցուցմունքներից այլ ապացույցներ առկա չեն, մինչդեռ պաշտպանության կողմը դատաքննության փուլում զրկված է եղել վկային հարցաքննելու հնարավորությունից, սակայն վերջինիս նախաքննական ցուցմունքները դրվել են մեղադրական դատական ակտի հիմքում, ինչով էլ Առաջին ատյանի դատարանը չի ապահովել ամբաստանյալի՝ հակընդդեմ հարցման իրավունքը՝ խախտելով արդար դատաքննության իրավունքը։ Բացի այդ, դատական քննության ընթացքում վկա Մ․Ամիրյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքի արձանագրությունները հնարավոր չի եղել պատշաճ ընթերցել, այսինքն՝ մատչելի չեն եղել պաշտպանության կողմին, հետևաբար դրանք չեն կարող դրվել մեղադրական դատական ակտի հիմքում։ Միևնույն ժամանակ, բողոք բերած անձը գտել է, որ նշված վկայի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները հակասական են, ոչ արժանահավատ։
Վերոգրյալի հաշվառմամբ, բողոքի հեղինակը եզրահանգել է, որ այս դրվագով առկա չէ արժանահավատ ապացույցների բավարար համակցություն, հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Մ․Կիրակոսյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նրան մեղսագրված արարքը:
10․2․ Բողոք բերած անձը նշել է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արարքները միջին ծանրության հանցագործություն են, և այն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է հինգ տարի: Սույն դեպքում Մ.Կիրակոսյանին մեղսագրված վերջին արարքը կատարվել է 2015 թվականի փետրվարի 5-ին, իսկ 2020 թվականի փետրվարի 5-ի դրությամբ Մ․Կիրակոսյանի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չի եղել, վաղեմության ժամկետի ընթացքը չի ընդհատվել կամ կասեցվել, հետևաբար նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
11. Վերոգրյալի հիման վրա, Մ․Կիրակոսյանի պաշտպան Ա․Հոբոսյանը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը, ճանաչել և հռչակել Մ․Կիրակոսյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել նույն օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել մեղմ պատժի կամ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք հիմնավորված և պատճառաբանված են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ու 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքները կատարելու մեջ Մ․Կիրակոսյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
13․ Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքներում Մ․Կիրակոսյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մ․Կիրակոսյանի մեղքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքում հաստատվում է գործով ձեռք բերված և ստորադաս դատարանների դատական ակտերում պատշաճ վերլուծված ապացույցների բավարար համակցությամբ, այն է՝ տուժող Ա․Լոպոյանի՝ հանցագործության մասին հաղորդմամբ5, ցուցմունքներով6, հեռախոսահամարների վերծանումները զննելու մասին արձանագրությամբ7։ Ինչ վերաբերում է պաշտպանության կողմի այն փաստարկին, որ սույն գործով հետազոտված ապացույցները բավարար չեն արձանագրելու Մ․Կիրակոսյանի արարքում խարդախության հանցակազմի որակյալ հատկանիշի` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարելու հանգամանքը8, ապա Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումը, որ Մ․Կիրակոսյանի արարքում քննարկվող որակյալ հատկանիշի առկայությունը հաստատվում է նաև տուժողի և ամբաստանյալի ցուցմունքով այն մասին, որ Մ․Կիրակոսյանն ավտոմեքենայում տուժողին ներկայացել է մտացածին Արթուր անունով, ինչին ներկա է եղել նաև Վ․Ալեքսանյանը: Վերոգրյալը, Առաջին ատյանի դատարանի գնահատմամբ, անարժանահավատ է դարձնում Վ․Ալեքսանյանի ցուցմունքն այն մասին, որ ինքը տեղյակ չի եղել Մ․Կիրակոսյանի՝ հափշտակություն կատարելու մտադրության մասին9:
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Մ․Կիրակոսյանի մեղքը հաստատվում է գործով ձեռք բերված և ստորադաս դատարանների դատական ակտերում պատշաճ վերլուծված հետևյալ ապացույցների բավարար համակցությամբ՝ տուժող Ա․Վարդանյանի ցուցմունքներով10, վկա Մ․Ամիրյանի նախաքննական ցուցմունքներով11, լուսանկարով անձին ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությամբ12, որպես այլ փաստաթուղթ` ապացույց ճանաչված վարկային պայմանագրերով13։ Անդրադառնալով վկա Մ․Ամիրյանի ցուցմունքների միջև առկա հակասությունների և անարժանահավատության վերաբերյալ բողոքաբերի փաստարկին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ հակասություններն էական չեն և վկայի ցուցմունքն անարժանահավատ չեն դարձնում։ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհիմն է նաև նշված վկայի նախաքննական ցուցմունքները պաշտպանության կողմին մատչելի չլինելու փաստարկը14՝ նկատի ունենալով, որ պաշտպանության կողմը, վերլուծելով վկա Մ․Ամիրյանի ցուցմունքները, գտել է, որ դրանք հակասական լինելու պատճառաբանությամբ արժանահավատ չեն կարող գնահատվել։
Ինչ վերաբերում է այն փաստարկին, որ Մ․Կիրակոսյանը հնարավորություն չի ունեցել իրացնելու իր դեմ ցուցմունք տված անձին հարցեր ուղղելու իր իրավունքը, որպիսի պարագայում պաշտպանության կողմի հակընդդեմ հարցման իրավունքը չի ապահովվել15, ապա նշված հանգամանքը գնահատման ենթարկելով Արտուշ Ղուլյանի վերաբերյալ որոշման շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում16՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կոնկրետ դեպքում վկա Մ․Ամիրյանի ցուցմունքը վճռորոշ կամ միակը չի եղել և սույն գործով, ընդհանուր առմամբ, քրեական վարույթի արդարացիությունն ապահովվել է և չի խախտվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջը։
14․ Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքները կատարելու մեջ Մ․Կիրակոսյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են և պատճառաբանված։
15․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Մ․Կիրակոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը ենթակա՞ է արդյոք դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1.Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`
(...)
6) անցել են վաղեմության ժամկետները.
(...)»:
Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:
16․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը։ Այդ հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցման։
17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արամ Սարգսյանի գործով որոշմամբ, արձանագրելով՝ «(…) [Թ]եև [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված] հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում։ Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման»17։
18. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները։
Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը։ Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում18։
⚖19. Վերոգրյալի հիման վրա, անդրադառնալով վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով Մ․Կիրակոսյանին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը համապատասխանաբար սահմանում են․ «[խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը, որը կատարվել է՝]
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
(․․․)
2) խոշոր չափերով՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»:
ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը»:
ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(...)
3) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(...)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված արարքները միջին ծանրության հանցագործություն են, և այն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է հինգ տարի:
20․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Մ․Կիրակոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղսագրված հանցագործությունը կատարել է 2015 թվականի փետրվար ամսին, իսկ նույն օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքը՝ 2014 թվականի հունիսի 5-ին19։
Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից բխում է, որ ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ամբաստանյալ Մ․Կիրակոսյանին մեղսագրված հանցանքի, այնպես էլ նույն օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված հանցագործության համար օրենքով սահմանված վաղեմության ժամկետները ենթակա են հաշվարկման 2015 թվականի փետրվար ամսից` յուրաքանչյուր հանցագործության համար ինքնուրույն20։
20․1․ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով որակված՝ Մ․Կիրակոսյանին մեղսագրված արարքները կատարելու մեջ վերջինիս մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2019 թվականի մայիսի 23-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում որոշում է կայացվել 2019 թվականի դեկտեմբերի 20-ին21: Վերաքննիչ դատարանի դատական ակտը պաշտպանության կողմը ստացել է 2020 թվականի փետրվարի 28-ին22։ Նշված որոշման դեմ Մ․Կիրակոսյանի պաշտպանը 2020 թվականի մարտի 12-ին բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հունիսի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ23:
21․ Մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-19-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մ․Կիրակոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքների՝ որպես միջին ծանրության հանցանքների համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2020 թվականի փետրվար ամսվա դրությամբ, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել, հետևաբար Մ․Կիրակոսյանին հիշյալ արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու` ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետն անցել է:
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մ․Կիրակոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Վերոշարադրյալը, ինչպես նաև գործի դատական քննության փուլում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառման իմպերատիվ բնույթը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա բեկանելու Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մայիսի 23-ի և Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 20-ի դատական ակտերը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա Մ․Կիրակոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցնելու և նրա վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու։
Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Մ․Կիրակոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավն անհրաժեշտ է վերացնել և գրավի գումարը վերադարձնել գրավատուին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415․1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Մանուկ Սամվելի Կիրակոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի մայիսի 23-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը բեկանել և փոփոխել։
Ամբաստանյալ Մանուկ Սամվելի Կիրակոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ և նրա վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճել:
2․ Ամբաստանյալ Մանուկ Սամվելի Կիրակոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը վերացնել և որպես գրավ վճարված 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը վերադարձնել գրավատուին:
3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասերով թողնել անփոփոխ։
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
___________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 21, թերթեր 118-142:
2 Տե՛ս քրեական գործ, նույն տեղում:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 22, թերթեր 85-121:
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 22, թերթ 126:
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 4։
6 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 26-29, 224, 270-271 և հատոր 21, թերթեր 118-142։
7 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 286-290։
8 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
9 Տե՛ս քրեական գործ, հատոր 21, թերթեր 118-142։
10 Տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթեր 13-16, 45,63-64, 112-113, 132-133, հատոր 12, թերթ 246, հատոր 14, թերթեր 101-104 և հատոր 21, թերթեր 118-142։
11 Տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթեր 8-9, 27-34, հատոր 9, թերթեր 151-153, հատոր 15, թերթեր 66-67, 68-70, 124-127 և հատոր 21, թերթեր 118-142։
12 Տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթ 102։
13 Տե՛ս քրեական գործ, հատոր 15, թերթեր 141-142։
14 Տե՛ս սույն որոշման 10․1-րդ կետը։
15 Տե՛ս սույն որոշման 10․1-րդ կետը։
16 Տե՛ս Արտուշ Ղուլյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ՏԴ2/0037/01/15 որոշումը։
17 Տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը։
18 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 6-րդ մասի մանրամասն վերլուծությունը տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11, Հրանտ Մազմանյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 որոշումներում։
19 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
20 Մանրամասն տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշման 21-րդ կետը։
21 Տե՛ս սույն որոշման 5-րդ և 6-րդ կետերը։
22 Տե՛ս սույն որոշման 9․1-րդ կետը։
23 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ասատրյան Ե. Դանիելյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2021 թվական: