ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
10 ապրիլի 2020 թվականի N 536-Լ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ՝ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 427-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 427-Լ որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած՝ մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին միանվագ աջակցություն տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետին՝ միջոցներ ձեռնարկել սույն որոշմամբ հաստատված կարգի 22-րդ կետի իրականացումն ապահովելու ուղղությամբ։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը հաստատելու մասին» N 427-Լ որոշման հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետում «կամ ընտանիքի անապահովության միավորը բարձր է 28.01-ից» բառերը փոխարինել «և ընտանիքի անապահովության միավորը բարձր է 28.00-ից» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 10 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 10-ի N 536-Լ որոշման |
Կ Ա Ր Գ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ՝ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած՝ մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 427-Լ որոշման հիման վրա միանվագ աջակցություն նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները: Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 427-Լ որոշման և սույն կարգի իմաստով քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կատարվող աշխատանքը և մատուցված ծառայությունը չեն համարվում հիմնական, մշտական կամ ժամանակավոր աշխատանք, իսկ այդ պայմանագրի հիման վրա ստացած եկամուտը՝ աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումներում չի հաշվառվում։
2. Միանվագ աջակցությունը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն)՝ հիմնվելով online.ssa.am կայքէջի միջոցով էլեկտրոնային դիմումով ներկայացված տվյալների (տեղեկատվության) վրա։
3. Էլեկտրոնային դիմումը ներկայացնելու համար դիմող ծնողը online.ssa.am կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և Ծառայություն է ներկայացնում՝
1) երեխայի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, ծննդյան վկայականի սերիան ու համարը, տրման օրը, ամիսը, տարին.
2) երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը, եթե երեխան ծնվել է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը.
3) ծնողների (հոր և մոր) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
4) եթե երեխան միայնակ մոր երեխա է, նրա ծնողներից մեկը մահացած է, ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, ապա նշում այդ մասին.
5) եթե երեխայի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետությունում չբնակվող օտարերկրյա քաղաքացի է, ապա նշում այդ մասին.
6) հետադարձ կապի բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
7) շահառուի քարտային հաշվին կցված վճարային քարտի 16-նիշանոց համարը (եթե շահառուն ցանկանում է գումարն ստանալ քարտային հաշվին փոխանցելու միջոցով), կամ բանկի անվանումը, որի միջոցով շահառուն ցանկանում է ստանալ աջակցության գումարը (եթե շահառուն չի ներկայացնում քարտային հաշվին կցված վճարային քարտի 16-նիշանոց համարը):
(3-րդ կետը խմբ. 14.04.20 N 555-Լ)
4. Սույն կարգի 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված դեպքում այդ ծնողի հանրային ծառայությունների համարանիշը ներկայացվում է առկայության դեպքում։
5. Եթե երեխայի ծննդյան պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա դիմումին կից ներկայացվում է նաև երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը (անկախ երեխայի ծննդյան տարեթվից), ամուսնության վկայականի էլեկտրոնային լուսապատճենը կամ հայրություն ճանաչելու վկայականի էլեկտրոնային լուսապատճենը։
6. Եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում, ապա Ծառայությունը, առցանց ռեժիմում ճշտում է դիմումով ներկայացված տվյալների հավաստիությունը (համապատասխանությունը բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին) և բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա նույնականացնում է երեխային և նրա ծնողներին (սույն կարգի 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված դեպքերում՝ դիմող ծնողին)՝ հաշվառելով կամ մերժելով էլեկտրոնային դիմումը։
7. Ծառայությունը մերժում է էլեկտրոնային դիմումը, եթե՝
1) երեխան և (կամ) նրա ծնողները (սույն կարգի 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված դեպքերում՝ դիմող ծնողը) բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա չեն նույնականացվում.
2) երեխան և (կամ) դիմող ծնողը բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չեն ըստ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեի։
8. Եթե դիմումը սույն կարգի 6-րդ կետի հիման վրա հաշվառվում է, ապա Ծառայությունն անմիջապես՝
1) ճշտում է երեխայի ծնողների (սույն կարգի 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված դեպքերում՝ դիմող ծնողի) վերաբերյալ տեղեկատվության առկայությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշմամբ հարկային մարմնից ստացված վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալներում.
2) ճշտում է երեխայի և ծնողների (սույն կարգի 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված դեպքերում՝ դիմող ծնողի) վերաբերյալ տեղեկատվության առկայությունը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների վերաբերյալ տվյալներում.
3) ճշտում է երեխայի և դիմող ծնողի վերաբերյալ տեղեկատվության առկայությունը ՔԿԱԳ մարմիններից ստացված՝ մահվան ակտերի վերաբերյալ տվյալներում.
4) ճշտում է երեխայի վերաբերյալ տեղեկատվության առկայությունը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառման տվյալներում.
5) հաշվի առնելով սույն կետի 1-4-րդ ենթակետերում նշված ճշտումների արդյունքները՝ դիմումի տվյալները հաշվառում է նախնական ցանկում (այսուհետ՝ Ցանկ) կամ մերժում է դիմումը։ Այս դեպքում, Ցանկում ներառվում է նաև երեխայի և նրա ծնողների մահվան մասին տեղեկատվություն, եթե դրանք առկա են ՔԿԱԳ մարմիններից ստացված տվյալներում։
9. Սույն կարգի 8-րդ կետի 5-րդ ենթակետում նշված դեպքում դիմումը մերժվում է, եթե՝
1) երեխան և (կամ) ծնողներից մեկը (սույն կարգի 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված դեպքերում՝ դիմող ծնողը) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված են 2020 թվականի մարտ ամսին ընտանեկան նպաստ ստացած (28.01 և բարձր անապահովության միավոր ունեցող) ընտանիքների կազմում, կամ.
2) երեխայի ծնողներից մեկը (սույն կարգի 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված դեպքերում՝ դիմող ծնողը)՝
ա. 2020 թվականի մարտի 12-ից (ներառյալ) մինչև 2020 թվականի մարտի 30-ը (ներառյալ) ժամանակահատվածում որևէ օր հանդիսացել է վարձու աշխատող (բացառությամբ այն դեպքի, երբ վարձու աշխատող ծնողը 2020 թվականի մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում), կամ
բ. 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել, կամ
գ. 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում որևէ օր հանդիսացել է վարձու աշխատող, և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը.
3) երեխան կամ դիմող ծնողը ՔԿԱԳ մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ մահացած են.
4) երեխան ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ։
(9-րդ կետը լրաց. 14.04.20 N 555-Լ, 16.04.20 N 558-Լ)
10. Սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունում նշված դեպքում միջին ամսական աշխատավարձի չափը հաշվարկվում է 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար ծնողին վճարված (վճարման ենթակա) աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարը երկուսի բաժանելու միջոցով։ Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների չափում չեն ներառվում վճարվող հարկերը և այլ պարտադիր վճարները։
11. Ծառայությունը Ցանկում ներառված՝ Շահառուի ծնողներին վերաբերող տեղեկատվությունը համադրում է ծննդյան ակտերի գրառման տվյալների հետ և որոշում է կայացնում դիմումի տվյալները վճարման ցուցակ ներառելու կամ դիմումը մերժելու կամ ՔԿԱԳ մարմնին հարցում կատարելու մասին։
(11-րդ կետը փոփ. 14.04.20 N 555-Լ)
12. Դիմումները Ցանկում հաշվառվում են մինչև դիմումի տվյալները վճարման ցուցակ ներառելու կամ դիմումը մերժելու մասին որոշում կայացնելը, որից հետո դիմումի տվյալները հանվում են Ցանկից։
13. Երեխային վճարման ցուցակ ներառելու մասին որոշում կայացվում է, եթե՝
1) Ցանկում ներառված՝ բնակչության պետական ռեգիստրի հիման վրա նույնականացված ծնողներին վերաբերող տեղեկատվությունը համապատասխանում է երեխայի ծննդյան ակտի գրառման տվյալներին (այդ թվում՝ եթե մյուս ծնողը մահացած է).
2) սույն կարգի 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված դեպքերում (եթե մյուս ծնողը սույն կարգի 6-րդ կետի հիման վրա բնակչության պետական ռեգիստրում չի նույնականացվել)՝ Ցանկում ներառված՝ դիմող ծնողի վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխանում է երեխայի ծննդյան ակտի գրառման տվյալներին և՝
ա. երեխան միայնակ մոր երեխա է, կամ
բ. մյուս ծնողը ծննդյան ակտի գրառման տվյալներով բնակչության պետական ռեգիստրում չի նույնականացվում, կամ
գ. մյուս ծնողը ծննդյան ակտի գրառման տվյալներով նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրում, սակայն նա մահացած է, կամ առկա չէ դիմումը մերժելու համար սույն կարգի 9-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկը:
14. Դիմումը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե՝
1) Ցանկում ներառված՝ բնակչության պետական ռեգիստրի հիման վրա նույնականացված ծնողներին վերաբերող տեղեկատվությունը չի համապատասխանում երեխայի ծննդյան ակտի գրառման տվյալներին,
2) մյուս ծնողը ծննդյան ակտի գրառման տվյալներով նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրում, և առկա է դիմումը մերժելու համար սույն կարգի 9-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկը.
3) (ենթակետն ուժը կորցրել է 14.04.20 N 555-Լ)
(14-րդ կետը փոփ. 14.04.20 N 555-Լ)
15. ՔԿԱԳ մարմնին հարցում կատարելու մասին որոշում կայացվում է, եթե երեխայի տվյալները չեն հայտնաբերվում ծննդյան ակտերի գրառման տվյալներում (բացառությամբ այն դեպքի, երբ երեխայի տվյալները փոխանցվել են ՔԿԱԳ մարմնին)։ Այս դեպքում Ծառայության և ՔԿԱԳ մարմնի միջև փոխհամաձայնեցված կարգով երեխայի տվյալները փոխանցվում են ՔԿԱԳ մարմնին՝ ծննդյան ակտի գրառումը թվայնացնելու նպատակով։
16. ՔԿԱԳ մարմինը սույն կարգի 15-րդ կետում նշված դեպքում հնարավոր սեղմ ժամկետում թվայնացնում է երեխայի ծննդի ակտի գրառման տվյալները և էլեկտրոնային եղանակով տրամադրում է Ծառայությանը կամ Ծառայությանը տեղեկացնում է ծննդի ակտի գրառման տվյալները թվայնացնելու անհնարինության մասին։
17. Եթե ՔԿԱԳ մարմինը Ծառայությանը տեղեկացնում է ծննդի ակտի գրառման տվյալները թվայնացնելու անհնարինության մասին, ապա դիմումը մերժվում է։
18. Եթե ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, ապա դիմումը հաշվառելու կամ մերժելու և դիմումի տվյալները Շահառուների ցանկում ներառելու որոշումը կայացվում է էլեկտրոնային դիմումի հիման վրա ներկայացված տեղեկատվության (այդ թվում՝ փաստաթղթերի լուսապատճենների) հիման վրա։
19. Վճարման ցուցակը ձևավորվում է սույն կարգի 13-րդ և 18-րդ կետերի հիման վրա։
20. Վճարման ցուցակում ներառվում են բանկի անվանումը, ինչպես նաև՝
1) դիմող ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը.
2) երեխայի (երեխաների) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը.
3) վճարման ենթակա գումարը։
21. Ծառայությունը, օրական պարբերականությամբ վճարման ցուցակում ներառված տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը։
22. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 427-Լ որոշման 6-րդ կետի դրույթները, վճարման ցուցակում ներառված տվյալները համադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգում առկա տվյալների հետ և Ծառայությանն է տրամադրում տեղեկատվություն՝ երեխայի և դիմող ծնողի՝ 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վերաբերյալ։
23. Երեխայի տվյալները վճարման ցուցակից հանվում են (վճարումը դադարեցվում է), եթե ՍԷԿՏ համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ երեխան կամ դիմող ծնողը չեն գտնվում Հայաստանի Հանրապետությունում։ Այս դեպքում դիմումը մերժվում է։
24. Ծառայությունը, սույն կարգով նախատեսված՝ դիմումը մերժելու դեպքերում այդ մասին հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին է ուղարկում համապատասխան էլեկտրոնային հաղորդագրություն։ Սույն կետում նշված էլեկտրոնային հաղորդագրությունը ներառում է դիմումով ներկայացված տեղեկատվությունը, ինչպես նաև մերժման պատճառը՝ ըստ սույն կարգի։
25. Աջակցության գումարը վճարվում է անկանխիկ եղանակով՝
1) շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով, եթե շահառուն ներկայացրել է իր վճարային քարտի 16-նիշանոց համարը, կամ
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 1.1-ին ենթակետով երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու համար սահմանված կարգով՝ այդ հավելվածի 18-րդ կետում նշված համաձայնագիր կնքած բանկերի միջոցով՝ եթե շահառուն չի ներկայացրել իր վճարային քարտի 16-նիշանոց համարը կամ ներկայացված 16-նիշանոց համարը սխալ է կամ որևէ այլ պատճառով հնարավոր չէ գումարը փոխանցել շահառուի քարտային հաշվին։ Ընդ որում, սույն ենթակետում նշված դեպքում, բանկը միանվագ աջակցության գումարը վճարում է բանկին գումարն ստանալու պահանջ ներկայացրած՝ դիմող ծնողին կամ նրա տված՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիրը ներկայացրած անձին, անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, իսկ եթե միանվագ աջակցության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում բանկին չի ներկայացվում գումարն ստանալու պահանջ, ապա գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
(25-րդ կետը խմբ. 14.04.20 N 555-Լ)
26. Վճարման ցուցակը և տվյալ բանկի միջոցով շահառուներին վճարման ենթակա գումարները, ոչ ուշ, քան ձևավորվելու հաջորդ օրը Ծառայությունը փոխանցվում է բանկին՝ այդ մասին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին և էլեկտրոնային փոստի հասցեին։
27. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:
28. Աջակցության գումարը ընտանիքի անապահովությունը գնահատելիս ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չի մտնում։
29. Ծառայության պաշտոնական կայքէջում հրապարակվում է սույն կարգով սահմանված աջակցություն ստացած անձանց վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝
1) ծնողների (միայնակ ծնողի) անունը, ազգանունը, հայրանունը.
2) երեխայի (երեխաների) անունը, ազգանունը, հայրանունը.
3) ամփոփ տեղեկատվություն աջակցություն ստացած ընտանիքների և երեխաների, ընտանիքներին վճարված գումարների և վերաբերյալ։
(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 14.04.20 N 555-Լ, լրաց. 16.04.20 N 558-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |