Գլխավոր տեղեկություն
Համար
N 199-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 փետրվարի 2020 թվականի N 199-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 65-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 156-րդ հոդվածի և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցին` համաձայն հավելվածի, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. փետրվարի 28

Երևան

   

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 27-ի N 199-Ա որոշման

       

Զ Ե Կ ՈՒ Յ Ց

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 65-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

   

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

    

2019 թվականը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին լիարժեք տարին էր, և Կառավարությանը հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6%, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ:

Հաշվետու տարում Հայաստանի տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով։

Մշակող արդյունաբերությունում 2019 թվականին տնտեսական աճը կազմել է 12%՝ 2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում 12.1% կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը:

Հաշվետու ժամանակահատվածում ամենաբարձր տնտեսական աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ծառայությունների ոլորտը` նախորդ տարվա համեմատ աճելով 27.2%-ով, ինչը 2019 թվականի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի 14.7%-ով աճի կարևոր արտահայտություններից է:

Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թվականի արդյունքներով աճել է 10.3%-ով: Արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի (29.4%), մրգային գինիների (70.2%), խաղողի գինու (25.3%) և բուսական ծագմամբ արտադրանքի (14.3%) ապրանքախմբերով: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում 2019 թվականին գրանցվել է շրջանառության շուրջ 30% աճ, որը ներառում է համակարգչային ծրագրավորման, ինչպես նաև էլեկտրոնիկայի, միկրոէլեկտրոնիկայի և այլ բարձր տեխնոլոգիական ուղղություններ։

2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2.2 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 միլիոն դոլարով կամ 27.2 %-ով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 635 միլիոն դոլարով կամ 41.3 %-ով:

2018-2019 թվականների ընթացքում Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտների հայտարարագրման ցուցանիշն ավելացնել 505․4 միլիարդ դրամով կամ 43.6%-ով, ինչը հնարավորություն է ընձեռել 199․1 միլիարդ դրամով նվազեցնելու հարկ վճարողների հանդեպ նախկինում ձևավորված պարտքերը և 306․3 միլիարդ դրամով փաստացի ավելացնելու պետական բյուջեի հարկային եկամուտները։

2019 թվականին հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 22.35%՝ նախորդ տարվա ցուցանիշի (20.95%) համեմատ բարելավվելով 1.38 տոկոսային կետով, ինչը, այլ հավասար պայմաններում, համարժեք է 90.7 միլիարդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտների գոյացմանը: 2019 թվականի արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 13%-ով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 31%-ով։

2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի վերջ հավելյալ ի հայտ է եկել (ստեղծվել է և ստվերից դուրս է բերվել) ավելի քան 87 հազար աշխատատեղ: 2019 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.1 տոկոսային կետով, իսկ զբաղվածության մակարդակն աճել է 2.5 տոկոսային կետով:

Հաշվետու տարում նորոգվել և հիմնանորոգվել է 460 կմ ճանապարհ, որից 110 կմ-ը՝ Կառավարության սուբվենցիոն ծրագրերով:

2019 թվականի վիճակագրական վերջին տվյալների համաձայն 2018-ի ընթացքում Կառավարությանը հաջողվել է 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը և այն հասցնել 23.5%-ի: Ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում 1.4%-ից նվազել է մինչև 1%:

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 5.8%-ով: 2019 թ. հունիսի 1-ից զինված ուժերի զինծառայողների ամսական վարձատրությունը, կախված ծառայության վայրից և պայմաններից, բարձրացվել է մինչև 30%-ով: Սեպտեմբերի 1-ից հանրակրթական դպրոցների շուրջ 38 հազար ուսուցիչների, բարձրագույն ուսումնական հաստատությունների 2,600 դասախոսների, առաջնային օղակի 10 հազար բուժաշխատողների աշխատավարձերը բարձրացվել են 10-30%-ով: Հոկտեմբերի 1-ից փրկարար ծառայության սպայական անձնակազմի և կրտսեր խմբերի աշխատավարձը բարձրացվել է մինչև 52%-ով: 2020 թ. հունվարի 1-ից քրեակատարողական ծառայողների աշխատավարձը բարձրացվել է 30%-ով: 2020 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացվել և սահմանվել է 68 հազար դրամ:

Կառավարությունը 2019 թվականի հունվարի 1-ից բարձրացրել է 64,084 նպաստառուի նպաստների և 3,307 զինվորական կենսաթոշակառուի կենսաթոշակների չափերը՝ սահմանելով 25,500 դրամ: Հունվարի 1-ից բարձրացվել են նաև 21,785 աշխատանքային և 7583 երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացողների կենսաթոշակները՝ նվազագույն կենսաթոշակի մակարդակ սահմանելով 25,500 դրամ: 2020 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների չափը բարձրացվել է միջինը 10%-ով։

2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստներն աճել են 26.1%-ով կամ շուրջ 590 միլիոն ԱՄՆ-ի դոլարով՝ տարեվերջին հասնելով աննախադեպ 2.85 միլիարդ ԱՄՆ-ի դոլար մակարդակի: Բանկային համակարգի ակտիվները տարեսկզբից աճել են 16.9%-ով կամ 842 միլիարդ դրամով, տրամադրված վարկերի ծավալը՝ 16. 9%-ով կամ 528 միլիարդ դրամով, ներգրավված ավանդների ծավալը՝ 20.7%-ով կամ 611 միլիարդ դրամով:

Միջազգային վարկանիշային գործակալություններն արձանագրված տնտեսական ցուցանիշների և վարվող ոլորտային քաղաքականությունների գնահատման արդյունքում բարձրացրել են Հայաստանի սուվերեն վարկանիշը, մասնավորապես, «Ֆիթչ»-ը այն բարձրացրել է «BB-», իսկ «Մուդիզ»-ը՝ «Ba3» մակարդակի։

   

2. ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

     

Հաշվետու ժամանակահատվածում Կառավարությանը հաջողվել է ապահովել Հայաստանի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությունը: Հայաստանի և Արցախի ռազմական պաշտպանունակության ամրապնդումը, հավասարակշռված արտաքին քաղաքականությունը և ներքին կայունության ապահովումը նպաստավոր պայմաններ են ստեղծել բարձր տնտեսական աճ արձանագրելու համար: Հավասարակշռված արտաքին քաղաքականության շնորհիվ հաջողվել է ընդլայնել և ամրապնդել միջազգային գործընկերային կապերը, իսկ տարբեր ոլորտներում արձանագրած առաջընթացի շնորհիվ՝ բարձրացնել Հայաստանի միջազգային հեղինակությունը:

  

2.1. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

     

Կառավարությունը համալրել է զինված ուժերի սպառազինությունը որակապես բարձր և ժամանակակից զինտեխնիկայով: Ձեռք է բերվել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ: Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, հարյուրավոր միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2019 թվականին ավելացել են 26%-ով։

Զինծառայողների պարենավորման պիլոտային ծրագրի շրջանակներում մասնավոր ընկերությունների կողմից իրականացվում է 41 զորամասի բարձրակարգ և որակյալ պարենավորումը: Բարելավվել է մարտական դիրքերի սննդակարգը: Շարունակվում են համազգեստի և ճտքավոր կոշիկների որակի բարելավման և հարմարավետության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Սահմանապահ 152 մարտական դիրք ապահովվել է ջրամատակարարմամբ, արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել է 53 մարտական դիրք։ Շուրջ 180 մարտական դիրք ապահովվել է սառնարաններով։ Առաջիկայում սառնարաններով կապահովվի ևս 45 մարտական դիրք։ Շուրջ 388 լվացքի մեքենա է տրամադրվել զորամասերին։ Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման նոր սարքեր: Տեղադրվել են մարտական (կրակային) նոր դիրքեր: Շարունակվել են հենակետերը տեսադիտարկման, ազդարարման համակարգերով, ինքնաշխատ կառավարվող զենքերով կահավորելու աշխատանքները: Մարտական դիրքերը, հենակետերը և հերթապահության վայրերը համալրվել են էլեկտրական հոսանքով, արևային էներգիայով սնուցվող վահանակներով և խմելու ջրով: Պաշտպանական գոտիներում կառուցվել են ՊՀԿ-ի շրջաններ, գումարտակների, վաշտերի կենտրոնացման շրջաններ, ծածկած խրամաճեղքեր, տանկերի և ՀՄՄ-ի խրամատներ, տեխնիկայի թաքստոցներ, նորոգվել են ամրաշինական կառույցներ: Զորամասերը համալրվել են ինժեներական տեխնիկայով: Կապիտալ վերանորոգվել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի գլխավոր մասնաշենքը: 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում զինծառայության հետ կապված զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։

Կառավարության նախաձեռնությամբ զինծառայողների ապահովագրության հիմնադրամն սկսել է փոխհատուցում տրամադրել նաև 2008-2016 թվականների ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին։ Այսպիսով, ևս 339 շահառու ամսական կստանա 100-400 հազար դրամ փոխհատուցում։ Կառավարության մեկ այլ նախաձեռնությամբ զինծառայողների ապահովագրության հիմնադրամում ներկա պահին քննարկվում է նաև 1998-2008 թվականների ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին փոխհատուցելու հարցը։

Հատկացվել է 5.7 միլիարդ դրամ զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար։ Դրա շնորհիվ ծրագրի 1141 շահառուներից 119-ը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ստացել են բնակարաններ։ ՊՆ բնակարանաշինության ծրագրով շահագործման է հանձնվել 5 բնակելի շենք՝ Գորիսում (20 բնակարան), Սիսիանում (28 բնակարան), Վայքում (44 բնակարան), Գյումրիում (44 բնակարան) և Չոփրլուում (33 բնակարան): Զինծառայողների բնակելի տարածությունների վարձակալության դրամական փոխհատուցումների չափը 2019 թվականի հունվարի 1-ից ավելացել է մինչև 35%-ով: Նախկինում անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ ստացած 151 զինծառայողի և նրանց ընտանիքների անդամներին, ովքեր սահմանված կարգի համաձայն համարվում են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, բնակարանները տրամադրվել են անհատույց սեփականության իրավունքով: Զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային գործերի ուսումնասիրությունից հետո զոհված (մահացած) զինծառայողների 75 ընտանիքի բնակարանային ապահովումն իրականացվել է բնակարանի գնման վկայագրով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով: Սպայական և ավագ ենթասպայական զինծառայողներին հնարավորություն է ընձեռվել 2020 թվականի հունվարի 1-ից արտոնյալ հիփոթեքային վարկեր ստանալու. առաջնային շուկայից բնակարան ձեռք բերել փաստացի 0 % տոկոսադրույքով, երկրորդային շուկայից՝ առավելագույնը 9 % տոկոսադրույքով, որից 3 %-ը սուբսիդավորվելու է պետական բյուջեից:

     

2.2. ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

    

Բարձրացել է ՀՀ քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության նկատմամբ: Եթե 2018 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ ստացվել է 203,539 առերևույթ հանցագործության մասին հաղորդում, ապա 2019 թվականի ընթացքում դրանց թիվն աճել է 42,882-ով կամ 21.1%-ով՝ կազմելով 246,421: 141-ով կամ 10.4%-ով աճել են այն դեպքերը, երբ քաղաքացիները դիմել են ոստիկանություն՝ նախկինում իրենց կողմից չհայտնած դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը: Ներդրվել է ՀՀ ոստիկանության ծառայողների աշխատանքի վարձատրության և արդյունավետության գնահատման պարգևատրումների նոր համակարգ։ Վերջինս հնարավորություն է ընձեռում հանցագործությունների բացահայտման և կանխարգելման գործում արդյունավետ ակտիվություն ցուցաբերած ոստիկաններին ստանալու իրենց ամսական աշխատավարձը երկու, երեք անգամ գերազանցող պարգևավճարներ:

Մշակվել է և 2020 թ.-ի հունվարի 1-ից գործարկվել է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը, որի նպատակը երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելն է՝ բացառելով նախկինում գործող՝ քաղաքացիներին տուգանելու պետական շահագրգռության բաղադրատարրը: Վարչական իրավախախտումների համար նախատեսված սանկցիաներից 24-ը նվազեցվել են մոտավորապես 50 տոկոսով, և այժմ երթևեկության կանոնների խախտման համար առավելագույն տուգանքի չափը 29,000 դրամ է՝ նախկին 500,000 դրամի փոխարեն։

Ընդունվել են քրեական ենթամշակույթի դեմ պայքարին ուղղված օրենսդրական կարգավորումներ, որոնց համաձայն քրեական աստիճանակարգությանը պատկանելը, այն է՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից լինելը ինքնին կհամարվի հանցագործություն:

    

2.3. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    

Հայաստանը շարունակել է սերտ համագործակցությունը միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, որի հիմքում ընկած են եղել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարությունը և ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են:

2019 թ․ ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների (Դավոս-22.01.2019 թ. (ոչ պաշտոնական), Վիեննա-29.03.2019 թ.), ԱԳ նախարարների (Փարիզ-16.01.2019 թ., Մոսկվա-15.04.2019 թ., Վաշինգտոն-20.06.2019 թ., Նյու Յորք-23.09.2019 թ., Բրատիսլավա-04.12.2019 թ.) միջև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ և մասնակցությամբ։ Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել խաղաղության հաստատման համար նպաստավոր միջավայր ձևավորելու և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու վերաբերյալ: Հայկական կողմի գործադրած ջանքերի շնորհիվ հունիսի 28-ին Կարմիր խաչի օգնությամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 2017 թվականին գերության մեջ հայտնված Զավեն Կարապետյանը:

Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ԶԼՄ ներկայացուցիչների փոխանակման ծրագիրը. իրականացվել է համաժամանակյա այցելություն համապատասխանաբար Ադրբեջան, Հայաստան և Արցախ: Ծրագիրն իրագործվել է բոլոր կողմերի գործուն մասնակցությամբ՝ կառավարական մակարդակով, ծրագրին լիարժեք մասնակցություն է ունեցել նաև Արցախը։

ՀՀ առաջնահերթությունների շարքում են եղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը, ինչպես նաև Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին: 2019 թվականի ապրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրը: 2019 թվականի ապրիլի 10-ին Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է նախաձեռնություն, որով կոչ է արել Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 2019 թվականի ապրիլի 26-ին Պորտուգալիայի Խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել: 2019 թվականի հոկտեմբերի 30-ին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի, իսկ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ի Սենատի կողմից ընդունվել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր:

Հաշվետու տարվա ընթացքում Հայաստանը նախագահել է Եվրասիական տնտեսական միության մարմիններում: 2019 թվականի հունվարի 25-ին ՀՀ վարչապետը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ներկայացրել է ՀՀ նախագահության առաջնահերթությունները: Տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական և գազի ընդհանուր շուկաների ձևավորման, էներգակիրների միասնական գնագոյացման, թվային տրանսպորտային միջանցքների, «Վերին Լարս» անցակետի հետ կապված հարցերը։ «Վերին Լարս» անցակետում մաքսային գործառնությունների իրականացմանն առնչվող խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլեր ձեռնարկելու նպատակներով Հայաստանն այնտեղ կունենա մաքսային կցորդ:

ՀՀ վարչապետի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի երեք նիստ՝ մայիսի 29-ին՝ Նուր-Սուլթանում, հոկտեմբերի 1-ին՝ Երևանում և դեկտեմբերի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում։ Հայաստանի նախագահության ընթացքում ակտիվ ջանքեր են գործադրվել Միության՝ երրորդ երկրների հետ համագործակցության խորացման ուղղությամբ: Հոկտեմբերի 1-ին բարձրագույն խորհրդի երևանյան նիստին ԵԱՏՄ անդամ երկրների հետ մասնակցել են Սինգապուրի, Իրանի և Մոլդովայի ղեկավարները: Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ստորագրվել է երկու համաձայնագիր՝ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը և Եվրասիական տնտեսական միության, նրա անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը: Երևանում անցկացվել է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրյա միջազգային համաժողով: Հոկտեմբերին ստորագրվել է ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը, ինչպես նաև ուժի մեջ են մտել ԵԱՏՄ-Չինաստան առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը և ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը: Գրեթե մեկ տարի տևած բանակցությունները պսակվել են հաջողությամբ. ձեռք է բերվել Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն:

Հաշվետու տարում շարունակվել են քայլեր ձեռնարկվել ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող համագործակցության հետագա խորացման ու կատարելագործման ուղղությամբ։ Կառույցի մյուս անդամ երկրների հետ համագործակցությամբ սահմանվել և ընդունվել են ՀԱՊԿ-ում դիտորդ և գործընկեր պետությունների կարգավիճակների համար տրվող չափորոշիչները:

Նոյեմբերի 28-ին անցկացված Հավաքական անվտանգության խորհրդի համատեղ նիստի արդյունքում ընդունվել է Հայաստանի նախաձեռնությամբ ՀԱՊԿ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին ՀԱՊԿ ՀԱԽ որոշումը, որը մասնավորապես վերաբերում է ՀԱՊԿ ԳՔ նշանակման, վերջինիս լիազորությունների վաղաժամ դադարեցման ընթացակարգերի հստակեցմանը։

Հաշվետու տարում ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղարությանը հայտնել են Միացյալ Թագավորությունը, Ռումինիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Սլովակիան, Չեխիան, Կիպրոսը, Գերմանիան, Իռլանդիան։ Շվեդիան, Խորվաթիան, Սլովենիան և Նիդեռլանդները ևս ավարտին են հասցրել ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ընթացակարգերը։ 2019 թվականի հունիսի 1-ին հաստատվել է ՀԸԳՀ՝ շուրջ 200 միջոցառում ներառող կիրարկման ճանապարհային քարտեզը, որը Գործընկերության խորհուրդը ողջունել է հունիսի 13-ին Բրյուսելում կայացած նիստի ընթացքում:

Հաշվետու ժամանակահատվածում ավարտվել են ԵՄ-ի կողմից 2018 թվականի գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանին տրամադրվող 36 միլիոն եվրո դրամաշնորհային 2 համաձայնագրերի ստորագրման և հաստատման գործընթացները: Զգալիորեն աճել է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը: Մասնավորապես, 2019 թվականին տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվող գումարը կազմել է 40 միլիոն եվրո, որին ավելացել է ևս 25 միլիոն եվրո հովանոցային ֆոնդի շրջանակում՝ կազմելով ընդհանուր առմամբ 65 միլիոն եվրո, որը գրեթե երկու անգամ գերազանցում է 2018 թվականի տարեկան գործողությունների ծրագրով նախատեսված գումարը: Նշված դրամաշնորհային 3 համաձայնագրերն արդեն համաձայնեցվել են եվրոպական կողմի հետ, քննարկվել են շահագրգիռ կողմերի միջև և առաջիկայում կստորագրվեն: Քննարկվել և նախանշվել են նաև ԵՄ-ի կողմից 2020 թվականի գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ-ին տրամադրվող դրամաշնորհի ուղղությունները, որոնց ընդհանուր գումարը ևս կկազմի առնվազն 65 միլիոն եվրո:

Դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Հյուսիսային Մակեդոնիայի, Դոմինիկայի Ընկերակցության, Ջիբութիի հետ։ Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի արտոնագրի ռեժիմ Կատարի Պետության և Սերբիայի Հանրապետության կողմից, իսկ փոխադարձության սկզբունքով՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության:

Տարեսկզբին Կատարի Պետությունում բացվել է ՀՀ դեսպանություն և նշանակվել ռեզիդենտ դեսպան: Նպատակ ունենալով զարգացնելու Մաղրիբի երկրների հետ հարաբերությունները՝ Հայաստանը ոչ ռեզիդենտ դեսպան է հավատարմագրել Թունիսում և Մարոկկոյում: Կառավարությունը որոշում է ընդունել Իսրայելի Պետությունում և Եթովպիայում ՀՀ դեսպանություններ բացելու մասին։

2019 թվականին Հայաստանում բացվել է Մեքսիկական Միացյալ Նահանգների պատվո հյուպատոսությունը, Չիլիի պատվո հյուպատոսությունը և Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը։ Երևանում դեսպանություններ բացելու որոշում են կայացրել Սլովակիայի, Սերբիայի և Նիդեռլանդների կառավարությունները:

Հաշվետու տարում շարունակվել են Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված ջանքերը։ Տարին նշանավորվել է բարձր և բարձրագույն մակարդակներում քաղաքական ակտիվ երկխոսությամբ, տարածաշրջանային և միջազգային հարթակներում քայլերի համակարգմամբ, տարբեր բնագավառներում սերտ համագործակցությամբ։

Տարվա ընթացքում պահպանվել է ԱՄՆ-ի հետ տարբեր մակարդակներում ակտիվ երկխոսությունը: Մայիսի 7-ին Երևանում տեղի է ունեցել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը: ԱՄՆ-ի կառավարությունը 2019 թվականին ՀՀ-ին հատկացվող օժանդակությունն ավելացրել է շուրջ 40 տոկոսով՝ հասցնելով շուրջ 60 միլիոն ԱՄՆ-ի դոլարի, որից ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության կողմից Հայաստանի տնտեսական աճի խթանմանը միտված ծրագրի շրջանակներում հատկացվել է շուրջ 11.2 միլիոն ԱՄՆ-ի դոլար, իսկ արդյունավետ կառավարմանը միտված ծրագրի շրջանակներում՝ շուրջ 13.4 միլիոն ԱՄՆ-ի դոլար:

Հայաստանի Հանրապետությունը շարունակել է խորացնել իր ներգրավվածությունը Միավորված ազգերի կազմակերպության կառույցներում: Մարտի 22-ին Հայաստանն ստանձնել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի (CSW) նախագահությունը: Հոկտեմբերի 17-ին Հայաստանն ընտրվել է Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 2020-2022 թթ․ ժամանակահատվածի համար։ Դեկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է հուլիսի 20-ը Շախմատի համաշխարհային օր հռչակելու մասին Հայաստանի նախաձեռնած բանաձևը: Հաշվետու տարվա ընթացքում Հայաստան-Եվրոպայի խորհուրդ (ԵԽ) օրակարգն առանձնացել է նշանակալի ակտիվությամբ: Հունիսին ազդարարվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ քառամյա (2019-2022 թթ.) գործողությունների ծրագրի մեկնարկը։

Ձևավորվել է Կիպրոս-Հայաստան-Հունաստան համագործակցության եռակողմ ձևաչափը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2020 թ․ Երևանում Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ: Մերձավորարևելյան տարածաշրջանի կայունության ապահովմանն ուղղված քաղաքականության շրջանակներում 2019 թվականի փետրվարից Սիրիայում գործում է հայկական մարդասիրական առաքելությունը, որը նպատակ ունի օժանդակություն ցուցաբերելու հումանիտար ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցներին և սիրիացի բարեկամ ժողովրդին:

Հաշվետու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության և մի շարք միջազգային ֆինանսական կառույցների միջև հաստատվել են համագործակցության ծրագրեր, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից: Համագործակցության հաստատված ծրագրերի ընդհանուր բյուջեն գերազանցում է 1.6 միլիարդ դոլարը և ուղղված է լինելու Հայաստանի ֆինանսատնտեսական, ենթակառուցվածքային, մարդկային կապիտալի ու մի շարք այլ ոլորտների զարգացմանը:

     

2.4. ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԸ

     

ՀՀ սփյուռքի նախարարությունը 2019 թվականի հունիսի 1-ից վերակազմակերպվել է, և ՀՀ վարչապետի աշխատակազմում հունիսի 11-ին ձևավորվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: 2019 թվականին գրասենյակի աշխատանքը միտված է եղել գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունների հստակեցմանը և առաջիկա տարիներին աշխատանքների ծրագրմանը:

Հաշվետու ժամանակահատվածում ակտիվ է եղել մասնագիտական տարբեր ցանցերի հետ համագործակցությունը։ Երևանում տեղի է ունեցել 5-րդ Հայ բժշկական համաշխարհային համագումարը (435 բժիշկ 21 երկրից), Հայկական առևտրային ցանցի Հայաստան-սփյուռք գործարար կապերի զարգացման 4-րդ խորհրդաժողովը (197 մասնակից 25 երկրից), «Ակցիա-առողջություն. Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության սրտաբանության եվրակովկասյան 7-րդ համաժողովը (380 մասնակից): Սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչների համար կազմակերպվել է հայրենաճանաչության, մասնագիտական վերապատրաստման վեց ծրագիր (ավելի, քան 500 մասնակից):

ՀՀ կառավարությունը փոխհատուցել է հայաստանյան բուհերում սովորող 39 սիրիահայ ուսանողների 2019-2020 թվականների ուսման վարձավճարների 40%-ը, ևս շուրջ 160 ուսանողների վարձավճարների մի մասը փոխհատուցել են Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը: Գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում «Իզմիրլյան» հիմնադրամը 694 սիրիահայերի տրամադրել է անվճար բժշկական օգնություն: 2019 թվականին ՀՀ բուհեր են ընդունվել 870 սփյուռքահայ դիմորդներ, որոնցից 84-ը՝ անվճար:

Իրան, Բելգիա, Ֆրանսիա, ՌԴ, Սինգապուր, Իտալիա, ԱՄՆ կատարած այցերի շրջանակներում ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Լոս Անջելեսի Գրանդ Փարքում ՀՀ վարչապետի հրավիրած հանրահավաքն իր ծավալներով եղել է աննախադեպ. մասնակիցների թիվը գերազանցել է 20 հազարը:

Համահայկական հիմնադրամի 2019 թվականի նվիրատուների թիվը կազմել է շուրջ 35 644՝ 32%-ով ավելի 2018 թվականի և 47%-ով ավելի 2017 թվականի նվիրատուների թվից:

     

3. ՊԱՅՔԱՐ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

     

Կառավարությունը որդեգրել է բարձր հաշվետվողականության և գործունեության թափանցիկության քաղաքականություն, որը դրսևորվել է Կառավարության նիստերի բաց ընթացակարգով, վարչապետի պարբերական ասուլիսների, փաստական հաշվետվությունների և ելույթների, Կառավարության անդամների ասուլիսների և լրատվամիջոցների հետ անկաշկանդ շփումների միջոցով:

2019 թվականին ձևավորվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման և հակակոռուպցիոն կրթական ծրագրերի իրականացման հարցերով իրավասու ինքնավար մարմին: Հատկանշական է, որ ձևավորված մարմնի նախագահ է ընտրվել ընդդիմության առաջադրած թեկնածուն:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում գտնվող քրեական գործերից 120-ը կամ 24%-ը եղել են կոռուպցիոն գործունեության դեմ ուղղված քրեական գործեր։ Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ-ի հարուցած քրեական գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 3.9 մլրդ դրամ:

2019 թվականի ընթացքում Քննչական կոմիտեում քննվող գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 1.085 միլիարդ դրամ գումար, որը 2018 թվականին վերականգնված 940 միլիոն դրամ գումարից ավելի է 15%-ով, իսկ 2017 թվականի վերականգնված 193 միլիոն դրամ գումարից՝ 462%-ով: Իրավաբանական անձանց և քաղաքացիներին պատճառված վնասից հաշվետու տարում վերականգնվել է 732 միլիոն դրամ:

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների իրականացրած գործողությունների շնորհիվ 2019 թվականին պետությանը, կազմակերպություններին և անձանց հասցված վնասից վերականգնվել է շուրջ 652 միլիոն դրամ: 2019 թվականին հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 1,280 դեպք: Կոռուպցիոն հանցագործություններից 324-ը կաշառակերության դեպքեր են, 225-ը՝ պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացման, 135-ը՝ պաշտոնական կեղծիքի, 299-ը՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, 60-ը՝ պաշտոնական լիազորություններն անցնելու և այլն:

2019 թվականի ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում գտնվող քրեական գործերով ձեռնարկված հետևողական միջոցառումների շնորհիվ հաջողվել է ապահովել հանցագործություններով պետությանը պատճառված վնասի աննախադեպ չափերի վերականգնում. վերականգնվել է 4 միլիարդ 353.8 միլիոն դրամ, որը 2018 և 2017 թվականների վերականգնված գումարներից ավելի է շուրջ 133 անգամ: Համեմատության համար անհրաժեշտ է նշել, որ 2019 թվականի ընթացքում վերականգնված գումարը 7 անգամ ավելի է, քան նախորդ 11 տարիների ընթացքում քննված քրեական գործերով վերականգնված գումարը միասին վերցրած, որը կազմել է 597.6 միլիոն դրամ: Ընդ որում, սա միայն կանխիկ գումարով պետության բյուջե վերադարձված գումարի չափն է. դրանից բազմակի անգամ ավելի չափով կալանք է դրվել մեղադրյալներին իրավաբանորեն և փաստացի պատկանող շարժական և անշարժ գույքերի, ինչպես նաև հանցագործության առարկա ակտիվների վրա, որոնք կտնօրինվեն դատական ակտերով:

Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետությունն ըստ արժանվույն գնահատվել է ինչպես Հայաստանի հանրության, այնպես էլ միջազգային կառույցների կողմից. «Transparency International»-ի «Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2019» զեկույցում Հայաստանն իր դիրքերը նախորդ տարվա համեմատ բարելավել է միանգամից 28 հորիզոնականով, ընդ որում, կոռուպցիայի ընկալման համաթվի միավորը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 7-ով:

Արդյունավետ և մրցունակ պետական կառավարման համակարգ ունենալու նպատակով 2019 թվականին Կառավարությունը նախաձեռնեց կառավարման համակարգի օպտիմալացման և արդյունավետության բարձրացման գործընթաց, որի շրջանակներում իրականացվեց Կառավարության կառուցվածքի փոփոխություն՝ նախարարությունների թիվը 17-ից դարձնելով 12: Նշված գործընթացի հիմնական նպատակը ոչ թե ֆինանսական միջոցների խնայողությունն է, այլ Կառավարության և պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը: Նշված փոփոխությունների շնորհիվ մի շարք դեպքերում հնարավոր է ապահովել քաղաքականության մշակման գործառույթի որակի բարձրացում՝ ռազմավարական պլանավորման և միասնականության ապահովման շնորհիվ: Աջակցող գործառույթների իրականացման պարագայում հնարավորություն է ստեղծվում դրանք համախմբելու և կենտրոնացնելու՝ ազատվելով կրկնվող գործառույթների իրականացումից, որը պարզեցնում և արագացնում է ընթացակարգերը՝ խնայելով թե՛ ժամանակ, թե՛ ռեսուրս և թե՛ միջոցներ:

Կառավարության ծրագրով նախատեսված ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների, հիմնադրամների, ՓԲԸ-ների գործունեության դադարեցման ուղղությամբ տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, որոնց միջոցով գնահատվել են դրանց գործառույթները, դադարեցվել է 9 ՊՈԱԿ-ի, 2 ԾԻԳ-ի, 1 հիմնադրամի, 1 ՓԲԸ-ի գործունեությունը, դրանցից մի քանիսը միավորվել են՝ համանման գործառույթները կենտրոնացնելով մեկ կառույցում: Նշված աշխատանքները կրում են շարունակական բնույթ, և գործընթացը սահուն իրականացնելու նպատակով մի շարք դեպքերում դրանք իրականացվում են ըստ նախանշված ժամանակացույցի: Օպտիմալացումից հետո պետական համակարգում կրճատվել է 2,178 հաստիք:

Պետական կառույցներին ամրագրված տրանսպորտային միջոցները նվազել են 477-ով: Դրանցից փաստացի օտարվել է 46 տրանսպորտային միջոց: Գործընթացը կրում է շարունակական բնույթ, և նշված բոլոր տրանսպորտային միջոցները ենթակա են օտարման: Նշված գործընթացների շնորհիվ 2019 թվականի պետական բյուջեի տնտեսումը կազմում է շուրջ 1 միլիարդ 287.8 միլիոն դրամ:

Կառավարությունը, խիստ կարևորելով ռազմավարական պլանավորման գործընթացը և ոլորտային բարեփոխումների օրակարգեր ձևավորելու հրամայականը, նախաձեռնել է շուրջ երեք տասնյակ ոլորտային ռազմավարությունների, ինչպես նաև Հայաստանի 2020-2050 թվականների վերափոխման ռազմավարությունը մշակելու գործընթացը: Ոլորտային ռազմավարությունների շուրջ մեկ տասնյակը հավանության են արժանացել 2019 թվականին (Հակակոռուպցիոն, Մարդու իրավունքների պաշտպանության, Դատական և իրավական բարեփոխումների, Քրեակատարողական և պրոբացիայի, Գյուղատնտեսության, Հանրային ֆինանսների կառավարման, Հարկային համակարգի վարչարարության, Գենդերային քաղաքականության իրականացման, «Աշխատիր Հայաստան»), իսկ մնացած գրեթե բոլոր ռազմավարական փաստաթղթերը մշակվել են և գտնվում են շահագրգիռ մարմինների, հանրային քննարկումների և նախարարական կոմիտեի քննարկման տարբեր փուլերում։

Ոլորտային ռազմավարություններն ընդգրկում են կոնկրետ գործողությունների ծրագրեր, այսինքն, բարեփոխումների օրակարգեր՝ հստակ ժամկետներով և ակնկալվող ֆինանսական գնահատականներով՝ միջնաժամկետ ծախսային ծրագրերով նախատեսելու համար: Այս գործընթացին զուգահեռ ընթանում են Հայաստանի 2020-2050 թվականների վերափոխման ռազմավարության մշակման աշխատանքները, որը ենթադրում է ազգային գաղափար ներկայացնող, 2050 թվականի Հայաստանի տեսլականներն արտահայտող, առաջիկա 10 տարվա կտրվածքով 16 մեգանպատակների կենսագործմանը միտված փաստաթուղթ, որն առանցքային նշանակություն ունի Հայաստանի վերափոխման համար:

    

4. ԱԶԱՏ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ ՔԱՂԱՔԱՑԻ

    

Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության շնորհիվ միջազգային մակարդակում Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարության տեսանկյունից դարձել է տարածաշրջանի առաջատար երկիրը: «Ժողովրդավարության համաթիվ 2019» զեկույցում Հայաստանն իր դիրքը բարելավել է միանգամից 17 հորիզոնականով՝ առաջ անցնելով հարևան բոլոր երկրներից: Ժողովրդավարական ինստիտուտների շարունակական կայացումը, մարդու իրավունքների անկաշկանդ իրացումը, բնակչության կենսամակարդակի բարձրացումը մշտապես գտնվել են Կառավարության գործունեության առանցքային թիրախում:

    

4.1. ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ ԲՈԼՈՐԻ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

     

Օրենքի առջև բոլորի հավասարությունը, պաշտպանվածությունը և արդարությունը երջանիկ քաղաքացու հիմնական գրավականներն են։ Կոռուպցիայի դեմ տարվող պայքարը, նախահեղափոխական շրջանի հանցագործությունների բացահայտումը և ընթացիկ դատական գործերն այդ սկզբունքների գործնական դրսևորումն են։

Հաշվետու ժամանակաշրջանում կոռուպցիոն և այլ բնույթի քրեական գործերով անցնում են նախկին նախագահներ, նախարարներ, փոխնախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Արդարադատության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը չի շրջանցել նաև ներկայիս Կառավարության գործող կամ արդեն նախկին պաշտոնյաներին՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահին, ՊՎԾ պետին, առողջապահության և ԿԳՄՍ փոխնախարարներին, որոնք մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակում են հայտնվել իրենց լիազորությունների իրականացման ընթացքում։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի և Հատուկ քննչական ծառայության հրավերներով ներկայացել է նախաքննության մարմինների գրասենյակներ և քննիչների աշխատասենյակում հարցաքննվել:

Մարդու իրավունքների անկաշկանդ իրացման կարևոր գրավականը Կառավարության և իրավապահ համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդումն է, ինչը դրսևորվել է քաղաքացիների՝ նախկինում քողարկված խնդիրների, իրավախախտումների և հանցագործությունների մատնանշմամբ և բարձրաձայնմամբ: «Freedom House»-ի «Համացանցի ազատության մասին 2019 թ.» զեկույցում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 5 հորիզոնականով՝ դասվելով «ազատ» երկրների շարքին, իսկ նույն կազմակերպության «Ազատությունն աշխարհում 2019» զեկույցում Հայաստանի դիրքերը բարելավվել են 6 միավորով:

Կառավարությունը նպաստել է մարդու իրավունքների իրացմանը, պայմաններ է ստեղծել հասարակության խոցելի շերտերի ինտեգրման և բարեկեցության բարձրացման համար: Հայաստանում չկան քաղբանտարկյալներ: Հաշվետու ժամանակահատվածում լուծվել է քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը: «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում սկսվել է հիմնարկներում պահվող անձանց սննդով ապահովելու գործառույթը մասնավոր ընկերությանը պատվիրակելու փորձնական ծրագիրը։ Սննդից օգտվող դատապարտյալների ու կալանավորված անձանց ցուցանիշը 100% է:

Gallup ամերիկյան ինստիտուտի «Օրենք և կարգ 2019 համաթիվ» զեկույցում, որը գնահատում է տարբեր երկրների ջանքերը՝ ուղղված արդար, խաղաղ և ներառական հասարակություն ունենալուն, Հայաստանն իր դիրքերը բարելավել է 5 հորիզոնականով:

     

4.2. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

     

Քաղաքացիներին պետական աջակցությունից ունեցած երկարատև կախվածությունից աստիճանաբար ձերբազատելու և արժանապատիվ ու սեփական վաստակ ունենալու հնարավորություն ընձեռելու նպատակով Կառավարությունը ներդրել է բազմաթիվ ծրագրեր և օրենսդրական կարգավորումներ, մասնավորապես.

Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 1000 ընտանիք կստանա աջակցություն անասնապահությամբ զբաղվելու համար:

Հնարավորություն է տրվել ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքին՝ ընտանիքի աշխատունակ անդամների աշխատանքի անցնելու դեպքում 6 ամիս շարունակելու ստանալ նպաստը (գործելու է 01.04.2020-ից), ինչպես նաև օգտվելու զբաղվածության ակտիվ ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումներից:

ՍԱՏԳ կողմից զբաղվածության տարածքային կենտրոններ ուղղորդված անձինք ճանաչվում են աշխատաշուկայում անմրցունակ, որից հետո նրանց հնարավորություն է տրվում առաջնահերթության կարգով ընդգրկվելու զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում: Անասնապահությամբ զբաղվելու համար անմրցունակ անձի ստացած եկամուտը ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ որպես եկամուտ չի հաշվարկվում:

Սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքներն այդ աշխատանքը կատարելու պատճառով սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հնարավորությունից չեն զրկվում:

Դեպի պետական նպաստն առկա ձգտումների ապախթանման նպատակով նվազեցվել է որևէ սոցիալական խմբում չընդգրկված անդամներ ունեցող ընտանիքների՝ համակարգով տրվող օգնություններից օգտվելու հնարավորությունը, և սահմանվել ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման համար օգտագործվող նոր՝ «հարմար աշխատանքից հրաժարված անձ» սոցիալական խումբը:

Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականությունը մեծացնելու և շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշները լրացվել են նոր չափանիշներով, այն է՝ մանկատան շրջանավարտ լինելը, զոհված/մահացած զինծառայողի ընտանիքի անդամ լինելը, երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող անձ լինելը:

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության մակարդակի բարձրացման նպատակով հանվել է զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց ստացած ֆինանսական միջոցների վերադարձման պայմանը, բարելավվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին տրվող աշխատավարձի մասնակի փոխհատուցման պայմանները:

Կառավարությունը ներդրել է ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր: Մասնավորապես՝ վեց անգամ կբարձրանա առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից դառնալով 300 հազար դրամ, իսկ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 300 հազար դրամ, նախկին 150 հազարի փոխարեն։ 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 18 հազար դրամի փոխարեն սահմանվել է 26,500 դրամ։ Գյուղական բնակավայրում բնակվող ծնողի համար 2020-ի հուլիսի 1-ից նախատեսվում է նշանակել հավելյալ խնամքի նպաստ, որը կկազմի 26,500 դրամ: Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով մշակվել են երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության աջակցության 3 ծրագրեր, որոնք դրվել են շրջանառության մեջ: ՀՀ 2020 թ. պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված են համապատասխան միջոցներ: Նախատեսվում է ծրագրերը սկսել 2020 թ. հուլիսի 1-ից:

Երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի շահառու ճանաչված, սակայն դեռևս խնդիրները չլուծված 453 ընտանիքից 227-ի բնակարանային խնդիրը կլուծվի բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով, որի համար Կառավարությունը 2019 թվականին հատկացրել է 1.3 միլիարդ դրամ: Բացի այդ, 2020 թ.-ի բյուջեով նախատեսված է ևս 3 մլրդ դրամ, որի հաշվին կլուծվի մնացած 226 ընտանիքի բնակարանի խնդիրը՝ հիմնականում բնակարանային շինարարության եղանակով:

Մեկնարկել է մանկատան շուրջ 300 շրջանավարտների համար բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացը, որի նպատակով Կառավարության որոշմամբ հատկացվել է 1.9 մլրդ դրամ: 55 շահառուների համար արդեն կայացվել են վկայագրերի տրամադրման որոշումներ: Բացի այդ, ծրագրի շահառուները առաջնահերթության կարգով ընդգրկվել են նաև զբաղվածության պետական ծրագրերում։ Այսպիսով Կառավարությունը կատարում է մանկատան սաների առջև 2003 թվականից չկատարված պետական պարտավորությունը:

Ազգային հիփոթեքային և Բնակարան երիտասարդներին կազմակերպությունների կողմից տրամադրված ծրագրային հիփոթեքային վարկերը 2017 թվականի ընթացքում կազմել են 16.9 մլրդ դրամ, 2018 թվականի ընթացքում՝ 17.7 մլրդ (1,817 վարկ), իսկ 2019 թվականի ընթացքում՝ 25 մլրդ դրամ (2,339 վարկ), այսինքն՝ այս ծրագրերով 2019 թվականին տրամադրվել է 48%-ով ավելի հիփոթեքային վարկ, քան 2017 թվականին:

Էական աճել է ֆիզիկական անձանց եկամտային հարկի վերադարձվող գումարը, որն ուղղվում է հիփոթեքային վարկի տոկոսների վճարմանը: 2019 թվականին վարկառուներին վերադարձվել է 7.9 միլիարդ դրամ, որը 2018 թվականի համեմատ ավելի է 69%-ով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 227%-ով:

2019 թվականի վերջի դրությամբ հիփոթեքային վարկերի ընդհանուր քանակը կազմել է 37 492, որը 2018 թվականի համեմատ ավելի է 5613-ով կամ 18%-ով: Ընդհանուր առմամբ հիփոթեքային վարկերի ծավալը ֆինանսական համակարգում 2019 թվականի ընթացքում աճել է 37%-ով: Միայն առևտրային բանկերի կողմից 2017 թվականի ընթացքում նոր տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալը կազմել է 83 մլրդ դրամ, 2018 թվականի ընթացքում՝ 101 մլրդ դրամ, իսկ 2019 թվականի ընթացքում՝ 165 մլրդ դրամ, այսինքն՝ 2019-ին 2017 թվականի համեմատ հիփոթեքային վարկերի ծավալն աճել է 99%-ով:

Սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով 2019 թվականին շահագործման են հանձնվել 9 համալիր սոցիալական ծառայությունների տարածքային նոր կենտրոններ (ՀՍԾՏԿ), ներկայումս մշակված են 10 ՀՍԾՏԿ-ների ձևավորման նախագծանախահաշվային փաստաթղթերը, ընթացքի մեջ են 6 ՀՍԾՏԿ-ների շինվերանորոգման, 6 ՀՍԾՏԿ-ների ձևավորման մրցույթների գնահատման և 3 ՀՍԾՏԿ-ների տարածքների հատկացման աշխատանքները:

2019-ին հաստատվել է «Արժանապատիվ աշխատանք» քառամյա ազգային ծրագիրը, ըստ որի նախատեսվում է կատարելագործել աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող մեխանիզմները և բարելավել զբաղվածության քաղաքականությունը։ ԱԺ պատգամավորների հետ համագործակցության շնորհիվ օրենսդրական մակարդակով տրվել է աշխատանքային հարաբերություններում խտրականության սահմանումը:

2019 թվականի ընթացքում իրականացված մի շարք օրենսդրական փոփոխությունները հնարավորություն են ընձեռել առավել համապարփակ ապահովելու ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի հարաբերությունները, տրամադրելու արդյունավետ պաշտպանության և աջակցման միջոցներ: 2020-ի հունվարից բոլոր մարզերում գործում են ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության նոր կենտրոններ ընդհանուր առմամբ 1800 շահառուի համար և 2 նոր ապաստարան ՀՀ տարածքում՝ 60 շահառուի համար: 2020-ի սկզբից ընտանիքում բռնության ենթարկված անձանց առաջին անգամ կտրամադրվի նաև ֆինանսական աջակցություն՝ ոչ ավելի, քան 150 հազար դրամ: Հայաստանում ներդրվել է ընտանիքում բռնության դեպքերի համապարփակ վիճակագրական տվյալների հավաքման մեխանիզմ:

Հաշվետու ժամանակահատվածում, նպատակ ունենալով խրախուսել մասնավոր կազմակերպությունների մուտքը սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտ, խնամքի և սոցիալական այլ ծառայությունները պատվիրակվել են հասարակական կազմակերպություններին, դրամաշնորհի տրամադրման համար հայտարարվել են մրցույթներ, և պայմանագրեր են կնքվել մրցույթում հաղթած կազմակերպությունների հետ: Ոլորտում ձևավորվել է մրցակցային միջավայր:

2019 թվականին բացահայտվել են ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ օտարերկրացիների կողմից բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: Երեխայի բարեկեցիկ կյանքն ընտանիքում և հասարակության մեջ ապահովելու, մանկատներում և գիշերօթիկ հաստատություններում երեխաների թվի նվազեցման և այդ հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման նպատակով երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների շուրջ 230 երեխաներ վերադարձել են կենսաբանական ընտանիքներ, և նրանց ընտանիքներն ընդգրկվել են աջակցության ծրագրերում: Ներկայում այդ ընտանիքներն ստանում են նաև բնաիրային փաթեթներ, իսկ այն երեխաները, որոնց անհնար էր ընտանիք վերադարձնել, տեղավորվում են խնամատար ընտանիքներում կամ ՍՕՍ մանկատանը: Գործուն քայլեր են իրականացվել որդեգրման գործընթացի բարելավման նպատակով։

2019 թվականին կազմակերպված դրամաշնորհների տրամադրման մրցույթների արդյունքներով 2020 թվականից շուրջ 30 խոշոր բնակավայրերում կգործեն ցերեկային կենտրոններ, ինչպես նաև բոլոր մարզերում և Երևանում կգործեն շուրջօրյա խնամքի հաստատություններ երեխաների մուտքի անհրաժեշտությունը նվազեցնող ծրագրեր, որոնք ծառայություններ կտրամադրեն շուրջ 3800 երեխաների։ Ընդ որում, ցերեկային ծառայությունն ընդգրկում է շարժական թիմի և սոցիալական օգնականի ծառայության բաղադրիչները՝ հնարավոր դարձնելով ծառայությունների տրամադրումը նաև շրջակա գյուղական համայնքներին։ Ընդհանուր առմամբ ծառայությունների շահառու երեխաների թիվն ավելի քան եռապատկվում է՝ նախորդ տարվա համեմատ։

2019 թվականի ապրիլից մասնավոր կազմակերպության հետ ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում մեկնարկել է խնամքի շուրջօրյա հաստատություններ հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքի անհրաժեշտությունը նվազեցնելու ծրագիրը, որին աջակցում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։ Ծրագրի շրջանակներում կանխվել է ավելի քան մեկ տասնյակ երեխաների մուտքը հաստատություններ։

2020 թվականից Կառավարությունը փոխհատուցում է Հայաստանի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարները: Կառավարությունը հավանության է արժանացրել 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցություն ցուցաբերելու մասին որոշումը. որպես աջակցության ձև սահմանվում է դրամական օգնությունը:

    

4.3. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

    

Հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել են առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության բարձրացմանն ուղղված մի շարք քայլեր։ 2019 թվականի հուլիսի 4-ից պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացվում են մինչև 18 տարեկան երեխաների համար, որի շնորհիվ առկա է երեխաների բուժօգնության մատչելիության բարելավում:

2019 թվականից մոտ 500,000-ով ավելացել է սոցիալական հատուկ խմբերում ընդգրկված այն քաղաքացիների թիվը, որոնց համար նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառումով միջամտություններն իրականացվում են պետության կողմից երաշխավորված ծրագրերի շրջանակներում: 2019 թվականին ընդլայնվել են ՀՀ ամբողջ բնակչությանը պետական պատվերի շրջանակներում անվճար պայմաններով մատուցվող սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) ծառայությունները։ 2019 թվականի հունվարից ախտորոշված չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումն ամբողջ բնակչության համար իրականացվում է անվճար։ 2019 թվականի հուլիսից հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով պացիենտների համար մինչև 15 MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում անվճար պայմաններով: 2019 թվականի փետրվարից իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագիրը` ամբողջ բնակչության համար, որի շրջանակներում բուժօգնություն է ստացել 345 քաղաքացի:

2019 թվականի սեպտեմբերից մեկնարկել է անպտղություն ունեցող զույգերին աջակցող ծրագիրը, որով սահմանվել են անպտղության բուժման և հաղթահարման նպատակով պետության երաշխավորած անվճար պայմաններով հետազոտությունների և բուժման, այդ թվում՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծավալները: Պետական պատվերի շրջանակներում իրականացվել է հաշմանդամ երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային բուժօգնությունը, վերականգնողական և առողջարանային բուժումը, դժվարամատչելի հետազոտությունների իրականացումը և դեղերով ապահովումը:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեով ձեռք են բերվել թվով 14 անվանում հակաուռուցքային դեղեր՝ մանկական քիմիոթերապիայի համար։ Մոտ 400 անուն դեղեր, որոնք անհասանելի էին անապահով ընտանիքների համար, 2019 թվականի հուլիսի 1-ից տրամադրվում են անվճար: Այս արտոնությունից օգտվում է մոտ 200 հազար շահառու: Մինչ այժմ պետական միջոցներով չտրամադրված հեպատիտ Ց-ի բուժման համար անհրաժեշտ հակավիրուսային և հիպոֆիզային գաճաճություն ախտանիշ ունեցող աճի հորմոն դեղերը, ինչպես նաև վաղ փուլերում հայտնաբերված կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար նախատեսված շվեյցարական «Ռոշ» ընկերության «Հերցեպտին» թիրախային դեղը 2020 թվականից կհատկացվեն անվճար։ 2 տարի ժամկետով երկարաձգվել է Դիաբետոն 60 մգ դեղի գնման գործընթացը, որի շնորհիվ շաքարային դիաբետով հիվանդները 2020-2021 թվականներին ևս պատշաճ կերպով և անխափան կապահովվեն ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության արտադրության «Դիաբետոն ՄՌ 60-ի (գլիկլազիդ)» դեղով:

2019 թ․ շարունակվել են մարզային բժշկական կազմակերպությունների արդիականացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև դեռևս 2015 թվականի մեկնարկած սքրինինգային ծրագիրը։ Մեկնարկել է 11 առողջապահական օբյեկտների կառուցման–վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթավորման գործընթացը։ Առողջապահության նախարարության միջնորդությամբ մարզերում աշխատանքի են նշանակվել նպատակային կլինիկական օրդինատուրայի 36 շրջանավարտներ: Պետպատվերով վերապատրաստվել են սոցիալական աջակցության կարիք ունեցող 150 ավագ և 200 միջին բուժաշխատողներ` գերազանցապես մարզերում աշխատող: Ավագ բուժաշխատողների ժամանակավոր գործուղումների ծրագրի ներդրման շնորհիվ 2019 թվականի երկրորդ կիսամյակում մարզերի բժշկական կազմակերպություններ են գործուղվել 25 բուժաշխատողներ:

Հաշվետու ժամանակահատվածում մանկական (0-1 տարեկան) մահացության ցուցանիշը կազմել է 6.2 պրոմիլ (բացարձակ թիվը կազմում է 224 դեպք)` 2018 թվականի նույն ժամանակահատվածի 7.1 պրոմիլի (բացարձակ թիվը կազմում է 261 դեպք) համեմատությամբ: Համապատասխանաբար կրճատվել է նաև 0-5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը, 2019 թվականի կտրվածքով կազմելով 7.6 պրոմիլ (բացարձակ թիվ` 276)՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածի 8.7 պրոմիլի (բացարձակ թիվ` 317) համեմատությամբ:

Առողջապահության ոլորտում ստվերն էականորեն կրճատվել է. 2019 թվականին ոլորտի ընդհանուր շրջանառությունն աճել է 17.1%-ով կամ 27.95 մլրդ դրամով, ոլորտի աշխատակիցների թիվը 2019 թվականի նոյեմբերի դրությամբ նախորդ տարվա համեմատ աճել է 1.7%-ով կամ 720-ով, իսկ աշխատակիցների միջին աշխատավարձն աճել է 13.4%-ով կամ 24․4 հազար դրամով:

 Հայաստանում ներդրվել է սանիտարական ավիացիայի ծառայություն: 2019 թվականի ապրիլի 8-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ծառայությունը հեռավոր բնակավայրերից տեղափոխել է 82 պացիենտ: Ավելացել են առողջության առաջնային պահպանման մեկ բնակչի համար միջինացված գները։ Վերանայվել են շտապ բժշկական օգնության նորմատիվները և գները, որի շնորհիվ հերթապահող բրիգադների քանակը Երևանում և մարզերում ավելացվել է 30-ով՝ ապահովելով ծառայության հասանելիությունը: 2020-ի հունվարի 1-ից Երևանի շտապ բժշկական օգնության շուրջ 950 աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է 10%-ով։

Հաշվետու ժամանակաշրջանում ԱԺ-ն հաստատել է Կառավարության մշակած հակածխախոտային օրենսդրական նախագիծը, որով ծխելն արգելվում է հանրային փակ տարածքներում, ինչպես նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում:

     

4.4. ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

     

Կառավարությունն առանձնահատուկ կարևորում է կրթական համակարգի բարեփոխումը, որի վերջնական նպատակը պետք է լինի պահանջված և որակյալ մասնագետների թողարկումը: 2019 թվականին Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Լոռու, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերում շարունակվել են նախակրթարաններ հիմնելու միկրոծրագրերը: Հանրապետությունում հիմնվել է 18 նախակրթարան, որոնցում ընդգրկվել է ավագ տարիքային խմբի շուրջ 425 երեխա:

Ուսուցիչների նվազագույն աշխատավարձը մեկ դրույքի համար սահմանվել է առնվազն 108.8 հազար դրամ, ընդ որում՝ աշակերտների թվից կախված` որոշ դպրոցների աշխատավարձը կարող է ավելի բարձր լինել։ Շուրջ մեկ միլիարդ դրամով ավելացել է ավագ դպրոցների ֆինանսավորումը, որի շնորհիվ վերացվել է դպրոցի ուսուցիչների աշխատավարձի նվազման վտանգը, որն առաջացել էր նախորդ ֆինանսավորման բանաձևը փոխելու հետևանքով:

2019-2020 ուսումնական տարում Երևանում իրականացվել է փորձնական ծրագիր, որի շրջանակներում հանրակրթական դպրոց հաճախող շուրջ 13,000 երեխաների ընդունելությունը 1-ին դասարան իրականացվել է էլեկտրոնային համակարգի միջոցով:

Հաշվետու ժամանակահատվածում Արագածոտնի մարզի 117 դպրոցներն անցում են կատարել «Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագրին` սնունդ տրամադրելով նախակրթարանների և 1-4-րդ դասարանների 7,514 աշակերտի: Ընդհանուր առմամբ 2019 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում սնունդ է ստանում ՀՀ Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի, Արագածոտնի (Ազգային ծրագիր) շուրջ 600 հանրակրթական դպրոցների նախակրթարանների և 1-4-րդ դասարանների շուրջ 50,000 աշակերտ: ՀՀ մյուս 4 մարզերում ՄԱԿ-ի ՊՀԾ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում սնունդ է տրվում ևս 412 դպրոցի 50,000 աշակերտների: 2020 թվականի սեպտեմբերի 1-ից ծրագիրը կներդրվի Գեղարքունիքի մարզում, շահառուների թիվը կկազմի 12,683 աշակերտ: Աշխատաշուկայի պահանջարկից ելնելով՝ 2019-2020 ուսումնական տարվանից նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ներդրվել են նոր մասնագիտություններ։

2019 թվականի նախորդ տարվա համեմատ շուրջ 10%-ով ավելացել է կրթական նպատակով Հայաստան այցելողների թիվը։ Ստեղծվել է Բարձրագույն կրթության միջազգայնացման ազգային հարթակը՝ Studyinarmenia.am, մշակվել են միջազգայնացման ցուցիչները և գործիքակազմը:

2019-ի ընթացքում Հայաստանի Բարձրագույն որակավորման կոմիտեն հաստատել է 6 դոկտորական և 216 թեկնածուական գիտական աստիճան։ Գիտական աստիճաններ պաշտպանողների թիվը նախորդ տարիների համեմատությամբ էականորեն կրճատվել է, մասնավորապես՝ 2018-ին հաստատվել էր 42 դոկտորական և 317 թեկնածուական աստիճան, իսկ 2017-ին՝ 41 դոկտորական և 353 թեկնածուական աստիճան։

Հանրակրթական ուսումնական հաստատություններում լրացուցիչ 284 ինժեներական լաբորատորիաներ հիմնելու համար 2019 թվականին հատկացվել է հավելյալ 834 մլն դրամ, այդպիսով հաշվետու տարում տվյալ ուղղությամբ հատկացվել է ընդհանուր 1.1 մլրդ դրամ՝ 2017 և 2018 թվականների 127 մլն-ական դրամի համեմատ: 2019 թվականի ավարտին բոլոր մարզերում ստեղծվել են ռոբոտաշինության և ինժեներական թվով 575 լաբորատորիաներ (2018 թվականի սկզբին գործել է թվով 220 լաբորատորիա), որտեղ ընդգրկված է շուրջ 7000 սովորող:

«Դպրոցական բաժանորդային ծրագրի» շնորհիվ շուրջ 380,000 աշակերտ և 35,000 ուսուցիչ ստացել են և դեռ կստանան անվճար մուտքի եռակի հնարավորություն մշակութային հաստատություններ՝ թանգարան, թատրոն, համերգասրահ։

«Դաս Ա» ծրագիրը պիլոտային սկզբունքով իրականացվում է Երևանի դպրոցներում, որի շրջանակում Երևանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներն այցելում են Երևանի ավագ դպրոցներ և իրականացնում երաժշտական կրթություն: Ծրագրի շրջանակում դպրոցականներին տրամադրվել է շուրջ 13 հազար անվճար տոմս: «Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում մրցույթի միջոցով ընտրված մշակույթի շուրջ 50 գործիչներ հանրակրթական բոլոր հաստատություններում ներկայացնում են իրենց արվեստը:

Օրենսդրական փոփոխություններից հետո ուսանողական վարկերը հասանելի են դարձել 6%՝ բարձր առաջադիմությամբ ուսանողների համար և 7% տարեկան տոկոսադրույքներով, նախկին 9% և 10%-ի փոխարեն, վարկավորման գումարները դարձել են 700 հազար դրամ նախկին 450 հազար դրամի փոխարեն:

     

4.5. ՄՇԱԿՈՒՅԹԸ, ՍՊՈՐՏԸ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ

     

2019 թվականի ընթացքում ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում իրականացվել են պահպանությանը, տարածմանը, փոխանցմանն ու հանրահռչակմանն ուղղված 22 ծրագրեր: Ժամանակակից արվեստի և մշակութային կրթության ոլորտում ստեղծագործական պատվերի միջոցով աջակցություն է ցուցաբերվել 80 ստեղծագործական ծրագրի։ Դեբյուտային ստեղծագործական ծրագրերին նպաստելու նպատակով ժամանակակից արվեստի և մշակութային կրթության ոլորտում իրականացվել է 25 նախագիծ և 18 կինոնախագիծ։

Իրականացվել է «Երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագիրը։ «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակման և հրատարակման» ծրագրով հրատարակվել է 12 ուսումնամեթոդական ձեռնարկ։ Ընդհանուր առմամբ ՀՀ մարզերում իրականացվել է 237 մշակութային նախագիծ։

2019 թվականին Կառավարությունը ներդրել է Անկախության տոնի հիմնական միջոցառումները մարզերում իրականացնելու պրակտիկա: Սեպտեմբերի 21-ին Անկախության տոնը պետական մակարդակով նշվել է Գյումրիում։

2019 թվականին միայն ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարանների հաշվարկով 1 մլն 249 հազար այցելու է այցելել այդ հաստատություններ, որը 18%-ով ավելի է, քան 2018 թվականին թանգարաններ այցելած մարդկանց թիվը և 33%-ով ավելի, քան 2017 թվականին այցելուների թիվը: Ամանորյա ոչ աշխատանքային օրերին 14 հազար 662 մարդ է այցելել այդ օրերին աշխատող թանգարաններ, որոնցից մինչև 18 տարեկան 2,746 անձինք օգտվել են Կառավարության սահմանած անվճար մուտքի իրավունքից:

Ներդրվել է տարին դասական համերգով ամփոփելու ավանդույթ: Ամանորի օրերին 25%-ով աճել է թատրոններ հաճախողների թիվը. 2019 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը Հայաստանում գործող թատրոններ այցելել է 54,802 մարդ, որից 51,014-ը գնել է տոմս, 3,788-ը ներկայացել է հրավիրատոմսով:

700 մլն դրամով աճել է մեկ տասնյակ մշակութային հաստատությունների ֆինանսավորումը, որի շնորհիվ նրանք դառնում են ամբողջությամբ պետության կողմից ֆինանսավորվող՝ Հայաստանի ազգային պետական երգչախումբ, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Պետական սիմֆոնիկ նվագախումբ, Կոմիտասի անվան ազգային քառյակ, Հայաստանի ազգային ջազ նվագախումբ, Կամերային երաժշտության ազգային կենտրոն՝ «Հովեր», «Տաղարան» համույթներ, Երևանի պետական կամերային երգչախումբ, Կամերային նվագախումբ, Կամերային երգչախումբ:

Հայաստանի ազգային պատկերասրահում միջազգային չափանիշներով օդափոխման և ջերմախոնավային նոր համակարգ տեղադրելու նպատակով Կառավարությունը հատկացրել է 602 մլն դրամ:

Հաշվետու տարում Կառավարության որոշմամբ 523 մլն դրամ է հատկացվել հանրակրթական դպրոցների և մարզադպրոցների համար մարզագույք ձեռք բերելու նպատակով. դա մոտ 100 մլն դրամով ավելի է 2012-2018 թվականների ողջ ընթացքում պետական բյուջեից այս նպատակով հատկացված միջոցների ընդհանուր գումարից:

Պետական աջակցության ծրագրում ընդգրկված ֆեդերացիաները 2019 թվականի ընթացքում մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, Եվրոպական երկրորդ խաղերում և համաշխարհային ունիվերսիադայում նվաճել են 222 մեդալ, այդ թվում՝ 61 ոսկե, 84 արծաթե և 77 բրոնզե: Հաշմանդամային սպորտով հաշվետու տարում Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մեր մարզիկները ձեռք են բերել 2 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալներ:

2019 թվականի ընթացքում 35 ֆեդերացիաներ պետական աջակցության միջոցներով անցկացրել են հայաստանյան 100 առաջնություն, 147 ուսումնամարզական հավաք, մասնակցել 195 միջազգային մրցաշարի, այդ թվում՝ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների։

        

4.6. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ

      

2019 թվականին Կառավարության՝ շրջակա միջավայրի կառավարման քաղաքականության առանցքն են եղել շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությունն ու վերականգնումը, իսկ բնական ռեսուրսների շահագործման հարցում Կառավարությունն առաջնորդվել է սոցիալական արդարության և տնտեսական արդյունավետության հետ հավասարակշռություն պահպանելու սկզբունքով:

Իրականացված աշխատանքների միջոցով արձանագրվել է 1,863 բնապահպանական իրավախախտում (հայտնաբերված իրավախախտումների աճը նախորդ տարվա համեմատ՝ 71%), որոնց հիմքով հարուցվել է 1,228 վարչական վարույթ (աճը՝ 13.6%), վարչական տույժի է ենթարկվել 914 անձ՝ նախորդող տարվա 774-ի փոխարեն: 2019 թվականի ընթացքում վերահսկողական աշխատանքների շնորհիվ իրականացվել է 1358 վնասի հաշվարկ. հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 2 մլրդ 658.7 մլն դրամի չափով վնաս (աճը՝ 64%):

2019 թվականի ընթացքում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում արձանագրված խախտումների փոխհատուցման մասով պետական բյուջե մուտքագրվել է 512.3 մլն դրամ գումար՝ 2018 թվականի 172.6 մլն դրամի և 2017 թվականի 63.7 մլն դրամի համեմատ: Գանձումների գործընթացն օրենքով սահմանված կարգով շարունակվում է: 2019 թվականին Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 367 որոշում՝ 32,717,360 դրամի բռնագանձման պահանջով։

2019 թվականին Ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքների շրջանակում Արարատի և Արմավիրի մարզերում իրականացվել են 8 խորքային հորի լուծարման և 43-ի կոնսերվացման աշխատանքներ։ Ջրօգտագործողների միջոցների հաշվին կոնսերվացվել է ևս 28 խորքային հոր։ Փականային ռեժիմի է բերվել 20 խորքային հոր։ Խնայվել է 3017.8լ/վրկ ջրաքանակ: Աշխատանքների շնորհիվ ջրօգտագործողների մոտ հայտնաբերվել է 382 խախտում։

Ջրային օրենսգրքի փոփոխությամբ սահմանվել են այն գետերի ցանկը հաստատելու իրավական հիմքերը, որոնց վրա կարգելվի ՀԷԿ-երի կառուցումը. ցանկը կհաստատվի մինչև ընթացիկ տարվա հուլիս ամիսը: Հաշվետու ժամանակահատվածում կասեցվել է Գեղարոտ գետի վրա 2 ՀԷԿ-ի թույլտվություն, անվավեր է ճանաչվել 1 թույլտվություն, 197 ՀԷԿ-երից 133-ում տեղադրվել և կնքվել են առցանց ջրաչափեր, որոնցից 62-ը ներդրվել է առցանց ավտոմատ տվյալների համակարգով:

Մեկնարկել է 2.5 մլն դոլար արժողությամբ միջազգային դրամաշնորհային նոր ծրագիր, որը կիրականացվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Դիլիջան» ազգային պարկի հարակից՝ Դիլիջան, Ֆիոլետովո, Մարգահովիտ և Ուրցաձոր համայնքներում: Ծրագիրն ունի սոցիալ-տնտեսական բովանդակություն՝ անտառամերձ տարածքների բնակիչներին եկամտի այլ աղբյուրներ ի ցույց դնելուն և այս հարցում նրանց աջակցելուն միտված: Կառավարության մշակած «10 մլն ծառատունկի» ծրագիրը, որի նպատակն է մինչև 2020-ի հոկտեմբերի 10-ը Հայաստանի ամբողջ տարածքում տնկել 10 մլն ծառ, արդեն գործնական փուլ է մտել: 2019-ին առաջին անգամ պետբյուջեից անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ կատարելու նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 424 մլն դրամ, որի միջոցով գնվել է անտառային տեխնիկա, կատարվել են անտառավերականգնման աշխատանքներ:

Կառավարությունը սկսել է Երևանի «Նորքի անտառների» տարածքում 45 հեկտար անտառի վերականգնման միջոցառումների ծրագիրը:

2019 թվականի հոկտեմբերի 1-ից 20 հազարական դրամով բարձրացվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պահպանությունն իրականացնող 611 աշխատակիցների աշխատավարձերը, ինչպես նաև առաջին անգամ ապահովվել են ամառային և ձմեռային արտահագուստով (806 կոմպլեկտ): «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Անտառտնտեսություն» մասնաճյուղերը ազգաբնակչությանն անվճար տրամադրել են 87543 պահեստային խմ թափուկ վառելափայտ: Բնության հատուկ պահպանվող տարածքներում 2019 թվականի ընթացքում իրականացվել են անտառավերականգնման աշխատանքներ՝ 128.1 հա (2018 թ.՝ 26.3 հա), տնկարանի հիմնում և խնամք՝ 9.2 հա (2018 թ.՝ 5.95 հա), տնկանյութի աճեցման աշխատանքներ, այդ թվում՝ սերմնաբուսակներ` 7,480 հատ (2018 թ. 5260 հատ) և տնկիներ՝ 36,500 հատ (2018 թ.՝ 31,970 հատ):

2019 թվականին առաջին անգամ Հայաստանում ստեղծվել է ընդերքօգտագործման թափոններով զբաղեցված 44 լքված/տիրազուրկ տարածքի և 5 փակված պոչամբարի տեղեկատվական բազա, ընդունվել է դրանց ցանկն ու նկարագիրը հաստատելու մասին հրամանը: Ընդերքօգտագործող 10 կազմակերպությունում կատարվել են դիտարկումներ, որոնց արդյունքներով մշակվել են տեղեկատվական քարտեզներ, ինչը թույլ կտա առավել արդյունավետ և նպատակային իրականացնել շրջակա միջավայրի մոնիթորինգը:

Օրենսդրական փոփոխություններից հետո 2019 թվականի հուլիսի 1–ից ավելացված արժեքի հարկից ազատվել են բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։ Օրենքի ընդունումից հետո միայն երկրորդ կիսամյակում ՀՀ ներմուծվել է 144 էլեկտրամոբիլ և 523 էլեկտրական շարժիչով մոտոցիկլներ և մոպեդներ, իսկ նախորդ՝ 2018 թվականի ընթացքում ներմուծվել է ընդամենը 5 էլեկտրամոբիլ:

Շրջակա միջավայրի կառավարման ոլորտում 2019 թվականի ընթացքում գլոբալ և տարածաշրջանային միջազգային կառույցների, օտարերկրյա պետությունների հետ, ինչպես նաև միջազգային կոնվենցիաների և նախաձեռնությունների շրջանակներում իրականացվել է լայնածավալ գործընթաց, որի շնորհիվ հաստատվել են շուրջ 6 մլրդ 211.8 մլն դրամի միջազգային աջակցության ծրագրեր:

     

5. ՄՐՑՈՒՆԱԿ, ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

      

2019 թվականին արձանագրված կայուն և բարձր տնտեսական աճը Կառավարությանը հնարավորություն է տվել առավել վստահ իրականացնելու բարեփոխումներին ուղղված քայլերը` կյանքի կոչելով Կառավարության ծրագրով սահմանված հավասարակշռված և ներառական տնտեսական աճի, աղքատության կրճատման ու գործազրկության նվազեցման նպատակները: Տնտեսության առանձին ճյուղերում՝ արդյունաբերություն, զբոսաշրջություն, առևտուր, ծառայություններ, գրանցված աշխուժացումը մի կողմից և զբաղվածության, միջին աշխատավարձի, կենսաթոշակների ու նպաստների մակարդակների բարձրացումը՝ մյուս կողմից, վկայում են, որ հաշվետու ժամանակահատվածում տնտեսական աճն ունեցել է առավել մասնակցային և ներառական բնույթ:

     

5.1. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ

        

Հայաստանի տնտեսությունը հաշվետու 2019 թվականի ընթացքում դրսևորել է 7.6% աճի տեմպ: Հաշվետու ժամանակաշրջանում հաջողվել է բարձրացնել Հայաստանի արդյունաբերականացման մակարդակը, որի շնորհիվ 2019 թվականի ՀՆԱ-ի կառուցվածքում 2008 թ.-ից ի վեր առաջին անգամ մշակող արդյունաբերության ճյուղն առաջինն է տնտեսության մյուս բոլոր ոլորտների համեմատ։

Տեղի է ունեցել Եվրապարտատոմսերի 3-րդ թողարկումը՝ 500 մլն ԱՄՆ-ի դոլար ծավալով և 10 տարի մարման ժամկետով: Նոր թողարկման պարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95% է՝ հետգնված պարտատոմսերի 6%-ի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը: Միայն այս գործողության շնորհիվ Հայաստանը արտաքին պարտքի սպասարկման ընթացքում տարեկան կխնայի շուրջ 10 միլիոն դոլար:

2019-ի ընթացքում ԿԲ-ն գնել է 565 մլն դոլար և վաճառք չի իրականացրել: Սա բացառիկ ցուցանիշ է Երրորդ հանրապետության պատմության մեջ, որն ապահովում է Հայաստանի ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը:

Միջազգային ֆինանսատնտեսական կառույցներն արձանագրված տպավորիչ տնտեսական ցուցանիշների ֆոնին բարձրացրել են ինչպես Հայաստանի սուվերեն վարկանիշը, այնպես էլ Հայաստանի տնտեսական աճի գնահատականները և կանխատեսումները 2020 և 2021 թվականների համար, այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսության և տարածաշրջանի երկրների համար այդ կանխատեսումները հիմնականում նվազեցվել են: Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար առաջիկա երկու տարում կանխատեսում են մի կողմից արտահանման, ներդրումների ծավալների բարելավում, մյուս կողմից՝ որպես դրա արդյունք՝ աղքատության և գործազրկության նվազում:

Տնտեսության ստվերի կրճատմամբ և կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված արդյունքներով պայմանավորված պետական եկամուտների ավելացման շնորհիվ Կառավարության համար հիմնավոր հնարավորություն է ստեղծվել նվազեցնելու հարկային բեռը՝ նպատակ ունենալով խթանել տնտեսական ակտիվությունը, միևնույն ժամանակ՝ մեծացնել սոցիալական ծախսերը:

Բյուջեի հարկային եկամուտների աննախադեպ ավելացման շնորհիվ բարձրացվել են կենսաթոշակները և նպաստները, բյուջետային աշխատողների աշխատավարձերը: Լուծվել են մի շարք խոցելի խմբերի բնակարանային և այլ տիպի սոցիալական խնդիրներ։

     

5.2. ՄՐՑՈՒՆԱԿ ԵՎ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԸ, ՍՏԵՂԾԱՐԱՐ ՆԵՐՈՒԺԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ

    

Մշակվել է Արդյունաբերության քաղաքականության 5-ամյա ռազմավարություն, որով նախատեսվում է միջնաժամկետում նպաստել Հայաստանում արդյունաբերության զարգացմանը, արտադրողականության բարձրացմանը, մրցունակության աճին, ներքին և միջազգային թիրախային շուկաներում մասնավոր նախաձեռնողականությանը, առավել արտադրողական տեխնոլոգիաների ներդրմանն ու նորարարական գաղափարների ընդլայնմանը։ Միայն սարքավորումների ներմուծումը խթանելու նպատակով 2019 թվականի ընթացքում Կառավարության կողմից արտոնություն է տրվել 18 ներդրումային ծրագրերի, որի արդյունքում կկատարվեն 95 մլրդ դրամի ներդրումներ, կստեղծվեն մոտ 1226 աշխատատեղեր։

Հայաստանի քաղաքացիների ստեղծարար ներուժի ընդլայնման և իրացման նպատակով «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը (նախկինում՝ ՓՄՁ ԶԱԿ) Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում կազմակերպում է գործարար կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներ։ Սկսնակ գործարարներին աջակցություն տրամադրելու նպատակով իրականացվող «Հաջող սկիզբ» խորագրով դասընթացներին 2019 թվականին մասնակցել է 364 սկսնակ գործարար, որոնցից 238-ը մշակել են իրատեսական գործարար ծրագրեր, 159-ը ներկայացվել են ֆինանսական աջակցության: Դրա շնորհիվ 2019 թվականի ընթացքում ստեղծվել են 82 ՓՄՁ նոր սուբյեկտներ։ Նախորդ տարվա համեմատությամբ ծրագրի մասնակիցների թիվն աճել է 49%-ով, աջակցություն ստացած գործարարների թիվը՝ 44.6%-ով, իսկ տրամադրված վարկերի և երաշխավորությունների չափը՝ 51%-ով։

Նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն ՓՄՁ սուբյեկտներին տրվել են 60 հազար դրամով՝ հնարավորություն տալով նաև դրանք ձեռք բերել տարաժամկետ վճարումով: ՀԴՄ-ների ներմուծման և իրացման շուկայի ազատականացման շնորհիվ «ՀԴՄ ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը 2019 թ. նոյեմբերի 1-ից իրականացրել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում հաշվառված ՀԴՄ-ների անհատույց տրամադրումը և անվճար հիմունքներով տեխնիկական սպասարկումը:

ԱԺ պատգամավորների հետ համատեղ մշակվել և փոփոխություններ են իրականացվել Հարկային օրենսգրքում, որի հետևանքով արժեթղթերի շուկայում ներդրումային ծառայություններն ազատվում են ԱԱՀ-ից, բորսայում ցուցակված պարտատոմսերի տոկոսավճարներն ազատվում են եկամտահարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից, բորսայում ցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժիններն ազատվում են եկամտահարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից, պետական դրամային պարտատոմսերից ստացվող եկամուտներն ազատվում են ոչ ռեզիդենտի շահութահարկից և այլն: Կապիտալի շուկայում իրականացված քայլերն արդեն հասցրել են իրենց դրական արձագանքը գտնել գործնական դաշտում, ինչի օրինակն է մասնավոր առևտրային բանկերից մեկի կողմից 300 միլիոն դոլար ընդհանուր ծավալով եվրապարտատոմսերի տեղաբաշխումը, որը հայաստանյան մասնավոր կազմակերպության համար աննախադեպ ցուցանիշ է:

Արդյունաբերության մեջ զբաղվածների արտադրողականության խթանման նպատակով քայլեր են ձեռնարկվել թեթև արդյունաբերության ոլորտի կազմակերպություններին բարձրորակ կադրեր և տեխնոլոգիաներ ապահովող ծառայությունների կենտրոնի ստեղծման ուղղությամբ։ Կենտրոնի մասնաշենքը հանձնվել է շահագործման, կատարվել է սարքավորումների տեղադրում: Թեթև արդյունաբերության ոլորտի համապատասխան կադրերի պատրաստման, դասընթացների իրականացման գործընթացն ապահովելու համար հայտարարվել է փորձագետների ներգրավման մրցույթ:

Տնտեսության առանձին ճյուղերում աճի խթանման նախադրյալներ ստեղծելու նպատակով նախաձեռնվել է մասնագիտական կրթություն ունեցող կադրային բազայի համալրումը: Այս նպատակով 2019 թվականին մեկնարկել են միջին մասնագիտական կրթության 7 հաստատությունների կառուցման և վերակառուցման նախագծային աշխատանքները:

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վերաբերյալ 2019 թվականի ընթացքում մշակվել է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը։ Ռազմավարական փաստաթուղթը նախատեսում է ֆինանսական ռեսուրսների հասանելիության ավելացում, ՓՄՁ սուբյեկտների կարողությունների և ձեռնարկատիրական մշակույթի զարգացում, ՓՄՁ սուբյեկտների համար շուկաների հասանելիության ապահովում, ՓՄՁ զարգացման համար բարենպաստ ինստիտուցիոնալ և իրավական միջավայրի ապահովում:

Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով 2019 թվական հունիսի 29-ից ԱԱՀ-ի շեմը սահմանվել է 115 մլն դրամ՝ նախկինում գործող 58.35 մլն դրամի փոխարեն:

     

5.3. ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺԻՉ

      

Շարունակվում է տնտեսական հարաբերությունների խորացման ու առևտրի խթանման քաղաքականությունը միջազգային, այդ թվում՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի գործընկերների հետ։ ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում իր աշխատանքն է մեկնարկել առաջին մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդը, որը կառավարելու է «Ամբեր կապիտալ» միջազգային ներդրումային ընկերությունը: Ֆոնդը ներգրավելու է 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրություններում ներդրումներ կատարելու համար` բարելավելով շահառու ՓՄՁ-ների մրցունակությունը, ներառյալ նաև կորպորատիվ կառավարման և թափանցիկության կատարելագործման միջոցով, այդպիսով խթանելով ՓՄՁ-ների միջազգայնացումը:

ԵՄ «GSP+» ռեժիմի ներքո արտահանումներ իրականացնելու նպատակով REX համակարգում գրանցվել է 135 կազմակերպություն, որոնցից 100-ը՝ այս տարվա ընթացքում (արտադրատեսակներ՝ պահածոներ, ալկոհոլային խմիչքներ, տեքստիլ արտադրանք, թանկարժեք քարեր և զարդեր, բնական և գազավորված ջրեր, մեղր, չորացրած միրգ և բանջարեղեն և այլն): Համակարգում գրանցվելու ընթացակարգի վերաբերյալ պատրաստվել է տեսաուղեցույց, որը տեղադրված է նախարարության կայքում և e-regulations հարթակում։

2019 թվականին «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» կնքած վկայագրերի ապահովագրական գումարները կազմել են 11,584,358.5 հազար դրամ (2018 թ. նկատմամբ աճը՝ 1.48 անգամ), իսկ հավաքագրված ապահովագրավճարները՝ 112,543.6 հազար դրամ (2018 թ. նկատմամբ աճը՝ 1.49 անգամ):

Հայաստանն ազգային տաղավարով մասնակցել է Չինաստանի Շանհայ քաղաքում կազմակերպված՝ Չինաստանի ներմուծման միջազգային 2-րդ և Պեկինում անցկացված՝ Այգեգործական համաշխարհային «Պեկին ԷՔՍՊՈ-2019 » ցուցահանդեսներին։ Պեկինում հայկական տաղավարը նվաճել է ցուցահանդեսի ոսկե մրցանակը: Հայկական գինեգործական 30 ընկերություններ ազգային միասնական տաղավարով մասնակցել են միջազգային հեղինակավոր 9 ցուցահանդեսի։ Ամրագրվել է 200 նախնական պայմանավորվածություն արտահանման ուղղությամբ։ Ապահովվել է հայկական ընկերությունների մասնակցությունը 5 միջազգային ցուցահանդեսների հետևյալ ոլորտներում՝ կենցաղային տեխնիկա, սննդի վերամշակում, կոշիկի արտադրություն, ոսկերչություն: Կնքվել են շուրջ 371.4 մլն դրամի արտահանման պայմանագրեր։

2019 թվականի ընթացքում մշակող արդյունաբերությունը Հայաստանում արձանագրել է 7.6% աճ, այդ թվում՝ խմիչքի արտադրությունն ավելացել է 15․4%-ով, հագուստի արտադրությունը՝ 20․1%-ով, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը՝ 6․8%-ով, սննդամթերքի արտադրությունը՝ 4․1%-ով:

    

5.4. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՃԸ՝ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԱՃԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

      

Պոտենցիալ ներդրողների նախնական ուսումնասիրությունների ծախսերի կրճատման, արդյունավետության բարձրացման և ծառայությունների որակը բարելավելու նպատակով ստեղծվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը։ Այն Հայաստանում ներդրումներ իրականացնելու մտադրություն ունեցող տեղական և օտարերկրյա գործարարներին տրամադրում է տեղեկատվություն և համալիր աջակցություն Հայաստանի ներդրումային հնարավորությունների և պայմանների, այդ թվում՝ պետական խթանների և այլ ընթացակարգերի վերաբերյալ։ Ներկայումս խորհրդատվություն է տրամադրվել 50-ից ավելի ներդրողների։ Շարունակվում են աշխատանքները գործարարներին աջակցող eRegulations Armenia նոր հարթակի ստեղծման ուղղությամբ: Հարթակը ուղեցույց կծառայի Հայաստանում բիզնես սկսելու և ընդլայնելու մտադրություն ունեցող գործարարների համար՝ ներկայացնելով ներդրողների կողմից առավել պահանջված 18 ընթացակարգերը:

2019 թվականին ընդունվել է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքը։ Պետություն-մասնավոր գործընկերությունից (ՊՄԳ) բխող իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորումը նպատակ ունի խթանելու երկրում հանրային ենթակառուցվածքների բարելավումը, ստեղծելու Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերության հաջողակ ծրագրերի իրագործման, խթանման և կառավարման բարենպաստ օրենսդրական և ինստիտուցիոնալ միջավայր, որը կհամապատասխանի միջազգային լավագույն փորձին:

2019 թվականի ընթացքում մտավոր սեփականության գործակալությունը ավարտին է հասցրել «Արդյունաբերական դիզայնի մասին», «Արտոնագրերի մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» 3 նոր օրենքների նախագծերի մշակումը, որոնք նպատակ ունեն գործող օրենսդրությունը մոտարկելու միջազգային լավագույն փորձին։

Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերին տրվող արտոնությունների շրջականում 2019-ի ընթացքում հավանության է արժանացել 57 ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը 212 մլրդ դրամ է: Տրամադրվել է 14.8 մլրդ դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն: Արտոնությունների միջոցով նախատեսվում է 3,320 աշխատատեղերի ստեղծում: Ավելին, 13 ծրագրերի տրվել է նաև ավելացված արժեքի հարկը հետաձգելու արտոնություն, ԱԱՀ-ի հետաձգման գումարները կազմել են 10.1 մլրդ դրամ։ Ծրագրերի շրջանակում նախատեսվում է իրականացնել 222.7 մլրդ դրամի ընդհանուր ներդրումներ և ստեղծել 1333 աշխատատեղ։

2019 թվականին ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդները (ներառյալ ֆինանսական կազմակերպությունները) աճել են 48%-ով կամ 337 մլրդ դրամով և կազմել 1.0 տրլն. դրամ (2018 թ.` 37% կամ 191 մլրդ դրամ աճ): Ռեզիդենտների դրամային ավանդների տեսակարար կշիռը ռեզիդենտների ընդհանուր ավանդներում կազմել է 55%, իսկ ոչ ռեզիդենտների դրամային ավանդների կշիռը ոչ ռեզիդենտների ավանդներում՝ 13%:

    

5.5. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ

      

2019 թվականին մշակվել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման ռազմավարությունը, որը սահմանում է առաջիկա տասը տարիների համար զբոսաշրջության ոլորտում թիրախներն ու գործողությունների շրջանակը։

2019 թվականի ընթացքում Հայաստանի ճանաչելիության բարձրացման նպատակով կազմակերպվել են հայաստանյան և օտարերկրյա լրագրողների և զբոսաշրջության ոլորտի մասնագետների ճանաչողական այցեր, որոնց շրջանակում Հայաստան են հրավիրվել զբոսաշրջության ոլորտի և ԶԼՄ ավելի քան 250 ներկայացուցիչներ և բլոգերներ տարբեր թիրախային շուկաներից, մասնավորապես՝ Ռուսաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից և Մալայզիայից։ Այցերի շնորհիվ պատրաստվել են 10-ից ավելի տեսանյութեր, 50-ից ավելի հոդվածներ, որոնք ունեցել են 5 միլիոնից ավելի դիտումներ։ Ապահովվել է Հայաստանի պաշտոնական տաղավարի ներկայությունը միջազգային 4 հեղինակավոր ցուցահանդեսներին («ITB Berlin 2019», «Top Resa – Փարիզ», «ITB-Asia Singapore», «WTM-London»)։ Հայաստանի մարզերում կազմակերպվել են առնվազն 5 ավանդական փառատոններ, որոնց ակտիվ մասնակցություն է ունեցել տեղի և հարակից համայնքների բնակչությունը, ներքին և ներգնա զբոսաշրջիկները։ Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով պետական աջակցություն է տրամադրվել Գորիսի, Գառնիի և Սևանի տեղեկատվական կենտրոններին։ 2019 թվականի ընթացում ստորագրվել են զբոսաշրջության բնագավառում համագործակցության փաստաթղթեր Ռուսաստանի Դաշնության, Սինգապուրի և Վիետնամի հետ։ Համաշխարհային զբոսաշրջության և ճամփորդության մրցունակության զեկույցում Հայաստանի դիրքերը բարելավվել են 5 կետով։

Զբոսաշրջության զարգացման համար կարևոր պայման է անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը։ Այդ նպատակով «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում ավարտվել են Տաթև համայնքի՝ դեպի Տաթևի վանական համալիր տանող 6 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցումը, Գյուլագարակ համայնքի՝ դեպի «Սոճուտ» դենդրոպարկ տանող 2.8 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցումը, Գյումրի համայնքի՝ «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոցների վերականգնումը։ Ընթացքում են դեպի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող ճանապարհի վերականգնումը և հարակից տարածքի բարեկարգումը, Խոր Վիրապ վանքի տարածքի բարեկարգումը։ Մրցույթի փուլում են Գորիս քաղաքի «Կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնում և Վարարակ գետի աջափնյա հատվածի բարեկարգում» ենթածրագիրը, որն ընդգրկում է Հին Գորիս թաղամասի և զբոսաշրջային գրավչություն ներկայացնող մի շարք ենթակառուցվածքների վերականգնումը, «Արենի Ույան Հոտել» հյուրանոցի՝ հանրային մասնավոր համագործակցության բաղադրիչի շրջանակում ենթակառուցվածքների բարեկարգման ապահովման ենթածրագիրը, Հնաբերդ համայնքի՝ «Դվինի արգելավայրի հուշարձանների մասնակի վերականգնում, ամրակայում և ավտոկայանատեղիի կառուցում» ենթածրագիրը։

Հաստատման փուլում են դեպի Գառնու տաճար տանող մոտ 1.3 կմ երկարությամբ ճանապարհի և հարակից տարածքի բարեկարգման, դեպի քարանձավային քաղաք՝ Հին Խնձորեսկ տանող մոտ 3.1 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնման, դեպի «Զորաց Քարեր» հուշարձանի մերձակա տարածք տանող ճանապարհի բարեկարգման և ավտոկայանատեղիի կառուցման աշխատանքների իրականացման, Կոտայքի և Արարատի մարզերը կապող Գառնի-Լանջազատ ճանապարհի վերանորոգման, Լեռնանիստ ձմեռային հանգստավայրի ենթակառուցվածքների զարգացման ենթածրագրերը։

Միանգամից մի քանի բյուջետային ավիաընկերություններ մուտք են գործել հայկական շուկա, որի շնորհիվ շեշտակի նվազել են դեպի Եվրոպա ավիատոմսերի գները: Մի շարք հեղինակավոր կազմակերպություններ և պարբերականներ Հայաստանը և Երևանը ներառել են զբոսաշրջության համար նախընտրելի ուղղությունների ցանկում: 2020-ի ոչ հայտնի զբոսաշրջային այցելությունների լավագույն տասնյակում Հայաստանն ընդգրկել են բրիտանական «The Telegraph», «Financial Times» պարբերականները, ամերիկյան «Forbes» պարբերականը։ Booking.com-ը Երևանն ընդգրկել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ զբոսաշրջային ուղղությունների լավագույն տասնյակում: Ըստ «Condé Nast Traveler» ամսագրի՝ ՀՀ-ն ընդգրկվել է ճանապարհորդության 2020 թվականի լավագույն 20 ուղղությունների մեջ:

2019 թվականի հունվար- դեկտեմբերին զբոսաշրջիկների այցելությունների բացարձակ թվի աճ ապահոված հիմնական երկրներն են՝ Ռուսաստանը, Վրաստանը, ԱՄՆ-ը և Ղազախստանը: Ներքին զբոսաշրջության ցուցանիշն առայժմ ամփոփված է միայն 9 ամիսների կտրվածքով. այն ավելացել է շուրջ 45.7%-ով՝ հասնելով 1.4 միլիոնի։

     

5.6. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

     

Մշակվել է Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը, որը մատնանշում է ոլորտի զարգացման տեսլականը և հիմնական սկզբունքներն ու գործողությունները՝ առաջիկա տասը տարիների ընթացքում առավել արդյունավետ, արտադրողական և մրցունակ գյուղատնտեսություն ունենալու նպատակով։ Հողերի չօգտագործման խնդիրների իրավական և ինստիտուցիոնալ նոր շրջանակի կազմավորման, ինչպես նաև հողերի կառավարման գործիքակազմի ձևավորման՝ հողային բանկերի ստեղծման միջոցով հողի շուկայի զարգացման նպատակով ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ կնքվել է 279,000 դոլարի տեխնիկական համագործակցության հուշագիր։

2019 թվականի ընթացքում մեկնարկել կամ անհրաժեշտ փոփոխությունների են ենթարկվել գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության մի շարք ծրագրեր։ Կառավարությունը հաստատել է «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռելու գյուղատնտեսներին կառուցելու ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համապատասխանող նոր ջերմատներ: Ծրագրի իրականացման 3 տարիների ընթացքում նախատեսվում է արդիական չափորոշիչներով ջերմատնային տնտեսությունների կառուցում՝ շուրջ 35 հա ընդհանուր մակերեսով։

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակներում 2019 թվականին տրամադրվել է շուրջ 8841 միավոր վարկ՝ 36.2 մլրդ դրամի չափով: Նախորդ տարվա համեմատությամբ ծրագրից օգտվողների թիվն աճել է շուրջ 67 %-ով, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ շուրջ 65%-ով:

2019 թվականին մեկնարկել է «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագիրը, որի շրջանակներում հավաստագիր է տրամադրվել 104 քաղաքացու, կնքվել է փոխհատուցման 24 պայմանագիր: Մեկնարկել է 2019-2024 թվականների համար նախատեսված տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի շրջանակում ձեռք է բերվել 319 գլուխ կենդանի՝ 406 մլն դրամ արժեքով, սուբսիդավորման գումարը կազմել է 14.0 մլն դրամ։ Մեկնարկել է 2019-2023 թվականների համար նախատեսված ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը. ձեռք է բերվել 203 գլուխ կենդանի, տրամադրվել է 78.9 մլն դրամ արժեքով 1 միավոր վարկ։

Lրամշակվել է «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագիրը»: Ծրագրի շրջանակում վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման եղանակով տրամադրվել է 361.2 մլն դրամ գումարի 18 միավոր վարկ, 220.8 հա-ի ներդրման համար, սուբսիդավորման գումարը կազմել է 44.0 մլն դրամ, իսկ փոխհատուցման եղանակով 8 շահառուի 58.8 հա-ի ներդրման համար տրամադրել է 8.98 մլն դրամ։ Ծրագրից օգտվողների թիվն ավելացել է շուրջ 2.3 անգամ, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ շուրջ 11.8 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Լրամշակվել է Խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը. տրամադրվել է 434.7 մլն դրամ գումարի 15 միավոր վարկ, 51.2 հա այգեհիմնման համար, սուբսիդավորման գումարը կազմել է 44.7 մլն դրամ և երկու շահառուի տրամադրվել է փոխհատուցում 2 հա այգեհիմնման համար՝ 9.04 մլն դրամ արժեքով։ Նախորդ տարի ծրագիրը ունեցել է 2 շահառու, այս տարի՝ 17։ Գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման ծրագիրը ևս այս տարի լրամշակվել է. տրամադրվել է 4.6 մլն դրամ արժեքով վարկ:

Գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրով 217 շահառուի տրամադրվել է 364 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 159 տրակտոր, 4 կոմբայն, 201 այլ տեխնիկա։ Լիզինգի գումարը կազմել է 1.7 մլրդ դրամ, սուբսիդավորման գումարը՝ 146.4 մլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ շուրջ 1.7 անգամ ավելացել է ինչպես լիզինգառուների, այնպես էլ տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի թիվը։ Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում որոշակի փոփոխություններից հետո հաստատվել է 100 հայտ 2.6 մլրդ դրամի չափով, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է 48.7 մլն դրամ։ Միայն ծրագրի շրջանակներում ընթացիկ տարում ագրոպարենային ոլորտում կատարվել են շուրջ 2.9 մլրդ դրամի ներդրումներ, ձեռք է բերվել 364 միավոր սարքավորում:

«Հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն աջակցություն» ծրագրի շրջանակներում տնկարան հիմնելու նպատակով հայտ է ներկայացրել 4 կազմակերպություն։ Գյուղատնտեսությունում տնտեսավարողներին խորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների մատուցման արդյունավետ մեխանիզմների մշակման և ներդրման նպատակով իրականացվել են 575 ծրագրային դասընթացներ, որոնց մասնակցել է ֆիզիկական և իրավաբանական 13789 անձ, այդ թվում՝ կոոպերատիվներ, հավաստագրվել են 13714-ը։ Իրականացվել են նաև 179 խմբային դասընթացներ (2322 մասնակից) և 3633 անհատական խորհրդատվություն (շուրջ 3633 մասնակից)։

Իրականացվել են Հայաստանում գինու զբոսաշրջությունը խթանող միջոցառումներ, մասնավորապես՝ 2019 թվականին սեպտեմբերի 7-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում կազմակերպվել է «Ոսկեհատ» գինու փառատոնը, որը բաց երկնքի տակ էր հավաքել շուրջ 5000 այցելուի Հայաստանից և արտերկրից, 26 գինեգործական ընկերության։ 2019 թվականի դեկտեմբերի 12-ից 13-ը իրականացվել է գինու զբոսավարների վերապատրաստման ծրագիր, որը բաղկացած էր տեսական և գործնական դասընթացներից, որոնց ընթացքում զբոսավարներին տրվել է տեղեկատվություն Հայաստանի գինեգործական պատմության, մշակույթի, տերուարների, ինչպես նաև հայկական խաղողի տեղածին սորտերի և դրանցից ստացվող գինիների վերաբերյալ։

Հաշվետու տարում մշակվել և հաստատվել է գյուղոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիրը, որի համաձայն՝ 2020 թվականի գյուղատնտեսական սեզոնի համար կապահովագրվի 5 մշակաբույս 3 ռիսկերից` կարկուտ և հրդեհ, գարնանային ցրտահարություն: Գարնանային ցրտահարության, կարկտահարության և հրդեհի ռիսկերից ապահովագրվում են ծիրանը, խաղողը և դեղձը։ Ծիրանի և խաղողի հրդեհի և կարկտահարության ռիսկից ապահովագրությունը հասանելի է 6 մարզում (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց ձոր, և Տավուշ)։ Միայն կարկուտից կամ հրդեհից բոլոր մարզերում ապահովագրվում են խնձորը, ցորենը և գարին։ Խաղողի և ծիրանի ապահովագրությունը գարնանային ցրտահարությունից դեռևս հասանելի է միայն Արարատի և Արմավիրի մարզերում։

2019 թվականին Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է շուրջ 140.6 հազար տոննա թարմ պտուղբանջարեղեն, որից՝ 94.3 հազար տոննա պտուղ և 46.3 տոննա բանջարեղեն: 2019 թվականին պտուղբանջարեղեն մշակող 45 և խաղող մշակող 58 ընկերություններն ընդհանուր առմամբ մթերել են շուրջ 251.2 հազար տոննա պտուղբանջարեղեն և խաղող (շուրջ 36.1 մլրդ դրամի), որից` 62.5 հազար տոննա բանջարեղեն, 25.3 հազար տոննա պտուղ և 163.4 հազար տոննա խաղող։ Մթերված պտուղբանջարեղենի և խաղողի ծավալները 62.5 հազար տոննայով կամ 24.9 տոկոսով գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշը։ Ընդ որում, եթե 2018 թվականին խաղողի մթերման 1 կգ-ի միջին գինը 154.4 դրամ էր, ապա 2019 թվականին կազմել է 158.4 դրամ։

     

6. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ

      

Կառավարությունն իրականացրել է մի շարք բարեփոխումներ՝ ուղղված տարածքային կառավարման մեխանիզմների կատարելագործմանը, վարչատարածքային փոփոխությունների բարեհաջող իրականացմանը, ինչպես նաև ներդրել է նոր գործիքակազմ տարածքային զարգացման անհամաչափությունները մեղմելու և մարզերում զարգացման կենտրոններ հիմնելու համար։ Կառավարությունը հաշվետու տարում նշանակալի աշխատանք է իրականացրել ենթակառուցվածքների՝ մասնավորապես ճանապարհների կառուցման և հիմնանորոգման, ջրային տնտեսության բարելավման, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։

    

6.1. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

      

2019 թվականի ընթացքում Կառավարությունը քայլեր է իրականացրել մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ, օրենսդրական փոփոխությունների միջոցով օրենքով նկարագրվել են մարզպետների լիազորությունները, վերջիններիս հարաբերությունները պետական համակարգի այլ մարմինների տարածքային ստորաբաժանումների հետ, նկարագրվել են բնագավառում լիազորված մարմնի լիազորությունները և այլն։

Հաստատվել են ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտի մշակման, քննարկման և հաստատման կարգն ու մշտադիտարկման մեխանիզմները։ 2019 թվականին ՀՀ համայնքներից ներկայացված 518 սուբվենցիոն ծրագրերի ամբողջական փաթեթներից ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 8 նիստում քննարկման արդյունքներով հավանության է արժանացել սուբվենցիայի 483 ծրագիր, որոնք ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին: Կառավարության 17 համապատասխան որոշումներով սուբվենցիայի 462 ծրագրերը համաֆինանսավորվել են ՀՀ պետական բյուջեից 9 մլրդ 597 մլն դրամի չափով, իսկ համայնքների համաֆինանսավորման չափը կազմել է 6.8 մլրդ դրամ։

2019 թվականի ընթացքում ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 3 մլրդ 657.9 մլն դրամ՝ 192 ծրագրերի իրականացման նպատակով։ Հատկացված գումարները հիմնականում ուղղվել են դպրոցների ջեռուցման, հիմնանորոգման, բազմաբնակարան շենքերի տանիքների, ջրագծերի վերանորոգման, ինչպես նաև համանման այլ ծրագրերի իրականացման համար։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ավարտվել են 145 ծրագրերի շինարարական աշխատանքները, իսկ 28 ծրագրերի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Հանրապետությունում շարունակվել են միավորված համայնքների աջակցության ծրագրերը, որոնցով միավորված համայնքներին տրամադրվել է անհրաժեշտ տեխնիկա և այլ աջակցություն:

Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը ներդրվել է միավորված բազմաբնակավայր 15 համայնքներում: Միավորված բազմաբնակավայր 4 համայնքներում ստեղծվել են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ: 2019 թվականին մշակվել և սեպտեմբերից փորձնական գործարկման փուլում է գտնվում ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված հարթակը (www.regions4growth.am), որով ներկայացվում են ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված՝ պետական աջակցությամբ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը:

ԵՄ-ի հետ համագործակցությամբ իրականացվել են ծրագրեր, որոնք ուղղված են տարածքային զարգացման անհամաչափությունների մեղմմանը։ Հաշվետու ժամանակահատվածում ԵՄ-ի կողմից, վերջինիս ֆինանսավորմամբ և ազգային համաֆինանսավորմամբ, իրականացվում են տարածաշրջանային զարգացման պիլոտային 8 ծրագրեր։ Ծրագրերն են.

- Ինտեգրված աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը (1,340 հազար եվրո),

- Շիրակի մարզում տեխնոլոգիական զարգացման խթանում (750 հազար եվրո),

- Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը, որպես հիմնական նախապայման տեղական /տարածաշրջանային տնտեսական զարգացման համար (1,604 հազար եվրո),

- Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների. պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացում (750 հազար եվրո),

- Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն (1,194 հազար եվրո),

- ՓՄՁ մրցունակության բարձրացում կայուն նորարարական տեխնոլոգիաների առավել լայն կիրառման և խթանման միջոցով (2,085 հազար եվրո),

- Տավուշի մարզի ինտեգրված և համաչափ տնտեսական զարգացում (1,626 հազար եվրո),

- Ամասիայում բրդյա թելերի և կտորի արտադրություն (550 հազար եվրո):

 Ծրագրերը շարունակվում են և կավարտվեն 2020 թվականին: Ծրագրերի իրականացմամբ նախատեսվում է ստեղծել 500-ից ավելի աշխատատեղ, ինչպես նաև բարձրացնել 300-ից ավելի ձեռնարկությունների մրցունակությունը։ Տարածքային զարգացման ծրագրի ամբողջական բյուջեն 9.9 մլն եվրո է, որի 67%-ը ֆինանսավորվում է Եվրամիության, 17%-ը՝ ՀՀ կառավարության և 16%՝ շահառուների կողմից։ Ծրագրերի իրականացման շնորհիվ արդեն ստեղծվել են շուրջ 180 նոր աշխատատեղեր, բարձրացվել է ավելին քան 160 ձեռնարկությունների մրցունակությունը։

2019 թվականի պետական բյուջեով հատկացվել է շուրջ 928 մլն դրամ, որի շրջանակներում սոցիալական աջակցություն է տրամադրվել սահմանամերձ համայնքների բնակավայրերի ընտանիքներին՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման նպատակով։ Սոցիալական աջակցությունը տրամադրվել է ընդհանուր առմամբ 16 համայնքի 38 բնակավայրերի ընտանիքներին։

ՀՀ մարզերում աղբահանության համակարգում տնտեսավարող սուբյեկտներին ներգրավելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ շուրջ 220%-ով աճել է 2017 թվականի տարեսկզբի համեմատ աղբահանության ծառայությունների մատուցման կնքված պայմանագրերի թիվը։ Հայաստանում ակտիվորեն ընթանում են հնամաշ ավտոմեքենաների թափքերի ուտիլացման ակտիվ աշխատանքներ: 2019-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում հավաքվել է շուրջ 21.000 լքված մեքենայի կմախք:

2020 թ. հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թ. հունվարի 1-ը նվազեցվելու են Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները:

     

6.2. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԲՆԱԳԱՎԱՌԸ

    

Մշակվել է Հայաստանի Հանրապետության մինչև 2040 թվական էներգետիկայի զարգացման ռազմավարությունը: Հաստատվել են էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային կանոնները, մեծածախ և մանրածախ շուկաների ցանցային կանոնները, պայմանագրերի օրինակելի ձևերը, էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները:

Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում 2019 թվականի ընթացքում շարունակվել են արդիականացման աշխատանքները, այդ թվում՝ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ռեակտորի և 3-րդ տուրբոգեներատորի վերանորոգման ու արդիականացման, ինչպես նաև 4-րդ տուրբոգեներատորի արդիականացման աշխատանքները: Ծրագրի ավարտը նախատեսվում է 2021 թվականին: Հաշվետու տարում ծրագրի շրջանակներում իրականացվել են մոտ 60,5 մլն ԱՄՆ դոլարի աշխատանքներ:

 Շարունակվել են Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները: Միջոցառման շրջանակներում էլեկտրահաղորդման օդային գծի բոլոր հատվածներում իրականացվել են հենարանների մոնտաժման աշխատանքներ, մասնավորապես հաշվետու ժամանակահատվածում մոնտաժվել են 133 հենարաններ: Օդային գծի բոլոր հատվածներում ընթացել են հենարանների հիմքերի փորման և բետոնացման աշխատանքներ: Բետոնացվել են 147 հիմքեր: Հաշվետու ժամանակահատվածում ծրագրի շրջանակներում իրականացվել են մոտ 8,9 մլն եվրոյի աշխատանքներ:

2019 թվականին շարունակվել են աշխատանքները Գեղարքունիքի մարզի Մասրիկ տեղանքում 55 ՄՎտ պիկային հզորությամբ Մասրիկ-1 արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրով: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ սկսվել են ծրագրի 2-րդ փուլի նախապատրաստական աշխատանքները՝ ընտրված հինգ տեղանքներում մինչև 120 ՄՎտ հզորությամբ արևային կայանների կառուցման համար։ Կառավարությունը հավանություն է տվել «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրին, որի շրջանակներում ՀՀ Արագածոտնի և ՀՀ Կոտայքի մարզերի վարչական սահմաններում նախատեսվում է երկու փուլով իրականացնել 400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցում, որի համաձայն 300-320 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ կկատարվեն Հայաստանում:

Էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսվում է մինչև 2030 թվականը արևային էներգիայի արտադրության մասնաբաժինն ընդհանուրի մեջ հասցնել մինչև 15%-ի կամ 1.8 մլրդ կՎտ/ժ-ի։ Այդ նպատակով անհրաժեշտ է կառուցել շուրջ 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ` ներառյալ ինքնավարները: Կառուցման փուլում են գտնվում էլեկտրաէներգիա արտադրող՝ մինչև 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ 29 արևային էլեկտրակայաններ՝ շուրջ 101 ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ: 2019 թվականի ընթացքում արևային էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 2.6 անգամ, իսկ հողմային էլեկտրակայանների արտադրանքը՝ 1․7 անգամ:

    

6.3. ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

   

2019 թվականին խմելու ջրի սակագնի բարձրացում թույլ չտալու նպատակով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ կնքվել է համաձայնագիր, որով 2020 թվականի համար սահմանվել է նույն սակագինը, որը գործում էր 2017 թվականին: Համապատասխան աշխատանքներ են իրականացվել Վարձակալության պայմանագրով նախատեսված Անկախ տեխնիկական աուդիտորի կողմից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 2018 թվականի գործունեության աուդիտի ապահովման համար:

Սևանից ջրառը նվազագույնն է վերջին 9 տարիների ընթացքում. Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 143.8 մլն խորանարդ մետր ջուր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 56 մլն խորանարդ մետրով: Օրենքով նախատեսված 170 մլն խորանարդ մետր ջրից 26,140 մլն խորանարդ մետր պակաս է բաց թողնվել: Օրենսդրական փոփոխության արդյունքում Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու համար Կառավարությունն Ազգային ժողովին կարող է դիմել միայն այն դեպքում, եթե պաշտոնապես երաշտ է հայտարարել: Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի և 40 հազար գեղարքունի ենթատեսակի մանրաձուկ:

«Ոռոգման համակարգերի զարգացման» ծրագրի շրջանակներում իրականացվել է 13 Ջ/Կ հեռացնող ջրանցքների վերականգնում, մոտ 51 կմ երկարությամբ և 4 ինքնահոս համակարգերի (Մեղրի, Գեղարդալիճ, Քաղցրաշեն, Բաղրամյան-Նորակերտ) կառուցում: Ծրագրի շրջանակներում նախատեսվել էր վերականգնել 4 մայր ջրանցքների առավել վթարային հատվածները, 22 երկրորդ կարգի ջրանցքներ, երրորդ կարգի ջրանցքներ 6 մարզերի 103 համայնքներում և կառուցել 8 ինքնահոս ոռոգման համակարգեր (բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են):

Կապսի կիսակառույց ջրամբարի կառուցման նպատակով 2019 թվականի ընթացքում մշակվել են ինքնահոս համակարգի կառուցման մանրամասն նախագծման և տեխնիկական վերահսկողության մրցութային փաստաթղթերը: Արփա-Սևան թունելի անհապաղ վերականգնման ուղղությամբ 2019 թվականին կատարվել են ծավալուն աշխատանքներ, որոնց շնորհիվ հնարավորություն է ստեղծվել լուծելու թունելի առավել վտանգավոր հատվածների անվտանգ շահագործման հարցերը։ Շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են դեկտեմբերին, միջոցառման ներդրումները 2019 թվականին կազմել են 1,786.5 մլն դրամ:

«Կոլեկտորադրենաժային ծառայություններ» ծրագրով 2019 թվականին պետական բյուջեից հատկացվել է շուրջ 336.5 մլն դրամ` կոլեկտորադրենաժային ցանցի շուրջ 182 կմ ընդհանուր երկարությամբ հատվածներում կոլեկտորադրենաժային ցանցի մաքրման և ընթացիկ նորոգման աշխատանքներ իրականացնելու համար: 2019 թվականին հատկացվել է շուրջ 323.73 մլն դրամ, իրականացվել են կոլեկտորադրենաժային ցանցի շուրջ 192.5 կմ ընդհանուր երկարությամբ հատվածների մաքրման և նորոգման աշխատանքներ: Նախատեսված՝ 182.0 կմ-ից ավելի աշխատանքները հնարավոր է եղել իրականացնել մեխանիզմների ձեռքբերմամբ կատարված տնտեսումների հաշվին:

    

6.4. ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

      

Հաշվետու տարում նորոգվել և հիմնանորոգվել է 460 կմ ճանապարհ, որից 110 կմ-ը Կառավարության սուբվենցիոն ծրագրերով:

2019-ի դեկտեմբերին ավարտվել են «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրով նախատեսված 33.6 կմ ընդհանուր երկարությամբ 6 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները, որոնք շահագործման են ընդունվել: 2019 թվականի ընթացքում աշխատանքներ են իրականացվել նաև «Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման և բարելավման» ծրագրի և «Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության» ծրագրի ուղղությամբ, որոնցից առաջինը նախատեսվում է ավարտել 2020 թվականին, իսկ երկրորդը՝ 2022 թվականին:

«Հյուսիս–Հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ 3-Թալին-Գյումրի, 46.17 կմ ճանապարհահատվածի շինարարությունն իրականացվել է 2 հատվածով: Թալին–Լանջիկ ճանապարհահատվածում իրականացվել է հողային աշխատանքների ընդհանուր ծավալի շուրջ 83%-ը և բետոնյա կառուցվածքների ընդհանուր ծավալի շուրջ 59%-ը: Լանջիկ-Գյումրի հատվածում իրականացվել է հողային աշխատանքների ընդհանուր ծավալի շուրջ 53%-ը և բետոնյա կառուցվածքների ընդհանուր ծավալի շուրջ 33%-ը:

2019 թվականի ընթացքում դեպի ՀՀ կանոնավոր փոխադրումներ են սկսել օտարերկրյա 6 նոր ավիաընկերություններ՝ ռումինական «Տարոմ», ուկրաինական «Սքայապ», ռուսական «Նորդ Ավիա», «Իկառ», «Իռ Աերո», իրաքյան «ՅՈՒԱՐ Էյրլայնզ»: Ղազախական «Սկատ» ավիաընկերությունը վերսկսել է իր չվերթերը Նուր-Սուլթանից դեպի Երևան և հակառակը: 2019 թվականի հունիսից հայկական «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունն սկսեց իր չվերթերը Երևանից Թեհրան և հակառակ ուղղությամբ, իսկ դեկտեմբերից՝ նաև Երևանից Անապա և հակառակ ուղղությամբ: Իրականացված օրենսդրական փոփոխություններից հետո ավիափոխադրման շուկայում պայմանների բարելավման շնորհիվ մի շարք ավիափոխադրողներ չվերթեր են իրականացնելու 2020 թվականից սկսած: Բոլորովին նոր ուղղություններով չվերթեր են սկսելու «Ռայանէյր», «Վիզ Էյր», «Տրանսավիա», «Էյր Բալթիկ» ավիաընկերությունները:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից ներդրումների հաշվին ձեռք է բերվել ժամանակակից պահանջներին համապատասխանող ՌԴ արտադրության ԷՊ2Դ մակնիշի երկրորդ նոր էլեկտրագնացքը: 2019 թ.-ի ապրիլից սկսած՝ այն սահմանված չվացուցակով իրականացնում է կանոնավոր չվերթեր Գյումրի-Երևան-Գյումրի երթուղով` զգալիորեն ավելացնելով ուղևորահոսքը: Շարժակազմի նորացման շրջանակներում ձեռք է բերվել նաև 40 նոր բեռնատար կիսավագոն: Ըստ նախատեսվող ծրագրի՝ շարժակազմի նորացման և արդիականացման աշխատանքները կշարունակվեն 2020-2021 թթ. և հետագա տարիներին:

2019 թվականի ընթացքում ձեռք են բերվել 431.2 կմ երկարությամբ միջպետական նշանակության, 14.1 կմ երկարությամբ հանրապետական նշանակության և 4.4 կմ երկարությամբ տեղական (մարզային) նշանակության ավտոճանապարհների ճանապարհային նշանների տարատեղման սխեմաները: Հաշվետու ժամանակահատվածում տեղադրվել են 3,892 նշաններ հանրապետության 420 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներում։ Իրականացվել են ՀՀ ճանապարհային ցանցում ընդգրկված 7,443 կմ երկարությամբ ճանապարհահատվածների անհարթության գործակցի և 919 հաշվեկետերում երթևեկության ինտենսիվության չափումներ:

    

6.5. ՄԻԳՐԱՑԻԱ

   

Միգրացիոն ծառայությունը 2019 թվականի փետրվարից շահագործել է Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգը (ՌՀԿԷՀ)։ ՌՀԿԷՀ-ի շնորհիվ ապահովվում է անձի վերաբերյալ ռեադմիսիոն հայցի և պատասխանի փոխանցման գործընթացի իրականացումը՝ դարձնելով այդ ընթացակարգերն առավել սահուն և արագ։ Ներկայումս ՌՀԿԷՀ-ի միջոցով հետընդունման հայցեր ստացվում են Գերմանիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Բելգիայի, Բուլղարիայի, Ավստրիայի և Ֆրանսիայի միգրացիոն հարցերով զբաղվող համապատասխան մարմինների ներկայացուցիչներից։ ՀՀ-ԵՄ աշխատանքային տարբեր խողովակներով ևս ընթացիկ տարվա ընթացքում բազմիցս երկկողմանի ջանքեր են գործադրվել՝ կողմերի հնարավորինս անխափան աշխատանքն ապահովելու համար։

Արդեն երկրորդ տարին անընդմեջ՝ 2006 թվականից ի վեր արձանագրվել է սահմանահատումների՝ ելքերի և մուտքերի դրական մնացորդ՝ 2019 թվականին կազմելով 10 հազար 506 մարդ։ ՀՀ քաղաքացիների դեպքում վերոնշյալ ցուցանիշը շարունակում է մնալ որոշակիորեն բացասական, սակայն դինամիկան նշանակալիորեն կրճատվել է, մասնավորապես 2019 թվականին այն կազմել է -6,529 ՀՀ քաղաքացի, 2018 թվականին՝ -4,585 քաղաքացի, մինչդեռ 2017 թվականին՝ -36,201, իսկ 2016-ին՝ -54,031 քաղաքացի։

Կառավարության որոշմամբ շուրջ 1.5 մլրդ դրամ է տրամադրվել Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար. այս ուղղությամբ Կառավարությունը 10 տարի գրեթե ոչինչ չէր արել։

2019 թվականի հունվար-հոկտեմբերին ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է ռեկորդային ցածր՝ 2,950 ՀՀ քաղաքացի, որը 2017 թվականի (5,615 հայտ) նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 90.3%-ով, իսկ 2018 թվականի (4,225 հայտ) դիտարկվող ժամանակահատվածի համեմատ՝ 43.2%-ով։

    

7. ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ, ԹՎԱՅՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

    

ՀՀ ԶՈՒ արդիականացման շարունակական գործընթացում առանձնահատուկ տեղ է հատկացվել գիտության, տեխնիկայի, ՏՏ ոլորտի ժամանակակից նվաճումներին համընթաց քայլելու, ռազմարդյունաբերության մեջ այս ոլորտներում առկա ձեռքբերումներն ու մասնագիտական հնարավորություններն առավելագույնս կիրառելու սկզբունքին: 2019 թվականին լրացուցիչ 984 մլն դրամ է հատկացվել ռազմարդյունաբերական, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերին, որի հետևանքով 2019 թ․ ռազմարդյունաբերության հատկացումներն աճել են շուրջ 30%-ով։

     

7.1. ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ

    

2019 թվականի հոկտեմբերին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում աշխարհի շուրջ 70 երկրից Հայաստան են ժամանել ավելի քանի 2,500 մասնագետներ, ինչպես նաև 20 երկրներից նախարարական պատվիրակություններ։ Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենահեղինակավոր լրատվամիջոցներում` որպես բարձր տեխնոլոգիական երկիր։ Բացի այդ, 2019 թ․ վերջին եռամսյակում Կատարում, Սինգապուրում և Ուզբեկստանում տեղի ունեցած տեխնոլոգիական ցուցահանդեսների ընթացքում շուրջ 27 ընկերություններ հանդես են եկել հայկական միասնական տաղավարով, ստորագրվել են 9 հուշագրեր, ձեռք են բերվել 200-ից ավելի պայմանավորվածություններ, ստեղծվել են ավելի քան 7 միլիոն ԱՄՆ-ի դոլարի ապրանքների և ծառայությունների արտահանման նոր հնարավորություններ։

«Դիջիթեք Էքսպո» ցուցահանդեսին 2 տաղավարով ներկայացվել են հայկական ստարտափ 17 և ինժեներական 25 ընկերություններ, որոնցից 10-ը` ռազմարդյունաբերության ոլորտից։ Ցուցահանդեսի շրջանակներում ստորագրվել է պայմանագիր, որով «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մեթոդաբանությունն ու ուսումնական մոդելը, որպես պիլոտային ծրագիր, կարտահանվի և կկիրառվի Հնդկաստանի 2 դպրոցներում: Կատարի պետության Դոհա քաղաքում 2019 թվականի հոկտեմբերին տեղի է ունեցել Մերձավոր Արևելքի խոշորագույն տեխնոլոգիական գիտաժողով-ցուցահանդեսը (QITCՕM), որին հայկական պատվիրակությունը մասնակցել է «Հայաստան» միասնական տաղավարով, որտեղ ներկայացված էին 11 հայկական տեխնոլոգիական ընկերություններ։

2019 թվականին ՏՏ ոլորտի 230 կազմակերպություն ստացել է հարկային արտոնություններ, որոնց թվում՝ սփյուռքից դիմած շուրջ 30 ընկերություն: Ընդհանուր առմամբ ոլորտում ստեղծվել են ավելի քան 1200 նոր աշխատատեղեր:

2019 թվականի ընթացքում տեխնոլոգիական կենտրոններում անցկացվել է 144 դասընթաց (շուրջ 2,250 մասնակից), խորհրդակցական աջակցություն են ստացել ավելի քան 90 սկսնակ թիմեր և ընկերություններ, իրականացվել է ավելի քան 100 միջոցառում:

2019 թվականի ընթացքում «Դրեյփեր Վենչուր Նեթվորկի» ընկերության հետ ձեռք բերված համաձայնության շնորհիվ 2020 թվականի պետական ֆինանսավորմամբ 15 ձեռներեցների հնարավորություն կընձեռվի սովորելու Սիլիկոնյան հովտի լավագույն ձեռնարկատիրական համալսարանում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում ունենալ Դրեյփեր կրթական բրենդը: 2019 թվականին ստորագրել է համագործակցության հուշագիր՝ իրականացնելու «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը:

2019 թվականի «UWC» միջազգային դպրոցում իրականացվել է «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը: 4-օրյա տևողությամբ ծրագրին մասնակցել է աշխարհի 17 երկրներից ընտրված 47 տեխնոլոգիական ստարտափ ընկերություն՝ 80 մասնակիցներով: «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի ընդհանուր ֆոնդը կազմել է 136 մլն դրամ, որից հաղթող ստարտափ ընկերություններին տրամադրվել են 15-30 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամաշնորհներ:

   

7.2. ԿԱՊԸ ԵՎ ԹՎԱՅՆԱՑՈՒՄԸ

    

2019 թվականին մշակվել է Հայաստանի 2020-2025 թվականների թվայնացման ռազմավարությունը, որի մեջ սահմանվել են թվայնացման ռազմավարության հիմնական ուղղությունները, թվայնացման միասնական ստանդարտները, ինչպես նաև թվայնացման հիմնարար պայմանները: Ստեղծվել է թվայնացման խորհրդակցական հարթակը, որտեղ մասնավոր հատվածի ոլորտային մասնագետների հետ քննարկվում են թվայնացման օրակարգային հարցերը, առաջարկվում են դրանց լուծումները, մշակվում են թվային համակարգերի զարգացման հիմնական ուղղությունները:

Իրականացվել են տարբեր գերատեսչությունների էլեկտրոնային ծառայությունների մատուցման էլեկտրոնային հարթակների զարգացման աշխատանքներ: Մասնավորապես, Էլեկտրոնային առողջապահության համակարգ (E-health), էլեկտրոնային արդարադատության ռազմավարություն (e-justice), ՀՀ ՏՄՊՊՀ ներքին էլեկտրոնային տեղեկատվական հարթակ և դրա հետ փոխինտեգրված արտաքին կայք, ինտեգրված կադաստրի էլեկտրոնային հարթակ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի լիցենզիայի տրամադրման միասնական ռեեստր, ՀՀ կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի կադաստրի ծրագրային ապահովման սպասարկման ծառայությունների և ցանցային համակարգչային ծրագրային փաթեթներ, Բարձրագույն դատական խորհրդի էլեկտրոնային արդարադատության մշտադիտարկման ենթահամակարգ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ես աշխատում եմ» էլեկտրոնային համակարգ և այլն:

2019 թվականին մշակվել է թվային հանրապետական հեռուստատեսային մուլտիպլեքսում թվային ինտերակտիվ հեռուստատեսության ներդրման և զարգացման ծրագիրը: Սկսվել է ներդրման աշխատանքների առաջին փուլը:

    

8. ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

    

2019 թվականի ընթացքում պետական եկամուտների աննախադեպ ավելացումը հնարավոր է եղել ինչպես բարձր տնտեսական աճի, այնպես էլ հարկունակ ստվերի կրճատման և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի շնորհիվ: Այդպիսով, Կառավարության համար հիմնավոր հնարավորություն է ստեղծվել գրեթե վերացնելու կամ էականորեն նվազեցնելու փոքր տնտեսավարողների հարկային բեռը: Հաշվետու ժամանակահատվածում մի կողմից եվրապարտատոմսերի հաջող տեղաբաշխումը, միջազգային պահուստների աննախադեպ աճը և պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության էական բարելավումը, իսկ մյուս կողմից՝ միջազգային կառույցների կողմից Հայաստանի վարկանիշի բարձրացումը, վերահաստատում են պետական ֆինանսների կառավարման հարցում Կառավարության որդեգրած քաղաքականության արդյունավետությունը։

     

8.1. ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

    

2019 թվականին ՀՀ հարկային օրենսգրքում իրականացված փոփոխություններից և լրացումներից հետո համակարգային փոփոխություններ են կատարվել ՀՀ հարկային համակարգում, որոնք ուղղված են ազգային տնտեսության մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացմանը, քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Նշյալ օրենքով, մասնավորապես՝

ԱԱՀ-ի շեմը 58.35 մլն դրամից բարձրացվել և սահմանվել է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը գործող՝ տարեկան կտրվածքով իրացման շրջանառության 115 մլն դրամ,

վերանայվել է ավտոմեքենաների օտարման դեպքերում ֆիզիկական անձանց հարկային բեռը և սահմանվել է, որ եկամտային հարկը վճարվում է ավտոմեքենայի վաճառքի գնի 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր ձիաուժի հաշվով 150 դրամ, իսկ եթե ավտոմեքենան վաճառվում է ձեռքբերումից 365 օր հետո, ապա հարկային պարտավորություն չի առաջանում,

ֆիզիկական անձանց միջև իրականացվող՝ անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքներն ազատվել են եկամտային հարկով հարկումից: Ընդ որում, ազատումը կիրառվում է նաև 2018 թվականի հուլիսի 1-ից հետո իրականացված նվիրատվության գործարքների վրա,

պետական տուրքից ազատվել է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմեքենաներով տաքսի ծառայությունների մատուցումը,

վերացվել է Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաների մասով սահմանված ճանապարհային հարկը,

նվազեցվել է հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ զբաղվողների հարկային բեռը՝ այն ամրագրելով 2018 թվականի երկրորդ կիսամյակի համար սահմանված չափով (իրացման շրջանառության 6 տոկոս՝ հանած ծախսերի 3 տոկոս, բայց ոչ պակաս իրացման շրջանառության 4 տոկոսից, 2019 թվականի համար սահմանվել էին համապատասխանաբար՝ 8 և 5 տոկոս, իսկ 2020 թվականի համար՝ 10 և 6 տոկոս),

2020 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվելու համար անհրաժեշտ պայմանները բավարարող՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների այլ եկամուտները հարկվում են համապատասխան եկամտի տեսակի համար սահմանված դրույքաչափերով (մասնավորապես, 1․5 տոկոս, 3․5 տոկոս, 5 տոկոս կամ 10 տոկոս)՝մինչ այդ սահմանված 20 տոկոս դրույքաչափի փոխարեն,

2020 թվականի հունվարի 1-ից անցում է կատարվել եկամտային հարկի մեկ միասնական՝ 23 տոկոս դրույքաչափի՝ այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը յուրաքանչյուր տարի 1 տոկոսով նվազելու է՝ 2023 թվականին կազմելով 20 տոկոս: Դրա շնորհիվ շուրջ 272 հազար քաղաքացու աշխատավարձ բարձրացել է:

2020 թվականի և դրան հաջորդող տարիների համար երկու տոկոսային կետով նվազել է շահութահարկի դրույքաչափը՝ 20 տոկոսից մինչև 18 տոկոս,

Նախ՝ բարձրացվել է ինքնազբաղված անձանց, ինչպես նաև ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգերի շեմերը համապատասխանաբար 9 մլն և 18 մլն դրամից մինչև 24 մլն դրամ: Այնուհետև, 2020 թվականի հունվարի 1-ից դրանց փոխարեն ներդրվել է միասնական միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ, որի շրջանակներում սահմանվել է, որ մինչև 24 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներն ազատվում են բոլոր հիմնական հարկերից, միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն իրենց գործունեության մեջ, որպես վարձու աշխատող, կարող են ներգրավել ֆիզիկական անձանց՝ առանց թվաքանակի սահմանափակումների, որոնց վճարվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվելու է ամսական ընդամենը 5 հազար դրամի չափով,

ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք արտադրող կամ ներմուծող տնտեսավարող սուբյեկտներին նույնպես հնարավորություն է տրվել գործունեություն իրականացնել, ինչպես միկրոձեռնարկատիրության, այնպես էլ շրջանառության հարկի համակարգերում,

նվազեցվել են օտարերկրյա քաղաքացիների և ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հայաստանյան աղբյուրներից ստացվող շահաբաժիններից հաշվարկվող եկամտային հարկի և շահութահարկի դրույքաչափերը՝ 10 տոկոսից մինչև 5 տոկոս,

անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից հողամաս ձեռք բերելու գործարքների մասով հողամաս ձեռք բերող հարկային գործակալներն ազատվել են 10 տոկոս դրույքաչափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից:

Օրենսդրական փոփոխությունների շնորհիվ կատարվել են մի շարք էական բարեփոխումներ՝ կապված ԱԱՀ-ի գումարների վերադարձման գործընթացի հետ, մասնավորապես՝

վերադարձման ենթակա գումարներ են համարվել նաև 2017 թվականի 2-րդ կիսամյակին նախորդող կիսամյակների համար ԱԱՀ-ի հաշվանցման ենթակա գումարները,

մինչև ՀՀ հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելը բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի, ինչպես նաև օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ԱԱՀ-ի դեբետային գումարների փոխհատուցման համար սահմանվել է պարզեցված ընթացակարգ,

2017 թ. 2-րդ կիսամյակին նախորդող հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ բյուջեից հաշվանցման ենթակա մինչև 5 մլն դրամ ԱԱՀ-ի գումարների մնացորդի մուտքագրումը պետական գրանցում (հաշվառում) ստացած հարկ վճարողի միասնական հաշվին կատարվում է առանց հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման և առանց հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության,

սկսած 2019 թ. 3-րդ եռամսյակից փոխհատուցման (վերադարձման) ենթակա են եռամսյակային կտրվածքով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները,

բարձրացվել է պարզեցված ընթացակարգով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի առավելագույն չափը՝ 20 մլն դրամից դարձնելով այն 40 մլն դրամ:

2018 թվականի սկզբին հարկ վճարողների նկատմամբ եղել է 275.7 մլրդ դրամ պարտք, որից անցումային գերավճարի գծով՝ 132.7 մլրդ դրամ և դեբետային գերավճարի գծով՝ 143 մլրդ դրամ: Տնտեսավարողների նկատմամբ պետության ունեցած պարտքերի վերադարձման լայնածավալ աշխատանքների շնորհիվ պարտքը նվազել է մոտ 200 մլրդ դրամով. 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 76,6 մլրդ դրամ:

Միջազգային հարկային հարաբերություններում ՀՀ ներգրավվածության ապահովմանն ուղղված աշխատանքների շրջանակներում կնքվել են մի շարք երկկողմ համաձայնագրեր, վավերացվել է «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան:

Հարկային վարչարարության բարելավում

Վարչարարության գործընթացի պարզեցման և հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման համակարգին ամբողջական անցում կատարելու նպատակով շարունակվել են ՀՀ ՊԵԿ-ի էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործման աշխատանքները: 2019 թվականի ընթացքում ներդրվել են հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության էլեկտրոնային եղանակով ներկայացման ենթահամակարգը, նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգը, կամերալ ուսումնասիրությունների իրականացման, իրավական վարույթների վարման, երրորդ անձանցից ստացված տեղեկատվության, էլեկտրոնային եղանակով վճարումների իրականացման, Կենտրոնական գանձապետարանից ստացված տվյալների ավտոմատացման համակարգերը, «Պետական տուրք» ենթահամակարգը: Գործարկվել է ստուգումների հաշվառման նոր համակարգ։ «Մեծ ծավալի տվյալների» (Big Data) ժամանակակից կառուցվածքով տվյալների շտեմարանների մշակման գործիքակազմի կիրառմամբ ներդրվել են վերլուծական հաշվետվություններ։

Տնտեսավարող սուբյեկտների հարցերի ու խնդիրների օպերատիվ լուծման նպատակով ակտիվորեն գործել է հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնը: Մասնավորապես, հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող օրենսդրության և վարչարարության վերաբերյալ 2019 թվականի ընթացքում ստացվել է 250,253 հարցադիմում (հարկային մասով 80%, մաքսային՝ 20%): Կենտրոնի աշխատողների տրամադրած պատասխանի որակը հարկ վճարողների 76%-ը դրական է գնահատել:

«Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի վերջնական ներդրումն ապահովելու նպատակով մեկնարկել են Գյումրիում տեղակայվող արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման կենտրոնի ստեղծման աշխատանքները, որի շրջանակներում կառուցվել և գործում է ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումներ կատարող մասնաշենքը (ստորաբաժանումը): ԱՏԳ կենտրոնում նախատեսվում է մաքսային և հարակից գործառույթների հետ կապված ԱՏԳ մասնակիցներին մատուցել համապարփակ և սպասարկման բարձր որակով ծառայություններ:

2019 թվականի հարկային մարմնի իրականացրած համալիր հարկային ստուգումների քանակը 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5.6%-ով: Համալիր ստուգումների թվի կրճատման պայմաններում արձանագրված լրացուցիչ պարտավորությունների գումարն աճել է 81.2%-ով, միաժամանակ աճել է նաև մեկ ստուգմանը բաժին ընկնող լրացուցիչ պարտավորության գումարը՝ 92%-ով: Կիրառության մեջ են դրվել հարկային ստուգումների կազմակերպման էլեկտրոնային համակարգի ստուգումների պլանավորման, ստուգման հանձնարարագրերի և ակտերի հաշվառման նոր ենթահամակարգերը, որի միջոցով ստուգումների ծրագիրն ընտրում է կոնկրետ հարկ վճարողի մոտ ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց ցանկը: Այդ եղանակով նվազագույնի է հասցվել ստուգումներում տեսուչների ընտրանքի սուբյեկտիվ գործոնը:

ՊԵԿ-ի հարկային և մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովը 2019 թ. քննարկել է 97 ծառայողական քննության ընթացքում ստեղծված նյութերը, որի արդյունքում 58 ծառայողներ ենթարկվել են տարբեր կարգապահական պատասխանատվության: 2019 թվականի ընթացքում 3 դեպքով իրականացվող ծառայողական քննությունները կասեցվել են, համապատասխան նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով:

Հայաստանում հարկային վարչարարության էական բարելավումն արձանագրվել է նաև «Doing Business 2020»-ում, որտեղ Հայաստանը հարկերի վճարման չափորոշչի գծով 81.5 միավորով զբաղեցրել է 52-րդ հորիզոնականը՝ նախորդ զեկույցի 82-րդ հորիզոնականի փոխարեն:

 

Հարկունակ ստվերի կրճատում

2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի գծով փաստացի մուտքերը՝ առանց միասնական հաշվի մնացորդի, կազմել են 1,464.3 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի համեմատ աճը կազմել է 206.4 մլրդ դրամ կամ 16.4%: 2019 թվականի ընթացքում հավաքագրված գումարներից հարկ վճարողներին վերադարձված ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած, ինչպես նաև հաշվետու կիսամյակին (եռամսյակին) հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մասով միասնական հաշվին մուտքագրված և ԱԱՀ-ի վերադարձի (Tax free) հաշիվներով վերադարձված, ինչպես նաև հիփոթեքային վարկի տոկոսների սպասարկման մասով եկամտային հարկի վերադարձված գումարների ընդհանուր գումարները կազմել են 171.1 մլրդ դրամ, որը 78.8%-ով կամ 75.4 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշից:

Ստվերի կրճատման ցուցիչներ են նաև տպված ՀԴՄ-ների թվի ավելացումը և գրանցված աշխատողների թվի էական աճը: 2019 թվականի ընթացքում Հայաստանում տպվել է 120 մլն կամ 38%-ով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018 թվականին, և 186 մլն կամ 74%-ով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2017 թվականին: Այդպիսով՝ 2018 թվականի համեմատ արձանագրվել է 345 մլրդ դրամի կամ 21.9%-ով ավելի առևտրաշրջանառություն, իսկ 2017 թվականի համեմատ՝ 529 մլրդ դրամի կամ 38%-ով ավելի առևտրաշրջանառություն:

Ուսումնասիրվել են հարկունակ ոլորտներում ստվերի գնահատման մեթոդաբանական խնդիրները և միջազգային փորձը: Կազմակերպվել են խնդրո առարկա հարցի վերաբերյալ շահագրգիռ պետական կառույցների և առանձին փորձագետների, այդ թվում` Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների (ԱՄՀ) հետ հանդիպումներ: Հարկունակ ոլորտներում ստվերի գնահատման համապատասխան մեթոդների և եղանակների ընտրության նպատակով կատարվել է որոշ ոլորտների հարկային ստվերի փորձնական գնահատում: Միաժամանակ աշխատանքներ են կատարվել ըստ հիմնական հարկատեսակների հարկային ճեղքի գնահատման ուղղությամբ: Աշխատանքներ են կատարվել նաև Արժույթի միջազգային հիմնադրամի և Զարգացման ֆրանսիական գործակալության հետ ստվերի գնահատման ուղղությամբ՝ համագործակցություն և օժանդակություն ստանալու նպատակով: Նշված աշխատանքները կշարունակվեն 2020 թվականի ընթացքում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019 թվականի ընթացքում պետական բյուջե է գանձվել 63,6 մլրդ դրամ, 2018 թվականին՝ 30,6 մլրդ դրամ, 2017 թվականին՝ 26,8 մլրդ դրամ։ Մասնավորապես՝ 2019 թվականի ընթացքում հարուցվել են 454 քրեական գործեր, քրեական գործի հարուցումը մերժվել է 276 որոշումներով: Հաշվետու ժամանակաշրջանում վերականգնվել է 11,9 մլրդ դրամ գումար, 55 քրեական գործով ավարտվել է նախաքննությունը, գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ:

     

8.2. ՊԵՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ

     

Պետական կառավարման համակարգում ծախսային քաղաքականության արդյունավետության բարձրացման՝ հանրային ֆինանսների նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով պետական բյուջեի կազմման բնագավառում իրականացվել են մի շարք քայլեր, որոնց իրագործումը թույլ կտա ապահովել հանրային կառավարման թափանցիկության, հաշվետվողականության և հսկողության բարձրացումը, ինչպես նաև պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավումը։ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեն մշակվել և ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է ծրագրային ձևաչափով: Պետական բյուջեի որևէ ծախսային ծրագիր վերագրված է բացառապես մեկ պետական մարմնի՝ նպատակ ունենալով որոշակիացնել ծրագրերի պատասխանատուների իրավունքներն ու պարտականությունները: Ծրագրի իրականացման աստիճանը գնահատվում է ոչ թե հատկացված միջոցների ծախսման ծավալից ելնելով, այլ ծրագրի արդյունքներին հասնելու համար իրականացման ենթակա միջոցառումների ոչ ֆինանսական ցուցանիշներով: 2019 թվականին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններով սահմանափակվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ արտաբյուջետային հաշիվներ ունենալու հնարավորությունը:

  

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան