ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2019 թվականի N 1414-Լ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-284-13.09.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 15 Երևան |
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-284-13.09.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ հայտնում է, որ դեռևս տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքաշինության բնագավառի գործառույթներն իրականացվում են ոչ լիարժեք, չեն պահպանվում փաստաթղթերի, այդ թվում շինության ավարտական ակտին ներկայացվող պահանջները, մասնավորապես կատարողական փաստաթղթերը: Ուստի նախագծով առաջարկվող փոփոխության ընդունումը համարում ենք ժամանակավրեպ:
Բացի դրանից, կարծում ենք, որ նոր ստեղծված շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար նախատեսված շինության նախագծի ներկայացման պահանջը պետք է հանվի միայն այն դեպքում, երբ շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ և Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանով հաստատված ձևի հատակագիծը կդիտվի որպես շինարարության ավարտի ակտի հավելված (անբաժանելի մաս):
Վերոգրյալով պայմանավորված՝ իրավունքների պետական գրանցման համար շինության նախագծի օրենքով սահմանված պահանջը գործող իրավակարգավորումների պայմաններում հիմնավորված է:
Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ Կադաստրի կոմիտեի ներկայացմամբ ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 672-Լ որոշումը: Նախատեսվում է, որ ինտեգրված կադաստրի բաղկացուցիչ մաս է հանդիսանալու քաղաքաշինական կադաստրը, որը ներառելու է նաև համայնքների գոտևորման սխեմաները: Կադաստրի կոմիտեում ներկայումս աշխատանքներ են տարվում ինտեգրված կադաստրի ստեղծման և ներդրման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա առանձին ճյուղերի, այդ թվում՝ քաղաքաշինական ոլորտում կառավարման խնդիրների լուծման ժամանակ համապատասխան մարմիններին տրամադրելու համակարգված և հավաստի տարածական տեղեկատվություն, որի հիման վրա էլ կիրականացվի իրավիճակի համալիր և համաժամանակյա վերլուծություն: Բացի դրանից՝ հայտնում ենք նաև, որ քաղաքաշինական փաստաթղթերը կենտրոնացված թվայնացված տարբերակով պահպանվում են միայն Կադաստրի կոմիտեի արխիվում:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագծով նախատեսվող փոփոխությանը կարելի է անդրադառնալ ինտեգրված կադաստրի ներդրումից հետո:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է վերանայել օրենքի ուժի մեջ մտնելու դրույթը՝ նախատեսելով, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: