ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
31 մարտի 2020 թ. |
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 81-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 82-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 39-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 18 ԵՎ 19-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 144 ԵՎ 145-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2 ԵՎ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ՝
դիմողի՝ Հանրապետության նախագահի ներկայացուցիչներ՝ Հանրապետության նախագահի օգնական Լ. Երեմյանի և Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Հովակիմյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 22 և 68-րդ հոդվածների,
դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասի և 82-րդ հոդվածի, «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի, «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 և 19-րդ հոդվածների, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144 և 145-րդ հոդվածների, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 և 3-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքը Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 7-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2018 թվականի փետրվարի 10-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի «Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման կարգը» վերտառությամբ 81-րդ հոդվածի սույն գործով վիճարկվող 5-րդ մասը սահմանում է.
«Եթե Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամի պաշտոնը թափուր մնալու օրվան հաջորդող եռամսյա ժամկետում չի ընտրում Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ապա մինչև Ազգային ժողովի կողմից նրա ընտրությունը Հանրապետության նախագահը տասնհինգօրյա ժամկետում նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար, որը պետք է բավարարի Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամին ներկայացվող պահանջները»:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի «Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների ժամկետը և երդումը» վերտառությամբ սույն գործով վիճարկվող 82-րդ հոդվածը սահմանում է.
«1. Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ առանց անընդմեջ վերընտրվելու իրավունքի:
2. Ազգային ժողովի կողմից ընտրվելուց անմիջապես հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամները` Ազգային ժողովում, Ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամները Ընդհանուր ժողովի նիստում հանդիսավոր պայմաններում անհատական կարգով երդվում են. «Ստանձնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ իմ պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը:»:
3. Երդումից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամն ստորագրում է երդման տեքստը:
4. Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամն իր պաշտոնն ստանձնում է Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտի օրվանից, իսկ այլ հիմքով Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում՝ ընտրվելու օրվանից:
5. Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրվելու դեպքում համարվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորը ներկայացրել է հրաժարական, և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորություններն ստանձնելու օրվանից որպես դատավոր նրա լիազորությունները դադարում են»:
«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2017 թվականի նոյեմբերի 17-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2017 թվականի դեկտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից:
«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Գլխավոր դատախազի թեկնածուին ներկայացվող պահանջները և գլխավոր դատախազի ընտրությունը» վերտառությամբ սույն գործով վիճարկվող 35-րդ հոդվածը սահմանում է.
«1. Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։
2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ։
3. Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողով ճանաչվելու և նրա կողմից գլխավոր դատախազի թեկնածուի առաջադրման և ընտրության կարգը սահմանվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով:
4. Գլխավոր դատախազ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:
5. Գլխավոր դատախազը պետք է համապատասխանի սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջներին, և չպետք է առկա լինի սույն օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված որևէ սահմանափակում:
6. Գլխավոր դատախազն իր պաշտոնն ստանձնում և պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում սույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով իր երդման արարողությունից հետո՝ նախորդ գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետի ավարտման օրը, իսկ եթե ընտրվելու պահին գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է, ապա գլխավոր դատախազն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում երդման արարողությանը մասնակցելուն հաջորդող օրվանից»:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքը Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2017 թվականի հունվարի 14-ին և ուժի մեջ է մտել 2017 թվականի փետրվարի 4-ից:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի «Պաշտպանի ընտրությունը» վերտառությամբ սույն գործով վիճարկվող 12-րդ հոդվածը սահմանում է.
«1. Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, բարձրագույն կրթություն ունեցող, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող, ինչպես նաև հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
2. Պաշտպանին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:
3. Պաշտպանն իր պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի կողմից ընտրվելուց անմիջապես հետո Ազգային ժողովում պատգամավորների ներկայությամբ տված հետևյալ երդմամբ.
«Ստանձնելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը՝ երդվում եմ, հավատարիմ լինելով Սահմանադրությանն ու օրենքներին, արդարության սկզբունքներին՝ պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ»:
4. Պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում իր երդման արարողությունից հետո՝ նախորդ Պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը: Եթե Պաշտպանի ընտրվելու պահին Պաշտպանի պաշտոնը թափուր է, ապա Պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում երդման արարողությանը հաջորդող օրվանից։
5. Պաշտպանի ընտրություններն անցկացվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով նախատեսված ժամկետներում»:
Վերոհիշյալ հոդվածը փոփոխվել է 13.06.18թ. ՀՕ-355-Ն օրենքով:
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2000 թվականի հոկտեմբերի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2000 թվականի նոյեմբերի 9-ին և ուժի մեջ է մտել 2000 թվականի նոյեմբերի 18-ից:
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Հանձնաժողովի կազմավորման կարգը» վերտառությամբ սույն գործով վիճարկվող 39-րդ հոդվածը սահմանում է.
«1. Սահմանադրության 197-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ Հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Հանձնաժողովի անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:
2. Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտման օրվանից ոչ շուտ, քան մեկ ամիս առաջ և ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ, իսկ այլ հիմքով թափուր տեղ առաջանալու դեպքում թափուր տեղն առաջանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի նախագահը, իսկ Հանձնաժողովի նախագահի թափուր տեղ առաջանալու դեպքում Հանձնաժողովի նախագահին փոխարինող անդամը այդ մասին գրավոր տեղեկացնում է Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին:
3. Ազգային ժողովը Հանձնաժողովի անդամի ընտրությունը կատարում է Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
4. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է Հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողովի անդամը կարող է առաջադրվել որպես Հանձնաժողովի նախագահ ինքնաառաջադրման կամ Հանձնաժողովի որևէ այլ անդամի կողմից իր համաձայնությամբ առաջադրվելու եղանակով:
5. Հանձնաժողովի նախագահի ընտրության համար գաղտնի քվեարկվում են Հանձնաժողովի բոլոր անդամները:
6. Քվեարկության համար կազմվում է քվեաթերթիկ, որում ներառվում են բոլոր թեկնածուները:
7. Քվեարկելիս Հանձնաժողովի անդամն ունի մեկ ձայն: Եթե քվեարկության մասնակիցն ավելի ձայն է տվել, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր:
8. Եթե քվեարկության արդյունքով որևէ թեկնածու չի ստացել ձայների կեսից ավելին, ապա անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:
9. Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա նախապատվությունը տրվում է մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին:
10. Լրացուցիչ քվեարկության ժամանակ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Լրացուցիչ քվեարկության ժամանակ ձայների թվի կեսից ավելին ստացած թեկնածուն համարվում է ընտրված: Եթե ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ, ապա անցկացվում է նոր ընտրություն:
11. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է Հանձնաժողովների անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Հանձնաժողովի անդամն իրավունք չունի հրաժարվելու քվեարկությունից և քվեարկում է միայն «կողմ» կամ «դեմ»:
12. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանձնաժողովի անդամ, ներառյալ՝ Հանձնաժողովի նախագահ:
13. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է մինչև որպես Հանձնաժողովի անդամ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը:
14. Հանձնաժողովի նոր նախագահի ընտրությունը կատարվում է Հանձնաժողովի անդամների կազմը համալրվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում»:
«Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի հունվարի 16-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2018 թվականի հունվարի 30-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից:
«Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Հաշվեքննիչ պալատի անդամը» վերտառությամբ սույն գործով վիճարկվող 17-րդ հոդվածը սահմանում է.
«1. Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ՝ պալատի նախագահ, կարող է ընտրվել Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, բարձրագույն կրթություն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում ստացած այն քաղաքացին, որն ունի աուդիտորի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ունեցող իրավաբանական անձի ղեկավար պաշտոնի աշխատանքային ստաժ կամ հաշվեքննիչ պալատի անդամի նվազագույնը երեք տարվա աշխատանքային ստաժ կամ հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումներում ղեկավար պաշտոնների առնվազն 3-րդ ենթախմբի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ հանրային ֆինանսների կառավարման ոլորտի նվազագույնը 10 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն հինգ տարին` ղեկավարի պաշտոնում:
2. Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ հաշվեքննիչ պալատի նախագահն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովին: Հաշվեքննիչ պալատի անդամի վաղաժամկետ թափուր տեղ առաջանալու դեպքում, եթե պաշտոնավարման ժամկետի ավարտին մնացել է վեց ամսից ավելի ժամանակահատված, ապա հաշվեքննիչ պալատի նախագահն այդ մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ազգային ժողովին: Այս դեպքում հաշվեքննիչ պալատի նոր անդամն ընտրվում է նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով: Հաշվեքննիչ պալատի անդամի վաղաժամկետ թափուր տեղ առաջանալու դեպքում այն չի համալրվում, եթե պաշտոնավարման ժամկետի ավարտին մնացել է վեց ամսից պակաս ժամանակահատված:
3. Հաշվեքննիչ պալատի նախագահը և մյուս անդամներն ընտրվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
4. Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ՝ պալատի նախագահ, չի կարող ընտրվել այն անձը, որը`
1) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) ենթարկվել է քրեական պատասխանատվության, և դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
3) օրենքով սահմանված կարգով զրկված է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից:
5. Հաշվեքննիչ պալատի անդամները, ներառյալ՝ պալատի նախագահը, չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն՝ առևտրային կազմակերպությունում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։
6. Հաշվեքննիչ պալատի անդամի, այդ թվում՝ նախագահի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված անհամատեղելիության պահանջի խախտման կամ հաշվեքննիչ պալատի անդամի որևէ կուսակցության անդամ լինելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու, հրապարակային ելույթներում քաղաքական զսպվածություն չցուցաբերելու դեպքերում:
7. Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունները դադարում են՝
1) պաշտոնավարման ժամկետը լրանալու դեպքում.
2) հաշվեքննիչ պալատի անդամի՝ հանցագործության կատարման համար դատապարտվելու կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի (վճռի) հիման վրա.
3) եթե ի հայտ է եկել հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որը ներառված է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված՝ դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկում.
4) հաշվեքննիչ պալատի անդամի հրաժարականի դեպքում.
5) հաշվեքննիչ պալատի անդամի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու կամ օտարերկրյա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.
6) նրա մահվան դեպքում:
8. Հաշվեքննիչ պալատի անդամի հրաժարականի մասին դիմումը ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին, որի մասին տեղեկացվում է հաշվեքննիչ պալատը: Այդ տեղեկությունը տեղադրվում է հաշվեքննիչ պալատի պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված՝ հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունների դադարման այլ հիմքեր ի հայտ գալու պարագայում հաշվեքննիչ պալատի նախագահն այդ հիմքերն ի հայտ գալու վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Ազգային ժողով»:
Վերոհիշյալ հոդվածը փոփոխվել է 21.01.20թ. ՀՕ-31-Ն օրենքով:
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1996 թվականի հունիսի 30-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 1996 թվականի հունիսի 30-ին և ուժի մեջ է մտել 1996 թվականի օգոստոսի 29-ից:
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալները» վերտառությամբ սույն գործով վիճարկվող 18-րդ հոդվածը սահմանում է.
«1. Կենտրոնական բանկի նախագահը Կենտրոնական բանկի բարձրագույն պաշտոնատար անձն է: Կենտրոնական բանկի նախագահը պատասխանատու է սույն օրենքով սահմանված Կենտրոնական բանկի նպատակների իրագործման համար: Կենտրոնական բանկի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալներից մեկը, իսկ տեղակալների բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում` Կենտրոնական բանկի խորհրդի տարիքով ավագ անդամը:
2. Կենտրոնական բանկի նախագահին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, վեց տարի ժամկետով:
Կենտրոնական բանկի նախագահ և նրա տեղակալներ կարող են ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող այն անձինք, որոնք՝
ա) ֆինանսական համակարգում ունեն բարձր հեղինակություն և
բ) դրամավարկային քաղաքականության իրականացման բնագավառում ունեն առնվազն երեք տարվա ղեկավարի կամ միջազգային ֆինանսական կազմակերպություններում երեք տարվա մասնագիտական ստաժ կամ բանկային կամ ապահովագրության կամ արժեթղթերի շուկայի ոլորտում առնվազն չորս տարվա ղեկավարի կամ մակրոտնտեսագիտության բնագավառում ակադեմիական կամ հետազոտական աշխատանքի առնվազն չորս տարվա մասնագիտական ստաժ:
3. (մասն ուժը կորցրել է 13.12.17 ՀՕ-313-Ն)
4. Կենտրոնական բանկի նախագահը`
ա) կոորդինացնում և ապահովում է Կենտրոնական բանկի, նրա խորհրդի և խորհրդի անդամների բնականոն աշխատանքը.
բ) նախագահում է Կենտրոնական բանկի խորհրդի նիստերը, ստորագրում է Կենտրոնական բանկի խորհրդի ակտերը և խորհրդի նիստերի արձանագրությունները.
գ) կազմակերպում է Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ ակտերի կատարումը.
դ) ներկայացնում է Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.
ե) տալիս է լիազորագրեր.
զ) հաստատում է Կենտրոնական բանկի կառուցվածքը, աշխատակիցների հաստիքացուցակը.
է) բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի նշանակում և ազատում է աշխատանքից Կենտրոնական բանկի ստորաբաժանումների ղեկավարներին և մյուս աշխատակիցներին.
է1) ընդունում է անհատական և ներքին որոշումներ ու կարգադրություններ, այդ թվում` վերստուգվող անձանց ստուգումներ նշանակելու մասին որոշումներ.
ը) իրականացնում է օրենքով Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությանը չվերապահված այլ լիազորություններ»:
Վերոհիշյալ հոդվածը լրացվել և փոփոխվել է 03.03.04թ. ՀՕ-45-Ն, 08.12.05թ. ՀՕ-245-Ն, 25.12.06թ. ՀՕ-36-Ն, 12.11.15թ. ՀՕ-133-Ն, 13.12.17թ. ՀՕ-313-Ն օրենքներով:
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Կենտրոնական բանկի խորհուրդը» վերտառությամբ սույն գործով վիճարկվող 19-րդ հոդվածը սահմանում է.
«1. Կենտրոնական բանկի խորհուրդը Կենտրոնական բանկի կառավարման բարձրագույն մարմինն է: Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է. Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից և հինգ անդամներից:
2. Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, վեց տարի ժամկետով: Խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետները հետևյալն են`
մեկ անդամը` մեկ տարի,
մեկ անդամը` երկու տարի,
մեկ անդամը` երեք տարի,
մեկ անդամը` չորս տարի,
մեկ անդամը` հինգ տարի: Հետագայում նշանակված խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը վեց տարի է:
Կենտրոնական բանկի խորհրդում թափուր տեղ առաջանալու դեպքում խորհրդի նոր անդամը նշանակվում է ազատված պաշտոնավարման չլրացած ժամկետով:
3. Կենտրոնական բանկի խորհրդի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող այն անձինք, որոնք՝
ա) ֆինանսական համակարգում ունեն բարձր հեղինակություն և
բ) դրամավարկային քաղաքականության իրականացման բնագավառում ունեն առնվազն երկու տարվա ղեկավարի կամ միջազգային ֆինանսական կազմակերպություններում երկու տարվա մասնագիտական ստաժ կամ բանկային կամ ապահովագրության կամ արժեթղթերի շուկայի ոլորտում առնվազն չորս տարվա ղեկավարի կամ մակրոտնտեսագիտության բնագավառում ակադեմիական կամ հետազոտական աշխատանքի առնվազն չորս տարվա մասնագիտական ստաժ և
գ) իրենց մասնագիտական կարողություններով և գիտելիքներով ի վիճակի են ապահովել սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված իրավասությունների կատարումը:
4. Բացի սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված չափանիշներից, խորհուրդը պետք է ձևավորվի այնպես, որ՝
ա) խորհրդի անդամների առնվազն կեսն ունենա մակրոտնտեսագիտության բնագավառում մասնագիտական աշխատանքային փորձ.
բ) խորհրդի անդամներն ունենան բանկային, աուդիտի, ֆինանսական հաշվետվությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, Կենտրոնական բանկի և ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության ոլորտների վերաբերյալ գիտելիքներ:
Կենտրոնական բանկի խորհրդի անդամ, նախագահ կամ տեղակալ չեն կարող լինել այն անձինք, որոնք`
ա) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են դիտավորությամբ կատարված հանցագործության համար.
բ) օրենքով սահմանված կարգով զրկվել են որոշակի պաշտոն վարելու իրավունքից:
5. Կենտրոնական բանկի նախագահը, տեղակալները և խորհրդի այլ անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն: Կենտրոնական բանկի խորհրդի անդամները, նախագահը, տեղակալներն իրավունք ունեն առևտրային կազմակերպություններում և հիմնադրամներում զբաղեցնելու իրենց կարգավիճակով պայմանավորված պաշտոններ:
Կենտրոնական բանկի խորհրդի անդամները չեն կարող Կենտրոնական բանկում այլ պաշտոններ զբաղեցնել: Կենտրոնական բանկի խորհրդի անդամը պատասխանատու է Կենտրոնական բանկի խորհրդում իր կատարած աշխատանքի համար»:
Վերոհիշյալ հոդվածը փոփոխվել և լրացվել է 12.11.15թ. ՀՕ-133-Ն, 13.12.17թ. ՀՕ-313-Ն օրենքներով:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքը Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2017 թվականի հունվարի 14-ին և ուժի մեջ է մտել 2017 թվականի մայիսի 18-ից:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի «Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը» վերտառությամբ սույն գործով վիճարկվող 144-րդ հոդվածը սահմանում է.
«1. Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի՝
1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, և ոչ ուշ, քան մեկ օր առաջ.
2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:
2. Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները: Թեկնածուն առաջադրվում է խմբակցության որոշմամբ: Որոշման մեջ նշվում են Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի և նրան ներկայացնելու իրավասություն ունեցող խմբակցության ներկայացուցչի անունները, ազգանունները: Որոշմանը կցվում են Սահմանադրությամբ և օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը որոշումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է խմբակցությանը՝ նշելով պատճառների մասին:
3. Թեկնածուները կարող են առաջադրվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի՝
1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, և ոչ ուշ, քան ութսուն օր առաջ.
2) պաշտոնը թափուր մնալուց հետո` տասնօրյա ժամկետում:
4. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների ավարտից առնվազն հարյուր օր առաջ, ինչպես նաև նրա պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Աշխատակազմն այդ մասին գրավոր տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին և խմբակցություններին:
5. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին հայտարարությամբ:
6. Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի 135-րդ հոդվածով սահմանված կարգով, թեկնածուների ներկայացման ժամկետը լրանալուց հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:
7. Բարձրագույն դատական խորհրդի անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամը իր պաշտոնը ստանձնում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների ավարտման օրը:
8. Եթե քվեարկությանը մասնակցել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ընտրվել, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հարցը քննարկվում է Կանոնակարգի 139-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
9. Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար խմբակցությունները կարող են ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի նոր թեկնածու»:
Վերոհիշյալ հոդվածը փոփոխվել է 17.01.18թ. ՀՕ-50-Ն օրենքով:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի «Իրավասու մշտական հանձնաժողովների առաջադրմամբ պաշտոնատար անձանց ընտրության կարգը» վերտառությամբ սույն գործով վիճարկվող 145-րդ հոդվածը սահմանում է.
«1. Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հաշվեքննիչ պալատի նախագահի և մյուս անդամների, Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների և խորհրդի մյուս անդամների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրությունն անցկացվում է համապատասխան պաշտոնատար անձի՝
1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, և ոչ ուշ, քան մեկ օր առաջ:
2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:
2. Ազգային ժողովին սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնում թեկնածու է առաջարկվում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ խմբակցությունների առաջադրած մեկական թեկնածուների թվից:
3. Թեկնածուները կարող են առաջադրվել սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի՝
1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, և ոչ ուշ, քան ութսուն օր առաջ.
2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի լիազորությունների ավարտից առնվազն հարյուր օր առաջ, ինչպես նաև նրա պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Աշխատակազմն այդ մասին գրավոր տեղեկացնում է իրավասու մշտական հանձնաժողովին և խմբակցություններին:
4.1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնում թեկնածուն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին է առաջադրվում խմբակցության որոշմամբ: Որոշման մեջ նշվում են թեկնածուի և նրան ներկայացնելու իրավասություն ունեցող խմբակցության ներկայացուցչի անունները, ազգանունները: Որոշմանը կցվում են Սահմանադրությամբ և օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը որոշումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է խմբակցությանը՝ նշելով պատճառների մասին:
5. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը հանդես է գալիս խմբակցությունների առաջադրած թեկնածուների, ինչպես նաև Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցի քննարկման օրվա և ժամի մասին հայտարարությամբ:
6. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իրավասու մշտական հանձնաժողովն Ազգային ժողովին է առաջարկում սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի թեկնածու: Եթե այդ ժամկետում թեկնածու չի առաջարկվում, ապա դրանից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնում կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:
7. Ազգային ժողովին սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի թեկնածու առաջարկելու մասին հարցը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովի նիստում: Հարցի քննարկման ավարտից հետո՝ 24 ժամվա ընթացքում, իրավասու մշտական հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ուղարկում հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը:
8. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի 135-րդ հոդվածով սահմանված կարգով, թեկնածուի առաջարկման օրվան հաջորդող Ազգային ժողովի հերթական նիստերում:
9. Գլխավոր դատախազը, Մարդու իրավունքների պաշտպանը, Հաշվեքննիչ պալատի նախագահը և մյուս անդամները, Կենտրոնական բանկի նախագահը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և մյուս անդամները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
10. Կենտրոնական բանկի նախագահի տեղակալները, ինչպես նաև Կենտրոնական բանկի նախագահից բացի, Կենտրոնական բանկի խորհրդի մյուս անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
11. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում նորընտիր գլխավոր դատախազը, Մարդու իրավունքների պաշտպանը, Հաշվեքննիչ պալատի նախագահը և մյուս անդամները, Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները և խորհրդի մյուս անդամները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և մյուս անդամները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն իրենց պաշտոնը ստանձնում են համապատասխան պաշտոնատար անձի լիազորությունների ավարտման օրը:
12. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնում կարող են առաջադրվել նոր թեկնածուներ»:
Վերոհիշյալ հոդվածը լրացվել և փոփոխվել է 17.01.18թ. ՀՕ-50-Ն օրենքով:
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2014 թվականի փետրվարի 4-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2014 թվականի փետրվարի 13-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հուլիսի 1-ից:
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակային ապահովությունը և այլ սոցիալական երաշխիքները» վերտառությամբ սույն գործով վիճարկվող 2-րդ հոդվածը սահմանում է.
«1. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք ունի՝
1) (կետն ուժը կորցրել է 04.03.15 ՀՕ-14-Ն)
2) Սահմանադրական դատարանի դատավորը՝
ա. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով լիազորությունների դադարման դեպքում՝ անկախ տարիքից,
բ. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում,
գ. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում,
դ. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 4.1-ին մասով նախատեսված դեպքում՝ այդ մասով նախատեսված չափով:
2.1) Ազգային ժողովի ընտրած Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առնվազն հինգ տարի պաշտոնավարած անձը, որի լիազորությունները դադարել կամ դադարեցվել են համապատասխանաբար դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ իր պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքով.
2.2) առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Ազգային ժողովի ընտրած Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.
2.3) առնվազն մեկ ժամկետ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.
3) դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը, որի լիազորությունները դադարեցվել կամ դադարել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով.
4) դատախազի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը, որը պաշտոնից ազատվել է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատախազի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով.
5) հատուկ քննչական ծառայությունում առնվազն 10 տարի ինքնավար պաշտոն զբաղեցրած անձը, որը պաշտոնից ազատվել է «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.
5.1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում առնվազն 10 տարի ինքնավար պաշտոն զբաղեցրած անձը, որի լիազորությունները դադարել են «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.
5.2) Հայաստանի Հանրապետության հարկային ծառայությունում առնվազն 10 տարի քննիչի պաշտոն զբաղեցրած անձը, որը պաշտոնից ազատվել է «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված հիմքով կամ 63 տարին լրանալուց հետո` 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.
5.3) Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունում առնվազն 10 տարի քննիչի պաշտոն զբաղեցրած անձը, որը պաշտոնից ազատվել է «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 7-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.
6) առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.
7) առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն զբաղեցրած կամ հինգ տարի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.
7.1) առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնն զբաղեցրած կամ վեց տարի Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնն զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.
8) սույն օրենքի հավելված N 1-ով սահմանված պաշտոններում, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.
9) Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, Կառավարության անդամները, Սահմանադրական դատարանի և այլ դատարանների դատավորները, Ազգային ժողովի ընտրած Բարձրագույն դատական խորհրդի անդամները, Մարդու իրավունքների պաշտպանը, Հաշվեքննիչ պալատի նախագահը, դատախազները, հատուկ քննչական ծառայության, քննչական կոմիտեի ծառայողները՝ իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու դեպքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում նշված դեպքում պետական պաշտոն զբաղեցրած անձը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական կազմակերպություններում ապահովվում է բժշկական սպասարկմամբ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակի իրավունք ունի, եթե չի զբաղեցնում հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն»:
Վերոհիշյալ հոդվածը լրացվել և փոփոխվել է 19.05.14թ. ՀՕ-29-Ն, 01.12.14թ. ՀՕ-198-Ն, 04.03.15թ. ՀՕ-14-Ն, 17.01.18թ. ՀՕ-43-Ն, 07.03.18թ. ՀՕ-143-Ն, 21.06.18թ. ՀՕ-341-Ն, 01.07.19թ. ՀՕ-101-Ն, 11.12.19թ. ՀՕ-313-Ն, 21.01.20թ. ՀՕ-68-Ն օրենքներով:
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքները պետական պաշտոն զբաղեցրած անձի մահանալու (զոհվելու) դեպքում» վերտառությամբ սույն գործով վիճարկվող 3-րդ հոդվածը սահմանում է.
«1. Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, Կառավարության անդամի, Սահմանադրական դատարանի և այլ դատարանների դատավորի, Ազգային ժողովի ընտրած Բարձրագույն դատական խորհրդի անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, դատախազի, հատուկ քննչական ծառայությունում, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձի կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահանալու (զոհվելու) դեպքում`
1) նրա հուղարկավորությունը կազմակերպած անձին վճարվում է հուղարկավորության նպաստ,
2) նրա ընտանիքին տրվում է միանվագ դրամական օգնություն,
3) նրա ընտանիքի` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներին նշանակվում և վճարվում է կենսաթոշակ:
2. Միանվագ դրամական օգնություն, հուղարկավորության նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, նշանակելու և վճարելու կարգը, հուղարկավորության նպաստի չափը, միանվագ դրամական օգնության չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Վերոհիշյալ հոդվածը լրացվել և փոփոխվել է 19.05.14թ. ՀՕ-29-Ն, 17.01.18թ. ՀՕ-43-Ն, 07.03.18թ. ՀՕ-143-Ն, 21.01.20թ. ՀՕ-68-Ն օրենքներով:
Գործի քննության առիթը Հանրապետության նախագահի՝ 2019 թվականի նոյեմբերի 8-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Սահմանադրական դատարանի 2020 թվականի փետրվարի 24-ի ՍԴԱՈ-33 աշխատակարգային որոշմամբ սույն գործի հանգամանքների առավել արդյունավետ բացահայտման նպատակով որոշվել է անցնել բանավոր ընթացակարգով դատաքննության:
Լսելով սույն գործով զեկուցողի զեկույցը, դիմողի և պատասխանողի բացատրությունները, ինչպես նաև վերլուծելով վիճարկվող օրենքների համապատասխան դրույթները, գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. Դիմողի դիրքորոշումները
Հանրապետության նախագահը, դիմելով Սահմանադրական դատարան, խնդրում է որոշել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասի՝ համակցված «Դատախազության մասին» օրենքի 35-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 39-րդ հոդվածի, «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 17-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» օրենքի 18-րդ և 19-րդ հոդվածների, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի և 145-րդ հոդվածի հետ (ներառյալ՝ վերոնշյալ օրենքներն այնքանով, որքանով դրանցում բացակայում են Սահմանադրության 138-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձանց Հանրապետության նախագահի կողմից նշանակվող ժամանակավոր պաշտոնակատարների անկախության իրավական երաշխիքները)՝ Սահմանադրության 1-ին և 138-րդ հոդվածին համապատասխանության հարցը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 82-րդ հոդվածի և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների՝ Սահմանադրության 1-ին և 173-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:
Վերլուծելով վիճարկվող օրենքների համապատասխան դրույթները և ներկայացնելով դրանց սահմանադրականության վերաբերյալ իր դիրքորոշումներն առավելապես օրենսդրական բացի և իրավական որոշակիության տեսանկյունից՝ դիմողը, մասնավորապես, եզրահանգում է.
ա) եթե Ազգային ժողովը եռամսյա ժամկետում սահմանված կարգով չի ընտրում համապատասխան պաշտոնատար անձանց, ապա Հանրապետության նախագահի կողմից ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու կարգը օրենքով սահմանելը հանդիսանում է Սահմանադրության 138-րդ հոդվածի ուղղակի և աներկբա պահանջ,
բ) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերաբերելի հոդվածներում, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով նախատեսված չէ որևէ կարգ, որով Հանրապետության նախագահը կարող է նշանակել համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհրդի անդամի, Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի, Հաշվեքննիչ պալատի անդամի կամ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար, այն դեպքում, երբ Ազգային ժողովը եռամսյա ժամկետում սահմանված կարգով չի ընտրում համապատասխան պաշտոնատար անձին: Հանրապետության նախագահի մասով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով նախատեսված և Սահմանադրության 138-րդ հոդվածի բովանդակությունից տարբերվող միակ դրույթը ժամկետի սահմանումն է: Սակայն ժամկետի սահմանումն ինքնին չի հանդիսանում սահմանադրական պահանջ,
գ) բացի Բարձրագույն դատական խորհրդի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ժամանակավոր պաշտոնակատարներից, վերոնշյալ մնացած պաշտոնատար անձանց մասով օրենսդրական կարգավորումներում բացակայում է նշանակման համար նախատեսվող ժամկետը: Եվ չնայած ժամկետի՝ օրենքով սահմանումը առերևույթ չի հանդիսանում սահմանադրական պահանջ, այնուամենայնիվ, դա բխում է տվյալ հարցի կարգավորման սահմանադրական նպատակներից,
դ) առկա օրենսդրական կարգավորումները չեն ապահովում Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն Հանրապետության նախագահի կողմից նշանակվող ժամանակավոր պաշտոնակատարների իրավական և սոցիալական անկախության երաշխիքները:
Պաշտոնավարման կայունությունը ապահովելու նպատակով որպես հնարավոր լուծում դիմողն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանել Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման նվազագույն ժամկետ, որը լրանալուց հետո միայն Ազգային ժողովը կարող է իրականացնել ժամանակավոր պաշտոնակատարի փոխարեն Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրություն:
2. Պատասխանողի դիրքորոշումները
Պատասխանողը խնդրում է Սահմանադրական դատարանին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասի և 82-րդ հոդվածի, «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի, «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 և 19-րդ հոդվածների, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144 և 145-րդ հոդվածների, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 և 3-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ընդունել որոշում՝ վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:
Անդրադառնալով դիմողի այն փաստարկին, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում որևէ կարգ սահմանված չէ Հանրապետության նախագահի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ, պատասխանողը նշում է, որ հիշյալ սահմանադրական օրենքը վերաբերում է Ազգային ժողովի հիմնական լիազորություններին և գործառույթներին, հետևաբար միանգամայն տրամաբանական է, որ այն չի պարունակում որևէ դրույթ՝ Հանրապետության նախագահի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու ընթացակարգի վերաբերյալ:
Ըստ պատասխանողի՝ ժամանակավոր պաշտոնակատարի ինստիտուտի էությունից բխում է, որ նրա գործունեության ժամկետը կապվում է որևէ իրադարձության վրա հասնելու հետ, ուստի տրամաբանական չէր լինի, եթե օրենսդրի կողմից սահմանվեր Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման պարտադիր նվազագույն ժամկետ, քանի որ նման ժամկետ սահմանելը կկաշկանդեր Ազգային ժողովին արդյունավետ կերպով իրականացնել իր սահմանադրական լիազորությունը: Ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման վերաբերյալ մանրամասն իրավակարգավորումները կարող են հանգեցնել սահմանադրական այդ ինստիտուտի իմաստի և նշանակության արժեզրկմանը:
Պատասխանողը գտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար Հանրապետության նախագահին օրենքով տրված է 15-օրյա ժամկետ, որը, ըստ էության, օբյեկտիվորեն ողջամիտ ժամկետ է թեկնածուի մասնագիտական որակները գնահատելու և որոշում կայացնելու համար:
Անդրադառնալով սոցիալական երաշխիքներին, պատասխանողը նշում է, որ օրենսդիրը կենսաթոշակ ստանալու իրավունքը կապել է որոշակի ժամկետով տվյալ պաշտոնը զբաղեցնելու հետ՝ առնվազն հինգ տարի կամ մեկ սահմանադրական ժամկետ: Ժամանակավոր պաշտոնակատարի ինստիտուտից ողջամտորեն բխում է, որ տվյալ անձը Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավորապես թափուր պաշտոնը զբաղեցնում է հինգ տարուց կամ մեկ սահմանադրական ժամկետից պակաս ժամկետով, հակառակ դեպքում կիմաստազրկվի այդ ինստիտուտի գոյությունը, ուստի ժամանակավոր պաշտոնակատարի դեպքում կենսաթոշակ ստանալու հարցը չի կարող քննարկվել:
Ըստ պատասխանողի՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն անալոգիայի կիրառման որևէ արգելք չի նախատեսում, ուստի «Ազգային ժողովի ընտրած Բարձրագույն դատական խորհրդի անդամ» հասկացությունը կիրառելի է նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատարի դեպքում:
Պատասխանողը գտնում է, որ օրենսդրության մեջ առկա են համապատասխան իրավական երաշխիքներ, որոնք հնարավորություն են տալիս գործնականում առանց որևէ էական խոչընդոտի ընտրելու և նշանակելու համապատասխան թեկնածուին որպես ժամանակավոր պաշտոնակատար:
Ըստ պատասխանողի՝ թեև վիճարկվող իրավակարգավորումներում կարող է առկա լինել օրենսդրական որոշակի բաց, սակայն, դրա հաղթահարումը օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է:
3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
Սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը գնահատելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
ա) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասով Ազգային ժողովի կողմից ընտրվող՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ժամանակավոր պաշտոնակատարներ Հանրապետության նախագահի կողմից նշանակելու համար միայն ժամկետ սահմանված լինելը համապատասխանո՞ւմ է արդյոք Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն՝ օրենքով սահմանված կարգով ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու պահանջին,
բ) վիճարկվող օրենքների վերաբերելի իրավակարգավորումներով ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու հիմքեր և կարգ ուղղակիորեն սահմանված չլինելը խոչընդոտո՞ւմ է արդյոք Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացմանը,
գ) վիճարկվող օրենքներով ամրագրվա՞ծ են արդյոք երաշխիքներ՝ Հանրապետության նախագահի կողմից նշանակվող ժամանակավոր պաշտոնակատարների համար, և համապատասխանո՞ւմ են դրանք արդյոք Սահմանադրության 138-րդ հոդվածի պահանջներին:
4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
4.1. 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ անցում կատարելով խորհրդարանական կառավարման՝ ամրագրվեց Հանրապետության նախագահի նոր կարգավիճակը:
Հանրապետության նախագահը, Սահմանադրության «Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը» վերտառությամբ 4-րդ հոդվածի ուժով գործառութային առումով դասվելով գործադիր իշխանությանը, այդուհանդերձ, ամբողջովին դուրս դրվեց գործադիր իշխանության ինստիտուցիոնալ համակարգից, և, ի տարբերություն գործառութային առումով գործադիր իշխանությանը պատկանող այլ անկախ կամ ինքնավար մարմինների, պետության գլուխն է և ունի այդ կարգավիճակին բնորոշ գործառույթներ և դրանցից ածանցվող լիազորություններ: Ըստ այդմ՝ Հանրապետության նախագահը՝ որպես պետության գլուխ (Սահմանադրության 123-րդ հոդվածի 1-ին մաս), հանրությանը և պետությանն ինտեգրող, ազգային միասնությունը խորհրդանշող սահմանադրական մարմինն է:
Ըստ էության, զերծ լինելով պետության ներքին և արտաքին քաղաքականության մշակմանը, ինչպես նաև կառավարմանը բովանդակային առումով մասնակցելու գործառույթից և չկրելով դրանց պատասխանատվությունը՝ Հանրապետության նախագահին սահմանադրորեն պատվիրակվել է լինել անաչառ և առաջնորդվել բացառապես համապետական և համազգային շահերով (Սահմանադրության 123-րդ հոդվածի 3-րդ մաս): Ըստ այդմ՝ Հանրապետության նախագահին սահմանադրորեն վերապահվել է վերկուսակցական արբիտրի դեր, որն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ (Սահմանադրության 124-րդ հոդվածի 5-րդ մաս): Միևնույն ժամանակ վերկուսակցական (ապակուսակցական) արբիտրի դերը, որը հիմնված է թե՛ Հանրապետության նախագահի՝ որպես պետության գլխի, ինտեգրող գործառույթի, թե՛ նրա անաչառության վրա, ենթադրում է Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթի իրականացում, ինչը ևս ուղղակիորեն ամրագրված է Սահմանադրությամբ (Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մաս): Բացի դրանից, Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթը, իր հերթին, ենթադրում է, որ Հանրապետության նախագահը պետք է ունենա զսպումների և հակակշիռների միջոցով այդ գործառույթն արդյունավետորեն իրականացնելու հնարավորություն, ուստի նա պետք է ոչ միայն կարողանա կատարված փաստերից հետո գնահատել ենթադրյալ հակասահմանադրական գործողությունները (անգործությունը) կամ որոշումները, այլև պետք է կարողանա, նախևառաջ, կանխել դրանց ի հայտ գալը՝ օժտված լինելով կանխարգելիչ սահմանադրական վերահսկողության որոշակի լիազորություններով:
4.2. Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով սահմանադիրը նրան վերապահել է համարժեք լիազորություններ (Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մաս), որոնք նրա վրա ազդելու հնարավորությունները բացառելու համար սպառիչ ամրագրել է Սահմանադրությամբ՝ օրենսդրին թողնելով Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում դրանց իրականացումը կանոնակարգելը:
Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթի շրջանակներում Հանրապետության նախագահը հետևում է քաղաքական դերակատարների կողմից սահմանադրական նորմերի պահպանմանը, այդ թվում՝ օրենսդրական գործընթացի և դրա արդյունքի համապատասխանությանը սահմանադրական պահանջներին, ինչպես նաև սահմանադրական մարմինների կազմավորման սահմանադրականությանը: Նա օժտված է հավասարակշռող լիազորություններով թե՛ օրենսդիր մարմնի, թե՛ նաև գործադիր իշխանության մարմինների և անգամ Բարձրագույն դատական խորհրդի նկատմամբ: Հանրապետության նախագահն այդ առումով օժտված է, հատկապես, այնպիսի գործիքակազմով, ինչպիսիք են Ազգային ժողովին ուղերձ հղելը, Սահմանադրական դատարան դիմելը և պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակելը:
Հարկ է նշել, որ Հանրապետության նախագահի լիազորությունները, կախված սահմանադրորեն կանխորոշված նպատակներից, իրենց բնույթով ինչպես պարտադիր են, այնպես էլ հայեցողական: Հանրապետության նախագահի պարտադիր և հայեցողական լիազորությունները ինքնուրույն կամ ոչ ինքնուրույն (կաշկանդված) են: Ոչ ինքնուրույն լիազորություններն իրականացվում են կա՛մ Սահմանադրությամբ սահմանված նախադրյալների առկայությամբ, կա՛մ սահմանադրական այլ մարմնի (իրավասու սուբյեկտի) լիազորությունների իրականացման հիմքով: Այսպես՝
Սահմանադրությամբ սահմանված հիմքերով (կարգով) Հանրապետության նախագահն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.
ա) Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակելը (Սահմանադրության 93-րդ հոդված),
բ) Կառավարության հրաժարականն ընդունելը (Սահմանադրության 130-րդ հոդված),
գ) պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը (Սահմանադրության 138-րդ հոդված),
դ) Հանրապետության նախագահի աշխատակազմի պաշտոններում նշանակումներ կատարելը (Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասություն),
ե) վարչապետ նշանակելը (Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասեր),
զ) Սահմանադրական դատարանի երեք դատավորների թափուր տեղերի համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջադրելը (Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասություն),
է) հանրաքվե նշանակելը (Սահմանադրության 206-րդ հոդվածի առաջին նախադասություն):
Սահմանադրությամբ սահմանված հիմքերով (կարգով) Հանրապետության նախագահն իրականացնում է հետևյալ հայեցողական լիազորությունները.
ա) իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ Ազգային ժողովին ուղերձ հղելը (Սահմանադրության 128-րդ հոդված),
բ) Ազգային ժողովի ընդունած օրենքը ստորագրելը և հրապարակելը կամ Ազգային ժողովի ընդունած օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը որոշելու հարցով Սահմանադրական դատարան դիմելը կամ որևէ գործողություն չկատարելը (Սահմանադրության 129-րդ հոդված),
գ) Կառավարության կազմում փոփոխություններ կատարելը (Սահմանադրության 131-րդ հոդված) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,
դ) արտաքին քաղաքականության բնագավառում՝ միջազգային պայմանագրեր կնքելը, օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին նշանակելը և հետ կանչելը, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերն ընդունելը, վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը հաստատելը, կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը, բարձրագույն դիվանագիտական աստիճաններ շնորհելը (Սահմանադրության 132-րդ հոդված) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,
ե) զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելը և ազատելը, բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելը (Սահմանադրության 133-րդ հոդված) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,
զ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը լուծելը (Սահմանադրության 134-րդ հոդված) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,
է) դատապարտյալներին ներում շնորհելը (Սահմանադրության 135-րդ հոդված) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,
ը) Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելը և պատվավոր կոչումներ շնորհելը (Սահմանադրության 136-րդ հոդված) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,
թ) բարձրագույն դասային աստիճաններ շնորհելը (Սահմանադրության 137-րդ հոդված) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,
ժ) զինված ուժերի գլխավոր շտաբի պետին նշանակելը (Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասություն) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,
ժա) Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորներին, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահներին նշանակելը (Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասություն, 4-րդ մասի առաջին նախադասություն, 6-րդ մաս և 7-րդ մասի առաջին նախադասություն) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,
ժբ) փոխվարչապետներին և նախարարներին նշանակելը (Սահմանադրության 150-րդ հոդվածի երրորդ նախադասություն) կամ Սահմանադրության 150-րդ հոդվածի հինգերորդ նախադասությամբ սահմանված այլընտրանքային լիազորությունը:
Հանրապետության նախագահի հայեցողական լիազորությունների մեծամասնությունը իրականացվում է կա՛մ Սահմանադրությամբ սահմանված նախադրյալների առկայությամբ, կա՛մ սահմանադրական այլ մարմնի (իրավասու սուբյեկտի) լիազորությունների իրականացման հիմքով: Այս կանոնից բացառություն են կազմում իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ Ազգային ժողովին ուղերձ հղելու (Սահմանադրության 128-րդ հոդված), Ազգային ժողովի ընդունած օրենքները չստորագրելու (Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին մաս) և նշանակումների հարցերով առարկություններ ներկայացնելու կամ՝ որպես այլընտրանք՝ Սահմանադրական դատարան դիմելու կամ որևէ գործողություն չկատարելու (Սահմանադրության 131-137-րդ հոդվածներ, 155-րդ հոդվածի 3-րդ մաս և 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասեր՝ փոխկապակցված 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի հետ, ինչպես նաև 150-րդ հոդվածի երրորդ և հինգերորդ նախադասություններ), ինչպես նաև Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունները:
Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև նշել, որ Հանրապետության նախագահի լիազորությունների տարանջատումը միմյանցից և դրանց բովանդակության տարասեռությունը նպատակ են հետապնդում երաշխավորել Հանրապետության նախագահի գործառույթների պատշաճ իրականացումը:
Միևնույն ժամանակ Հանրապետության նախագահի լիազորությունների տարանջատումը նշանակում է, որ Հանրապետության նախագահը չի կարող հայեցողաբար փոփոխել իր լիազորությունների էությունը կամ որ նույնն է՝ պարտադիր լիազորությունները փաստացի փոխակերպել հայեցողական լիազորությունների, ինչպես նաև չի կարող հրաժարվել իրականացնել իր պարտադիր լիազորությունները հայեցողական լիազորությունների գործադրմամբ կամ որևէ այլ պատճառաբանությամբ: Նշվածը վերաբերելի է նաև սահմանադրական ցանկացած այլ մարմնի, իրավասու սուբյեկտի կամ պաշտոնատար անձի:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ իշխանական բնույթի լիազորություններից բացի՝ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի շրջանակներում Հանրապետության նախագահն իրավասու է իրականացնել նաև ոչ իշխանական բնույթի պաշտոնական գործողություններ, որոնք ունեն իր լիազորություններին ուղեկցող բնույթ, մասնավորապես, ելույթներ, հանդիպումներ ունենալ, հարցազրույցներ տալ:
4.3. Սահմանադրության «Պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը» վերտառությամբ 138-րդ հոդվածի համաձայն՝ «Եթե Ազգային ժողովը եռամսյա ժամկետում Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասով, 177-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասով, 197-րդ հոդվածի 2-րդ մասով, 199-րդ հոդվածի 2-րդ մասով և 201-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով չի ընտրում համապատասխան պաշտոնատար անձանց, ապա մինչև Ազգային ժողովի կողմից նրանց ընտրությունը Հանրապետության նախագահն օրենքով սահմանված հիմքերով և կարգով նշանակում է ժամանակավոր պաշտոնակատարներ»:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության 138-րդ հոդվածով ամրագրված լիազորություններն ուղղակիորեն ածանցվում են Հանրապետության նախագահի՝ պետության գլխի, անաչառ արբիտրի, և, ըստ այդմ՝ Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթներից: Հանրապետության նախագահի կողմից հիշյալ լիազորությունների իրականացումն անհրաժեշտ է պետության կենսագործունեության համար կարևոր նշանակություն ունեցող սահմանադրական մի շարք մարմինների թեև ժամանակավոր, սակայն կա՛մ ամբողջական կազմավորման, կա՛մ համալրման նպատակով:
Սահմանադիրն արարողակարգային առումով որպես պետության բարձրագույն պաշտոնատար անձ, որը միաժամանակ միանձնյա սահմանադրական մարմին է, հենց Հանրապետության նախագահին է վերապահել պետության միակ առաջնային մանդատով օժտված սահմանադրական մարմնի՝ Ազգային ժողովի փոխարեն այդ մարմինների ժամանակավոր կազմավորումը կամ դրանց կազմի ժամանակավոր համալրումը (համապատասխան պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը): Բացի դրանից, հաշվի առնելով Հանրապետության նախագահի անաչառությունը՝ նա որպես վերկուսակցական արբիտր պետք է հակակշռի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին՝ հաղթահարելով նրանց քաղաքական կամ անձնային անհամաձայնության հետևանքները և, իր պաշտոնի և անձի հեղինակության շնորհիվ ժամանակավորապես ապահովելով սահմանադրական մի շարք մարմինների գործունակությունը՝ նշանակի Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամների (ոչ դատավոր անդամներ), Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների, Հաշվեքննիչ պալատի նախագահի և մյուս անդամների, ինչպես նաև Կենտրոնական բանկի նախագահի և խորհրդի մյուս անդամների ժամանակավոր պաշտոնակատարներ:
Ի տարբերություն Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների՝ դատավորների ժամանակավոր պաշտոնակատարների նշանակում Սահմանադրությունը չի նախատեսում:
Սահմանադրության 138-րդ հոդվածում նշված մնացյալ սահմանադրական մարմինները կամ պաշտոնատար անձինք ինստիտուցիոնալ անկախությամբ կամ ինքնուրույնությամբ օժտված մարմիններ են պաշտոնատար անձինք, որոնք գործառութային առումով դասվում են գործադիր իշխանությանը: Հետևապես, մի դեպքում՝ դատարանների և դատավորների անկախության պատշաճ երաշխավորման, մյուս դեպքերում՝ գործադիր իշխանության տիրույթում գործող սահմանադրական մարմինների կամ պաշտոնատար անձանց հավասարակշռող գործառույթների ապահովման նպատակով սահմանադիրը հատուկ շեշտադրել է այդ մարմինների կազմավորման կամ համալրման անհրաժեշտությունը՝ փոխարինող լիազորություններ ամրագրելով Հանրապետության նախագահի համար: Ընդսմին, եթե Կենտրոնական բանկի նախագահի և խորհրդի մյուս անդամների ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման դեպքում, չնայած կայուն խորհրդարանական մեծամասնության կանոնի ամրագրմանը՝ սահմանադիրը, սահմանելով Կենտրոնական բանկի նախագահից բացի Կենտրոնական բանկի խորհրդի մյուս անդամների ընտրության համար ոչ թե Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի, այլ ընդհանուր թվի ձայների մեծամասնության պահանջ (Սահմանադրության 201-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասություն), ապահովագրել է Կենտրոնական բանկի գործառույթների երաշխավորված իրականացումը, ապա սահմանադրական մնացյալ մարմինների և պաշտոնատար անձանց դեպքում, որոնք ընտրվում են Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով (Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մաս, 177-րդ հոդվածի 1-ին մաս, 192-րդ հոդվածի 1-ին մաս, 195-րդ հոդվածի 2-րդ մաս, 197-րդ հոդվածի 2-րդ մաս և 199-րդ հոդվածի 2-րդ մաս), սահմանադիրը երաշխավորել է ոչ միայն այդ բարձր արգելապատնեշի հաղթահարմամբ կազմավորվող սահմանադրական մարմինների գործունակությունը, այլև հատկապես հենց Հանրապետության նախագահի ինտեգրող և հավասարակշռող մասնակցությունն այն դեպքերում, երբ Ազգային ժողովի մեծամասնության և փոքրամասնության քաղաքական կամ այլ դիրքորոշումների պատճառով հնարավոր չի եղել ապահովել այդ մարմինների կազմավորումը կամ համալրումը:
Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սահմանադիրը, սահմանելով Հանրապետության նախագահի փոխարինող մասնակցությունը սահմանադրական մի շարք մարմինների կազմավորմանը կամ համալրմանը, որպես Հանրապետության նախագահի պարտադիր լիազորություն (պարտականություն)՝ Հանրապետության նախագահին դիտարկել է որպես առանցքային դերակատար՝ մի կողմից, Ազգային ժողովին հակակշռելու, մյուս կողմից՝ սահմանադրական որոշակի մարմինների բնականոն գործունեությունը երաշխավորելու նպատակներով:
Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտել, որ Հանրապետության նախագահի կողմից վերոհիշյալ պարտականությունը չկատարելը կարող է հանգեցնել այդ հակակշռող գործառույթի իմաստազրկման՝ ստեղծելով Հանրապետության նախագահի ինստիտուտի հեղինակազրկման նախադրյալներ, ինչպես նաև ստեղծելով անմիջական վտանգ սահմանադրական մի շարք մարմինների բնականոն գործունեության համար՝ պայմանավորված դրանց չկազմավորմամբ կամ չհամալրմամբ, ուստիև՝ հակասահմանադրական իրավիճակներ, որոնցում մի շարք առանցքային գործառույթներով օժտված սահմանադրական մարմիններ կարող են չդառնալ գործունակ կամ զրկվել իրենց գործունակությունից: Նշվածն առավել ակնառու է Բարձրագույն դատական խորհրդի դեպքում, քանի որ այս սահմանադրական մարմինը, բացի սահմանադրական կարգի պահպանման տեսանկյունից իր հիմնարար նշանակություն ունեցող գործառույթից, այն է՝ դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելը (Սահմանադրության 173-րդ հոդված), հենց այդ գործառույթի արդյունավետ իրականացման նպատակով կազմավորվում է պարիտետային (հավասարակշռության) հիմունքներով, այսինքն՝ Բարձրագույն դատական խորհրդի կազմում ընտրվում են հավասար թվով դատավոր և ոչ դատավոր անդամներ, և այս երկու խմբերի քանակական գերակայությունը միմյանց հանդեպ Սահմանադրության ուժով պետք է բացառվի թե՛ օրենսդրական մակարդակում, թե՛ նաև գործնականում: Հակառակ դեպքում Բարձրագույն դատական խորհրդի լեգիտիմությունը կարող է դրվել հարցականի տակ, ինչը կխաթարի նրա բնականոն գործունեությունը:
Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև շեշտել, որ Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման կամ համալրման առումով անգործություն դրսևորելու և սահմանադրական պարտականությունները չկատարելու միջոցով թափուր տեղերի չհամալրումը կարող է վերջին հաշվով վտանգել նաև դատարանների անկախությունը, եթե նրանց անկախության երաշխավորը՝ Բարձրագույն դատական խորհուրդը, իրավազոր չլինի պատշաճ կերպով իրականացնել իր լիազորությունները:
Դատարանների և դատավորների անկախության երաշխավորի հնարավոր անգործունակությունը կունենա նաև այլ՝ անկանխատեսելի հետևանքներ սահմանադրականության և սահմանադրական կարգի պահպանության համար, քանի որ Բարձրագույն դատական խորհուրդը, ի թիվս այլնի՝ օժտված է նաև դատարանների կազմավորման որոշիչ, ինչպես նաև դատավորների լիազորությունների դադարեցման լիազորություններով, առանձին դեպքերում ինքն է հանդես գալիս որպես դատարան:
Բացի դրանից, Սահմանադրական դատարանը փաստում է, որ եթե դատավորների ընդհանուր ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ չընտրելը հակակշռված չէ այլ սահմանադրական մարմինների համարժեք լիազորություններով, ապա Ազգային ժողովի խմբակցությունների կողմից Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի չառաջադրումը և (կամ) նրա՝ Ազգային ժողովի կողմից չընտրվելը հակակշռված են Հանրապետության նախագահի կողմից Բարձրագույն դատական խորհրդի ընդհուպ բոլոր հինգ ոչ դատավոր անդամներին ժամանակավոր նշանակելու լիազորությամբ: Հետևապես, Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության 138-րդ հոդվածով սահմանված իր պարտականության չկատարումն անմիջականորեն վտանգում է Բարձրագույն դատական խորհրդի գործունակությունը և դրա արդյունքում նաև՝ դատարանների և դատավորների անկախությունը:
4.4. Սահմանադրության 138-րդ հոդվածի վերլուծությունը վկայում է, որ Հանրապետության նախագահի կողմից ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման նախադրյալներն են՝
ա) Ազգային ժողովի կողմից եռամսյա ժամկետում համապատասխան պաշտոնատար անձանց չընտրելը.
բ) օրենքով սահմանված հիմքերով ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելը.
գ) օրենքով սահմանված կարգով ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելը:
Սահմանադրության 138-րդ հոդվածով սահմանվում է նաև Հանրապետության նախագահի կողմից նշանակված ժամանակավոր պաշտոնակատարների պաշտոնավարման ժամանակահատվածը, այն է՝ մինչև Ազգային ժողովի կողմից համապատասխան պաշտոնատար անձանց ընտրությունը: Վերջինս, ինչպես նաև Ազգային ժողովի կողմից եռամսյա ժամկետում համապատասխան պաշտոնատար անձանց չընտրելու սահմանադրական նախադրյալը հստակ սահմանված են Սահմանադրության 138-րդ հոդվածով և օրենսդրական հետագա մանրամասնեցման ենթակա չեն:
Ինչ վերաբերում է օրենքով սահմանված հիմքերով և կարգով ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու սահմանադրական նախադրյալներին, ապա նշված հիմքերը և կարգը, թեև սահմանման ենթակա են վերաբերելի օրենքներում, սակայն չեն ենթադրում, որ պետք է հենց ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման առումով պարտադիր և ուղղակիորեն սահմանված լինեն:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու՝ օրենքով սահմանված հիմքերը ներառում են նրանց ներկայացվող պահանջները, որոնք պետք է նույնական լինեն համապատասխան պաշտոնում Ազգային ժողովի կողմից ընտրվող պաշտոնատար անձանց ներկայացվող պահանջներին:
Սահմանադրության 138-րդ հոդվածում նշված՝ համապատասխան պաշտոնատար անձանց տվյալ պաշտոններում ընտրելու համար ներկայացվող պահանջները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում վերաբերելի օրենքներով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ: Հիշյալ պահանջները որպես օրենքով սահմանված հիմքեր պարտադիր են նաև Հանրապետության նախագահի կողմից նշանակվող ժամանակավոր պաշտոնակատարների համար: Իսկ այն դեպքերում, երբ Սահմանադրության 138-րդ հոդվածում նշված համապատասխան պաշտոնատար անձանց տվյալ պաշտոններում ընտրելու համար ներկայացվող պահանջները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ, ապա օրենքով սահմանված հիմքերով նշանակելու սահմանադրական նախադրյալն օրենսդրին չի պարտավորեցնում սահմանել հավելյալ հիմքեր (պահանջներ):
Միևնույն ժամանակ, Սահմանադրության 138-րդ հոդվածով նախատեսված օրենքով սահմանված հիմքերով նշանակելու սահմանադրական նախադրյալը օրենսդիրն իր հայեցողությամբ իրավասու է մեկնաբանել ավելի լայն և իրացնել՝ ապահովելով ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման երաշխիքներ, մասնավորապես, կախված սահմանադրական մարմնում պաշտոնատար անձի անկախության ծավալից՝ իրավասու է այդ մարմնում ժամանակավորապես պաշտոնավարող անձի համար սահմանել մշտական աշխատատեղի (զբաղեցրած հանրային կամ հանրային ծառայության պաշտոնի) պահպանման պահանջ՝ հիմնական աշխատավայրում նրա աշխատանքային պայմանագրի կամ լիազորությունների կասեցմամբ, ինչպես նաև սահմանադրական մարմինների ժամանակավոր համալրումն արդյունավետորեն ապահովելու նպատակով՝ հավելյալ սոցիալական և աշխատանքային երաշխիքներ:
Ինչ վերաբերում է ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու՝ օրենքով սահմանված կարգին, ապա դրա բովանդակությունը որոշում է օրենսդիրը: Այդ կարգը, իհարկե, չպետք է խոչընդոտի ժամանակավոր պաշտոնակատարների նշանակմանը: Օրենսդիրն իրավասու է սահմանել կոնկրետ ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման կարգ, և, մասնավորապես, սահմանել նշանակման կարգին վերաբերող առարկայական կամ ընթացակարգային բնույթի ցանկացած կանոն կամ սահմանափակվել բացառապես ժամկետ նախատեսելով: Բացի դրանից, օրենսդիրն իրավասու է նաև կարգին վերաբերող հարցին անդրադառնալ վերաբերելի օրենքների ընդհանուր կանոնակարգումների տրամաբանության շրջանակներում, մասնավորապես, օրենսդրական այն կարգավորման շրջանակներում, ինչպիսին է բնականոն գործունեության ապահովումը: Դա, իր հերթին, ենթադրում է Սահմանադրության 138-րդ հոդվածում նշված համապատասխան պաշտոնատար անձանց պաշտոնների թափուր լինելու մասին այդ պաշտոններում ընտրող Ազգային ժողովի և ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակող Հանրապետության նախագահի պատշաճ իրազեկում: Այս համատեքստում հարկ է նշել, որ առանձին դեպքերում՝ Ազգային ժողովին իրազեկելու մասով, օրենսդիրն ուղղակիորեն սահմանել է համապատասխան պաշտոններում թափուր տեղ առաջանալու դեպքում կոնկրետ ժամկետում այդ մասին տեղեկացնելու վերաբերյալ դրույթներ (մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 3-րդ մաս, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մաս, «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մաս):
Սահմանադրական դատարանը փաստում է, որ բնականոն գործունեությունն ապահովելու ընդհանուր կարգավորումից անմիջականորեն ածանցվող՝ ընտրելու և ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու հարցերով իրավասու մարմիններին իրազեկելու կոնկրետ պարտականություն բոլոր վերաբերելի օրենքներում հետևողականորեն և ուղղակիորեն (բառացիորեն) չի ամրագրվել, ինչը, սակայն, Սահմանադրական դատարանի գնահատմամբ չի կարող խոչընդոտ դառնալ այդ պարտականությունը կատարելու համար:
Անդրադառնալով դիմողի այն պնդմանը, որ ժամանակավոր պաշտոնակատարների անկախության երաշխիքների թվում պետք է օրենսդրորեն սահմանել ժամանակավոր պաշտոնակատարների պաշտոնավարման նվազագույն ժամկետ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն հակասության մեջ է մտնում Սահմանադրության 138-րդ հոդվածի ինչպես նպատակի, այն է՝ մի շարք սահմանադրական մարմինների ժամանակավոր կազմավորման կամ համալրման (պաշտոնատար անձի ժամանակավոր նշանակման), այնպես էլ ուղղակի (տառացի) կարգավորման հետ: Հիշյալ հոդվածում սահմանվում է ժամանակավոր նշանակման ժամանակահատվածը, այն է` մինչև Ազգային ժողովի կողմից ընտրելը, ուստի ակնհայտ է, որ ժամանակավոր պաշտոնակատարների պաշտոնավարման որևէ նվազագույն ժամկետի սահմանումն ուղղակիորեն կհակասի Սահմանադրությանը, ավելին՝ կարգելափակի Ազգային ժողովի համապատասխան լիազորությունների իրականացումը:
Բացի դրանից, մի կողմից՝ ժամանակավոր պաշտոնակատարներին վերաբերող երաշխիքների ծավալը և բովանդակությունը չպետք է խոչընդոտեն նրանց կողմից իրենց լիազորությունների պատշաճ իրականացումը կամ կախվածություն ստեղծեն այդ երաշխիքները տրամադրող մարմիններից կամ որևէ այլ կախվածության մեջ դնեն ժամանակավոր պաշտոնակատարներին, մյուս կողմից՝ այդ երաշխիքները չեն կարող իրենց ծավալով գերազանցել համապատասխան սահմանադրական մարմնում մշտական հիմունքներով ընտրվող պաշտոնատար անձանց տրամադրվող երաշխիքների ծավալը: Հակառակը կնշանակեր, որ պետությունն օրենքի առջև ընդհանուր հավասարության տեսանկյունից (Սահմանադրության 28-րդ հոդված)՝ սահմանադրորեն չարդարացված նպատակով համապատասխան պաշտոնները մշտական հիմունքներով զբաղեցնող պաշտոնատար անձանց համեմատ անհիմն երաշխիքներ է տրամադրում ժամանակավոր պաշտոնակատարներին:
Այսպիսով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն Հանրապետության նախագահի կողմից նշանակվող ժամանակավոր պաշտոնակատարները, ինչպես և համապատասխան պաշտոնները մշտական հիմունքներով զբաղեցնող պաշտոնատար անձինք պետք է ունենան անկախության միևնույն երաշխիքները, այդ թվում՝ սոցիալական: Ուստի, եթե համապատասխան պաշտոնները մշտական հիմունքներով զբաղեցնող պաշտոնատար անձանց համար սոցիալական երաշխիքներ են սահմանվում օրենսդրական որոշակի պայմանների առկայության դեպքում, օրինակ՝ որոշակի ժամանակահատված պաշտոնավարելուց հետո, ապա ակնհայտ է, որ դա պետք է վերաբերի նաև ժամանակավոր պաշտոնակատարներին:
4.5. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում առանձին անդրադառնալ Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումը տասնհինգօրյա ժամկետում կատարելու օրենսդրական կարգավորման՝ Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց լինելու վերաբերյալ դիմողի հարցին:
Սահմանադրական դատարանը, նախ՝ անհրաժեշտ է համարում ընդգծել, որ բոլոր իրավասու սուբյեկտներին՝ Ազգային ժողովին և դատավորների ընդհանուր ժողովին վերաբերող Սահմանադրության կարգավորումները, որոնք առնչվում են Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամներ առաջադրելուն և ընտրելուն, ինչպես նաև դատավոր անդամներ ընտրելուն, պարտադիր պահանջների ուժ ունեն և համապատասխան սուբյեկտների պարտադիր գործառույթներ և լիազորություններ են, ուստի չեն կարող չիրականացվել: Նույնը վերաբերում է նաև այդ մարմինների այլ պարտադիր լիազորություններին, ինչպես նաև սահմանադրական մյուս մարմինների պարտադիր լիազորություններին, իսկ սահմանադրորեն կառուցակարգված հակակշիռների համակարգում՝ հատկապես պետության գլխին:
Ինչ վերաբերում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասով Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար սահմանված տասնհինգօրյա ժամկետի ողջամիտ չլինելու վերաբերյալ դիմողի պնդումներին, ապա Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշյալ ժամկետը չի կարող a priori գնահատվել որպես ողջամիտ կամ ոչ ողջամիտ, քանի որ այդպիսի գնահատումը, որպես կանոն, կախված է այդ ժամկետում իրականացվող լիազորության բնույթից, ինչպես նաև գործնականում այդ լիազորության երբևէ իրականացված լինելու հանգամանքից: Հանրապետության նախագահը դեռևս երբևէ չի իրականացրել հիշյալ լիազորությունը, հետևապես, առկա չէ գործնականում դրա կիրառելիության անհնարինության մասին որևէ փաստ, իսկ ժամկետի սահմանումն օրենսդրի հայեցողությունն է, ուստի Սահմանադրական դատարանը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետը սահմանադրականության տեսանկյունից ինքնին խնդրահարույց չի համարում:
Այսպիսով՝ Սահմանադրական դատարանը շեշտում է, որ Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահի կողմից ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման արդյունավետությունն ապահովող օրենսդրական լուծումների ընտրությունը վերապահված է օրենսդրին: Դա նշանակում է, որ ո՛չ Հանրապետության նախագահը, ո՛չ էլ գործադիր իշխանության որևէ այլ մարմին իրավասու չեն, ձեռնպահ մնալով իրենց պարտադիր լիազորությունների իրականացումից, գնահատել օրենսդրական հիմքերի սահմանադրականությունը և դրանց՝ Սահմանադրությանը հակասելու մասին սեփական ենթադրությունների հիման վրա չկատարել Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված իրենց պարտականությունները:
Սահմանադրական դատարանը, կարևորելով օրինականության սահմանադրական սկզբունքի պահպանումը (Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մաս), արձանագրում է, որ Հանրապետության նախագահը, հղում անելով օրենքների ենթադրյալ հակասահմանադրականությանը և նշելով, որ «Հանրապետության նախագահի սահմանադրական լիազորությունների արդյունավետ իրացման համար անհրաժեշտ են Սահմանադրությունից բխող օրենսդրական պատշաճ կարգավորումներ ու դրանց իրացման հստակ կառուցակարգեր», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում չի նշանակել Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի ժամանակավոր պաշտոնակատար: Ըստ սույն գործում առկա նյութերի՝ Հանրապետության նախագահի աշխատակազմը Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ չընտրելու վերաբերյալ Ազգային ժողովի նախագահից 2019 թվականի նոյեմբերի 4-ին ստացել է համապատասխան գրություն: Նույն թվականի նոյեմբերի 8-ին Հանրապետության նախագահը վերացական սահմանադրական վերահսկողության կարգով «համապատասխան օրենսդրական բացերը Սահմանադրությանը հակասող ճանաչելու խնդրանքով» դիմել է Սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության պահպանմանը հետևելը չի կարող սահմանափակվել բացառապես Սահմանադրական դատարան դիմելու հայեցողական լիազորությամբ: Հանրապետության նախագահը Սահմանադրության պահպանմանը հետևելու իր գործառույթը պետք է կատարի առաջին հերթին իր պարտադիր սահմանադրական լիազորությունների իրականացման, տվյալ դեպքում` Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն՝ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու միջոցով: Այլ կերպ՝ Հանրապետության նախագահը՝ որպես վերացական սահմանադրական վերահսկողության սուբյեկտ, բնականաբար, միշտ իրավասու է Սահմանադրական դատարանում վիճարկել Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում նշված իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը, բայց ոչ երբեք ի հաշիվ իր պարտադիր լիազորությունների իրականացման: Նշվածը վերաբերում է նաև իրավասու այլ սահմանադրական մարմիններին:
4.6. Սույն գործով վիճարկելով մի շարք օրենքների դրույթներ՝ դիմողը բարձրացնում է առավելապես դրանցում օրենսդրական բացի հարցեր:
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է օրենսդրական բացի հիմնահարցին: Այսպես՝ 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշմամբ Սահմանադրական դատարանը, մասնավորապես, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
1) oրենսդրական բացը Սահմանադրական դատարանի քննության առարկա կարող է դառնալ այն ժամանակ, երբ այն իրավակարգավորման թերությունն է, այլ ոչ թե իրավաստեղծ մարմնի, տվյալ դեպքում` օրենսդրի կամքը` ձեռնպահ մնալու որպես օրենսդրական բաց ընկալվող իրավական կարգավորումից,
2) ցանկացած թերի օրենսդրական կարգավորում չէ, որը որպես oրենսդրական բաց կարող է Սահմանադրական դատարանի քննության առարկա դառնալ, այլ միայն այնպիսի օրենսդրական բացը, որը հնարավոր չէ հաղթահարել այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու և կիրառելու միջոցով,
3) օրենսդրական բացը պետք է հանգեցրած լինի հակասական իրավակիրառ պրակտիկայի, որը հնարավոր չէ հաղթահարել կամ որը փաստացի չի հաղթահարվել սովորական դատարանների կողմից,
4) oրենսդրական բաց առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը,
5) այն դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք:
Սույն գործի շրջանակներում վերաբերելի օրենքների վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է.
ա) Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահի կողմից Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու հետ կապված հարցերը կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասով,
բ) Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն Հանրապետության նախագահի կողմից ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու հիմքեր և կարգ ուղղակիորեն սահմանված չեն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 82-րդ հոդվածով, ինչպես նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Դատախազության մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Հաշվեքննիչ պալատի մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների որևէ վերաբերելի իրավադրույթներով,
գ) Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն Հանրապետության նախագահի կողմից ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու հետ կապված հարցեր ուղղակիորեն կարգավորված չեն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի որևէ վերաբերելի իրավադրույթներով,
դ) Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն Հանրապետության նախագահի կողմից նշանակված ժամանակավոր պաշտոնակատարների հետ կապված հարցեր ուղղակիորեն կարգավորված չեն «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որևէ վերաբերելի իրավադրույթներով:
Ելնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներից՝ Սահմանադրական դատարանը գտնում է.
ա) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում բավարար հստակությամբ ամրագրված են այն հիմքերը (պահանջները), որոնք անհրաժեշտ են Հանրապետության նախագահի կողմից Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման համար, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանվում է, մասնավորապես, այն ժամկետը, որը և կարգ է, որի ընթացքում Հանրապետության նախագահը պարտավոր է նշանակել ժամանակավոր պաշտոնակատար, իսկ կարգի ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակներում է, ուստիև Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց չէ,
բ) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 82-րդ հոդվածում՝ դիմումի առարկայի շրջանակներում, առկա չէ Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա օրենսդրական բաց,
գ) «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Դատախազության մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Հաշվեքննիչ պալատի մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների վերաբերելի իրավադրույթներում Հանրապետության նախագահի կողմից ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու հիմքեր և կարգ ուղղակիորեն սահմանված չլինելը չի հանգեցնում այնպիսի օրենսդրական բացի, որով խախտվում են Սահմանադրության 138-րդ հոդվածով սահմանված պահանջները, և դրանով խոչընդոտ է հարուցվում Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության հիշյալ հոդվածով սահմանված իր պարտադիր լիազորությունների իրականացման համար, քանի որ բոլոր վերաբերելի օրենքներում առնվազն առկա է իրավասու պաշտոնատար անձանց կողմից այդ մարմինների բնականոն գործունեությունն ապահովելու պահանջ, որը և պարտավորեցնում է իրազեկել իրավասու մարմնին՝ տվյալ դեպքում Հանրապետության նախագահին, Ազգային ժողովի կողմից եռամսյա ժամկետում համապատասխան պաշտոնատար անձանց չընտրելու մասին: Նշվածը Սահմանադրության 138-րդ հոդվածի իմաստով նույնպես օրենքով սահմանված կարգ է: Բացի դրանից, ինչպես վերը նշվեց՝ օրենսդրի հայեցողությանն է վերապահված կարգի ինչպես այդ, այնպես էլ այլ բաղադրիչների սահմանումը, մասնավորապես, ժամկետի, իսկ վերջինիս բացակայությունը չի խոչընդոտում Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության 138-րդ հոդվածով սահմանված պարտադիր լիազորությունների իրականացումը: Օրենքով ժամկետ սահմանված չլինելու դեպքում Հանրապետության նախագահի այդ լիազորությունները պետք է իրականացվեն հնարավոր սեղմ ժամկետներում՝ հաշվի առնելով համապատասխան մարմնի կազմավորման կամ համալրման հրամայական անհրաժեշտությունը, որը և սահմանադրի կողմից դրվել է Սահմանադրության 138-րդ հոդվածի հիմքում: Անկախ օրենքով սահմանվող կարգի բաղադրիչների ծավալից՝ Սահմանադրության 138-րդ հոդվածով սահմանված պարտադիր լիազորությունների պատշաճ իրականացման համար Հանրապետության նախագահը, իր հերթին, պետք է իր իրավասության շրջանակներում նախապես ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, ի մասնավորի, իր աշխատակազմի միջոցով՝ ժամանակավոր պաշտոնակատարների թեկնածուների ընտրության ուղղությամբ: Հետևապես, թեև հիշյալ օրենքներում ուղղակիորեն սահմանված չէ կարգ, այդուհանդերձ, նման կարգին վերաբերող նվազագույն պահանջները պահպանված են, ուստիև առկա չէ Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա օրենսդրական բաց,
դ) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով Հանրապետության նախագահի կողմից ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու հետ կապված հարցերը կարգավորված չլինելը իրավաչափ է, քանի որ Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ փոխկապակցված 103-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության հետ, հիշյալ սահմանադրական օրենքի իրավակարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից, հետևապես՝ Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն Հանրապետության նախագահի կողմից ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու հիմքեր և կարգ հիշյալ սահմանադրական օրենքով չեն կարող սահմանվել,
ե) Հանրապետության նախագահի կողմից նշանակված ժամանակավոր պաշտոնակատարների սոցիալական երաշխիքների մասով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առկա չէ Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա օրենսդրական բաց, քանի որ Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն Հանրապետության նախագահի կողմից նշանակվող ժամանակավոր պաշտոնակատարներին վերաբերելի են հիշյալ օրենքով նախատեսված նույն երաշխիքները (այդ օրենքով սահմանված որոշակի պայմանների առկայությամբ), որոնք սահմանված են Ազգային ժողովի կողմից այդ պաշտոններում ընտրված պաշտոնատար անձանց համար:
Վերոգրյալի արդյունքում Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով բարձրացված օրենսդրական բացի հետ կապված հարցերը հնարավոր է հաղթահարել այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու և կիրառելու միջոցով, դրանք չեն հանգեցրել հակասական իրավակիրառ պրակտիկայի, ավելին՝ դեռ գործնականում երբևէ չեն կիրառվել, ուստի դրանց լուծումը գտնվում է Ազգային ժողովի իրավասության շրջանակներում, և այդ մասով սույն գործի վարույթը ենթակա է կարճման:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին-5-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 63, 64 և 68-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
2. «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասի և 82-րդ հոդվածի, «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի, «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 և 19-րդ հոդվածների, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144 և 145-րդ հոդվածների, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 և 3-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 82-րդ հոդվածի, «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի, «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 և 19-րդ հոդվածների, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144 և 145-րդ հոդվածների, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 և 3-րդ հոդվածների մասերով, կարճել:
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Հ. Թովմասյան |
31 մարտի 2020 թվականի ՍԴՈ-1518 |